Chapter 67
Եզրափակում
Հետևյալ ամսի վեցին թագավորը, կատարելով կարդինալին տված իր խոստումը Լա֊Ռոշել վերադառնալու մասին, դուրս եկավ մայրաքաղաքից, դեռևս շշմած լինելով ամենուրեք տարածված այն լուրից, թե Բեկինգհեմն սպանվել է։
Թեև թագուհուն նախազգուշացրել էին, որ իր այնքան սիրած մարդու կյանքին վտանգ է սպառնում, այնուամենայնիվ, երբ նրան հայտնեցին Բեկինգհեմի մահը, նա չէր ուզում հավատալ և նույնիսկ անզգուշաբար գոչեց.
— Այդ ճիշտ չէ՛։ Հենց նորերս նա ինձ նամակ է ուղարկել։
Սակայն հետևյալ օրն, այնուամենայնիվ, նա ստիպված եղավ հավատալ ճակատագրական լուրին. Լա Պորտը, որը, ինչպես և Անգլիայից մեկնող ուրիշ մարդիկ, Կառլոս I թագավորի հրամանով ետ էր պահվել մի առժամանակ, վերջապես եկավ և բերեց Բեկինգհեմի ընծան թագուհուն, որ նա ուղարկել էր մահից առաջ։
Թագավորի ուրախությունը շատ մեծ էր, նա չէր էլ աշխատում թաքցնել այն և նույնիսկ թագուհու ներկայությամբ ազատություն էր տալիս իր ուրախությանը։ Լյուդովիկոս XIII֊ը, ինչպես բոլոր թույլ բնավորության տեր մարդիկ, առանձին մեծահոգություն չուներ։
Բայց շուտով նորից թագավորը մռայլվեց ու տխրեց, նրա ճակատն այնպիսին չէր, որ երկար ժամանակ պայծառ մնար։ Նա զգում էր, որ ճամբար վերադառնալով՝ նորից ստրկական դրության մեջ է ընկնելու, բայց և այնպես վերադառնում էր այնտեղ։
Կարդինալը նրա համար կախարդող օձ էր, իսկ նա ինքը՝ մի թռչուն, որը ճյուղից ճյուղ է ոստոստում, բայց օձից խույս տալ չի կարողանում։
Դրա համար էլ Լա֊Ռոշել վերադարձը շատ թախծալի էր։ Մանավանդ մեր չորս բարեկամները զարմանք էին պատճառում իրենց ընկերներին, նրանք գնում էին բոլորը կողք֊կողքի, գլուխները կախած, մռայլ նայելով իրենց առաջ։ Միայն Աթոսն էր, որ երբեմն֊երբեմն բարձրացնում էր իր վեհ գլուխը, նրա աչքերը բռնկում էին ներքին կրակով, շրթունքներին դառն ժպիտ էր խաղում, ապա նորից նա էլ մռայլ խոհերի մեջ էր ընկնում իր ընկերների պես։
Երբ հասնում էին մի որևէ քաղաք, թագավորին իր գիշերելու շենքը հասցնելուց հետո չորս ընկերներն անմիջապես քաշվում էին իրենց սենյակը կամ մի առանձնացած հեռավոր պանդոկ, որտեղ, սակայն, նրանք ոչ զառ էին խաղում, ոչ էլ գինի էին խմում, այլ միայն շշուկով խոսում էին իրար հետ, շարունակ նայելով, թե որևէ մեկը չի՞ լսում իրենց։
Մի անգամ, երբ ճանապարհին թագավորը, ցանկանալով որս անել, դադար առավ, իսկ չորս ընկերները որսորդներին միանալու փոխարեն, ըստ իրենց սովորության, քաշվեցին մեծ ճանապարհի վրա գտնվող մի պանդոկ, մի ինչ֊որ մարդ, որը սրարշավ եկել էր Լա֊Ռոշելից, ձին կանգնեցրեց պանդոկի առաջ, ցանկանալով մի բաժակ գինի խմել։ Նա նայեց այն սենյակի ներսը, որտեղ սեղանի առաջ նստած էին չորս հրացանակիրները և գոռաց.
— Է՜յ, պարոն դ’Արտանյան, այդ դուք չե՞ք արդյոք։
Դ’Արտանյանը գլուխը բարձրացրեց և մի ուրախ ճիչ արձակեց։ Դա հենց այն մարդն էր, որին նա իր ուրվականն էր կոչում, դա Մենգի, Գերեզմանափորների փողոցի և Արրասի անծանոթն էր։
Դ’Արտանյանը դուրս քաշեց սուսերը և նետվեց դեպի դուռը։
Բայց այս անգամ անծանոթը փախուստի չդիմեց, այլ ցած թռավ ձիուց և ընդառաջ գնաց դ’Արտանյանին։
— Ա՜, ողորմած պարոն,— ասաց պատանին։— Վերջապես ես գտա ձեզ։ Այս անգամ դուք ինձնից թաքնվել չեք կարող։
— Ես ամենևին նման մտադրություն չունեմ, այս անգամ ես ինքս էի որոնում ձեզ։ Թագավորի անունով ես ձեզ ձերբակալում եմ։ Պահանջում եմ, որ ինձ հանձնեք ձեր սուսերը, ողորմած պարոն։ Չմտածեք հակառակել. նախազգուշացնում եմ ձեզ, խնդիրը վերաբերում է ձեր կյանքին։
— Բայց ո՞վ եք դուք,— հարցրեց դ’Արտանյանը սուսերը ցած թողնելով, սակայն դեռևս չհանձնելով այն։
— Ես ասպետ դը Ռոշֆորն եմ,— պատասխանեց անծանոթը,— պարոն կարդինալ դը Ռիշելիեի պալատականը։ Ես հրաման եմ ստացել ձեզ տանելու նորին սրբազնության մոտ։
— Մենք վերադառնում ենք նորին սրբազնության մոտ, պարոն ասպետ,— միջամտեց Աթոսը մոտենալով,— և, իհարկե, դուք կհավատաք պարոն դ’Արտանյանի խոսքին, որ նա ուղիղ Լա֊Ռոշել կգնա։
— Ես պետք է նրան հանձնեմ պահակախմբին, որը նրան ճամբար կհասցնի։
— Մենք կծառայենք որպես պահակախումբ, ողորմած պարոն, ազնվականի խոսք եմ տալիս ձեզ։ Բայց ձեզ տալիս եմ նաև իմ խոսքը,— ավելացրեց Աթոսը հոնքերը կիտելով,— որ պարոն դ’Արտանյանը առանց մեզ չի գնա։
Ասպետ դը Ռոշֆորը ետ նայեց և տեսավ, որ Պորտոսն ու Արամիսը կանգնել են իր և դռան միջև։ Նա հասկացավ, որ ինքն ամբողջովին գտնվում է այդ չորս մարդկանց իշխանության տակ։
— Պարոնայք,— դարձավ նա նրանց,— եթե պարոն դ’Արտանյանը համաձայն է ինձ տալու իր սուսերը և ձեզ նման խոսք կտա, ես կբավարարվեմ ձեր խոստումով, որ պարոն դ’Արտանյանին կտանեք պարոն կարդինալի զորակայանը։
— Խոսք եմ տալիս, ողորմած պարոն,— ասաց դ’Արտանյանը,— և ահա իմ սուսերը։
— Ինձ համար այդ ավելի ձեռնտու է,— ավելացրեց Ռոշֆորը,— որովհետև ես պետք է առաջ գնամ։
— Եթե դուք գնում եք միլեդիին հանդիպելու,— սառն ասաց Աթոսը,— ապա անօգուտ բան է, դուք նրան այլևս չեք տեսնի։
— Ի՞նչ է պատահել նրան,— հարցրեց Ռոշֆորը։
— Վերադարձեք ճամբար, այնտեղ կիմանաք։
Ռոշֆորը մի պահ մտածեց, ապա, քանի որ նրանք ընդամենը մեկ օրվա ճանապարհ էին հեռու Սյուրժերից, ուր կարդինալը գալու էր ընդառաջ թագավորին, որոշեց հետևել Աթոսի խորհրդին և հրացանակիրների հետ վերադառնալ։ Մանավանդ, վերադառնալն այն առավելությունն ուներ, որ նա կարող էր անձամբ հսկել ձերբակալվածին։
Բոլորը նորից ճանապարհ ընկան։
Հաջորդ օրը կեսօրվա ժամը երեքին նրանք հասան Սյուրժեր։ Կարդինալն այդտեղ սպասում էր Լյուդովիկոս XIII֊ին։ Մինիստրն ու թագավորը բազմաթիվ սիրալիրություններ փոխանակեցին և իրար շնորհավորեցին երջանիկ դեպքի առթիվ, որը Ֆրանսիան փրկեց համառ թշնամուց, որովհետև Բեկինգհեմն ամբողջ Եվրոպան Ֆրանսիայի դեմ էր հանել։
Դրանից հետո կարդինալը, որին Ռոշֆորը հայտնել էր, որ դ’Արտանյանը ձերբակալված է, ցանկանալով շուտ տեսնել նրան, հրաժեշտ տվեց թագավորին, հրավիրելով նրան հաջորդ օրը գալ նոր կառուցված ամբարտակը տեսնելու։
Երեկոյան վերադառնալով իր զորակայանը, որ գտնվում էր Քարե կամրջի մոտ, կարդինալը իր իջևանած տան դռան առաջ տեսավ դ’Արտանյանին՝ առանց սուսերի, և նրա հետ երեք զինված հրացանակիրներին։
Այս անգամ, քանի որ ուժը նրա կողմն էր, նա խստությամբ նայեց նրանց և ձեռքի շարժումով ու հայացքով դ’Արտանյանին հրամայեց հետևել իրեն։
Դ’Արտանյանը հնազանդվեց։
— Մենք կսպասենք քեզ, դ’Արտանյան,— ասաց Աթոսը բավական բարձր, որպեսզի կարդինալն էլ լսի իրեն։
Նորին սրբազնությունը հոնքերը կիտեց և կանգ առավ, բայց հետո՝ առանց մի բառ ասելու, մտավ տուն։
Դ’Արտանյանը կարդինալի հետևից ներս մտավ, իսկ նրա ընկերները մնացին դռան հետևում որպես պահապան։
Նորին սրբազնությունը գնաց ուղիղ այն սենյակը, որ ծառայում էր որպես կաբինետ, և Ռոշֆորին նշան արեց, որ երիտասարդ հրացանակրին իր մոտ բերի։
Ռոշֆորը կատարեց նրա հրամանը և դուրս գնաց։
Դ’Արտանյանը կարդինալի հետ մենակ մնաց։ Դա նրա երկրորդ տեսակցությունն էր Ռիշելիեի հետ, և, ինչպես հետագայում խոստովանում էր, նա համոզված էր, որ այդ վերջինը կլինի։
Ռիշելիեն շարունակում էր կանգնած մնալ բուխարուն հենված։ Սենյակում գտնվող սեղանը նրան բաժանում էր դ’Արտանյանից։
— Ողորմած պարոն,— սկսեց կարդինալը,— դուք ձերբակալված եք իմ հրամանով։
— Ինձ այդ ասել են, ձերդ պայծառափայլություն։
— Իսկ գիտե՞ք, թե ինչի համար։
— Ոչ, ձերդ պայծառափայլություն, չէ՞ որ միակ բանը, որի համար ես կարող էի ձերբակալվել, դեռևս հայտնի չէ ձերդ սրբազնությանը։
Ռիշիելիեն նայեց երիտասարդին։
— Ա՜յ թե ինչ։ Ի՞նչ է նշանակում այդ։
— Եթե ձերդ պայծառափայլությունը կցանկանա ասել, թե ինչ հանցանքներ են վերագրվում ինձ, այն ժամանակ ես կպատմեմ իմ արարքները, որ իսկապես կատարել եմ։
— Ձեզ վերագրվում են այնպիսի հանցանքներ, որոնց համար ձեզնից շատ ավելի անվանի մարդկանց են գլխատել, ողորմած պարոն,— պատասխանեց Ռիշելիեն։
— Բայց ի՞նչ հանցանքներ, ձերդ պայծառափայլություն,— հարցրեց դ’Արտանյանը այնպիսի հանգստությամբ, որ կարդինալն անգամ զարմացավ։
— Ձեզ մեղադրում են այն բանում, որ դուք նամակագրություն եք ունեցել պետության թշնամիների հետ, մեղադրում են այն բանում, որ հայտնել եք պետական գաղտնիքները, այն բանում, որ դուք փորձել եք խափանել ձեր զորապետի պլանները։
— Իսկ ո՞վ է ինձ մեղադրում այդ բաներում, ձերդ պայծառափայլություն,— հարցրեց դ’Արտանյանը, գլխի ընկնելով, որ այդ միլեդիի սարքած գործն է։— Մի կին, որը խարանված է պետական դատարանի վճռով, մի կին, որը Ֆրանսիայում ամուսնացել է մի մարդու հետ և Անգլիայում՝ մի ուրիշի հետ, մի կին, որը թունավորել է իր երկրորդ ամուսնուն և փորձ է արել հենց ինձ էլ թունավորել։
— Ինչե՞ր եք պատմում դուք, ողորմած պարոն,— զարմացած բացականչեց կարդինալը։— Ի՞նչ կնոջ մասին եք խոսում դուք։
— Միլեդի Վինտերի մասին,— պատասխանեց դ’Արտանյանը։— Այո, միլեդի Վինտերի մասին, որի բոլոր ոճրագործությունները, ըստ երևույթին, հայտնի չեն եղել ձերդ սրբազնությանը, երբ դուք նրան պատվել եք ձեր վստահությամբ։
— Եթե միլեդի Վինտերը կատարել է այն ոճիրները, որ ասում եք դուք, ողորմած պարոն, ապա նա կպատժվի։
— Նա արդեն պատժված է, ձերդ պայծառափայլություն։
— Բայց ո՞վ է պատժել նրան։
— Մենք։
— Նա բանտո՞ւմն Է։
— Նա մեռել է։
— Մեռե՞լ,— կրկնեց կարդինալը իր ականջներին չհավատալով։— Մեռե՜լ է։ Այդպե՞ս ասացիք դուք։
— Երեք անգամ նա փորձել է սպանել ինձ, և ես ներել եմ նրան, բայց նա սպանեց մի կնոջ, որին ես սիրում էի։ Այն ժամանակ ես ու իմ ընկերները բռնեցինք նրան, դատեցինք և դատապարտեցինք մահվան։
Դ’Արտանյանը պատմեց կարմելիտուհիների Բետյունի վանքում տիկին Բոնասիեին թունավորելու մասին, մենավոր տան մեջ կայացած դատի և Լիս գետի ափին տված մահապատժի մասին։
Կարդինալի մարմնով դող անցավ, այնինչ սակավ էր պատահում, որ նա դողար։
Բայց հանկարծ, ասես ինչ֊որ չարտահայտած մտքի ազդեցությամբ, կարդինալի դեմքը, որ մինչ այդ մռայլ էր, կամաց֊կամաց պարզվեց և վերջապես բոլորովին անխռով արտահայտություն ընդունեց։
— Նշանակում է,— խոսեց նա մեղմ ձայնով, որ հակասում էր նրա դաժան խոսքերին,— դուք ձեզ վրա եք վերցրել դատավորի իրավունքներ, չմտածելով, որ ով պատժելու լիազորություն չունի, բայց պատժում է, դրանով իսկ մարդասպան է համարվում։
— Ձերդ պայծառափայլություն, երդվում եմ, որ ես ոչ մի րոպե ձեր առաջ արդարանալու մտադրություն չեմ ունեցել։ Ես պատրաստ եմ կրելու այն պատիժը, որ ձերդ սրբազնությանը հաճելի կլինի տալ ինձ։ Ես շատ քիչ եմ գնահատում իմ կյանքը, ուստի չեմ վախենա մահից։
— Այո, գիտեմ, դուք քաջ մարդ եք,— ասաց կարդինալը փաղաքշական ձայնով։— Ուստի կարող եմ նախապես ասել, որ ձեզ կդատեն և նույնիսկ մահապատիժ կտան։
— Մի ուրիշը լիներ, կարող էր ասել ձերդ սրբազնությանը, որ ձեր արտոնաթուղթը իր գրպանում է, բայց ես միայն կասեմ ձեզ, հրամայեցեք, ձերդ պայծառափայլություն, ես պատրաստ եմ ամեն ինչի։
— Իմ արտոնաթո՞ւղթը,— զարմացավ Ռիշելիեն։
— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Իսկ ո՞վ է ստորագրել։ Թագավո՞րը։
Կարդինալն այս խոսքերն արտասանեց արհամարհանքի մի հատուկ երանգով։
— Ոչ, ձերդ սրբազնությունը։
— Ե՞ս։ Դուք, ինչ է, խելագարվե՞լ եք։
— Դուք, իհարկե, կճանաչեք ձեր ձեռագիրը, ձերդ պայծառափայլություն։
Դ’Արտանյանը կարդինալին տվեց այն թանկագին թուղթը, որ Աթոսը խլել էր միլեդիից և տվել էր դ’Արտանյանին, որպեսզի այն պաշտպանություն ծառայի նրան։
Նորին սրբազնությունը թուղթը վերցրեց և դանդաղ, ամեն մի բառը շեշտելով կարդաց.
։։։։։։։։։։«Այն, ինչ արել է սույնը ներկայացնողը, արել է իմ հրամանով և պետության բարօրության համար։
։։։։։։։։։։5 օգոստոսի 1628 թ.
։։։։։։։։։։Ռիշելիե»։
Այս երկու տողը կարդալով՝ կարդինալը սուզվեց խոր մտքի մեջ, բայց թուղթը դ’Արտանյանին չվերադարձրեց։
«Նա մտածում է, թե ինչ մահով պատժի ինձ,— խորհում էր դ’Արտանյանը,— բայց երդվում եմ, նա կտեսնի, թե ինչպես է մեռնում ազնվականը»։
Երիտասարդ հրացանակիրը հիանալի տրամադրության մեջ էր և պատրաստվում էր հերոսաբար անցնելու մյուս աշխարհը։
Ռիշելիեն մտքի մեջ ընկած փաթաթում ու նորից բաց էր անում ձեռքի թուղթը։ Վերջապես նա գլուխը բարձրացրեց, իր արծվային հայացքը հառեց դ’Արտանյանի խելացի, անկեղծ ու ազնիվ դեմքին։ Այդ դեմքի վրա, որտեղ դեռ մնացել էին արցունքի հետքերը, նա կարդաց այն բոլոր տառապանքները, որ կրել էր դ’Արտանյանը վերջին ամսվա ընթացքում և երրորդ թե չորրորդ անգամ մտքում պատկերացրեց, թե ինչպիսի մեծ հույսեր է ներշնչում այդ պատանին, որն ընդամենը քսանմեկ տարեկան է, և թե խելացի տիրակալը ինչպիսի հաջողությամբ կարող է օգտագործել նրա եռանդը, նրա խելքն ու քաջությունը։
Մյուս կողմից միլեդիի հանցագործությունները, հզորությունը և դժոխային հանճարը շատ անգամ էին սարսափեցրել նրան։ Նա մի ինչ֊որ գաղտնի ուրախություն էր զգում այն մտքից, որ ընդմիշտ ազատվել է այդ վտանգավոր կնոջից։
Կարդինալը դանդաղորեն պատառոտեց այն թուղթը, որն այնպես մեծահոգաբար վերադարձրել էր դ’Արտանյանը։
«Ես կորած եմ»,— մտածեց դ’Արտանյանը։
Նա խոնարհ գլուխ տվեց կարդինալին, որպես թե ասելիս լիներ.
«Տե՜ր, եղիցի կամք քո»։
Կարդինալը մոտեցավ սեղանին և առանց նստելու մի քանի տող գրեց մագաղաթի վրա, որի երկու երրորդն արդեն լրացված էր, և դրեց իր կնիքը։
«Սա իմ դատավճիռն է,— մտածեց դ’Արտանյանը,— կարդինալն ինձ ազատում է Բաստիլի ձանձրալի բանտարկությունից և դատաքննության բոլոր քաշքշուկներից։ Դա շատ մեծ սիրալիրություն է նրա կողմից»։
— Վերցրեք,— ասաց կարդինալը երիտասարդին։— Ես ձեզնից վերցրի մի արտոնաթուղթ և փոխարենը տալիս եմ մեկ ուրիշը։ Այս թղթի վրա գրված չէ միայն տիրոջ անունը, այն էլ դուք գրեցեք։
Դ’Արտանյանը անվճռական վերցրեց թուղթը և նայեց նրան։
Դա հրացանակիրների լեյտենանտի աստիճան տալու հրամանագիր էր։
Դ’Արտանյանը կարդինալի ոտքերն ընկավ։
— Ձերդ պայծառափայլություն,— ասաց նա,— իմ կյանքը ձեզ է պատկանում, տնօրինեցեք այսուհետև ինչպես կուզենաք։ Բայց ես արժանի չեմ այն ողորմածությանը, որ ցույց եք տալիս դուք ինձ։ Ես ունեմ երեք ընկերներ, որոնք ավելի մեծ ծառայություններ են մատուցել և ավելի շատ են արժանի...
— Դուք հիանալի տղա եք, դ’Արտանյան,— ընդհատեց նրան կարդինալը և բարեկամաբար թփթփացրեց նրա ուսին, գոհ լինելով, որ իրեն հաջողվել է նվաճել այդ ըմբոստ հոգին։— Տնօրինեցեք այդ թղթի բախտը, ինչպես կցանկանաք։ Միայն թե հիշեցեք, որ թեպետև անունը գրված չէ, բայց ես ձեզ եմ տալիս այն։
— Ես այդ երբեք չեմ մոռանա,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ձերդ սրբազնությունը կարող է վստահ լինել դրանում։
Կարդինալը շուռ եկավ և բարձր կանչեց։
— Ռոշֆո՛ր։
Ասպետը, որ երևի կանգնած էր դռան հետևում, իսկույն ներս մտավ։
— Ռոշֆո՛ր,— ասաց կարդինալը,— դուք տեսնում եք պարոն դ’Արտանյանին. ես նրան ընդունում եմ իմ բարեկամների շարքը, ուստի համբուրվեցեք երկուսդ և խելոք մնացեք, եթե ուզում եք պահպանել ձեր գլուխը։
Ռոշֆորը և դ’Արտանյանը համբուրվեցին՝ հազիվ իրար դիպցնելով շրթունքները։ Կարդինալը կանգնած էր այնտեղ և նրանցից չէր հեռացնում իր զգոն աչքը։
Նրանք միասին դուրս եկան սենյակից։
— Մենք դեռ կտեսնվենք, չէ՞, ողորմած պարոն,— ասաց Ռոշֆորը։
— Երբ ցանկանաք,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Առիթը չի ուշանա,— ասաց Ռոշֆորը։
— Ի՞նչ,— հարցրեց Ռիշելիեն դուռը բաց անելով։
Երիտասարդներն իսկույն ժպտացին իրար, միմյանց ձեռք սեղմեցին և գլուխ տվին նորին սրբազնությանը։
— Մենք արդեն սկսել էինք համբերությունից դուրս գալ,— ասաց Աթոսը։
— Ահա և ես, բարեկամներս,— պատասխանեց դ’Արտանյանը։ Ես ոչ միայն ազատ եմ, այլև արժանացել եմ ողորմածության։
— Դուք մեզ ամեն ինչ կպատմեք։
— Հենց այսօր երեկոյան։
Իսկապես, նույն երեկոյան դ’Արտանյանը գնաց Աթոսի մոտ և նրան գտավ մի շիշ իսպանական գինու առաջ նստած, մի զբաղմունք, որին Աթոսն անշեղորեն նվիրվում էր ամեն երեկո։
Դ’Արտանյանը պատմեց նրան ամեն ինչ, որ տեղի էր ունեցել կարդինալի մոտ և գրպանից թուղթը հանելով ասաց.
— Վերցրեք, սիրելի Աթոս, այս թուղթը իրավամբ ձեզ է պատկանում։
Աթոսը ժպտաց իր սիրալիր, դյութիչ ժպիտով։
— Բարեկամս, Աթոսի համար դա խիստ շատ է, կոմս դը Լա Ֆերի համար՝ քիչ,— պատասխանեց նա։— Թողեք ձեզ մոտ մնա այդ թուղթը, ձեզ է պատկանում այն։ Դուք, ավա՜ղ, թանկ գնով եք ձեռք բերել այն։
Դ’Արտանյանը Աթոսի մոտից դուրս եկավ և գնաց Պորտոսի մոտ։
Նա Պորտոսին գտավ հայելու առաջ, մի հիանալի շքեղ կամզոլ հագած՝ նա նայում ու հիանում էր իրենով։
— Ա՜, դո՞ւք եք, սիրելի բարեկամս,— ողջունեց նա դ’Արտանյանին։— Ի՞նչ եք կարծում, սազո՞ւմ է ինձ այս հագուստը։
— Շատ խիստ է սազում,— պատասխանեց դ’Արտանյանը,— բայց ես եկել եմ ձեզ առաջարկելու մի ուրիշ հագուստ, որը շատ ավելի կսազի ձեզ։
— Ի՞նչ հագուստ։
— Հրացանակիրների լեյտենանտի բաճկոն։
Եվ դ’Արտանյանը Պորտոսին պատմեց իր տեսակցությունը կարդինալի հետ ու գրպանից թուղթը հանելով ասաց.
— Վերցրեք, սիրելի բարեկամս, գրեցեք ձեր անունը և եղեք իմ լավ պետը։
Պորտոսը նայեց թղթին և, ի մեծ զարմանս դ’Արտանյանի, վերադարձրեց այն։
— Այո, այդ ինձ համար շատ հաճելի բան կլիներ,— ասաց նա,— բայց հնարավորություն չէի ունենա երկար ժամանակ օգտվելու այդ փառքից։ Երբ մենք Բետյուն էինք գնացել, իմ դքսուհու ամուսինը մեռավ, ուստի և հանգուցյալի սնդուկն ուղղակի շտապում է իմ ձեռքն ընկնել, և ես, սիրելի բարեկամս, ամուսնանալու եմ այրու հետ։ Ահա, տեսնո՞ւմ եք, իմ հարսանյաց զգեստն էի չափում։ Թողեք ձեզ մնա լեյտենանտի աստիճանը, բարեկամս, թողեք ձեզ մնա։
Եվ նա թուղթը վերադարձրեց դ’Արտանյանին։
Պատանին գնաց Արամիսի մոտ։
Նա գտավ նրան գրակալի առաջ։ Արամիսը ծունկ էր չոքել և գլուխը խոնարհել բացված աղոթագրքի վրա։
Դ’Արտանյանը պատմեց նրան իր տեսակցությունը կարդինալի հետ և երրորդ անգամ թուղթը գրպանից հանելով ասաց.
— Դուք, մեր բարեկամ, մեր կերոն, մեր անտեսանելի հովանավոր, ընդունեցեք այս թուղթը։ Դուք, ավելի քան մեկ ուրիշը, արժանի եք սրան ձեր իմաստությամբ ու ձեր խորհուրդներով, որոնք միշտ մեզ հաջողությունների են հասցրել։
— Ավա՜ղ, սիրելի բարեկամս,— հառաչեց Արամիսը։— Մեր վերջին արկածները ինձ վերջնականապես զզվեցրին աշխարհիկ կյանքից ու զինվորական կոչումից։ Այս անգամ ես անդառնալի որոշում եմ ընդունել. պաշարումը վերջանալուց հետո մտնելու եմ լազարականների եղբայրության<ref>Լազարականների եղբայրություն — կրոնական միաբանություն՝ ստեղծված 1625թ.։ Այն միսիոներներ էր պատրաստում։</ref> մեջ։ Ձեզ պահեք այդ թուղթը, դ’Արտանյան, զինվորական ծառայությունը ձեզ շատ ավելի է սազում, և դուք կլինեք քաջ ու ձեռներեց զորապետ։
Դ’Արտանյանը երախտագիտության արցունքն աչքերին և ուրախությունն իր հայացքում վերադարձավ Աթոսի տուն ու նրան գտավ էլի սեղանի մոտ նստած։ Աթոսը լամպի լույսի տակ գինու վերջին բաժակն էր դիտում։
— Դեհ, ահա ուրեմն, նրանք նույնպես հրաժարվեցին,— ասաց դ’Արտանյանը։
— Որովհետև, սիրելի բարեկամս, ոչ ոք ձեզնից ավելի արժանի չէ դրան։
Նա գրիչը վերցրեց, գրեց դ’Արտանյանի անունը, թուղթը տվեց նրան։
— Այսպես ուրեմն, ես այլևս բարեկամներ չեմ ունենա,— ասաց պատանին,— և ավա՜ղ, ոչինչ չի մնա ինձ, բացի դառն հիշողություններից։
Նա գլուխը կախեց, և երկու կաթիլ արցունք գլորվեցին նրա այտերի վրայով։
— Դուք երիտասարդ եք,— պատասխանեց Աթոսը,— և ձեր դառն հիշողությունները դեռ կփոխվեն ուրախ հիշողությունների։
Վերջաբան
Լա֊Ռոշելը, չստանալով անգլիական նավատորմի ու զորքի օգնությունը, որ խոստացել էր Բեկինգհեմը, մի տարվա պաշարումից հետո անձնատուր եղավ, 1628 թ. հոկտեմբերի 28֊ին կապիտուլյացիան ստորագրվեց։
Թագավորը Փարիզ մտավ նույն թվականի դեկտեմբերի 23֊ին։ Նրան հանդիսավոր ընդունելություն էին կազմակերպել. ասես վերադառնում էր թշնամուն և ո՛չ թե ֆրանսիացիներին հաղթելուց հետո։ Նա քաղաք մտավ ծաղիկներով ու կանաչով զարդարված կամարի տակով, որ կապել էին Սեն Ժակ արվարձանում։
Դ’Արտանյանն ընդունեց իրեն շնորհված լեյտենանտի աստիճանը։
Պորտոսը ծառայությունը թողեց և հաջորդ տարին ամուսնացավ տիկին Կոկնարի հետ. պարզվեց, որ բաղձալի սնդուկում ութ հարյուր հազար լիվր կա։
Մուշկետոնը պճնազարդվեց մի հիասքանչ լիվրեով և հասավ այնպիսի երանելի վիճակի, որի մասին երազել էր իր ամբողջ կյանքում։ Այժմ նա ոսկեզարդ կառեթ էր քշում։
Արամիսը մի ուղևորություն կատարելով դեպի Լոթարինգիա՝ հանկարծ անհայտացավ և դադարեց նամակ գրել իր բարեկամներին։ Հետագայում տիկին Շևրյոզի միջոցով, որը պատմել էր իր երկու֊երեք սիրեկաններին, հայտնի դարձավ, որ նա վանական է դարձել Նանսի վանքերից մեկում։
Բազենը ծառայության էր մտել նույն վանքում։
Աթոսը դ’Արտանյանի հրամանատարությամբ որպես հրացանակիր ծառայեց մինչև 1631 թվականը, ապա մի անգամ Տուրեն գնալուց հետո նա ևս ծառայությունը թողեց այն պատճառաբանությամբ, որ մի փոքրիկ ժառանգություն էր ստացել Ռուսիլիոնում։
Գրիմոն հետևեց Աթոսին։
Դ’Արտանյանը երեք անգամ մենամարտի բռնվեց Ռոշֆորի հետ և երեք անգամ էլ վիրավորեց նրան։
— Չորրորդ անգամ հավանաբար ես ձեզ կսպանեմ,— ասաց նա ձեռքը մեկնելով Ռոշֆորին, որպեսզի օգնի նրան վեր կենալ։
— Այդ դեպքում ինձ համար էլ, ձեզ համար էլ ավելի լավ կլինի, եթե սրանով էլ վերջացնենք,— պատասխանեց վիրավորը։— Գրողը տանի, ես ձեր նկատմամբ ավելի լավ եմ տրամադրված, քան դուք կարծում եք, չէ՞ որ մեր առաջին իսկ հանդիպումից հետո ես կարող էի այնպես անել, որ ձեր գլուխը թռցնեն։ Բավական էր, որ մի խոսք ասեի կարդինալին։
Այս անգամ նրանք գրկախառնվեցին, բայց արդեն մաքուր սրտով և առանց հետին մտքերի։
Պլանշեն Ռոշֆորի աջակցությամբ գվարդիայի սերժանտի աստիճան ստացավ։
Պարոն Բոնասիեն ապրում էր հանգիստ, առանց իմանալու, թե ինչ պատահեց իր կնոջը և ամենևին չանհանգստանալով նրա մասին։ Մի անգամ նա անզգուշություն ունեցավ կարդինալին հիշեցնելու իր մասին։ Կարդինալը հրամայեց նրան պատասխանել, թե ինքը կհոգա, որ պարոն Բոնասիեն այսուհետև ոչ մի բանի պակաս չունենա։
Եվ իրոք, հաջորդ օրը երեկոյան ժամը յոթին պարոն Բոնասիեն դուրս եկավ տնից, մտադրված լինելով գնալ Լուվր, բայց այլևս Գերեզմանափորների փողոց չվերադարձավ։ Ոմանց կարծիքով, որոնք, ըստ երևույթին, մի բան գիտեին, նա նորին սրբազնության առատաձեռնության շնորհիվ ապրուստ ու բնակարան էր ստացել արքայական բերդերից մեկում։