Chapter 4
Մաս 4
Առավոտյան գլխի ցավից մեռնում էր։ Գլուխը ցավում էր և՛ դրսից, և՛ ներսից։ Ներսի ցավի մեղավորն օղին էր, իսկ դրսինը՝ բուլկին։ Մի հետաքրքիր ճաշ էր ստացվել նրանց միավորումից՝ բուլկիով փրթած օղի։ Այդ մտքից զզվանքով ործկաց, որովհետև միակ մարդը, որ դա պիտի ուտեր, ինքն էր։
Նախօրեին էդ բուլկին իրեն էնպես ծեծեց, որ շան օրն ընկավ։ Նույնիսկ հաչել չէր կարող, որ գային ու օգնեին ոտքի կանգնել։ Չի հիշում, թե ինչ ձևով է հասել տուն, բայց մի բան լավ է հիշում։ Բուլկիի զգուշացումը։ Գողացված երկու հարյուր երեսուն հազարի փոխարեն չորս հարյուր հազար պիտի տա, այլապես բուլկին անմնացորդ խոստացավ «գլուխն ուտել»։ Հետո ինչ՝ թող ուտի։ Էլ չի ցավի։ Հենց այդ մտքի վրա սուր ցավ զգաց։
Խնդիրն այդ գումարը չէ, այլ իր հեղինակությունը։ Ինչպե՞ս կարող է այդքան գումար տալ ինչ-որ մեկին։ Գողը գողանում է։ «Գո՞ղ եմ, թե՞ բարեգործ» մտածեց ինքը, «յուրատեսակ Ռոբին Հուդ»։ Իր համարը չի տվել, չէր էլ կարող տալ իր վիճակում։ Ինչպե՞ս է բուլկին գտնելու իրեն, եթե էլ էդ բար չգնա։ Բայց նա կարող է շուկա էլ գնալ։ Չէ։ Ոչ մի դեպքում։ Չպիտի թողնի, որ Հայկազն իմանա այդ գողության մասին։ Ընկերոջ մոտ խայտառակ կլինի։ Հազիվ մեկին ունի իր կողքին։
Հանկարծ բռնեց իրեն այն մտքի վրա, որ սաստիկ միզել է ուզում։ Գնաց զուգարան, ելման դիրք ընդունեց, արձակեց տաբատի կոճակը, իջեցրեց շղթան ու խորը հառաչանքով վայելեց ամբողջ արարողությունը։ Միաժամանակ նաև բարձրաձայն մտածում էր․
-Գրողը տանի, էլ շուկայում գողություն չեմ անի, գոնե որոշ ժամանակ, գոնե Հայկազի առաջ։ Ավելի լավ է գումարը տամ ու վերջ դնեմ ամեն ինչին։ Մյուս անգամ զոհին լավ կուսումնասիրեմ, որ նմանատիպ անախորժ դեպքեր չլինեն։ Հա, հաստատ։ Էդպես էլ կանեմ, փողը՝ տակառիկին։