1. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Chapter 2

ՀԵՔԻԱԹ ՀԱՅՐԻԿԻ, ՄԱՅՐԻԿԻ ԵՎ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ

Լինում է, չի չինում մի մարդ. նա ունենում է կին ու մի աղջիկ։

Մի անգամ մարդն ասում է.
– Գնանք խաղողի այգի խաղող ուտելու։

Նրանք գալիս են խաղողի այգի։ Տերն սկսում է բռով ուտել խաղողը, իսկ կինն ու աղջիկը՝ մեկ‐մեկ պոկում եւ ուտում են հատիկները։ Կուշտ ուտելուց հետո ամուսինն ասում է.
– Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն գնալու ժամանակն է։
– Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։
– Շո՜ւտ արեք, շո՜ւտ, տուն գնալու ժամանակն է։
– Չէ, մենք էլի ենք խաղող ուզում։

Այդ ժամանակ նա մենակ է գնում տուն եւ շանն ասում է.
– Շո՛ւն, գնա կծիր իմ կնոջն ու աղջկաս։
– Տե՛ր, ես չեմ ուզում կծել քո կնոջն ու աղջկադ։

Այդ ժամանակ տերը վերցնում է փայտը, որ շանը ծեծի: Բայց փայտն ասում է.
– Տե՛ր, ես չեմ ուզում շանը ծեծել։

Այդ ժամանակ տերը փայտը գցում է կրակի մեջ։
Բայց կրակն ասում է.
– Տե՛ր, ես չեմ ուզում այրել փայտը։

Այդ ժամանակ տերն ասում է ջրին.
– Ջո՛ւր, հանգցրու կրակը։

Բայց ջուրը պատասխանում է.
– Տե՛ր, ես չեմ ուզում հանգցնել կրակը։

Այդ ժամանակ նա ասում է իր եզներին.
– Եզնե՛ր, խմեք ջուրը։

Բայց եզները պատասխանում են.
– Տե՛ր, մենք չենք ուզում ջուր խմել։

Այդ ժամանակ տերը վերցնում է լուծը, որ լծի եզներին:
Բայց լուծն ասում է.
– Տե՛ր, ես չեմ ուզում լծվել քո եզներին։

Այդ ժամանակ տերն ասում է առնետին.
– Առնե՛տ, կրծի՛ր լուծը։

Բայց առնետը պատասխանում է.
– Տե՛ր, ես չեմ ուզում կրծել լուծը։

Այդ ժամանակ տերն ասում է կատվին.
– Կատո՛ւ, կե՛ր առնետին։

Եվ կատուն ուզեց ուտել առնետին։ Առնետն ուզեց կրծել լուծը։
Լուծն ուզեց լծվել եզներին։ Եզներն ուզեցին ջուր խմել։ Ջուրն ուզեց հանգցնել կրակը։ Կրակն ուզեց այրել փայտը։ Փայտն ուզեց ծեծել շանը։ Շունն ուզեց կծել մորն ու աղջկան։ Իսկ մայրն ու աղջիկն ուզեցին իսկույն տուն նալ։

Comments