1. Երեք հրացանակիրներ

Chapter 49

Երկրորդ մաս XVIII. Ընտանեկան գործ

Աթոսը հարմար անուն գտավ` ընտանեկան գործ։ Ընտանեկան գործը կարդինալի իրավասության տակ չէր. ընտանեկան գործը ոչ ոքի չէր վերաբերում, ընտանեկան գործով կարելի էր զբաղվել նաև բոլորի աչքի առաջ։

Այսպես ուրեմն, Աթոսը անունը գտավ՝ ընտանեկան գործ։

Արամիսը հնարը գտավ՝ ուղարկել ծառաներին։

Պորտոսը միջոցը գտավ՝ ադամանդը վաճառել։

Միայն դ’Արտանյանն էր, որ չորսի մեջ ամենահնարագետը լինելով. ոչինչ չէր հնարել, բայց ճիշտն ասած՝ հենց միայն միլեդի անունը խառնում էր նրա բոլոր մտքերը։

Ա՜խ, ո՜չ, մենք սխալվում ենք. նա ադամանդի գնորդ գտավ։

Պարոն դը Տրևիլի մոտ նախաճաշի ժամանակ անբռնազբոսիկ ուրախություն էր տիրում։ Դ’Արտանյանը ներկայացել էր արդեն նոր համազգեստով. նա համարյա Արամիսի հասակին էր, իսկ որովհետև Արամիսին, որին, ինչպես հիշում է ընթերցողը, գրավաճառն առատորեն վարձատրել էր նրանից գնած պոեմի համար, և նա միանգամից ամեն ինչից երկու հատ էր պատվիրել, ապա նա մի ամբողջ լրիվ հանդերձանք զիջեց իր ընկերոջը։

Դ’Արտանյանը երանության գագաթին կլիներ, եթե նրա մտահայացքի առջև, ինչպես սև ամպը հորիզոնում, շարունակ ճոճվելիս չլիներ միլեդին։

Այդ նախաճաշից հետո ընկերները պայմանավորվեցին երեկոյան հավաքվել Աթոսի մոտ և այնտեղ ավարտել որոշած գործը։

Դ’Արտանյանն ամբողջ օրը շրջում էր ճամբարի փողոցներում՝ հպարտանալով իր հրացանակրի համազգեստով։

Երեկոյան նշանակված ժամին չորս ընկերները հավաքվեցին, մնում էր լուծելու միայն երեք հարց, ի՞նչ գրել միլեդիի տեգորը. ի՞նչ գրել Տուրի ճարպիկ տիկնոջը, ծառաներից որի՞ն հանձնարարել տանել նամակները։

Յուրաքանչյուրն իր ծառային էր առաջարկում, Աթոսը շեշտում էր Գրիմոյի համեստությունը, նշելով, որ Գրիմոն խոսում է միայն այն ժամանակ, երբ նրա տերը թույլ է տալիս բերանը բաց անել։ Պորտոսը գովաբանում էր Մուշկետոնի ուժը, ասելով, թե նա այնպիսի կազմվածք ունի, որ հեշտությամբ կարող է ծեծել սովորական հասակի չորս մարդու։ Արամիսը հույսը դնելով Բազենի ճարպկության վրա՝ գովաբանում էր իր թեկնածուին, իսկ դ’Արտանյանը ամբողջովին հույս դնելով Պլանշեի քաջության վրա՝ մատնանշում էր նրա դերը Բուլոնի կռվում։

Չորսն էլ երկար ժամանակ վիճում էին, թե որին առաջնություն տալ և այդ առթիվ արտասանում էին փայլուն ճառեր, որոնք մենք այստեղ մեջ չենք բերում, երկյուղ կրելով, թե դրանք շատ երկար կթվան։

— Դժբախտաբար,— ասաց Աթոսը,— հարկավոր է, որ մեր սուրհանդակն այդ բոլոր չորս հատկություններն էլ ունենա իր մեջ։

— Բայց որտե՞ղ գտնենք այդպիսի ծառա։

— Այդպիսի ծառա չի գտնվի,— համաձայնեց Աթոսը,— ես էլ գիտեմ։ Դրա համար էլ վերցրեք Գրիմոյին։

— Ո՛չ, Մուշկետոնին։

— Ավելի լավ է՝ Բազենին։

— Իսկ իմ կարծիքով՝ Պլանշեին։ Նա քաջ է և ճարպիկ. ահա արդեն երկու հատկություն չորսից։

— Պարոննե՛ր,— խոսեց Արամիսը,— գլխավորը, որ պետք է իմանայի ամենևին էլ այն չէ, թե մեր չորս ծառաներից ո՛րն է ավելի համեստ, ավելի ուժեղ, ավելի ճարպիկ կամ ավելի քաջ։ Գլխավորն այն է, թե նրանցից որն է ավելի շատ փողասեր։

— Շատ խելացի դիտողություն է,— ասաց Աթոսը։— Հարկավոր է նկատի ունենալ մարդկանց արատները, ոչ թե լավ կողմերը։ Պարոն աբբատ, դուք մեծ բարոյագետ եք։

— Իհարկե, այդ է գլխավորը,— շարունակեց Արամիսը։— Մեզ հարկավոր են մեր հանձնարարությունները կատարող հուսալի մարդիկ ոչ միայն նրա համար, որ հաջողության հասնեն, այլև որպեսզի անհաջողություն չկրեն։ Չէ՞ որ անհաջողության դեպքում ծառան չէ իր գլխով պատասխան տալու...

— Ցածր խոսեցեք, Արամիս,— ընդհատեց նրան Աթոսը։

— Դուք իրավացի եք... Ոչ թե ծառան, այլ տերը, նույնիսկ տերերն են պատասխան տալու։ Արդյո՞ք մեր ծառաներն այնքան են նվիրված մեզ, որ մեզ համար վտանգի ենթարկեն իրենց կյանքը։ Ո՛չ։

— Ազնիվ խոսք, ես համարյա երաշխավորում եմ Պլանշեի համար,— ասաց դ’Արտանյանը։

— Դե ուրեմն, սիրելի բարեկամս, նրա անշահախնդիր նվիրվածությանն ավելացնենք մի շոշափելի գումար, որը նրան որոշ առավելություն կտա, և այն ժամանակ դուք կարող եք կրկնակի երաշխավորել նրա համար։

— Բայց և այնպես ձեզ կխաբեն,— ասաց Աթոսը, որը լավատես էր, երբ հարցը վերաբերում էր իրերին, և հոռետես էր, երբ խոսքը վերաբերում էր մարդկանց։— Նրանք կխոստանան ձեզ, որպեսզի փող ստանան, բայց ճանապարհին վախը կխանգարի նրանց գործել։ Հենց որ նրանց բռնեցին, կսկսեն սեղմել, իսկ որ սեղմեցին, նրանք ամեն ինչ կխոստովանեն։ Դե հո մենք երեխաներ չենք, գրողը տանի։ Անգլիա ընկնելու համար (Աթոսը ձայնն իջեցրեց) հարկավոր է անցնել ամբողջ Ֆրանսիան, որտեղ վխտում են կարդինալի լրտեսները։ Նավ նստելու համար հարկավոր է անցաթուղթ ունենալ, իսկ Լոնդոնի ճանապարհը գտնելու համար հարկավոր է անգլերեն իմանալ։ Ես կարծում եմ՝ սա շատ դժվար գործ է։

— Ամենևին էլ ոչ,— առարկեց դ’Արտանյանը, որը շատ էր ուզում, որ իրենց մտադրությունն իրականացվի։— Իմ կարծիքով, ընդհակառակը, հեշտ բան է։ Հասկանալի է, եթե լորդ Վինտերին նկարագրենք բոլոր սարսափներն ու կարդինալի բոլոր նողկալի...

— Կամա՜ց,— զգուշացրեց Աթոսը։

— ...ինտրիգները և պետական գաղտնիքները,— կիսաձայն շարունակեց դ’Արտանյանը, հետևելով Աթոսի խորհրդին,— հասկանալի է, մեզ բոլորիս ողջ֊ողջ անվահար կանեն, բայց, ի սեր աստծո, Աթոս, մի՛ մոռացեք, որ մենք, ինչպես դուք ասացիք, մենք նրան կգրենք ընտանեկան գործի մասին, մենք նրան կգրենք միայն, որ երբ միլեդին Լոնդոն հասնի, հնարավորություն չտա նրան, որ մեզ վնասի։ Ես մոտավորապես այսպիսի բովանդակությամբ նամակ կգրեմ նրան...

— Լսեք,— ասաց Արամիսը նախապես իր դեմքին քննադատական արտահայտություն տալով։

— «Ողորմած պարոն և սիրելի բարեկամ»...

— Հա՛֊հա՛, անգլիացուն կգրես «սիրելի բարեկամ»,— ընդհատեց նրան Աթոսը,— խոսք չունեմ, լավ սկիզբ է։ Կեցցե՞ս, դ’Արտանյան։ Հենց միայն այդ ձևով դիմելու համար ձեզ ոչ թե անվահար կանեն, այլ կքառատեն։

— Դե լավ, ասենք, թե դուք իրավացի եք։ Ես պարզապես կգրեմ, «Ողորմած պարոն»։

— Կարող եք նույնիսկ գրել «միլորդ»,— ասաց Աթոսը, որը միշտ գտնում էր, որ պետք է պահպանել քաղաքավարության ընդունված ձևերը։

— «Միլորդ, հիշո՞ւմ եք արդյոք այն փոքրիկ դաշտը Լյուքսեմբուրգի հետևում»։

— Հիանալի՜ է։ Հիմա էլ Լյուքսեմբուրգ։ Իսկույն կմտածեն, թե դա ակնարկ է մայր թագուհու մասին։ Ա՛յ թե լավ եք մտածել,— քմծիծաղ տվեց Աթոսը։

— Դե լավ, պարզապես կգրենք. «Միլորդ, հիշո՞ւմ եք այն փոքրիկ դաշտը, որտեղ փրկեցին ձեր կյանքը...»։

— Սիրելի դ’Արտանյան, դուք միշտ էլ վատագույն հորինող կլինեք,— ասաց Աթոսը։— «Որտեղ փրկեցին ձեր կյա՞նքը»։ Թո՛ւ։ Անարժան ձև է։ Այդպիսի ծառայությունը կարգին մարդուն չեն հիշեցնում։ Արած բարությունը երեսով տալ նշանակում է վիրավորել։

— Ա՜խ, սիրելի՛ս, դուք անտանելի եք,— ասաց դ’Արտանյանը։— Եթե պետք է գրել ձեր գրաքննության տակ, ես կտրականապես հրաժարվում եմ։

— Եվ լավ էլ կանեք։ Դուք հրացան և սուսեր գործածեք։ Այդ երկու գործի մեջ դուք մեծ հմտություն ունեք, իսկ գրիչը թողեք պարոն աբբատին, այդ նրա գործն է։

— Ճիշտ որ, գրիչը թողեք Արամիսին,— հաստատեց Պորտոսը,— չէ որ նա նույնիսկ լատիներեն դիսերտացիա է գրում։

— Լավ, համաձայն եմ,— ասաց դ’Արտանյանը։— Կազմեցեք այդ նամակը, Արամիս։ Բայց երդվում եմ մեր սուրբ հայր պապով, զգույշ եղեք, ես էլ պիտի անհաջող արտահայտություններ որոնեմ ձեր գրածի մեջ, նախազգուշացնում եմ։

— Սիրով համաձայնում եմ,— պատասխանեց Արամիսը բանաստեղծներին հատուկ ինքնավստահությամբ,— բայց ինձ ծանոթացրեք հանգամանքներին։ Ճիշտ է, ես շատ անգամ եմ լսել, որ միլորդի հարսը խարդախ, սրիկա անձնավորություն է, և ես ինքս էլ համոզվեցի դրանում՝ լսելով նրա խոսակցությունը կարդինալի հետ...

— Դե կամա՜ց, է՛, գրո՛ղը տանի,— ընդհատեց Աթոսը։

— ...բայց մանրամասնություններն ինձ հայտնի չեն։

— Ինձ ևս,— ասաց Պորտոսը։

Դ’Արտանյանը և Աթոսը մի պահ լուռ նայում էին իրար։ Վերջապես Աթոսը մտքերը ժողովելով և սովորականից մի քիչ ավելի սփրթնելով՝ գլխի շարժումով համաձայնության նշան արեց, և դ’Արտանյանը հասկացավ, որ իրեն թույլատրվում է պատասխանել։

— Ահա թե ինչի մասին պիտի գրել,— սկսեց նա «Միլորդ, ձեր հարսը ոճրագործ է, նա փորձել է մարդասպաններ ուղարկել ձեզ սպանելու, որպեսզի ձեր կարողությունը ժառանգի։ Բայց նա իրավունք չի ունեցել ամուսնանալու ձեր եղբոր հետ, որովհետև արդեն ամուսնացած է եղել Ֆրանսիայում և...»։

Դ’Արտանյանը կակազեց, ասես հարմար բառեր էր որոնում և նայեց Աթոսին։

— «...և ամուսինը վռնդել է նրան»,— վրա բերեց Աթոսը։

— «...որովհետև նա խարանված է»,— շարունակեց դ’Արտանյանը։

— Չի կարող պատահել,— գոչեց Պորտոսը։— Նա ուզում էր մարդ ուղարկել իր տեգորը սպանելո՞ւ։

— Այո՛։

— Նա արդեն ամուսնացած եղե՞լ է։

— Այո՛։

— Եվ սրա ամուսինը պարզել է, որ այդ կնոջ ուսին շուշանանման խարա՞ն կա,— հարցրեց Պորտոսը։

— Այո՛։

Այս երեք «այո»֊ն արտասանեց Աթոսը, և նրանցից յուրաքանչյուրն ավելի ու ավելի մռայլ էր հնչում։

— Իսկ ո՞վ է տեսել նրա այդ խարանը,— հարցրեց Արամիսը։

— Դ’Արտանյանը և ես, ավելի ճիշտ, ժամանակագրական կարգով ես և դ’Արտանյանը,— պատասխանեց Աթոսը։

— Իսկ այդ սոսկալի արարածի ամուսինը դեռ ո՞ղջ է,— հարցրեց Արամիսը։

— Նա դեռ ողջ է։

— Դուք համոզվա՞ծ եք դրանում։

— Այո՛, համոզված եմ։

Մի պահ տիրեց լարված լռություն, որի ժամանակ ընկերներից յուրաքանչյուրը գտնվում էր այդ բոլոր ասածների տպավորության տակ։

— Այս անգամ,— առաջինը խոսեց Աթոսը,— դ’Արտանյանը հիանալի սևագրություն տվեց մեզ, հենց այդ ամենից էլ պետք է սկսել մեր նամակը։

— Գրողը տանի։ Դուք իրավացի եք, Աթոս,— ասաց Արամիսը,— այդպիսի նամակ հորինելը շատ նրբին գործ է։ Ինքը՝ պարոն կանցլերն էլ կդժվարանար այդքան բազմանշանակ նամակ կազմել, թեև պարոն կանցլերը շատ լավ է արձանագրություններ կազմում։ Լավ, ոչինչ։ Դուք լռեցեք, ես հիմա կգրեմ։

Արամիսը գրիչը վերցրեց, մի փոքր մտածեց, կանացի գեղեցիկ ձեռագրով մի ութ թե տասը տող գրեց, ապա ցածր ու դանդաղ, ասես ամեն մի բառը ծանր ու թեթև անելով կարդաց հետևյալը.

«Միլորդ,

Տողերիս հեղինակը պատիվ է ունեցել իր սուսերը խաչաձևելու ձերի հետ Ադա փողոցի մի փոքրիկ դաշտում։ Որովհետև դրանից հետո դուք շատ անգամ բարեհաճել եք ձեր բարեկամը կոչելու այդ մարդուն, ուստի նա ևս իր պարտքն է համարում ապացուցելու իր բարեկամությունը բարի խորհրդով։ Երկու անգամ դուք քիչ էր մնում զոհ գնայիք ձեր մոտիկ ազգականուհու ձեռքով, որին դուք համարում եք ձեր ժառանգը, որովհետև ձեզ հայտնի չէր, որ նա Անգլիայում ամուսնացել է՝ արդեն իսկ Ֆրանսիայում ամուսնացած լինելով։ Բայց երրորդ անգամ, այսինքն այժմ, դուք կարող եք զոհ գնալ։ Այս գիշեր ձեր ազգականուհին Լա֊Ռոշելից մեկնեց Անգլիա։ Հսկեցեք նրա ժամանմանը, որովհետև նա ընդարձակ և սոսկալի մտադրություններ ունի։ Եթե դուք ուզում եք անպայման իմանալ, թե ինչի է ընդունակ նա, կարդացեք նրա անցյալը իր ձախ ուսին»։

— Ա՛յ, սա սքանչելի է,— հավանություն տվեց Աթոսը։— Դուք, սիրելի Արամիս, գրում եք ինչպես պետական քարտուղար։ Այժմ լորդ Վինտերը, եթե միայն այս նախազգուշացումը ստանա, խիստ հսկողություն կսահմանի, իսկ եթե նամակը նորին սրբազնության ձեռքն ընկնի, մեզ վնաս չի պատճառի։ Բայց այն ծառան, որին մենք կուղարկենք, կարող է Շատելրոյից հեռու չգնալ, իսկ հետո մեզ հավատացնել, թե Լոնդոն է գնացել։ Դրա համար էլ մենք նամակի հետ նրան կտանք փողի կեսը, խոստանալով, որ մյուս կեսն էլ կտանք, երբ կբերի պատասխանը։ Ադամանդը ձեզ մո՞տ է,— դարձավ նա դ’Արտանյանին։

— Ինձ մոտ ավելի լավ բան կա. ինձ մոտ փողն է։

Եվ դ’Արտանյանը ոսկու տոպրակը գցեց սեղանին։

Ոսկու զնգոցի վրա Արամիսը հայացքը բարձրացրեց, Պորտոսը ցնցվեց, իսկ Աթոսը մնաց անվրդով։

— Որքա՞ն է այս տոպրակում,— հարցրեց նա։

— Յոթ հազար լիվր տասներկու ֆրանկանոց լուիդորներով։

— Յոթ հազար լի՜վր,— գոչեց Պորտոսը։— Այն անպետք ադամանդը յոթ հազար լիվր արժե։

— Երևի արժե,— ասաց Աթոսը,— քանի որ ոսկին սեղանի վրա է։ Ես հակված չեմ ենթադրելու, թե մեր բարեկամ դ’Արտանյանը իր փողերն էլ ավելացրել է նրան։

— Բայց ամեն ինչ քննարկելով, պարոննե՛ր, մենք չենք մտածում թագուհու մասին,— նորից իր մտքին վերադարձավ դ’Արտանյանը։— Մի փոքր էլ հոգանք նրա սրտի սիրելի Բեկինգհեմի առողջության մասին։ Այդ ամենաքիչն է, որ մենք պարտական ենք նախաձեռնել նրա համար։

— Միանգամայն իրավացի ես,— համաձայնեց Աթոսը,— բայց դա Արամիսի գործն է։

— Իսկ ի՞նչ է պահանջվում ինձնից,— կարմրելով հարցրեց Արամիսը։

— Ամենահասարակ բանը, նամակ գրել այն ճարպիկ անձին, որ ապրում է Տուրում։

Արամիսը նորից գրիչը վերցրեց, էլի մի փոքր մտածեց և գրեց հետևյալ տողերը, որն և իսկույն ներկայացրեց իր ընկերների դատին.

«Սիրելի ազգականուհի ...»։

— Ա, այդ ճարպիկ անձը ձեր ազգականուհի՞ն է,— հարցրեց Աթոսը։

— Հորեղբորս աղջիկն է,— ասաց Արամիսը։

— Թող հորեղբոր աղջիկ լինի։

Արամիսը շարունակեց.

«Սիրելի ազգականուհի,

Նորին սրբազնություն պարոն կարդինալը, աստված պահի նրան ի բարօրություն Ֆրանսիայի և ի անարգանք թագավորության թշնամիների, արդեն համարյա գործը վերջացրել է Լա֊Ռոշելի խռովարար հերետիկոսների հետ։ Նրանց օգնության եկող անգլիական նավատորմը հավանորեն նույնիսկ ամրոցին մոտենալ չի կարող։ Համարձակվում եմ վստահությունս հայտնելու, որ մի ինչ֊որ կարևոր իրադարձություն պարոն Բեկինգհեմին կխանգարի դուրս գալ Անգլիայից։ Նորին սրբազնությունը անցյալ ժամանակների, ներկայիս և հավանորեն նաև ապագայի ամենապանծալի պետական գործիչն է։ Նա արեգակն էլ կխավարեցներ, եթե միայն արեգակը խանգարեր իրեն։ Այս ուրախ լուրերը հաղորդեցեք ձեր քրոջը, սիրելի ազգականուհի։ Ես երազումս տեսա, թե իբր այն նզովյալ անգլիացին մեռել է։ Չեմ կարողանում հիշել դաշույնի՞ց էր, թե թույնից, միայն հաստատ կարող եմ ասել, երազումս տեսա, թե նա մեռել է, իսկ դուք գիտեք, իմ երազները երբեք ինձ չեն խաբում։ Դեհ, վստահ եղեք, որ շուտով ինձ կտեսնեք»։

— Հիանալի՜ է,— գոչեց Աթոսը։— Դուք բանաստեղծների արքա եք, սիրելի Արամիս։ Դուք խոսում եք ինչպես Ապոկալիպսիսը<ref>Ապոկալիպսիս — «Առաքյալ Հովհան Աստվածաբանի հայտնությունը»՝ Նոր Կտակարանի գրքերից մևկը, որտեղ ֆանտաստիկ պատկերների ձևով ներկայացվում է աշխարհի ու մարդկության ապագա ճակատագիրը։</ref> և ճշմարտությունն եք ասում ինչպես Ավետարանը։ Այժմ մնում է միայն այդ նամակի հասցեն գրել։

— Դա շատ հեշտ բան է,— ասաց Արամիսը։

Նա խնամքով ծալեց նամակը և վրան գրեց.

«Տուր, սպիտակեղեն կարող օրիորդ Միշոնին»։

Երեք ընկերները ծիծաղելով իրար նայեցին, նրանց խորամանկությունը հաջողություն չունեցավ։

— Հիմա դուք հասկանում եք, պարոննե՛ր,— խոսեց Արամիսը,— որ միայն Բազենը կարող է Տուր տանել այս նամակը. իմ ազգականուհին միայն Բազենին է ճանաչում և միայն նրան է վստահում, ուրիշ ամեն մի ծառա գործը կտապալի։ Բացի դրանից Բազենը ուսումնական է և պատվասեր։ Բազենը, պարոննե՛ր, գիտե պատմությունը, նա գիտե, որ Սիքստոս Հինգերորդը նախքան պապ դառնալը խոզարած է եղել, և որովհետև Բազենը մտադիր է ինձ հետ միաժամանակ հոգևոր կոչում ստանալ, ապա նա ևս հույսը չի կտրում պապ դառնալու կամ, գոնե, կարդինալ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ այդքան բարձր ձգտող մարդը չի թողնի իրեն բռնել, իսկ եթե բռնեցին, ավելի շուտ տանջանքներ կընդունի, բայց ոչինչ չի խոստովանի։

— Լա՛վ, լա՛վ,— համաձայնեց դ’Արտանյանը,— ես սիրով Բազենին ձեզ եմ զիջում, բայց դուք էլ ինձ զիջեցեք Պլանշեին։ Մի անգամ միլեդին հրամայել էր ծեծել նրան և վռնդել իր տանից, իսկ Պլանշեն լավ հիշողություն ունի, և ես երաշխավորում եմ, որ եթե նա վրեժ առնելու հնարավորություն ստանա, ավելի շուտ կմեռնի, քան կհրաժարվի այդ բավականությունից։ Եթե Տուրի գործերը ձեզ են վերաբերում, Արամիս, ապա Լոնդոնի գործերն անձամբ ինձ են վերաբերում։ Ուստի ես խնդրում եմ ընտրել Պլանշեին, որն արդեն ինձ հետ եղել է Լոնդոնում և կարողանում է միանգամայն ճիշտ ասել. «London, sir, if you please»<ref>Բարի եղեք, սըր, ցույց տվեք ինձ Լոնդոնի ճանապարհը (անգլ.)։</ref> և «My master lord d’Artagnan»<ref>Իմ տերը լորդ դ’Արտանյանն է (անգլ.)</ref>. hանգիստ եղեք, այսպիսի գիտելիքներով նա հիանալիորեն կարող է գտնել գնալու և վերադարձի ճանապարհը։

— Այդ դեպքում Պլանշեին կտանք յոթ հարյուր լիվր մեկնելիս և յոթ հարյուր լիվր՝ երբ կվերադառնա, իսկ Բազենին՝ երեք հարյուր լիվր մեկնելիս և երեք հարյուր լիվր՝ երբ կվերադառնա,— առաջարկեց Աթոսը։— Դա մեր հարստությունը կնվազեցնի մինչև հինգ հազար լիվրով, մեզնից յուրաքանչյուրը կվերցնի հազար լիվր և կծախսի ինչպես կկամենա, իսկ մնացած հազար լիվրը մենք ետ կդնենք և պահ կտանք աբբատին, չնախատեսված ծախսերի կամ ընդհանուր կարիքների համար։ Համաձա՞յն եք սրան։

— Սիրելի Աթոս,— ասաց Արամիսը,— դուք դատում եք ինչպես Նեստորը<ref>Նեստոր — «Իլիականի» հերոսներից մեկը, պյուռոսյան արքա, իմաստուն ծերունի։</ref>, որը, ինչպես բոլորին հայտնի է, եղել է հունական մեծ իմաստուն։

— Դե ուրեմն վճռված է. կգնան Պլանշեն և Բազենը,— եզրակացրեց Աթոսը։— Իսկապես ասած՝ ես ուրախ եմ ինձ մոտ թողնելու Գրիմոյին. նա վարժվել է իմ վերաբերմունքին, և այդ ես գնահատում եմ։ Երեկվա օրը երևի կարգին ուժասպառ է արել նրան, իսկ այս ճանապարհորդությունը նրա հոգին կհաներ։

Ընկերները Պլանշեին կանչեցին և անհրաժեշտ ցուցումներ տվին, նրան արդեն նախազգուշացրել էր դ’Արտանյանը, խոստանալով ամենից առաջ փառք, ապա՝ փող և հետո միայն հիշատակել էր վտանգների մասին։

— Ես նամակը կտանեմ թևքիս ծալի մեջ պահած,— ասաց Պլանշեն,— և եթե ինձ բռնեցին, կուլ կտամ։

— Բայց այդ դեպքում դու չես կարող հանձնարարությունը կատարել,— ասաց դ’Արտանյանը։

— Այսօր երեկոյան տվեք ինձ նամակի պատճենը, և վաղը ես անգիր կիմանամ։

Դ’Արտանյանը նայեց իր ընկերներին, ասես ուզում էր հարցնել. «Ի՞նչ կասեք, ճիշտ չէի՞ ասում»։

— Իմացիր,— շարունակեց նա՝ դառնալով Պլաշեին,— քեզ ութ օր է տրվում լորդ Վինտերին հասնելու համար և ութ օր՝ վերադարձի համար, ընդամենը տասնվեց օր։ Եթե քո մեկնելուց հետո տասնվեցերորդ օրը երեկոյան ժամը ութին չեկար, մնացած փողը չես ստանա, եթե նույնիսկ ութից հինգ րոպե անց ներկայանաս։

— Այդ դեպքում, տեր իմ, ինձ համար ժամացույց գնեցեք,—խնդրեց Պլանշեն։

— Վերցրու ահա այս,— ասաց Աթոսը և իրեն հատուկ անհոգ առատաձեռնությամբ Պլանշեին տվեց իր ժամացույցը,— և քա՛ջ եղիր։ Հիշի՛ր, եթե դու շատախոսես, գաղտնիքը բերանիցդ թռցնես կամ որևէ տեղ թրև գաս, կկործանես քո պարոնին, որն այնքան վստահ է քո նվիրվածությանը, որ քեզ համար երաշխավորել է։ Եվ այս էլ հիշիր. եթե քո հանցանքով դ’Արտանյանին որևէ դժբախտություն պատահի, որտեղ էլ լինես, կգտնեմ քեզ, որպեսզի փորդ թափեմ։

— Է՜հ, տեր իմ,— ասաց Պլանշեն՝ այդ կասկածից նեղացած և միաժամանակ վախեցած հրացանակրի անվրդով տեսքից։

— Իսկ ես,— ասաց Պորտոսը կատաղաբար աչքերը չռելով,— ողջ֊ողջ կաշիդ կքերթեմ քո վրայից։

— Ա՜խ, տե՛ր իմ։

— Իսկ ես,— ասաց Արամիսը իր հեզ, քաղցրալուր ձայնով,— հիշիր, մեղմ կրակի վրա կայրեմ քեզ որպես վայրենի։

— Օ՜, տեր իմ։

Եվ Պլանշեն լաց եղավ։ Մենք չենք կարող ասել վախի՞ց էր այդ, որ ներշնչել էին այդքան սպառնալիքները, թե՞ նրա սիրտը շարժվեց՝ տեսնելով չորս ընկերների այնքան սերտ բարեկամությունը։

Դ’Արտանյանը նրա ձեռքը սեղմեց և գրկեց նրան։

— Տեսնո՞ւմ ես, Պլանշե,— ասաց նա,— այu պարոններն այդ ամենն ասում են ինձ հետ մտերմորեն կապված լինելու զգացմունքից դրդված, բայց իրականում նրանք քեզ սիրում են։

— Ա՜խ, տե՛ր իմ, կամ ես կկատարեմ հանձնարարությունը, կամ թե ինձ կտոր֊կտոր կանեն,— գոչեց Պլանշեն։— Բայց եթե նույնիսկ կտոր֊ կտոր անեն, վստահ եղեք, իմ ոչ մի պատառը մատնություն չի անի։

Որոշվեց, որ Պլանշեն ճանապարհ ընկնի մյուս օրը առավոտյան ժամը ութին, որպեսզի գիշերը կարողանա նամակն անգիր սովորել։ Այդ գործում նա շահում էր ուղիղ տասներկու ժամ, որովհետև պետք է վերադառնար տասնվեցերորդ օրը երեկոյան ժամը ութին։

Առավոտյան, երբ նա ձի էր նստում, դ’Արտանյանը, որ սրտի խորքում համակրանք էր զգում դեպի դուքս Բեկինգհեմը, Պլանշեին մի կողմ տարավ։

— Լսի՛ր,— ասաց նա,— երբ նամակը կհանձնես լորդ Վինտերին, և նա կկարդա, կասես նաև. «Պաշտպանեցեք նորին պայծառափայլություն լորդ Բեկինգհեմին, նրան ուզում են սպանել»։ Բայց սա, տեսնո՞ւմ ես, Պլանշե, սա այնքան կարևոր ու այնքան լուրջ բան է, որ ես նույնիսկ չէի ուզում իմ ընկերներին խոստովանել, թե այս գաղտնիքը վստահում եմ քեզ, և այս բանը նամակում չէի գրի, եթե նույնիսկ ինձ կապիտանի աստիճան տային։

— Հանգիստ եղեք, տեր իմ, կտեսնեք, որ ամեն բան կարելի է վստահել ինձ։

Նստելով մի հիանալի ձի, որը նա ճամբարից մի քսան լյո հեռու պիտի թողներ և ճանապարհը շարունակեր փոստային ձիերով, Պլանշեն սրարշավ առաջ գնաց։ Թեպետև հրացանակիրների երեք խոստումների մասին հիշելով մի փոքր ճմլվում էր նրա սիրտը, բայց և այնպես հիանալի տրամադրության մեջ էր։

Մյուս օրը առավոտյան Բազենը մեկնեց Տուր։ Իր վրա դրված հանձնարարությունը կատարելու համար նրան ութ օր էր տրված։

Այն ամբողջ ժամանակամիջոցում, երբ նրանց սուրհանդակները բացակայում էին, չորս ընկերները, հասկանալի է, ավելի զգոն էին և ականջներն ավելի էին սրել, քան որևէ այլ ժամանակ։ Ամբողջ օրերով նրանք ականջ էին դնում, թե ինչի մասին են խոսում իրենց շուրջը, հետևում էին կարդինալի գործողություններին և հոտոտում, թե արդյոք Ռիշելիեի մոտ որևէ սուրհանդակ չի՞ եկել։ Հաճախ, երբ նրանց անակնկալ կանչում էին ծառայության պարտականությունները կատարելու, դող էր անցնում նրանց մարմնով։ Դրա հետ միասին նրանք պետք է հոգային իրենց անձի ապահովության մասին, միլեդին մի ուրվական էր, որը եթե որևէ մեկին երևար, այլևս նրան հանգիստ քուն չէր տալիս։

Ութերորդ օրվա առավոտյան Բազենը՝ ինչպես միշտ՝ առույգ ու ժպտերես մտավ «Անօրեն» պանդոկը հենց այն ժամանակ, երբ չորս ընկերները նախաճաշում էին այնտեղ, և, ինչպես պայմանավորվել էին, ասաց.

— Պարոն Արամիս, ահա ձեր ազգականուհու պատասխանը։

Ընկերները ուրախ իրար նայեցին, գործի կեսն արված էր, թեև այդ կեսը ավելի թեթև էր և ավելի քիչ ժամանակ էր պահանջում։

Արամիսն ակամա թիկնելով վերցրեց նամակը, որ գրված էր անճոռնի ձեռագրով և ուղղագրական սխալներով։

— Օ՜, աստված իմ,— ծիծաղելով գոչեց նա։— Ես վերջնականապես հույսս կտրում եմ, այդ խղճուկ Միշոնը երբեք գրել չի սովորի, ինչպես պարոն դե Վուատյուրը։

— Այդ ո՞վ է խղճուկ Միժոնը,— հարցրեց շվեյցարացին, որը չորս ընկերների հետ զրուցում էր հենց այն պահին, երբ նամակը եկավ։

— Ա՜խ, աստված իմ, ո՞վ պիտի լինի,— պատասխանեց Արամիսը,— մի գեղեցիկ աղջիկ է, սպիտակեղեն կարող, ես շատ էի սիրում նրան և խնդրել էի ի հիշատակ մի քանի տող գրել ինձ։

— Գրող թանի, եթե նա այնքան մեծ կին է, ինչպես իր թառերը, դուք փախթավոր եք, ընկեր,— ասաց շվեյցարացին։

Արամիսը նամակն աչքի անցկացրեց և տվեց Աթոսին։

— Կարդացեք տեսնենք ինչ է գրում, Աթոս,— առաջարկեց նա։

Աթոսը ևս աչքի անցկացրեց նամակը և ցանկանալով ցրել բոլոր կասկածները, որ կարող էին ծագել, բարձրաձայն կարդաց.

«Սիրելի ազգական, իմ քույրը և ես շատ լավ ենք մեկնաբանում երազները և սոսկալի վախենում ենք նրանցից, բայց ձեր երազի մասին, հուսով եմ, կարելի է ասել. ամեն մի երազ սուտ բան է։ Ցտեսություն, ողջ եղեք և մերթ ընդ մերթ մեզ տեղեկություն տվեք ձեր մասին։ ։։։։։։։։։։Ագլայա Միշոն»։

— Իսկ ի՞նչ երազի մասին է գրում նա,— հարցրեց դրագունը, որը մոտեցել էր ընթերցանության ժամանակ։

— Ա՜խ, աստված իմ, շատ պարզ, այն երազի, որ ես տեսել ու պատմել էի նրան,— պատասխանեց Արամիսը։

— Այո, ասթվա՜ծ իմ, շատ պարս պաթմել իր երաս, բայց ես երփեք երաս չեմ թեսնում։

— Դուք շատ բախտավոր մարդ եք,— նկատեց Աթոսը սեղանից վեր կենալով,— ես ուրախ կլինեի, եթե կարողանայի նույնն ասել։

— Երփե՛ք,— կրկնեց շվեյցարացին ուրախանալով, որ Աթոսի պես մի մարդ գոնե այդ բանում նախանձում է իրեն։— Երփե՛ք, երփե՛ք։

Դ’Արտանյանը տեսնելով, որ Աթոսը վեր կացավ, ինքն էլ տեղից բարձրացավ, թևանցուկ արավ նրան և միասին դուրս եկան։

Պորտոսը և Արամիսը մնացին դրագունի ու շվեյցարացու կոպիտ կատակներին պատասխանելու։

Իսկ Բազենը գնաց, պառկեց քնելու ծղոտե ներքնակին, և որովհետև շվեյցարացուց ավելի վառ երևակայություն ուներ, երազ տեսավ, իբր թե Արամիսը պապ դառնալով իրեն էլ կարդինալի աստիճան է տալիս։

Սակայն, ինչպես արդեն ասացինք, իր բարեհաջող վերադարձով Բազենը միայն մի մասն էր ցրում այն անհանգստության, որ դադար չէր տալիս չորս ընկերներին։ Սպասումի օրերը երկար էին թվում, և այդ առանձնապես զգում էր դ’Արտանյանը, որը գրազ կգար, թե օրը դարձել է քառասունութ ժամ։ Նա մոռանում էր ծովային ճանապարհորդության հարկադրական դանդաղությունը և չափազանցում էր միլեդիի հզորությունը։ Նա մտքում պատկերացնում էր, թե այդ կինը, որը նրան դև էր թվում, նույնպիսի գերբնական դաշնակիցներ ունի, ինչպիսին ինքն է։ Ամենափոքր խշխշոցի դեպքում երևակայում էր, թե եկել են իրեն ձերբակալելու և Պլանշեին էլ բերել են իր և իր ընկերների հետ առերեսում անելու համար։ Դեռ ավելին, նրա վստահությունը արժանավոր պիկարդացու նկատմամբ օրեցօր նվազում էր։ Նրա անհանգստությունն այնքան էր ուժեղաց ել, որ անցել էր նաև Պորտոսին ու Արամիսին։ Միայն Աթոսն էր, որ առաջվա պես անվրդով էր մնում, ասես նրա շուրջը ոչ մի վտանգ չկար և ոչ մի բան չէր խախտում իրերի սովորական ընթացքը։

Տասնվեցերորդ օրն հատկապես այդ հուզմունքն այնպիսի ուժով էր համակել դ’Արտանյանին ու նրա ընկերներին, որ մի տեղ մնալ չէին կարողանում, ուրվականի պես թափառում էին այն ճանապարհին, որով պետք է վերադառնար Պլանշեն։

— Դուք, իսկապես, տղամարդ չեք, այլ երեխաներ եք, երբ մի կին կարողանում է այդքան վախ ներշնչել ձեզ,— ասում էր նրանց Աթոսը։— Ախր ի՞նչ է սպառնում ձեզ։ Բանտ ընկնե՞լ։ Բայց ձեզ դուրս կբերեն այնտեղից, ինչպես տիկին Բոնասիեին դուրս բերին։ Գլխատվե՞լ։ Բայց չէ՞ որ ամեն օր մենք խրամատներում ուրախ֊զվարթ ավելի վատ վտանգների ենք ենթարկում մեզ, որովհետև ռումբը կարող է մեր ոտքը փշրել, և ես համոզված եմ, որ վիրաբույժը մեր ոտքը կտրելիս ավելի շատ ցավ կպատճառի, քան դահիճը՝ գլուխը կտրելիս։ Ուրեմն՝ հանգիստ սպասենք։ Երկու ժամից, չորս կամ ամենաշատը վեց ժամից Պլանշեն այստեղ կլինի։ Նա խոստացավ այստեղ լինել, և ես շատ եմ հավատում Պլանշեի խոստումներին, նա լավ տղա է երևում։

— Իսկ եթե չվերադառնա՞,— հարցրեց դ’Արտանյանը։

— Դե՛հ, եթե չեկավ, նշանակում է մի որևէ պատճառով ուշացել է, ուրիշ ոչինչ։ Նա կարող էր ձիուց ընկնել, կարող էր կամրջից ընկնել, կարող էր ձին արագ քշելուց թոքերի բորբոքում ստանալ։ Է՛հ, պարոննե՛ր, պետք է ամեն պատահականություն նկատի ունենալ։ Կյանքը մանր ձախորդություններից կազմված տերողորմյա է, և փիլիսոփան ծիծաղելով գցում է այդ տերողորմյան։ Փիլիսոփա եղեք ինձ նման, պարոննե՛ր, սեղան նստեցեք, եկեք խմենք։ Երբեք ապագան այնպես վարդագույն չի երևում, որքան՝ երբ նայում ես նրան շամբերտենի բաժակի միջով։

— Միանգամայն ճշմարիտ է,— պատասխանեց դ’Արտանյանը,— բայց ես արդեն ձանձրացել եմ, որ ամեն անգամ մի նոր շիշ բաց անելիս երկյուղ եմ կրում, թե արդյոք միլեդիի մառանից չէ՞ այդ։

— Դուք արդեն շատ բծախնդիր եք,— ասաց Աթոսը,— նա այնքան գեղեցիկ կին է ո՜ր։

— Մարդկանց ձեռքով դաջված կին,— անճոռնիաբար սրախոսեց Պորտոսը և սովորականի նման բարձր քրքջաց։

Աթոսը ցնցվեց, ձեռքը ճակատին քսեց, ասես քրտինքն էր սրբում, և վեր կացավ մի ջղային շարժումով, որը նա ճնշելու ուժ չուներ։

Իսկ օրը վերջանում էր։ Երեկոն սովորականից ավելի դանդաղ էր իջնում, բայց և այնպես վերջիվերջո իջավ, և պանդոկները լցվեցին այցելուներով։

Աթոսը, որ իր բաժինն էր ստացել ադամանդի վաճառքից, պանդոկից դուրս չէր գալիս։ Նա իրեն միանգամայն արժանի խաղընկեր էր գտել ի դեմս պարոն Բյուզինյիի, որն, ի դեպ, հիանալի ճաշ էր տվել մեր ընկերներին։ Այսպես, նրանք սովորականի պես զառ էին խաղում, երբ ժամը յոթը խփեց։ Լսվում էր, թե ինչպես անցան պարեկները, որոնք գնում էին գիշերային պահակախմբերն ուժեղացնելու։ Յոթն անց կեսին երեկոյան փողը փչեց։

— Մենք կորա՜նք,— շշնջաց դ’Արտանյանը Աթոսին։

— Դուք ուզում եք ասել մեր փողերը կորան,— հանգիստ ուղղեց նրան Աթոսը, գրպանից չորս պիստոլ հանելով և սեղանի վրա նետելով։— Դե՛հ, պարոննե՛ր, երեկոյան փողն են փչում, գնանք քնելու։

Եվ Աթոսը դուրս եկավ պանդոկից դ’Արտանյանի ուղեկցությամբ։ Նրանց հետևից գնում էր Արամիսը՝ Պորտոսին թևանցուկ արած։ Արամիսն ինչ֊որ ոտանավոր էր մրմնջում, իսկ Պորտոսը հուսահատությունից զայրացած՝ իր բեղն էր քաշքշում անողոքաբար։

Հանկարծ խավարի մեջ նշմարվեց մի կերպարանք, որի գծագրությունները դ’Արտանյանին ծանոթ թվացին, և նրա ականջին սովոր մի ձայն ասաց.

— Ես ձեր թիկնոցն եմ բերել, տեր իմ, այսօր երեկոն պաղ է։

— Պլանշե՜,— արձագանքեց դ’Արտանյանը ուրախությունից իրեն կորցրած։

— Պլանշե՜,— արձագանքեցին Պորտոսն ու Արամիսը։

— Դե իհարկե Պլանշեն է,— ասաց Աթոսը։— Ի՞նչ զարմանալու բան կա։ Նա խոստացել էր վերադառնալ ժամը ութին, և ահա հենց հիմա խփում է ութը։ Կեցցե՛ք, Պլանշե՛, դուք ձեր խոսքի տեր մարդ եք, և եթե երբևիցե հեռանաք ձեր պարոնից, ես ձեզ ինձ մոտ ծառայության կվերցնեմ։

— Օ՜, ո՛չ, երբե՛ք,— առարկեց Պլանշեն։— Ես երբեք չեմ հեռանա պարոն դ’Արտանյանից։

Նույն րոպեին դ’Արտանյանը զգաց, որ Պլանշեն իր բուռը խցկեց մի նամակ։

Դ’Արտանյանը բուռն ցանկություն ուներ գրկելու Պլանշեին վերադարձի առթիվ, ինչպես արել էր նրա մեկնելու ժամանակ, բայց վախեցավ, որ ծառայի նկատմամբ այդպիսի սրտահույզ զգացմունքը փողոցի մեջտեղում կարող է տարօրինակ թվալ անցորդներից որևէ մեկին, ուստի ինքն իրեն զսպեց։

— Նամակն ինձ մոտ է,— հայտնեց նա Աթոսին և մյուս ընկերներին։

— Լավ,— ասաց Աթոսը,— գնանք տուն և կարդանք։

Նամակը այրում էր դ’Արտանյանի ձեռքը։ Նա ուզում էր քայլերն արագացնել, բայց Աթոսը թևանցուկ արեց նրան, և երիտասարդը ստիպված էր քայլել ընկերոջը համընթաց։

Վերջապես նրանք վրան մտան և ճրագը վառեցին։ Պլանշեն կանգնեց մուտքի մոտ, որպեսզի ոչ ոք ընկերներին անակնկալի չբերի, իսկ դ’Արտանյանը դողդոջուն ձեռքերով կնիքը կոտրեց և բաց արեց վաղուց սպասվող նամակը։

Նամակը բաղկացած էր ընդամենը կես տողից, գրված զուտ բրիտանական ձեռագրով և խիստ հակիրճ։

“Thank you, be easy”։

Որ նշանակում է՝ «Շնորհակալ եմ, հանգիստ եղեք»։

Աթոսը նամակը վերցրեց դ’Արտանյանի ձեռքից, մոտեցրեց ճրագին և բռնեց նրա վրա այնքան ժամանակ, մինչև ամբողջ նամակը մոխիր դարձավ։

Հետո կանչեց Պլանշեին և ասաց.

— Հիմա, սիրելիս, դու կարող ես պահանջել քո յոթ հարյուր լիվրը, թեև քեզ համար շատ մեծ վտանգ չի եղել այսպիսի նամակը։

— Բայց դա ինձ չէր խանգարում զանազան խորամանկությունների դիմել, որպեսզի հաջողությամբ տեղ հասցնեմ այն,— պատասխանեց Պլանշեն։

— Հապա, պատմիր մեզ քո արկածները,— առաջարկեց դ’Արտանյանը։

— Երկար պատմություն է, տեր իմ։

— Դու իրավացի ես, Պլանշե՛,— ասաց Աթոսը։— Բացի այդ, արդեն երեկոյան փողը փչել են, և եթե մեր ճրագը ավելի երկար վառվի, քան ուրիշներինը, այդ նկատելի կլինի։

— Թող այդպես լինի, պառկենք քնելու,— համաձայնեց դ’Արտանյանը։— Հանգիստ քնիր, Պլանշե։

— Ազնիվ խոսք, տեր իմ, տասնվեց օրվա մեջ առաջին անգամն է, որ պիտի հանգիստ քնեմ։

— Ես նույնպես,— ասաց դ’Արտանյանը։

— Ես նույնպես,— գոչեց Պորտոսը։

— Ե՛ս նույնպես,— ասաց Արամիսը։

— Ճիշտը ձեզ ասեմ՝ ե՛ս նույնպես,— ասաց Աթոսը։

Comments