1. Հաջամանդ

Chapter 8

Chapter 8


Երբ նա դուրս եկավ վրանից, արդեն ամբողջությամբ մթնել էր, ու միակ լուսավորողը երկնքում ժպտացող նորալուսինն էր։ Տիգրանն Աշոտին վրանի մոտակայքում չգտավ ու շունչը պահած սկսեց դանդաղ քայլել դեպի այն կողմ, որտեղ նրանք թողել էին մեքենան։ «Չեմ հավատում։ Աշոտը նման բան չէր անի»։ Եվս մի քանի քայլ, սակայն մեքենան այդպես էլ չէր ուզում երևալ։

Սառած ձյան վրայով իջնելն էլ ավելի դժվար էր, քան բարձրանալը։ Այդ պահին գայլի ոռնոց լսվեց։ Տիգրանը հանկարծակիի եկավ ու վախից սայթաքեց՝ ընկնելով ներքև։ Բարեբախտաբար, նա կարողացավ իրեն պահել ու չգլորվեց։ Դժվարությամբ ոտքի կանգնելուց հետո Տիգրանը շուրջբոլորն էր նայում, որպեսզի պատրաստ լիներ պաշտպանվել գիշատիչից, սակայն այն չէր երևում։

Եվս մեկ ոռնոց լսվեց՝ ավելի երկար ու սարսափելի։ Այս անգամ Տիգրանը հասկացավ, որ ձայնը շատ հեռվից էր գալիս, ու ինքը խաբվել էր սարերի արձագանքից։ Տիգրանը հույս ուներ, որ շատ շուտով այս մղձավանջը կավարտվեր։ Նա շարունակեց իջնել սարն ու վերջապես տեսավ Աշոտի Զրո յոթի լուսարձակների լույսը։

Տիգրանը խորը շունչ քաշեց։ Երբ ավելի մոտեցավ մեքենային, տեսավ, որ Աշոտը նստած էր ղեկին։ Տիգրանը նստեց ընկերոջ կողքին։ Աշոտը նրան ուշադրություն չդարձրեց։ Նրա ձեռքին ատրճանակ կար, ու նա ուշադիր զննում էր այն՝ ասես ինչ-որ բան էր փորձում կարդալ վրայից։

  • Էս ի՞նչ զենք ա, Աշոտ։

  • Պապայինն ա։ Ինձ ա տվել։ Միշտ մեքենայիս մեջ եմ պահում՝ սենց դեպքերի համար։

  • Սենց դեպքերի՞։ Կարող ա ինձ խփես։

  • Կարող ա, Տիկո,— ասաց Աշոտը,— բայց քացով ու դեմքիդ։

Աշոտը անբնական ծիծաղի նմանվող ձայն արձակեց, ապա զենքը դրեց մեքենայի փոքր խցիկում ու ասաց․

  • Տիկ, ես էի մեղավոր, գիտեմ։ Էշություն էր արածս, կներես։

  • Էդ կներեսն ավելի լավ ա՝ Գառնիկին ասես,— Տիգրանը ներքուստ ուրախացավ, որ Աշոտի կատաղության նոպան ընդամենը պահի ազդեցություն էր։— Լսի, հիմա ավելի կարևոր հարց կա․ էդ Արուսը փող ա ուզում, որ ասի գյուղի տեղը։ Քո մոտ կա՞ մի բան։

Աշոտն առանց նրան պատասխանելու ձեռքը տարավ գրպանն ու քարացավ։

  • Դրամապանակս չկա։

  • Ո՞նց չկա, հլը լավ նայի։

Աշոտը մի քանի վայրկյան մտածեց, ապա նյարդերից սկսեց ուժգին հարվածել մեքենայի ղեկին։

  • Էսօր առավոտ, որ եկար, միասին գնացինք ծննդատուն։ Էդ ժամանակ դրամապանակս թողել եմ տանը։ Մոտս մի դրամ չկա։ Էդ ինչքա՞ն ա ուզում։

  • Հիսուն հազար։

  • Որոշել ա կթի՞ մեզ։ Ճիշտ ա, ես չեմ հավատում, որ էտի որևէ կապ ունի Հաջամանդի հետ, բայց քել գնանք դրան ասենք՝ թող ցույց տա իրանց գեղի տեղը։ Փողը ես հետո անձամբ կտամ դրան։

  • Չեմ կարծում, որ համաձայնվի, բայց փորձը փորձանք չէ։ Պետք ա գնամ համոզեմ դրան,— Տիգրանը բացեց մեքենայի դուռը։— Աշ, իսկ դու լավ կլինի էստեղ սպասես, թե չէ էլի համը հելնելու ա։ Էդ զենքի մասին էլ մոռացի, դրա կարիքը հաստատ չի լինելու։

Տիգրանը վերադարձավ վրան։ Ինչպես և նա սպասում էր, Արուսը մերժեց նրան։ Նա պատճառաբանեց, որ անծանոթների խոսքին հավատալու ոչ մի երաշխիք չունի։

Տիգրանն անելանելի վիճակում էր հայտնվել։ Ի՞նչ անել՝ ընկնել Արուսի ոտքերն ու խնդրել նրան, որ ցույց տա այդ գրողի տարած գյուղի տեղը։ Աղաչել-պաղատել նրան, որ օգնի իր որդուն գտնել ու հետ բերել։

Տիգրանն այդպես էլ կվարվեր, եթե հանկարծ չհիշեր լեննականցի Հայկոյի տված ծրարի մասին, որն այս ամբողջ ընթացքում գտնվում էր իր զինվորական համազգեստի ծոցագրպանում։ Նա ձեռքը տարավ ու այնտեղից հանեց ծրարը։

  • Բա ասում էիր՝ չունես փող, հա՛-հա՛։

  • Մի շտապիր, ես ինքս էլ չգիտեմ, թե էստեղ ինչքան փող կա։

Երբ Տիգրանը ծրարից հանեց պարունակությունը, այնտեղից իրեն էին նայում Հովհաննես Թումանյանները։ Նա սկսեց դանդաղ հաշվել՝ հույս ունենալով, որ գումարը կբավարարի․ մեկ Թումանյան, երկու Թումանյան, երեք Թումանյան... տասը Թումանյան։ Ուղիղ հիսուն հազար դրամ։

Ի՞նչ էր սա՝ զուգադիպությո՞ւն, բա՞խտ, թե՞ մեկ այլ բան։ Դա այդքան էլ էական չէր։ Տիգրանը մաքրեց ճակատի քրտինքն ու գումարը մեկնեց Արուսին։ Նա միանգամից հափշտակեց այն Տիգրանի ձեռքից ու առանց հաշվելու դրեց գրպանը։

Տիգրանն էլ Հայկոյի ծրարը դրեց իր գրպանը, որի մեջ գումարից բացի նաև նամակ տեսավ։ «Ոչինչ,— մտածեց նա,— Աշոտից պարտք կանեմ ու Հայկոյի փողերը կդնեմ իր տեղը»։

  • Եկեք, իմ ընկերներ,— ասաց Արուսն իր երգչին ու ակորդեոնահարին,— բացեք Հաջամանդի դուռը։

Օհանն ու Ոսկանը մոտեցան սեղանին, ամեն մեկը մի կողմից բռնելով՝ այն հեշտությամբ բարձրացրին ու տարան մի կողմ։ Սեղանի միակ ոտքի վերջում գտնվող մեծ շրջանակի տակից երևաց մի երկաթյա դռնակ։ Այն նման էր փողոցներում գտնվող կոյուղու լյուկերի կափարիչներին։

Նրանք այդ ծանր դռնակը բացեցին՝ այս անգամ բավական դժվարությամբ։

Տիգրանը ներքև նայեց նոր բացված անցքից ու այնտեղ մթությունից բացի ոչինչ չտեսավ։

  • Այս աստիճանները ձեզ կտանեն Հաջամանդ,— ասաց Արուսը՝ ցույց տալով դեպի դատարկություն տանող անցքից կախված երկաթյա աստիճանները։

  • Ուզում եք ասել՝ էս աստիճանները Հաջամանդ ե՞ն տանում,— դիմեց Գառնիկը Արուսին։— Ստե՛ղ որ իջնենք, սարերի մեջ ենք հայտնվելու։

  • Իջնելով՝ դուք հայտնվելու եք մեր գյուղում,— ասաց Արուսը,— բայց եթե ինձ չեք հավատում, խնդրեմ։

Նա գրպանից հանեց հիսուն հազար դրամն ու մեկնեց Տիգրանին։ Նրա ձեռքն այդպես էլ օդում մնաց։

  • Ես քեզ, ճիշտ ա, չեմ վստահում, ոնց որ դու ինձ,— ասաց Տիգրանը,— դրա համար էս փողը քեզ պահիր ու մեր հետ իջի էս աստիճաններով։

  • Ես չեմ պատրաստվում ձեր վրա փակել կափարիչն ու թողնել, որ դուք հավերժ քնած դշխուհիներ դառնաք, հա՛-հա՛։ Ձեր դեպքում՝ դշխուներ։

Նա սկսեց ծիծաղել, իրեն միացան նաև Օհանն ու Ոսկանը, ապա լրջացավ ու ասաց․

  • Բայց որ շատ չվախենաք, իհարկե, ես կգամ ներքև։ Սա իմ ամենօրյա ճամփան է։

Տիգրանի մոտ հույս առաջացավ, որ կարծես ամեն ինչ հարթ էր ընթանում։

  • Գնամ Աշոտին կանչեմ,— ասաց նա։

Տիգրանը չէր էլ հասցրել մի քայլ անել, երբ Աշոտը ներս մտավ վրան։

  • Ինձ կանչել պետք չէ, ես ամեն ինչ լսում էի։

  • Ականջ դնելը լավ բան չէ, հա՛-հա՛,— Արուսը խորամանկ հայացքով նայում էր Աշոտին։— Ինչևէ, եկեք իմ հետևից։

Արուսն առաջինն իջավ աստիճաններով, նրան հետևեցին երեք ընկերները։ Օհանն ու Ոսկանը, Արուսի հրամանով, մնացին վերևում։

  • Գռնո՛, նոր պատահածի համար եմ ուզում խոսենք,— ասաց Աշոտը, երբ նրանք արդեն աստիճաններով ներքև էին իջնում։

  • Նորմալ ա, ախպեր,— ասաց Գառնիկը,— հիմա դրա ժամանակն էլ չէ։

  • Ամեն դեպքում կներես, ախպերս։ Ես էլ չհասկացա, թե ինչ կատարվեց հետս։

  • Հասկանում եմ, Աշ։ Իմ մոտ էլ էր ուղեղս անջատվել, առանց մտածելու հարձակվեցի վրադ։

  • Հինգ ամսով ոտս քաշեցի, երկուսիդ ուղեղներն էլ չորացան,— ասաց Տիգրանն ընկերներին, ապա, հոգնածություն զգալով, դիմեց Արուսին։— Դեռ շատ ե՞նք իջնելու։

  • Կեսն իջել ենք, բան չմնաց,— լսվեց Արուսի ձայնը ներքևից։

Շուտով վերջապես աստիճաններն ավարտվեցին։

  • Մկաններս էլ չեմ զգում,— ասաց Աշոտը,— երևի մի տասը հարկ իջել ենք։

  • Հա՛-հա՛, համարյա ճիշտ գուշակեցիր,— ասաց Արուսը,— հետևեք ինձ, բան չմնաց։

Տիգրանը մթության մեջ ձեռքերով շոշափեց պատերն ու հասկացավ, որ ընդամենը մեկ ճանապարհ կար։ Նա հետևեց Արուսի ձայնին։

Մոտ հիսուն մետր քայլելուց հետո Տիգրանը գլխին հարված ստացավ։ Ճանապարհն ավարտվել էր։

  • Տիկ, հուսով եմ՝ էդ քո գլուխը չէր,— ասաց Գառնիկը նրա հետևից։

  • Տղե՛ք, ճամփեն ավարտվեց։ Արո՞ւս։

Արձագանք չեղավ։

  • Արո՛ւս, լսո՞ւմ ես։

Կրկին լռություն։

  • Սպասի, գալիս եմ,— ասաց Աշոտը ու, իր սիրելի արծաթագույն «Զիպպո» կրակայրիչը վառելով, մոտեցավ Տիգրանին, ապա ավելացրեց․— Տղե՛ք, էս ոնց որ թե դուռ ա։ Էս էլ բռնակը։

Նա պտտելով բացեց այն։ Դռնից դուրս գալով՝ նրանք հայտնվեցին մի սարի լանջին։ Դա նման էր այն վայրին, որտեղ նրանք հայտնաբերել էին Արուսի վրանը։ Սակայն այստեղից ներքև նայելիս նրանց առաջ բացվում էր ոչ թե լեռների ու ճանապարհների տեսարան, այլ մի ամբողջ գյուղ։

  • Ա՜յ քեզ հրաշք,— ասաց Գառնիկն ու սկսեց շուրջբոլորն ուսումնասիրել։— Էսքան իջնելուց հետո ինձ թվում էր, թե մենք հայտնվելու ենք ինչ-որ փակ տարածության մեջ... բայց մի րոպե, բա Արուսն ո՞ւր կորավ։

  • Հա էլի,— ասաց Աշոտը,— ո՞նց թռավ էդ թարախի կույտը, որ չնկատեցինք։

  • Արուսի հերն էլ անիծած,— ասաց Տիգրանը,— կարևորը, որ մեզ չի ստել։ Տեսե՛ք՝ գյուղը։

Comments