1. Գիշերանց Պար

Chapter 8

Գլուխ 8։Կանգ կլանի ստվերը

Սոջինը կանգնած էր մոր՝ Հերինի առանձնատան ընդարձակ ու սառը դահլիճում։ Չնայած մարմնի ցավին և Ազիելի հետ անցկացրած կրքոտ ժամերից մնացած թուլությանը, նա ստիպված էր պահել իր սառնասիրտ կերպարը։
Հերինը նստած էր բուխարու մոտ՝ ձեռքին մի գավաթ գինի։ Նա նայեց որդուն իր սուր, զննող հայացքով, որից ոչինչ չէր կարող թաքնվել։
— Դու ուշացել ես, Սոջի՛ն,— ասաց նա՝ ձայնի մեջ զգալի դարձնելով սպառնալիքը։ — Եվ տեսքդ այնպիսին է, կարծես ոչ թե կռվից ես գալիս, այլ... ինչ-որ մեկի գրկից։
Սոջինի մկանները ձգվեցին, բայց նա ոչ մի ձայն չհանեց։ Հերինը դանդաղ վեր կացավ ու մոտեցավ որդուն՝ մատներով դիպչելով նրա դեմքի վերքերին, որոնք Ազիելը քիչ առաջ այդքան խնամքով մշակել էր։
— Հույս ունեմ՝ այդ «խաղալիքը», որի մոտ ժամանակ ես անցկացնում, արժանի է այն ռիսկին, որի տակ դու քեզ դնում ես,— շարունակեց Հերինը՝ հանկարծակի ուժգին սեղմելով Սոջինի վիրավոր այտը։ — Հիշի՛ր, ես գիտեմ ամեն մի քայլդ։ Եթե ես որոշեմ, որ այդ տղան քեզ թուլացնում է, նա կվերանա ավելի արագ, քան դու կհասցնես նկարել նրա վերջին դիմանկարը։
Սոջինի աչքերում կատաղություն բռնկվեց, բայց նա գիտեր իր մոր հնարավորությունները։ Հերինը չէր կատակում։
Սոջինը չփորձեց հեռացնել մոր ձեռքը իր դեմքից։ Նա պարզապես նայում էր նրան՝ ուղիղ աչքերի մեջ, առանց վախի, առանց խոնարհվելու։
— Սա վերջին անգամն է,— վերջապես ասաց նա, ձայնը հանգիստ էր, բայց անսասան։ — Այն, ինչ էլ ուզում ես, ինչ էլ պետք է անեմ… սա վերջին գործն է։
Հերինի աչքերը մի փոքր նեղացան։
— Դրանից հետո,— շարունակեց Սոջինը,— այլևս ինձ չպետք է դիմեք որպես կլանի անդամ։ Միայն որպես ընտանիքի անդամ։ Որդի։
Դահլիճում լռություն տիրեց։ Միայն բուխարու կրակն էր ճարճատում։
— Ես վաղուց եմ դուրս եկել այդ աշխարհից,— ավելացրեց նա։
Հերինը երկար ժամանակ ոչինչ չասաց։ Նրա հայացքը սառը էր, բայց խորքում ինչ-որ բան շարժվեց։
Նա շրջվեց, վերցրեց իր գինու գավաթը, բայց չխմեց։ Պարզապես նայում էր կարմիր հեղուկին, կարծես այնտեղ պատասխաններ կային։
— Լավ,— վերջապես ասաց նա։
Սոջինի մարմինը աննկատ լարվեց։
— Եթե սա քո որոշումն է… ես չեմ կանգնեցնի քեզ։
Սոջինը չէր սպասում, որ այդքան հեշտ կհամաձայնի։ Դա նրան ավելի շատ անհանգստացրեց, քան հակառակը։
Հերինը նորից նայեց որդուն։
— Բայց հիշիր մի բան,— ասաց նա արդեն ոչ թե որպես կլանի ղեկավար, այլ որպես մայր։
— Չարժի ընտանիքը լքել պահի զգացմունքների համար։
Նրա հայացքը սուր էր։
— Դու վստահ ես, որ այդ տղան կմնա քո կողքին, երբ տեսնի, թե ով ես դու իրականում։
Սոջինի մատները աննկատ սեղմվեցին։
— Երբ տեսնի քո անցյալը,— շարունակեց Հերինը,— և ներկան։
Լռություն։
Հետո նրա ձայնը մեղմացավ։
— Բայց ինչ էլ լինի… դու միշտ կարող ես վերադառնալ տուն։
Այս բառերը կախվեցին օդում՝ ծանր, բայց անկեղծ։
Սոջինը ոչինչ չասաց։ Նա պարզապես գլխով թեթև շարժում արեց, շրջվեց և քայլեց դեպի ելքը։
Դուռը փակվեց նրա հետևից։
Կանգ Հերինը մնաց մենակ։
Նա դանդաղ նստեց բուխարու դիմաց։
Կրակը պարում էր նրա աչքերում, և հիշողությունները, որոնցից նա միշտ խուսափում էր, սկսեցին վերադառնալ։
Նա նորից երիտասարդ էր։
Նա դեռ Կանգ Հերին չէր։
Պարզապես Հերին։
Նա հիշեց նրան։
Մի հասարակ տղա։ Բարի աչքերով, տաք ժպիտով։ Նա չէր պատկանում նրանց աշխարհին։ Նա չէր ճանաչում բռնությունը, չէր ճանաչում վախը, չէր ճանաչում իշխանությունը։
Եվ հենց դա էր, որ նրան գրավեց։
Հերինը ամուսնացավ,առաջին և վերջին անգամ։
Հոր խորհրդով նա ոչինչ չասաց նրան իր իրական կյանքի մասին։ Նա ապրում էր երկակի կյանքով։ Օրը՝ հասարակ կնոջ, սիրող կնոջ, ապագա մոր։ Գիշերը՝ կլանի ժառանգորդ։
Որոշ ժամանակ նա իսկապես ապրում էր երջանիկ։
Երբ նա հղիացավ երկրորդ անգամ, նրա հայրը՝ Կանգ Ջինհոն, առաջին անգամ խոսեց այդ մասին բացահայտ։
Նրանք նստած էին նրա աշխատասենյակում։ Ծանր լռություն էր կախված օդում։
— Հերին,— ասաց նա հանգիստ, բայց ծանր ձայնով,— ժամանակն է, որ դու հեռանաս....
Հերինը դանդաղ բարձրացրեց հայացքը։
— Ի՞նչ ես ասում։
— Դու ունես ընտանիք,— շարունակեց նա։ — Ամուսին։ Երեխա։ Եվ շուտով կունենաս երկրորդը։ Ես չեմ ուզում, որ դու ապրես այս ամենի մեջ։
Հերինի աչքերը սառեցին։
— Սա իմ կյանքն է։
— Ոչ,— կտրուկ պատասխանեց Ջինհոն։ — Սա իմ կյանքն է։ Եվ ես գիտեմ, թե ինչ գին ունի այն։
Լռություն։
— Ես ուզում եմ, որ դու ապրես լավ կյանքով,— ավելացրեց նա ավելի մեղմ։ — Որպես մայր։ Որպես կին։ Ոչ թե որպես կլանի ժառանգ։
Այդ խոսքերը Հերինը ընդունեց որպես վիրավորանք։
Որպես թուլության նշան։
— Դու կարծում ես, որ ես թույլ եմ,— ասաց նա սառը ձայնով։
— Ես կարծում եմ, որ դու արժանի ես ավելիին,— պատասխանեց հայրը։
Բայց արդեն ուշ էր։
Հերինի մեջ ինչ-որ բան կոտրվել էր։
Վիճաբանությունը սկսվեց հանգիստ։
Բայց շուտով ձայները բարձրացան։
Բառերը դարձան ավելի սուր։
Ավելի դաժան։
Վերջում Կանգ Ջինհոն ասաց.
— Գնա։ Պատմիր ամուսնուդ, թե ով ես դու իրականում։ Եվ դու ինքդ կտեսնես, թե ինչ կլինի։
Հերինը ոչինչ չպատասխանեց։
Նա պարզապես շրջվեց և հեռացավ։
Ուղիղ դեպի տատուի սրահ։
Եվ այնտեղ, առանց երկմտելու, նա իր աջ ձեռքի վրա՝ ուսից մինչև դաստակ, պատվիրեց օձի տեսքով տատու։
Կլանի նշանը։
Նա վերադարձավ տուն և ցույց տվեց նրան,պատմեց ամեն ինչ։
Նրա ամուսնու աչքերում նա առաջին անգամ տեսավ վախ,ոչ թե զայրույթ`վախ։
Դա վերջն էր։
Նրանք բաժանվեցին։
Հերինը վերադարձավ հոր մոտ բայց նա այլևս նույնը չէր։
Նրանք նորից վիճեցին։
— Դու թույլ ես դարձել,— ասել էր նա հորը։
Դա վերջին հարվածն էր։
— Ժամանակն է, որ դու հեռանաս,— ասել էր նա։ — Կլանին պետք է ավելի ուժեղ ղեկավար։
Կանգ Ջինհոն նայում էր նրան երկար ժամանակ։
Նա տեսնում էր կրակը նրա աչքերում։
— Լավ,— ասել էր հայրը վերջապես։
Այդպես Կանգ Հերինը դարձավ `բոս։

******

Ազիելը դանդաղ բացեց աչքերը։ Մի քանի վայրկյան նա պարզապես նայում էր առաստաղին՝ չհասկանալով, թե ինչու է սիրտը այդքան արագ բաբախում։
Հետո հիշողությունը վերադարձավ։
Միանգամից,ամբողջությամբ։
Սոջինի ձեռքերը նրա ձայնը,նրա հայացքը։
Եվ այն խոսքերը։
«Ես քեզ սիրում եմ»։
Ազիելի շունչը կտրվեց։
Նա կտրուկ նստեց անկողնում։
— Ես… — շշնջաց ինքն իրեն։
Նրա ականջները սկսեցին այրվել։ Նա ձեռքով դիպավ դրանց՝ զգալով ջերմությունը։ Նրա այտերը նույնպես կարմրել էին։
Դա իրական էր։
Դա երազ չէր։
Նա իրոք խոստովանել էր և Սոջինը չէր հեռացել։
Նա մնացել էր։
Ազիելի շուրթերին աննկատ ժպիտ հայտնվեց`փոքր, անվստահ,բայց իրական։
Նա արագ վերցրեց հեռախոսը։
Էկրանը բացվեց, և Սոջինի անունը հայտնվեց հաղորդագրությունների վերևում։
Նրա սիրտը նորից արագացավ։
Մի քանի վայրկյան նա պարզապես նայում էր դատարկ դաշտին՝ չիմանալով ինչ գրել։
Հետո սկսեց։
Դանդաղ։
Զգուշությամբ։
«Բարի առավոտ, իմ Սոջին։ Երեկվանից հետո ինձ թվում է՝ դեռ երազի մեջ եմ։ Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում։ Խնդրում եմ, զգույշ եղիր։ Անհամբեր սպասում եմ քեզ»։
Նա սպասեց։
Մի քանի վայրկյան։
Մի քանի րոպե։
Ոչինչ։
Հաղորդագրությունը նույնիսկ չէր կարդացվել։
Ազիելը թեթև կծեց շուրթը։
_Երևի քնած է,— շշնջաց նա ինքն իրեն։
Դա նորմալ էր։
Այո։

Բացարձակ նորմալ։
Նա վեր կացավ անկողնուց՝ լցված թեթևությամբ, որը վաղուց չէր զգացել։
Հայելու առաջ կանգնելով՝ նա նկատեց, թե ինչպես է իր դեմքը փայլում։ Նրա աչքերը կենդանի էին։ Ջերմ։
Նա նորից վերցրեց հեռախոսը։
Դեռ ոչինչ։
Մի փոքր հիասթափությունը սահեց ներս, բայց նա արագ վանեց այն։
Նա գրեց երկրորդ հաղորդագրությունը։
«Երբ արթնանաս, գրիր ինձ»։
Ուղարկեց։
Ժամերը անցան։
Երրորդ հաղորդագրությունը եկավ ավելի ուշ։
«Հուսով եմ՝ լավ ես»։
Եվ հետո՝ չորրորդը։
«Ես կարոտում եմ քեզ»։
Նա երկար նայում էր այդ վերջին բառերին, մինչև փակեց էկրանը։
Ռեստորանի երեկոյան լույսերը վառվում էին, երբ Ազիելը ներս մտավ։
Նրա հայացքը անմիջապես սկսեց փնտրել` սև մազեր,ծանոթ մարմին,ծանոթ ներկայություն։
Ոչինչ։
Նա մոտեցավ մենեջերին։
— Կանգ Սերա… Սոջինը դեռ չի՞ եկել։
Կանգ Սերան բարձրացրեց հայացքը թղթերից։
Նրա դեմքը սովորականի պես հանգիստ էր։
— Նա դեռ արձակուրդում է,— ասաց նա։
Ազիելի սիրտը թեթև սեղմվեց։
— Հասկացա,— ասաց նա կամաց։
Այդ գիշեր բեմը նույնն էր։
Երաժշտությունը նույնն էր։
Բայց ինչ-որ բան բացակայում էր։
Ինչ-որ մեկը։

Օրերը անցնում էին,մեկը մյուսի հետևից,Ազիելը շարունակում էր գրել։
Շարունակում էր սպասել,բայց ոչ մի պատասխան չկար։
Նա գնաց արհեստանոց`դուռը փակ էր։
Լույսերը՝ անջատված։Օդը՝ դատարկ։
Նա կանգնած էր այնտեղ մի քանի րոպե, մինչև վերջապես շրջվեց և հեռացավ։
Ամեն օր նրա ներսում անհանգստությունը աճում էր`միայն մեկ հարց, որտե՞ղ էր նա։
Մի առավոտ ամեն ինչ նույնն էր,նույն առաստաղը, նույն լռությունը։
Ազիելը առանց հույսի վերցրեց հեռախոսը։Պարզապես սովորության ուժով։Նա բացեց  հաղորդագրությունները։
Եվ սառեց։Մի նոր հաղորդագրություն։
Սոջինից։
    «Ներիր լռությանս համար։ Կլանի ներսում լուրջ բախումներ էին, և քեզ հետ կապ հաստատելը կարող էր քեզ թիրախ դարձնել։ Ես չէի կարող թույլ տալ, որ դու վտանգվես իմ պատճառով։ Հիմա իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ Սպասիր ինձ տանը, ես կգամ քո հետևից, և միասին կգնանք աշխատանքի»։
Մի վայրկյան Ազիելը պարզապես նայում էր էկրանին։
Հետո—
Հեռախոսը սահեց նրա մատներից և ընկավ ուղիղ նրա դեմքին։
— Ախ—
Ազիելը շունչը պահեց։ Մի կողմից նրա սիրտը թռչում էր երջանկությունից. Սոջինը չէր լքել իրեն, նա մտածում էր իր անվտանգության մասին։Սակայն «վտանգ» բառը նրան սթափեցրեց։ Նա գիտակցեց, որ իր սիրելիի կյանքը միայն նրբագեղ արվեստանոցն ու նկարչությունը չեն, այլև ստվերներով լի, արյունոտ ու դաժան  իրականությունը։

Comments