Chapter 47
Երկրորդ մաս XVI. Սեն Ժերվե բաստիոնը
Գալով իր ընկերների մոտ՝ դ’Արտանյանը նրանց բոլորին գտավ միասին մի սենյակում, Աթոսն ինչ֊որ բան էր մտածում, Պորտոսը բեղերն էր ոլորում, իսկ Արամիսն աղոթք էր անում մի փոքրիկ, թավշակազմ աղոթագրքով։
— Գրողը տանի, պարոնա՛յք,— ասաց դ’Արտանյանը։— Հուսով եմ, որ ուշադրության արժանի մի որևէ բան եք հաղորդելու ինձ, թե չէ, նախազգուշացնում եմ, չեմ ների ձեզ, որ ինձ ստիպել եք գալ, չթողիք հանգստանամ այսօրվա գիշերվանից հետո, երբ ես գրավել ու ավերել եմ մի բաստիո՜ն։ Ա՜խ, շատ ափսոս, պարոնա՛յք, որ դուք այնտեղ չէիք։ Շատ թեժ կռիվ էր։
— Մենք ընկել էինք մի ուրիշ տեղ, որտեղ նույնպես պաղ չէր,— պատասխանեց Պորտոսը մի չտեսնված ոլորք տալով իր բեղերին։
— Սը՜ս — լռեցրեց Աթոսը։
— Օհո՜,— ասաց դ’Արտանյանը, գլխի ընկնելով, թե ինչու հրացանակիրը հոնքերը կիտեց,— երևում է՝ դուք ինչ֊որ նորություն ունեք։
— Արամիս, կարծեմ դուք երեք օր առաջ նախաճաշե՞լ եք կալվինիստական պանդոկում, «Անօրենում»,— հարցրեց Աթոսը։
— Այո։
— Ինչպե՞ս է այնտեղ։
— Ես որ գոհ չմնացի, պաս օր էր և այնտեղ միայն ուտիսվա կերակուր էին տալիս։
— Ինչպե՜ս,— զարմացավ Աթոսը։— Ծովային նավահանգիստ է և ձուկ չկա՞։
— Նրանք ասում են, թե այն ամբարտակը, որ կառուցում է պարոն կարդինալը, ամբողջ ձուկը քշում է դեպի բաց ծովը,— բացատրեց Արամիսը և նորից անցավ իր բարեպաշտական զբաղմունքին։
— Ես ձեզ դրա մասին չեմ հարցնում, Արամիս,— ասաց Աթոսը,— ես ձեզ հարցնում եմ, թե այնտեղ լրիվ ազատ էիք զգում ձեզ, և որևէ մեկը չէ՞ր անհանգստացնում ձեզ։
— Կարծեմ այնտեղ այցելուներ շատ էլ չկային... Այո, իսկապես, ինչ որ դուք ուզում եք պատմել, Աթոս, դրա համար «Անօրենը» հարմար տեղ է։
— Դե ուրեմն գնանք այնտեղ,— ասաց Աթոսը,— այստեղ պատերն ասես թղթից լինեն։
Դ’Արտանյանը, վարժված լինելով ընկերոջ գործելակերպին և նրա մի խոսքից, շարժումից կամ նշանից հասկանալով, որ դրությունը լուրջ է, թևանցուկ արեց Աթոսին և դուրս գնաց նրա հետ, առանց որևէ բան հարցնելու։ Պորտոսն ու Արամիսը մտերմաբար զրուցելով հետևեցին նրանց։
Ճանապարհին նրանք հանդիպեցին Գրիմոյին։ Աթոսը նրան նշան արեց՝ հետևել իրենց։ Գրիմոն ըստ սովորության լուռ ու մունջ հնազանդվեց. խեղճն այնտեղ էր հասել, որ արդեն համարյա մոռացել էր խոսելը։
Ընկերները հասան պանդոկ։ Առավոտյան ժամը յոթն էր, և արդեն սկսել էր լուսանալ։ Նրանք նախաճաշ պատվիրեցին և մտան դահլիճ, որտեղ, ինչպես պանդոկի տերն էր հավատացնում, ոչ ոք չէր կարող անհանգստացնել նրանց։
Դժբախտաբար գաղտնի խորհրդակցության համար հարմար ժամանակ չէր ընտրված. հենց նոր առավոտյան փողն էին փչել, և շատերը ցանկանալով քունը թոթափել իրենց վրայից և առավոտյան խոնավությունից տաքանալ մի րոպեով մտնում էին պանդոկ՝ մի բաժակ գինի խմելու։ Դրագունները, շվեյցարացիները, գվարդիականներն ու հրացանակիրներն արագորեն փոխարինում էին իրար, որ խիստ ձեռնտու էր պանդոկի տիրոջը, բայց ամենևին չէր համապատասխանում չորս ընկերների մտադրությանը։ Դրա համար էլ նրանք շատ մռայլ էին պատասխանում իրենց մարտական ընկերների ողջույններին, կենացներին ու կատակներին։
— Բավական է սրտնեղել,— ասաց Աթոսը։— Մեկ էլ տեսար՝ այստեղ որևէ մեկի հետ վեճի բռնվեցինք, իսկ այդ ամենևին էլ ձեռնտու չէ մեզ հիմա։ Դ’Արտանյան, պատմեցեք, թե ինչպես անցկացրիք դուք այս գիշերը, իսկ մենք մեր ասելիքը հետո կպատմենք ձեզ։
— Իսկապես...— մեջ ընկավ մի հեծելազորային՝ թեթևակի ճոճվելով, ձեռքին բռնած օղու բաժակը, որից նա ծծում էր դանդաղորեն,— իսկապես, պարոն գվարդիականներ, այս գիշեր դուք խրամատներում եք եղել և կարծեմ հաշիվնե՞ր եք տեսել լարոշելցիների հետ։
Դ’Արտանյանը նայեց Աթոսին, ասես հարցնելիս լիներ՝ պատասխանե՞լ արդյոք անկոչ խոսակցին։
— Մի՞թե չես լսում, որ պարոն դը Բյուզինյին պատիվ է անում քեզ դիմելու,— հարցրեց Աթոսը։— Պատմեք, ինչ է պատահել այս գիշեր, քանի որ այս պարոններն ուզում են իմանալ, թե ինչպիսի կռիվ էր։
— Թուք փասթիոն առի՞ք,— հարցրեց մի շվեյցարացի, որը ռոմ Էր խմում գարեջրի բաժակով։
— Այո՛, պարոն,— գլուխ խոնարհելով պատասխանեց դ’Արտանյանը,— մեզ վիճակվեց այդ պատիվը։ Մենք նույնիսկ, գուցեև լսած լինեք, նրա անկյուններից մեկի տակ մի տակառ վառոդ դրինք, և երբ վառոդը պայթեց, մի մեծ անցք բացվեց։ Ասենք մնացած ամբողջ պատն էլ թուլացավ, ախր բաստիոնը հին է։
— Իսկ այդ ո՞ր բաստիոնն էր,— հարցրեց մի դրագուն, որը ձեռքին բռնած թրին անց էր կացրել մի սագ, որ նա բերել էր խորովելու։
— Սեն Ժերվե բաստիոնը,— պատասխանեց դ’Արտանյանը,— որի պաշտպանությամբ լարոշելցիներն անհանգստացնում էին մեր հող փորողներին։
— Թե՞ժ կռիվ էր։
— Այն էլ ո՜նց։ Մենք հինգ մարդ կորցրինք, իսկ լարոշելցիները՝ ութ կամ տասը։
— Քրող թանի,— գոչեց շվեյցարացին, որը, չնայած գերմաներեն լեզվում գոյություն ունեցող հայհոյանքների հիանալի շարանին, սովորություն էր դարձրել հայհոյել ֆրանսերեն։
— Բայց երևի այսօր նրանք հող փորողների խումբ կուղարկենք, որպեսզի բաստիոնը կարգի բերեն։
— Այո, երևի,— հաստատեց դ’Արտանյանը։
— Պարոններ, առաջարկում եմ գրազ գալ,— ասաց Աթոսը։
— Օ՜, այո՛, քրա՜ս,— վրա բերեց շվեյցարացին։
— Ի՞նչ գրազ,— հետաքրքրվեց հեծելազորայինը։
— Սպասեցեք,— խնդրեց դրագունը և իր թուրը շամփուրի պես դրեց երկու երկաթե խոշոր եռոտանիների վրա, որոնց տակ փայտ էր վառվում օջախում,— ես էլ եմ ուզում մասնակցել։ Է՜յ, պանդոկապետ, շուտ, թավան տակը դրեք, որպեսզի այս թանկարժեք սագից ոչ մի կաթիլ յուղ չկորչի։
— Նա չիշտ է ասում,— մեջ ընկավ շվեյցարացին,— սաքի յուղ շատ համոֆ է մուրափայով։
— Ա՜յ թե ինչ,— թեթևացած շունչ առավ դրագունը։— Իսկ հիմա անցնենք մեր գրազին։ Մենք լսում ենք ձեզ, պարոն Աթոս։
— Ի՞նչ գրազ է,— հարցրեց հեծելազորայինը։
— Այ, պարոն դը Բյուզինյի,— սկսեց Աթոսը,— ես ձեզ հետ գրազ եմ գալիս, որ իմ երեք ընկերները՝ պարոններ Պորտոսը, Արամիսն ու դ’Արտանյանը և ես նախաճաշ կանենք Սեն Ժերվե բաստիոնում և այնտեղ կդիմանանք մեր ժամացույցով ուղիղ մեկ ժամ, որքան էլ թշնամին ջանա մեզ դուրս մղել այնտեղից։
Պորտոսն ու Արամիսը իրար նայեցին, նրանք սկսում էին հասկանալ, թե ինչ է ուզում Աթոսը։
— Ի՜նչ եք ասում,— շշնջաց դ’Արտանյանը Աթոսի ականջին,— ախր մեզ կսպանեն այնտեղ։
— Ավելի հավանական է, որ մեզ կսպանեն, եթե այնտեղ չգնանք,— պատասխանեց Աթոսը։
— Ազնիվ խոսք, պարոննե՜ր, ա՛յ, դա հիանալի գրազ կլինի,— խոսեց Պորտոսը աթոռի թիկնակին հենվելով և բեղերը ոլորելով։
— Այո, և ես ընդունում եմ այդ գրազը,— ասաց Բյուզինյին,— մնում է միայն պայմանավորվել, թե ինչով ենք գրազ գալիս։
— Դուք չորս հոգի եք, պարոննե՛ր, մենք էլ չորսն ենք. ութ մարդու ճաշ, ով ինչ տեսակ ցանկանա,— առաջարկեց Աթոսը։— Ի՞նչ կասեք սրան։
— Հիանալի է,— ասաց Բյուզինյին։
— Հիանալի,— հաստատեց դրագունը։
— Համացայն եմ,— վրա բերեց շվեյցարացին։
Չորրորդ ընկերը, որն այդ ամբողջ տեսարանում համր դեր էր խաղում, գլխով համաձայնության նշան արեց։
— Ձեր նախաճաշը պատրաստ է, պարոններ,— զեկուցեց պանդոկապետը։
— Դե բերե՛ք,— կարգադրեց Աթոսը։
Պանդոկի տերը հնազանդվեց։ Աթոսը մոտ կանչեց Գրիմոյին, ցույց տվեց նրան դահլիճի անկյունում ընկած զամբյուղը և այնպիսի շարժում արեց, ասես տապական փաթաթում էր անձեռոցիկի մեջ։
Գրիմոն իսկույն հասկացավ, որ խոսքը վերաբերում է բնության գրկում նախաճաշելուն, զամբյուղը վերցրեց, բոլոր ուտելիքները դարսեց նրա մեջ, շշերն էլ ավելացրեց նրանց և զամբյուղը թել, գցեց։
— Որտե՞ղ եք ուզում նախաճաշել,— հարցրեց պանդոկապետը։
— Միևնույն չէ՞ ձեզ համար,— պատասխանեց Աթոսը,— միայն թե ձեզ վճարենք ուտելիքի գինը։
Եվ նա վեհաշուք շարժումով երկու պիստոլ գցեց սեղանին։
— Կհրամայեք մանրը վերադարձնե՞լ, պարոն սպա,— հարցրեց պանդոկապետը։
— Ո՛չ։ Միայն երկու շիշ շամպայն ավելացրեք, իսկ մնացածը անձեռոցիկի դիմաց կմնա ձեզ։
Գործն այնքան շահավետ չեղավ, որքան կարծում էր պանդոկապետը, բայց էլի նա իրենն արեց՝ նախաճաշի մասնակիցներին շամպայնի փոխարեն երկու շիշ անժույան գինի տալով։
— Պարոն դը Բյուզինյի,— ասաց Աթոսը,— ձեզ հաճելի է ձեր ժամացույցն իմով ուղղել, թե՞ կուզեք, որ ես իմը ուղղեմ ձերով։
— Խնդրեմ, ողորմած պարոն,— պատասխանեց հեծելազորայինը՝ գրպանից հանելով մի հիանալի ադամանդազարդ ժամացույց։— Յոթն անց է երեսուն րոպե։
— Յոթն անց է երեսունհինգ րոպե,— ասաց Աթոսը։— Ուրեմն իմանանք, ողորմած պարոն, որ իմ ժամացույցը ձերից հինգ րոպե առաջ է։
Զարմանքից քար կտրած այցելուներին գլուխ տալով՝ չորս ընկերներն ուղղվեցին դեպի Սեն Ժերվե բաստիոնը։ Նրանց ուղեկցում էր Գրիմոն, որը տանում էր զամբյուղը, ինքն էլ չիմանալով, թե ուր է գնում, նա այնպես էր սովորել լուռ ու մունջ հնազանդվել Աթոսին, որ մտքով էլ չէր անցնում հարցնել, թե ուր են գնում։
Քանի դեռ ճամբարի միջով էին քայլում, նրանք ոչ մի խոսք չէին փոխանակում, մանավանդ որ նրանց կրնկակոխ հետևում էին հետաքրքրասեր մարդիկ, որոնք այդ գրազի մասին լսելով՝ ուզում էին տեսնել, թե մեր բարեկամներն ինչպես են դուրս գալու դրությունից։ Բայց հենց որ ճամբարի ամրությունների գիծն անցան և դաշտ դուրս եկան, դ’Արտանյանը, որ մինչ այդ բոլորովին անտեղյակ էր գործին, մտածեց, թե ժամանակն է բացատրություն խնդրելու։
— Իսկ հիմա, սիրելի Աթոս,— սկսեց նա,— ասացեք ինձ, խնդրում եմ, ո՞ւր ենք գնում մենք։
— Ինքներդ տեսնում եք,— պատասխանեց Աթոսը,— գնում ենք բաստիոն։
— Իսկ ի՞նչ ենք անելու մենք այնտեղ։
— Ինքներդ գիտեք, նախաճաշելու ենք։
— Իսկ ինչո՞ւ մենք «Անօրենում» չնախաճաշեցինք։
— Որովհետև մենք պետք է խոսենք շատ կարևոր բաների մասին, իսկ այդ պանդոկում հինգ րոպե անգամ հնարավոր չէ զրուցել, քանի որ անընդհատ մարդիկ են գնում֊գալիս, բարևում ու խոսքի բռնվում... Այստեղ,— շարունակեց Աթոսը բաստիոնը ցույց տալով,— համենայն դեպս մեզ ոչ ոք չի խանգարի։
— Կարծում եմ մենք կարող ենք մի որևէ թաքուն տեղ գտնել ծովափի ավազաթմբերում,— նկատեց դ’Արտանյանը այն զգուշությամբ, որ այնպես հիանալի ու բնականորեն զուգակցվում էր նրա անսահման քաջությանը։
— Որտեղ կտեսնեին, որ մենք չորսով զրուցում ենք և մի քառորդ ժամ չանցած՝ կարդինալի լրտեսները կզեկուցեին նրան, թե մենք գաղտնի խորհրդի ենք նստել։
— Այո,— վրա բերեց Արամիսը,— Աթոսն իրավացի է. Animadvertuntur in desertis<ref>Նրանց նկատում են անապատում (լատ.)։</ref>։
— Վատ չէր լինի անապատ հասնել,— վրա բերեց Պորտոսը,— բայց բանն էլ հենց այն է, որ գտնվի անապատը։
— Չկա այնպիսի անապատ, որտեղ թռչունը չկարողանա անցնել գլխիդ վրայով, որտեղ ձուկը չկարողանա գլուխը հանել ջրից, որտեղ ճագարը չկարողանա դուրս թռչել իր բնից։ Իսկ ինձ թվում է, որ թռչուններն էլ, ձկներն էլ, ճագարներն էլ, բոլորը կարդինալի լրտեսներն են դարձել։ Ուրեմն ավելի լավ է շարունակենք մեր նախաձեռնությունը, որից, ի դեպ, արդեն չենք էլ կարող նահանջել առանց խայտառակվելու։ Մենք չնախատեսված գրազ բռնեցինք, և ես համոզված եմ, որ ոչ ոք չի հասկանա սրա իսկական պատճառը։ Գրազը տանելու համար մենք մի ժամ կմնանք բաստիոնում։ Կամ մեզ վրա կգրոհեն, կամ չեն գրոհի։ Եթե չգրոհեցին, մենք խոսելու բավական ժամանակ կունենանք, և ոչ ոք մեզ ականջ չի դնի. երաշխավորում եմ, որ բաստիոնի պատերը ականջներ չունեն։ Իսկ եթե գրոհեցին, էլի մենք կարող ենք խոսել մեր գործերի մասին և, միաժամանակ պաշտպանվելով մենք փառքով կպսակենք մեզ։ Տեսնում եք ինքներդ, որ ինչպես էլ շուռ, տաս, մեր օգուտն է։
— Այո, համաձայնեց դ’Արտանյանը,— բայց մենք գնդակից խույս տալ չենք կարող։
— Է՜հ, սիրելի բարեկամ,— ասաց Աթոսը,— դուք շատ լավ գիտեք, ամենից ավելի վտանգավորն այն գնդակները չեն, որ ուղարկում է թշնամին։
— Բայց ինձ թվում է,— միջամտեց Պորտոսը,— որ այսպիսի արշավի համար հարկավոր էր գոնե մեր հրացանները վերցնել։
— Դուք անմիտ եք, սիրելի Պորտոս, ինչո՞ւ ծանրաբեռնել մեզ անօգուտ բեռով։
— Երբ ես թշնամու դեմ հանդիման եմ գտնվում, ինձ անօգուտ չեն թվում սարքին հրացանը, մի դյուժին փամփուշտները և մի քսակ վառոդը։
— Բայց մի՞թե դուք չլսեցիք, թե ինչ ասաց դ’Արտանյանը։
— Իսկ ի՞նչ ասաց դ’Արտանյանը։
— Նա ասաց, որ գիշերային գրոհի ժամանակ ութ թե տասը ֆրանսիացի են սպանվել և նույնքան էլ լարոշելցի։
— Հետո՞։
— Նրանց կողոպտել չեն հասցրել, չէ՞։ Բոլորն այդ ժամանակ ավելի կարևոր գործով են զբաղված եղել։
— Հետո ի՞նչ։
— Այն, որ մենք այնտեղ հրացան էլ կգտնենք, վառոդաման էլ, փամփուշտներ էլ, և չորս հրացանի, մի դյուժին գնդակի փոխարեն կունենանք մեկ ու կես տասնյակ հրացան և հարյուրներով փամփուշտ։
— Օ՜, Աթոս, իսկապես որ դու մեծ մարդ ես,— գոչեց Արամիսը։
Պորտոսը գլուխը խոնարհեց, որպես նշան, թե ինքն էլ միանում է այդ կարծիքին։
Միայն, երևում է, դ’Արտանյանին չհամոզեցին Աթոսի ասածները։
Գրիմոն էլ հավանորեն բաժանում էր երիտասարդի կասկածը։ Տեսնելով, որ բոլորը շարունակում են գնալ դեպի բաստիոն, որին սկզբում կասկածում էր, նա ձգեց իր տիրոջ փեշը։
«Ո՞ւր ենք գնում մենք»,— շարժուձևերով հարցրեց նա։
Աթոսը մատնացույց արեց բաստիոնը։
«Բայց այնտեղ մեզ կթրխկացնեն»,— շարժումների նույն լեզվով շարունակեց անձայն Գրիմոն։
Աթոսը ձեռքերը դեպի երկինք մեկնեց և աչքերը վեր բարձրացրեց։
Գրիմոն զամբյուղը գետնին դրեց և գլուխը բացասաբար օրորելով նստեց։
Աթոսը գոտիկից հանեց ատրճանակը, նայեց, թե լա՞վ է լցրած այն, ոտքը քաշեց և փողը դեմ արավ Գրիմոյի ականջին։
Գրիմոն վեր թռավ՝ ասես զսպանակից մղված։
Աթոսը նշանով նրան հրամայեց զամբյուղը վերցնել և առաջ գնալ։
Գրիմոն հնազանդվեց։
Միակ բանը, որն այդ րոպեական մնջախաղից շահեց Գրիմոն, այն էր, որ արիերգարդից ավանգարդ անցավ։
Բարձրանալով բաստիոնի գլուխը՝ չորս ընկերները ետ նայեցին։
Զենքի բոլոր տեսակների ավելի քան երեք հարյուր զինվոր հավաքվել էին ճամբարի ուղեկալի մոտ, իսկ այդ բոլորից մի քիչ հետո՝ կարելի էր տեսնել պարոն դր Բյուզինյիին, դրագունին, շվեյցարացուն և գրազի չորրորդ մասնակցին։
Աթոսը գլխարկը վերցրեց, անց կացրեց սուսերի ծայրին և օդում թափահարեց։
Հանդիսատեսները այդ ողջույնին պատասխանեցին բարձրագոչ «ուռա»֊ներով, որոնք հասնում էին մեր խիզախներին։
Ապա բոլոր չորսն էլ թաքնվեցին բաստիոնում, ուր արդեն սողոսկել էր Գրիմոն։