Chapter 56
Երկրորդ մաս XXVI. Կալանավորման հինգերորդ օրը
Միլեդին արդեն կիսով չափ տոնում էր իր հաղթանակը, և ձեռք բերած հաջողությունը կրկնապատկում էր նրա ուժերը։
Դժվար չէր հաղթանակ տանել, ինչպես անում էր նա մինչև այժմ, այն մարդկանց նկատմամբ, որոնք հեշտությամբ ենթարկվում էին գայթակղությանը, և որոնց պալատական պարկեշտ դաստիարակությունը արագորեն գցում էր նրա ցանցի մեջ։ Միլեդին այնքան գեղեցիկ էր, որ մարմինը նվաճելու ճանապարհին դիմադրության չէր հանդիպում, և այնքան ճարպիկ, որ հեշտությամբ հաղթահարում էր հոգու պատճառած խոչընդոտները։
Բայց այս անգամ նա ստիպված էր եղել պայքարի մեջ մտնել մի անձի հետ, որը մարմինը մեռցնելու հետևանքով օտարոտի էր, ներփակ, անզգա։ Կրոնը և կրոնական դաժան վարժությունները Ֆելտոնին դարձրել էին մի մարդ, որն անմատչելի էր սովորական գայթակղությունների համար։ Այդ խանդավառ մտքի մեջ ճախրում էին այնպիսի ընդարձակ պլաններ, այնպիսի խռովահույզ մտքեր, որ նրա մեջ տեղ չէր մնում քմահաճույքից կամ զգայական հրապուրանքի շնորհիվ առաջացող ոչ մի սիրո համար, այն սիրո, որ սնում է պարապությունը և որը աճում է բարոյական ապականության ազդեցությամբ։ Միլեդին արդեն կոտրել էր սառույցը, իր շինծու բարեպաշտությամբ սասանել էր իր նկատմամբ եղած կարծիքը այն մարդու մեջ, որը խիստ նախապաշարված էր նրա նկատմամբ, իսկ իր գեղեցկությամբ նվաճել էր առաքինի ու անարատ հոգու տեր մարդու սիրտն ու զգացմունքները։ Վերջապես ամենաըմբոստ այդ էակի նկատմամբ, ինչպիսին կարող էին նրան ներկայացնել բնությունն ու կրոնը ուսումնասիրելու համար, այդ գործում նա ամբողջ լայնությամբ ծավալեց իր ուժերն ու ընդունակությունները, որոնք մինչ այդ իրեն էլ անհայտ էին։
Բայց և այնպես այդ երեկոյի ընթացքում նա շատ անգամ հուսահատվեց իր բախտից և հենց ինքն իրենից։ Ճիշտ է, նա աստծուն կոչ չէր անում, բայց դրա փոխարեն հավատում էր չար հոգու օգնությանը, այդ հզոր ուժին, որը կառավարում է մարդկային կյանքի բոլոր մանրուքները և որը, ինչպես արաբական հեքիաթն է պատմում, բավական է մեկ նռան կորիզ, որպեսզի ամբողջ կործանված աշխարհը վերածնվի։
Միլեդին լավ էր պատրաստվել Ֆելտոնին ընդունելու համար և մանրամասն մտածել էր, թե ինչ պետք է անի այդ տեսակցության ժամանակ։ Նա գիտեր, որ իրեն միայն երկու օր է մնում և հենց որ Բեկինգհեմը հրամանը ստորագրի (իսկ Բեկինգհեմը չի ուշացնի ստորագրելը, մանավանդ որ հրամանում մտացածին անուն է դրված, հետևապես նա չի իմանա, թե որ կնոջ մասին է խոսքը), հենց որ, կրկնում ենք, այդ հրամանը ստորագրվի, բարոնն անհապաղ կուղարկի իրեն։ Նա գիտեր նաև, որ աքսորի դատապարտված կանայք գայթակղելու ավելի քիչ զորավոր միջոցներ ունեն, քան աշխարհում առաքինի ճանաչված կանայք, որոնց գեղեցկությունն ուժեղանում է բարձր հասարակության փայլով, գովաբանվում է մոդայի ձայնով և ոսկեզօծվում արիստոկրատական ծագման կախարդական շողերով։ Ստորացուցիչ, խայտառակ պատժի դատապարտելը կնոջը չի զրկում գեղեցկությունից, բայց անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում կրկին հզորության հասնելու ճանապարհին։ Ինչպես բոլոր շնորհալի մարդիկ, միլեդին ևս շատ լավ էր հասկանում, թե ո՛ր միջավայրն է ամենից ավելի սազում իր բնավորությանը, իր բնածին տվյալներին։ Աղքատությունը վանում էր նրան, ստորացումը խլում էր նրանից իր վեհության երկու երրորդը։ Միլեդին թագուհի էր միայն թագուհիների մեջ։ Իշխելու համար նրան հարկավոր էր բավարարված հպարտության գիտակցություն։ Ստորին արարածներին իշխելը նրա համար ավելի շուտ ստորացում էր, քան բավականություն։
Հասկանալի է, որ նա կվերադառնար աքսորից, դրանում ոչ մի րոպե նա չէր կասկածում, բայց որքա՞ն կարող էր տևել այդ աքսորը։ Այդպիսի գործունյա և իշխանասեր բնավորության համար, ինչպիսին էր միլեդին, այն օրերը, երբ մարդ չի բարձրանում, տարաբախտ օրեր էին թվում։ Ի՞նչ անուն կարելի է տալ, ուրեմն, այն օրերին, երբ մարդ ցած է գլորվում։ Կորցնել մեկ տարի, երկու տարի, երեք տարի՝ նշանակում է հավիտենականություն կորցնել։ Վերադառնալ այն ժամանակ, երբ հաղթանակած ու երջանիկ դ’Արտանյանը իր ընկերների հետ պարգև կստանա թագուհուց, որը լիովին կսազի նրան մատուցած ծառայությունների համար,— այս ամենն այնպիսի տանջալից մտքեր էին, որոնք չէր կարող տանել միլեդիի նման կինը։ Ի դեպ, նրա մեջ մոլեգնող փոթորիկը կրկնապատկում էր նրա ուժերը, և նա ի վիճակի կլիներ խորտակելու իր բանտի պատերը, եթե գեթ մի ակնթարթ նրա ֆիզիկական հնարավորությունները կարողանային հավասարվել մտավոր կարողություններին։
Այս ամենի մեջ նրան բորբոքում էր նաև մի միտք. ի՞նչ կասի կարդինալը, ինչ պիտի մտածի նա, ինչո՞վ կբացատրի իր լռությունը։ Թերահավատ, կասկածամիտ, անհանգիստ կարդինալը, որը ոչ միայն իր միակ հենարանը, իր միակ պաշտպանը, միակ հովանավորն էր ներկայումս, այլև իր երջանկության ու վրեժխնդրության գլխավոր զենքն էր ապագայում, նա ճանաչում էր կարդինալին, գիտեր, որ անհաջող ճանապարհորդությունից վերադառնալու՝ իզուր կսկսի արդարանալ իր բանտարկությամբ, իզուր կփորձի նկարագրել իր կրած տանջանքները։ Կարդինալը, որ ուժեղ է ինչպես իր իշխանությամբ, այնպես էլ իր խելքով, սկեպտիկի հեգնական հանգստությամբ կպատասխանի. «Դուք չպետք է բռնվեիք»։
Այդպիսի րոպեներին միլեդին գործի էր դնում իր ամբողջ եռանդը և մտքում կրկնում Ֆելտոնի անունը, լույսի այդ միակ շողը, որ թափանցել էր այն դժոխքի հատակը, որի մեջ ընկել էր նա։ Եվ ինչպես մի օձ, որը ցանկանալով փորձել իր ուժը՝ ոլորում ու զարգացնում է իր օղակները, նա նախապես փաթաթում էր Ֆելտոնին իր հնարամիտ երևակայության բազմաթիվ գալարներով։
Մինչդեռ ժամանակն անցնում էր, ժամերն իրար հետևից ասես արթնացնում էին զանգը, և պղնձե լեզվակի ամեն մի զարկը արձագանքում էր միլեդիի սրտում։ Ժամը իննին իր սովորության համաձայն եկավ լորդ Վինտերը, զննեց լուսամուտն ու երկաթե ճաղերը, դիտեց հատակը, պատերը, քարերն ու դուռը և այդ երկար ու մանրամասն զննման ընթացքում ո՛չ նա, ո՛չ միլեդին ոչ մի բառ չարտասանեցին։
Անտարակույս երկուսն էլ հասկանում էին, որ դրությունը շատ լուրջ է դարձել, ուստի հարկ չկա ժամանակ կորցնելու անօգուտ խոսքերով և անպտուղ զայրույթով։
— Ոչ, ոչ,— ասաց բարոնը դուրս գնալիս,— ձեզ դեռ չի հաջողվի այս գիշեր փախչել։
Ժամը տասին Ֆելտոնը եկավ ժամապահ կանգնեցնելու, և միլեդին քայլվածքից ճանաչեց նրան։ Այժմ նա դեռ չտեսած ճանաչում էր նրան, ինչպես սիրուհին է ճանաչում իր սիրածի քայլվածքը, մինչդեռ միլեդին ատում ու արհամարհում էր այդ թուլամորթ մոլեռանդին։
Պայմանավորված ժամը դեռ չէր հասել, և Ֆելտոնը ներս չմտավ։
Երկու ժամ անց, երբ կեսգիշերվա ժամը խփեց, ժամապահին փոխեցին։
Այս անգամ արդեն ժամանակն էր, և միլեդին սկսեց անհամբերությամբ սպասել։
Նոր ժամապահն սկսեց անցուդարձ անել միջանցքում։
Տասը րոպե անց եկավ Ֆելտոնը։
Միլեդին լսողությունը լարեց։
— Լսիր,— ասաց Ֆելտոնը ժամապահին,— ոչ մի պայմանով չհեռանաս այս դռնից։ Քեզ հո հայտնի է, որ անցյալ գիշեր միլորդը պատժեց զինվորներից մեկին նրա համար, որ այդ զինվորը մի րոպեով թողել էր իր պահակակետը, այնինչ նրա կարճատև բացակայության ժամանակ ես էի պահակություն անում։
— Այո, այդ ինձ հայտնի է,— պատասխանեց զինվորը։
— Հրամայում եմ քեզ՝ հսկել ամենայն ուշադրությամբ։ Իսկ ես,— ավելացրեց Ֆելտոնը,— ներս կմտնեմ և մի անգամ ևս կզննեմ այս կնոջ սենյակը, կարծես նա չար մտադրություն ունի վերջ տալու իր կյանքին, և ինձ հրամայված է հսկել նրան։
— Հիանալի՜ է,— շշնջաց միլեդին,— ահա արդեն խստաբարո պուրիտանը սկսում է ստել։
Զինվորը միայն քմծիծաղ տվեց։
— Գրողը տանի, պարոն լեյտենանտ, դուք չեք կարող դժգոհել այդպիսի հանձնարարությունից, մանավանդ, եթե միլորդը ձեզ լիազորել է զննել նաև նրա անկողինը։
Ֆելտոնը շիկնեց։ Բոլոր այլ հանգամանքներում նա խիստ կհանդիմաներ զինվորին, որ այդպիսի կատակ է թույլ տալիս իրեն, բայց խիղճը նրա մեջ այնքան ուժեղ խոսեց, որ շուրթերը չհամարձակվեցին որևէ բան ասել։
— Եթե ես կանչեմ,— ասաց նա,— ներս մտիր։ Այդպես էլ, եթե որևէ մեկը գա, ինձ կանչիր։
— Լսում եմ, պարոն լեյտենանտ,— պատասխանեց զինվորը։
Ֆելտոնը մտավ միլեդիի սենյակը։ Միլեդին վեր կացավ։
— Այդ դո՞ւք եք,— ասաց նա։
— Ես ձեզ խոստացել էի գալ և եկա։
— Դուք ինձ խոստացել էիք մի ուրիշ բան էլ։
— Ի՞նչ բան, աստվա՜ծ իմ,— խոսեց երիտասարդը և չնայած ինքնատիրապետման նրա ամբողջ կարողությանը՝ ծնկները դողացին և ճակատը քրտինքով պատեց։
— Դուք խոստացել էիք դանակ բերել և մեր խոսակցությունից հետո թողնել ինձ մոտ։
— Մի՛ խոսեք դրա մասին, տիկին։ Չկա այնպիսի դրություն, որքան էլ սոսկալի լինի այն, որ աստծո արարածին իրավունք տա զրկել իրեն կյանքից։ Ես մտածեցի և եկա այն եզրակացության, որ ոչ մի դեպքում այդպիսի մեղք չպետք է վերցնեմ իմ հոգու վրա։
— Ա՜խ, դուք մտածեցի՜ք,— ասաց միլեդին՝ արհամարհական ժպիտով բազկաթոռում նստելով,— ես էլ եմ մտածել և եկել մի եզրակացության։
— Ի՞նչ եզրակացության։
— Որ ես ոչինչ չունեմ ասելու մի մարդու, որն իր խոսքը չի կատարում։
— Օ՜, աստված իմ,— շշնջաց Ֆելտոնը։
— Կարող եք հեռանալ, ես ոչինչ չեմ ասի։
— Ահա դանակը,— խոսեց Ֆելտոնը գրպանից հանելով զենքը, որ իր խոստման համաձայն բերել էր, բայց սիրտ չէր անում տալ միլեդիին։
— Տվեք տեսնեմ։
— Ինչի՞ համար։
— Երդվում եմ պատվովս, ես իսկույն կվերադարձնեմ։ Կդնեք այս սեղանին և կկանգնեք նրա և իմ միջև։
Ֆելտոնը զենքը տվեց միլեդիին, և նա ուշի ուշով զննեց նրա շեղբը, մատին փորձեց սայրը։
— Լավ,— ասաց նա դանակը վերադարձնելով երիտասարդ սպային,— հիանալի պողպատից է... Դուք հավատարիմ բարեկամ եք, Ֆելտոն։
Ֆելտոնը դանակը վերցրեց և, ինչպես պայմանավորված էր, դրեց սեղանին։
Միլեդին հայացքով հետևում էր Ֆելտոնին և գոհունակության մի շարժում արեց։
— Հիմա,— ասաց նա,— լսեցեք ինձ։
Այս հրավերն ավելորդ էր, երիտասարդ սպան կանգնել էր նրա առաջ և ագահորեն սպասում էր նրա խոսքերին։
— Ֆելտոն,— սկսեց միլեդին հանդիսավորապես ու թախիծով,—Ֆելտոն, եթե ձեր քույրը, ձեր հոր դուստրը ձեզ ասեր, երբ ես դեռ ջահել աղջիկ էի և, դժբախտաբար, շատ գեղեցիկ, ինձ որոգայթի մեջ գցեցին, բայց ես դիմադրեցի։ Իմ դեմ բազմապատկեցին դավերն ու բռնությունները, բայց ես դիմացա։ Սկսեցին ծաղրի ենթարկել իմ դավանանքը, որովհետև ես օգնության էի կանչում աստծուն ու իմ հավատը, բայց ես էլի դիմացա։ Այն ժամանակ սկսեցին իմ գլխին վիրավորանքներ տեղալ, և որովհետև չկարողացան հոգիս կործանել, ուզեցին հավիտենապես ապականել իմ մարմինը։ Վերջապես...
Միլեդին կանգ առավ, և նրա շուրթերով մի դառը ժպիտ սահեց։
— Վերջապես,— կրկնեց Ֆելտոնը։— Վերջապես ի՞նչ արին։
— Վերջապես մի երեկո որոշեցին կոտրել իմ համառությունը, որ հաղթահարել չէր հաջողվում իրենց։ Եվ ահա մի երեկո ինձ համար բերած ջրի մեջ խիստ քնաբեր դեղ էին խառնել։ Նոր էի ես ընթրիքը վերջացրել, մեկ էլ զգացի, որ քիչ֊քիչ մի տարօրինակ թմրության մեջ եմ ընկնում։ Թեպետև ոչինչ չէի կասկածում, բայց մի անորոշ վախ համակեց ինձ, և ես աշխատում էի քունը հաղթահարել։ Վեր կացա, ուզեցի նետվել դեպի լուսամուտը, օգնություն կանչել, բայց ոտքերս հրաժարվեցին ենթարկվել։ Ինձ թվաց, թե առաստաղն իջնում է իմ գլխին և ճզմում է ինձ իր ծանրությամբ։ Ես ձեռքերս մեկնեցի, ուզում էի խոսել, բայց միայն անհասկանալի ձայներ էի հանում։ Անհաղթահարելի մի թմրություն տիրեց ինձ, ես բռնեցի բազկաթոռից, զգալով, որ հիմա կընկնեմ, բայց շուտով այդ հենարանը քիչ եղավ իմ ուժասպառ ձեռքերի համար, և ես ընկա մեկ ծնկիս վրա, ապա՝ երկու ծնկիս։ Ուզում էի աղոթել, լեզուս համրացել էր։ Աստված երևի չէր տեսնում և չէր լսում ինձ, և ես ընկա հատակին՝ մահվան պես խոր քնից հաղթահարված։
Այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել այդ քնի ժամանակ և թե որքան է տևել այն, ես ոչ մի հիշողություն չունեմ։ Հիշում եմ միայն, որ արթնացա անկողնում պառկած, շքեղորեն կահավորված մի մեծ սենյակում, որի լույսը թափանցում էր կտուրի անցքից։ Սենյակը ոչ մի դուռ չուներ։ Կարելի էր կարծել, որ դա մի հոյակապ բանտ է։
Երկար ժամանակ ես չէի կարողանում ինձ հաշիվ տալ, թե որտեղ եմ գտնվում և այն բոլոր մանրամասնությունների մասին, որ պատմում եմ հիմա, իմ միտքը ապարդյուն ջանք էր գործադրում թոթափել իր վրայից այդ քնի ծանր խավարը, որ ես հաղթահարել չէի կարողանում։ Իմ մեջ մնացել էր աղոտ պատկերացում կառեթով ճամփա գնալու մասին և ինչ֊որ մի սոսկալի երազի մասին, որի ժամանակ ես ուժասպառվել էի, բայց այդ ամենն ինձ պատկերանում էր այնպես խառնակ, այնպես անորոշ, ասես այդ բոլոր դեպքերը կատարվել էին ոչ ինձ հետ, այլ ինչ֊որ ուրիշի հետ, բայց իմ էության մի զարմանալի երկվության պատճառով, այնուամենայնիվ, միահյուսվել էին իմ կյանքի հետ։
Միաժամանակ այն վիճակը, որի մեջ գտնվում էի ես, այնքան տարօրինակ էր թվում, որ ես երևակայում էի, թե այդ ամենը երազում եմ տեսնում։ Ես երերալով վեր կացա։ Շորերս ընկած էին իմ կողքի աթոռին, բայց ես չէի հիշում, թե ինչպես եմ շորերս հանել, ինչպես եմ պառկել։ Այն ժամանակ իրականությունը քիչ֊քիչ սկսեց պատկերանալ ինձ իր ամբողջ սարսափով, և ես հասկացա, որ այն տանը չեմ գտնվում, որտեղ ապրում էի։ Որքան կարողացա հասկանալ սենյակի ներսը թափանցող արեգակի ճառագայթներից, արդեն մայրամուտը մոտենում էր, իսկ ես քնել էի նախորդ օրը երեկոյան. նշանակում է իմ քունը տևել էր մեկ օր ու գիշեր։ Ի՞նչ էր պատահել այդ երկարատև քնի ժամանակ։
Ես հագնվեցի այնքան արագ, որքան ներում էր իմ վիճակը։ Իմ թույլ ու դանդաղ շարժումները ցույց էին տալիս, որ թմրեցնող միջոցի ներգործությունը դեռ չէր անցել։ Այդ սենյակը, ինչպես երևում էր նրա կահավորանքից, նախատեսված էր այդտեղ կին ընդունելու համար, և ամենածայրահեղ կոկետուհին էլ, եթե մի որևէ ցանկություն արտահայտեր, սենյակին մի հայացք գցելով կհամոզվեր, որ իր այդ քմահաճույքը նույնպես կատարված է։
Անտարակույս ես առաջին կինը չէի, որ փակվել էի այդ շքեղ բանտում, բայց դուք հասկանում եք, Ֆելտոն, որ որքան ավելի էր աչքի ընկնում իմ բանտի փառահեղությունը, այնքան ավելի էր սարսափը համակում ինձ։ Այո, դա իսկական բանտ էր, որովհետև ես իզուր էի փորձում դուրս գալ այնտեղից։ Հետազոտեցի բոլոր պատերը, աշխատելով մի դուռ գտնել, բայց ամենուրեք թխկթխկացնելիս պատերը խուլ ձայն էին հանում։
Ես գուցե թե մի քսան անգամ շրջեցի սենյակը, մի որևէ ելք որոնելով։ Ոչ մի ելք չկար։ Սարսափից ու հոգնածությունից ընկճված՝ ես ընկա բազկաթոռին։
Իսկ գիշերն արագորեն իջնում էր, և նրա հետ ուժեղանում էր իմ սարսափը։ Չգիտեի՝ մնալ այստեղ, որտեղ նստած էի, ինձ թվում էր, թե բոլոր կողմերից ինձ դարանակալել է անտեսանելի վտանգը, և բավական է, որ մի քայլ անեմ, իսկույն կենթարկվեմ նրան։ Թեպետ նախորդ օրվանից դեռ ոչինչ չէի կերել, բայց վախը իմ մեջ խեղդել էր քաղցի զգացումը։
Դրսից ոչ մի ձայն չէր հասնում, որով ես կարողանայի որոշել ժամանակը։ Ենթադրում էի միայն, որ պետք է լինի երեկոյան ժամը յոթը կամ ութը, այդ հոկտեմբեր ամսին էր, և արդեն բոլորովին մթնել էր։
Հանկարծ մի դուռ ճռռաց, և ես ակամա ցնցվեցի։ Առաստաղի ապակեպատ անցքի վրա երևաց վառված մի լամպ, որ ասես հրավառ գունդ լիներ, և սենյակը պայծառ լուսավորվեց։ Եվ ես սոսկումով տեսա, որ ինձնից մի քանի քայլ հեռու կանգնած է մի մարդ։
Ասես կախարդական ուժով սենյակի մեջտեղում երևաց մի սեղան՝ վրան երկու մարդու ընթրիք դրած։
Դա հենց այն մարդն էր, որն արդեն մի տարի հետապնդում էր ինձ, որը խոստացել էր անարգել ինձ, և նրա առաջին իսկ խոսքերից ես հասկացա, որ նախորդ գիշերը նա իրագործել է իր մտադրությունը...
— Սրիկա,— շշնջաց Ֆելտոնը։
— Օ՜, այո՛, սրիկա՛,— գոչեց միլեդին, տեսնելով, թե երիտասարդ սպան ամբողջովին լսողություն դարձած ինչպիսի կարեկցանքով է ականջ դնում իր պատմությանը։— Այո՛, սրիկա՛։ Նա կարծում էր, թե բավական է, որ քնած ժամանակ հաղթանակ տանի իմ դեմ, որպեսզի ամեն ինչ արդեն վճռված լինի։ Նա եկել էր այն հույսով, որ ես կհամաձայնեմ հաշտվել իմ խայտառակության հետ, քանի որ այդ խայտառակությունն արդեն տեղի էր ունեցել։ Նա եկել էր ինձ խոստանալու իր հարստությունը իմ սիրո փոխարեն։
Ես այդ մարդու վրա թափեցի այն ամբողջ արհամարհանքը, այն ամբողջ ցասումը, որ կարող է պարփակվել մի կնոջ սրտում։ Հավանորեն նա սովոր էր այդպիսի նախատինքների, հանգիստ լսեց ինձ ձեռքերը կրծքին խաչած և ժպիտը դեմքին։ Հետո, կարծելով, թե ես վերջացրի, սկսեց մոտենալ ինձ։ Ես նետվեցի դեպի սեղանը, արագ վերցրի դանակը և դեմ արի կրծքիս։
«Էլի մի քայլ,— ասացի ես,— և դուք ստիպված կլինեք ինքներդ ձեզ հանդիմանել ոչ միայն իմ անարգանքի, այլև իմ մահվան համար»։
Իմ հայացքը, իմ ձայնը և իմ ամբողջ էությունը հավանորեն տոգորված էր այն անկեղծությամբ, որ համոզիչ է թվում նույնիսկ ամենափչացած մարդկանց, որովհետև նա կանգ առավ։
«Ձեր մահվան համա՞ր,— հարցրեց նա։— Օ՜, ոչ, դուք այնքան չքնաղ սիրուհի եք, որ ես չեմ կարող համաձայնել կորցնել ձեզ այդպես, միայն մեկ անգամ ձեզ տիրելու երջանկությունը ճաշակած։ Մնաք բարով, իմ գեղեցկուհի։ Ես կսպասեմ և կայցելեմ ձեզ այն ժամանակ, երբ դուք ավելի լավ տրամադրության մեջ կլինեք»։
Այս ասելով նա սուլեց։ Սենյակը լուսավորող բոցավառ գունդը առաստաղից էլ վեր բարձրացավ և անհայտացավ։ Ես նորից մնացի խավարում։ Մի ակնթարթից՝ նորից լսվեց բացվող ու փակվող դռան նույն ճռռոցը, բոցավառ գունդը դարձյալ ցած իջավ, և ես կրկին մնացի մենակ։
Դա զարհուրելի պահ էր։ Եթե իմ մեջ դեռ էլի կասկած կար իմ դժբախտության մասին, ապա այդ կասկածն էլ չքացավ, և ես հասկացա զարհուրելի իրականությունը, ես գտնվում էի այն մարդու ձեռքում, որին ոչ միայն ատում, այլև արհամարհում էի, այն մարդու ձեռքում, որն ընդունակ էր ամեն ինչի և արդեն ճակատագրական ձևով ապացուցել էր ինձ, թե ինչ կարող է անել...
— Բայց ո՞վ էր այդ մարդը,— հարցրեց Ֆելտոնը։
— Ես գիշերն անցկացրի աթոռին նստած, ամենափոքր աղմուկից վեր թռչելով, որովհետև կեսգիշերվան մոտ լամպը մարեց, և ես նորից մնացի խավարում։ Բայց գիշերն անցավ առանց մի նոր գայթակղության։ Օրը բացվեց, սեղանը չքացավ, և միայն դանակը մնաց իմ ձեռքում սեղմված։
Այդ դանակը իմ միակ հույսն էր։
Ես ուժասպառ էի եղել հոգնածությունից, աչքերս այրվում էին անքնությունից, ես սիրտ չէի անում քնել և ոչ մի րոպե։ Ցերեկվա լույսը հանգստացրեց ինձ, ես ընկա մահճակալին, չբաժանվելով փրկարար դանակից, որ ես թաքցրի բարձի տակ։
Երբ արթնացա, նորից սեղանը դրված էր իր տեղում, վրան՝ ուտելեղեն։
Այս անգամ, չնայած իմ ամբողջ սարսափին, իմ ամբողջ թախիծին, սոսկալի քաղց զգացի, արդեն երկու օր էր, ինչ ես ոչինչ չէի կերել։ Մի փոքր հաց և մի քանի պտուղ կերա։ Ապա հիշելով քնաբեր դեղի մասին, որ խառնել էին իմ խմած ջրին, ես սեղանին դրված ջրին ձեռք չտվի, այլ բաժակը լցրի մարմարե շատրվանից, որ շինված էր պատի մեջ, լվացարանի վերևում։
Սակայն, չնայած այս նախազգուշությանը, սկզբում խիստ անհանգստանում էի, բայց այս անգամ իմ երկյուղն անհիմն էր, օրն անցավ, և ես չզգացի այն, ինչից վախենում էի։ Իմ թերահավատությունն աննկատելի մնալու համար ես գրաֆինի ջրի կեսը թափեցի։
Վրա հասավ երեկոն, նրա հետ էլ խավարը։ Բայց իմ աչքերը սկսել էին վարժվել խավարին։ Մթության մեջ տեսա, թե ինչպես սեղանը ցած իջավ և մի քառորդ ժամ հետո նորից բարձրացավ, վրան իմ ընթրիքը, իսկ մի րոպե անց՝ երևաց նույն լամպը և սենյակը լուսավորեց։
Ես որոշեցի ոչինչ չուտել, բացի նրանից, ինչին չէր կարելի քնաբեր դեղ խառնել։ Իմ ամբողջ ընթրիքը կազմեցին երկու ձու և մի քանի պտուղ։ Հետո մի բաժակ ջուր լցրի իմ բարերար շատրվանից և խմեցի։
Առաջին իսկ կումերից զգացի, որ ջուրն այն համը չունի, ինչ առավոտյան ուներ։ Իսկույն իմ մեջ կասկած ծագեց, և այլևս չխմեցի, բայց արդեն կես բաժակի չափ խմել էի։ Ջրի մնացորդը զզվանքով թափեցի և պաղ քրտինքով ծածկվելով սկսեցի հետևանքներին սպասել։
Անկասկած մի ինչ֊որ անտեսանելի վկա նկատել էր, թե ինչպես ջուր վերցրի շատրվանից, և օգտվել էր իմ պարզամտությունից, որպեսզի ավելի հեշտ հասնի իմ կործանմանը, որ կանխորոշված էր այնպես սառնարյուն կերպով և հետապնդվում էր այնպիսի դաժանությամբ։
Կես ժամ չանցած՝ երևացին նույն նշանները, ինչ որ առաջին անգամ։ Բայց որովհետև այս անգամ միայն կես բաժակ էի խմել, դրա համար էլ ես ավելի երկար պայքարեցի և ոչ թե քնեցի, այլ ընկա մի տեսակ կիսաքուն վիճակի մեջ, որն ինձ չէր զրկել շուրջս տեղի ունեցող ամեն ինչը գիտակցելու հնարավորությունից, բայց խլել էր պաշտպանվելու կամ փախչելու ամեն մի ընդունակություն։
Ես փորձեցի քարշ գալ մինչև մահճակալը, որպեսզի բարձի տակից հանեմ իմ պաշտպանության միակ միջոցը՝ փրկարար դանակը, բայց չկարողացա հասնել բարձին, ընկա ցած և ջղաձգաբար բռնեցի մահճակալի ոտքը։ Այն ժամանակ հասկացա, որ ես կորած եմ...
Ֆելտոնը սփրթնեց, ջղաձիգ մի դող անցավ նրա մարմնով։
— Եվ ամենից սարսափելին այն էր,— շարունակեց միլեդին փոխված ձայնով, ասես դեռևս զգալով այն տագնապը, որ համակել էր նրան այն զարհուրելի պահին,— որ այս անգամ ես պարզ գիտակցում էի ինձ սպառնացող վտանգը. հոգիս, կրկնում եմ, արթուն էր իմ թմրած մարմնի մեջ, ուստի ամեն ինչ տեսնում էի ու լսում։ Ճիշտ է, ամեն ինչ տեղի էր ունենում ինչպես երազում, բայց հենց այդ էլ ավելի սոսկալի էր։
Ես տեսնում էի, թե ինչպես լամպը վեր է բարձրանում, ինչպես աստիճանաբար ես սուզվում եմ խավարի մեջ։ Հետո լսեցի դռան ճռռոցը, որ լավ ծանոթ էր ինձ, թեև այդ դուռը բացվել էր ընդամենը երկու անգամ։
Ես բնազդաբար զգացի, որ մեկը մոտենում է ինձ. ասում են Ամերիկայի ամայի տափաստաններում մոլորված դժբախտ մարդը հենց այդպես է զգում օձի մերձեցումը։
Ես փորձեցի հաղթահարել իմ համրությունը և գոռալ, կամքի անասելի ջանքով նույնիսկ վեր կացա, բայց միայն նրա համար, որպեսզի իսկույն նորից ընկնեմ... Ընկնեմ ինձ հալածողի գիրկը...
— Դե ասացեք տեսնեմ, ո՞վ էր այդ մարդը,— գոչեց երիտասարդ սպան։
Միլեդին առաջին իսկ հայացքից տեսել էր. թե որքան տանջանք է պատճառում Ֆելտոնին նրանով, որ կանգ է առնում իր պատմության բոլոր մանրամասնությունների վրա, բայց չէր ուզում նրան ազատել այդ տանջանքներից։ Որքան ավելի խոր խոցի նրա սիրտը, այնքան ավելի վստահ կլինի, որ նա վրեժ կլուծի իր համար։ Ուստի նա շարունակեց, որպես թե չլսելով երիտասարդի բացականչությունը կամ մտածելով, որ դեռ նրա հարցին պատասխանելու ժամանակը չի եկել։
— Միայն թե այս անգամ սրիկան գործ ուներ ոչ անխոս ու անզգա դիակի նման մի մարմնի հետ։ Ես արդեն ձեզ ասացի. չկարողանալով տիրել իմ մարմնական ու հոգեկան ընդունակություններին՝ ես, այնուամենայնիվ, պահպանել էի ինձ սպառնացող վտանգի գիտակցությունը, պայքարում էի ամբողջ ուժով և երևի համառորեն էի դիմադրում, որովհետև լսեցի, թե ինչպես նա գոչեց.
«Ա՛յ թե անպիտանն են այս պուրիտանուհիները։ Ես գիտեի, որ նրանք ուժասպառ են անում իրենց դահիճներին, բայց չէի կարծում, թե այդպես ուժեղ դիմադրում են իրենց սիրեկաններին»։
Ավա՜ղ, այդ հուսակտուր դիմադրությունը երկարատև լինել չէր կարող, ես զգացի, որ իմ ուժերը թուլանում են, և այս անգամ սրիկան օգտվեց ոչ թե իմ քնից, այլ իմ ուշագնացությունից...»։
Ֆելտոնը լսում էր նրան առանց մի բառ արտասանելու և միայն խուլ հառաչանքներ արձակելով։ Սառը քրտինք էր ծորում նրա մարմարանման ճակատով և շորի տակ թաքցրած ձեռքը ծվատում էր կուրծքը։
— Ուշքի գալուց հետո իմ առաջին շարժումը եղավ բարձիս տակ գտնել դանակը, որին դրանից առաջ հասնել չէի կարողացել. եթե դանակն ինձ որպես պաշտպանություն չծառայեց, ապա կարող էր ծառայել գոնե իմ փրկությանը։
Բայց երբ այդ դանակը վերցրի, Ֆելտոն, մի սոսկալի միտք ծագեց, իմ գլխում։ Ես երդվել եմ ամեն ինչ ասել ձեզ և կասեմ։ Խոստացել եմ ճշմարտությունը բացել ձեր առաջ և կբացեմ, թեկուզ դրանով կործանելու լինեմ ինձ։
— Ձեր մեջ միտք ծագեց վրե՞ժ լուծել այդ մարդուց,— գոչեց Ֆելտոնը։
— Ավա՜ղ, այո,— պատասխանեց միլեդին։— Ես գիտեմ, այդպիսի միտքը չի սազում քրիստոնյային։ Անկասկած այդ միտքն ինձ ներշնչեց մեր հոգու հավիտենական թշնամին, այն դևը, որ շարունակ պտտվում է մեր շուրջը։ Մի խոսքով խոստովանում եմ, Ֆելտոն,— շարունակեց միլեդին իրեն մեղադրող կնոջ տոնով,— այդ միտքը ծագեց իմ մեջ և այլևս չհեռացավ ինձնից։ Հենց այդ մեղավոր մտքի համար էլ ես հիմա պատիժ եմ կրում։
— Շարունակեցեք, շարունակեցեք,— խնդրեց Ֆելտոնը,— ես անհամբեր սպասում եմ իմանալու, թե ինչպես դուք վրեժ լուծեցիք։
— Ես որոշեցի վրեժ լուծել որքան կարելի է շուտ, հավատացած էի, որ հաջորդ գիշերն էլ նա կգա։ Ցերեկը վախենալու բան չունեի։
Դրա համար էլ, երբ նախաճաշի ժամը հասավ, ես առանց տատանվելու կերա ու խմեցի, որոշել էի ընթրիքի ժամանակ ձևացնել, թե ուտում եմ, բայց ոչ մի բանի ձեռք չտալ, ուստի ինձ անհրաժեշտ էր առավոտյան կուշտ ուտել, որպեսզի երեկոյան քաղց չզգամ։
Նախաճաշից միայն մի բաժակ ջուր պահեցի, որովհետև, երբ երկու օր մնացել էի առանց ուտելու և խմելու, ամենից շատ ծարավից էի տանջվում։
Այն ամենը, որ ես մտածել էի ցերեկվա ընթացքում, իմ մեջ ավելի էր ամրապնդել ընդունածս որոշումը։ Կասկած չունենալով, որ ինձ գաղտնի հսկում են, աշխատում էի այնպես անել, որ դեմքիս արտահայտությունով չմատնեմ իմ գաղտնի մտքերը և նույնիսկ մի քանի անգամ նկատեցի, որ դեմքիս ժպիտ կա։ Ֆելտոն, ես սիրտ չեմ անում խոստովանել, թե ինչ մտքի համար էի ժպտում. եթե այդ իմանաք, դուք զզվանք կզգաք իմ նկատմամբ։
— Շարունակեցեք, շարունակեցեք,— խնդրում էր Ֆելտոնը։— Դուք տեսնում եք, ես լսում եմ և ուզում եմ իմանալ ինչով վերջացավ այդ ամենը։
— Վրա հասավ երեկոն, ամեն ինչ ընթանում էր սահմանված կարգով։ Ըստ սովորականի ինձ ընթրիք տվին մթության մեջ, ապա լամպը վառվեց, և ես սեղան նստեցի։
Ես միայն մի քանի պտուղ կերա, ձևացրի, թե գրաֆինից ջուր եմ լցնում ինձ համար, բայց խմեցի միայն այն ջուրը, որ պահել էի նախաճաշից։ Ի դեպ, ջուրը ես այնպիսի վարպետությամբ փոխեցի, որ իմ լրտեսները, եթե այդպիսիք կային, ոչ մի բան կասկածել չէին կարող։
Ընթրիքից հետո ես ձևացրի, թե ինձ բռնել է նույնպիսի թմրություն, ինչպես նախորդ օրը, բայց այս անգամ այնպես ցույց տվի, թե ուժասպառ եմ եղել հոգնածությունից կամ արդեն հաշտվել եմ վտանգի հետ, քարշ եկա մինչև մահճակալը, շորերս հանեցի և պառկեցի։
Բարձի տակ դանակը շոշափեցի, ապա քնած ձևանալով՝ մատներիս մեջ ամուր սեղմեցի դանակի կոթը։
Անցավ երկու ժամ՝ առանց որևէ փոփոխության և,— աստվա՜ծ իմ, նախորդ օրը ոչ մի կերպ չէի կարող հավատալ սրան,— ես համարյա վախենում էի, թե նա չի գա։
Վերջապես տեսա, որ լամպը դանդաղորեն բարձրացավ և չքացավ առաստաղից շատ վերև։ Սենյակը լցվեց խավարով, բայց որոշ ջանք գործադրելով ինձ հաջողվեց հայացքով թափանցել այդ խավարի մեջ։
Անցավ մի տասը րոպե։ Ոչ մի շրշյուն անգամ չկար, ես լսում էի միայն իմ սրտի զարկերը։
Ես աղոթում էի աստծուն, որ այն մարդը գա։
Վերջապես լսվեց բացվող ու փակվող դռան ինձ այնքան ծանոթ ձայնը, ապա ինչ֊որ մեկի քայլերը, որոնց տակ ճռճռում էր հատակը, թեև վրան հաստ գորգ էր փռված։ Խավարի մեջ ես նկատեցի ինչ֊որ ստվեր, որ մոտենում էր իմ անկողնուն...
— Շուտ, դե շո՛ւտ,— շտապեցնում էր Ֆելտոնը։— Մի՞թե չեք տեսնում, որ ձեր յուրաքանչյուր բառը այրում է ինձ հալված կապարի պես։
— Այն ժամանակ,— շարունակեց միլեդին,— ես ժողովեցի իմ բոլոր ուժերը, ինքս ինձ ասացի, որ հասել է վրիժառության ժամը կամ, ավելի ճիշտ՝ արդարադատության ժամը, և ինձ համարում էի մի նոր Հուդիթ։ Ես վճռականությամբ համակված ձեռքիս մեջ ամուր սեղմել էի դանակը, և երբ նա մոտեցավ ինձ ու ձեռքը մեկնեց խավարի մեջ իր զոհը որոնելով, ահա հենց այդ ժամանակ ես դառն ու հուսակտուր մի ճիչով հարված հասցրի նրա կրծքին։
Բայց... նզովյալը ամեն ինչ նախատեսել էր, նրա կուրծքը պաշտպանված էր զրահով, և դանակը ծակել չկարողացավ։
«Ա՜֊ա՜,— գոչեց նա ձեռքս բռնելով և խլելով ինձնից դանակը, որ այնպես վատ էր ծառայել ինձ,— դուք ինձ սպանե՞լ էիք ուզում, չքնաղ պուրիտանուհի։ Այդ հո ավելի է, քան ատելությունը, այդ ուղղակի ապերախտություն է։ Լավ, լավ, հանգստացեք, աննմանս։ Ես կարծում էի, թե արդեն մեղմացած կլինեք։ Ես այն բռնակալներից չեմ, որոնք զոռով պահում են կանանց։ Դուք ինձ չեք սիրում, որին ես կասկածում էի ինձ հատուկ ինքնավստահությամբ։ Այժմ դրանում համոզվեցի, և վաղը դուք ազատ կլինեք»։
Ես միայն մի բան էի ուզում, որ նա ինձ սպանի։
«Զգուշացեք,— ասացի,— իմ ազատությունը ձեզ անարգանք է սպառնում»։
«Բացատրեցեք, իմ չքնաղ սիբիլլա<ref>Սիբիլլա — հունական առասպելաբանության մեջ հանդես եկող մարգարեուհիներ։</ref>»։
«Լավ։ Հենց որ ես այստեղից դուրս եկա, ամեն ինչ կպատմեմ, կպատմեմ այն բռնության մասին, որ դուք գործադրել եք իմ նկատմամբ, կպատմեմ, թե ինչպես էիք դուք ինձ պահում գերության մեջ։ Ես դրա մասին կհայտարարեմ պալատին, որտեղ նողկալի բաներ են կատարվում։ Դուք, միլորդ, բարձրաստիճան անձ եք, բայց դողում եք. ձեզնից բարձր կա թագավոր, թագավորից էլ բարձր՝ աստված»։
Որքան էլ լավ էր իրեն տիրապետում ինձ հալածող մարդը, այնուամենայնիվ չկարողացավ զսպել իր ցասումը։ Ես չէի կարող տեսնել նրա դեմքի արտահայտությունը, բայց զգացի, թե ինչպես դողաց նրա ձեռքը, որի վրա ընկած էր իմ ձեռքը։
«Այդ դեպքում դուք այստեղից դուրս չեք գա»։
«Հիանալի՛ է։ Իմ տանջանքների վայրը իմ գերեզմանը կդառնա։ Հիանալի է։ Ես կմեռնեմ այստեղ, և այն ժամանակ դուք կտեսնեք, որ մեղադրող ուրվականն ավելի սոսկալի է կենդանի մարդու սպառնալիքներից»։
«Ձեզ մոտ ոչ մի զենք չեն թողնի»։
«Ես ունեմ մի զենք, որ հուսահատությունը տրամադրել է ամեն արարածի, որը նրան դիմելու բավականաչափ արիություն ունի։ Ես ինձ սովամահ կանեմ»։
«Լսեցեք, ավելի լավ չէ՞ հաշտությունը, քան այդպիսի կռիվը,— առաջարկեց սրիկան։— Ես անհապաղ վերադարձնում եմ ձեր ազատությունը, ձեզ հայտարարում եմ մարմնացած առաքինություն և հռչակում եմ Անգլիայի Լուկրեցիա<ref>Լուկրեցիա — հռոմեուհի, որն ինքնասպանություն է գործում այն բանից հետո, երբ նրան պատվազրկում է Սեքստոսը՝ Տարկվինիոս Գոռոզ թագավորի որդին։</ref>»։
«Իսկ ես հայտարարում եմ, որ դուք նրա Սեքստոսն եք, ես մերկացնում եմ ձեզ մարդկանց առջև, ինչպես արդեն մերկացրել եմ աստծու առաջ, և եթե, ինչպես Լուկրեցիային, հարկ լինի իմ առաջադրած մեղադրանքները արյունով հաստատել, ես այդ էլ կանեմ։
«Ա՜֊ա՜,— ծաղրաբար գոչեց իմ թշնամին,— այդ ուրիշ բան է։ Ազնիվ խոսք, վերջիվերջո ձեզ համար այստեղ լավ է, դուք ոչ մի բանի պակասություն չեք զգում և եթե ինքներդ ձեզ սովամահ անեք, մեղավորը դուք կլինեք»։
Այս ասելով նա հեռացավ։ Ես լսեցի, թե ինչպես դուռը բացվեց ու նորից փակվեց, և ես մնացի մենակ, ընկճված ոչ այնքան վշտից, որքան, խոստովանում եմ, ամոթից, որ ինձ չհաջողվեց վրեժ լուծել։
Նա իր խոսքը պահեց։ Անցավ մի օր, անցավ էլի մի գիշեր, և ես նրան չտեսա։ Բայց ես էլ հաստատ մնացի իմ խոսքին և ոչինչ չէի ուտում ու չէի խմում։ Որոշել էի, ինչպես նրան ասացի, սովամահ անել ինձ։
Ամբողջ օր ու գիշեր աղոթքով էի անցկացնում, հույս ունեի, որ աստված կների ինձ իմ ինքնասպանությունը։
Հետևյալ գիշեր դուռը բացվեց։ Ես ընկած էի հատակին, արդեն ուժասպառ էի լինում...
Դռան ճռռոցը լսելով՝ հենվեցի ձեռքիս վրա ու մի փոքր բարձրացա։
«Հը՞, փափկե՞ք եք մի քիչ,— հարցրեց մի ձայն, որն այնպես ահեղ հնչեց իմ ականջին, որ ես իսկույն ճանաչեցի նրան։— Համաձա՞յն եք արդյոք ազատություն գնել միմիայն լռություն պահպանելու խոստումի գնով։ Լսեցեք, ես բարեսիրտ մարդ եմ,— ավելացրեց նա,— և թեպետ պուրիտաններին չեմ սիրում, բայց գնահատում եմ նրանց և պուրիտանուհիներին նույնպես, երբ նրանք լավիկն են։ Դե՛հ, երդվեցեք խաչելության վրա, ուրիշ բան ես չեմ պահանջում»։
«Երդվել ձեզ խաչելության վրա՞,— գոչեցի ես վեր կենալով. նրա ատելի ձայնը լսելիս բոլոր ուժերս վերադարձել էին։— Խաչելության վրա՜։ Երդվում եմ, որ ոչ մի խոստում, ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի տանջանք չի կարող փակել իմ բերանը... Երդվել խաչելության վրա՜... Երդվում եմ, որ ամենուրեք կմերկացնեմ ձեզ որպես մարդասպանի, որպես պատիվ հափշտակողի, որպես սրիկայի... Խաչելության վրա՜... Երդվում եմ, եթե երբևիցե ինձ հաջողվի դուրս գալ այստեղից, ես ամբողջ մարդկային ցեղին կպաղատեմ վրեժ առնել ձեզնից»։
«Զգուշացե՛ք,— ասաց նա այնպիսի սպառնագին ձայնով, որպիսին դեռ չէի լսել նրանից,— ես ամենավստահելի միջոցն ունեմ, որին կդիմեմ ծայրահեղ դեպքում, մի միջոց՝ փակելու ձեր բերանը կամ, համենայն դեպս, այնպես անելու, որ մարդիկ չհավատան ձեր ոչ մի խոսքին»։
Ես ժողովեցի ուժերիս մնացորդը և քրքջացի՝ որպես պատասխան նրա սպառնալիքին։
Նա հասկացավ, որ այսուհետև մեր միջև մահու և կենաց կռիվ է լինելու։ «Լսեցեք, խորհելու համար ես ձեզ տալիս եմ այս գիշերվա մնացորդը և վաղվա ցերեկը,— առաջարկեց նա։— Եթե խոստանաք լռել, ձեզ սպասում է հարստություն, հարգանք և նույնիսկ պատիվ, իսկ եթե շարունակեք սպառնալ ինձ, ես ձեզ անարգանքի կմատնեմ»։
«Դո՞ւք,— գոչեցի ես,— դո՞ւք»։
«Հավիտենական, անջնջելի անարգանքի»։
«Դո՞ւք...»,— կրկնեցի ես։
— Օ, հավատացնում եմ, Ֆելտոն, ես նրան խելագար էի համարում։
«Այո, ե՛ս»,— պատասխանեց նա։
«Ախ, թողեք ինձ,— ասացի նրան,— հեռացեք այստեղից, եթե չեք ուզում, որ ձեր աչքի առաջ գլուխս պատին զարկելով ջախջախեմ»։
«Լավ,— ասաց նա,— ինչպես կուզենաք։ Մինչև վաղը երեկո»։
«Մինչև վաղը երեկո»,— պատասխանեցի ես հատակին ընկնելով և զայրույթից գորգը կծելով...
Ֆելտոնը հենվել էր բազկաթոռին, և միլեդին դիվային հրճվանքով տեսնում էր, որ նա գուցեև ուժ չի ունենալու մինչև վերջ լսելու իր պատմությունը։