Chapter 9
Chapter 9
Նրանց դիմաց իսկապես բացվում էր գյուղի տեսարանը։ Հոսող գետից այն կողմ հավանաբար հենց Հաջամանդն էր, սակայն դա այդքան էլ այն չէր, ինչ Տիգրանն էր պատկերացնում։ Այն առաջին հայացքից սովորական գյուղ էր, ինչպես Տիգրանի տեսած մյուս գյուղերը, բայց սա իր չափերով գերազանցում էր նրանց։
Տղաներն իրենց դիրքով բարձունքում էին գյուղի համեմատ, ու ինչքան էլ դրսում մութ էր, նրանք տեսնում էին իրենց առջև փռված անծայրածիր գյուղը։ Այնտեղ կային բազմաթիվ փայտե տնակներ ու քարե տներ՝ իրենց հողամասերով, կային մի քանի հարկանի, բավական մեծ տարածք ընդգրկող շինություններ, իսկ հեռվից նաև երևում էր եկեղեցու հսկայական կարմիր գմբեթը։ Այն թեկուզ հեռու էր, բայց այնքան գեղեցիկ, որ երեք ընկերների ուշադրությունն էլ մի պահ գրավեց՝ ցանկություն առաջացնելով այցելել այնտեղ։
Այստեղ համեմատաբար ավելի տաք էր, քան այն վայրում, որտեղ նրանք նկատել էին վրանը։ Եղանակը Երևանից էլ էր տաք՝ ասես դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները լինեին։
Ախպերներ,— ասաց Գառնիկը,— բա հիմա որտեղի՞ց ենք սկսում։ Էս շատ մեծ գյուղ ա, ու վստահ եմ՝ Հայաստանի շատ քաղաքներից էլ ավելի մեծ ա։
Տիգրանը նայեց իր թվային ժամացույցին, որը ցույց էր տալիս 21։24։
Երեխուն գողացողն ինքն ա մեզ ասել էս տեղի մասին։ Ինձ թվում ա՝ ինքն ավելի շուտ կգտնի մեզ, քան մենք՝ իրեն։ Եկեք մտնենք գյուղ, տեսնենք՝ ոնց ա ստացվում։
Նրանք այդպես էլ արեցին։ Գետն ահագին լայն էր՝ մոտ քսան մետր, իսկ նրա ողջ լայնքով անցնում էր քարաշեն ընդարձակ կամուրջ։ Տղաներն անցան կամուրջը, որի տակից լսվում էր գետի մեղմ հոսքի ձայնը։
Տի՛կ,— ասաց Աշոտը,— ես հասկանում եմ, որ հիմա ամենակարևորը մեզ համար էդ երեխուն գտնելն ա, բայց մտածե՞լ ես՝ ինչ կլինի, եթե հետ վերադառնալիս փակ լյուկի առաջ հայտնվենք։ Էդ Արուս կոչեցյալը հենց ընենց չի, որ թռավ մեզնից։
Հասկանում եմ։ Կա նման վտանգ, բայց մի կողմից էլ մենք վճարել ենք նրան, ու ինքը պատճառ չունի նման ձև վարվելու։ Ամեն դեպքում ինձ թվում ա՝ էդ մասին հետ վերադառնալիս նոր արժե խոսել։
Համ էլ չեմ կարծում, որ էդ լյուկը միակ ճամփեն ա դեպի Հաջամանդ,— ասաց Գառնիկը՝ ուսումնասիրելով շուրջբոլորը։ Նա երեք ընկերներից ամենաշատն էր տպավորված իրենց հայտնաբերած վայրով։— Էս բաց տարածք ա։ Ուր էլ գնանք, ինձ թվում ա՝ ճամփա կգտնենք ստեղից դուրս գալու։
Գյուղում տղաներին առաջին հանդիպած մարդիկ ամուսիններ էին։ Նրանք հանդիպեցին նրանց այն պահին, երբ փոքրամարմին ամուսինն ու կինը՝ կնոջ ձեռքին բարուրած երեխան, դուրս էին գալիս իրենց տնակից։ Երեխան լացում էր, իսկ մայրը ոչ մի կերպ չէր արձագանքում նրան։ Տեսնելով տղաներին՝ նրանք մի պահ շփոթվեցին։
Դուք մեր գյուղից չեք։
Վստահ ասաց կինը։
Երբ տղաները մոտեցան նրանց, Տիգրանը մի պահ հույս ունեցավ, որ կնոջ ձեռքին իր երեխան է, սակայն ավելի մոտիկից տեսնելով նրան՝ հիասթափություն ապրեց։ Նա, թաքցնելով իր մտքերը, ասաց․
Ճիշտ գուշակեցիք, տիկին։ Մենք Երևանից ենք։ Սա Հաջամանդն ա, չէ՞։ Ես ուզում էի խնդրել, որ մեզ մի քիչ պատմեիք էս գյուղի մասին։
Բնավ չեք սխալվում, հարգելի երիտասարդներ,— ասաց ամուսինը,— բայց, ցավոք սրտի, մենք շտապում ենք եկեղեցի և ժամանակ չունենք ձեզ հետ զրուցելու։ Ներեցեք մեզ։
Նրա քաղաքավարի խոսելաձևը մի պահ շփոթեցրեց տղաներին։ Սակայն նրանք ինչ-որ արհեստականություն նկատեցին այդ ամենի մեջ։
Լավ, Տիկ,— ասաց Գառնիկը,— արի գնանք, ուրիշ մեկի հետ կխոսենք։
Ամուսինը սկսեց քթի տակ ծիծաղել, ապա, նկատելով, որ տղաների հայացքներն իր վրա են ուղղված, ասաց․
Այս պահին դուք դժվար թե կարողանաք ինչ-որ մեկի հետ զրուցել։ Հիմա բոլորը շտապում են եկեղեցի, քանզի այսօր հիշարժան օր է։ Կրկին հայցում եմ ձեր ներողամտությունը։
Նա նայեց իր ձեռքի ժամացույցին։
Սիրելի՛ս, գնացինք։ Շուտով տասը կլինի։
Նման պարագայում տղաները որոշեցին ամուսինների հետ գնալ եկեղեցի ու ճանապարհին փորձել նրանցից որոշ հարցերի պատասխաններ ստանալ։
Էդ դեպքում, եթե դեմ չեք, մենք ձեզ հետ կգանք։
Իհարկե դեմ չենք,— ասաց կինը։
Մենք, անկեղծ ասած, ապշած ենք էս ամենից,— ասաց Տիգրանը,— ձեր գյուղի մասին ոչ ոք չի լսել։ Ով էլ որ լսել ա, կարծում ա, որ այն հորինված ա։ Մեզ համ էլ զարմացնում ա էն ճանապարհը, որով մենք հայտնվեցինք էստեղ։ Մեր հաշվարկներով՝ հիմա մենք լեռների մեջ պետք է լինեինք, այլ ոչ թե բաց երկնքի տակ։
Ամուսինը պատասխանեց․
Նախ ներկայանամ։ Ես Ժիրոն եմ, իսկ սա իմ չքնաղ կինն է՝ Մարոն, ու մեր փոքրիկը։ Նա ընդամենը երկու շաբաթ առաջ է ծնվել, ու մենք այդպես էլ նրա համար անուն չենք ընտրել։
Տիգրանին շատ տարօրինակ թվաց նրա ասածը, բայց նա զգում էր, որ սա ամենատարօրինակ բանը չէր, որ դեռ պետք է լսեր։ Երեխայի լացը, մյուս կողմից, անհանգստացնում էր նրան, մանավանդ որ Մարոն չէր էլ պատրաստվում հանգստացնել փոքրիկին։ Տիգրանը որոշեց, որ չարժե միջամտել, ու շարունակեց լսել։
Ես պատիվ ունեմ հպարտանալու, որ ամբողջ կյանքս ապրել եմ Հաջամանդում և երբեք չեմ լքել իմ ծննդավայրը։
Ես նույնպես,— ավելացրեց Մարոն՝ ժպիտը դեմքին։
Այո՛, սիրելիս։ Հուսով եմ, որ այդպես էլ կշարունակենք։
Վրեքս գժի մագնիս ա դրած,— շշնջաց Աշոտը տղաներին։
Ինչպե՞ս, երիտասա՛րդ,— ասաց Ժիրոն՝ կասկածամտորեն նայելով Աշոտին։
Ասում եմ, հոպար ջան, ինչ լավ ստացվեց, որ ձեր նման կիրթ ու բարեհամբույր մարդկանց հանդիպեցինք, թե չէ կորած էինք։
Օ՜, շատ զգացված ենք ու շնորհակալ,— ասաց Մարոն ու դարձավ ամուսնուն։— Սիրելի՛ս, պետք չէ շեղվել։ Շարունակիր խոսքդ։
Հա, որտե՞ղ էի կանգ առել։
Մենք ցանկանում էինք պարզաբանել, պարոն Ժիրո,— ասաց Գառնիկը՝ թեթև նմանակելով տղամարդու խոսելաձևը,— թե ինչպես է հնարավոր, որ ձեր գյուղի մասին ոչ ոք չգիտի, ու նաև էն տարօրինակ ճանապարհի մասին, որը մեզ բերեց Հաջամանդ։
Ժիրոն դադարեց քայլելն ու հայացքն ուղղեց տղաներին։
Այս գյուղը մեզ Տիրակալն է ընծայել դեռ վաղեմի ժամանակներից։ Նա տեսել է, որ մեր նախնիները շատ են հալածվում այն պատճառով, որ իրեն են խոնարհվում։ Ու որպեսզի նրանք մեծ վտանգի առաջ չլինեն, բոլորին թաքցրել է այստեղ, որ կարողանան անհոգ ապրել՝ հեռու դրսի նենգ ու չար մարդկանցից։
Ես ավելի տրամաբանական բացատրության էի սպասում, ինչ մեղքս թաքցնեմ,— ասաց Աշոտը։
Սրանից էլ ավելի տրամաբանակա՞ն,— անկեղծ զարմացավ Ժիրոն։— Սա ամենայն ճշմարտությունն է։ Տիրակալն է ստեղծել Հաջամանդը։ Այլ կերպ մեր գյուղին ասում են «Դրախտ երկրի վրա», որտեղ իրավունք ունեն ապրելու միայն ու միայն արժանավոր մարդիկ։ Նրանք, ովքեր չեն պաշտում մեր Տիրակալին, կենդանիներից էլ ինչո՞վ են տարբերվում։
Մի րոպե,— ասաց Գառնիկը,— ես հենց նոր հասկացա, որ այս ամբողջ ընթացքում ոչ մի կենդանի չեմ տեսել ձեր գյուղում։ Իմ մոտ դեռ մանկուց գյուղը ասոցացվել է կենդանիների հետ՝ խոզ, հավ, շուն...
Կոկորդիլոս,— ավելացրեց Աշոտը։
Կենդանիներ պահելը մեծ չարիք է։ Դուք ինչքան էլ փնտրեք, այստեղ մարդուց բացի ուրիշ շնչավոր էակ չեք գտնի։
Տիգրանն այս ամբողջ ընթացքում, ինչ նրանք քայլում էին դեպի եկեղեցի, տեսնում էր, թե ինչպես են շատերն իրենց տներից դուրս գալիս ու շտապում նույն ուղղությամբ։
«Փաստորեն ճիշտ էր ասում,— մտածեց նա,— էստեղ հավանաբար ինչ-որ եկեղեցական տոն են նշում, որի մասին մենք տեղյակ չենք։ Ու քանի որ ամբողջ գյուղը նույնիսկ իրենց փոքր երեխաների հետ գնում է եկեղեցի, պետք է պարզապես հետևել նրանց»։
Բա որ կենդանիներ չեք պահում, էդ դեպքում ինչո՞վ եք սնվում,— հարցրեց Գառնիկը։
Ամեն ինչով,— նա թեթևակի ժպտաց։— Նույնիսկ կենդանական սնունդով, որը մենք գնում ենք դրսից։ Կենդանի ուտելը մեղք չէ, կենդանի պահելն է մեղք։
Իսկ ձեզ ո՞րտեղից գումար,— հետաքրքրվեց Աշոտը,— եթե ձեր մասին ոչ ոք չգիտի։
Մարոն կրկին միջամտեց․
Մեր մասին չգիտեն, բայց մենք ձեր մասին շա՜տ բան գիտենք։ Ամբողջ Հայաստանով մենք ունենք մարդիկ, ովքեր գումար են վաստակում ու այն մեծ հաճույքով ծախսում են գյուղի կարիքների համար։
Իսկ եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս են էդ մարդիկ փող աշխատում,— Աշոտին սկսեց լրջորեն հետաքրքրել այս հարցը։— Ինչո՞վ են զբաղվում։
Կրկին սկսեց խոսել ամուսինը․
Նրանք անում են այն, ինչը միայն հաջեցին կարող է անել՝ գուշակություն։ Նրանք, իհարկե, քողարկված են գործում՝ որպես հասարակ մարդիկ, որոնք գուշակելու կարողություն ունեն։
Տղե՛ք, ես սենց բաներից վախում եմ,— ասաց Գառնիկը,— մեր գործը շուտ վերջացնենք, պոկվենք ստեղից։
Այ ախպեր,— ասաց Աշոտը նրա ականջին,— չես ջոգում, որ ցնդած ա ու անկապ խոսում ա։ Հլը սպասի։
Աշոտը Զիպպոյով ծխախոտ վառեց ու ասաց․
Պարոն Ժիրո, իսկ ինձ կարո՞ղ եք գուշակություն անել։ Օրինակ՝ ասեք՝ ե՞րբ եմ ամուսնանալու։
Ժիրոն ու Մարոն սկսեցին բարձր ծիծաղել։
Ցավոք, ես այդպիսի շնորհ չեմ կարող ունենալ։ Գուշակություններ կարող են անել միայն կանայք, այն էլ տարիներով սովորելուց ու փորձ ձեռք բերելուց հետո։ Նրանց մենք վհուկ ենք ասում։
Հանկարծ մի հարց ծագեց Տիգրանի մտքում, որը նրան ինչքան հետաքրքրում էր, այնքան էլ անհանգստացնում։
Դուք չե՞ք վախենում այս գաղտնիքը մեզ հայտնելուց։ Իսկ եթե մենք հետ վերադառնանք ու բոլորին ասենք էն ամենը, ինչ դուք մեզ պատմեցիք։
Հարգելիս, մեզ մոտ ոչ ոք պատահական չի հայտնվում, ու եթե դուք այստեղ եք, դա Տիրակալի կամքն է։ Կարճ ասած՝ դեռևս ոչ մի անցորդ, Հաջամանդում հայտնվելուց հետո, այն չի լքել։
Ո՞նց թե,— ասաց Աշոտը,— դրանով ի՞նչ ես ուզում ասել։
Անհանգստանալ պետք չէ, տղաներ։ Դուք հենց հիմա էլ կարող եք հանգիստ հեռանալ այստեղից։ Իմ ասածն այն է, որ մեր գյուղն իսկական դրախտավայր է։ Ամառները զով են, իսկ ձմեռները՝ մեղմ։ Հաջամանդի մաքրամաքուր ջուրն ու ախորժելի հացը անտարբեր չեն կարող թողնել դրանք համտեսողին։ Դուք կյանքում չեք ցանկանա լքել մեր գյուղը։
Ճիշտ եք,— ասաց Տիգրանը,— մինչև մեր նպատակին չհասնենք, մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնա։
Տիգրանը հիշեց Ծիլքարի այն ծերունուն, որը պատմում էր, թե Հաջամանդի հացից ու ջրից համտես անողը հավերժ նրանց գերին կդառնա։ Այդ ժամանակ նա կարևորություն չտվեց նրա խոսքերին, բայց հիմա...
Պետք էր հնարավորինս արագ գտնել երեխային ու չքվել այս կասկածելի գյուղից։
***
Երբ նրանք արդեն շատ մոտ էին եկեղեցուն, Տիգրանը մի բան նկատեց։
Էս եկեղեցու գմբեթի գագաթին խաչ չկա։ Ի՞նչն է պատճառը։
Հա էլի,— նկատեց Գառնիկը,— ոնց չէի նկատել։ Փաստորեն սա իրականում եկեղեցի չէ, այլ ինչ-որ ուրիշ տաճար։
Սա ամենաճիշտ եկեղեցին է, եղբայրս,— մեղմ ասաց Ժիրոն։
Առանց խաչ եկեղեցի՞։ Լավ էլի, պարոն Ժիրո,— Գառնիկը երեք անգամ խաչակնքվեց։
Ես էլ ձեր գլուխներին գլխարկ չեմ տեսնում, իսկ դրսում, ինչպես տեսնում եք, ձմեռ է։ Դա ի՞նչ է նշանակում՝ որ դուք հիմար ե՞ք։
Տիգրանը հասկանում էր, որ այս ամենը Աշոտը կարող է շատ արագ վիճաբանության վերածել։ Նա արագ կողմնորոշվեց ու փոխեց թեման։
Դե լավ, թող էս մի եկեղեցին էլ առանց խաչ լինի, մենք դեմ չենք, չէ՞, տղեք։
Գառնիկն ու Աշոտը անտարբեր գլխով արեցին։
Ու հա, շնորհակալություն մեզ հետ զրուցելու համար։ Հուսով եմ՝ դեռ կհանդիպենք։
Տղաները դանդաղեցրին քայլերը, իսկ ամուսիններն իրենց երեխայի հետ միասին շարունակեցին շտապել դեպի իրենց ասած եկեղեցին։ Երեխան դեռ չէր դադարել լացել։
Երբ նրանք այնքան հեռացան, որ այլևս Տիգրանի ձայնը չէին լսի, նա ասաց․
Տղե՛ք, ոնց հասկացա, սրանք ինչ-որ աղանդից են։ Աստծուն Տիրակալ են ասում, եկեղեցու գմբեթին խաչ չկա, ու վստահ եմ՝ էլի շատ բաներ կիմանանք։
Հա, ինչ ուզում են լինեն,— ասաց Աշոտը,— մեզ ի՞նչ։
Մեզ ոչ մի բան, բայց աշխատեք հավատքի թեմայով ոչ մեկի հետ չընդհարվել։ Մեզ հիմա ավելորդ խնդիրներ պետք չեն։
Հասկանում եմ, ախպերս,— ասաց Գառնիկը,— բա հիմա ի՞նչ ենք անում։ Ոնց որ ամբողջ գյուղը եկեղեցի ա գնում։
Մենք էլ պետք ա գնանք։ Էնտեղ, ինձ թվում ա, շատ հարցերի պատասխան կստանանք։ Համ էլ հնարավոր ա սրանցից ավելի խելքը գլխին մարդկանց գտնենք, որ մեզ կօգնեն՝ երեխուն գտնենք։
Հարյուր տոկոս,— համաձայնվեց Աշոտը։
Տղե՛ք, մի բան էլ եմ ուզում ասեմ։ Հացի ու ջրի պահով...
Տիկո, դու լուրջ հավատո՞ւմ ես դրան,— ասաց Աշոտը։
Չգիտեմ, բայց իսկ եթե էդ ճիշտ ա։ Պետք ա ամեն դեպքում հեռու մնալ էստեղ որևէ բան ուտելուց կամ խմելուց։
Ախպեր,— ասաց Գառնիկը,— ես կհամաձայնեի քո հետ, բայց ծարավ մեռնում եմ։ Էն Ծիլքարի մորքուրը էդ մսերը շատ աղի էր սարքել։
Գռնո՛,— ասաց Աշոտը,— իրականում ես էլ չեմ հավատում էդ հեքիաթներին, բայց եթե նույնիսկ մի տոկոսի հավանականություն կա... քել դիմանանք ու հույս ունենանք, որ շուտ կգտնենք երեխուն, իսկ մինչև էդ թուքդ կուլ տալով յոլա գնա։