Chapter 4
Գլուխ 4։Արվեստի հայացքով
Անցել էր մի քանի շաբաթ այն քաոսային առավոտից հետո։ Սեուլի փողոցները զարդարվել էին բաց վարդագույն *պոդկոթի ծաղիկներով, որոնք քամուց թափվելով՝ նմանվում էին գարնանային ձյան։
*պոդկոթ_բալենու ծաղիկ/ծառ։
Բայց Սոջինի ներսում գարուն չէր։ Նա արդեն քանի գիշեր էր՝ նորմալ չէր քնում։ Ամեն անգամ աչքերը փակելիս տեսնում էր Ազիելի պլաստիկ շարժումները, նրա մարմնի թեքությունները և այն հայացքը, որով տղան նայում էր իրեն իրենց ընդհանուր նախաճաշի ժամանակ։
Նա փորձել էր նկարել հիշողությամբ, բայց ոչինչ չէր ստացվում։ Կտավը մնում էր անհոգի։
Աշխատանքային օրվա վերջում, երբ ռեստորանը դանդաղ դատարկվում էր, Սոջինը մոտեցավ Ազիելին։
— Ես քեզ տուն կտանեմ,— կարճ ասաց նա՝ առանց ավելորդ բացատրությունների։
Մեքենայի մեջ տիրում էր լռություն, բայց այն այլևս սառը չէր։ Պատուհանից երևացող ծաղկած ծառերը փափկեցնում էին մթնոլորտը։ — Ինչպե՞ս ես, Ազիե՛լ,— անսպասելիորեն խոսեց Սոջինը։ — Արդեն հարմարվե՞լ ես Կորեայի կյանքին ու այս եղանակին։
Ազիելը զարմացած նայեց նրան։ Սա առաջին անգամն էր, որ Սոջինն ինքն էր զրույց սկսում։
— Այո, շատ գեղեցիկ է... հատկապես այս ծառերը,— ժպտաց նա։
— Իսկ երկրորդ աշխատա՞նք։ Գտա՞ր մի բան, թե դեռ փնտրում ես՞։
— Դեռ ոչ,— պատասխանեց Ազիելը՝ մի փոքր մտախոհ։ — Բայց ես սկսել եմ ավելի ակտիվ վարել բլոգս, գովազդներ եմ վերցնում։ Գումար եմ հավաքում, ուզում եմ մի օր իմ սեփական պարային ստուդիան բացել այստեղ։
_Ազիե՛լ, ես ուզում էի հարցնել՝ կցանկանա՞իր ուժերդ փորձել որպես մոդել։
Ազիելը թեթևակի ծիծաղեց՝ կարծելով, թե դա կատակ է։
— Սոջի՛ն, դու տեսել ես կորեական ստանդարտները։ Ես մոդել չեմ կարող աշխատել, ոչ մի կամպանիա ինձ պես մեկին չի ուզենա։
— Արդեն կա մեկը, ով ուզում է,— կտրուկ ասաց Սոջինը ու կայանեց մեքենան։ — Ես նկարիչ եմ, Ազիել։ Քո պարերը, քո շարժումները... դրանք ինձ ոգեշնչել են նոր կտավի ու նույնիսկ քանդակի համար։ Ես ուզում եմ, որ դու լինես իմ մոդելը։
Ազիելի շունչը կտրվեց։ Այդ խոսքերը նրա համար ավելին էին, քան ցանկացած գովասանք։ Նա խառնվեց իրար, այտերը շիկնեցին, բայց միանգամից ասաց.
— Ես կհամաձայնվեմ... բայց գումարի դիմաց չէ։
Սոջինը հոնքերը բարձրացրեց։
— Փոխարենը... դու ինձ ման կտաս Կորեայով։ Ցույց կտաս այն տեղերը, որոնք միայն դու գիտես, կպատմես մշակույթի, պատմության մասին։ Ես ուզում եմ տեսնել այս երկիրը քո աչքերով։
Սոջինը մի պահ լռեց։ Նա սովոր չէր իր ժամանակը վատնել «էքսկուրսիաների» վրա, և միտքը, որ պետք է Ազիելի հետ տարբեր տեղեր գնա, սկզբում նրան դուր չեկավ։ Բայց նայելով Ազիելի փայլող աչքերին ու հասկանալով, որ իր նկարը փրկելու այլ ելք չկա, նա գլխով արեց։ — Լավ։ Համաձայն եմ։
Երբ Ազիելը իջավ մեքենայից, նա իրեն զգում էր ամպերի վրա։ Նա ձեռքում սեղմել էր հեռախոսը, որտեղ արդեն պահպանված էր Սոջինի անձնական համարը։ Այն անթափանց պատը, որը Սոջինը կառուցել էր իր շուրջը, վերջապես ճաք էր տվել։
Այդ գիշեր Ազիելը երկար չէր կարողանում քնել։ Նա պառկած էր ու մտածում էր. «Ի՞նչ բեմական հագուստ հագնել առաջին հանդիպմանը... ի՞նչն ավելի շատ դուր կգա նրան»։
Առավոտյան Սոջինը եկավ Ազիելի հետևից։ Նրանք լուռ հասան արվեստանոց, որը գտնվում էր շենքի զրոյական հարկում։
Երկաթյա դուռը բացվելիս ծանր ձայն արձակեց, և նրանք մտան ներս։
Արհեստանոցը մթոտ էր, բայց ոչ ճնշող։ Այն ուներ իր սեփական շունչը։ Փոքր լուսամուտներից ներս թափանցող աղոտ լույսը փոշու մանր հատիկների միջով ընկնելով՝ ստեղծում էր մեղմ մշուշ։ Պատերին կախված էին տասնյակ էսքիզներ՝ մատիտի, ածխի, ներկի։ Ոմանք կիսատ էին, ոմանք՝ գրեթե ավարտված, բայց բոլորի մեջ կար նույն ուշադրությունը՝ մարմնի գծերի հանդեպ։Սենյակի մի հատվածը առանձնացված էր քանդակների համար։ Այնտեղ կային կավե և գիպսե մարմիններ՝ կանգնած տարբեր դիրքերում։ Ոմանք դեռ ձևավորման փուլում էին, մատնահետքերը մնացել էին նրանց մակերեսին։ Մյուսները ավարտված էին, բայց դեռ չունեին դեմք։Արհեստանոցի մյուս անկյունում կար փոքր, հարմարավետ տարածք՝ մուգ գույնի դիվան, փոքր սեղան, և կողքին՝ համեստ խոհանոց։ Մի կողմում փոքր լոգասենյակ էր, ամեն ինչով անհրաժեշտ, բայց առանց ավելորդության։ Սա վայր էր, որտեղ ժամանակը կորցնում էր իր իմաստը։
Օդում զգացվում էր ներկերի, հին թղթի ու կավի հոտը։Ազիելը լուռ շրջում էր՝ նայելով ամեն ինչին։ Նրա հայացքը կանգ առավ նկարների վրա։
Կանայք։
Կիսամերկ։ Լիովին մերկ։ Նրանց մարմինները պատկերացված էին տարբեր շարժումների մեջ՝ հանգիստ, լարված, խոցելի, ուժեղ։ Նրանց գծերը կենդանի էին։ Նրանց մաշկը կարծես շնչում էր կտավից։Կային նաև այլ նկարներ՝ բնանկարներ, ձեռքեր, դեմքեր, բայց դրանք կորում էին կանանց մարմինների բազմության մեջ։
— Առանձին հանդերձարան չունեմ, — հանգիստ ասաց Սոջինը՝ առանց նայելու նրան։ — Կարող ես այստեղ զգեստափոխվել։ Ես չեմ նայի։ Տարածքն եմ պատրաստում։
Ազիելը կարմրեց մինչև ականջների ծայրը։ Ձեռքերը դողալով՝ նա հանեց շորերը։ Նա զգում էր իրեն անպաշտպան, թեև Սոջինն իրոք չէր նայում։
Նա վերցրեց իր բեմական հանդերձանքը։
Թափանցիկ, մեղմ գործվածքը սահեց նրա մաշկի վրա։ Նրա կոնքերի շուրջ փաթաթված էր մուգ կանաչ և ոսկեգույն կտոր, որի վրա կախված էին փոքր ոսկեգույն մետաղական կախազարդեր, որոնք շարժվելիս մեղմ ձայն էին արձակում։ Նրա կրծքավանդակի վրա ընկած էին բարակ ոսկեգույն շղթաներ՝ ընդգծելով նրա մարմնի գծերը առանց թաքցնելու դրանք։նրա ձեռքերին՝ երկար, մուգ կանաչ թևքեր, որոնք սկսվում էին դաստակներից և ավարտվում բազուկների կեսին, ոսկեգույն ապարանջաններով ամրացված։Ազիելի կրծքավանդակը բաց էր, և նրա մուգ, տաք երանգով մաշկը թեթև լույսի տակ փայլում էր։ Լույսն ու ստվերը խաղում էին նրա մարմնի վրա՝ ընդգծելով յուրաքանչյուր կորություն, յուրաքանչյուր շնչի հետ գրեթե աննկատ շարժվելով։Յուրաքանչյուր կրծքի պտուկին ամրացված էր նուրբ պիրսինգ։
Բարակ, ոսկեգույն շղթաները ձգվում էին նրանցից դեպի կենտրոն, որտեղ միանում էին փոքրիկ, խորը կարմիր վարդի տեսքով զարդին։
Յուրաքանչյուր ամենափոքր շարժման հետ շղթաները արձագանքում էին՝ հետևելով նրա մարմնի բնական ռիթմին։
— Կարող ես դիրք ընդունել, — լսվեց Սոջինի ձայնը։
Ազիելը կանգնեց։
Նա բարձրացրեց ձեռքերը վերև՝ մեկը թեթևակի ծալված, մյուսը՝ գլխի հետևում։ Նրա մարմինը թեքվեց մեղմ աղեղով։ Նրա կոնքերը մի փոքր շրջված էին։
Երբ նա բարձրացրեց ձեռքերը դիրք ընդունելու համար, նրա կրծքի պտուկներից իջնող շղթաները դանդաղ ձգվեցին և նորից հանգիստ կախվեցին, ընդգծելով նրա մարմնի երկարաձիգ, ճկուն գծերը։
Այդ պահին նա ամբողջովին բաց էր։
Եվ այդ բաց լինելը նա զգում էր ոչ թե մաշկով`
այլ Սոջինի հայացքով։
Նա քարացավ։
Սոջինը նստեց կտավի առջև։
Եվ նայեց։
Այդ հայացքը տարբեր էր։
Այն դատարկ չէր։
Այն լիովին կենտրոնացած էր,նա չէր տեսնում պարզապես մարդ`նա տեսնում էր գծեր,լույս,ստվեր, լարվածություն,կյանք։
Սոջինի աչքերը դանդաղ շարժվում էին՝ ուսից դեպի պարանոց, պարանոցից դեպի կրծքավանդակ, այնտեղից դեպի որովայնի մեղմ լարվածություն, դեպի կոնքերի թեքությունը։Ինչպես գիշատիչը, որը ուսումնասիրում է յուրաքանչյուր մանրուք։
Բայց այդ հայացքում կար նաև հիացմունք։
Նա սկսեց նկարել։
Վրձինը շարժվում էր վստահ։
Ազիելը զգում էր այդ հայացքը իր վրա։
Յուրաքանչյուր շարժում, որ Սոջինը անում էր, ստիպում էր նրա մաշկին փշաքաղվել։
Նա լսում էր նրա շնչառությունը։
Լսում էր վրձնի մեղմ ձայնը։
Նրա սիրտը բաբախում էր արագ։
Շատ արագ։
Նա փորձում էր չշարժվել։
Նույնիսկ շնչելիս նա զգույշ էր։
Երբեմն նա պահում էր շունչը՝ վախենալով, որ նույնիսկ այդ փոքր շարժումը կարող է խանգարել։
Նրա կոկորդը չորանում էր։ Նա դանդաղ, զգուշորեն կուլ էր տալիս թուքը, կարծես այդ ձայնը կարող էր կոտրել այս փխրուն լռությունը։
Իսկ Սոջինը…
Նա կորել էր։
Նրա մտքերը դատարկ էին։
Աշխարհը գոյություն չուներ։
Կար միայն մարմին։
Լույս։
Ստվեր։
Գիծ։
Ազիելը։
Վերջապես Սոջինը կանգ առավ, նա դանդաղ դրեց վրձինը մի կողմ։
— Այսօրվա համար բավական է, — ասաց նա մեղմ։— Պատրաստվիր, պետք է գնանք աշխատանքի։
Լռությունը կոտրվեց։
Ազիելը գրեթե ցնցվեց։
— Ա-այո… — նրա ձայնը դողում էր։
Նա արագ զգեստափոխվեց, իսկ Սոջինը հավաքում էր իր իրերը։
Մեքենայում լռություն էր։
Ազիելը նայում էր պատուհանից դուրս։ Նա չէր համարձակվում նայել Սոջինին։
Իսկ Սոջինը… հանգիստ էր։ Թեթև։ Կարծես ներսից ազատված։
Մեքենան կանգ առավ։
Ազիելը արագ դուրս եկավ և կանգ առավ։Սա ռեստորանը չէր։
Նա շփոթված շրջվեց։
Սոջինը մոտեցավ նրան՝ վստահ քայլերով։
— Պետք է ուտենք, — ասաց նա մեղմ ժպիտով։ — Այսքան ժամ աշխատելուց հետո։
Տեղը փոքր էր։ Տիպիկ կորեական,նրանք նստեցին։
Սոջինը պատվիրեց։
— Կիմչի ճիգե, — ասաց նա։
— Սունդուբու ճիգե նույնպես։
Տաք ապուրը գոլորշի էր արձակում։
— Կտավը շատ գեղեցիկ է դուրս գալու, — ասաց Սոջինը։
Ազիելը լուռ էր։
Նա չէր կարող նայել նրան։
Նույնիսկ հիմա, նա դեռ զգում էր այդ հայացքը իր մաշկի վրա։
Ամբողջ օրը բեմում, նրա մի մասը մնացել էր այնտեղ`արհեստանոցում։
Աշխատանքից հետո Սոջինը սպասում էր նրան դրսում։ Նա հանգցրեց սիգարետը, մոտեցավ ու առաջարկեց միասին տուն գնալ ու քննարկել իրենց ճամփորդությունը։ Բայց Ազիելը, ում ներսում ամեն ինչ տակնուվրա էր եղել, ուղղակի ասաց.
— Ես զբաղված եմ... հետո կխոսենք։
Նա գրեթե փախավ։ Այդ գիշեր նա պառկած էր անկողնում ու չէր հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ։ Այդ զգացողությունը նոր էր, վախենալու ու չափազանց ուժեղ։
Հաջորդ մի քանի օրերին Սոջինը մի քանի անգամ փորձեց կապվել Ազիելի հետ։ Նա առաջարկում էր կա՛մ շարունակել նկարը, կա՛մ գնալ խոստացված էքսկուրսիային, բայց Ազիելը ամեն անգամ մի պատճառ էր գտնում։ «Հարմար չէ», «Զբաղված եմ», «Հոգնած եմ»... Ազիելը պարզապես փորձում էր փրկել իրեն այն տարօրինակ զգացողությունից, որն ունեցել էր արվեստանոցում։
Սոջինը, ով սովոր չէր մերժումների, ի վերջո թողեց այդ փորձերը։ Նա վերադարձավ իր սովորական, ծանր կյանքին։ Գնում էր ծերանոց՝ պապիկին տեսակցության, համեղ ուտեստներ էր տանում ու սայլակով զբոսնում նրա հետ այգում։ Պապիկը, որ դժվարությամբ էր խոսում, միայն սեղմում էր թոռան ձեռքը, ու այդ լռության մեջ Սոջինն իրեն մի փոքր խաղաղ էր զգում։
Բայց հետո գալիս էր մյուս «պարտականությունը»։ Նա ստիպված էր գնալ մորական տուն՝ լուծելու այն հարցերը, որոնք միայն ինքը կարող էր։ Արյունը ջուր չի դառնում, բայց ամեն անգամ այդ տնից դուրս գալիս նա իրեն կեղտոտված էր զգում։ Դրան հետևում էին գիշերները բարերում, անծանոթ աղջիկներ, ալկոհոլ ու ծխախոտի ծուխ, որոնց մեջ նա փորձում էր խեղդել իր նյարդերը։
Մի օր Սոջինը աշխատանքի եկավ ուղղակի սարսափելի տեսքով։ Նա տնից չէր գալիս։ Շորերի վրա ներկի թարմ հետքեր էին, ինչը նշանակում էր, որ գիշերը եղել էր արվեստանոցում, բայց նրանից փչում էր կանացի թանկարժեք օծանելիքի ու վիսկիի հոտ։Առանց որևէ մեկին նայելու՝ նա ուղղվեց դեպի լոգասենյակ,որպեսզի կարգի բերի իրեն։ Ազիելը, տեսնելով նրա այդ վիճակը, չդիմացավ ու գնաց նրա հետևից։Երբ դուռը թեթևակի բացվեց, Ազիելը քարացավ։ Սոջինը հանել էր վերնաշապիկը։ Հայելու մեջ երևում էր մի պատկեր, որը ցնցեց տղային։ Սոջինի վզին կարմիր շրթներկի հետքեր էին, բայց դա ամենասարսափելին չէր։ Նրա փորի հատվածում կապտուկներ էին՝ կոպիտ հարվածներից մնացած, իսկ մեջքին՝ երկար ճանկռված հետքեր։
Դա կռվի՞ արդյունք էր, թե՞ բուռն ու դաժան գիշերվա։ Ազիելի ֆանտազիան չէր հերիքում հասկանալու համար, թե ինչ մութ աշխարհում է ապրում այս մարդը, երբ իրենց կողքին չէ։
Սոջինը զգաց նրա ներկայությունը։ Նա դանդաղ թեքեց գլուխը դեպի Ազիելը։ Հայացքը հոգնած էր, դատարկ ու սառը։ Ազիելը, վախենալով այդ լռությունից ու սեփական շփոթմունքից, առաջին բանը, որ անցավ մտքով, բարձրաձայնեց.
— Վաղը... վաղը իմ ազատ օրն է։ Ես ուզում եմ, որ գնանք ծով։
Սոջինը մի պահ նայեց նրան, հետո շուրթերի անկյունով թեթևակի ժպտաց։ Դա դառը, բայց համաձայնող ժպիտ էր։ Նա լուռ գլխով արեց ու շրջվեց դեպի լվացարանը, որպեսզի լվանա դեմքը։Ազիելը շնչակտուր դուրս եկավ այնտեղից։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող փախչել։ Նա պետք է տեսնի այդ ծովը Սոջինի հետ, նույնիսկ եթե այդ ծովը նույնքան փոթորկոտ ու վտանգավոր լինի, որքան Սոջինի կյանքը։