Chapter 43
Երկրորդ մաս XII. Անժույան գինին
Թագավորի գրեթե անհուսալի հիվանդության տեղեկություններից հետո ճամբարում սկսեց լուր տարածվել, թե նա առողջանում է, և որովհետև թագավորը շատ էր շտապում անձամբ մասնակցել պաշարմանը, բոլորն ասում էին, թե նա ճանապարհ կընկնի, հենց որ ի վիճակի լինի ձի նստելու։
Մինչ այդ Օռլեանի դուքսը, որը գիտեր, որ այսօր֊վաղը իրեն հանելու են բանակի հրամանատարի պաշտոնից, իր տեղը նշանակելու են դուքս Անգուլեմին կամ Բասոմպիերին և կամ Շոմբերգին, որոնք բոլորն էլ մրցում էին իրար հետ այդ պաշտոնի համար, ինքն անգործության էր մատնվել, ժամանակը կորցնում էր միայն թշնամու ուժերը տնտղելով և չէր սկսում որևէ խոշոր գործողություն, որը անգլիացիներին վռնդեր Ռե կղզուց, որտեղ նրանք դեռ պաշարել էին Սեն Մարտեն ամրոցն ու Լա Պրե բերդը, մինչ ֆրանսիացիներն էլ իրենց կողմից պաշարել էին Լա֊Ռոշելը։
Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա նա, ինչպես արդեն ասացինք, ավելի հանգիստ էր դարձել, ինչպես միշտ լինում է, երբ վտանգն անցնում է և մենք սկսում ենք մտածել, թե նա այլևս գոյություն չունի։ Դ’Արտանյանին մնում էր միայն մեկ հոգս, նա ոչ մի տեղեկություն չէր ստանում իր ընկերներից։
Բայց ահա նոյեմբերի սկզբին՝ մի առավոտ, նրա համար ամեն ինչ պարզվեց Վիլերուայից ստացած հետևյալ նամակով.
«Պարոն դ’Արտանյան,
Պ. պ. Աթոսը, Պորտոսը և Արամիսը ինձ մոտ մի փոքրիկ խնջույք էին սարքել և լավ քեֆ արին, բայց այդ ժամանակ այնպիսի մեծ աղմուկ էին բարձրացրել, որ պարետը, որը չափազանց խիստ մարդ է, նրանց մի քանի օրով կալանքի տակ է առել։ Չնայած դրան, ես կատարում եմ նրանց պատվերը և ուղարկում եմ ձեզ տասներկու շիշ իմ անժույան գինուց, որը շատ էր դուր եկել ձեր ընկերներին։ Նրանք խնդրում են ձեզ իրենց հավանած այդ գինով խմել իրենց կենացը։
Մնամ ձեր խոնարհ ծառան, տեր իմ։
։։։։։։։։։։Պարոնայք հրացանակիրների պանդոկապետ՝ Գոդո»։
— Վերջապե՜ս,— գոչեց դ’Արտանյանը։— Նշանակում է նրանք հիշում են ինձ զվարճության ժամերին, ինչպես ես եմ հիշում նրանց վհատության ժամերին։ Դե, իհարկե, ես կխմեմ նրանց կենացը, և այն էլ մեծ սիրով, միայն թե ո՛չ միայնակ։
Եվ դ’Արտանյանը վազեց երկու գվարդիականների մոտ, որոնց հետ նա ավելի շատ էր մտերմացել, քան մյուսների, որպեսզի նրանց հրավիրի իր հետ միասին խմելու Վիլերուայից ուղարկված անժույան հիանալի գինին։ Բայց պարզվեց, որ գվարդիականներից մեկը մի ուրիշ տեղ էր հրավիրված հենց այդ երեկո, իսկ մյուսը՝ հետևյալ երեկոյան, դրա համար էլ խնջույքը նշանակեցին երկու օր հետո։
Տուն վերադառնալով՝ դ’Արտանյանը տասներկու շիշ գինին ուղարկեց գվարդիականների երթային բուֆետ, հրամայելով խնամքով պահել այն, իսկ խնջույքի առավոտյան ժամը իննին Պլանշեին ուղարկեց այնտեղ, որպեսզի ամեն ինչ պատրաստի մինչև ժամը տասներկուսը, երբ նշանակված էր ճաշը։
Պլանշեն, հպարտանալով մետր֊դ՚օտելի իր նոր պատվավոր կոչումով, որոշեց սևերես չմնալ, ուստի իրեն օգնական վերցրեց հրավիրվածներից մեկի սպասավորին, որի անունն էր Ֆուրո, և այն կեղծ զինվորին, որն ուզեցել էր սպանել դ’Արտանյանին և, որը, քանի որ ոչ մի զորամասի չէր պատկանում, իր կյանքը փրկվելուց հետո ծառայության էր մտել դ’Արտանյանի մոտ, կամ ավելի ճիշտ կլինի ասել Պլանշեի մոտ։
Երբ խնջույքի ժամը հասավ, երկու հյուրերը եկան, գրավեցին իրենց տեղերը, և ուտելեղենի բազմաթիվ տեսակներ շարվեցին սեղանին, Պլանշեն սպասարկում էր անձեռոցիկը թևին գցած, Ֆուրոն շշերն էր բաց անում, իսկ Բրիզմոն (այդպես էին կոչում արդեն առողջացած կեղծ֊զինվորին) գինին լցնում էր ապակե գրաֆինները, որովհետև նրա մեջ ինչ֊որ նստվածք կար, որը երևի ճանապարհի ցնցումներից էր առաջացել։ Այդ գինու առաջին շշի տակը մի քիչ ավելի պղտոր էր. Բրիզմոն տականքը լցրեց բաժակը, և դ’Արտանյանը թույլ տվեց նրան խմել այն, որովհետև խեղճը դեռ բավական թույլ էր։
Հյուրերը սուպը կերան և արդեն առաջին բաժակը շրթունքներին էին մոտեցնում, երբ հանկարծ Լյուդովիկոսի ամրոցից և Նոր բերդից թնդանոթների կրակոցներ որոտացին։ Կարծելով, թե պաշարվածները կամ անգլիացիները անակնկալ հարձակում են գործել, գվարդիականներն իսկույն բաժակները ցած դրին, վրա թռան սուսերներին։ Դ’Արտանյանն էլ ոչ պակաս արագությամբ նույնն արեց, և երեք գվարդիականներն էլ վազեցին իրենց դիրքերը։
Բայց բուֆետից դուրս գալուն պես հասկացան այդ աղմուկի պատճառը. «Կեցցե՜ թագավորը։ Կեցցե՜ կարդինալը»,— գոռում էին բոլոր կողմերից և ամենուրեք թմբուկներ էին զարկում։
Իսկապես թագավորը, ինչպես ասել ենք, չկարողանալով այլևս համբերել, երկու երթաչափ անցել էր առանց հանգստանալու և հենց նոր այդտեղ էր ժամանել իր շքախմբով, որը մեծացվել էր տասը հազար զինվորներով։ Նրա առջևից և հետևից գնում էին հրացանակիրները։
Դ’Արտանյանը, գտնվելով այն վաշտում, որը երկար շարք էր կանգնել թագավորին ընդունելու համար, արտահայտիչ շարժումներով ողջունում էր իր ընկերներին, որոնք աչք չէին հեռացնում նրանից և պարոն դը Տրևիլից, որն իսկույն նկատել էր նրան։
Հենց որ ժամանման արարողությունը վերջացավ, ընկերները ջերմագին գրկախառնվեցին։
— Գրողը տանի,— գոչեց դ’Արտանյանը,— դուք հենց իսկը ժամանակին եկաք։ Կարծում եմ, որ դեռ ուտելեղենից ոչ մեկը պաղած չի լինի։ Այդպես չէ՞, պարոններ,— ավելացրեց նա՝ դառնալով երկու գվարդիականներին և ներկայացնելով նրանց իր ընկերներին։
— Օհո՜, կարծես մենք քեֆ ենք անելու,— ուրախացավ Պորտոսը։
— Հուսով եմ, որ մեր ճաշկերույթին տիկիններ չեն լինի,— ասաց Արամիսը։
— Իսկ ձեր այս որջում կարգին գինի կա՞,— հարցրեց Աթոսը։
— Այսինքն ինչպե՞ս թե, գրողը տանի։ Իմ ունեցածը հենց ձեր գինին է, սիրելի բարեկամս,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Մեր գինի՞ն,— զարմացավ Աթոսը։
— Այո, հենց այն գինին, որ դուք ուղարկել էիք ինձ։
— Մենք ձեզ գինի՞ ենք ուղարկել։
— Դե իհարկե, մոռացե՞լ եք։ Մի տեսակ թույլ գինի է, անժույան խաղողից։
— Այո, ես հասկանում եմ, թե ինչ գինու մասին եք ասում։
— Մի գինի, որ դուք գերադասում եք մյուս բոլորից։
— Հասկանալի է, երբ ես չունեմ ո՛չ շամպայն, ո՛չ էլ շամբերտեն գինիներ։
— Ի՛նչ արած, երբ չկա շամպայն ու շամբերտեն, ստիպված եք գոհանալ անժույան գինիով։
— Նշանակում է դուք անժույան գինի՞ եք բերել տվել։ Այ թե ճաշակի տեր եք, դ’Արտանյան,— ասաց Պորտոսը։
— Ասում եմ՝ չէ՛։ Այդ այն գինին է, որ ուղարկվել է ինձ ձեր անունից։
— Մեր անունի՞ց,— միաձայն գոչեցին երեք հրացանակիրները։
— Ասացեք, Արամիս, այդ դո՞ւք եք ուղարկել գինին,— հարցրեց Աթոսը։
— Ոչ, իսկ դո՞ւք, Պորտոս։
— Ոչ, իսկ դո՞ւք, Աթոս։
— Ոչ։
— Եթե դուք չեք ուղարկել,— ասաց դ’Արտանյանը,— ապա ուղարկել է ձեր պանդոկապետը։
— Մեր պանդոկապե՞տը։
— Այո, ձեր պանդոկապետ Գոդոն, հրացանակիրների պանդոկապետը։
— Վերջիվերջո մեր ի՞նչ գործն է, թե որտեղից է այդ գինին,— ասաց Պորտոսը,— կփորձենք, և եթե լավն է, կխմենք։
— Ընդհակառակն,— առարկեց Աթոսը,— չենք խմի այն գինին, որ հայտնի չէ որտեղից է եկել։
— Դուք իրավացի եք, Աթոս,— ասաց դ’Արտանյանը։— Նշանակում է ձեզնից ոչ մեկը պանդոկապետ Գոդոյին չի՞ հանձնարարել գինի ուղարկել ինձ։
— Ոչ։ Եվ նա գինին ուղարկել է մե՞ր անունից։
— Ահա նամակը,— ասաց դ’Արտանյանը։
— Եվ նա ընկերներին մեկնեց նամակը։
— Այս նրա ձեռագիրը չէ,— ասաց Աթոսը։— Ես նրա ձեռքը գիտեմ, մեկնելուց առաջ ես էի, որ նրան վճարեցի մեր ամբողջ խմբի ծախսը։
— Նամակը կեղծ է,— ասաց Պորտոսը,— մեզ ոչ ոք չի ձերբակալել։
— Դ’Արտանյան,— կշտամբանքով ասաց Արամիսը,— և ինչպե՞ս եք դուք հավատացել, թե մենք կարող ենք աղմուկ բարձրացրած լինել։
Դ’Արտանյանը սփրթնեց և մի դող անցավ նրա մարմնով։
— Դու վախեցնում ես մեզ,— ասաց Աթոսը, որը միայն խիստ արտակարգ դեպքում էր «դու» ասում նրան,— ի՞նչ է պատահել։
— Վազե՛նք, վազե՛նք, բարեկամնե՛րս, վազե՜նք,— գոռաց դ’Արտանյանը,— իմ մեջ մի սոսկալի կասկած ծագեց։ Մի՞թե սա դարձյալ այն կնոջ վրեժխնդրությունն է։
Այժմ Աթոսն էլ սփրթնեց։
Դ’Արտանյանը վազեց դեպի բուֆետ, երեք հրացանակիրները և երկու գվարդիականները հետևեցին նրան։
Առաջին բանը, որ տեսավ դ’Արտանյանը ճաշարան մտնելուն պես, Բրիզմոն էր, որ հատակին ընկած գալարվում էր դաժան ջղաձգումներով։
Պլանշեն և Ֆուրոն մահու պես սփրթնած աշխատում էին մեղմացնել նրա տանջանքները, բայց արդեն պարզ էր, որ օգնել հնարավոր չէ, մեռնողի դեմքը աղճատվել էր հոգեվարքի տագնապից։
— Ա՜, դո՞ւք եք,— գոչեց նա դ’Արտանյանին տեսնելով։— Դուք ձևացրիք, թե կյանքս ինձ եք ընծայում և հենց ինքներդ էլ թունավորեցիք ինձ։ Օ՜, ինչ սոսկալի է այդ։
— Ե՞ս,— գոչեց դ’Արտանյանը։— Թշվառակա՛ն, ինչե՞ր ես ասում։
— Այո՛, այո՛, դո՛ւք տվեցիք ինձ այդ գինին, դո՛ւք պատվիրեցիք ինձ խմել, դուք որոշել էիք վրեժ լուծել ինձնից և այդ զարհուրելի բան է։
— Դու սխալվում ես, Բրիզմո,— ասաց դ’Արտանյանը,— դու սխալվում ես, հավատացնում եմ քեզ... Երդվում եմ։
— Բայց աստված կա։ Աստված կպատժի ձեզ։ Օ՜, տե՜ր աստված, տո՛ւր սրան այնպիսի տանջանքներ, ինչպիսին ես եմ զգում հիմա...
— Երդվո՜ւմ եմ Ավետարանով,— գոչեց դ’Արտանյանը՝ նետվելով դեպի մեռնողը,— ես չեմ իմացել, որ այդ գինին թունավորված է, և ինքս էլ պատրաստվում էի խմելու։
— Ես ձեզ չեմ հավատում,— ասաց զինվորը։
Եվ ծանր տանջանքներով հոգին փչեց։
— Սոսկալի՜ է, սոսկալի՜,— շշնջաց Աթոսը, մինչ այդ Պորտոսը շշերն էր փշրում, իսկ Արամիսը, թեպետև ուշացած, հրաման էր տալիս քահանա կանչել։
— Օ՜, բարեկամներս,— ասաց դ’Արտանյանը,— դուք նորից փրկեցիք իմ կյանքը, և ոչ միայն իմ, այլև այս պարոնների։ Պարոնայք,— շարունակեց նա դառնալով գվարդիականներին,— ես ձեզ կխնդրեի լռություն պահել այս դեպքի մասին, որ դուք տեսաք։ Այս պատմության մեջ կարող են խառը լինել շատ բարձրաստիճան անձինք, և այն ժամանակ բոլոր անախորժությունները կթափվեն մեր գլխին։
— Ա՜խ, տեր իմ,— մրմնջաց Պլանշեն, որը վախից կիսամեռ էր եղել,— ա՜խ, տեր իմ, դուրս է գալիս, որ ես լավ եմ պրծել։
— Ինչպե՞ս, անբա՜ն, նշանակում է դու ուզում էիր խմե՞լ իմ գինին,— գոչեց դ’Արտանյանը։
— Թագավորի կենացը, տեր իմ, ես ուզում էի մի քիչ խմել թագավորի կենացը, բայց Ֆուրոն ասաց, որ ինձ կանչում են...
— Պարոնա՛յք,— ասաց դ’Արտանյանը դառնալով գվարդիականներին,— ինքներդ հասկանում եք, որ այս բոլորից հետո մեր խնջույքը շատ տխուր կարող էր լինել։ Ուստի թույլ տվեք ինձ ներողություն խնդրել ձեզնից, և եկեք խնջույքը հետաձգենք մի ուրիշ անգամ։
Երկու գվարդիականներն էլ քաղաքավարությամբ ընդունեցին ներողությունը և հասկանալով, որ չորս ընկերները կուզենային մենակ մնալ, իրենք հեռացան։
Մնալով առանց վկաների՝ երիտասարդ գվարդիականը և երեք հրացանակիրները իրար նայեցին այնպիսի հայացքով, որը պարզ ասում էր, որ նրանցից յուրաքանչյուրը հասկանում է դրության ամբողջ լրջությունը։
— Ամենից առաջ,— ասաց Աթոսը,— եկեք հեռանանք այս սենյակից։ Բռնի մահով զոհված մեռելի հարևանությունը լավ հարևանություն չէ։
— Պլանշե՛,— ասաց դ’Արտանյանը,— քեզ եմ հանձնարարում այս թշվառականի դիակը։ Թող թաղեն օրհնած հողում։ Ճիշտ է, նա հանցանք էր գործել, բայց և մեղա է եկել։
Եվ չորս ընկերները դուրս գնացին սենյակից՝ Բրիզմոյի թաղման հոգսը թողնելով Պլանշեին և Ֆուրոյին։
Հյուրանոցի տերը նրանց մի ուրիշ սենյակ հատկացրեց և մատուցեց թերխաշ ձու և ջուր, որ Աթոսն ինքը հանեց ջրհորից։ Պորտոսին և Արամիսին մի քանի խոսքով պատմեցին գործի էությունը։
— Ինչպես տեսնում եք, սիրելի բարեկամս,— ասաց դ’Արտանյանը Աթոսին,— սա կյանքի և մահու կռիվ է։
Աթոսը գլուխն օրորեց։
— Այո, այո,— պատասխանեց նա,— ես այդ տեսնում եմ։ Բայց դուք, նշանակում է, կարծում եք, որ այդ նա՞ է։
— Ես համոզված եմ դրանում։
— Իսկ ես, պետք է խոստովանեմ, որ դեռ կասկածում եմ։
— Բայց ուսի շուշա՞նը։
— Դա անգլուհի է, որ Ֆրանսիայում որևէ հանցանք է գործել, որի համար էլ խարանել են։
— Աթոս, Աթոս, հավատացնում եմ ձեզ, դա ձեր կինն է,— կրկնեց դ’Արտանյանը։— Մի՞թե դուք մոռացել եք, թե որքան համընկնում են նրանց նշանները։
— Բայց և այնպես ես կարծում եմ, որ նա, այն մյուսը՝ մեռել է, ես այնպես լավ կախեցի նրան։
Այս անգամ դ’Արտանյանն օրորեց գլուխը։
— Բայց ի՞նչ անենք հիմա,— հարցրեց նա։
— Չի կարելի հավիտենապես ապրել դամոկլյան սրի տակ,— ասաց Աթոսը,— անհրաժեշտ է ելք գտնել այս դրությունից։
— Բայց ի՞նչ ելք։
— Աշխատեցեք տեսնվել նրա հետ և բացատրվել։ Ասացեք նրան. «Խաղաղություն կամ պատերազմ։ Ազնվականի ազնիվ խոսք եմ տալիս, որ երբեք ձեր մասին ոչ մի խոսք չեմ ասի, որ երբեք ոչ մի բան չեմ ձեռնարկի ձեր դեմ։ Դուք էլ ձեր հերթին պետք է հանդիսավոր կերպով երդվեք, որ ինձ չեք վնասի։ Հակառակ դեպքում ես կգնամ կանցլերի մոտ, կգնամ թագավորի մոտ, կգտնեմ դահճին, արքունիքը ոտքի կհանեմ ձեր դեմ, կհայտարարեմ, որ դուք խարանված եք, ես ձեզ դատի կտամ, և եթե ձեզ արդարացնեն, այն ժամանակ... այն ժամանակ ազնվականի խոսք եմ տալիս, ես ձեզ կսպանեմ մի որևէ ցանկապատի տակ, որպես կատաղած շան»։
— Ես առարկություն չունեմ այդ միջոցի դեմ,— ասաց դ’Արտանյանը,— բայց ինչպե՞ս տեսնվեմ նրա հետ։
— Ժամանակը, սիրելի բարեկամս, ժամանակը հարմար դեպք կբերի, իսկ դեպքը մարդուն շահելու կրկնակի շանսեր է տալիս, որքան ավելի շատ եք խաղի մեջ դրել, այնքան ավելի շատ կշահեք, եթե միայն կարողանաք սպասել։
— Այդ այդպես է, բայց սպասել երբ դու շրջապատված ես մարդասպաններով և թունավորողներով...
— Ոչինչ,— ասաց Աթոսը։— Մինչև հիմա աստված պահել է մեզ, սրանից հետո էլ կպահի։
— Այո, մեզ։ Իհարկե, մենք տղամարդիկ ենք և, ճիշտն ասած, մեզ համար միանգամայն բնական բան է կյանքը վտանգի ենթարկել, բայց նա...— ավելացրեց դ’Արտանյանը ձայնը ցածրացնելով։
— Այդ ո՞վ է նա,— հարցրեց Աթոսը։
— Կոնստանցիան։
— Տիկին Բոնասիե՞ն։ Ախ, ճիշտ որ, ախր ես բոլորովին մոռացել էի, որ դուք սիրահարված եք, իմ խեղճ բարեկամ։
— Բայց այն սպանված սրիկայի գրպանում գտնված նամակից դուք իմացե՞լ եք, որ տիկին Բոնասիեն վանքում է գտնվում,— ասաց Արամիսը։— Վանքերում ամենևին էլ վատ չէ, և ես ձեզ խոստանում եմ, որ Լա֊Ռոշելի պաշարումը վերջանալուն պես ես անձամբ...
— Այո, այո, սիրելի Արամիս,— ընդհատեց նրան Աթոսը,— մենք գիտենք, որ ձեր մտքերը դեպի կրոնն են ուղղված։
— Ես միայն ժամանակավորապես եմ հրացանակիր,— հեզաբարո ասաց Արամիսը։
— Երևում է՝ սա վաղուց լուր չի ստացել իր սիրուհուց,— շշնջաց Աթոսը,— ուշադրություն մի՛ դարձրեք, այդ մեզ արդեն ծանոթ է։
— Գիտե՞ք ինչ,— ասաց Պորտոսը։— Իմ կարծիքով կա մի հասարակ միջոց։
— Ի՞նչ միջոց,— հարցրեց դ’Արտանյանը։
— Դուք ասում եք նա վանքո՞ւմն է։
— Այո։
— Դե էլ ի՞նչ կա որ։ Հենց որ պաշարումը վերջանա, մենք կփախցնենք նրան վանքից, պրծավ գնաց։
— Բայց նախ պետք է իմանալ, թե որ վանքումն է գտնվում նա։
— Այդ ճշմարիտ է,— համաձայնեց Պորտոսը։
— Բայց դուք չէի՞ք ասում, որ թագուհին ինքն է վանք ընտրել նրա համար, սիրելի դ’Արտանյան,— հարցրեց Աթոսը։
— Այո, գոնե ես այդպես եմ կարծում։
— Հիանալի է։ Այդ դեպքում Պորտոսը մեզ կօգնի այդ գործում։
— Բայց ի՞նչ ձևով, թույլ տվեք հարցնել։
— Հենց թեկուզ ձեր մարկիզուհու, դքսուհու, իշխանուհու միջոցով։ Նա երևի ահագին կապեր ունի։
— Սը՜սս,— շշնջաց Պորտոսը մատը շուրթերին սեղմելով։— Ես կարծում եմ՝ նա կարդինալիստուհի է և ոչինչ չպետք է իմանա։
— Եթե այդպես է, ապա ես եմ հանձն առնում տեղեկություններ ստանալ տիկին Բոնասիեի մասին,— ասաց Արամիսը։
— Դո՞ւք, Արամիս,— միաբերան գոչեցին երեք ընկերները։— Ինչպե՞ս։
— Թագուհու քահանայի միջոցով, որի հետ ես շատ մտերիմ եմ,— կարմրատակելով պատասխանեց Արամիսը։
Այս խոստումով էլ չորս ընկերները իրենց համեստ ճաշը վերջացնելով բաժանվեցին, պայմանավորվելով նորից հանդիպել նույն երեկոյան։ Դ’Արտանյանը վերադարձավ ֆրանցիսկյան վանքը, իսկ երեք հրացանակիրները գնացին թագավորի զորակայանը, որտեղ նրանք դեռ պետք է հոգ տանեին իրենց համար շենք գտնելու մասին։