Chapter 7
Առաջին մաս VI. Նորին մեծություն Լյուդովիկոս XIII թագավորը. 2
Մինչ այդ պարոն դը Տրևիլը համարձակորեն մտավ թագավորի կաբինետը և նորին մեծությանը գտավ շատ վատ տրամադրության մեջ։ Թագավորը բազկաթոռին նստած՝ մտրակի կոթով թխկթխկացնում էր բոտֆորտին։ Դը Տրևիլը առանց շփոթվելու հանգիստ հարցրեց նրա առողջությունը։ — Վատ է, պարոն, ես վատ եմ զգում ինձ,— պատասխանեց թագավորը։— Տխուր եմ։
Դա իսկապես Լյուդովիկոս XIII-ի ամենածանր հիվանդություններից մեկն էր։ Պատահում էր՝ նա իր մերձավորներից որևէ մեկին մոտեցնում էր լուսամուտին և ասում. «Տխուր եմ, պարոն։ Եկեք միասին տխրենք»։
— Ինչպե՜ս,— գոչեց դը Տրևիլը։— Ձերդ մեծությունը տխո՞ւր է։ Մի՞թե այս օր որսը զվարճություն չպատճառեց ձեզ։
— Զվարճությո՜ւն, ինչպե՜ս չէ,— փնթփնթաց թագավորը։— Ամեն ինչ այլասերվում է, հոգիս է վկա։ Էլ չգիտեմ, ո՞րսն է, որ այլևս հետք չի թողնում թե շներն են հոտառությունը կորցրել։ Մենք հալածում ենք մի մեծ եղջերու, վեց ժամ հետապնդում ենք նրան, և ահա, երբ արդեն համարյա հասել ենք, և Սեն Սիմոնը<ref>Դուքս դը Սեն Սիմոն (1607-1693) — փոքր ախոռատան առաջին ախոռապետ, Լյուդովիկոս XIII-ի ֆավորիտը։</ref> բարձրացնում է եղջյուրը, որ հաղթանակի փողը փչի. հանկարծ ամբողջ ոհմակը մի կողմ է շրջվում և նետվում ինչ-որ մի տարեկան հորթուկի վրա։ Ա՜յ, կտեսնեք, ես ստիպված կլինեմ հրաժարվել որսին հետապնդելուց, ինչպես արդեն հրաժարվել եմ բազեով որս անելուց։ Ախ, պարոն դը Տրևիլ, ես դժբախտաբար թագավոր եմ։ Ինձ մնացել էր միայն մեկ ճախրաբազե, այն էլ երեք օր առաջ սատկեց։
— Իսկապես, ձերդ մեծություն, ես հասկանում եմ ձեր հուսահատությունը։ Մեծ դժբախտություն է։ Բայց կարծեմ ձեզ էլի բավական շատ բազեներ, ցիներ և այլ որսաթռչուններ են մնացել։
— Եվ չկա մեկը, որ նրանց վարժեցնի։ Բազեպանները վերջանում են։ Միայն ես եմ, որ դեռ տիրապետում եմ բազեով որս անելու արվեստին։ Ինձնից հետո ամեն ինչ վերջացած կլինի։ Կսկսեն որս անել թակարդների, ծուղակների ու որոգայթների օգնությամբ։ Գոնե եթե ես կարողանայի աշակերտներ պատրաստել։ Բայց ո՛չ, պարոն կարդինալը ոչ մի րոպե հանգիստ չի տա-լիս, շարունակ Իսպանիայի մասին է խոսում, Ավստրիայի մասին է խոսում, Անգլիայի մասին է խոսում։ Հա՛, ի դեպ, կարդինալի մասին, պարոն դը Տրևիլ, ես ձեզնից դժգոհ եմ։
Դը Տրևիլը հենց դրան էր սպասում։ Նա վաղուց էր ճանաչում թագավորին և հասկանում էր, որ նրա բոլոր գանգատները սոսկ նախաբան են, գրգռող միջոցի պես մի բան, որից նա վճռականություն է քաղում։ Միայն հիմա նա կսկսի ասել այն, ինչի մասին պատրաստվում էր խոսել։
— Բայց ինչո՞վ եմ ես դժբախտություն ունեցել մեղանչելու ձերդ մեծության առաջ,— հարցրեց դը Տրևիլը՝ մեծագույն զարմանք արտահայտելով դեմքին։
— Այդպե՞ս եք կատարում դուք ձեր պարտականու-թյունները, պարոն,— շարունակեց թագավորը՝ խուսափելով դը Տրևիլի խոսքին ուղղակի պատասխան տալուց։— Թե՞ նրա համար եմ ես ձեզ հրացանակիրների կապիտան նշանակել, որ ձեր ստորադրյալները մարդկանց կոտորեն, որ ոտքի հանեն մի ամբողջ թաղամաս և փորձեն վառել ամբողջ Փարիզը։ Եվ դուք ոչ մի ծպտուն չեք հանում դրա մասին։ Ասենք՝ երևի ես իզուր եմ կշտամբում ձեզ,— շարունակեց թագավորը։— Երևի մեղավորներն արդեն կալանքի տակ են, և դուք ներկայացել եք զեկուցելու ինձ, որ նրանց պատիժ է տրված։
— Ոչ, ձերդ մեծություն,— հանգիստ պատասխանեց դը Տրևիլը,— ես եկել եմ ձեզնից դատաստան խնդրելու։
— Բայց ո՞ւմ նկատմամբ,— գոչեց թագավորը։
— Զրպարտիչների,— ասաց դը Տրևիլը։
— Ա՜յ քեզ նորություն,— բացականչեց թագավորը։— Չլինի՞ դուք կփորձեք ժխտել, որ ձեր երեք նզովյալ հրացանակիրները, այդ Աթոսը, Պորտոսը և Արամիսը այն բեարնացի քաջի հետ միասին հարձակվել են խեղճ Բերնաժուի վրա և այնպես ջարդել, որ հիմա նա երևի մոտ է վերջին շունչը փչելուն։ Չլինի՞ կփորձեք ժխտել, որ դրանից հետո նրանք շրջապատել են դուքս դը Լա Տրեմուլի տունը և ցանկացել վառել այն, ասենք, պատերազմի օրերին այդ այնքան էլ վատ չէր լինի, որովհետև այդ տունը իսկական հուգենոտների բույն է, բայց խաղաղ ժամանակ դա կարող էր չափազանց վատ օրինակ ծառայել ուրիշներին։ Դե ասացեք տես-նեմ, չլինի՞ ուզում եք ժխտել այս ամենը։
— Եվ ո՞վ է պատմել ձերդ մեծությանը այդ հեքիա-թը,— էլի նույնպես զուսպ ասաց դը Տրևիլը։
— Ո՞վ է պատմել, ասում եք, պարո՛ն։ Էլ ո՞վ պիտի պատմի, եթե ոչ նա, ով արթուն է, երբ ես քնած եմ, ով աշխատում է, երբ ես զվարճանում եմ, ով կառավարում է բոլոր գործերը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս, Ֆրանսիայում ու Եվրոպայում։
— Նորին մեծությունը ամենայն հավանականությամբ նկատի ունի տեր աստծուն,— ասաց դը Տրևիլը։— Որովհետև, իմ կարծիքով, միայն աստված կարող է այդքան բարձր կանգնած լինել ձերդ մեծությունից։
— Ո՛չ, պարո՛ն, ես նկատի ունեմ թագավորության հենարանին, իմ միակ ծառային, միակ բարեկամին՝ պարոն կարդինալին։
— Պարոն կարդինալը դեռ նորին վեհափառություն չէ։
— Ի՞նչ եք ուզում ասել, պարո՛ն։
— Այն, որ անսխալական է միմիայն պապը, և որ այդ անսխալականությունը կարդինալների վրա չի՛ տարածվում։
— Դուք ուզում եք ասել, որ նա խաբո՞ւմ է ինձ, որ նա դավաճանում է։ Հետևապես դուք մեղադրո՞ւմ եք նրան։ Դե, պարզ ասացեք, ընդունեցեք, որ դուք մեղադրում եք նրան։
— Ոչ, ձերդ մեծություն։ Բայց ես ասում եմ, որ հենց նա ինքը խաբված է։ Ես ասում եմ, որ նրան սուտ տեղեկություններ են հաղորդել։ Ես ասում եմ, որ նա շտապել է մեղադրել ձերդ մեծության հրացանակիրներին, որոնց նկատմամբ նա արդարացի չէ, և որ նա տեղեկություններ է քաղել վատ աղբյուրներից։
— Մեղադրանքը գալիս է հենց իրենից՝ դուքսից, պարոն դը Լա Տրեմուլից։
— Ես կարող էի պատասխանել, ձերդ մեծություն, որ դուքսը այս գործը խիստ մոտ է ընդունում իր սրտին, ուստի չի կարելի հույս դնել նրա անաչառության վրա։ Բայց ես հեռու եմ այս մտքից, ձերդ մեծություն։ Ես դուքսին ճանաչում եմ որպես ազնիվ ու անաչառ մարդու և պատրաստ եմ հիմնվելու նրա խոսքերի վրա, միայն թե մեկ պայմանով։
— Ի՞նչ պայման։
— Ես կուզեի, որ ձերդ մեծությունը նրան իր մոտ կանչեր և հարցաքններ նրան։ Միայն թե հարցաքննեիք դուք ինքներդ, երես առ երես, առանց վկաների, և որ ես ձերդ մեծության կողմից ընդունվեմ դուքսի գնալուց անմիջապես հետո։
— Ա՜յ թե ինչ,— գոչեց թագավորը։— Եվ դուք լիովին կհիմնվեք նրա վրա, ինչ որ կասի պարոն դը Լա Տրեմո՞ւլը։
— Այո, ձերդ մեծություն։
— Եվ դուք կենթարկվե՞ք նրա վճռին։
— Այո։
— Եվ կհամաձայնե՞ք ամեն մի հատուցման, որ նա կպահանջի։
— Այո, ձերդ մեծություն։
— Լա Շենե՛,— գոչեց թագավորը։— Լա Շենե՛։
Ներս մտավ Լյուդովիկոս XIII-ի ավագ սենեկապետը, որ շարունակ հերթապահում էր դռան մոտ։
— Լա Շենե՛,— ասաց թագավորը,— թող հենց այս րոպեին գնան պարոն դը Լա Տրեմուլին կանչելու։ Ինձ հարկավոր է հենց այս երեկո խոսել նրա հետ։
— Ձերդ մեծությունը կբարեհաճի՞ խոսք տալ ինձ, որ դը Լա Տրեմուլից հետո ոչ ոքի չեք ընդունի մինչև ինձ ընդունելը՝ հարցրեց դը Տրևիլը։
— Ոչ ոքի,— պատասխանեց թագավորը։
— Այդ դեպքում, ձերդ մեծություն, ցտեսություն մինչև վաղը։
— Մինչև վաղը, պարոն։
— Ո՞ր ժամին կհրամայի ձերդ մեծությունը։
— Որ ժամին կամենաք։
— Բայց ես վախենում եմ, թե շատ շուտ կներկայանամ և կարթնացնեմ ձերդ մեծությանը։
— Արթնացնել ի՞նձ։ Բայց մի՞թե ես քնում եմ։ Ես այլևս չեմ քնում, պարո՛ն։ Երբեմն ննջում եմ միայն, ահա ամբողջը։ Եկեք այնքան վաղ, որքան կուզեք, թեկուզ ժամը յոթին։ Բայց զգուշացե՛ք, եթե ձեր հրացանակիրները մեղավոր են։
— Եթե իմ հրացանակիրները մեղավոր լինեն, ապա մեղավորները կհանձնվեն ձերդ մեծության ձեռքը, և դուք կբարեհաճեք վարվել նրանց հետ այնպես, ինչպես հարկ կհամարեք։ Էլի որևէ ցանկություն ունի՞ ձերդ մեծությունը։ Ես լսում եմ։ Պատրաստ եմ հնազանդվելու։
— Ո՛չ, պարոն, ո՛չ։ Իզուր չէ, որ ինձ կոչում են Լյուդովիկոս Արդարադատ։ Մինչև վաղը, պարոն, մինչև վաղը։
— Աստված պահապան ձերդ մեծությանը։
Որքան էլ վատ էր քնում թագավորը, այդ գիշեր պարոն դը Տրևիլն ավելի վատ քնեց։ Դեռ երեկոյան նա մարդ էր ուղարկել երեք հրացանակիրներին ու նրանց ընկերոջն ասելու, որ նրանք առավոտյան ուղիղ վեցն անց կեսին իր մոտ լինեն։ Նա չորսին էլ իր հետ տարավ պալատ, ոչ մի բան չխոստանալով ու ոչ մի բանի չերաշխավորելով և նրանցից չթաքցրեց, որ նրանց բախտը, ինչպես և իր սեփական բախտը, մազից է կախված։
Փոքր մուտքից ներս մտնելով, նա հրացանակիրներին պատվիրեց սպասել։ Եթե թագավորը դեռ զայրացած է նրանց վրա, կարող են աննկատելի հեռանալ, իսկ եթե թագավորը համաձայնի ընդունել նրանց, ուրեմն կկանչեն։
Թագավորի անձնական ընդունարանում դը Տրևիլը տեսավ Լա Շենեին, որը հաղորդեց, թե երեկ երեկոյան դուքս դը Լա Տրեմուլին տանը գտնել չի հաջողվել, որ երբ նա վերադարձել է, արքունիք ներկայանալու համար խիստ ուշ է եղել, և որ դուքսը հենց նոր է ժամա-նել և այդ պահին գտնվում է թագավորի մոտ։
Այս վերջին, հանգամանքը պ-րն Տրևիլի սրտովն էր։ Այժմ նա կարող էր վստահ լինել, որ դը Լա Տրեմուլի գնալուց հետո և մինչ իր ընդունելությունը թագավորի վրա ուրիշ ոչ մի կողմնակի ազդեցություն չի կարող լինել։
Իսկապես, մի տասը րոպե չանցած՝ դուռը լայն բացվեց, և դը Տրևիլը տեսավ դը Լա Տրեմուլին, որը դուրս էր գալիս կաբինետից։ Դուքսը ուղղվեց նրա մոտ։
— Պարոն դը Տրևի՜լ,— ասաց նա։— Նորին մեծությունը կանչել էր ինձ, որպեսզի իմանա իմ տան մոտ տեղի ունեցած դեպքի բոլոր մանրամասնությունները։ Ես նրան ասացի ճշմարտությունը, այսինքն՝ ընդունեցի, որ մեղավոր են եղել իմ մարդիկ, և որ ես պատրաստ եմ ներողություն խնդրելու ձեզնից։ Քանի որ հանդիպել եմ ձեզ, թույլ տվեք հենց այժմ անել այդ և խնդրում եմ ինձ միշտ համարել ձեր բարեկամների շարքում։
— Պարոն դուքս,— ասաց դը Տրևիլը,— ես այնքան խորապես համոզված էի ձեր բարձր ազնվությանը, որ չցանկացա այլ բարեխոս ունենալ թագավորի առաջ, քան դուք։ Տեսնում եմ, որ ես չեմ սխալվել և շնորհակալ եմ ձեզնից նրա համար, որ Ֆրանսիայում դեռ մնացել են այնպիսի մարդիկ, որոնց մասին առանց սխալվելու կարելի է ասել այն, ինչ ես ասացի ձեր մասին։
— Հիանալի՜ է, հիանալի՜,— գոչեց թագավորը, որը դռան մոտ կանգնած լսում էր այս խոսակցությունը։— Միայն թե ասացեք դրան, Տրևիլ, քանի որ նա իրեն ձեր բարեկամն է կոչում, ասացեք, որ ես էլ կկամենայի նրա բարեկամների շարքում լինել, բայց նա անուշադիր է դեպի ինձ։ Ահա արդեն շուտով երեք տարի կլինի, ինչ ես չեմ տեսել նրան, և հիմա էլ տեսա միայն կանչելուց հետո։ Ասացեք նրան այս ամենը իմ անունից, ասացեք, որովհետև սրանք այնպիսի բաներ են, որոնք թագավորը ինքը ասել չի կարող։
— Շնորհակալ եմ, ձերդ մեծություն, շատ շնորհակալ եմ։ Բայց ես կուզենայի հավաստիացնել ձերդ մեծությանը,— այս, իհարկե, պարոն դը Տրևիլին չի վերաբերում,— ես կուզենայի հավաստիացնել ձերդ մեծությանը, որ ձերդ մեծությանն ամենից ավելի նվիրված մարդիկ նրանք չեն, ում որ ձերդ մեծությունը տեսնում է օրվա բոլոր ժամերին։
— Նշանակում է դուք լսեցի՞ք, թե ինչ ասացի ես, դուքս։ Դե, ավելի լավ, ավելի լավ,— ասաց թագավորը մի քայլ անելով դեպի առաջ։— Ա՜, այդ դո՞ւք եք, Տրևիլ, որտե՞ղ են ձեր հրացանակիրները։ Չէ որ դեռ երեք օր առաջ ես ձեզ խնդրել եմ բերել նրանց ինձ մոտ։ Ինչո՞ւ դուք չեք արել այդ։
— Նրանք ներքևումն են, ձերդ մեծություն, և ձեր թույլտվությամբ Լա Շենեն կկանչի նրանց։
— Այո՛, այո՛, թող հենց այս րոպեին ներկայանան նրանք։ Շուտով ժամը ութը կլինի, իսկ իննին ես սպասում եմ մեկին։ Կարող եք գնալ, դուքս, և անպայման հաճախակի եղեք արքունիքում։ Ներս եկեք, Տրևի՛լ։
Դուքսը գլուխ տվեց և գնաց դեպի ելքը։ Այն պա-հին, երբ նա բաց էր անում դուռը, սանդուղքի վերին հարթակում երևացին երեք հրացանակիրները և դ’Արտանյանը։ Նրանց առաջնորդում էր Լա Շենեն։
— Մոտ եկե՛ք, քաջե՛ր, մոտ եկե՛ք,— ասաց թագավորը։— Եկեք, որ ես նախատեմ ձեզ։
Հրացանակիրները խոնարհ գլուխ տալով մոտեցան։ Դ’Արտանյանը գալիս էր նրանց հետևից։
— Գրողը տանի։ Այդ ինչպե՞ս եք դուք չորս հոգով երկու օրվա ընթացքում կարդինալի յոթ գվարդիականներին դուրս բերել շարքից,— շարունակեց Լյուդովիկոս XIII-ը։— Այդ շատ է, խիստ շատ։ Եթե այդպես շարունակվի, երեք շաբաթից հետո նորին սրբազնությունը ստիպված կլինի փոխել իր ամբողջ վաշտի կազմը։ Իսկ ես ստիպված կլինեմ ամենայն խստու-թյամբ կիրառել հրովարտակները։ Մեկը լիներ, դեռ էլի ոչինչ, ես չեմ առարկում։ Բայց յոթին՝ երկու օրում, կրկնում եմ՝ այդ շատ է, խիստ շատ։
— Հենց դրա համար էլ, ինչպես ձերդ մեծությունը կարող է տեսնել, նրանք շփոթված են, զղջումով լի և խնդրում են ներել իրենց։
— Շփոթվա՜ծ են և զղջումով լի՜։ Հը՜մ,— թերահավատորեն խոսեց թագավորը։— Ես չեմ հավատում սրանց խորամանկ սֆաթներին։ Մանավանդ, ա՜յ, նրա, որ գասկոնացու դեմք ունի։ Հապա մի մոտեցե՛ք ինձ, պարո՛նս։
Դ’Արտանյանը հասկանալով, որ այդ խոսքերն իրեն են վերաբերում, ամենակոտրված տեսքով մոտեցավ։
— Սա՞ է։ Հապա ինչե՞ր էիք պատմում ինչ-որ երիտասարդի մասին։ Սա հո երեխա է, կատարյալ երեխա։ Եվ սա՞ է այդպիսի սոսկալի հարված հասցրել Ժյուսակին։
— Եվ սուսերի երկու հիանալի հարված Բերնաժուին։
— Իսկապե՞ս։
— Չհաշված այն,— մեջ մտավ Աթոսը,— որ եթե նա ինձ չփրկեր Կայուզակի ձեռքից, ես պատիվ չէի ունենա այս րոպեին իմ ամենախոնարհ հարգանաց հավաստիքը մատուցելու ձերդ մեծությանը։
— Նշանակում է՝ սա իսկական դև է, ձեր այս ջահել բեարնացին, գրո՛ղ ու ցավ, ինչպես կասեր իմ հանգուցյալ հայրը։ Այդպիսի գործերի մեջ դժվար չէ մի քանի կամզոլ մաշել և սուսերը կոտրել։ Իսկ գասկոնացիք կարծեմ աղքատ են առաջվա պես, չէ՞։
— Պետք է խոստովանեմ, ձերդ մեծություն,— ասաց դը Տրևիլը,— որ նրանց լեռներում առայժմ ոսկու հանքեր չեն գտնվել, թեև պետք է որ աստված այդպիսի մի հրաշք ստեղծեր նրանց համար՝ որպես վարձատրություն այն ջերմ պաշտպանության, որ ցույց տվին նրանք ձեր հանգուցյալ հորը՝ գահի համար մղած պայքարում։
— Դրանից հետևում է, որ գասկոնացիք ի՛նձ էլ թագավոր են դարձրել, չէ՞, Տրևիլ, քանի որ ես իմ հոր որ-դին եմ։ Ի՛նչ կա որ, բարի հաջողություն, այդ իմ սրտովն է։ Լա Շենե՛, գնացեք և փնտրեցեք իմ բոլոր գրպաններում, մի քառասուն պիստոլ չի՞ ճարվի արդյոք, և եթե ճարվի, բերեք այստեղ։ Իսկ մինչ այդ, երիտասարդ, ձեռքդ դրեք ձեր սրտին և պատմեցեք, ինչպես տեղի ունեցավ այդ ամենը։
Դ’Արտանյանը նախորդ օրվա դեպքը պատմեց ամենայն մանրամասնությամբ, ինչպես ինքը, չկարողանալով քնել ուրախությունից, որ պիտի տեսնի նորին մեծությանը, ընդունելությունից երեք ժամ առաջ եկավ իր ընկերների մոտ, ինչպես նրանք միասին գնացին պանդոկ, և ինչպես Բերնաժուն, նկատելով, որ ինքը վախենում է, թե գնդակը երեսին կդիպչի, սկսեց ծաղ-րել իրեն և այդ ծաղրի համար քիչ մնաց կյանքը պիտի տար, իսկ պարոն դը Լա Տրեմուլը, որ այս գործում ոչ մի մեղք չուներ, քիչ մնաց տնից զրկվեր։
— Այդպես, ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես դուք-սը պատմեց։ Խե՜ղճ կարդինալ։ Երկու օրում յոթ մարդ, այն էլ իր ամենասիրելիներին։ Բայց այժմ արդեն բավական է, պարոններ, լսո՛ւմ եք։ Բավակա՛ն է։ Դուք Ֆերու փողոցի վրեժը առաք, դեռ մի բան էլ ավելի։ Կարող եք դրանով բավարարված լինել։
— Եթե ձերդ մեծությունը բավարարված է, ապա մենք էլ բավարարված ենք,— ասաց դը Տրևիլը։
— Այո, ես բավարարված եմ,— ասաց թագավորը և Լա Շենեի ձեռքից մի բուռ ոսկի վերցնելով՝ դրեց այն դ’Արտանյանի ձեռքում։— Եվ ահա,— ավելացրեց նա,— ապացույց, որ ես գոհ եմ։
Այն ժամանակներում հպարտության հասկացողությունը, որն այնքան տարածված է մեր օրերում, դեռ մոդա չէր։ Ազնվականը թագավորի ձեռքից փող էր ստանում և իրեն ամենևին ստորացած չէր զգում։ Ուստի և դ’Արտանյանը, առանց քաշվելու, ստացած քառասուն պիստոլը գրպանը դրեց և նույնիսկ ամենախոնարհ շնորհակալություն հայտնեց նորին մեծությանը։
— Ուրեմն, հիանալի է,— ասաց թագավորը պատի ժամացույցին նայելով,— հիանալի։ Այժմ արդեն ութն անց կես է, դուք կարող եք գնալ։ Ես ասացի, որ իննին սպասում եմ մեկին։ Շնորհակալ եմ ձեզնից նվիրվածության համար, պարոննե՛ր։ Ես այսուհետև էլ կարող եմ հույս դնել ձեզ վրա, չէ՞։
— Ձերդ մեծություն,— միաբերան գոչեցին չորս ընկերները։— Մենք մեզ կտոր-կտոր անել կտանք մեր թագավորի համար։
— Լավ, լավ։ Բայց ավելի լավ է ողջ մնացեք։ Այդպես ինձ համար ավելի լավ ու ավելի օգտակար կլինի։ Տրևիլ,— ավելացրեց թագավորը կիսաձայն, երբ երիտասարդները դուրս էին գնում։— Քանի որ դուք գնդում ազատ տեղ չունեք և, բացի այդ, մենք որոշել ենք գնդում ոչ ոքի չընդունել առանց ստուգման, այդ պատանուն տեղավորեցեք ձեր փեսայի՝ պարոն Դեզեսարի գվարդիական վաշտում։ Ա՛խ, գրողը տանի։ Ես արդեն նախապես ուրախանում եմ, երևակայելով, թե պարոն կարդինալն ինչպես պիտի ծռմռի իր դեմքը։ Նա կատա-ղության կհասնի, բայց ի՛նձ ինչ։ Ես արդար եմ վարվել։
Եվ թագավորը սիրալիր շարժումով արձակեց դը Տրևիլին, որն ուղղվեց իր հրացանակիրների մոտ։ Նա հրացանակիրներին գտավ դ’Արտանյանի ստացած քառասուն պիստոլը բաժանելիս։
Կարդինալը, ինչպես և նախատեսել էր թագավորը, իսկապես կատաղության հասավ և մի ամբողջ շաբաթ շախմատ խաղալու չէր գնում։ Բայց դա թագավորին չէր խանգարում հանդիպելիս ողջունել նրան ամենաթովիչ ժպիտով և ամենանուրբ ձայնով հարցնել.
— Ինչպե՞ս են, պարոն կարդինալ, ձեր հավատարիմ թիկնապահները, այն խեղճ Բերնաժուն և Ժյուսակը։