1. Գողը

Chapter 1

Մաս 1

Կիզիչ ամառային օր էր։ Այն օրերից, երբ պատրաստ ես սեփական ձեռքերով սպանվել, միայն թե չխանձվես արևի ճառագայթներից։ Շուկայում անիմաստ ձայների հետևանքով առաջացած աղմուկն անտանելի էր, ինչպես ճանճի տզզոցը՝ ականջի տակ։

Վաճառականներն ասում են՝ հնարավոր է սովորել այդ աղմուկին, քանզի այն սովորական է դառնում ինչ-որ ժամանակ հետո։ Գուցե հիմա այդ ժամանակն է։

Ճարպիկն առաջին անգամ չէր շուկայում, բայց դեռ չէր հարմարվում։ Եղանակին գումարած աղմուկը ստացվում էր մի բարդ հավասարում, որը դեռ իր համար լուծում չուներ։ Մյուս կողմից այս եղանակն էլ հենց օգնում էր իրեն։ «Բոլորն ու ամեն ինչ շոգից ճլորում են, ու դա է գործելու պահը՝ երբ մարդիկ պարզապես հավես չունեն շարժվելու» մտածում էր նա։ Շուկայի հենց մեջտեղում, բայց ներս ընկած՝ ստվերների տակ ընկնող ու չերևացող մի տեղում, իրենց ապրանքն էին դասավորում մի չորացած, բայց միմյանց սիրով երջանկացած զույգ։ Ամեն օր նրանք նույն տեղում էին, նույն ժամին։

Հայկազին երկար տարիների քրտնաջան աշխատանքը վերածել էր մաշված մի ծերուկի, որն իրեն չէր խնայում տուն մի բան տանելու համար։ Բայց մի վատ բնավորության գիծ ուներ՝ հեշտ էր հարմարվում։ Առևտրի մեջ դա աններելի է։ Նույնիսկ իր կինը՝ Սիլվան կարող էր փաստել, թե քանի-քանի անգամներ են իրենց գործարքները տուժել ամուսնու սրտացավ լինելու պատճառով։ Այսօր էլ մատակարարներից մեկն է գալու, պիտի փող տան, որ նորից ապրանք վերցնեն։ Կինը առավոտից մինչև հիմա (ժամը 15։00-ն է) վրդովված է այդ պատճառով։ Չէ՞ որ դեռ երեկ ինքնարժեքով վաճառեցին ամբողջ վարունգը։ Ավելի ճիշտ Հայկազը վաճառեց, իսկ Սիլվան անգամ պատրաստ էր չվաճառել։ Գոնե այսօր հերթական պարտատիրոջ մոտ փքված կկանգներ։ Բայց՝ չէ՜։ Հայկազը վաճառել է, ուրեմն թող ինքն էլ տա փողը։ Սիլվան որոշեց, որ չի էլ երևա պարտատիրոջ աչքին։ Հետո՞ ինչ, որ խելագարվում է իր բիձուկի համար (նրան այդպես էր կոչում)։ Ոչ մի խոսակցություն էլ չի լինի քիչ փողի համար, առաջին դեպքը չէ։

Ճարպիկը դարանակալած սպասում էր։

Վերջապես եկավ մատակարարը։ Արդեն սպասումից Հայկազի ճեփ-ճերմակ մազերը սկսել էին թափվել։ Համենայն դեպս Սիլվան էր այդպես մտածում ու խղճում էր ամուսնուն։

Մի գիրուկ մարդ էր, առաջին հայացքից ոչ ընդունակ նույնիսկ երկար քայլելու։ Էլ վազելու մասին խոսք չէր կարող լինել։ Ճարպիկի համար սա իդեալական ավար էր լինելու։ Նա ավելի ուշադիր էր, քան հնարավոր էր այդպիսի եղանակին։ Ֆիզիկապես նույնպես պատրաստ էր։

Գիրուկն ու Հայկազը զրուցում էին, իսկ Ճարպիկը՝ գաղտագողի մոտենում։ Երբ Հայկազը հանեց գումարը գրպանից, որ մեկնի գիրուկին, Ճարպիկը նետվեց առաջ, խլեց այն Հայկազի ձեռքից ու որքան ուժ ուներ վազեց։ Վազեց առանց հետ նայելու։ Մտածում էր, թե որքան ավելի շատ կթվա այդ փողը, եթե ի վերջո կարողանա պոկվել էդ բուլկիից։ Բայց վերջինից պոկվելը մի մեծ դժվարություն չէր։

Ճարպիկը վազում էր ամբողջ շուկայով մեկ՝ շուռ տալով վաճառականների մթերքները (այդպիսով՝ դժվարանցանելի խոչընդոտներ ստեղծելով գիրուկի համար), մերթընդմերթ հետ նայելիս՝ արժանանալով նրանց անկաշկանդ հայհոյանքներին։ Բուլկին էլ հետ չէր մնում հայհոյանքներից։ Կողքից ծիծաղելի տեսարան էր, իսկ Ճարպիկի ու բուլկիի համար՝ շատ կարևոր պայքար։ Այդպես հաճախ է լինում։ Մեկին ծիծաղելի է, մյուսին՝ անտանելի։

Ի վերջո Ճարպիկն այնքան վազեց, որ շուկան վերջացավ, իրեն հետևող տակառիկն այլևս չէր երևում։

Ազատվեց գիրուկից։ Հիմա կարող է մի փոքր շունչ քաշել ու հաշվել ավարը։ Հիմա հաշվելը պարտադիր է, թե չէ հետո, գուցե, չհասցնի խաբել Սևոյին։

Սևոն կապ չունի Սևակի հետ։ Սևոն նրա կեղծանունն է, որպես՝ սև։ Գողերի գողը, կողոպուտների արքան, ավազակների ավազակը։ Նույն ինքը՝ Սևոն։ Արքա՝ ստվերում։ Նա միշտ բացակա է ֆիզիկապես, բայց կողոպուտների ու գրպանահատությունների գրեթե բոլոր ծրագրերը նրանն են՝ մեկը մյուսից ստացված։ Սևոյից ներքև համարյա բոլոր գրպանահատներն ու կողոպտիչներն են, նրանք իրենց ավարը հավասար երկու մասի են բաժանում՝ կեսը՝ իրենց, մյուս կեսը՝ Սևոյին։

Հասավ մի խուլ տեղ ու որոշեց հաշվել ավարը։ Նախ զննողական հայացք գցեց շուրջը, հետո միայն, երբ համոզվեց՝ մեն-մենակ է, սկսեց հաշվել։ Երկու հարյուր երեսուն հազար դրամ։ «Վատ չի, բիձու՜կ եմ ասել»։ Երեսուն հազարն առանձնացրեց, իսկ մնացած երկու հարյուր հազարը ձեռքին շտապեց Սևոյի մոտ։

Շուկայում այս փողի փոխանցման տվյալները հենց Սևոն էր տվել, գուցե տեղյակ լիներ նաև փողի չափից։ Պետք էր զգուշանալ։ Այդ պատճառով Ճարպիկն ընդամենը երեսուն հազարն իրենով արեց։ «Եթե կասի, որ պիտի ավելի շատ լիներ, այդ դեպքում ինքը նեղանալով՝ կկախի գլուխը ու Սևոն կամաչի իր ասածից»։ Հարյուր հազարը աչքի դիմաց, դժվար թե երեսուն հազարի հետևից ընկնի։ Ամեն դեպքում դա էլ ռիսկ էր, որին գնաց Ճարպիկը։

Վերջապես հասավ Սևոյի մոտ։ Հասարակ մի բնակարան, հասարակ շենքում։ Կասկածներ չհարուցելու համար մի բնակարան էին վարձել ու այնտեղ էին հավաքվում ավարը կիսելու համար։

Սևոն բազմել էր հարմարավետ աթոռին ու ծխում էր, երբ ներս մտավ Ճարպիկը։

Տեսնելով վերջինիս ձեռքինը՝ Սևոն հանգցրեց ծխախոտն իր կողքին դրված մոխրամանի մեջ՝ մի քանի անգամ այն հարվածելով մոխրամանի հատակին։

-Տղաս, եկա՞ր արդեն։ Արի հայրիկի մոտ,- այս կերպ նա դիմում էր Ճարպիկի ձեռքի փողին։

-Սևո, արի շուտ կիսենք, վատ զգացողություն ունեմ, գուցե գան հետևից, կիսենք ու հեռանանք,- փորձեց խառնված երևալ Ճարպիկը։ Այս տագնապը մտացածին էր։ Ճարպիկը դա հենց այդ պահին մտածեց գործընթացն արագացնելու համար, որ Սևոն չնկատի պակասած գումարը։

-Շտապում ես, էս գործը հանգիստ է սիրում։ Բե՛ր, բեր տեսնեմ՝ ի՛նչ ես բերել,- ունքն անշտապ վեր հանելով՝ ուղղվեց նստաց տեղից Սևոն։

Ճարպիկը ամուր բռնած փողն ակամա մեկնեց Սևոյին։ Վերջինս վերցրեց այն, մատները թքոտեց ու սկսեց հաշվել՝ մերթընդմերթ մեկական թղթադրամները պահելով իր առաջը, ստուգելու համար կե՞ղծ են, թե՞ ոչ։ Նրա շարժումներն արագ էին, բայց միևնույն ժամանակ՝ պահանջվածից ավելի վարժ։ Այդ գործողությունն ավելի շատ ազդում էր Ճարպիկի նյարդերի վրա, քան ծառայում էր ենթադրվող նպատակին։

-էստեղ երկու հարյուր հազար է։ Բիձեն խաբեց։ Երկու հարյուր հիսուն հազար էր տալու։

Ճարպիկն ուսերը թոթվեց ու ասաց.

-Սա ամենն էր, էլ ոչինչ չկար ձեռքին։

-Հիսունը քո բաժնից հանիր։

-Ի՞նչ։ Ինչի՞ համար։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ էդքանն էր ձեռքում։

-Ե՞ս եմ մեղավոր,- բռնկվեց Սևոն։ Հետո ձեռքով արհամարհական շարժում արեց ու ասաց,- լա՛վ, էսպես կանենք՝ քսանհինգ, քսանհինգ։ Ես քեզ կտամ յոթանասունհինգ հազար, մնացածն իմն է։ Առարկություններ չեմ ընդունում։ Իսկ եթե համը հանես՝ ամբողջն ինձ կվերցնեմ,- վերջում ավելացրեց սպառնալից տոնով։

Ճարպիկը համաձայնվեց, կիսեցին փողն ու դուրս եկավ։

Քայլում էր ու մտորում, հասկացավ, որ իրեն, այնուամենայնիվ, Սևոն խաբեց՝ իրեն պահելով հարյուր քսանհինգ հազարը։ Բայց գրպանի երեսունն էլ հետը՝ հարյուր հինգ հազար։

-Էլի վատ չի, կարող էր ավելի վատ լինել,- գոհունակ սուլեց Ճարպիկը, հետո ինքն իրեն աչքով տվեց՝ նայելով իրենից ընդամենը երկու մետր հեռավորության վրա կանգնած մգեցված ապակիներով մեքենայի ապակուն։

Comments