Chapter 10
Chapter 10
Ինչքան մոտենում էին տաճարին, այնքան մարդիկ շատանում էին՝ խոչընդոտելով ազատ քայլելուն։ Տաճարը շատ մեծ էր՝ ասես դղյակ լիներ, չնայած ամբողջությամբ փայտաշեն էր, բացառությամբ միակ գմբեթի, որը ալ կարմիր ապակուց էր կառուցված։ Այն մթության մեջ վառ փայլում էր՝ ասես բոլորին կանչելով իր մոտ։
Եկեղեցին ուներ ընդարձակ պուրակ, որը չորս կողմից շրջապատված էր ճաղավանդակով։ Պուրակը դատարկ էր՝ ի տարբերություն նրա դիմաց հավաքված բազմության։ Տղաներն այնքան առաջ շարժվեցին, որ կարողանային տեսնել, թե ինչ է կատարվում տաճարի բակում։ Ամբոխի մեջ լսվում էին առանձին մարդկանց ոգևորված բացականչությունները։
Վերջապես եկավ այդ օրը։
Դե՛ շտապեք, ինչքա՞ն պետք է սպասենք։
Ո՞ւր է արքայազնը։
Տիգրանը նայեց իր ժամացույցին, որը ցույց էր տալիս 21։49։ Նա մի բան գիտեր․ այն, ինչին ժողովուրդն այսպես խելագարված սպասում էր, կատարվելու էր ժամը տասին։ «Շուտով տասը կլինի»,— ասում էր Ժիրոն՝ շտապելով։
Տիգրանը նայեց ճաղերից ներս։ Տաճարի կողքերն ու հետևը ծառերով էին պատված, բացի դիմացի հատվածից։ Դրանք իրարից տարբերվող, անխնամ ու ոչ պտղատու ծառեր էին։ Իսկ տաճարի դռներից մոտ տասը քայլ այն կողմ կային երկու հսկայական սյուներ, որոնց գագաթներին այնքան ուժեղ կրակ էր վառվում, որ գրեթե ողջ պուրակը լուսավորվում էր։ Այդ երկու սյուների մեջտեղում էլ մի մետաղյա ավազան կար։ Դրա բարձրությունը մոտ մեկուկես մետր կլիներ, իսկ երկարությունը՝ մոտ երկու մետր։ Այն լիքն էր ջրով, ու քամու ամեն մի զարկից ջուրը թեթևակի դուրս էր թափվում՝ թրջելով շուրջբոլորը։
Երբ ժամը տասը եղավ, եկեղեցու երկու փայտե դռները բացվեցին, ու ներսից դուրս եկան հինգ հոգի։ Մեկը քայլում էր առջևից՝ ինքնավստահ ժպիտը դեմքին, մյուս չորսը՝ նրա հետևից, ասես թիկնապահները լինեին։
Առջևից քայլող տղամարդը հիսունին մոտ, միջին հասակի ու միջին կազմվածքի մարդ էր, սակայն ուներ շատ մեծ ու առաջ ցցված փոր։ Նրա մազերն ու մորուքը երկար էին ու սև։ Հագին ոտքից գլուխ սպիտակ էր՝ սպիտակ կոշիկներ, սպիտակ կոստյում, որի պիջակի կոճակներն անգործ էին մնացել դուրս ցցված փորի պատճառով։ Աչքերին էլ կլորավուն օպտիկական ակնոցներ ուներ։
Տղե՛ք,— ասաց Գառնիկը,— հլը սրա կոստին նայեք։ Աչքիս ստեղի գյուղապետն ա։
Հաստատ, փորն էլ վկա,— ասաց Տիգրանը։
Նրան տեսնելով՝ ժողովուրդն էլ ավելի ոգևորվեց ու սկսեց աղմկել։
Օրհնի՛ր, սրբապետ, օրհնի՛ր, սրբապետ։
Նա երկու ձեռքերը վեր պարզեց ու սկսեց թափահարել՝ ողջունելով բոլորին։ Նրա հետևից եկած չորս «թիկնապահներից» երկուսը քայլեցին դեպի ճաղավանդակի դուռը, իսկ մյուս երկուսը կանգնեցին նրա հետևում։
Նրանք ավելի երիտասարդ տեսք ունեին, իսկ երեսներն ու գլուխները սափրված էին։ Յուրաքանչյուրի գոտկատեղից կախված էր սև ռետինե մահակ՝ ճիշտ ոստիկանական մահակի տեսքով։ Հագուստները առօրյա էին ու չէին տարբերվում ժողովրդի հագածից։
Նրանցից երկուսը բացեցին բակի դուռն ու դրա դիմաց հավաքված ժողովրդին կոպտորեն մի կողմ հրեցին։ Մյուս երկուսը զգաստ կանգնած մնացին ներսի հատվածում։
Ամբոխի մեջ լսվեց մի կնոջ ձայն․
Լռությո՛ւն, սրբապետն է խոսում։
Հանկարծ աղմուկը դադարեց, ու սպիտակ կոստյումով տղամարդը, կանգնելով ավազանի հետևում՝ ասես այն ամբիոն լիներ, սկսեց խոսել։
Սիրելի՛ հաջեցիներ, վերջապես եկավ այն օրը, որին մենք դարերով ենք սպասել։ Այսօրվանից մեր կյանքը փոխվելու է։ Մենք այսուհետ չենք թաքնվելու։ Մեր մասին բոլորն են իմանալու։ Մարգարեությունը կատարված է։ Սուրբ Արքայազնը Հաջամանդում է, ու նա մեզ կառաջնորդի դեպի վերև՝ դեպի աշխարհ ու դեպի Տիրակալ։
Սրբապետի ձայնն ասես գնալով ավելի էր հնչեղանում։
Հետայսու մեր կրոնին հետևելու է ողջ աշխարհը։ Շնորհիվ Արքայազնի՝ Հաջամանդ է կոչվելու ոչ թե միայն մեր գյուղը, այլ ամենուրեք, ուր մարդը երբևէ ոտք է դրել։ Ողջ մարդկությունը երկրպագելու է միակ ճշմարիտին՝ Տիրակալին, որի փառքի ճանապարհը սկսվելու է այսօր՝ այստեղ և այս ժամին։
Վերջապես դուրս կանչեք նրան,— գոչեց ամբոխի միջից մի տղամարդ։
Այո՛, սրբապետ,— բղավեց մյուսը,— ասեք Արքայազնին՝ թող դուրս գա։
Մի՛ շտապեք, քույրեր և եղբայրներ,— ասաց սրբապետը,— ամեն ինչ իր ժամանակին։ Շատ շուտով դուք կտեսնեք նրան։ Իսկ մինչ այդ ես կկարդամ մեր սուրբ մարգարեությունը, ապա զոհաբերություններից անմիջապես հետո Սուրբ Արքայազնը կըմպի մեր զոհաջրից ու կդառնա հաջեցի։
Նա ձեռքերը թաթախեց ավազանի մեջ, ապա, հետ թեքվելով դեպի տաճարը, գոռաց․
Գուշակությո՛ւնը։
Տաճարի դռները բացվեցին, ու այնտեղից դուրս եկավ մի տղամարդ՝ նույնպես սափրված երեսով ու գլխով։ Նրա ձեռքին մեծ փայտե տուփ կար, որը նա երկու ձեռքով պահած մոտեցրեց սրբապետին։
Վերջինս բացեց տուփը և միջից հանեց մի հաստափոր սպիտակ գիրք։ Այն շատ մաշված ու հին տեսք ուներ։ Տուփը ձեռքին տղամարդն այդպես էլ անշարժ կանգնած մնաց, մինչ սրբապետը բացում էր գիրքը։ Նա սկսեց կարդալ․
Այն օրը, երբ ամենուր կիշխի սուտն ու չարը,
Կգա նա, ում վիճակված է լինել այս երկուսի ահը,
Նա կգա նոր դարի լուսաբացին,
Նոր կյանք շնորհելով մարդ արարածին։
Նրա անունը կհնչի բոլորի ներսում,
Ինչպես հույսի փարոս՝ ամպոտ երկնքում,
Քաջ սրտով, հզոր բազկով և պայծառ մտքով,
Կանցկացնի ամենքին փորձության կողքով։
Նախորդ դարի վերջինները զոհ կգնան,
Մայրերն ու հայրերն անզավակ կմնան,
Եվ չի վշտանա նրանց սիրտն ու հոգին,
Այլ կանմահանան՝ դառնալով անգին։
Քսանմեկերորդը կլինի դարերի դարը,
Փրկաբերն է գալու, որ վառի ջահը,
Տիրակալի ախոյաններին կդարձնի ավազ,
Թող նա կոչվի Սուրբ Արքայազն։
Այո՜, այո՜,— աղաղակեց ժողովուրդը։
Սրբապետը գիրքը զգուշորեն փակեց ու դրեց տուփի մեջ, որից հետո այն պահող տղամարդը շտապեց տաճար, իսկ առաջնորդը խոսեց․
Այժմ՝ մարգարեության ամենակարևոր հատվածը, առանց որի Տիրակալը դժգոհ կմնա մեզնից։ Նա մեզ տվել է Սուրբ Արքայազնին ու դրա դիմաց սպասում է հատուցման։ Բոլոր նրանք, ովքեր զոհ ունեն, թող նրա հետ միասին մոտենան ավազանին։
Մարդկանց մեջ խառնաշփոթ սկսվեց։
Ճանապարհ ազատեք,— լսվում էր բազմության տարբեր հատվածներից։
Ինձ մի բան ա հետաքրքիր,— ասաց Գառնիկը,— եթե սրանք կենդանիներ չեն պահում, էդ դեպքում ի՞նչ են զոհաբերելու։
Երևի դրա համար հատուկ կենդանիներ ունեն,— ասաց Տիգրանը,— հիմա կտեսնենք։
Այն, ինչ տեսան տղաները, նրանք կյանքում չէին մոռանալու։ Եկեղեցու բակ մտան վեց կին՝ յուրաքանչյուրի ձեռքին բարուրած երեխա։ Նրանց մեջ էր նաև Մարոն՝ Ժիրոյի կինը։
Սրբապետն առաջինը մոտեցավ հենց նրան, վերցրեց երեխային ու երկու ձեռքով պարզեց վեր։
Մե՛ր Տիրակալ, ընդունիր այս զոհը՝ իբրև երախտագիտություն։
Ապա նա երեխային իջեցրեց ջրով լի ավազանի մեջ։ Փոքրիկի լացի ձայնին փոխարինեց քար լռությունը։ Մարդիկ լուռ հետևում էին սրբապետի գործողություններին։
Տղաները նույնպես նայում էին այս ամենին, ինչպես մնացած ժողովուրդը։ Նրանք հասկանում էին, որ այն, ինչ կատարվում էր տաճարի բակում, իրենց ուժերից վեր էր կանգնեցնել։
Վայրկյաններ անց սրբապետն ավազանից հանեց իր ձեռքերը, որոնց մեջ այլևս երեխա չկար։ Ժողովուրդը սկսեց ոգևորված ձայներ արձակել։
Ինչպե՞ս է քո անունը,— հարցրեց սրբապետը երեխայի մորը, որի երեխային վայրկյաններ առաջ խեղդել էր ավազանում։
Մարո,— ասաց նա ու սկսեց արտասվել՝ ասես հենց նոր հասկացավ, թե ինչ էր կատարվել։
Մարո՛, մի՛ վհատվիր։ Ես ամբողջ գյուղի անունից քեզ շնորհակալություն եմ հայտնում։ Քո անունը գրվելու է մեր պատմության մեջ՝ որպես կին, որը զոհեց իր երեխային հանուն հաջեցիների, հանուն մարդկության, հանուն Տիրակալի։ Կեցցե՛ս, Մարո։
Կեցցե՛ս, Մարո,— բացականչեց ամբոխը։
Հիմա կարող ես միանալ քո ամուսնուն։
Անմազ մարդկանցից մեկը Մարոյին ուղեկցեց դարպասներից դուրս։
Սրբապետը նույն կերպ զոհաբերեց բոլոր վեց երեխաներին՝ յուրաքանչյուրից առաջ ասելով․ «Մե՛ր Տիրակալ, ընդունիր այս զոհը՝ իբրև երախտագիտություն»։
Տիգրանի մտքում ընդամենը մի բան էր․ արդյո՞ք այս հերետիկոսներն իր երեխային էլ չեն ուզում զոհաբերել։ Իսկ եթե արդեն...
Նրա մարմնով սարսուռ անցավ։
Սրբապետի խոսքն ընդհատեց Տիգրանի մտքերը։
Եղբայրներ և քույրեր, զոհերը մատուցված են։ Տիրակալը հագեցել է, և նա թույլ է տալիս, որ դուք տեսնեք խոստացված Արքայազնին։
Նա մտավ տաճար ու այնտեղից դուրս եկավ՝ մեկ այլ երեխա ձեռքին։ Նա մնացածի նման բարուրի մեջ փաթաթած չէր, այլ ամբողջությամբ մերկ էր։
Երբ սրբապետը երկու ձեռքով վեր բարձրացրեց երեխային, որպեսզի բոլորը տեսնեն նրան, Տիգրանը ճանաչեց այդ թուխ մաշկով ու սև մազածածկույթով փոքրիկին։
Դա Անդրանիկն էր՝ իր որդին։
Գառնիկն ու Աշոտը հազիվ պահեցին իրենց ընկերոջը, որն ուզում էր մարդկանց բազմությունը ճեղքելով հասնել իր տղայի մոտ։
Տղե՛ք, պետք ա փրկենք երեխուն, ի՞նչ եք անում։
Տիկ,— ասաց Գառնիկը,— սրանք մեզ հում-հում կուտեն։ Պետք ա սպասել հարմար առիթի, իսկ զոհաբերություններն արդեն ավարտվել են։
Ճիշտ ա,— համաձայնեց Աշոտը,— հիմա շատ հնարավոր ա՝ հենց իրենց ուզածն էլ էդ լինի, որ մեզ բացահայտեն։
Այդ պահին սրբապետը Անդրանիկին իջեցրեց ավազանի մեջ, որտեղ իրենց դեռ չսկսած կյանքն էին տվել վեց երեխաներ։
Գառնիկն ու Աշոտը պինդ բռնել էին Տիգրանին՝ թույլ չտալով նրան շարժվել։ Նա միայն գոռում էր․
Թողե՛ք, էս իմ երեխեն ա՛։
Բարեբախտաբար, այդ պահին ամբոխի ուրախ գոռում-գոչյունների պատճառով ոչ ոք չէր լսում Տիգրանին։
Սրբապետն այս անգամ իր ձեռքերը շատ ավելի շուտ դուրս հանեց ավազանից, քան մնացած երեխաների դեպքում։ Եվ այս անգամ նրա ձեռքերը դատարկ չէին։
Անդրանիկի ճիչը հասավ բոլորի ականջներին, ու ժողովուրդը ոգևորված բացականչեց։
Փա՛ռք Սուրբ Արքայազնին։
Տիգրանը մի փոքր հանգստացավ՝ տեսնելով, որ իր երեխան ողջ ու առողջ դուրս եկավ ավազանից։ Այդ պահին նա մեջքի հետևից մի անծանոթ ձայն լսեց։
Սա ձեր տղա՞ն է։
Նա շրջվեց ու իր առջև տեսավ մի հսկա տղամարդու։ Նա ոչ միայն բարձրահասակ էր, այլև շատ խոշոր կազմվածք ուներ։ Մոտ հիսուն տարեկան էր։ Երկար սպիտակած մազերը հետ էր սանրած։ Նրա դանդաղ խոսելաձևից ու անկանոն հայացքից տպավորություն էր ստեղծվում, թե նա մանկամիտ էր կամ էլ ուղղակի հիմար։
Չէ, ախպերս,— պատասխանեց Աշոտը,— գործերիդ նայի։
Եթե ուզում եք փրկել ձեր տղային, խնդրում եմ՝ ինձ հետևեք։
Հսկան, առանց նրանց պատասխանը լսելու, անմիջապես շրջվեց ու մարդկանց այսկողմ-այնկողմ հրմշտելով հեռացավ։
Տղե՛ք,— ասաց Գառնիկը,— ես էս մարդուն հետևելուց բացի ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Պետք ա խոսել իրա հետ։
Նա նայեց Տիգրանին՝ սպասելով արագ պատասխանի, քանի որ անծանոթը գնալով հեռանում էր, ու նրան հետևելն ավելի էր դժվարանալու։ Սակայն Տիգրանը դեռ շոկի մեջ էր և ամբողջ ուշադրությունը սևեռել էր իր երեխայի վրա։
Տիգրանի փոխարեն Աշոտը խոսեց․
Էս մարդու խոսելաձևից մի բան կարամ ասեմ՝ ինքը ծալապակաս ա ու ոչ վստահելի։
Աշ, հասկանում եմ, բայց ես նոր ասացի՝ մենք ուրիշ տարբերակ չունենք։ Պետք ա անպայման խոսենք հետը։ Տիկ, վերջին խոսքը քոնն ա։
Տիգրանը շարունակում էր նայել դեպի տաճարը, որտեղից մոտ քսան մարդ դուրս եկավ՝ տղամարդիկ ու կանայք։ Նրանք երեխային փաթաթեցին սպիտակ ծածկոցով, ապա հերթով ձեռքից ձեռք էին փոխանցում Անդրանիկին ու համբուրում նրա ճակատը։
Ճիշտ ա, մենք մինչև երեխու մոտ չենք հասնի, իսկ եթե հասնենք էլ, մեզ թույլ չեն տա նրան դիպչել։ Անդրանիկը դեռևս վտանգի մեջ չի։ Էս մարդիկ պաշտում են իրեն՝ մտածելով, թե ինքն էդ խոստացված Արքայազնն ա։ Եկեք գնանք էս մարդու հետևից։ Հնարավոր ա, որ իրոք մեզ կարողանա օգնել։