Chapter 9
Առաջին մաս VIII. Պալատական ինտրիգ
Մինչ այդ Լյուդովիկոս XIII թագավորի քառասուն պիստոլները,— ինչպես ամեն բան այս լույս աշխարհում, որն ունի սկիզբ,— հասան իրենց վախճանին։ Եվ այդ ժամանակից չորս ընկերների համար դժվար օրեր սկսվեցին։ Սկզբում Աթոսը բոլորին պահում էր իր միջոցներով։ Հետո նրան փոխարինեց Պորտոսը և շնորհիվ իր անհայտացումներից մեկի, որին բոլորն արդեն վարժվել էին, նա էլի մի երկու շաբաթ կարողացավ բավարարել բոլորի կենսական պահանջները։ Վերջապես հասավ և Արամիսի հերթը, որին, նրա խոսքերով, հաջողվել էր իր աստվածաբանական գրքերի վաճառքով մի քանի պիստոլ ձեռք բերել։
Հետո, ինչպես լինում էր միշտ, ստիպված եղան դիմելու պ-րն դը Տրևիլի օգնությանը, որը նրանց հասանելիքի հաշվին մի քիչ ավանս տվեց։ Սակայն այդ փողով չէին կարող ապրել երեք հրացանակիրները, որոնք արդեն բավական շատ չվճարված պարտքեր ունեին, և գվարդիականը, որը դեռ ոչ մի պարտք չուներ։ Վերջ ի վերջո, երբ պարզ դարձավ, որ շուտով արդեն ամենաանհրաժեշտ բաների պակասություն են զգալու, նրանք մեծ դժվարությամբ ճարեցին ութ թե տասը պիստոլ, որոնք Պորտոսը վերցրեց ու գնաց խաղալու։ Բայց այդ օրը Պորտոսի բախտը չէր բերում, նա բոլոր փողերը տանուլ տվեց և դեռ մի քսանհինգ պիստոլ էլ ավել տարվեց՝ ազնիվ խոսքի վրա խաղալով։
Եվ այն ժամանակ միջոցների սղությունը փոխվեց իսկական կարիքի։ Կարելի էր տեսնել, թե ինչպես քաղցած հրացանակիրներն իրենց ծառաների հետ շրջում էին փողոցներում ու պահականոցներում, հուսալով, թե բարեկամներից որևէ մեկը իրենց ճաշի կհրավիրի։ Որովհետև, ինչպես ասում էր Արամիսը, բարենպաստ օրերին հարկավոր էր աջ ու ձախ ճաշեր շաղ տալ, որպեսզի նեղ օրերին գեթ երբեմն հնձեն այն։
Աթոսը հրավեր ստացավ չորս անգամ և ամեն անգամ իր հետ տանում էր նաև իր ընկերներին ու նրանց ծառաներին։ Պորտոսը հրավեր ստացավ վեց անգամ և իր ընկերներին էլ հնարավորություն տվեց օգտվելու դրանից։ Արամիսը հրավիրվեց ութ անգամ։ Այս մարդը, ինչպես արդեն կարելի էր նկատել, աղմուկ քիչ էր հանում, բայց գործ շատ էր անում։
Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, որը մայրաքաղաքում դեռ ամենևին ծանոթ չուներ, ապա նրան միայն մեկ անգամ հաջողվեց շոկոլադով նախաճաշել գասկոնացի մի քահանայի մոտ և մեկ անգամ էլ ճաշի հրավեր ստանալ գվարդիական կոռնետի մոտ։ Նա իր ամբողջ բանակը տարավ և՛ քահանայի մոտ, որի երկու ամսվա պաշարը ոչնչացրին նրանք, և՛ կոռնետի մոտ, որը չտեսնված առատաձեռնություն ցուցաբերեց։ Սակայն, ինչպես ասում էր Պլանշեն՝ «Ինչքան էլ ուտես, միայն մեկ անգամ կուտես»։
Դ’Արտանյանը ճնշվում էր, որ կարողացել է միայն մեկ ու կես ճաշ ճարել,— քահանայի մոտ կերած նախաճաշը կարող էր կես ճաշի տեղ բռնել,— ի հատուցումն այն խնջույքների, որ տրամադրել էին Աթոսը, Պորտոսը և Արամիսը։ Նրան թվում էր, թե ինքը բեռ է դառնում մյուսների վրա, պատանեկան պարզամտությամբ մոռանալով, որ ինքը մի ամբողջ ամիս կերակրել է ամբողջ խմբին։ Նրա սուր միտքը գործել սկսեց, նա հանգեց այն եզրակացության, որ չորս երիտասարդ, համարձակ, հնարագետ ու վճռական մարդկանց դաշինքը պետք է այլ նպատակ հետապնդի, քան զբոսանքները կիսահարբած վիճակում, սրախոսությամբ զբաղվելը և ուրիշ շատ թե քիչ սրամիտ արարքները։
Եվ իրոք, չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարզիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի թշնամու, անխուսափելիորեն պետք է բացարձակորեն կամ գաղտնաբար, ուղղակի կամ զարտուղի ճանապարհով, խորամանկությամբ թե ուժով ճանապարհ բաց անեին իրենց համար դեպի նշված նպատակը, որքան էլ հեռու լիներ այն կամ որքան էլ ամուր պաշտպանված լիներ։ Դ’Արտանյանին զարմացնում էր միայն այն, որ իր ընկերները վաղուց չեն հանգել այս մտքին։
Նա խորհում էր սրա մասին և նույնիսկ շատ հիմնավորապես, որոնելով ուղիներ, որոնցով պետք է ընթանար քառակի մեծացած այդ արտասովոր ուժը, որի օգնությամբ— նա ամենևին չէր կասկածում— կարելի կլիներ, ասես Արքիմեդի լծակի վրա հենվելով, շուռ տալ աշխարհը, մեկ էլ հանկարծ լսվեց դռան զգուշավոր թակոց։ Դ’Արտանյանը Պլանշեին արթնացրեց և հրամայեց դուռը բաց անել։
«Պլանշեին արթնացրեց» խոսքերից թող ընթերցողը հետևություն չանի, թե արդեն գիշեր էր իջել, կամ դեռ լույսը չէր բացվել։ Ամենևին։ Ցերեկվա ժամը չորսը նոր էր խփել։ Երկու ժամ առաջ Պլանշեն եկել էր իր տիրոջ մոտ և ճաշ խնդրել, բայց դ’Արտանյանը նրան պատասխանել էր մի առածով՝ «Քնելը ճաշելուն հավասար բան է»։ Եվ Պլանշեն ճաշելու փոխարեն քնել էր։
Պլանշեն ներս հրավիրեց համեստ հագնված մի մարդու, որն ըստ երևույթին քաղաքի բնակիչ էր։
Պլանշեն շատ էր ուզում հետճաշյա անուշեղենի փոխարեն իմանալ, թե ինչի մասին են խոսելու, բայց այցելուն դ’Արտանյանին հայտնեց, որ ինքը խոսելու է մի կարևոր գաղտնի գործի մասին։
Դ’Արտանյանը Պլանշեին դուրս ուղարկեց և այցելուին խնդրեց նստել։ Լռություն տիրեց։ Տանտերը և հյուրը նայում էին իրար, ասես ցանկանալով նախապես կարծիք կազմել միմյանց մասին։ Վերջապես դ’Արտանյանը գլուխ տվեց, ցույց տալով, որ պատրաստ է լսելու։
— Ինձ ասել են, որ պարոն դ’Արտանյանը քաջարի երի-տասարդ է,— խոսեց այցելուն։— Եվ այդ համբավը, որին նա լիովին արժանի է, ինձ դրդեց նրան վստահել իմ գաղտնիքը։
— Խոսեցե՛ք, պարոն, խոսեցե՛ք,— ասաց դ’Արտանյանը հոտ առնելով, որ այս գործը ինչ-որ օգուտ է խոստանում։
Այցելուն նորից մի պահ լռեց, ապա շարունակեց.
— Իմ կինը, պարոն, ծառայում է թագուհու մոտ որպես հանդերձապահուհի։ Գեղեցիկ և խելացի կին է նա։ Ինձ նրա հետ ամուսնացրել են ահա արդեն երեք տարի առաջ։ Թեև օժիտն այնքան էլ մեծ չէր. բայց պարոն դը Լա Պորտը՝ թագուհու գլխավոր սենեկապետը, նրա կնքահայրն է և հովանավորը...
— Հետո՞, պարոն, հետո՞,— շտապեցրեց նրան դ’Ար-տանյանը։ Հետո,— ասաց այցելուն,— հետո այն, որ իմ կնոջը հափշտակել են երեկ առավոտյան՝ հանդերձարանից դուրս գալու ժամանակ։
— Իսկ ո՞վ է հափշտակել ձեր կնոջը։
— Ես, իհարկե, հաստատ բան ասել չեմ կարող, բայց կասկածում եմ մի մարդու։
— Իսկ ո՞ւմ եք կասկածում։
— Մի մարդու, որը վաղուց արդեն հետապնդում է նրան։
— Գրո՛ղը տանի։
— Սակայն, համարձակվում եմ ասել, պարոն, ինձ թվում է, որ այս գործում խառն է ո՛չ այնքան սերը, որքան քաղաքականությունը։
— Ոչ այնքան սերը, որքան քաղաքականությո՞ւնը,— մտախոհ կրկնեց դ’Արտանյանը։— Ուրեմն ի՞նչ եք ենթադրում դուք։
— Չգիտեմ, կարո՞ղ եմ ասել ձեզ, թե ինչ եմ ենթադրում...
— Պարոն, նկատի ունեցեք, որ ես ձեզ ոչ մի բան չեմ հարցրել։ Դուք ինքներդ եք եկել ինձ մոտ։ Դուք ինքներդ ասացիք, որ ուզում եք ձեր գաղտնիքը վստահել ինձ։ Արեք այնպես, ինչպես ձեզ հաճելի է։ Դուք դեռ կարող եք հեռանալ առանց որևէ բան ասած լինելու ինձ։
— Ոչ, պարոն, ոչ։ Դուք ինձ ազնիվ երիտասարդ եք թվում, և ես վստահում եմ ձեզ։ Ինձ թվում է, որ այստեղ պատճառը ոչ թե իմ կնոջ անձնական սիրային գործերն են, այլ մի ուրիշ կնոջ սիրային գործեր, մի կին, որը շատ ավելի բարձր է կանգնած իմ կնոջից։
— Այդպե՜ս տիկին դը Բուա Տրասիի սիրային գործերը չեն դրանք,— ասաց դ’Արտանյանը՝ ցանկանալով իր այցելուին ցույց տալ, թե ինքը քաջատեղյակ է արքու-նիքի կյանքին։
— Ավելի բարձր, պարոն, շատ ավելի բարձր։
— Տիկին դ’Էգիլիոնի՞։
— Ավելի բարձր։
— Տիկին դը Շևրյոզի՞։
— Ավելի բարձր, շատ ավելի բարձր։
— Դե հո՞ չի կարող լինել ինքը...
— Այո՛, պարոն, ճիշտ այդպես,— հազիվ լսելի սարսափով շշնջաց այցելուն։
— Ո՞ւմ հետ։
— Էլ ո՞ւմ հետ պիտի լինի, եթե ոչ դքսի...
— Դքսի՞...
— Այո, պարոն,— ավելի ցածր ձայնով թոթովեց հյուրը։
— Բայց այդ ամենը որտեղի՞ց է ձեզ հայտնի։
— Ախ... որտեղի՞ց է հայտնի։
— Այո, որտեղի՞ց։ Լիակատար վստահություն... թե չէ... դուք ինքներդ հասկանում եք։
— Ես այդ իմացել եմ իմ կնոջից, պարոն, իմ սեփական կնոջից։
— Իսկ նա՞ որտեղից գիտե...
— Պարոն դը Լա Պորտից։ Ես հո ձեզ ասացի, որ իմ կինը պարոն դը Լա Պորտի՝ թագուհու վստահելի մարդու սանն է։ Եվ ահա, պարոն դը Լա Պորտը իմ կնոջը տեղավորել է նորին մեծություն թագուհու մոտ, որպեսզի մեր խեղճ թագուհին իր կողքին ունենա գեթ մեկը, որին կարող է վստահել, մեր խեղճ թագուհին, որին լքել է թագավորը, հալածում է կարդինալը և դավաճանում են բոլորը։
— Այդպե՜ս, այդպե՜ս, դրությունը պարզ է դառնում։
— Իմ կինը, պարոն, սրանից չորս օր առաջ եկել էր ինձ մոտ. ծառայության մտնելիս նրա պայմաններից մեկն այն է եղել, որ շաբաթական երկու անգամ թույլտվություն ունենա այցելելու ինձ։ Ինչպես արդեն պատիվ ունեցա պարզաբանելու ձեզ, իմ կինը ինձ շատ է սիրում, և ահա եկել էր ինձ մոտ և որպես գաղտնիք ինձ ասաց, որ թագուհին այժմ մեծ անհանգստության մեջ է։
— Իսկապե՞ս։
— Այո։ Պարոն կարդինալը, ըստ կնոջս ասածի, այժմ ավելի շատ է հալածում ու ճնշում թագուհուն, քան որևէ ժամանակ։ Նա չի կարողանում թագուհուն ներել սարաբանդի<ref>Սարաբանդ — իսպանական պարի մի տեսակ։</ref> պատմությունը։ Ձեզ հո հայտնի՞ է սարաբանդի պատմությունը։
— Իհարկե։ Կարո՞ղ է պատահել, որ ես չիմանամ,— պատասխանեց դ’Արտանյանը, որն իրոք ոչինչ չգիտեր, բայց ուզում էր ցույց տալ, թե իրեն ամեն ինչ հայտ-նի է։
— Այնպես որ հիմա արդեն դա ատելություն չի, այլ վրեժխնդրություն։
— Մի՞թե։
— Եվ թագուհին ենթադրում է...
— Ի՞նչ է ենթադրում թագուհին։
— Ենթադրում է, որ իր անունից նամակ է ուղարկված դուքս Բեկինգհեմին։
— Թագուհո՞ւ անունից։
— Այո, որպեսզի նրան Փարիզ բերեն, իսկ երբ կգա Փարիզ, մի որևէ որոգայթի մեջ գցեն։
— Գրո՛ղը տանի... Բայց ձեր կինը, պարոնս, ի՞նչ կապ ունի ձեր կինը այդ ամենի հետ։
— Բոլորին հայտնի է նրա նվիրվածությունը թագուհուն։ Կամ ուզում են նրան հեռացնել իր տիրուհուց, կամ ահաբեկել ու կորզել նորին մեծություն թագուհու գաղտնիքները, կամ թե փողով հրապուրել նրան և լրտես դարձնել։
— Հնարավոր է,— ասաց դ’Արտանյանը։— Բայց ձեզ հայտնի՞ է, ով է հափշտակել նրան։
— Ես արդեն ասացի ձեզ, ինձ թվում է, որ ես նրան գիտեմ։
— Անո՞ւնը։
— Անունը չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նա կարդինալի սիրելին է և շան նման նվիրված է նրան։
— Բայց երբևիցե դուք տեսե՞լ եք նրան։
— Այո, մի անգամ կինս ցույց է տվել։
— Չունի՞ այնպիսի նշաններ, որոնցով կարելի լինի ճանաչել նրան։
— Օ՜, ինչպես չէ։ Դա պատկառելի տեսքով մի պարոն է, մազերը՝ սև, դեմքը՝ թուխ, հայացքը՝ խորաթափանց, ատամները սպիտակ։ Իսկ քունքին մի սպի ունի։
— Քունքին սպի՜— գոչեց դ’Արտանյանը։— Ատամները սպիտա՜կ, հայացքը խորաթափա՜նց, ինքը թուխ, մազերը սև, տեսքը պատկառելի՜։ Այդ հո նա՛ է, Մենգի անծանոթը։
— Մենգի անծանո՞թը, ասում եք։
— Այո՛, այո՛, բայց դա գործի հետ կապ չունի։ Այ-սինքն ես սխալվեցի. դա գործը շատ է պարզեցնում։ Եթե ձեր թշնամին միաժամանակ և իմ թշնամին է, ես վրեժ կառնեմ երկուսիս համար էլ, ահա բոլորը։ Բայց որտե՞ղ գտնեմ ես այդ մարդուն։
— Այդ ես չգիտեմ։
— Դուք ոչ մի տեղեկություն չունե՞ք, թե որտեղ է ապրում նա։
— Ոչ մի։ Մի անգամ, երբ ես կնոջս ուղեկցում էի Լուվր, այդ մարդը Լուվրից էր գալիս հենց այն պա-հին, երբ կինս պիտի ներս մտներ, և ահա այդտեղ կինս ցույց տվեց նրան։
— Սատանա՜։ Սատանա՜,— մրմնջաց դ’Արտանյանը։— Այդ ամենը շատ անորոշ բան է։ Իսկ ո՞վ է ձեզ հայտնել ձեր կնոջը հափշտակելու մասին։
— Պարոն դր Լա Պորտը։
— Որևէ մանրամասնություն հաղորդե՞լ է նա ձեզ։
— Մանրամասնությունները նրան հայտնի չէին։
— Իսկ դուք ուրիշ աղբյուրներից ոչինչ չե՞ք իմացել։
— Որոշ բան իմացել եմ... ես ստացել եմ մի...
— Ի՞նչ եք ստացել։
— Չեմ իմանում... գուցե թե սա շատ անզգույշ քայլ կլինի իմ կողմից...
— Դուք նորից վերադառնում եք նույն բանին։ Սակայն պետք է ձեզ ասեմ, որ այժմ արդեն մի քիչ ուշ է նահանջելու համար։
— Դե ես չեմ էլ նահանջում, գրողը տանի,— բացականչեց հյուրը՝ փորձելով այս նզովքի միջոցով արիություն տալ իրեն։— Երդվում եմ Բոնասիեի պատվով...
— Ձեր անունը Բոնասիե՞ է։
— Այո, դա իմ ազգանունն է։
— Եվ այդպես, դուք ասացիք՝ «Երդվում եմ Բոնասիեի պատվով»... ներեցեք, որ ես ընդհատում եմ ձեզ։ Բայց ինձ թվաց, որ ես արդեն ինչ-որ մի տեղ լսել եմ ձեր անունը։
— Հնարավոր է, պարոն։ Ես այս տան տերն եմ։
— Ա՜խ, ա՛յ թե ի՜նչ,— գոչեց դ’Արտանյանը՝ մի փոքր բարձրանալով ու գլուխ տալով։— Դուք այս տան տե՞րն եք։
— Այո, պարոն, այո։ Եվ որովհետև արդեն երեք ամիս է, ինչ դուք ապրում եք իմ տանը և երևի բազմապիսի կարևոր գործերի պատճառով մոռացել եք բնակարանի վարձը վճարել, իսկ ես ոչ մի անգամ չեմ անհանգստաց-րել ձեզ, ուստի ինձ թվում է, որ դուք նկատի կունենաք իմ պարկեշտությունը...
— Դե ինչպե՜ս չէ, ինչպե՜ս չէ, պարոն Բոնասիե,— ասաց դ’Արտանյանը։— Հավատացեք, որ շատ շնորհակալ եմ ձեր այդպիսի վերաբերմունքից և իմ պարտքը կհամարեմ, եթե որևէ բանով կարողանամ օգտակար լինել ձեզ։
— Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ, պարոն։ Ես հենց այդ էլ ուզում էի ասել ձեզ, երդվում եմ Բոնա-սիեի պատվով, ես լիովին վստահում եմ ձեզ։
— Այդ դեպքում շարունակեցեք և ամեն ինչ ասացեք մինչև վերջ։
Այցելուն գրպանից հանեց մի թուղթ և մեկնեց դ’Արտանյանին։
— Նամա՜կ,— բացականչեց երիտասարդը։
— Որ ստացել եմ այսօր առավոտյան։
Դ’Արտանյանը նամակը բացեց և, որովհետև աղջամուղջն արդեն իջնում էր, մոտեցավ լուսամուտին։ Հյուրը հետևեց նրան։
«Չորոնեք ձեր կնոջը,— կարդաց դ’Արտանյանը։— Ձեր կնոջը կվերադարձնեն ձեզ, երբ այլևս նրա կարիքը չի զգացվի։ Եթե նրան որոնելու որևէ քայլ անեք՝ կորած եք»։
— Այ, սա, համենայնդեպս, պարզ է,— ասաց դ’Արտանյանը։— Բայց, վերջիվերջո, սա միայն սպառնալիք է։
— Այո, բայց այդ սպառնալիքը ինձ սարսափեցնում է։ Ախր, ես, պարոն, զինվորական մարդ չեմ և Բաստիլից վախենում եմ։
— Հը՜մ։ Դե ես ինքս էլ Բաստիլը ավելի չեմ սիրում, քան դուք։ Ա՜յ, ուրիշ բան է, եթե խոսքը վերաբերեր սուսերը գործի դնելուն։
— Իսկ ես, պարոն, այնքա՜ն մեծ հույս էի դրել ձեզ վրա։
— Մի՞թե։
— Ձեզ միշտ տեսնելով այն հիանալի հրացանակիր-ների շրջանում և իմանալով, որ դրանք պարոն դը Տրևիլի հրացանակիրներն են, հետևապես՝ կարդինալի թշնամիներն են, ես մտածում էի, որ դուք և ձեր ընկերները, պաշտպան կանգնելով մեր խեղճ թագուհուն, միաժամանակ ուրախ կլինեք մի չար խաղ խաղալու նորին սրբազնության գլխին։
— Հասկանալի է։
— Եվ էլի, ես մտածում էի, թե քանի որ դուք ինձ երեք ամսվա բնակարանի վարձ եք պարտք, և ես ոչ մի անգամ դրա մասին ձեզ չեմ հիշեցրել...
— Այո՛, այո՛, դուք արդեն բերիք այդ փաստարկը, և ես համոզիչ եմ համարում այն։
— Մտածելով՝ նաև սրանից հետո էլ ձեզ չհիշեցնել բնակարանի վարձի մասին, որքան ժամանակ էլ դուք պատիվ անեք ինձ ապրելու իմ տանը...
— Հիանալի է։
— Ես մտադիր եմ, բացի այդ, մի հիսուն պիստոլ առաջարկել ձեզ, եթե, հակառակ հավանականության, այժմ դուք որևէ չափով դրամի պակասություն ունեք...
— Սքանչելի է։ Բայց, նշանակում է, դուք հարո՞ւստ մարդ եք, պարոն Բոնասիե։
— Ես, ավելի ճիշտն ասած, ապահովված մարդ եմ։ Զբաղվելով արդուզարդի առևտրով՝ ես կուտակել եմ մի փոքրիկ կապիտալ, որը տարեկան երկու հազար էքյու է բերում։ Բացի դրանից, մի որոշ գումար եմ ներդրել նշանավոր ծովագնաց Ժան Մոկեի<ref>Ժան Մոկե (1575՝ 1617-ից հետո) — ֆրանսիացի ճանապարհորդ, «Ճանապարհորդություն դեպի Աֆրիկա, Ասիա, արևելյան և արևմտյան Հնդկաստան» գրքի հեղինակը (1617)։</ref> վերջին ուղևորության գործում։ Այնպես որ, դուք ինքներդ էլ հասկանում եք, պարոն... Բայց այն ի՞նչ բան է,— հանկարծ գոչեց պ-րն Բոնասիեն։
— Ի՞նչ է,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այնտեղ, այնտեղ...
— Որտե՞ղ։
— Փողոցում, ձեր լուսամուտի դիմաց, շքամուտքում։ Մարդ է՝ թիկնոցի մեջ փաթաթված։
— Այդ նա է,— միաժամանակ բացականչեցին դ’Արտանյանն ու Բոնասիեն՝ ճանաչելով յուրաքանչյուրը իր թշնամուն։
— Ա՜, այս անգամ,— բացականչեց դ’Արտանյանը,— այս անգամ նա իմ ձեռքից չի՛ պրծնի։
Եվ սուսերը վեր թռցնելով՝ նա դուրս նետվեց սենյակից։
Սանդուղքի վրա նա դեմ առավ Աթոսին ու Պորտոսին, որոնք գալիս էին նրա մոտ։ Երկու ընկերները ետ-ետ քաշվեցին, և դ’Արտանյանը նրանց արանքով դուրս թռավ նետի պես։
— Այդ ո՞ւր ես վազում,— ձայն տվին նրա հետևից երկու հրացանակիրները։
— Մենգի անծանո՜թը,— ի պատասխան գոչեց դ’Արտանյանը և անհետացավ։
Դ’Արտանյանը շատ անգամ էր պատմել ընկերներին անծանոթի հետ իր հանդիպման մասին, ինչպես և այն չքնաղ ճանապարհորդ կնոջ մասին, որին այդ մարդը ինչ-որ կարևոր հանձնարարություն էր վստահել։
Աթոսը գտնում էր, որ դ’Արտանյանը հոր նամակը կորցրել է իրարանցման մեջ։ Ազնվականը նրա կարծիքով,— իսկ դ’Արտանյանի նկարագրությունից նա եկել էր այն եզրակացության, որ անծանոթն անպայման ազնվական է,— ազնվականը չէր կարող ընդունակ լինել այնպիսի ստորության, ինչպիսին նամակ հափշտակելն է։
Պորտոսը հակված էր այդ գործում տեսնելու պարզապես սիրային տեսակցություն, որ նշանակել էր տիկինը ասպետին կամ ասպետը տիկնոջը, տեսակցություն, որին իրենց ներկայությամբ խանգարել են դ’Արտանյանը և իր դեղին ձին։
Իսկ Արամիսը ասում էր, որ այդ պատմությունը պարուրված է մի ինչ-որ գաղտնիքով և ավելի լավ է այդպիսի բաները հասկանալու փորձ չանել։
Դրա համար էլ դ’Արտանյանի բերանից դուրս թռած բառերից նրանք իսկույն հասկացան, թե խոսքն ում է վերաբերում։ Մտածելով, որ դ’Արտանյանը անծանոթի հետևից հասնելով կամ նրան կորցնելով վերջիվերջո տուն կվերադառնա, նրանք շարունակեցին սանդուղքով վեր բարձրանալ։
Երբ նրանք ներս մտան, դ’Արտանյանի սենյակը դատարկ էր, տանտերը երկյուղելով ընդհարման հետևանքներից, որ պիտի տեղի ունենար իր բնակչի ու անծանոթի միջև և հենվելով դ’Արտանյանի բնավորության այն գծերի վրա, որոնք ինքը հիշատակեց, մտածել էր, որ ավելի խոհեմ կլինի փախչել այդտեղից։