1. Երեք հրացանակիրներ

Chapter 44

Երկրորդ մաս XIII. «Կարմիր աղավնատուն» պանդոկը

Մինչ այդ թագավորը, որն այնպես շտապում էր երես առ երես կանգնելու թշնամու դեմ և Բեկինգհեմի նկատմամբ տածում էր նույնպիսի ատելություն, ինչպես կարդինալը, դրա համար ունենալով ավելի մեծ հիմքեր, քան վերջինս, ցանկանում էր անհապաղ բոլոր կարգադրություններն անել, որպեսզի նախևառաջ անգլիացիներին արտաքսի Ռե կղզուց, և ապա արագացնել Լա֊Ռոշելի պաշարումը։ Սակայն նրան խանգարում էր այն պառակտումը, որ ծագել էր մի կողմից դը Բասոմպիերի ու Շոմբերգի և մյուս կողմից՝ դուքս Անգուլեմի միջև։

Պարոնայք դը Բասոմպիերը և Շոմբերգը Ֆրանսիայի մարշալներն էին և գտնում էին, որ իրենց է պատկանում բանակի հրամանատար լինելու իրավունքը՝ թագավորի անմիջական ղեկավարությամբ։ Բայց կարդինալը երկյուղ էր կրում, որ Բասոմպիերը հոգով հուգենոտ լինելով՝ շատ թույլ կգործի անգլիացիների ու լարոշելցիների դեմ, որոնք իր դավանակիցներն էին, ուստի այդ պաշտոնի համար առաջարկում էր դուքս Անգուլեմին, որին թագավորը հենց նրա պնդումով նշանակել էր գլխավոր հրամանատարի տեղակալ։ Ուստի, որպեսզի Բասոմպիերը և Շոմբերգը բանակից չհեռանան, ստիպված էին եղել նրանցից յուրաքանչյուրին հանձնարարել մի առանձին ինքնուրույն զորաբանակի հրամանատարություն. Բասոմպիերը վերցրել էր հյուսիսային տեղամասը՝ Լալեյից մինչև Դոմպիեր, դուքս Անգուլեմը՝ արևմտյանը՝ Դոմպիերից մինչև Պերինյի, իսկ Շոմբերգը՝ հարավային տեղամասը Պերինյիից մինչև Անգոլտեն։

Օռլեանի դքսի զորակայանը գտնվում էր Դոմպիերում։

Թագավորի զորակայանը լինում էր մերթ Էտրեում, մերթ Լաժարիում։

Եվ, վերջապես, կարդինալի զորակայանը գտնվում էր ավազաթմբերում, Քարե կամրջի մոտ, մի սովորական տնակում, որը ոչ մի ամրությամբ պաշտպանված չէր։

Այսպիսով Օռլեանի դուքսը հսկում էր Բասոմպիերին, թագավորը Անգուլեմի դքսին, իսկ կարդինալը՝ Շոմբերդին։

Հետո, երբ ուժերի դասավորումը կատարված էր, հրամանատարությունը սկսեց միջոցներ ձեռք առնել անգլիացիներին արտաքսելու կղզուց։

Հանգամանքները դրա համար բարենպաստ էին. անգլիացիները լավ զինվոր են, երբ լավ սնունդ ունեն, մինչդեռ այժմ նրանք սնվում էին միայն աղած մսով և վատ պաքսիմատով, որից ճամբարում շատերն էին հիվանդացել։ Մյուս կողմից ծովը, որ տարվա այդ եղանակին ամբողջ ափի երկարությամբ շատ փոթորկահույզ է լինում, ամեն օր մի որևէ փոքր նավ էր փշրում, և ափը, սկսած Էգիլիոնի հրվանդանից մինչև խրամատներր, ամեն մի ալեբախությունից հետո բառացիորեն ծածկված էր լինում մակույկների, նավակների և այլ նավերի փշուրներով։ Այս ամենը պարզ ցույց էր տալիս, որ նույնիսկ այն դեպքում, եթե թագավորի զինվորները մնային իրենց ճամբարում, Բեկինգհեմը, որը միայն համառության պատճառով էր նստել կղզում, միևնույն է, այսօր թե վաղը ստիպված պիտի լինի պաշարումը հանել։ Սակայն, երբ պարոն դը Տուարակը հաղորդեց, որ թշնամու ճամբարում նոր գրոհի պատրաստություններ են տեսնում, թագավորը որոշեց, որ ժամանակն է վերջ տալու դրան, և վճռական ճակատամարտի հրաման տվեց։

Մտադրություն չունենալով մանրամասն նկարագրել պաշարումը և բերելով միայն այն իրադարձությունները, որոնք անմիջապես կապ ունեն մեր այս պատմության հետ, համառոտակի կասենք, որ այդ ձեռնարկումը հաջողվեց՝ մեծ զարմանք պատճառելով թագավորին և մեծ փառք բերելով կարդինալին։ Անգլիացիները, որոնք քայլ առ քայլ ետ էին մղվում, ամեն մի ընդհարմանը պարտություն էին կրում և վերջնականապես ջախջախվեցին Լուա կղզով անցնելիս, ստիպված էին նորից նստել իրենց նավերը, մարտադաշտում թողնելով երկու հազար մարդ, որոնց մեջ՝ հինգ գնդապետ, երեք փոխգնդապետ, երկու հարյուր հիսուն կապիտան և քսան անվանի ազնվական, բացի դրանից՝ չորս թնդանոթ և վաթսուն դրոշ. այդ դրոշները Կլոդ դը Սեն Սիմոնը տարավ Փարիզ և հանդիսավորապես կախեց Փարիզի տիրամոր տաճարի կամարներից։

Գոհունակության մաղթանքներ կատարվեցին նախ ճամբարում, ապա և ամբողջ Ֆրանսիայում։

Այսպես ուրեմն, կարդինալն այժմ հնարավորություն ուներ շարունակելու պաշարումը, գոնե ժամանակավորապես ոչ մի երկյուղ չունենալով անգլիացիներից։

Սակայն, ինչպես հենց նոր ասացինք, այդ հանգստությունը միայն ժամանակավոր էր։

Դուքս Բեկինգհեմի սուրհանդակներից մեկը, անունը՝ Մոնտեգյու, գերի բռնվեց, և նրա միջոցով հայտնի դարձավ, որ Ավստրիայի, Իսպանիայի, Անգլիայի և Լոթարինգիայի միջև դաշինք գոյություն ունի։

Այդ դաշինքն ուղղված էր Ֆրանսիայի դեմ։

Դեռ ավելին, Բեկինգհեմի զորակայանում, որը նա ավելի հապճեպ էր լքել, քան ենթադրում էր, գտնվել էին փաստաթղթեր, որոնք կրկին անգամ հաստատում էին այդպիսի դաշինքի գոյությունը, և այդ թղթերը, ինչպես հավատացնում է կարդինալը իր «Հուշագրություններում», ստվեր էին գցում տիկին դը Շևրյոզի վրա, հետևապես՝ նաև թագուհու վրա։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր կարդինալի վրա, որովհետև չի կարելի լինել լիիշխան մինիստր՝ միաժամանակ չկրելով պատասխանատվություն։ Ուստիև, լարելով իր բազմակողմանի մտքի բոլոր ուժերը՝ նա գիշեր֊ցերեկ հետևում էր Եվրոպայի մեծ տերություններից որևէ մեկում տեղի ունեցող ամենամանր փոփոխություններին անգամ։ Կարդինալին հայտնի էր Բեկինգհեմի եռանդը և, գլխավորը՝ նրա ատելության ուժը։ Եթե Ֆրանսիային սպառնացող դաշնակցությունը հաղթանակ տաներ, նրա՝ կարդինալի ամբողջ ազդեցությունը կսպառվեր, այդ դեպքում իսպանական ու ավստրիական քաղաքականությունը իր մշտական ներկայացուցիչները կստանար Լուվրի կաբինետում, որտեղ առայժմ միայն առանձին կողմնակիցներ ուներ, և նա՝ Ռիշելիեն, ֆրանսիական մինիստրը, առավելապես ազգային մինիստրը, կոչնչացվեր։ Թագավորը, որը հնազանդվում էր նրան որպես երեխա, և ատում էր նրան, ինչպես երեխան է ատում խստապահանջ ուսուցչին, նրան կհանձներ իր եղբոր ու թագուհու ձեռքը, որոնք անձնական վրեժի ծարավ ունեին։ Մի խոսքով՝ նա կկործանվեր, և գուցե թե Ֆրանսիան էլ կկործանվեր նրա հետ։ Հարկավոր էր այս ամենի առաջն առնել։ Դրա համար էլ Քարե կամրջի մոտի փոքրիկ տնակում, որը կարդինալն իրեն նստավայր էր ընտրել, գիշեր֊ցերեկ իրար փոխարինում էին սուրհանդակները, ըստ որում, նրանց թիվը րոպե առ րոպե աճում էր։

Դրանք վանականներ էին, որոնք այնպես անշնորհք էին կրում իրենց փարաջաները, որ իսկույն կարելի էր հասկանալ, թե դրանք պատկանում են եկեղեցուն, սակայն՝ ռազմաշունչ եկեղեցուն։ Կանայք էին, որոնց մի քիչ նեղ էր գալիս մանկլավիկի հագուստը և որոնց կլորավուն կազմվածքը նկատելի էր նույնիսկ լայն շալվարների տակից, և վերջապես՝ գյուղացիներ էին՝ կեղտոտ ձեռքերով, բայց բարեկազմ մարմնով, գյուղացիներ, որոնց մի ամբողջ մղոն հեռավորությունից կարելի էր իմանալ, որ նշանավոր ծագում ունեցող մարդիկ են։

Լինում էին նաև ուրիշ, ըստ երևույթին, ավելի քիչ դուրեկան այցելություններ, որովհետև երկու թե երեք անգամ լուր տարածվեց, թե կարդինալի կյանքի դեմ մահափորձ է արվել։ Ճիշտ է, նորին սրբազնության թշնամիներն էլ խոսում էին, թե իբր նա ինքն է վարձել այդ անշնորհք մարդասպաններին, որպեսզի ինքն էլ իր հերթին հնարավորություն ունենա հարկ եղած դեպքում բռնի միջոցներ գործադրելու, բայց, ի դեպ, չպետք է հավատալ ո՛չ նրան, ինչ ասում են մինիստրները, ո՛չ էլ նրան, ինչ ասում են նրանց թշնամիները։

Սակայն այս ամենը չէր խանգարում կարդինալին, որի անձնական քաջությունը երբեք չեն ժխտել նույնիսկ նրա ամենակատաղի վատաբանողները, այս ամենը չէր խանգարում նրան գիշերային զբոսանքներ կատարել, որպեսզի մի որևէ կարևոր հրաման տա Անգուլյան դքսին, որպեսզի որևէ բանի մասին խորհրդակցի թագավորի հետ կամ որպեսզի բանակցությունների համար հանդիպի իր դեսպան որդիներից նրան, որի գալուստը չգիտես ինչու ցանկալի չէր։

Ինչ վերաբերում է հրացանակիրներին, ապա պաշարման ժամանակ առանձնապես զբաղված չլինելով՝ սրանք այնքան էլ խիստ հսկողության տակ չէին և ուրախ կյանք էին վարում։ Դա նրանց և, մանավանդ, մեր երեք ընկերների համար առանձնապես հեշտ բան էր այն պատճառով, որ պարոն դը Տրևիլի հետ մտերմական հարաբերությունների մեջ լինելով. հաճախ նրանից հատուկ թույլտվություն էին ստանում դուրս գնալու ճամբարից և վերադառնալու լույսերը մարելուց հետո։

Եվ ահա մի երեկո, երբ դ’Արտանյանը չէր կարող նրանց ուղեկցել, որովհետև խրամատում հերթապահություն էր անում, Աթոսը, Պորտոսը և Արամիսը իրենց մարտական ձիերը նստած, երթային թիկնոցների մեջ փաթաթված և ատրճանակները պատրաստ բռնած՝ երեքով վերադառնում էին «Կարմիր Աղավնատուն» կոչվող պանդոկից, որ երկու օր առաջ Աթոսն էր գտել Լաժարիի ճանապարհին։ Ինչպես արդեն ասացինք, նրանք առաջ էին գնում՝ պատրաստ ամեն րոպե հանդիպելու որևէ դարանի, մեկ էլ հանկարծ Բուանար գյուղից մոտ քառորդ լյո հեռավորության վրա ձիու դոփյուն լսեցին։ Երեքն էլ իսկույն կանգ առան և խիտ խմբվեցին ճանապարհի մեջտեղում։ Մի րոպե անց՝ ամպի տակից դուրս եկած լուսնի լույսի տակ ճանապարհի կեռմանում տեսան երկու ձիավոր, որոնք իրենց կողմն էին գալիս և նրանց նկատելով՝ նույնպես կանգ առան, ըստ երևույթին, խորհրդակցելով շարունակե՞լ ճանապարհը, թե՞ ետ դառնալ։ Այս տատանումը երեք ընկերներին մի քիչ կասկածելի թվաց, և Աթոսը մի քանի քայլ առաջ անցնելով՝ տիրական ձայնով գոռաց.

— Ովքե՞ր եք։

— Իսկ դուք ովքե՞ր եք,— իր հերթին հարցրեց ձիավորներից մեկը։

— Այդ պատասխան չէ՛,— ասաց Աթոսը։— Ովքե՞ր եք, պատասխանե՛ք, թե չէ կկրակենք։

— Խորհուրդ չեմ տալիս, պարոնայք,— հնչեց մի բարձր ձայն, որը ըստ երևույթին, սովոր էր հրամաններ տալու։

— Սա մի ինչ֊որ ավագ սպա է, որը գիշերային համայց է կատարում,— կամաց ասաց Աթոսը։— Ի՞նչ անենք, պարոնա՛յք։

— Ովքե՞ր եք դուք,— հարցրեց նույն հրամայական ձայնը։— Պատասխանեցե՛ք, թե չէ՝ կզղջաք, որ չեք հնազանդվել։

— Արքայական հրացանակիրներ ենք,— ասաց Աթոսը՝ ավելի ու ավելի համոզվելով, որ այս հարցերը տվող մարդը իրավունք ունի այդպիսի հարցեր տալու։

— Ո՞ր վաշտից։

— Դը Տրևիլի վաշտից։

— Մոտեցեք սահմանված տարածությամբ և զեկուցեք ինձ, ի՞նչ եք անում այստեղ այս ուշ ժամին։

Երեք ընկերները մոտեցան, փոքր֊ինչ կոտրելով գոռոզությունը, որովհետև այժմ երեքն էլ համոզված էին, որ գործ ունեն իրենցից ավելի ուժեղ մարդու հետ։ Բանակցությունները պետք է վարեր Աթոսը։

Երկու ձիավորներից մեկը, նա, որ երկրորդը խոսեց, մի տասը քայլ առաջ էր իր ուղեկցից։ Աթոսը Պորտոսին ու Արամիսին նշանով առաջարկեց նույնպես ետ մնալ և ինքը մենակ մոտեցավ։

— Խնդրում եմ ներեք, պարոն սպա,— ասաց Աթոսը,— բայց մենք չգիտեինք, թե ում հետ գործ ունենք և, ինչպես տեսնում եք, զգույշ էինք։

— Ձեր անո՞ւնը,— հարցրեց սպան, որի դեմքը կիսով չափ ծածկված էր թիկնոցով։

— Բայց, տեր իմ,— պատասխանեց Աթոսը, որին արդեն սկսել էր գրգռել այդ հարցաքննությունը,— խնդրում եմ ձեզ ապացույց տաք, որ դուք իրավունք ունեք հարցեր տալու ինձ։

— Ձեր անո՞ւնը,— կրկնեց ձիավորը՝ բարձրացնելով թիկնոցի կնգուղը և այդպիսով բանալով իր դեմքը։

— Պարոն կարդինա՜լ,— զարմացած գոչեց հրացանակիրը։

— Ձեր անո՞ւնը,— երրորդ անգամ հարցրեց կարդինալը։

— Աթոս,— ասաց հրացանակիրը։

Կարդինալը նշանով մոտ կանչեց իր ուղեկցին, որն շտապեց մոտենալ նրան։

— Այս երեք հրացանակիրները պետք է ուղեկցեն մեզ,— կիսաձայն ասաց նա։— Ես չեմ ուզում, որ ճամբարում իմանան, թե ես դուրս եմ եկել այնտեղից, և եթե սրանք մեզ հետ գան, ապա մենք կարող ենք հավատացած լինել սրանց լռությանը։

— Մենք ազնվականներ ենք, ձերդ պայծառափայլություն,— ասաց Աթոսը,— խոսք առեք մեզնից և ամենևին մի՛ անհանգստացեք։ Փառք աստծո, մենք կարողանում ենք գաղտնիքներ պահել։

Կարդինալն իր խորաթափանց հայացքը սևեռեց խոսակցի վրա։

— Դուք շատ նուրբ լսողություն ունեք, պարոն Աթոս,— ասաց կարդինալը,— բայց հիմա լսեցեք այն, ինչ ձեզ կասեմ. ես խնդրում եմ ինձ ուղեկցել ո՛չ նրա համար, որ ձեզ չեմ վստահում։ Ես այդ խնդրում եմ իմ անձի անվտանգության համար։ Ձեր ուղեկիցները, իհարկե, պարոն Պորտոսը և պարոն Արամի՞սն են։

— Այո, ձերդ սրբազնություն,— պատասխանեց Աթոսը, իսկ երկու հրացանակիրները, որոնք մինչ այդ հետևում էին կանգնած, գլխարկները ձեռքներին բռնած մոտեցան։

— Ես գիտեմ ձեզ, պարոններ,— ասաց կարդինալը,— ես գիտեմ ձեզ։ Ինձ հայտնի է, որ դուք իմ բարեկամների թվին չեք պատկանում, և այդ շատ է վշտացնում ինձ, բայց ես գիտեմ նաև, որ դուք քաջ ու ազնիվ ազնվականներ եք և ձեզ կարելի է վստահել։ Այդպես ուրեմն, պարոն Աթոս, պատիվ արեք ինձ ուղեկցելու ձեր ընկերների հետ միասին, և այն ժամանակ ես այնպիսի պաշտպանություն կունենամ, որին կարող է նախանձել նույնիսկ նորին մեծությունը, եթե մենք նրան հանդիպելու լինենք։

Հրացանակիրներից յուրաքանչյուրը գլուխը խոնարհեց մինչև իր ձիու պարանոցը։

— Երդվում եմ պատվովս, ձերդ սրբազնություն,— ասաց Աթոսը,— դուք լավ եք անում, որ մեզ վերցնում եք ձեզ հետ. ճանապարհին մենք հանդիպեցինք մի քանի վտանգավոր անձնավորությունների և նույնիսկ նրանցից չորսի հետ վեճ ունեցանք «Կարմիր Աղավնատուն» պանդոկում։

— Վե՞ճ։ Իսկ ինչի՞ համար, պարոնայք,— հարցրեց կարդինալը։— Դուք գիտեք, որ ես վեճեր չեմ սիրում։

— Հենց դրա համար էլ ես համարձակվում եմ նախազգուշացնել ձերդ սրբազնությանը տեղի ունեցածի մասին։ Հակառակ դեպքում դուք կարող էիք դրա մասին իմանալ ուրիշ անձնավորություններից և դեպքը անճիշտ լուսաբանված լինելու պատճառով մեզ մեղավոր համարել։

— Իսկ ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ վեճը,— հարցրեց կարդինալը։

— Ա՜յ, իմ ընկեր Արամիսը, որ կանգնած է ձեր առաջ, սուսերի թեթև հարված ստացավ թևին, որը, սակայն, նրան չի խանգարի վաղն իսկ գրոհի դուրս գալ, եթե ձերդ սրբազնությունը գրոհի հրաման տալու լինի, և դուք ինքներդ կհամոզվեք դրանում, ձերդ սրբազնություն։

— Բայց դուք այնպիսի մարդիկ չեք, որ անպատիժ թույլ տաք սուսերի հարված հասցնել ձեզ,— ասաց կարդինալը։— Լսեցե՛ք, պարոններ, անկեղծ եղեք, երևի այդ հարվածներից մի քանիսը դուք ե՞տ վերադարձրիք։ Խոստովանեցեք ինձ, ձեզ հայտնի է, որ ես իրավունք ունեմ մեղքերին թողություն տալու։

— Ես, ձերդ պայծառափայլություն,— ասաց Աթոսը,— նույնիսկ ձեռք չտվի սուսերիս, պարզապես գիրկս առա իմ հակառակորդին և լուսամուտից դուրս նետեցի։ Կարծեմ ընկնելու ժամանակ,— շարունակեց Աթոսը որոշ տատանումով,— նրա ոտքը կոտրվեց։

— Ա՜,— ասաց կարդինալը։— Իսկ դո՞ւք, պարոն Պորտոս։

— Ես, ձերդ պայծառափայլություն, գիտեմ, որ մենամարտն արգելված է։ Դրա համար էլ աթոռը վերցրի և այդ ավազակներից մեկին հարված հասցրի, որից, կարծում եմ, նրա ուսը ջարդվեց։

— Այդպե՜ս,— ասաց կարդինալը,— իսկ դո՞ւք, պարոն Արամիս։

— Ես, ձերդ պայծառափայլություն, ամենաանվնաս բնավորությունն ունեմ և, բացի դրանից, պատրաստվում եմ վանական ձեռնադրվելու, որ գուցեև հայտնի չէ ձերդ սրբազնությանը։ Դրա համար էլ ամեն կերպ զսպում էի իմ ընկերներին, մեկ էլ հանկարծ այն սրիկաներից մեկը դավաճանաբար սուսերով հարվածեց իմ ձախ թևին։ Այդ ժամանակ իմ համբերությունը սպառվեց, ինքս էլ սուսերս դուրս քաշեցի, և երբ նա նորից ինձ վրա հարձակվեց, ինձ թվաց, թե նա ամբողջ մարմնով ընկավ իմ սուսերի վրա։ Հաստատ չգիտեմ, թե այդպե՞ս եղավ արդյոք, բայց մի բան լավ հիշում եմ, որ նա ընկավ, և կարծեմ նրան էլ մյուս երկուսի հետ դուրս տարան։

— Գրողը տանի,— ասաց կարդինալը։— Պանդոկային մի ինչ֊որ վեճի պատճառով երեք մարդ դուրս են եկել շարքից։ Այո՛, պարոնա՛յք, դուք կատակ անել չեք սիրում։ Բայց ինչի՞ց ծագեց վեճը։

— Այդ սրիկաները հարբած էին,— ասաց Աթոսը։— Նրանք իմացել էին, որ երեկոյան ինչ֊որ կին է եկել հյուրանոց և ուզում էին ներխուժել նրա մոտ։

— Ներխուժել նրա մոտ,— կրկնեց կարդինալը։— Բայց ի՞նչ նպատակով։

— Ամենայն հավանականությամբ նրա վրա բռնություն գործադրելու նպատակով,— պատասխանեց Աթոսը,— չէ՞ որ ես արդեն պատիվ ունեցա հաղորդելու ձեզ, որ այդ սրիկաները հարբած էին։

— Եվ այդ կինը ջահել ու գեղեցի՞կ էր,— հարցրեց կարդինալը մի որոշ անհանգստությամբ։

— Մենք նրան չենք տեսել, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց Աթոսը։

— Ա՜խ, դուք նրան չեք տեսել։ Դեհ, լավ,— աշխույժ շարունակեց կարդինալը։— Դուք լավ եք արել, որ պաշտպան եք կանգնել կնոջ պատվին, և որովհետև ես ինքս էլ հիմա գնում եմ «Կարմիր Աղավնատուն», ուրեմն կիմանամ, ճի՞շտ է արդյոք այն, ինչ որ դուք ասացիք ինձ։

— Ձերդ պայծառափայլություն,— հպարտ֊հպարտ ասաց Աթոսը,—մենք ազնվականներ ենք և սուտ չէինք ասի նույնիսկ մեր կյանքի փրկության համար։

— Ես չեմ էլ կասկածում ձեր խոսքերի ճշտությանը, պարոն Աթոս, ամենևին չեմ կասկածում... Բայց ասացեք ինձ,— ավելացրեց նա, որպեսզի խոսակցությունը փոխի,— մի՞թե այդ կինը միայնակ էր։

— Այդ կնոջ հետ սենյակում մի տղամարդ էլ կար,— ասաց Աթոսը, բայց քանի որ, չնայած ամբողջ աղմուկին, դուրս չեկավ, պետք է ենթադրել, որ վախկոտի մեկն է։

— «Մի՛ դատեք աճապարանոք», ասված է Ավետարանում, առարկեց կարդինալը։

Աթոսը գլուխը խոնարհեց։

— Իսկ հիմա, պարոնայք, բավական է,— շարունակեց կարդինալը,— ես իմացա, ինչ որ ուզում էի իմանալ։ Հետևեցե՛ք ինձ։

Երեք հրացանակիրները կարդինալին առաջ թողին։ Սա նորից երեսը ծածկեց կնգուղով, ձին շարժեց ու գնաց՝ իր չորս ուղեկիցներից մի ինը֊տասը քայլ առաջ ընկնելով։

Շուտով խումբը մոտեցավ մի պանդոկի, որը լուռ ու ամայի էր թվում։ Տերն ըստ երևույթին գիտեր, թե ինչպիսի անվանի հյուր է գալու իր մոտ և նախօրոք ճամփու էր դրել աղմկարար այցելուներին։

Դռնից մի տասը քայլ հեռավորության վրա կարդինալը իր ուղեկցին և երեք հրացանակիրներին նշանով հրամայեց կանգ առնել։ Մի թամբած ձի կապված էր լուսամուտի խլափեղկից։ Կարդինալը պայմանական թակոցով երեք անգամ բախեց։

Թիկնոցի մեջ փաթաթված ինչ֊որ մարդ իսկույն դուրս եկավ տնից, կարդինալի հետ մի քանի կարճ նախադասություն փոխանակեց, ձին նստեց և սլացավ Սյուրժերուի ճանապարհով, որը տանում էր նաև Փարիզ։

— Մոտ եկեք, պարոնայք,— ասաց կարդինալը։— Դուք ինձ ճշմարտություն եք ասել, պարոնայք հրացանակիրներ,— դարձավ նա երեք ընկերներին,— և որքան այդ ինձնից կախված լինի, այսօրվա մեր հանդիպումը ձեզ օգուտ կբերի։ Իսկ առայժմ հետևեցեք ինձ։

Կարդինալը ձիուց իջավ, հրացանակիրները նույնն արին։ Կարդինալը սանձը նետեց իր ուղեկցին, երեք հրացանակիրները իրենց ձիերը կապեցին խլափեղկերից։

Պանդոկապետը կանգնած էր շեմքում. նրա համար կարդինալը մի սովորական սպա էր, որ եկել էր տեսակցելու պանդոկ ժամանած կնոջը։

— Ներքևի հարկում չունե՞ք մի որևէ սենյակ, որտեղ այս պարոնները կարողանային սպասել ինձ և տաքանալ բուխարու մոտ,— հարցրեց կարդինալը։

Պանդոկապետը բաց արեց մի մեծ սենյակ, որտեղ բոլորովին վերջերս նախկին անպետք վառարանի փոխարեն կառուցել էին մի մեծ, հիանալի բուխարի։

— Ահա,— ասաց նա։

— Լավ,— ասաց կարդինալը։— Մտեք այստեղ, պարոնայք, և նեղություն քաշեք սպասել ինձ, ես ձեզ կես ժամից ավելի չեմ սպասեցնի։

Եվ մինչ երեք հրացանակիրները մտնում էին ներքևի հարկի սենյակը, կարդինալը սկսեց արագ բարձրանալ սանդուղքով, այլևս ոչ մի հարց չտալով և, ըստ երևույթին, լավ իմանալով ճանապարհը։

Comments