Chapter 46
Երկրորդ մաս XV. Տեսարան ամունսինների միջև
Ինչպես և Աթոսը նախատեսել էր, կարդինալը շուտով ցած իջավ։ Նա բաց արեց այն սենյակի դուռը, ուր տեղավորվել էին հրացանակիրները, և տեսավ, որ Պորտոսն ու Արամիսը մեծ եռանդով զառ են խաղում։ Ամբողջ սենյակին մի թռուցիկ հայացք գցելով նա համոզվեց, որ իր երեք թիկնապահներից մեկը չկա։
— Ո՞ւր է գնացել պարոն Աթոսը,— հարցրեց նա։
— Ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց Պորտոսը,— նա առաջ է գնացել ճանապարհը հետախուզելու. մեր հյուրանոցի տիրոջ որոշ խոսքեր նրան կասկած էին ներշնչել, թե ճանապարհն այնքան էլ ապահով չէ։
— Իսկ դո՞ւք։ Ի՞նչ եք արել դուք, պարոն Պորտոս։
— Ես Արամիսից հինգ պիստոլ տարա։
— Իսկ հիմա ինձ հետ միասին վերադարձեք։
— Մենք պատրաստ ենք ծառայելու ձերդ սրբազնությանը։
— Դե ուրեմն, հեծեք ձիերը, պարոննե՛ր, ուշ է։
Զինակիրը կարդինալի ձիու սանձը բռնած՝ կանգնած էր դռան առաջ։ Քիչ հեռու խավարի մեջ երևում էին երկու մարդ և երեք ձի։ Դրանք հենց այն մարդիկ էին, որոնք միլեդիին պիտի ուղեկցեին մինչև Լա֊Պուենտ բերդը և այնտեղ պիտի նավ նստեցնեին նրան։
Զինակիրը հաստատեց այն ամենը, ինչ երկու հրացանակիրներն ասել էին Աթոսի մասին։ Կարդինալը գլխով հավանության նշան արավ և վերադարձի ճանապարհը բռնեց նույն նախազգուշություններով, ինչ որ նա ձեռք էր առել այդ պանդոկը մեկնելիս։
Թողնենք, որ սա իր զինակրի և երկու հրացանակիրների պաշտպանությամբ ճանապարհ գնա, մենք վերադառնանք Աթոսին։
Մի հարյուր քայլ Աթոսը գնաց առանց շտապելու, բայց հենց որ աչքից ծածկվեց, շուռ եկավ դեպի աջ, մի ուրիշ ճանապարհով ետ արշավեց և ճանապարհից մի քսան քայլ հեռու փոքրիկ անտառում թաքնվելով սկսեց սպասել իր ուղեկիցների անցնելուն։ Տեսնելով իր ընկերների լայնեզր գլխարկները և կարդինալի թիկնոցի ոսկեթել ծոպերը՝ նա սպասեց, մինչև ձիավորները ճանապարհի կեռմանում անհետացան, և ինքը սրարշավ վերադարձավ պանդոկ, ուր անարգել ներս թողին նրան։
Պանդոկի տերը ճանաչեց նրան։
— Իմ պետը,— ասաց Աթոսը,— մոռացել է մի կարևոր հանձնարարություն անել այն տիկնոջը, որ ապրում է երկրորդ հարկում, և ինձ ուղարկել է այդ հանձնարարությունն անելու։
— Անցեք վերև,— ասաց պանդոկի տերը։— Այն կինը դեռ իր սենյակումն է։
Աթոսն օգտվեց թույլտվությունից և, որքան կարելի է, թեթև քայլերով բարձրացավ վերև, սանդուղքի վերին հարթակը։ Այստեղ նա կիսաբաց դռնից տեսավ, որ միլեդին իր գլխարկի ժապավեններն է կապում։
Աթոսը սենյակ մտավ և դուռն իր հետևից կողպեց։
Սողնակի շխկոցի վրա միլեդին ետ նայեց։
Աթոսը կանգնած էր դռան մոտ, թիկնոցի մեջ փաթաթված և գլխարկն աչքերին քաշած։
Արձանի նման լուռ ու անշարժ այս ֆիգուրը տեսնելով՝ միլեդին վախեցավ։
— Ո՞վ եք դուք, ի՞նչ էք ուզում,— գոչեց նա։
«Այո, այդպես էլ կա. նա է»,— ասաց Աթոսն ինքն իրեն։
Թիկնոցը ետ գցելով ու գլխարկը ճակատից վեր քաշելով՝ նա մոտեցավ միլեդիին։
— Ճանաչո՞ւմ եք ինձ, տիկին,— հարցրեց նա։
Միլեդին առաջ թեքվեց, բայց և հանկարծ ետ ցատկեց՝ ասես օձը խայթեց նրան։
— Այդպե՜ս։ Լա՜վ,— ասաց Աթոսը։— Տեսնում եմ, որ դուք ինձ ճանաչեցիք։
— Կոմս դը Լա Ֆե՜ր,— շշնջաց միլեդին գունատվելով ու ետ֊ետ քաշվելով, մինչև որ դեմ առավ պատին։
— Այո՛, միլեդի,— պատասխանեց Աթոսը,— կոմս դը Լա Ֆեր, ինքն անձամբ ներկայացել է այն աշխարհից, որպեսզի ձեզ տեսնելու հաճույքն ունենա։ Դե՛հ, նստեք, զրուցենք, ինչպես արտահայտվում է պարոն կարդինալը։
Անասելի սարսափով համակված՝ միլեդին նստեց առանց ծպտուն հանելու։
— Դուք աշխարհ ուղարկված դև եք,— սկսեց Աթոսը։— Ձեր իշխանությունը մեծ է, ես գիտեմ, բայց ձեզ հայտնի է նաև, որ հաճախ մարդիկ աստծու օգնությամբ հաղթել են ամենազարհուրելի դևերին։ Դուք արդեն մեկ անգամ կանգնել եք իմ ճանապարհին, ես կարծում էի, թե ձեզ մոխիր եմ դարձրել, բայց կամ ես սխալվել եմ, տիկին, կամ թե դժոխքը հարություն է տվել ձեզ...
Այս խոսքերի վրա միլեդիի մեջ զարհուրելի հիշողություններ արթնացան, և նա գլուխը կախելով ծանր հառաչեց։
— Այո՛, դժոխքը հարություն է տվել ձեզ,— շարունակեց Աթոսը,— դժոխքը ձեզ հարուստ է դարձրել, դժոխքը ձեզ ուրիշ անուն է տվել, դժոխքը անճանաչելիության չափ փոխել է ձեր դեմքը, բայց նա չի ջնջել ոչ ձեր հոգու կեղտը, ո՛չ էլ ձեր ուսի խարանը։
Միլեդին վեր թռավ ասես զսպանակի մղումով, նրա աչքերից շանթեր ցայտեցին։ Աթոսը շարունակում էր նստած մնալ։
— Դուք կարծում էիք, թե ես մեռել եմ, չէ՞։ Ես ևս կարծում էի, թե դուք մեռել եք։ Իսկ Աթոս անունը թաքցնում էր կոմս դը Լա Ֆերեն, ինչպես միլեդի Կլարիկ անունը թաքցնում էր Աննա դը Բեյլին։ Այդպես չէ՞ր ձեր անունը, երբ ձեր հարգելի եղբայրը պսակում էր ձեզ... Մեր դրությունն, իսկապես, տարօրինակ է,— քմծիծաղով շարունակեց Աթոսը,— մենք երկուսս էլ մինչև այժմ ապրել ենք միայն նրա համար, որ մեկս մյուսին մեռած ենք համարել, չէ՞ որ հիշողությունները մարդուն այնպես չեն ճնշում, ինչպես կենդանի արարածը, թեև հիշողություններն էլ երբեմն հոգի են մորմոքում։
— Բայց ի՞նչն է ձեզ բերել ինձ մոտ,— ճնշված ձայնով խոսեց միլեդին։— Եվ ի՞նչ եք ուզում ինձնից։
— Ես ուզում եմ ձեզ ասել, որ համառորեն անտեսանելի մնալով ձեզնից՝ ես ձեզ աչքից չեմ հեռացրել։
— Ձեզ հայտնի՞ է, ինչ եմ արել ես։
— Ես կարող եմ օր առ օր թվել, թե ինչ եք արել դուք սկսած այն ժամանակից, երբ ծառայության եք մտել կարդինալի մոտ, ընդհուպ մինչև այս երեկո։
Միլեդիի գունատ շրթունքները սեղմվեցին թերահավատության ժպիտով։
— Լսեցե՛ք, դուք երկու ադամանդե զարդ եք կտրել դուքս Բեկինգհեմի ուսից. դուք փախցրել եք տիկին Բոնասիեին, դուք դը Վարդին սիրահարվելով և երազելով գիշերն անցկացնել նրա հետ ձեր սենյակն եք ներս թողել պարոն դ’Արտանյանին, դուք կարծելով, թե դը Վարդը խաբել է ձեզ, ուզում էիք դը Վարդի ախոյանին ստիպել, որ սպանի նրան, երբ այդ ախոյանը բաց արեց ձեր խայտառակ գաղտնիքը, դուք երկու վարձկան մարդասպան ուղարկեցիք նրան սպանելու համար, իմանալով, որ այդ մարդասպանների գնդակները նպատակին չեն հասել, դուք նրան թունավորված գինի ուղարկեցիք կեղծ նամակով, ցանկանալով ձեր զոհին հավատացնել, թե այդ գինին նրա բարեկամների ընծան է, վերջապես այստեղ, այս սենյակում, այս նույն աթոռին նստած, որի վրա հիմա ես եմ նստած, դուք հենց նոր կարդինալ Ռիշելիեի առաջ պարտավորություն ստանձնեցիք մարդասպան ուղարկել դուքս Բեկինգհեմին սպանելու, որի փոխարեն նա խոստացավ թույլատրել ձեզ սպանելու դ’Արտանյանին։
Միլեդիի դեմքը ծածկվեց մահվան գունատությամբ։
— Դուք սատանա եք,— շշնջաց նա։
— Կարող է պատահել, սակայն, համենայն դեպս, մի բան հիշեցեք. կսպանեք դուք արդյոք դուքս Բեկինգհեմին, թե մի ուրիշին կուղարկեք նրան սպանելու, այդ իմ գործը չէ։ Ես նրան չեմ ճանաչում, և, բացի այդ, նա անգլիացի է։ Բայց դ’Արտանյանի մազին էլ չդիպչեք, թե չէ, երդվում եմ հորս հիշատակով, որ ձեր այդ ոճիրը վերջին ոճիրը կլինի։
— Պարոն դ’Արտանյանը դաժանորեն վիրավորել է ինձ,— խուլ ձայնով ասաց միլեդին,— պարոն դ’Արտանյանը կմեռնի՛։
— Մի՞թե իսկապես հնարավոր է վիրավորել ձեզ, տիկին,— քմծիծաղ տվեց Աթոսը։— Նա ձեզ վիրավորել է, և նա կմեռնի՞։
— Նա կմեռնի՛,— կրկնեց միլեդին,— նախ՝ այն կինը, ապա նա։
Աթոսի աչքերը մթնեցին։ Այդ արարածի տեսքը, որի մեջ ոչինչ կանացիական չկար, նրա մեջ հոգեմորմոք հիշողություններ արթնացրեց։ Նա հիշեց, թե ինչպես մի անգամ, այժմվանից ավելի քիչ վտանգավոր դրության մեջ ինքն ուզում էր այդ կնոջը զոհաբերել իր պատվին։ Նրան սպանելու այրող ցանկությունը նորից գլուխ բարձրացրեց և համակեց Աթոսին անհաղթահարելի ուժով։ Նա վեր կացավ, գոտիկից դուրս քաշեց ատրճանակը և ոտքը քաշեց։
Միլեդին մահու պես գունատված ուզում էր աղաղակել, բայց լեզուն չէր ենթարկվում նրան, և փայտացած շրթունքներից դուրս թռավ միայն մի խռպոտ ձայն, որ մարդկային խոսքին ոչ մի նմանություն չուներ և ավելի շուտ վայրի գազանի մռնչյուն էր հիշեցնում։ Մազերը ցրիվ՝ կիպ մոտենալով մթին պատին՝ նա սոսկումի մարմնացում էր թվում։
Աթոսը դանդաղորեն բարձրացրեց ատրճանակը, ձեռքը մեկնեց այնպես, որ փողը համարյա միլեդիի ճակատին դիպավ և այնպիսի մի ձայնով, որն ավելի ևս սոսկալի էր դառնում այն բանից, որ նրա մեջ հնչում էր հանգստություն ու անսասանություն, ասաց.
— Տիկի՛ն, դուք հենց այս րոպեին ինձ կտաք այն թուղթը, որ գրեց կարդինալը, թե չէ, կյանքովս եմ երդվում, գնդակը կարձակեմ ձեր ճակատին։
Եթե դա մի ուրիշ մարդ լիներ, միլեդին կարող էր կասկածել, թե կկատարի իր մտադրությունը, բայց նա ճանաչում էր Աթոսին. այնուամենայնիվ, տեղից չշարժվեց։
— Մտածելու համար տալիս եմ մի վայրկյան ժամանակ,— շարունակեց նա։
Նրա դիմագծերի աղավաղումից միլեդին հասկացավ, որ հիմա կրակոց կլսվի։ Նա արագ ձեռքը տարավ կրծքին, ծոցից հանեց թուղթը և մեկնեց Աթոսին։
— Վերցրե՛ք... և նզովյա՛լ եղեք։
Աթոսն այն վերցրեց, ատրճանակը գոտին խրեց, մոտեցավ լամպին, որպեսզի համոզվի, թե այն թուղթն է, բաց արեց ու կարդաց.
«Այն, ինչ արել է սույնը ներկայացնողը, արել է իմ հրամանով և պետության բարօրության համար։
։։։։։։։։։։5 օգոստոսի 1628թ. Ռիշելիե»։
— Իսկ հիմա,— ասաց Աթոսը թիկնոցի մեջ փաթաթվելով և գլխարկը գլխին դնելով,— այժմ, երբ ես հանել եմ քո ատամները, ի՛ժ, կծի՛ր, եթե կարող ես։
Նա դուրս եկավ սենյակից նույնիսկ առանց ետ նայելու։
Պանդոկի դռան մոտ նա տեսավ երկու ձիավոր, որոնք բռնել էին երրորդ ձիու սանձը։
— Պարոննե՛ր,— դարձավ նրանց Աթոսը,— նորին սրբազնությունը, ինչպես արդեն ձեզ հայտնի է, հրամայեց այս կնոջն առանց ժամանակ կորցնելու տանել դը Լա֊Պուենտ բերդը և չհեռանալ նրանից մինչև որ նավ կնստի։
Քանի որ Աթոսի ասածը միանգամայն համապատասխանում էր իրենց ստացած հրամանին, այդ մարդիկ գլուխ խոնարհեցին, որպես նշան, թե պատրաստ են կատարելու իրենց արված կարգադրությունը։
Իսկ ինչ վերաբերում է Աթոսին, նա մի թեթև շարժումով թռավ թամբի վրա և սլացավ ամբողջ թափով, սակայն ճանապարհով գնալու փոխարեն ուղիղ գծով կտրեց դաշտի միջով, շուտ֊շուտ խթանելով ձիուն և մերթ ընդ մերթ կանգ առնելով, որպեսզի ականջ դնի։
Այդպես մի անգամ էլ կանգ առնելով՝ նա ճանապարհին ձիերի դոփյուն լսեց, համոզված լինելով, որ այդ կարդինալն ու իր պահակախումբն են, Աթոսը մի փոքր էլ առաջ անցավ, ձիու քրտինքը խոտով ու տերևներով մաքրեց, դուրս եկավ ճանապարհ և կանգնեց այնտեղ, ճամբարից մի երկու հարյուր քայլ հեռավորության վրա։
— Ո՞վ ես,— գոռաց նա, հեռվից տեսնելով ձիավորներին։
— Այս կարծեմ մեր քաջ հրացանակի՞րն է,— հարցրեց կարդինալը։
— Այո, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց Աթոսը,— նա ինքն է։
— Պարոն Աթոս, ընդունեցեք իմ շնորհակալությունը՝ մեզ այդպես լավ պաշտպանելու համար։ Դեհ, ահա և հասանք, պարոնայք։ Գնացեք դեպի ձեր ուղեկալը, նշանաբանը՝ «Արքա և Ռե»։
Այս ասելով՝ կարդինալը գլխի շարժումով հրաժեշտ տվեց երեք ընկերներին և իր զինակրի ուղեկցությամբ ինքը շուռ եկավ դեպի աջ, որովհետև ուզում էր գիշերել ճամբարում։
— Բայց գիտե՞ք,— միաբերան ասացին Պորտոսն ու Արամիսը, երբ արդեն կարդինալն այնքան էր հեռացել, որ նրանց լսել չէր կարող,— նա ստորագրեց այն թուղթը, որ պահանջում էր այն կինը։
— Գիտեմ,— հանգիստ պատասխանեց Աթոսը,— ահա այն թուղթը։
Երեք ընկերներն այլևս մինչև իրենց բնակարանը հասնելը ոչ մի խոսք չխոսեցին, եթե չհաշվենք նշանաբանը, որ նրանք ասում էին ժամապահներին։
Նրանք Մուշկետոնին ուղարկեցին Պլանշեին ասելու, որ նրա տիրոջը խնդրում են խրամատի հերթապահությունից ազատվելուն պես անհապաղ գալ հրացանակիրների բնակարանը։
Ինչ վերաբերում է միլեդիին, ապա նա, ինչպես Աթոսն էր նախատեսել, պանդոկի դռանը գտնելով իրեն սպասող մարդկանց, առանց որևէ առարկության հետևեց նրանց։ Ճիշտ է, մի պահ նրա մեջ ցանկություն ծագեց ներկայանալ կարդինալին և ամեն ինչ պատմել նրանք բայց դա պատճառ կդառնար, որ Աթոսն էլ իր գաղտնիքը մերկացներ։
Ճիշտ է, նա կասեր, որ մի ժամանակ Աթոսը կախել է իրեն, բայց այդ դեպքում Աթոսն էլ կասեր, որ նա խարանված է։ Նա մտածեց, որ ավելի լավ է լռել, գաղտնաբար գնալ, իրեն հատուկ ճարպկությամբ կատարել իր ստանձնած դժվարին հանձնարարությունը, իսկ հետո, երբ արդեն ամեն ինչ կատարված կլինի, և կարդինալը լիովին գոհ կլինի իրենից, ներկայանալ նրան և պահանջել, որ նա էլ օգնի իր վրեժը լուծելու։
Այսպես, ամբողջ գիշեր ճանապարհ գնալով՝ առավոտյան ժամը յոթին նա հասավ դը Լա֊Պուենտ բերդը, ժամը ութին արդեն նավի վրա էր, իսկ ժամը իննին նավը, որ կարդինալի ստորագրությամբ կապերային<ref>Կառավարական թույլտվություն՝ ծովում հետապնդելու և բռնելու առևտրական նավերը։</ref> վկայական ուներ, թե իբր մեկնում է Բայոն, խարիսխը քաշեց և ուղղություն վերցրեց դեպի Անգլիայի ափերը։