Chapter 4
Chapter 4
Ժամը գիշերվա մեկն էր, Տիգրանն իր անկողնում, որտեղ վերջին հինգ ամիսներին միայն իր կինն էր քնել, պառկած մտածում էր։ Վաղը շատ գործ կար անելու․ Թերեզն ու երեխաները դուրս են գրվելու ծննդատնից, պետք է նաև գնալ զինկոմ իր բանակից ազատվելու հարցերով։ Հոր կազմակերպած քեֆն էլ եզրափակելու էր օրը։ Նա չէր մոռացել նաև Հայկոյի ծրարի մասին, բայց Գյումրի հավանաբար հաջորդ օրը կգնար, վաղը հաստատ չի հասցնի։
Տիգրանը նաև հանդիպել էր թաղի իր մանկության ընկերներին՝ Գառնիկին ու Աշոտին։ Նրանց մոտ էլ ինչպես և իրենց թաղում այս հինգ ամիսների ընթացքում շատ բան չէր փոխվել։ Գառնիկն էլի իր հոր հետ կոշկակարություն էր անում։ Իսկ Աշոտն ինչպես միշտ իր սպիտակ զրո յոթով, ամբողջ օրն ինչ-որ տեղ էր շտապում։ Տիգրանի ընտանիքում էլ բան չէր փոխվել՝ հայրը նույն իր մթերային խանութի գործերով, մայրը՝ դեղատանը դեղ վաճառելով, իսկ Աստղիկն իր դասերով։ Միակ փոփոխությունն իր ընտանիքում Թերեզի պահվածքն էր։ Նրա մտերմությունը բախտ նայող Սվետի հետ Տիգրանին ընդհանրապես դուր չէր գալիս։ Ծննդատանը Թերեզն իրեն մի տեսակ էր պահում, ասես դա այն աղջիկը չլիներ, ում հետ նա ամուսնացել էր։ Հնարավոր է՝ այդ ամենի պատճառը հղիությունն էր, ու շատ շուտով նա կդառնա նույն կենսուրախ ու հոգատար կինը։ Տիգրանն ուզում էր սովորության համաձայն աղոթել քնելուց առաջ, բայց նրա աչքերը մեքենայաբար փակվեցին և նա խորը քուն մտավ։
Երազում նա տեսավ այն ավտոբուսի պառավին, որն իր ձեռքերում պահում էր նրա երեխային։ Թե որ մեկին, Տիգրանը չգիտեր, երազում նա ուներ ընդամենը մեկ երեխա, որը մեկ նմանվում էր Խաչատուրին, մեկ Անդրանիկին։
Պառավը ձեռքի շարժումով իր մոտ էր կանչում: Տիգրանը մոտեցավ նրան, որ վերցնի երեխային, իսկ պառավը կրկին բռնեց նրա ձեռքը՝ ինչպես ավտոբուսում էր արել ու ասաց․
Զգույշ կլինես, մի բան որ անում ես, երկու անգամ մտածի, նոր արա՛, Տիգրան,-պառավի աչքերից սկսեց արյուն հոսել։ Նա ընկավ ծնկների վրա ու ձեռքերը պարզեց, որ երեխային հանձներ Տիգրանին, սակայն Տիգրանը չէր կարողանում բռնել երեխային ու պառավը սկսեց գոռալ,- Տիգրա՛ն, Տիգրա՛ն․
Տիգրանը վեր թռավ քնից։
Չես լսում Տիգրան, արթնացի շուտ։
Նրա գլխավերևում մայրն էր։ Նա շատ վախեցած տեսք ուներ:
Ի՞նչ ա եղել մամ։
Արի հեռախոսի մոտ։ Ոստիկանությունից ա․ քեզ են հարցնում:
Տիգրանը շփոթվեց:
Ոնց թե, չլինի՞ զորամասից ա:
Չգիտեմ, ասացին մենակ քո հետ կխոսեն։
Տիգրանը գնաց միջանցք, որտեղ գտնվում էր իրենց քաղաքային հեռախոսը։ Այնտեղ էր նաև Աստղիկը, որը վախեցած աչքերով ուղեկցում էր նրան դեպի հեռախոսափողը։
Ալո, լսում եմ։
Բարև ձեզ: Տիգրանի հետ ե՞մ խոսում,- հարցրեց կին ոստիկանը։
Հա, ինչ-որ բան ա՞ եղե։
Նա զգում էր, որ շատ վատ բան է պատահել։
Շտապ եկեք ծննդատուն, Ձեր երեխային են առևանգել։
Տիգրանն արդեն սովորականի նման վայրկյանների ընթացքում հագավ իր զինվորական համազգեստն ու դուրս վազեց։
Մթնշաղին երևում էին ձյան դանդաղ իջնող մանր փաթիլները։ Տիգրանը հույս ուներ փողոցից տաքսի կանգնեցնել, բայց փողոցները դափ-դատարկ էին։ Նա վազեց ընկերոջ` Աշոտենց տուն, որը իրենցից երկու մուտք այն կողմ էր ապրում։ Մոտ մեկ րոպե Աշոտենց տան դուռը անդադար ծեծելուց հետո, այն բացեց նրա հայրը։ Նա ասես դեռ քնած լիներ. դանդաղ բերանը բացելով ուզում էր ինչ-որ բան ասել, բայց Տիգրանը առաջ անցավ նրանից։
Մհեր ձյա, Աշոտին շուտ արթնացրեք` երեխուն են գողացել։
Ո՞նց թե երեխուն են գողացել,- Մհերը միանգամից արթնացավ։
Հա, Մհեր ձյա, խնդրում եմ, արագացրեք։
Մհերը ներս մտավ ու մեկ րոպե անց վերադարձավ արդեն Աշոտի հետ։ Աշոտն էլ ավելի քնած տեսք ուներ, քան հայրը։
Ապե, էդ ի՞նչ ա եղե։
Երեխուն գողացել են Աշ, շուտ արա, մաշնեդ հանի։
Ո՞նց,- Աշոտը չէր պատրաստվում իր հոր նման արագ արթնանալ,- ո՞ր մեկին են գողացել։
Արա՛, այ բառադի, - տղային թափահարեց Մհերը,- ի՞նչ տարբերություն, շուտ գնացեք։
***
Ծննդատան դիմաց հավաքված բազմության մեջ մի մասը ոստիկանական համազգեստով էր, մյուսները՝ քաղաքացիական հագուստով։ Տեսնելով Աշոտի մեքենան՝ երկու ոստիկան՝ մեկը գեր, մյուսը նիհար, նրանց հետևից էլ տեսախցիկը ձեռքին մի երիտասարդ լրագրող, մոտեցան Տիգրանին ու Աշոտին։
Դուք ո՞վ եք,- հարցրեց ոստիկաններից նիհարը։
Ես երեխայի հայրն եմ։
Լրագրողը գրպանից հանեց ֆոտոխցիկն ու սկսեց արագ-արագ լուսանկարել Տիգրանին։ Դրա չխկչխկոցը միայն լուսանկարողի վրա չէր ազդում: Առաջինը գեր ոստիկանի նյարդերը տեղի տվեցին:
Նա ներքև իջացրեց լրագրողի տեսախցիկն ու բարկացած ասաց․
Ապեր, խանգարում ես, գնա թող գործ անենք:
Դուք չեք որ ինձ պետք ա ասեք,- համարձակ պատասխանեց լրագրողը,- ես պարտավոր եմ լուսաբանել այս հանցագործությունը։ Ձեր նմանների պատճառով է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում:
Այ ընկեր ջան,- գեր ոստիկանը սկսեց ավելի մեղմ տոնով խոսել՝ հասկանալով, որ շառի հետ գործ ունի - սպասի հասկանանք ինչն ինչոց ա, հետո ես քեզ անձամբ կլուսաբանեմ։ Լավ ա՞,- չսպասելով նրա պատասխանին, նա ավելի լուրջ դեմքի արտահայտություն ընդունեց ու դարձավ տղաներին,- դու էստեղ սպասի,- ասաց նա Աշոտին,- իսկ դու արի իմ հետևից։
Լրագրողն ընկրկեց, իսկ Աշոտը չէ:
Ես էլ եմ գալիս,- ասաց նա,- դուք գիտե՞ք ես ով եմ։
Հենց էս մեր ախպորն էլ կպատմես թե դու ով ես,- ասաց նիհար ոստիկանը՝ ձեռքով ցույց տալով լրագրողին:
Աշոտը տոնը բարձրացրեց։
Դուք միլիցա եք թե՞ հումորիստ, չեմ ջոկում։
Աշ,- Տիգրանին հիմա միայն սա էր պակասում,- կռիվ անելու ժամանակը չի, սպասի ստեղ։