Chapter 1
I
(Արաբական հեքիաթ)
Իմ ականջս է հասել, ո՛վ բարեբանյալ և բարեկրթյալ թագավոր (պատմում է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին), որ հին ժամանակներում, վաղուց անցած օրերում Պարսկաստանումը կենում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին Մեծ պարգևատուն պարգևել էր հզորություն, ջահելություն ու գեղեցկություն և որի սրտումը դրել էր արդարասիրության այնպիսի զորեղ զգացումն, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք կողքի էին խմում միևնույն վտակից։
Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը, ինչ որ կատարվում էր իրա մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները՝ օտարերկրացի վաճառականի հագուստով, իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ։
Եվ ահա, մեկ անգամ գիշեր ժամանակ քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ջահել ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները և, աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երեք ջահել աղջկերք, որոնք խսրի վրա նստոտած և ճրագի շուրջը բոլորած՝ զրույց էին անում ընթրիքից հետո։ Այդ երեք աղջկերքը իրար նման էին, ինչպես քույրեր, և երեքն էլ գեղեցիկ էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությունովը։
Եվ առաջինն ասաց.
— Որովհետև առաջինը ես պետք է ասեմ, թե ի՛նչ եմ ցանկանում, ուրեմն՝ կասեմ, որ ես ցանկանում եմ լինել թագավորի գաթա թխողի կինը։ Դուք հո գիտեք, որ ես շատ եմ սիրում քաղցր խմորեղենը, մանավանդ՝ այն քնքուշ ու պատվական միջավոր կարկանդակները, որոնք անվանվում են «սուլթանական»։ Եվ միայն սուլթանի գաթաջին[1] է կարողանում պատրաստել այնքան գեղեցիկ։ Ա՜խ, իմ քույրեր, ահա թե ե՛րբ կսկսեք ինձ նախանձել՝ տեսնելով, թե ես ինչպե՛ս, միշտ ուտելով այդ կարկանդակները, սկսում եմ գիրանալ ու գեղեցկանալ, և իմ երեսի գույնը սկսում է նրբանալ և պայծառանալ։
Իսկ երկրորդ քույրն ասաց.
— Ես շատ չեմ պատվասեր։ Ես կբավականանամ ամուսնանալ սուլթանի խոհարարի հետ։ Ա՜խ, որ իմանաք, ինչքա՛ն եմ ցանկանում ես այդ։ Այդ ժամանակ, ահա, ես հնար կունենամ համն առնելու այն բոլոր համեղ կերակուրների, որոնք ուտվում են միմիայն սուլթանի պալատում։ Բայց այս դեռ ոչինչ, այնտեղ ավելի լավ բան են տալիս ուտելու, ինչպես խորոված բորինջաններ[2], լցրած բրնձով ու զանազան համեմունքներով, որ երբ տեսնում եմ սինիներով տանելիս՝ սիրտս սկսում է թրթռալ։ Ի՜նչ ախորժակով կուտեի։ Իհարկե, ձեզ չեմ մոռանալ և ստեպ-ստեպ[3] կկանչեմ ձեզ ինձ մոտ, եթե իմ խոհարար ամուսինը թույլ կտա. բայց դժվար թե նա թույլ տա այդ։
Այսպես մեծ ու միջնակ քույրերն իրանց ցանկությունը հայտնելուց հետո դարձան իրանց կրտսեր քրոջը, որ լուռ նստած՝ նրանց էր ականջ դնում, և ծաղրելով ասացին.
— Հապա դու, սիրո՛ւն բալիկ, դու ի՞նչ ես ցանկանում։ Միամի՛տ կաց, երբ որ մենք մարդու կգնանք, երբ որ կուզենք մեր ընտրածներին, խոստանում ենք, որ այն ժամանակ կաշխատենք, որ քեզ տանք սուլթանի ձիապաններից մեկին կամ նրանց նման մի ծառայի՝ նրա համար, որ մեզանից մոտիկ ապրես։ Հապա ի՛նքդ ասա, տեսնենք՝ դու ինքդ ի՞նչ մտքի ես, ո՞ւմ ես ուզում։
Փոքրիկ քույրը, ամոթխածությունից շփոթվելով, պատասխանեց մի այնպիսի դողդողացող ու քնքուշ ձայնով, ինչպես բարակ վտակի խոխոջալն է լինում, և ասաց.
— Ո՛վ քույրեր։— Էլ ոչինչ չկարողացավ ասել։
Քույրերը, ծիծաղելով նրա ամոթխածության վրա, թափեցին նրա վրա զանազան հարցումներ ու կատակներ և վերջապես հարկադրեցին նրան՝ ասելու իր ցանկությունը։ Նա էլ, առանց աչքերը բարձրացնելու, ասաց.
— Ո՛վ իմ քույրեր, ես կցանկանայի մեր տեր սուլթանի կինը լինել։ Ես կտայի նրան մի օրհնաբանյալ սերունդ։ Մեր ամուսնությունից ծնված արու զավակները իրանց հորն արժանի որդիք կլինեին։ Իսկ աղջիկս, որ կուզեի ունենալ, նման կլիներ երկնքի ժպտին. նրա մազերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդառնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։
Ահա՛ բոլորը։
Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բոլորը։ Բայց չուզենալով, որ իրանց նկատեն, ընդհատեցին իրանց ականջ դնելը և շուտով հեռացան։
Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջկերքը և, իր մտադրությունը չհայտնելով իր ուղեկցին, հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանե պալատը։ Վեզիրը պատասխանեց, որ լսում է և կհնազանդի, և մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրերին տարավ պալատ։
Սուլթանը, գահի վրա նստած, գլխով ու աչքով արավ՝ ասելով.
— Մո՛տ եկեք։
Եվ մոտեցան նրանք՝ բոլոր մարմնով դողալով և մըճըճվելով[4] իրանց աղքատիկ քաթանի շորերի մեջ, իսկ սուլթանը ասաց նրանց՝ բարեհոգությամբ ժպտալով.
— Ողջո՛ւյն ձեզ, ո՜վ ջահել աղջկերք, այսօր բացվել է ձեր բախտը, և կկատարվի ձեր ցանկությունը, իսկ ձեր ցանկությունը ինձ արդեն հայտնի է, որովհետև թագավորներն ամեն ինչ իմանում են։ Ամենից առաջ կկատարվի ամենից մեծիդ ցանկությունը. այսօրևեթ դու կամուսնանաս իմ ավագ գաթաջու հետ։ Իսկ դու, երկրո՛րդ, կամուսնանաս իմ ավագ խոհարարի հետ։— Այս ասելուց հետո թագավորը կանգ առավ և հետո դարձավ կրտսերին, որ, սաստիկ շփոթվելուց, քիչ էր մնում սիրտը գնա և վայր ընկնի գորգերի վրա։ Թագավորը կանգնեց ջուխտ ոտքի վրա և, բռնելով նրա ձեռքը, նստեցրեց իր կողքին գահի վրա և ասաց.
— Դու թագուհի ես, այս պալատը քո ապարանքն է, իսկ ես քո ամուսինդ եմ։
Երեք քույրերի էլ հարսանիքը հենց նույն օրը կատարեցին, թագուհու հարսանիքը՝ մի չլսված փառավորությունով, իսկ մյուսներինը՝ սովորական կերպով, ինչպես կատարում են հասարակ մարդիկ։ Այս պատճառով մեծ քույրերը սաստիկ նախանձեցին և մտքներումը դրին իրանց փոքր քրոջը մի փորձանքի բերել։ Բայց իրանց այդ չար միտքը ամենայն զգուշությամբ ծածուկ էին պահում և երեսանց շնորհակալությամբ էին ընդունում իրանց թագուհի քրոջ ընդունելությունը, որ նա անում էր իր քույրերին, չնայած իրանց ստոր վիճակին։ Փոխանակ բավականանալու այն բախտից, որով բախտավորվել էին իրանք՝ նայելով իրանց քրոջ բարձր վիճակին, չարաչար տանջվում էին նախանձից ու ատելությունից։
Եվ այս կերպով անցավ ինն ամիս։ Ինն ամսի վերջում թագուհին մի որդի ծնեց՝ գեղեցիկ, ինչպես նորածին լուսին։ Մեծ քույրերը, որոնք սուլթանի խնդիրքով ներկա էին նրա երկունքի ժամանակ և մանկաբարձուհու պաշտոն էին կատարում, ոչ մի գթաշարժություն չունեցան դեպի քույրը և ո՛չ հափշտակվեցին նորածնի գեղեցկությունովը, այլ՝ հնար մտածեցին խորտակելու մատաղահաս մոր սիրտը։ Նրանք իսկույնևեթ վերցրին նորածին մանուկը, դրին մի փոքր զամբյուղի մեջ ու թաքցրին միառժամանակ, իսկ նրա տեղը դրին մի սատկած շան լակոտ և, ցույց տալով բոլոր պալատական կիներին, հավատացրին նրանց, որ շան լակոտը սուլթանուհու ծնածն է։ Այս լուրը երբ որ հասավ Խոսրով-շահ սուլթանի ականջը՝ նրա աչքերը մթնեցին, նա ընկավ խոր տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Աուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ, ու սիրտը կոտրվեց։
Իսկ ինչ վերաբերում է նորածնին, նրան մեր մորաքույրները զամբյուղի մեջ պնդացրին և ձգեցին ջրանցքի մեջ, որ հոսում էր ապարանքի մոտովը։ Բայց հենց ա՛յդ ժամանակ, բախտի բերմունքով, սուլթանի այգիների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա մի կռեչանով[5] դուրս է քաշում զամբյուղը, բաց է անում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Եվ զարմանում է նա, ինչպես զարմանում է փարավոնի աղջիկը, երբ Մովսեսին գտնում են եղեգնուտումը։
Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ՝ երկու-երեք երեխա, որ օրհնեին իրանց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն էլ շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով, վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր իրա տունը և, կնոջ սենյակը մտնելով, հուզված ձայնով ասաց նրան.
— Խաղաղությո՜ւն քեզ, ո՛վ հորեղբորս աղջիկ։ Թող այս երեխան մեր որդին լինի, ինչպես բախտի տված զավակ։— Եվ պատմեց կնոջը, թե ինչպե՛ս էր գտել զամբյուղը։
Եվ կառավարիչը վերցրեց երեխային և սիրեց նրան։
Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և զրկել իր պտղից, լույս աշխարհք բերավ երկրորդ որդին, առավել ևս գեղեցիկ։ Սակայն երկու քույրերը հսկում էին՝ կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված, և առաջին անգամվա նման չխնայեցին իրանց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ ա՛յդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան ու շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած, անձնատուր կլիներ կատաղի զայրացման, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։
Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կառավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը։ Եվ ինչպես առաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին, և սկսեց նրան նույնպես մեծ հոգատարությամբ սնուցանել, ինչպես առաջինին։
Սուլթանուհին ծնավ երրորդ զավակը։ Իսկ նրա քույրերը, որոնց ատելությունը դեռ չէր բավականացած, շարունակում էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մտածել, և նորածին աղջկանը նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ սննդեց, դաստիարակեց։
Բայց այս անգամ, երբ քույրերը իրանց անելիքն անելով՝ նորածնի տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ զսպել բարկությունը և բացականչեց.
— Աստված անիծում է իմ ցեղս այն կնոջ պատճառով, որի հետ ես ամուսնացա։ Ես ամուսնացել եմ իսկապես մի հրեշի հետ։ Միայն մա՛հը կարող է ազատել նրանից իմ բնակարանս։
Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր զինակրին, որ կատարի իր հրամանը։ Բայց երբ որ տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտը, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անցկացնի կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից է՛լ չուզեց տեսնել նրա երեսը։ Այնուհետև խեղճ կինը, խոր տխրության ու արտասուքի մեջ ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։
Իսկ քույրերը շատ ուրախացան, հագեցնելով իրանց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրանց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և համադամ խորտիկները։
Եվ օրերն ու տարիները անց էին կենում միատեսակ արագությամբ՝ թե՛ արդարների և թե՛ մեղավորների գլխովը, բերելով այն, ինչ որ վիճակված էր ամեն մեկին։
Եվ ահա, երբ որ կառավարչի որդեգրած երեխեքը երեքն էլ մտան պատանեկության հասակը, իրանց գեղեցկությունով սկսեցին կուրացնել բոլորի տեսությունը։
Եվ անվանում էին նրանցից մեկին Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը՝ Ֆարիզադա։
Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, մյուս կողմը՝ ոսկի։ Երբ որ նա լաց էր լինում՝ գետին ընկած արտասուքի կաթիլները դառնում էին մարգարտի հատիկներ, երբ որ ծիծաղում էր՝ նրա ծիծաղը հնչում էր ոսկի դինարների ձայնով։
Ահա՛ թե ինչու բոլոր նրան ճանաչողները, ինչպես և՝ հայրը, մայրը և եղբայրները, նրա անունը՝ «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։
Եվ ամենքը մնացել էին զարմացած նրա գեղեցկությանը, խելքին, հեզությանը, ճարպիկությանը, ինչպես նա էր պահում իրան ձիու վրա, ուղեկցելով եղբայրներին որսի գնալիս, նրա նետ ձգելը, նիզակ բանեցնելը։ Նա հիացնում էր իր վարմունքի վայելչությունովը, հյուսած շնորհալի ոտանավորներովը և հայտնի ու ծածուկ գիտությունների հմտությունովը և ճոխությունովը իր մազերի, որ մի կողմից ոսկի էին և մյուս կողմից՝ արծաթի։
Այսպես զարգանում էին թագավորական այգիների կառավարչի որդիները, իսկ ինքը՝ կառավարիչը, շրջապատված նրանց սիրովն ու հարգանքովը, խնդալով նրանց գեղեցկության վրա, շուտով հասավ խորին ծերության։ Իսկ իր ամուսինը, կյանքից իրան բաժին ընկած մասը լրացնելով, մեռավ իր ամուսնուց առաջ։ Նրա մահը բոլոր գերդաստանի համար պատճառ դարձավ տխրության ու կսկծի, այնպես որ կառավարիչն այլևս մնալ չուզեց նույն տանը, որտեղ հանգուցյալը ամենի համար խաղաղության ու երջանկության աղբյուր էր։ Գնաց սուլթանի ոտներն ընկավ և աղաչեց, որ ազատի իրան այն պաշտոնից, որ այնքա՜ն երկար տարիներ կատարել էր։ Սուլթանը տխրեց, որ պիտի բաժանվի իր հավատարիմ ծառայից, և ցավելով կատարեց նրա խնդիրը։ Արձակելով նրան, ընծայեց մի հոյակապ կալվածք՝ քաղաքից մոտիկ, ընդարձակ վարելահողերով, անտառներով, արոտատեղերով, ճոխ կահավորված ապարանքով, իրան՝ կառավարչի ձեռքով ճարտարությամբ տնկված այգիով և լայնարձակ ծառաստանով, շրջապատված բարձր պարիսպով, որի մեջ կենում էին ամեն գույնի թռչուններ և ընտանի ու վայրի կենդանիներ։
Ահա, այդ իսկ կալվածքը քաշվեց առաքինի ծերունին իր որդեգիրներով։ Այստեղ էլ նա մեռավ՝ շրջապատված իր որդեգիրների սիրովն ու հոգածություններովը։ Ոչ մի հարազատ հոր վրա այնպես սուգ չէին արել, ինչպես որ սուգ արին ծերունուն որդեգիրները։ Եվ տարավ իր հետ իր անդրդվելի գերեզմանաքարի տակը իր որդեգիրների ծննդյան գաղտնիքը, որ իրան էլ չէր հայտնի լրիվ։
Նրա հրաշալի կալվածքում շարունակեցին ապրել պատանիները և իրանց փոքրիկ քույրը։ Եվ որովհետև նրանց իմաստությամբ էին կրթել և պարզ ու հասարակ, այս պատճառով նրանք գոհ էին իրանց վիճակից և այլևս ոչինչ չէին ուզում, այլ միայն՝ ապրել խաղաղ ու սիրով։
Ֆարիդն ու Ֆարուզը հաճախ գնում էին որսի, անտառներ և դաշտեր՝ իրանց կալվածքի շրջապատներում։ Իսկ վարդաժպիտ Ֆարիզադան ամենքից շատ սիրում էր այգիներումն զբոսնել։ Եվ ահա մեկ օր էլ, երբ նա պատրաստվել էր գնալ զբոսանքի, ստրկուհիներն իմաց տվին, թե՝ մի անծանոթ պառավ, օրհնության կնիքը երեսին, խնդրում է, որ թույլ տա իրան մի ժամի չափ հանգստանալու այդ գեղեցիկ այգիների ստվերներում։ Իսկ Ֆարիզադան, որի սիրտը լիքն էր կարեկցությունով, ցանկացավ ինքն անձամբ ընդունել անծանոթ պառավին։ Նրան սիրով հյուրասիրեց, ուտեցրեց, խմեցրեց և տվավ նրան մի հախճապակյա մատուցարան՝ պատվական պտուղներով, թխվածքներով, չոր քաղցրավենիներով և հյութալից անուշեղեններով։ Հետո ման ածեց այգումը, իմանալով, որ միշտ օգտակար է փորձված մարդկանց հետ լինելը և իմաստուն խոսվածք լսելը։
Եվ զբոսնում էին նրանք այգումը միասին։
Վարդաժպիտ Ֆարիզադան բարի պառավին օգնում էր ման գալիս՝ բռնելով նրա կուռը։ Երբ որ հասավ ամենալավ ծառին՝ Ֆարիզադան պառավին նստեցրեց այդ ծառի ստվերումը։ Եվ խոսք խոսքից հետո վերջապես Ֆարիզադան հարցրեց պառավին, թե՝ նրան ինչպե՞ս են դուր գալիս այդ տեղերը, ու հավանո՞ւմ է արդյոք։
Այդ ժամանակ պառավը բավական երկար մտմտալուց հետո բարձրացրեց գլուխը և պատասխանեց.
— Այո՛, իմ տիրուհիս, ես իմ բոլոր կյանքս անց եմ կացրել Ալլահի երկրների վրա շրջելով, և երբեք պատահած չէ ինձ, որ մի այսպիսի հիանալի տեղ հանգստանամ։ Բայց, ո՛վ իմ տիրուհիս, ինչպես երկրիս վրա միակ գեղեցկուհին դու ես որ կաս, և քեզ նման այլևս ոչ մեկը չկա, ինչպես արեգակն ու լուսինը միակն են երկնքումը, ես կցանկանայի, որ այս պատվական այգումը դու ունենայիր այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհիս երեսին և չունին իրանց նմանը։ Ահա՛ թե ինչ է պակաս այս այգում և ինչ կցանկանայի, որ սա ունենար։
Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս, և ասաց պառավին.
— Ողորմա՛ծ եղիր, բարի մայր իմ, շո՛ւտ ասա ինձ, որ ես իմանամ՝ այդ ի՞նչ երեք անհամեմատ և ինձ անծանոթ բաներ են։
Պառավը պատասխանեց.
— Ո՛վ իմ տիրուհիս, քո գթառատ սրտի հյուրասիրության համար՝ ինձ նման մի թափառական պառավի, էլ ինչո՞վ կարող եմ ցույց տալ իմ շնորհակալությունս, եթե ո՛չ հայտնելով քեզ, թե՝ ի՛նչ առարկաների մասին է խոսքս։
Եվ մի փոքր լռելուց հետո պառավն սկսեց.
— Իմացած եղիր, ո՛վ իմ տիրուհիս, որ եթե իմ ասած բաներից առաջինը լիներ այս այգիներումը՝ բոլոր թռչունները կհավաքվեին այստեղ նրան տեսնելու համար, և ամենքը միաձայն կերգեին։ Նրա համար, որ բոլոր երգեցիկ թռչունները՝ սոխակները, սարյակները, արտույտները, տատրակները, սևակատարներն ու կարմրակատարները և աշխարհիս բոլոր անհամար թռչունները, խոստովանում են նրա գերազանցությունը և գեղեցկությունը։ Դա է, ո՛վ իմ տիրուհիս, Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։
Երկրորդ անհամեմատ առարկան, ո՛վ իմ տիրուհիս, եթե նա լիներ այս այգումը, այնուհետև քամին, որ ծառերին հարկադրում է երգել, կդադարեր, որ ինչ է՝ նրան լսեր, թառի, քնարի ու ջութակի լարերը կկտրվեին այստեղ բնակարաններումը։ Եվ այդ նրա համար, որ այդ ծառերին երգել հարկադրող քամին, թառը, քնարը և ջութակը, ո՛վ իմ տիրուհիս, խոստովանում են նրա կատարելությունը և գեղեցկությունը։ Դա է՝ Երգող Ծառը։ Ո՛չ զեփյուռը, որ քնքշությամբ խաղում է տերևների հետ, ո՛չ բազմաթել քնարները չեն կարող հնչեցնել այնպիսի քաղցր հնչյուններ, որ կարողանան համեմատվել այն խմբական ձայնին, որ առաջ է գալիս հազարավոր անտեսանելի բերաններից, որոնք պարունակվում են Երգող Ծառի տերևներում։
Իսկ երրորդը այդ աննման առարկաներից, ո՛վ իմ տիրուհիս, եթե լիներ այս այգիներումը, բոլոր ջրերը կանգ կառնեին, կկտրեին իրանց ձայնը, որ նայեն նրա վրա։ Եվ այդ նրա համար, որ ցամաքի ու ծովի բոլոր ջրերը՝ աղբյուրները, առվակները, վտակները, գետերը՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում, խոստովանում են նրա աննման գեղեցկությունը։ Դա է՝ Ոսկեցնցուղ Ջուրը։
Այո՛, ո՛վ իմ տիրուհի, այդ ջրի մի հատիկ կաթիլը եթե ձգենք դատարկ ավազանի մեջ՝ նա կուռչի, կփքվի և կսկսի խփել, ինչպես մի ոսկի խուրձ, և չի դադարեցնիլ իր ցայտյունը և երբեք էլ չի թափվիլ ավազանի ափերից։ Հենց որ լիքը լցվի ավազանը՝ այնպես էլ կմնա, թեև կշարունակի անդադար վեր ցատկել, ցնցղել իր ոսկեցնցուղ կաթիլները։
Այդ ոսկի ջրից, որ այնպես թափանցիկ է, ինչպես տոպազը, սիրում է հագեցնել իր ծարավը Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։ Այդ իսկ ոսկի ջրից սիրում են հագեցնել իրանց ծարավը երգող տերևներ ունեցող ծառի հազարավոր անտեսանելի բերանները։
Այս բոլորն ասելուց հետո պառավն ավելացրեց.
— Ո՜վ իմ տիրուհիս, ո՜վ իմ արքայազնուհիս, եթե այս բոլոր հիանալի առարկաները գտնվեն քո այգումը, որքա՜ն կգովաբանվեր քո գեղեցկությունը, և մինչև ուր ասես, որ չտարածվեր քո աննմանության համբավը, ո՛վ իմ վարդագեղ և վարդաժպիտ տիրուհիս։
Երբ որ Ֆարիզադան իմացավ պառավի ասածները՝ իսկույն բացականչեց.
— Ո՜վ օրհնյալ մայրիկս, ինչքա՜ն հիանալի են ասածներդ։ Բայց դու ինձ չասացիր, թե՝ որտե՛ղ են գտնվում այդ պատվական առարկաները։
— Ո՜վ իմ տիրուհիս, այդ հրաշալիքները, որոնք արժանի են քո տեսությանը, գտնվում են միատեղ, Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Եթե նրանց բերելու համար ուղարկելու լինիս մեկին՝ կպատվիրես, որ նա այդ ճամփովը գնա քսան օր, քսանմեկերորդ օրը թող հարցնե առաջին պատահողին, թե՝ որտե՞ղ են Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։ Հանդիպած մարդը ցույց կտա անպատճառ նրանց տեղը։
Այս ասելուց հետո պառավը պինդ փաթաթվեց իր ծածկոցի մեջ և հեռացավ՝ շարունակելով մրմնջալ իր օրհնությունը։ Նա արդեն բավական հեռու էր, երբ Ֆարիզադան սթափվեց խոր մտածությունից, որի մեջ ընկղմել էր պառավն իր տված տեղեկությունովը անսովոր առարկաների մասին, և մեկ ուզեց ետ կանչել նրան կամ ի՛նքը վազել հետևիցը, որ ավելի ճիշտ տեղեկություն ստանա զարմանալի առարկաների տեղի մասին, և իմանա, թե ի՛նչ ձևով պետք է ձեռք բերել նրանց. բայց տեսնելով, որ ուշ է արդեն, նա սկսեց լավ միտը բերել պառավի խոսքը և լավ տեղավորել հիշողության մեջ, որ ոչինչ չմոռանա։ Իսկ նրա հոգու մեջ սկսեց սաստկանալ նույն հրաշալիքներին տիրանալու ցանկությունը, և ինչքան որ աշխատում էր նրանց մասին չմտածել, չէր կարողանում։ Շարունակ այն էր մտածում, թե՝ «Երանի՜ մեկ անգամ տեսնեի, որ է՛լ սրտումս դարդ չմնար»։
Եվ սկսեց թափառել իր այգու ճեմելիքներում[6] և իր սիրած անկյուններում։ Բայց նրա աչքում այդ տեղերը կորցրել էին իրանց գրավչությունը և շատ ձանձրալի էին թվում։ Իսկ թռչունների երգեցողությունը, որով դիմավորում էին երգողներն իրանց տիրուհուն, միայն սաստկացնում էր նրա հոգու վիշտը։
Եվ վարդաժպիտ Ֆարիզադան տխրեց ու սկսեց արտասվել։ Եվ որքան առաջ էր քայլում և արցունք թափում, նույնքան տեղում ավազի վրա նրա արցունքի կաթիլները սառչում էին և դառնում մարգարտի հատիկներ։