1. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Chapter 3

ՎԱԴՈԻԱՅԵ

Մի մարդ է լինում, անունը՝ Վադուայե։ Նա ունենում է ցորենի մի հատիկ։ Գալիս է Վադուայեն մի պառավի մոտ ու ասում.

– Բարեւ, մորաքույր։
– Բարեւ, Վադուայե։
– Խնդրում եմ պահեք իմ ցորենի հատիկը։
– Սիրով։ Դիր ա՜յ, այնտեղ, մենք հետո մեր ցորենի հետ քո հատիկն էլ կտանենք ամբար։

Մյուս օրը Վադուայեն գալիս է այդ բարի կնոջ տունը։

– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Լա՞վ եք պահել իմ ցորենի հատիկը։
– Վա՜յ, խեղճ Վադուայե։ Դժբախտություն է պատահել, իմ հավը նախաճաշին կերել է քո հատիկը։
– Ես կգնամ դատարան կբողոքեմ, մորաքույր, ես կգնամ դատարան կբողոքեմ։
– Չէ՜, չէ՜, այդ մասին խոսք լինել անգամ չի կարող։ Վերցրեք իմ ամենալավ հավը։ Դուք դժգոհ չեք մնա, սա լավ թխսկան է։

Վադուայեն հավաբնից վերցնում է հավն ու գնում մի այլ գեղջկուհու մոտ։

– Բար՛եւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Դուք չե՞ք պահի իմ հավին։
– Լա՛վ, թողեք հավին այստեղ։ Ես նրան կտանեմ հավաբուն ու կպահեմ ոնց որ իմ հավին։

Բայց կովը կճղակով խփում է հավին ու սպանում նրան։
Որոշ ժամանակ անց գալիս է հավի տերը։

– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Լա՞վ եք պահում իմ հավին։
– Վա՜յ, իմ խեղճ հարեւան։ Այսօր առավոտյան մեր կովը կճղակով խփեց ու սպանեց հավին։
– Ես կգնամ դատարան կբողոքեմ, ես կգնամ դատարան կբողոքեմ։
– Ինձ հանգիստ թողեք, Վադուայե, բողոքելու փոխարեն ավելի լավ է մեր կովը տարեք։

Նա տանում է սեւ ու սպիտակ խալերով, բարակ, փայլուն բրդով կթան կովն ու գալիս է մի այլ կնոջ տուն։

– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Չեք պահի՞ դուք իմ կովը։
– Է՛հ, ինչ կա, կպահեմ։ Կապեք այստեղ մոտիկ մի տեղ, հետո մեր կովերի հետ կտանենք գոմ։

Երբ մթնեց, սպասուհին վերցրեց դույլն ու աթոռը եւ եկավ կթելու կովերին, բայց Վադուայեի կովը նրան մոտ չէր թողնում, քացի էր տալիս եւ, ուժեղ խփելով սպասուհուն, շրջեց դույլը: Սպասուհին ջղայնացավ ու այնպես խփեց նրան աթոռով, որ տեղնուտեղը սատկացրեց։

Մյուս օրը Վադուայեն գալիս է։

– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Լա՞վ եք պահում իմ կովին։
– Վա՜յ, իմ խեղճ Վադուայե։ Երեկ մեր սպասուհին ուզում էր կթել ձեր կովին, բայց այնպես բարկացավ, որ աթոռը վերցրեց, խփեց նրան ու տեղնուտեղը սատկացրեց։
– Ես կգնամ դատարան կբողոքեմ, մորաքույր։ Ես կգնամ դատարան կբողոքեմ։
– Դուք դա չեք անի, հարեւան։ Ավելի լավ է սպասուհուն վերցրեք տարեք։

Վադուայեն աղջկան մտցնում է պարկի մեջ ու գնում մի այլ կնոջ մոտ, իսկ այդ կինը սպասուհու կնքամայրն էր, բայց Վադուայեն այդ մասին չգիտեր։

– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Կարելի՞ է իմ պարկը կարճ ժամանակով ձեզ մոտ թողնել։
– Խնդրեմ, դրեք դռան ետեւում, ոչ ոք ձեռք չի տա։
Վադուայեն գնում է։ Մի քիչ հետո պառավը, մտածելով, որ իր սպասուհին մոտակայքում է, ասում է.

– Ժաննետա, մի աման ապուր չե՞ս ուտի։

Սպասուհին չի լսում, բայց պարկի մեջ նստած աղջիկը նրա փոխարեն պատասխանում է.

– Ես հաճույքով կուտեի։

Պառավը երկու անգամ կրկնում է հարցը, ու ամեն անգամ նրան պատասխանում է պարկից եկող ձայնը։ Պառավը բացում է պարկը եւ, տեսնելով իր սանուհուն, օգնում է նրան դուրս գալ պարկից, իսկ աղջկա փոխարեն պարկի մեջ է մտցնում մի մեծ շուն։

Գալիս է Վադուայեն ու ասում.
– Բարեւ, մորաքո՛ւյր։
– Բարեւ, Վադուայե։
– Լա՞վ եք պահել իմ պարկը։
– Հա, կարող եք վերցնել ձեր պարկը։

Վադուայեն պարկը գցում է ուսին, համոզված լինելով, որ այնտեղ սպասուհին է նստած։ Մի քիչ գնալուց հետո բացում է պարկի բերանն ու ասում.

– Ժաննետա, համբուրիր ինձ։
– Հա՜ֆ, հա՜ֆ,– հարձակվում է գամփռը։

Վադուայեն այնպես է վախենում, որ պարկը ցած է գցում ու լեղապատառ փախչում։

Comments