1. Երեք հրացանակիրներ

Chapter 58

Երկրորդ մաս XXVIII. Փախուստ

Ինչպես և լորդ Վինտերը ենթադրում էր, միլեդիի վերքը վտանգավոր չէր։ Հենց որ միլեդին մենակ մնաց բարոնի կանչած կնոջ հետ, որը սկսել էր շտապ հանել նրա շորերը, աչքերը բաց արեց։

Սակայն հարկավոր էր թույլ ու հիվանդ ձևանալ, որը միլեդիի նման խեղկատակի համար մի դժվար բան չէր։ Խեղճ սպասուհին բոլորովին շշմել էր կալանավորուհուն նայելով, և չնայած նրա հորդորներին, համառորեն որոշել էր ամբողջ գիշերը նստել նրա անկողնու մոտ։

Բայց այդ կնոջ ներկայությունը միլեդիին չէր խանգարում անձնատուր լինել իր մտքերին։

Ոչ մի տարակույս չկար, որ Ֆելտոնը համոզված էր միլեդիի ասածների ճշտությանը, Ֆելտոնն ամբողջ հոգով նվիրված էր նրան։ Եթե հիմա հրեշտակն էլ ներկայանար նրան և սկսեր միլեդիին մեղադրել, ապա Ֆելտոնը հավանորեն այդ հրեշտակին կհամարեր սատանայի ուղարկած։

Այս մտքի վրա միլեդին ժպտաց, որովհետև Ֆելտոնն այսուհետև նրա միակ հույսն էր, փրկության միակ միջոցը։

Բայց չէ՞ որ լորդ Վինտերը կարող էր կասկածել Ֆելտոնին, հիմա հենց նրա վրա էլ կարող էին հսկողություն սահմանել։

Առավոտյան ժամը չորսին մոտ բժիշկը եկավ, բայց միլեդիի վերքն արդեն փափկվել էր, ուստի բժիշկը չկարողացավ պարզել ոչ նրա ուղղությունը, ոչ խորությունը, այլ միայն զարկերակից պարզեց, որ հիվանդի վիճակը ոչ մի վտանգ չի ներշնչում։

Առավոտյան միլեդին իրեն խնամող կնոջն ուղարկեց տուն, պատճառաբանելով, թե նա ամբողջ գիշեր չի քնել և հանգստի կարիք է զգում։

Նա հույս ուներ, որ երբ նախաճաշը բերեն, Ֆելտոնը կգա, բայց Ֆելտոնը չերևաց։

Մի՞թե նրա կասկածը իրականացել է։ Մի՞թե Ֆելտոնը բարոնի կասկածի տակ է ընկել և վճռական պահին իրեն օգնության չի գա։ Մնում էր միայն մեկ օր. լորդ Վինտերն իրեն ասել էր, որ մեկնումը նշանակված է ամսի քսանչորսին, իսկ արդեն բացվում էր քսաներկուսի առավոտը։

Այնուամենայնիվ միլեդին համբերությամբ սպասեց մինչև ճաշ։

Թեև առավոտյան ոչինչ չէր կերել, ճաշը բերին սովորական ժամին, և նա սոսկումով նկատեց, որ իրեն հսկող զինվորները արդեն ուրիշ համազգեստ ունեն։ Այն ժամանակ նա սիրտ արավ հարցնել, թե որտեղ է Ֆելտոնը։ Նրան պատասխանեցին, որ Ֆելտոնը մի ժամ առաջ ձի է նստել ու գնացել։

Միլեդին հարցրեց, թե արդյոք բարոնը դեռ ամրոցո՞ւմ է։ Զինվորը դրական պատասխան տվեց և ավելացրեց, որ բարոնը հրամայել է հայտնել, եթե կալանավորը ցանկություն կունենա խոսելու իր հետ։

Միլեդին ասաց, որ ինքը այժմ շատ թույլ է և իր միակ ցանկությունն է մենակ մնալ։

Զինվորը ճաշը դրեց սեղանին և դուրս գնաց։

Ֆելտոնին հեռացրել են, ծովային հետևակի զինվորների փոխարեն ուրիշ զինվորներ են բերել. նշանակում է Ֆելտոնին այլևս չեն վստահում։

Սա կալանավորին հասցրած վերջին հարվածն էր։

Սենյակում մենակ մնալով՝ միլեդին վեր կացավ, անկողինը, որի մեջ նա զգուշավորությունից պառկել էր ամբողջ առավոտ, որպեսզի իրեն ծանր վիրավոր համարեն, այրում էր նրան շիկացած թավայի նման։ Նա նայեց դռանը, փոքրիկ լուսամուտը փակված էր տախտակով։ Երևի բարոնը վախեցել էր, թե միլեդին մի որևէ դիվային հնարքով կկարողանա այդ լուսամուտով գայթակղել պահակներին։

Միլեդին ուրախությունից ժպտաց, վերջապես նա կարող է ենթարկվել իրեն փոթորկող զգացմունքներին, առանց վախենալու, թե իրեն հսկում են։ Կատաղության պոռթկումով նա սկսեց դեսուդեն ընկնել սենյակում, ինչպես վանդակի մեջ փակված վագր։ Եթե դանակը մնացած լիներ նրա մոտ, երևի այս անգամ կմտածեր սպանել բարոնին, այլ ոչ թե իրեն։

Ժամը վեցին եկավ լորդ Վինտերը։ Նա մինչև ատամները զինված էր։ Այդ մարդը, որի մասին միլեդին մինչ այդ մտածում էր, թե միայն հիմարավուն պալատական ասպետ է, դարձել էր հիանալի բանտապան, նա ամեն ինչ նախատեսում էր, ամեն ինչ կռահում էր և կանխում։

Միլեդիի վրա գցած մի հայացքից լորդ Վինտերը հասկացավ, թե ինչ է կատարվում նրա հոգում։

— Թող այդպես լինի,— ասաց նա,— բայց այսօր դեռ դուք ինձ չեք սպանի, դուք այլևս զենք չունեք, ես էլ շատ զգույշ եմ։ Դուք սկսել եք գայթակղել խեղճ Ֆելտոնին, նա արդեն սկսել է ենթարկվել ձեր դիվային ազդեցությանը, բայց ես ուզում եմ փրկել նրան, նա այլևս ձեզ չի տեսնի, ամեն ինչ վերջացած է։ Հավաքեցեք ձեր ունեցած֊չունեցածը, վաղը ճանապարհ եք ընկնում։ Սկզբում ես ձեր մեկնումը նշանակել էի ամսի քսանչորսին, բայց հետո մտածեցի, որ որքան շուտ՝ այնքան լավ։ Վաղը կեսօրին ձեզ աքսորելու հրամանը իմ ձեռքում կլինի։ Բեկինգհեմի ստորագրությամբ։ Եթե դուք նավ նստելուց առաջ որևէ մեկին գեթ մեկ խոսք ասեք, իմ սերժանտը գնդակ կարձակի ձեր ճակատին. այսպես է հրամայված նրան։ Եթե նավի վրա դուք առանց նավապետի թույլտվության գեթ մի խոսք ասեք որևէ մեկին, նավապետը կհրամայի ձեզ ծովը նետել, այսպիսի կարգադրություն է արված նրան։ Ցտեսություն, այս է այն ամենը, ինչ ուզում էի հաղորդել ձեզ այսօր։ Վաղը ես նորից կտեսնեմ ձեզ, կգամ հրաժեշտ տալու։

Այս ասելով՝ բարոնը հեռացավ։

Միլեդին այս ամենը լսեց արհամարհանքի ժպիտը դեմքին, բայց կատաղի չարությունը հոգում։

Ընթրիքը բերին։ Միլեդին զգաց, որ իրեն հարկավոր է ուժերն ամրապնդել. հայտնի չէր, թե այդ գիշեր ինչ կարող է պատահել։ Արդեն վրա էր հասնում գիշերը մռայլ ու փոթորկոտ, երկնքով ծանր ամպեր էին սահում, իսկ կայծակի հեռավոր բռնկումները փոթորիկ էին գուշակում։

Փոթորիկը սկսվեց երեկոյան ժամը տասին մոտ։ Միլեդին ուրախ էր տեսնելու, որ բնությունը բաժանում է իր հոգու խռովքը։ Շանթը որոտում էր օդում, ինչպես ցասումը՝ իր սրտում։ Նրան թվում էր, թե քամու պոռթկումները խփում են իր երեսին, ինչպես խփում էին ծառերին, ճկելով նրանց ճյուղերը, թափելով տերևները։ Միլեդին ոռնում էր մրրիկի պես, և նրա ձայնը խառնվում էր բնության հզոր ձայնին, որը կարծես նույնպես տնքում ու կատաղության էր հասնում։

Հանկարծ միլեդին լուսամուտի թխկոց լսեց և կայծակի փայլի թույլ լույսի տակ երկաթաճաղերի հետևում տեսավ մի մարդու դեմք։

Նա վազեց դեպի լուսամուտը և բացեց այն։

— Ֆելտո՜ն,— գոչեց նա։— Ես փրկվա՞ծ եմ։

— Այո՛,— արձագանքեց Ֆելտոնը,— բայց կամաց խոսեցեք... Ես դեռ պետք է երկաթաճաղերը խարտեմ։ Զգուշացեք, որ նրանք ձեզ չտեսնեն դռան փոքրիկ լուսամուտով։

— Ֆելտոն, ահա ապացույց, որ աստված մեր կողմն է,— ասաց միլեդին,— նրանք այն լուսամուտը փակել են տախտակով։

— Այդ լավ է, աստված նրանց զրկել է խելքից,— պատասխանեց Ֆելտոնը։

— Ի՞նչ պիտի անեմ ես,— հարցրեց միլեդին։

— Ոչինչ, ոչ մի բան, միայն փակեցեք լուսամուտը։ Պառկեցեք անկողնում կամ, ավելի լավ է, թիկնեցեք առանց հանվելու։ Երբ ես վերջացնեմ, լուսամուտը կբախեմ։ Բայց դուք ի վիճակի՞ եք ինձ հետևելու։

— О՜, այո։

— Իսկ ձեր վե՞րքը։

— Ցավում է, բայց քայլել չի խանգարում։

— Դեհ պատրաստ եղեք իմ առաջին իսկ կանչին։

Միլեդին լուսամուտը ծածկեց, լամպը մարեց, պառկեց ինչպես խորհուրդ էր տվել Ֆելտոնը և վերմակով ծածկվեց։ Փոթորկի ոռնոցների մեջ նա լսում էր ճաղերին քսվող խարտոցի խզզոցը, և կայծակի ամեն մի փայլատակումին լուսամուտի ապակիների հետևում տեսնում էր Ֆելտոնի ստվերը։

Մի ամբողջ ժամ նա պառկել էր հազիվ շունչ առնելով։ Նա ծածկվել էր պաղ քրտինքով և զգում էր, թե ինչպես է վախից սիրտը նվաղում, երբ միջանցքից թեկուզ ամենափոքր շրշյուն է լսում։

Լինում են ժամեր, որոնք տարիներ են տևում։

Մի ժամ անց՝ Ֆելտոնը նորից լուսամուտը բախեց։

Միլեդին վեր թռավ անկողնուց և լուսամուտը բացեց։ Լուսամուտի վանդակի երկու ճաղերը կտրված էին, բացվել էր մի անցք, որով մարդ կարող էր դուրս գալ։

— Պատրա՞ստ եք,— հարցրեց Ֆելտոնը։

— Այո։ Հարկավո՞ր է, որևէ բան վերցնեմ հետս։

— Ոսկի, եթե ունեք։

— Այո, բարեբախտաբար իմ ունեցած ոսկին մնացել է մոտս։

— Ավելի լավ, ես իմ ամբողջ փողը ծախսել եմ նավ վարձելու համար։

— Վերցրե՛ք,— ասաց միլեդին՝ Ֆելտոնին տալով ոսկի դրամներով լի տոպրակը։

Ֆելտոնը տոպրակը վերցրեց և գցեց ցած, պատի տակ։

— Իսկ հիմա,— ասաց նա,— իջնելու ժամանակն է։

— Լավ։

Միլեդին կանգնեց բազկաթոռի վրա և լուսամուտից դուրս ցցվեց։ Նա տեսավ, որ երիտասարդ սպան պարանե սանդուղքին կանգնած կախված է մի անդունդի վրա։

Առաջին անգամ վախը համակեց նրան և հիշեցրեց, որ նա կին է։

Նրան սարսափեցնում էր անհատակ անդունդը։

— Հենց դրանից էլ վախենում էի ես,— ասաց Ֆելտոնը։

— Դատարկ բան է... Դատարկ բան է...— խոսեց միլեդին։— Ես կիջնեմ աչքերս փակ։

— Դուք ինձ վստահո՞ւմ եք,— հարցրեց Ֆելտոնը։

— Դուք դեռ հարցնո՞ւմ եք։

— Մեկնեցեք ինձ ձեր ձեռքերը։ Միացրեք իրար խաչաձև, ահա այդպես։

Ֆելտոնը նրա ձեռքերը կապեց իր թաշկինակով, վրայից էլ պարանով։

— Այդ ինչ եք անում,— զարմանքով հարցրեց միլեդին։

— Գցեք ձեր ձեռքերը իմ պարանոցին և ոչ մի բանից մի վախեցեք։

— Բայց իմ պատճառով դուք հավասարակշռությունը կկորցնեք, և մենք երկուսս էլ կընկնենք, փշուր֊փշուր կլինենք։

— Մի՛ անհանգստացեք, ես ծովային եմ։

Ու մի վայրկյան կորցնել չէր կարելի։ Միլեդին ձեռքերը գցեց Ֆելտոնի պարանոցով և նրա օգնությամբ դուրս սողաց լուսամուտից։

Ֆելտոնը սկսեց դանդաղորեն իջնել աստիճանից աստիճան։ Չնայած երկու մարմինների ծանրությանը՝ սանդուղքը քամու պոռթկումներից ճոճվում էր օդում։

Հանկարծ Ֆելտոնը կանգ առավ։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց միլեդին։

— Կամա՜ց,— ասաց Ֆելտոնը։— Ես ինչ֊որ քայլերի ձայն եմ լսում։

— Մեզ տեսել են։

Մի քանի վայրկյան նրանք լուռ ականջ էին դնում։

— Ոչ,— վերջապես խոսեց Ֆելտոնը։— Սարսափելի ոչինչ չկա։

— Բայց ո՞ւմ քայլերն են։

— Այդ պահակներն են ամրոցի շուրջը պտտվում։

— Իսկ որտեղո՞վ պիտի անցնեն։

— Հենց մեր տակով։

— Մեզ կնկատեն։

— Չեն նկատի, եթե կայծակը չփայլատակի։

— Կդիպչեն սանդուղքի ծայրին։

— Բարեբախտաբար սանդուղքի ծայրը վեց ոտնաչափ, բարձր է գետնից։

— Ահա նրանք, աստվա՜ծ իմ։

— Լռեցեք։

Նրանք մնացին այդպես կախված՝ անշարժ, շունչներն իրենց պահած, գետնից մի քսան ոտնաչափ բարձրության վրա, իսկ այդ նույն ժամանակ նրանց տակով անցնում էին զինվորները՝ խոսելով ու ծիծաղելով։

Փախստականների համար դա մի սոսկալի պահ էր։

Պահակներն անցան։ Լսվում էին հեռացող քայլերի աղմուկը և հեռվում մարող ձայները։

— Այժմ մենք փրկված ենք,— ասաց Ֆելտոնը։

Միլեդին հոգոց հանեց և անզգայացավ։

Ֆելտոնը նորից սկսեց իջնել։ Հասնելով սանդուղքի ծայրին և ոտքերի տակ այլևս հենարան չզգալով՝ նա սկսեց աստիճաններից կառչել ձեռքերով։ Վերջապես վերջին աստիճանից կառչելով նա կախվեց ցած, և նրա ոտքերը գետնին դիպան։ Նա կռացավ, ոսկու տոպրակը վերցրեց ու ատամների մեջ առավ։

Հետո նա միլեդիին գիրկն առավ և արագ֊արագ գնաց պահակների հակառակ ուղղությամբ։ Շուտով նա պահակային շավղից դուրս եկավ, ցած իջավ ժայռերի միջով և ծովափ հասնելով՝ սուլեց։

Որպես պատասխան լսվեց նույնպիսի սուլոց, և հինգ րոպե անց՝ ծովում երևաց մի մակույկ՝ չորս թիավարներով։

Մակույկը մոտեցավ այնքան, որքան այդ հնարավոր էր. անբավարար խորությունը խանգարում էր նրան բոլորովին մոտենալ ափին։ Ֆելտոնը իր թանկագին բեռը ոչ ոքի չվստահելով՝ մինչև գոտին ջուրը մտավ։

Բարեբախտաբար փոթորիկն սկսել էր մեղմանալ, սակայն ծովը դեռ ալեկոծ էր։ Փոքրիկ մակույկը ալիքների վրա տարուբերվում էր ընկույզի կճեպի պես։

— Դեպի նավը,— հրամայեց Ֆելտոնը։— Եվ արագ թիավարեցեք։

Չորս նավաստիները սկսեցին թիավարել, բայց ծովն այնպես ուժեղ էր ալեկոծվում, որ թիակները դժվարությամբ էին ջուրը ճեղքում։

Այնուամենայնիվ փախստականները հեռանում էին ամրոցից, իսկ այդ ամենակարևորն էր։ Գիշերը շատ խավար էր, և մակույկից համարյա անհնարին էր ափը տեսնել, առավել ևս՝ ափից ամենևին չէր երևում մակույկը։

Ծովում մի ինչ֊որ սև կետ էր տատանվում։

Այդ նավն էր։

Մինչ չորս նավաստիները ամբողջ ուժով թիավարում էին դեպի նավը, Ֆելտոնն արձակեց նախ պարանը, ապա՝ թաշկինակը, որոնցով կապել էր միլեդիի ձեռքերը։

Ձեռքերն արձակելուց հետո նա բռով ջուր վերցրեց ծովից և ցանեց միլեդիի երեսին։

Միլեդին խոր շունչ առավ և աչքերը բացեց։

— Որտե՞ղ եմ ես,— հարցրեց նա։

— Դուք փրկված եք,— պատասխանեց երիտասարդ սպան։

— Օ՜, փրկվա՜ծ եմ,— գոչեց միլեդին։— Այո, ահա երկինքը, ահա և ծովը։ Օդը, որ շնչում եմ ես, ազատության օդը։ Ա՜խ... Շնորհակալ եմ, Ֆելտոն, շնորհակալ եմ ձեզնից։

Երիտասարդ սպան նրան սեղմեց իր սրտին։

— Բայց ի՞նչ է պատահել իմ ձեռքերին,— զարմացավ միլեդին։— Ասես ճզմել են սեղմիչներով։

Նա ձեռքերը բարձրացրեց։ Իսկապես, դաստակները թմրել էին և ծածկված էին կապույտ բծերով։

— Ավա՜ղ,— հառաչեց Ֆելտոնը՝ նայելով այդ գեղեցիկ ձեռքերին և սիրալիր օրորելով գլուխը։

— Ա՜խ, ոչինչ, դատարկ բան է,— ասաց միլեդին։— Հիմա ես հիշեցի։

Նա սկսեց ինչ֊որ բան որոնել շուրջը։

— Այստեղ է,— հանգստացրեց նրան Ֆելտոնը և ոտքով մոտ հրեց նրան ոսկու տոպրակը։

Նրանք մոտեցան նավին։ Հերթապահը ձայն տվեց մակույկում նստածներին, մակույկից պատասխանեցին։

— Այս ի՞նչ նավ է,— հարցրեց միլեդին։

— Սա այն նավն է, որ ես վարձել եմ ձեզ համար։

— Ո՞ւր է տանելու ինձ։

— Ուր որ ցանկանաք, միայն թե ինձ ափ իջեցնեք Պորտսմուտում։

— Ի՞նչ եք անելու դուք Պորտսմուտում,— հարցրեց միլեդին։

— Լորդ Վինտերի հրամանն եմ կատարելու,— մռայլ ժպիտով պատասխանեց Ֆելտոնը։

— Ի՞նչ հրաման։

— Մի՞թե դուք չեք հասկանում։

— Ոչ։ Բացատրեցեք, խնդրում եմ։

— Այլևս ինձ չվստահելով՝ նա որոշեց անձամբ հսկել ձեզ, իսկ ինձ իր փոխարեն ուղարկել է Բեկինգհեմի մոտ՝ ձեր աքսորման հրամանը ստորագրել տալու։

— Բայց եթե նա ձեզ չի վստահում, ինչպե՞ս է հանձնարարել այդ հրամանը տանել։

— Մի՞թե ես պետք է իմանամ, թե ինչ եմ տանում։

— Ճիշտ որ։ Եվ դուք Պորտսմո՞ւտ եք գնում։

— Ինձ հարկավոր է շտապել, վաղը ամսի քսաներեքն է, և Բեկինգհեմը նավատորմի հետ մեկնելու է։

— Վաղը նա մեկնո՞ւմ է։ Ո՞ւր։

— Լա ֊Ռոշել։

— Նա չպե՛տք է գնա Լա֊Ռոշել,— գոչեց միլեդին իր սովորական սառնարյունությունը կորցնելով։

— Հանգիստ եղեք,— պատասխանեց Ֆելտոնը,— նա չի՛ գնա։

Միլեդին ուրախությունից դողաց, նա կարդաց երիտասարդի սրտի գաղտնարանը, այնտեղ գրված էր՝ մա՛հ Բեկինգհեմին։

— Ֆելտոն... Դու մեծ մարդ ես, ինչպես Հուդա Մակաբեն։ Եթե դու մեռնելու լինես, ես էլ քեզ հետ միասին կմեռնեմ։ Ահա ամենը, ինչ կարող եմ ասել քեզ։

— Կամա՜ց,— հիշեցրեց Ֆելտոնը։— Մոտենում ենք։

Իսկապես, մակույկն արդեն մոտենում էր նավին։

Ֆելտոնն առաջինը բարձրացավ սանդուղքով և ձեռքը տվեց միլեդիին, իսկ նավաստիները օգնում էին նրան, որովհետև ծովը դեռ ալեկոծ էր։

Մի րոպե անց՝ նրանք կանգնած էին տախտակամածի վրա։

— Նավապետ,— ասաց Ֆելտոնը,—ահա այն կինը, որի մասին ասում էի ձեզ և որին պետք է ողջ ու առողջ հասցնել Ֆրանսիա։

— Հազար պիստոլով,— պատասխանեց նավապետը։

— Ես արդեն հինգ հարյուրը տվել եմ ձեզ։

— Միանգամայն ճշմարիտ է։

— Ահա և մնացած հինգ հարյուրը,— միջամտեց միլեդին՝ ձեռքն առնելով ոսկու տոպրակը։

— Ո՛չ,— առարկեց Նավապետը,— ես երբեք խոսքս չեմ փոխում. այս երիտասարդին ևս խոսք եմ տվել մնացած հինգ հարյուրը ստանալ Բուլոն հասնելուց հետո։

— Իսկ կհասնե՞նք այնտեղ։

— Ողջ և առողջ,— պատասխանեց նավապետը։— Այդ այնքան հաստատ է, որքան այն, որ ինձ կոչում են Ջեկ Բուտլեր։

— Դե ուրեմն, եթե դուք ձեր խոստումը կատարեք, ես ձեզ կտամ ոչ թե հինգ հարյուր, այլ հազար պիստոլ։

— Ուռա՜, չքնաղ տիկին,— գոչեց նավապետը։— Տա աստված, որ հաճախ ունենամ ձերդ ողորմածության նման ուղևորներ։

— Իսկ առայժմ,— ասաց Ֆելտոնը,— հասցրեք մեզ ծովախորշ... Հիշո՞ւմ եք, այն ծովախորշը, որի մասին մենք պայմանավորվել ենք։

Որպես պատասխան՝ նավապետը հրամայեց բռնել անհրաժեշտ ուղղությունը, և առավոտյան ժամը յոթին մոտ Փոքրիկ նավը խարիսխ գցեց Ֆելտոնի նշած ծովախորշում։

Այս ճամփորդության ժամանակ Ֆելտոնը պատմեց միլեդիին, թե ինչպես ինքը Լոնդոն գնալու փոխարեն վարձել է այդ նավը, ինչպես է վերադարձել, թե ինչպես է ամրոցի պատով վեր մագլցել քարերի արանքները երկաթե բրեր խրելով ու նրանցից կառչելով, ինչպես է, վերջապես, հասել լուսամուտի վանդակին ու նրանից կապել պարանասանդուղքը։ Մնացածը միլեդիին հայտնի էր։

Իսկ միլեդին ուղում էր ամրապնդել Ֆելտոնի մտադրությունը։ Բայց առաջին իսկ խոսքերից նա հասկացավ, որ երիտասարդ մոլեռանդին ավելի շուտ զսպել է հարկավոր, քան գործողության դրդել։

Նրանք պայմանավորվեցին, որ միլեդին Ֆելտոնին սպասելու է մինչև ժամը տասը, և եթե ժամը տասին Ֆելտոնը չվերադառնա, միլեդին պետք է ճանապարհ ընկնի։ Այդ դեպքում, եթե Ֆելտոնն ազատության մեջ լինի, նրանք կհանդիպեն Ֆրանսիայում, կարմելիստուհիների Բետյունի վանքում։

Comments