1. Հաջամանդ

Chapter 3

Chapter 3

  Հինգ ամիսների ընթացքում Տիգրանի կարոտած բակում գրեթե ոչինչ չէր փոխվել։  Նույն այն բակն էր, որտեղ նա մեծացել էր թաղի բազում տղաների հետ։ Հիմա այդ տղաներից մի քանիսն էին դեռևս այստեղ ապրում. մեծամասնությունը կամ երկիրն էին լքել կամ իրենց թաղը։ Տիգրանի մոտ ընկերներից երկուսն էին մնացել՝ Գառնիկն ու Աշոտը, որոնց նա չէր համբերում տեսնել, բայց առաջինը նա պետք է բարձրանար իրենց տուն։ Տիգրանն ապրում էր հինգհարկանի շենքի չորրորդ հարկում՝ հոր, մոր, քրոջ ու կնոջ հետ։ Ի ուրախություն Տիգրանի` դրսում նրան ոչ ոք չհանդիպեց․ դրա պատճառը պարզ էր՝ հունվարի մեկի երեկոյան բակում մարդ գտնելը այդքան էլ դյուրին գործ չէր։ 

   Տան դուռը բացեց Աստղիկն ու միանգամից գրկեց եղբորը՝ շնորհավորելով նրան։ 

  • Ապրես քուրս, քոնն էլ շնորհավոր։

  • Ա՛յ տղա, ես Նոր տարիդ չեմ շնորհավորում, որ ասում ես քոնն էլ՝ չնայած Նոր տարիդ էլ շնորհավոր,- Աստղիկը ծիծաղեց՝ իրեն բնորոշ սուր ձայնով։

  • Աստղ, տղա թե՞ աղջիկ։

  • Տղա, էն էլ երկուսը։

  • Ի՞նչ, երկուսը՞։

   Տիգրանը շփոթվեց։

  • Հա Տիկ, երկվորյակ, պատկերացնում ե՞ս, երկու եռնեկ մի տեղում։

  • Աստղ, լուրջ ե՞ս ասում, թե՞ քո հերթական կատակներից ա։

  • Վա՜յ, լուրջ եմ ասում: Սպասի հագնեմ գնանք ծննդատուն։

  • Աստղ, եթե իրոք զույգ երեխեք են, ստացվում ա երեք էռնեկ մի տեղ։

  • Այսինքն Տիկ, չլինի սիրած ունես:

   Աստղիկը ծիծաղեց:

  • Չէ Աստղ,-Տիգրանը լայն ժպտաց,- այսինքն էն, որ երկու երեխով ես ազատվում եմ բանակից։

   Աստղիկը զարմանքից քար կտրեց:

***

   Ծննդատան դիմացի ծխարանում Տիգրանը հանդիպեց հորն ու աներձագին։ 

Իրար գրկելուց ու շնորհավորելուց հետո՝ թե երեխաների համար, թե բանակից ազատվելու ու ինչու ոչ Նոր տարվա առիթով, Տիգրանի հայրը՝ Խաչիկը, միանգամից անցավ քեֆ ուրախության թեմային։

  • Մեր Գևորի օբյեկտում վաղն ասել եմ սեղան գցեն։ Ընկերներիդ էլ կկանչես։ Ուզում էի էսօր կազմակերպեի, բայց փոշմանեցի՝ շատ խառը օր ա։ Վաղը հանգիստ սրտով կնշենք։ Լավ չի՞։

   Տիգրանը գիտեր, որ ինչ պատասխան էլ տար, միևնույն է հայրը վաղը նշելու էր իր պապիկ դառնալը։ Այդ պատճառով էլ առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց հոր հետ։ Աստղիկն այդ կարծիքին չէր։

  • Լավ էլի, պապա, ի՞նչ օբյեկտ։ Մեր տանը եկեք նշենք, որ կանայք էլ մասնակցեն։ Համ էլ Նոր տարի ա, տանը ամեն ինչ ունենք քեֆ անելու համար:

   Խաչիկը ձեռքը գցեց տղայի ուսին։ 

  • Տեսնում ե՞ս Տիկ, քանի գնում մորն ա նմանվում։

   Աստղիկը չէր պատրաստվում հանձնվել։

  • Էրիկ, գոնե դու մի բան ասա,- դիմեց նա Թերեզի եղբորը։

  • Ի՞նչ ասեմ այ Աստղ, դու քո հորը ինձնից լավ գիտես։ Իրա ասածն ասած ա։

  • Այ ապրես, Էրո ջան,- ասաց Խաչիկը,- վաղվա թամադան հենց դու էլ կլինես։

  • Քուրս, մի տխրի,- ասաց Տիգրանը,- վաղը տղամարդկանցով կնշենք, հետո էլ տանը կհավաքվենք։ Հիմա ինձ տար Թերեզի մոտ։

 Հիվանդանոցում Տիգրանն իմացավ, որ ծննդաբերությունը բարդություններ է ունեցել, այդ պատճառով Թերեզին մեկ օր ուշ են դուրս գրելու: Պալատում բացի Թերեզից ու երեխաներից, Տիգրանի մայրն ու զոքանչն էին: Մայրը ուրախությունից լաց եղավ ու գրկեց նրան, ինչից հետո զոքանչի ու Աստղիկի հետ դուրս եկան՝ նրան թողնելով իր կնոջ ու երեխաների հետ։ 

   Թերեզը պառկած էր. նրա տեսքն այնքան էլ վատ չէր, ինչպես Տիգրանն էր պատկերացնում։ Նա համբուրեց կնոջն ու մոտեցավ երեխաների մահճակալներին, եթե դրանք կարելի էր մահճակալ անվանել։ Նրանք երկուսն էլ քնած էին։ Երբ Աստղիկն ասաց նրան, որ երկվորյակ են ունեցել, Տիգրանը կարծում էր, որ նրանք պետք է միանման լինեին, բայց նա սխալվում էր։ Երեխաները շատ տարբեր էին։ Թերեզի ձախ կողմում պառկածը փոքրամարմին էր՝ աջինի համեմատ, ուներ շատ բաց գույնի մաշկ ու նուրբ դիմագծեր․ նրա գլխավերևում փակցված էր թուղթ, որի վրա գրված էր 

ամսաթիվ։ 31 դեկտեմբեր 2000թ․

ժամ։ 23։58

քարշ։ 2կգ 400գ

հասակ։ 50.7սմ

Թերեզից աջ պառկած երեխան ավելի խոշոր էր, մաշկը թուխ ու խիտ աղվամազերով, նրա գլխավերևի թղթին գրված էր

ամսաթիվ։ 1 հունվար 2001թ․

ժամ։ 00։01

քարշ։ 3կգ 900գ

հասակ։ 50,7սմ

  • Թերեզ, իրար հեչ նման չեն։ Կարող ա՞ էս բժիշկները երեխեքից մեկին փոխել են:

   Թերեզը ծիծաղեց:

  • Չէ, բժիշկն ասաց, որ սենց դեպքեր լինում են, երբ երկվորյակները իրար նման չեն լինում: Ինձ թվում ա ՝մեկը ինձ ա քաշել, մյուսը քեզ։

  • Հահ, Հենց մեծանան, պարզ կդառնա՝ ով ում ա քաշել։

  • Տիկ կարոտել էի:

  • Ես էլ քեզ էի շատ կարոտել,- մի պահ լռություն տիրեց, ապա Տիգրանն ասաց,-Թերեզ հասկանում ես չէ՞, որ ես երկու երեխով ազատվում եմ բանակից։

   Թերեզը ժպտաց։

  • Գիտեմ, գիտեմ։

   Աստղիկի ապշած արձագանքից հետո Թերեզի հանգստությունն առնվազն տարօրինակ էր։

  • Թերե՞զ։

  • Հա Տիկ, ես շուտվանից գիտեի, որ երկվորյակ ենք ունենալու, ուղղակի չէի ասում, որ անակնկալ լիներ։

   Տիգրանն իհարկե շատ ուրախ էր, բայց դա հերիք չէր, որ նա չմռայլվեր: Ինչպե՞ս կարող էր իր կինը նման կարևոր լուրը թաքուն պահել։

   Թերեզը նկատեց Տիգրանի մի տեսակ լինելը:

  • Տի՛կ, իրականում հղիությանս առաջին օրերից ես իմացել եմ էդ մասին։ Այդ Ժամանակ դու դեռ բանակում չէիր։

  • Թերեզ ի՞նչ ես զառանցում։ Ես առաջին չորս ամիսներին միշտ քո հետ եկել եմ բժշկի, ու ոչ ոք մեզ նման բան չի ասել։

  • Ես դեռ բժշկի մոտ գնալուց առաջ էի իմացել Սվետից։ Իսկ հետո երբ հիվանդանոց գնացինք, ես բժիշկներին խնդրեցի, որ էդ մասին ոչ մեկը չիմանա, որ կարողանամ անակնկալ անեմ։

   Տիգրանը Սվետ անունը լսելուց հետո մնացածը գրեթե ականջի հետև գցեց։

  • Թերեզ, ո՞ր Սվետից ես իմացել։

  • Մեր հարևան, բախտ նայող Սվետից։

   Տիգրանը ուրիշ ցանկացած ժամանակ նման բան լսելիս կատաղությունից մի բան կկոտրեր, բայց քնած երեխաների ներկայությունը նրան զսպեց։

  • Դու չգիտե՞ս որ էդ Սվետը շառլատան ա։ Գիտե՞ս, թե քանի հոգու գլուխ ա կերել։

  • Տիկ, եթե շառլատան ա, ո՞նց ա իմացել, որ երկվորյակ ենք ունենալու։

   Տիգրանը բացեց բերանը, որ մի լավ ցեխի մեջ գլորեր Սվետին, բայց Թերեզը շարունակեց՝ թույլ չտալով նրան խոսել։

  •  Լուրջ եմ ասում․ էդ կինը քարտ էր գցում, ու առաջինը սրտի Դաման դուրս եկավ։ Նա ասաց որ էդ ես եմ։

  • Ախպոր պես, թարգի։

   Տիգրանը չէր ուզում շարունակությունը լսել․ նա չէր ուզում լսել այն մասին, թե ինչպես է իր Թերեզը նման անհեթեթությունների հավատում։

  • Թող շարունակեմ, հետո էլ կյանքում չեմ խոսա էս մասին: Ուրեմն հաջորդը քյափի կարոլն էր։ Նա ասաց, որ էդ դու ես։ Իսկ հաջորդ քարտը ղառի երկուսն էր, դրանից հետո՝ խաչի վալետը, ու նա ասաց, որ մենք երկվորյակ տղաներ ենք ունենալու։

  • Ու դու էլ տենց արագ հավատացի՞ր դրա ասածներին։

   Տիգրանը շշուկով էր խոսում, որ չարթնացնի երեխաներին, բայց մեծ հաճույքով ձայնն ամբողջ հիվանդանոցով մեկ կգցեր։

  • Սվետը քո բացակայության ժամանակ ինձ շատ ա օգնել, Տիկ։

  • Լսի՛, ես չգիտեմ, թե ոնց ա ստացվել, որ դու ընկել էս Սվետի ջրերը, բայց պետք ա խոսք տաս, որ էլ դրա հետ գործ չես ունենա։ Ես չեմ ուզում, որ իմ երեխեքի մերը, նման մարդկանց հետ շփվի։ 

  • Երեխեքի մերը՞,- Թերեզի աչքերն արցունքով լցվեցին,- ես քո համար փաստորեն ուղղակի երեխեքի մեր ե՞մ։

  • Դու ինձ սխալ հասկացար։ Արի չկռվենք։ Ուղղակի էդ Սվետը․․․ 

  • Ես չեմ հասկանում,- ընդհատեց Թերեզը,- դու խի՞ ես իրան էդքան ատում։

  • Որովհետև դրա մասին կյանքում մի լավ բան չեմ լսել։ Էդ կինը, որ մեկին էլ մի լավություն ա անում, հաստատ իմացի, որ իր շահն ունի։ Թերե՛զ, խոսք տու՛ր, որ Սվետի անունը ես էլ չեմ լսի։

  • Լավ,- ասաց Թերեզը լաց լինելով,-  թող քո ասածով լինի, բայց․․․

   Այդ պահին դուռը բացվեց ու ներս մտավ միջին տարիքի կին՝ օրաթերթը ձեռքին։ Մուգ կարմիր ներկված մազերով, կարճ սանրվածքով կնոջ օծանելիքի սուր հոտը միանգամից տարածվեց ամբողջ հիվանդասենյակով մեկ։ Նա ժպիտը դեմքին մոտեցավ Տիգրանին ու սեղմեց նրա ձեռքը։

  • Դուք երևի հայրն եք, այո՞։

  • Այո, Տիգրան է անունս, իսկ դու՞ք։

  • Ես այս ծննդատան տնօրենն եմ, հարգելիս՝ տիկին Միրզոյանը, եկել եմ ձեզ շնորհավորելու և հայտնելու, որ ձեր երկրորդ տղան քսանմեկերորդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է։

  •  Շնորհակալ եմ,- Տիգրանի մտքին դեռ բախտ նայող Սվետն էր, բայց նա միայն ուրախ էր, տնօրենի այցից, որը փոխեց սենյակի մթնոլորտը,- ես չէի էլ մտածել էդ մասին, լսում ե՞ս Թերեզ։

   Թերեզն արդեն մաքրել էր իր արցունքներն ու ուղղակի գլխով արեց Տիգրանին։ Տնօրենը մի պահ իր ուղղանկյուն ակնոցների տակից նայեց Թերեզին, ապա կրկին դարձավ Տիգրանին ու նրան տվեց իր ձեռքի թերթը։

  • Ահա, տասներկուերորդ էջում, մի քիչ ներքև կարող եք կարդալ: Արդեն բոլոր թերթերը գրել են, թե որ ծննդատանն է ծնվել քսանմեկերորդ դարի առաջին երեխան։

   Տիգրանը միայն մուգ տառերով գրված վերնագիրը կարդաց՝ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈւՄ ԾՆՎԱԾ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅԸ։

  • Շնորհակալ եմ շատ։ Ես տանը անպայման կկարդամ։

  • Կկարդաք, բայց ոչ այս թերթը,- տնօրենը Տիգրանի ձեռքից անմիջապես խլեց այն,- ես դեռ շատերին եմ սա ցույց տալու ու ձեզ էլ խնդրում եմ, որ բոլորին պատմեք, թե ձեր տղան որ ծննդատանն է ծնվել։ 

  • Անպայման տիկին,- Տիգրանը հույս ուներ, որ Միրզոյանը ինչպես ճիշտ ժամանակին մտավ պալատ, այդպես էլ ճիշտ ժամանակին դուրս կգա:

  • Իսկ որոշել ե՞ք՝ ինչ անուն եք տալու նրան։ Հիմա ձեր գործը երկու անգամ բարդացել է։ Լավ, ես գնամ, իսկ դուք որոշեք,- Միրզոյանը վերջապես հասկացավ, որ իր ներկայությունն արդեն ավելորդ է: Նա դուրս գալուց առաջ շրջվեց ու նայելով Թերեզին ասաց,- հարգելիս, դուք էլ ժպտացեք վերջապես:

   Նա այնպես շրխկացրեց դուռը, որ դրա արձակած ձայնից երեխաները միաժամանակ արթնացան ու սկսեցին լացել։ Այդ պահին Տիգրանը նկատեց, որ երեխաների աչքերի գույնն էլ էր տարբեր․ մեծինը իր աչքերի նման կապույտ էր, իսկ փոքրինը Թերեզի աչքերի գույնն ուներ՝ մուգ շագանակագույն։ Տիգրանն ու Թերեզը համատեղ ուժերով կրկին քնեցրին երեխաներին։

  • Տի՛կ, տնօրենը ճիշտ էր․ ի՞նչ անուն ենք տալու երեխեքին:

  • Մեծինը հորս անունը կդնենք՝ Խաչատուր։

  • Իսկ փոքրինը՞, սա ծնված-չծնված արդեն հայտնի ա դարձել։ 

   Տիգրանը հիշեց օրաթերթի վերնագիրը՝ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՐՈւՄ ԾՆՎԱԾ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅԸ․

  • Փոքրի անունն էլ արի Անդրանիկ դնենք։

Comments