1. Հաջամանդ

Chapter 7

Chapter 7

Տղաները հիասթափված էին այն ամենից հետո, ինչ լսեցին Ծիլքարում։ Փաստորեն այս ամենը հեքիաթ էր, ու գողը պարզապես նրանց խաբել ու ուղարկել էր որքան հնարավոր է հեռու։ Աշոտն ընդհանրապես դեմ էր ճանապարհը շարունակելուն, բայց Տիգրանն ու Գառնիկը նրան համոզեցին ամեն դեպքում վարել այնտեղ, որտեղ հատվում էին երեք մարզերը։ Աշոտը մեծ դժվարությամբ էր կառավարում մեքենան։ Լեռնային ճանապարհը գնալով դառնում էր ավելի անանցանելի, իսկ արևը շուտով մայր կմտներ, ու ամեն ինչ ավելի կբարդանար։

Երբ տղաները հասան «Լոռի» գրվածքով պաստառին, Գառնիկն ասաց, որ, ըստ իր քարտեզի, Հաջամանդը արևմուտքում պետք է լինի, բայց այնտեղ լեռներ էին, որոնք ոչ մեքենայով կանցնեիր, ոչ ոտքով։ Նրանք շրջանցեցին լեռն ու հայտնվեցին նրա արևմուտքում՝ երկու լեռների արանքում, որտեղ ճանապարհը գնալով ավելի էր նեղանում։

Տիգրանը խորը շունչ քաշեց։

  • Ես կասկածում եմ, որ էստեղ ինչ-որ գյուղ կգտնենք։

  • Իսկ ես վստահ եմ,— ասաց Աշոտը,— պետք ա հետ դառնանք։

  • Հետ էլի կդառնանք,— Գառնիկը շուրջբոլորն էր զննում,— բայց էշը կերել ենք, արի պոչն էլ ուտենք։

  • Գռնո՛,— ասաց Աշոտը,— դու ոնց էշ կայիր, տենց էլ մնացել ես։

Երեք ընկերներն էլ այս խոսքերի վրա երկար ծիծաղեցին՝ մի պահ մոռանալով բոլոր խնդիրների մասին։

Այս միահամուռ ծիծաղը Տիգրանին հիշեցրեց իր մանկության երեկոները, երբ նրանք ողջ թաղի երեխաներով հավաքվում էին բակի մեծ տաղավարում ու իրար ծիծաղելի պատմություններ պատմում։ Մեկն իր կյանքից էր պատմում, մյուսը՝ իր բարեկամի, մեկ ուրիշն ընդհանրապեսհորինում էր․ կարևորը՝ լիաթոք ծիծաղ ապահովելն էր։ Այդ ամենը փլուզվեց Սովետի հետ մեկտեղ։ Իսկ այդ ծիծաղող երեխաների կազմից մնացել էին նրանք երեքը՝ անհույս սարերի ու ձորերի արանքում։

Աշոտն իր մեքենայով գնաց այնքան, որքան հնարավոր էր, ու կանգնեցրեց այն։

  • Էլ սրանից էն կողմ չեմ կարա քշեմ՝ սաղ քար ու քռա ա։

Երբ մեքենայից իջան ու շուրջբոլորը նայեցին, հասկացան, որ այս կողմերում ոչ միայն գյուղ չկա, այլև ընդհանրապես ասես մարդ ոտք դրած չլիներ։ Հույսի վերջին ալիքը դեռ չէր հասցրել մարել, երբ Տիգրանը ոչ այնքան հեռվում՝ սարերից մեկի վրա, վրան նկատեց, որի պատուհանից շատ թույլ լույս էր երևում։ Նա մատնացույց արեց դեպի այդ կողմը։

  • Տղե՛ք, տենում ե՞ք։ Եկեք գնանք տեսնենք՝ մարդ կա էս վրանում, թե չէ։ Հնարավոր ա՝ մի բանով օգնեն։

Նա տեսավ, թե ինչպես Աշոտն ու Գառնիկն իրար երես նայեցին։ «Նրանք էլ գիտեն, որ ամեն ինչ վերջացած է, ինչպես որ ես»։

  • Եթե ուզում եք, սպասեք էստեղ, ես շուտ գնամ-գամ։

Ասաց Տիգրանը՝ չուզենալով ընկերներին էլ իր հետ անհարմար դրության մեջ դնել։

  • Տիկո՛,— Գառնիկը բռնեց Տիգրանի ձեռքը, որը արդեն շրջվել էր՝ սարը բարձրանալու համար,— իրար հետ սկսել ենք, իրար հետ էլ կավարտենք։ Գնացինք։

Սարը պատված էր ձյան շերտով, որը սառել էր ու ավելի էր բարդացնում բարձրանալը։ Ամեն մի քայլը շատ էներգիա էր խլում։

Տղաները որքան մոտենում էին վրանին, այնքան նրա մեծ լինելն ավելի ակնհայտ էր դառնում։ Այն ուներ մի քանի լուսամուտ։ Վրանը շատ մաքուր էր, ու բաց դարչնագույն կտորին նայելիս տպավորություն էր ստեղծվում, թե այն լրիվ նոր է։

Վրանին մոտենալիս ներսից երգի ու երաժշտության ձայներ լսվեցին։ Երբ տղաներն արդեն շատ մոտ էին, ակորդեոնի հնչյուններն ավելի պարզ դարձան, իսկ ծանոթ երգի բառերը՝ ավելի հասկանալի։

Եվ տանջանք, և բեկում, և թախիծ,

Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ,

Անունդ թող փարոս լինի ինձ,

Սուտ կյանքի և դառը մահու հետ։

Երբ տղաները ներս մտան, այնտեղ տեսան երեք տղամարդու։ Նրանցից մեկը երեսունն անց, բարձրահասակ ու նիհար մարդ էր։ Ուներ շատ կոկիկ տեսք ու կարճ սև մորուք։ Հագին սև կոստյում էր՝ կարմիր փողկապով։

Նա նստած էր շրջանաձև սեղանի դիմաց, որի միակ ոտքն ավարտվում էր սեղանից մի փոքր ավելի փոքր տրամագծով ուռուցիկ երկաթյա շրջանով։ Սեղանին ընդամենը մեկ շիշ՝ կիսով չափ լիքը օղի կար ու մի դատարկ բաժակ։

Մյուս երկուսը տարիքով ավելի մեծ էին՝ հիսունին մոտ։ Նրանց հագի շորերն ավելի հասարակ էին ու ոչ այնքան կոկիկ, որքան սեղանի դիմաց նստած տղամարդունը։ Նրանցից մեկը վրանի մի անկյունում՝ աթոռին նստած, ակորդեոն էր նվագում, իսկ երկրորդը մյուս անկյունում կանգնած երգում էր։

Արդեն մթնշաղ էր, իսկ վրանը լուսավորում էր ընդամենը մեկ մոմ՝ դրված սեղանին։ Հետևաբար այդ աղմուկի մեջ տղաների ներս մտնելը նրանք չնկատեցին․ ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Երաժիշտը ակորդեոնն էր տանջամահ անում, ունկնդիրը ոտքը ոտքին գցած իր դատարկ բաժակն օղի էր լցնում, իսկ բաղաձայն երգիչը շարունակում էր աղավաղել Արամ Ասատրյանի հայտնի երգը։

Տարիներ, տարիներ կսահեն,

Կմեռնեն երազները բոլոր,

Քո պատկերը անեղծ կպահեմ,

Օրերում անհաստատ ու մոլոր։

Նրանք մոտեցան սև կոստյումով տղամարդուն, որը նրանց տեսնելուն պես ձեռքը վեր բարձրացրեց, ինչից հետո երգն ու երաժշտությունը դադարեցին։

  • Բարև, տղաներ,— տղամարդը միանգամից խմեց իր բաժակի ողջ պարունակությունն ու ձեռքը մեկնեց նրանց։

Նրանք երեքն էլ սեղմեցին տղամարդու ձեռքը, ու Տիգրանն ասաց․

  • Մենք մի հարցով ենք եկել։ Դուք լսած կա՞ք Հաջամանդի մասին։

  • Լսած կա՞ք, հա՛-հա՛։ Մենք բոլորս այդ գյուղից ենք, չէ՞,— նա նայեց վրանի երկու անկյուններում կանգնածներին, որոնք գլխով համաձայնության նշան արեցին։

  • Լուրջ ե՞ք ասում,— ասաց Գառնիկը,— իսկ մենք լսել ենք, որ էդ գյուղն իրականում գոյություն չունի։

  • Նայած թե դուք ում եք հավատում, հա՛-հա՛․ ինձ, թե էն մարդուն, ումից լսել եք այդ ամենը։

  • Ախպե՛ր, քո անունը ո՞նց ա,— բորբոքվեց Աշոտը,— ու խի՞ ես քմծիծաղով խոսում մեր հետ։

  • Ճիշտ ես, մենք նույնիսկ չծանոթացանք։ Ես Արուսն եմ,— նա, հասկանալով, որ այդ պատասխանը կարող էր էլ ավելի կատաղեցնել Աշոտին, անմիջապես ավելացրեց,— այս անվամբ մեր գյուղում կոչում են ոչ միայն կանանց։ Իսկ նրանք Օհանն ու Ոսկանն են,— ասաց նա՝ առանց նշելու, թե նրանցից որն էր Օհանը, իսկ որը՝ Ոսկանը։

  • Շատ հաճելի է,— կեղծեց Տիգրանը։— Ինքը Գառնիկն ա, իսկ ինքը՝ Աշոտը, ես էլ Տիգրանն եմ։ Մեզ պետք ա ձեր գյուղ հասնել՝ էնտեղ շատ կարևոր գործ ունենք։

  • Հա՛-հա՛, դուք արդեն մեր գյուղում եք։

  • Արա՛, լավ չհասկացա՞ր ինձ,— Աշոտը բռնեց Արուսի կարմիր փողկապից ու քաշեց դեպի իրեն,— էս օղին գլխիդ ա խփել, աչքիս։ Հեսա մի հատ էլ իմ կողմից կուտես։

  • Աշո՛տ, հանգստացի՛ր,— միջամտեց Գառնիկը՝ հայտնվելով նրանց միջև,— էս մարդը մի բան գիտի։

Աշոտը հանգստանալու մտադրություն չուներ։ Նա Գառնիկին ուժգին հրեց մի կողմ, և Գառնիկը, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ հատակին։

  • Տղե՛ք, էս ի՞նչ եք անում, հլը հանգստացեք։

Տիգրանը մոտեցավ, որ օգնի Գառնիկին բարձրանալ հատակից, սակայն նա ինքնուրույն, կայծակնային արագությամբ, վեր թռավ տեղից ու հարձակվեց Աշոտի վրա։ Նրանք միասին հայտնվեցին վրանի հատակին՝ Գառնիկը վերևից, իսկ Աշոտը՝ ներքևից։

Տիգրանը փորձում էր նրանց բաժանել, բայց ապարդյուն․ նրանք ըմբշամարտիկների նման կպել էին իրար ու պոկ չէին գալիս, փոխանակվում էին հարվածներով՝ ասես հազար տարվա ոխերիմ թշնամիներ լինեին։ Իհարկե, Գառնիկի հարվածներն ավելի հաճախ էին ու ուժգին․ նա դեռ մանուկ հասակից երեք ընկերներից ամենաուժեղն էր։

Երաժիշտը սկսեց աշխույժ նոտաներ նվագել, որոնց տակ կարծես տղաներն ավելի ոգևորված սկսեցին կռվել։

  • Ի՞նչ եք նայում։ Օգնեք մի բանով,— ասաց Տիգրանն Արուսին, որը ցինիկ ժպիտը դեմքին վայելում էր Աշոտի ու Գառնիկի մենամարտը։

Արուսը ձեռքով նշան արեց երգչին ու երաժիշտին,, ու նրանք, լինելով բավական հաղթանդամ, շատ հեշտությամբ տղաներին բաժանեցին։ Գառնիկը երկու ափերով ծածկեց դեմքը՝ կամ ամոթից, կամ էլ ինչ-որ վնասվածքի պատճառով։ Աշոտը քթի տակ հայհոյում էր։ Պարզ չէր՝ ում՝ Գառնիկին, թե Արուսին, կամ երկուսին միասին։

  • Լավ չի, որ ընկերները կռիվ են անում, հա՛-հա՛։

  • Էսի ինձ ի՞նչ ընկեր,— կրկին բռնկվեց Աշոտը,— Տիկոն որ ստեղ չէր, սրան ո՞վ էր բանի տեղ դնողը։

Երգիչը հազիվ պահեց Գառնիկին, որը փորձում էր կրկին հարձակվել Աշոտի վրա։

  • Աշո՛տ,— այս անգամ արդեն Տիգրանը կատաղեց,— կարա՞ս ձենդ կտրես ու թողնես՝ երկու բառ խոսենք։

  • Կարամ, խի՞ չէ։ Ձենս կտրելու հետ կարամ ռադս էլ քաշեմ։

Նա արագ քայլերով դուրս եկավ վրանից։ Տիգրանը հույս ուներ, որ իր ընկերը վերջնականապես խելքը չի թռցրել, իրենց այս չոլերում չի թողնի ու մեքենայով չի հեռանա։

  • Երիտասարդ տարիներս հիշեցի,— ասաց Արուսը։— Ինչևէ, անցնենք բուն թեմային։ Ես ձեզ ցույց կտամ Հաջամանդի տեղը, բայց դուք ինձ պետք է վճարեք,— նա մտածկոտ վերև նայեց,— ըըը՜... օրինակ՝ մի հիսուն հազար դրամ։

Տիգրանը վաղուց էր հասկացել, որ Արուսը մարդկային հատկանիշներով այնքան էլ աչքի չէր ընկնում։

  • Շատ մեծ թիվ եք ասում։ Մեզ ո՞րտեղից էդքան գումար։

  • Իրականում մեր գյուղն անգին է, ու ոչ բոլորին է բախտ վիճակվում տեսնել այն, բայց ես, հա՛-հա՛, բարի մարդ եմ։

Տիգրանը շատ լավ գիտեր իր գրպանի պարունակությունը․ այնտեղ երկու հազար դրամ էր ու մի քանի մանրադրամ։ Գառնիկին իմաստ էլ չկար հարցնելու, թե ինչքան գումար ունի, իսկ այ Աշոտի մոտ հնարավոր էր, որ լիներ, եթե նա, իհարկե, արդեն Երևանի ճանապարհին չէր։

  • Գռնո՛, դու սպասի, ես դուրս գամ՝ Աշոտի հետ խոսեմ։

Comments