Chapter 45
Երկրորդ մաս XIV. Ծխնելույզների օգուտի մասին
Ակներև էր, որ մեր երեք ընկերները, իրենք էլ չիմանալով այդ, այլ միայն ասպետական մղումից և խիզախությունից դրդված՝ ծառայություն էին մատուցել մի ինչ֊որ անձի, որին կարդինալն արժանացնում էր իր բարձր հովանավորությանը։
Բայց ո՞վ էր այդ անձը։ Ահա մի հարց, որ ամենից առաջ տվին իրենց երեք հրացանակիրները։ Հետո տեսնելով, որ ինչքան էլ ենթադրություններ անեն, էլի այդ բանը հանելուկ է մնալու իրենց համար, Պորտոսը պանդոկապետին կանչեց և հրամայեց խաղալու զառեր տալ իրենց։
Պորտոսն ու Արամիսը նստեցին սեղանի մոտ և սկսեցին խաղալ։ Աթոսը մտքի մեջ ընկած դանդաղ ետ ու առաջ էր քայլում սենյակում։
Մտքերով տարված՝ քայլելիս Աթոսն անցնում էր կիսաքանդ վառարանի ծխնելույզի մոտով, որի մի ծայրը դուրս էր գալիս երկրորդ հարկի սենյակը։ Այդ խողովակին մոտենալիս նա ամեն անգամ լսում էր ինչ֊որ խուլ ձայներ, որոնք ի վերջո գրավեցին նրա ուշադրությունը։ Աթոսն ավելի մոտեցավ և լսեց մի քանի բառ, որոնք այնքան հետաքրքիր թվացին նրան, որ ընկերներին ձեռքով նշան արեց լռել, իսկ ինք՝ կռացավ և ականջը դրեց ծխնելույզի ներքևի անցքին։
— Լսեցեք, միլեդի, ասում էր կարդինալը,— սա կարևոր գործ է, նստեցեք այստեղ և եկեք զրուցենք։
— Միլեդի՜,— շշնջաց Աթոսը։
— Ես լսում եմ ձեզ մեծագույն ուշադրությամբ, ձերդ սրբազնություն,— պատասխանեց մի կանացի ձայն, որի հնչյունից հրացանակիրը ցնցվեց։
— Անգլիական անձնակազմով մի փոքրիկ նավ, որի նավապետը ինձ նվիրված մարդ է, սպասում է ձեզ Շարանտի գետաբերանում, Լա֊Պուենտ բերդի մոտ։ Այդ նավը խարիսխը քաշելու է վաղն առավոտյան։
— Նշանակում է՝ ես պետք է այնտեղ մեկնեմ այսօր երեկոյան։
— Հենց այս րոպեին, այսինքն՝ իմ հրահանգները ստանալուն պես։ Երկու մարդ, որոնց դուք կտեսնեք դռան մոտ, երբ դուրս կգաք այստեղից, ճանապարհին պաշտպանելու են ձեզ։ Ես առաջինը դուրս կգամ, դուք մի կես ժամ կսպասեք և ապա դուրս կգաք։
— Լսում եմ, ձերդ պայծառափայլություն։ Բայց վերադառնանք այն հանձնարարությանը, որ դուք բարեհաճում եք անել ինձ։ Ես ուզում եմ առաջիկայում էլ արժանի լինել ձերդ սրբազնության վստահությանը, ուստի բարեհաճեցեք պարզ ու ճշգրիտ շարադրել ինձ այդ հանձնարարությունը, որպեսզի ես ոչ մի սխալ չգործեմ։
Երկու խոսակիցների միջև մի պահ խոր լռություն տիրեց։ Ակներև էր, որ կարդինալը նախապես ծանր ու թեթև էր անում իր արտահայտությունները, իսկ միլեդին աշխատում էր միտքը կենտրոնացնել, որպեսզի հասկանա այն, ինչ նա կասի, և ամեն ինչ ամուր տպավորի իր հիշողության մեջ։
Աթոսը այդ պահից օգտվելով՝ իր ընկերներին խնդրեց դուռը ներսից փակել, նշանով մոտ կանչեց նրանց և առաջարկեց իր հետ միասին ականջ դնել։
Երկու հրացանակիրները, որոնք սիրում էին հարմարություններ, մեկական աթոռ բերին իրենց համար և մեկն էլ Աթոսի համար։ Երեքն էլ նստեցին, գլուխները մոտեցրին իրար և ականջները սրեցին։
— Դուք կգնաք Լոնդոն,— շարունակեց կարդինալը։— Լոնդոնում կայցելեք Բեկինգհեմին։
— Պետք է ասեմ ձերդ սրբազնությանը,— ընդհատեց նրան միլեդին,— որ ադամանդե զարդի գործից հետո, որի մեջ դուքսը համառորեն ինձ մասնակից է համարում, նորին պայծառափայլությունը իմ նկատմամբ այլևս վստահություն չի տածում։
— Բայց այս անգամ,— առարկեց կարդինալը,— խնդիրն ամենևին էլ այն չի, որ դուք նրա վստահությունը ձեռք բերեք, այլ այն, որ դուք բացեիբաց և ազնվորեն ներկայանաք նրան որպես ներկայացուցիչ։
— Բացեիբաց և ազնվորեն...— կրկնեց միլեդին, որի ձայնի մեջ հնչեց մի աննկարագրելի երկիմաստություն։
— Այո, բացեիբաց և ազնվորեն,— կրկնեց կարդինալը նախկին տոնով։— Այս բոլոր բանակցությունները պետք է տարվեն բացեիբաց։
— Ես ճշտությամբ կկատարեմ ձերդ սրբազնության ցուցումները և պատրաստակամությամբ դրանց եմ սպասում։
— Դուք Բեկինգհեմին կներկայանաք իմ անունից և նրան կասեք, որ ինձ հայտնի են նրա բոլոր նախապատրաստությունները, բայց դրանք ինձ քիչ են անհանգստացնում. հենց որ նա սիրտ անի առաջին քայլն անել, ես թագուհուն կկործանեմ։
— Արդյոք նա կհավատա՞, որ ձերդ սրբազնությունն ի վիճակի է իրականացնելու իր սպառնալիքը։
— Այո, որովհետև ես ապացույցներ ունեմ։
— Հարկավոր է, որ ես կարողանամ ներկայացնել նրան այդ ապացույցները և նա ըստ արժանվույն գնահատի դրանք։
— Իհարկե։ Դուք նրան կասեք, որ ես կհրապարակեմ Բուա֊Ռոբերի և մարկիզ դը Բոտրյուի զեկույցը դքսի և թագուհու տեսակցության մասին գունդստաբլի կնոջ մոտ այն նույն երեկոյան, երբ վերջինս դիմակահանդես էր կազմակերպել։ Եվ որպեսզի նրա մեջ ոչ մի կասկած չմնա, դուք նրան կասեք, որ նա այնտեղ է եկել Մեծ Մողոլի զգեստով, որով այնտեղ պիտի գար ասպետ դը Գիզը և որը նա դը Գիզից գնել էր երեք հազար պիստոլով...
— Լավ, ձերդ պայծառափայլություն։
— Ինձ ամենայն մանրամասնությամբ հայտնի է, թե ինչպես է նա ներս մտել և ապա ինչպես է գիշերը դուրս եկել պալատից, որտեղ նա մտել էր զգեստափոխված որպես իտալացի գուշակ։ Որպեսզի վերջնականապես իմ տեղեկությունների հավաստիությանը չկասկածի, դուք նրան կասեք, որ նրա թիկնոցի ծալքերում թաքցրած է եղել մի մեծ սպիտակ շոր՝ վրան ցանած սև ուլունքներ, կմախքներ և խաչաձևած ոսկորներ, որովհետև նա ցանկանում էր որևէ անակնկալի դեպքում հանդես գալ որպես ճերմակ Տիկնոջ ուրվական, որը, ինչպես բոլորին հայտնի է, Լուվրում միշտ երևում է որևէ կարևոր դեպքից առաջ...
— Ա՞յդ է ամբողջը, ձերդ պայծառափայլություն։
— Ասացեք նրան, որ ես գիտեմ նաև Ամիենի արկածի բոլոր մանրամասնությունները, որ ես կհրամայեմ շարադրել այն որպես մի փոքրիկ հետաքրքրական վեպ այգու հատակագծով և այդ գիշերային տեսարանի գլխավոր գործող անձանց կերպարներով։
— Ես այդ կասեմ նրան։
— Հաղորդեցեք նաև նրան, որ Մոնտեգյուն իմ ձեռքումն է, որ Մոնտեգյուն Բաստիլում է, և թեպետ ճիշտ է, նրա մոտ ոչ մի նամակ չեն բռնել, բայց կտտանքը կարող է նրան ստիպել ասել այն, ինչ գիտե... նույնիսկ այն, ինչ չգիտե։
— Հիանալի է։
— Եվ, վերջապես, ավելացրեք, որ նորին պայծառափայլությունը շտապելով մեկնել Ռե կղզուց, իր կայանում մոռացել է տիկին դը Շևրյոզի նամակը, որը խիստ արատավորում է թագուհուն, որովհետև ոչ միայն ապացուցում է, որ նորին մեծություն թագուհին կարող է սիրել թագավորի թշնամիներին, այլև որ նա դավադրության մեջ է Ֆրանսիայի թշնամիների հետ։ Դուք լավ եք հիշում այն ամենը, ինչ ասացի ձեզ, այնպես չէ ։
— Ինքներդ դատեցեք, ձերդ սրբազնություն, գունդստաբլի տիկնոջ կազմակերպած պարահանդեսը, Լուվրի գիշերը, Ամիենի երեկոն, Մոնտեգյուի ձերբակալումը, տիկին Շևրյոզի նամակը։
— Ճիշտ է, միանգամայն ճիշտ է։ Դուք հիանալի հիշողություն ունեք, միլեդի։
— Բայց եթե, չնայած բոլոր ասածներիս, դուքսը չզիջի և առաջվա պես շարունակի սպառնալ Ֆրանսիայի՞ն,— ասաց նա, ում ուղղված էին կարդինալի գովասանական խոսքերը։
— Դուքսը սիրահարված է ինչպես ցնորված, ավելի ճիշտ՝ ինչպես հիմար,— խորին դառնությամբ պատասխանեց Ռիշելիեն։— Հին ժամանակների ասպետների նման նա այս պատերազմը սարքել է միայն նրա համար, որպեսզի արժանանա իր սիրածի բարեհաճ հայացքին։ Եթե նա իմանա, որ պատերազմը պատվից, գուցե և ազատությունից զրկելու է իր սրտի դիցուհուն, ինչպես ինքն է արտահայտվում, ապա երաշխավորում եմ, որ նա այս պատերազմը շարունակելու միտքը կփոխի։
— Բայց ի՞նչ անեմ, եթե նա, այնուամենայնիվ, համառելու լինի,— շարունակեց միլեդին պնդել իր ասածը, ցույց տալով, որ ցանկանում է մինչև վերջ պարզել իր վրա դրվող հանձնարարությունը։
— Եթե նա համառելու լինի...— կրկնեց կարդինալը։— Այդ քիչ հավանական է։
— Այդ հնարավոր է։
— Եթե համառելու լինի...— նորին սրբազնությունը մի պահ լռեց, ապա նորից խոսեց.— Եթե նա համառելու լինի, այդ դեպքում ես հույս կդնեմ այնպիսի մի դիպվածի վրա, որ փոխում է պետության դեմքը։
— Եթե ձերդ սրբազնությունը նեղություն քաշեր այդպիսի դեպքի մի օրինակ տալ ինձ պատմությունից,— ասաց միլեդին,— ես էլ երևի կբաժանեի ձեր վստահությունը ապագայի նկատմամբ։
— Ահա ձեզ օրինակ,— պատասխանեց Ռիշելիեն։— 1610 թվականին, երբ արժանահիշատակ Հենրիխ IV թագավորը, ղեկավարվելով մոտավորապես նույն մղումներով, ինչ մղումներ գործել են ստիպում դքսին, պատրաստվում էր միաժամանակ ներխուժել Ֆլանդրիա և Իտալիա, որպեսզի միանգամից երկու կողմերից հարվածի Ավստրիային, մի՞թե այն ժամանակ տեղի չունեցավ մի դեպք, որը փրկեց Ավստրիան։ Ինչո՞ւ Ֆրանսիայի թագավորը նույն բախտը չի ունենա, ինչ ունեցավ կայսրը։
— Ձերդ սրբազնությունը բարեհաճում է խոսել Պղնձագործների փողոցում տրված դաշույնի հարվածի՞ մասին։
— Միանգամայն ճիշտ է։
— Ձերդ սրբազնությունը չի՞ կասկածում, որ Ռավալյակի մահապատիժը սարսափի մեջ է պահում նրանց, ում գլխում մի րոպե միտք կծագի հետևելու նրա օրինակին։
— Բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում, մանավանդ եթե այդ պետություններին պառակտում է կրոնական թշնամանքը, կգտնվեն ֆանատիկոսներ, որոնք ոչ մի բան այնպես չեն երազում, ինչպես նահատակ դառնալը։ Եվ գիտե՞ք, հենց ի դեպ, ես հիշեցի, որ պուրիտանները խիստ գազազած են դուքս Բեկինգհեմի դեմ, և նրանց քարոզիչները նրան նեռ են անվանում։
— Ուրեմն ի՞նչ,— հարցրեց միլեդին։
— Ուրեմն այն,— շարունակեց կարդինալն անտարբեր ձայնով,— որ այժմ բավական կլիներ, օրինակ, գտնել մի ջահել, գեղեցիկ ու ճարպիկ կին, որը ցանկանար վրեժ առնել դքսից։ Այդպիսի կին հեշտությամբ կգտնվի, դուքսը մեծ հաջողություն ունի կանանց մեջ, և եթե հավիտենական սիրո իր երդումներով շատ սրտերում է սեր արթնացրել, ապա նաև շատ ատելություն է առաջացրել իր հավիտենական անհավատարմությամբ։
— Իհարկե,— սառն հաստատեց միլեդին,— այդպիսի կին կարող է գտնվել։
— Եթե այդպես է, ապա այդպիսի կինը Ժակ Կլեմանի<ref>Ժակ Կլեման (1567֊1589) — դոմինիկյան վանական, որը 1589 թվականին սպանեց Վալուաների դինաստիա չի վերջին շառավիղ Հենրիխ III թագավորին։</ref> կամ Ռավալյակի<ref>Ռավալյակ (1578֊1610) — մոլի կաթոլիկ։ 1610 թվականին սպանեց Հենրիխ IV Բուրբոնին, ֆրանսիական թագավորին։</ref> դաշույնը դնելով մի որևէ, ֆանատիկոսի ձեռքում՝ կփրկեր Ֆրանսիան։
— Այո, բայց նա մարդասպանի գործակից կդառնար։
— Բայց մի՞թե հրապարակվել են Ռավալյակի կամ Ժակ Կլեմանի գործակիցների անունները։
— Ոչ, և երևի նրա համար, որ այդ մարդիկ խիստ բարձր դիրք են ունեցեք, և ոչ ոք չի համարձակվել նրանց մերկացնել։ Չէ՞ որ, ձերդ պայծառափայլություն, ամեն մարդու համար դատարանի դահլիճ չեն հրդեհի։
— Ուրեմն դուք կարծում եք, որ դատարանի դահլիճի հրդեհը պատահականություն չի՞ եղել,— հարցրեց Ռիշելիեն այնպիսի տոնով, ասես տալիս էր մի հարց, որը ամենափոքր նշանակություն անգամ չուներ։
— Անձամբ ես, ձերդ պայծառափայլություն, ոչինչ չեմ կարծում, ես փաստ եմ բերում, ուրիշ ոչինչ։ Ես միայն այն եմ ասում, որ եթե ես լինեի օրիորդ դը Մոնպանսիեն<ref>Այստեղ հավանաբար ակնարկվում է Եկատերինա֊Մարիա Լոթարինգցու, դքսուհի դը Մոնպանսիեի (1552֊1596)՝ Հենրիխ IV֊ի մորաքրոջ մասին, որն ակտիվ մասնակցություն է հանդես բերել քաղաքական պայքարում։ Նրան կասկածում էին, իհարկե անհիմն, որպես Ժակ Կլեմանի սադրիչ՝ Հենրիխ III֊ի սպանության գործում։</ref> կամ թագուհի Մարիա Մեդիչին, ավելի քիչ նախազգուշություն կբանեցնեի, քան բանեցնում եմ հիմա, երբ պարզապես լեդի Կլարիկն եմ։
— Դուք իրավացի եք,— համաձայնեց Ռիշելիեն։— Ուրեմն ի՞նչ կուզենայիք։
— Ես կուզենայի ստանալ մի հրաման, որը նախապես կհաստատեր այն ամենը, ինչ ես հարկավոր կհամարեի անել Ֆրանսիայի բարօրության համար։
— Բայց նախ հարկավոր է գտնել այնպիսի կին, որը, ինչպես ասացի, ցանկանար վրեժ առնել դքսից։
— Այդպիսի կին գտնված է,— ասաց միլեդին։
— Ապա պետք է գտնել այն արգահատելի մոլեռանդին, որն աստվածային արդարադատության զենք կծառայի։
— Կգտնվի։
— Ահա այն ժամանակ էլ կարելի կլինի ստանալ այն հրամանը, որ հիմա դուք խնդրեցիք։
— Ձերդ սրբազնությունն իրավացի է,— ասաց միլեդին,— և ես սխալվել եմ, կարծելով, թե այն հանձնարարությունը, որին դուք արժանացնում եք ինձ, չի սահմանափակվում նրանով, ինչին այն հանգում է իրականում, այսինքն՝ նորին պայծառափայլությանը ձեր անունից հաղորդել, որ ձեզ հայտնի են զգեստափոխման բոլոր մանրամասնությունները, որի օգնությամբ նրան հաջողվեց գունդստաբլի կնոջ սարքած դիմակահանդեսում մոտենալ թագուհուն, որ դուք ապացույցներ ունեք, թե ինչպես է Լուվրում թագուհին տեսակցություն ունեցել իտալական աստղագետի հետ, որը ոչ այլ ոք է եղել, քան դուքս Բեկինգհեմը, որ դուք պատվիրել եք մի փոքրիկ հետաքրքրական վեպ հորինել Ամիենի արկածների մասին, այն այգու հատակագծով, որտեղ կատարվել են այդ արկածները և նրա մասնակիցների կերպարներով, որ Մոնտեգյուն Բաստիլումն է, և որ կտտանքը կարող է նրան ստիպել ասել այն, ինչ հիշում է և նույնիսկ այն, ինչ նա գուցեև մոռացել է, և վերջապես, որ ձեր ձեռքն է ընկել տիկին դը Շևրյոզի նամակը, որը գտնվել է նորին պայծառափայլության բնակարանում և արատավորում է ոչ միայն նրան, ով գրել է այն, այլև այն անձին, որի անունից գրվել է։ Եվ եթե նա, չնայած այս ամենին, առաջվա պես համառելու լինի, ապա, քանի որ իմ հանձնարարությունը սահմանափակվում է նրանով, ինչ հենց նոր թվեցի, ինձ կմնա միայն աղոթել աստծուն, որ նա մի որևէ հրաշք գործի, որը փրկի Ֆրանսիան։ Այսպե՞ս է ամեն ինչ, ձերդ պայծառափայլություն, և այլևս ես ոչինչ չունե՞մ անելու։
— Այո, այդպես է,— չոր պատասխանեց կարդինալը։
— Իսկ այժմ,— շարունակեց միլեդին, որպես թե չնկատելով, որ կարդինալ Ռիշելիեն իր հետ ուրիշ տոնով խոսեց,— այժմ, երբ ստացա ձերդ սրբազնության ցուցումները, որոնք վերաբերում են ձեր թշնամիներին, չե՞ք թույլ տա արդյոք ինձ երկու խոսք ասել իմ թշնամիների մասին։
— Ուրեմն դուք թշնամինե՞ր ունեք։
— Այո, ձերդ պայծառափայլություն, թշնամիներ, որոնց դեմ դուք պետք է բոլոր միջոցներով օգնեք ինձ, որովհետև ես այդ թշնամիները ձեռք եմ բերել ձերդ սրբազնությանը ծառայելով։
— Ովքե՞ր են դրանք։
— Նախ՝ ոմն չնչին ինտրիգանուհի Բոնասիե։
— Նա Մանտի բանտումն է։
— Ավելի ճիշտ՝ եղել է այնտեղ,— առարկեց միլեդին, բայց թագուհին կարողացել է թագավորից ստանալ մի հրաման, որի օգնությամբ նրան փոխադրել է վանք։
— Վա՞նք։
— Այո, վանք։
— Ո՞ր վանքը։
— Չգիտեմ, այդ խիստ գաղտնի է պահվում։
— Ես կիմանամ այդ գաղտնիքը։
— Եվ ձերդ սրբազնությունը կասի ինձ, թե որ վանքումն է այդ կինը։
— Ես դրանում ոչ մի արգելք չեմ տեսնում։
— Լավ... Բայց ես ունեմ մի ուրիշ թշնամի էլ, որը շատ ավելի վտանգավոր է, քան այդ չնչին տիկին Բոնասիեն։
— Ո՞վ է։
— Նրա սիրեկանը։
— Ի՞նչ է նրա անունը։
— Օ՜, ձերդ սրբազնությունը լավ է ճանաչում նրան,— գոչեց միլեդին ցասումով։— Դա իմ և ձեր չար ոգին է. այն մարդը, որի շնորհիվ թագավորի հրացանակիրները հաղթեցին ձերդ սրբազնության գվարդիականներին։ Այն նույն մարդը, որը սուսերի երեք հարված հասցրեց ձեր սուրհանդակ Վարդին և խառնեց ադամանդե զարդի գործը։ Վերջապես՝ նա է, որ իմանալով, թե ես փախցրել եմ տիկին Բոնասիեին, երդվել է սպանել ինձ։
— Ա֊ա՜...— ծոր տվեց կարդինալը,— գիտեմ ում մասին եք ասում։
— Ես խոսում եմ այն գարշելի դ’Արտանյանի մասին։
— Նա համարձակ տղա է։
— Հենց դրա համար էլ նրանից պետք է վախենալ։
— Հարկավոր է ապացույցներ ունենալ, որ նա գաղտնի հարաբերության մեջ է Բեկինգհեմի հետ։
— Ապացո՜ւյց,֊— գոչեց միլեդին։— Ես տասնյակներով ապացույցներ կճարեմ։
— Այդ դեպքում դրանից հասարակ բան չկա, ներկայացրեք ինձ այդ ապացույցները, և ես նրան Բաստիլում կնստեցնեմ։
— Լավ, ձերդ պայծառափայլություն , իսկ հետո՞։
— Բաստիլ ընկնողի համար ոչ մի «հետո» չկա,— խուլ ձայնով պատասխանեց կարդինալը։— Ա՜խ, գրողը տանի,— շարունակեց նա,— եթե ինձ համար այնպես հեշտ լիներ ազատվել իմ թշնամուց, ինչպես հեշտ է ազատել ձեզ ձեր թշնամիներից, և եթե դուք ինձնից խնդրեիք, որ անպատիժ մնայիք այդպիսի մարդկանց դեմ կատարած արարքների համար...
— Ձերդ պայծառափայլություն,— առաջարկեց միլեդին,— եկեք փոխանակություն անենք, կյանքը կյանքի դեմ, մարդը մարդու դեմ, տվեք ինձ սրան, ես կտամ ձեզ մյուսը։
— Չեմ իմանում ինչ եք ուզում ասել,— պատասխանեց կարդինալը,— և չեմ էլ ուզում իմանալ, բայց ցանկանում եմ ձեզ մի լավություն անել և ոչ մի անհարմարություն չեմ տեսնում ձեր խնդիրքը կատարելու այդքան մի չնչին էակի վերաբերմամբ, մանավանդ որ այդ դ’Արտանյանը, ինչպես դուք պնդում եք, անառակ է, մենամարտներ սարքող և դավաճան։
— Անպատկառ մարդ է, ձերդ պայծառափայլություն, անարգ մարդ։
— Տվեք ինձ թուղթ, գրիչ և թանաք։
Տիրեց մի րոպե լռություն, որ ցույց էր տալիս, թե կարդինալը մտքում որոնում է հարմար արտահայտություններ, որոնցով պետք է կազմի գրությունը կամ արդեն գրում է այն։ Աթոսը, որն ամբողջ խոսակցությունը լսել էր մինչև վերջին բառը, բռնեց իր ընկերների ձեռքերը և տարավ սենյակի մյուս ծայրը։
— Ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ չես թողնում մինչև վերջ լսել խոսակցությունը,— բարկացավ Պորտոսը։
— Սո՜ւս,— շշնջաց Աթոսը,— մենք իմացանք ամեն բան, ինչ հարկավոր էր իմանալ, ասենք՝ ես ձեզ չեմ խանգարում մինչև վերջ լսել, բայց ինձ անհրաժեշտ է գնալ։
— Քեզ անհրաժեշտ է գնա՞լ,— զարմացավ Պորտոսը։— Իսկ եթե կարդինալը հարցնի, թե որտե՞ղ ես դու, ի՞նչ ասենք։
— Մի սպասեք, մինչև նա հարցնի, ինքներդ ասացեք, որ ես առաջ եմ գնացել հետախուզություն կատարելու, որովհետև մեր հյուրանոցի տիրոջ որոշ դիտողություններն ինձ կասկածի մեջ են գցել, որ ճանապարհն այնքան էլ ապահով չէ։ Ի դեպ, ես այդ կասեմ նաև կարդինալի զինակրին, իսկ մնացածն իմ գործն է, դու դրա մասին մի անհանգստանա։
— Ջգույշ եղեք, Աթոս,— ասաց Արամիսը։
— Հանգիստ եղեք,— պատասխանեց Աթոսը,— ինչպես ձեզ հայտնի է, ես կարողանում եմ ինձ տիրապետել։
Պորտոսը և Արամիսը նորից նստեցին վառարանի ծխնելույզի մոտ։
Ինչ վերաբերում է Աթոսին, նա բոլորի աչքի առաջ դուրս եկավ, արձակեց իր ձին, որն իր ընկերների ձիերի հետ կապված էր խլափեղկերի սողնակներից, կարդինալի զինակրին մի քանի խոսքով համոզեց, որ անհրաժեշտ է վերադարձի ճանապարհը հետախուզել, ապա շինծու ուշադրությամբ զննեց իր ատրճանակը, սուսերն ատամներով բռնեց և որպես ինքնակամ մի վտանգավոր խնդիր լուծող զինվոր՝ գնաց ճամբար տանող ճանապարհով։