Chapter 42
Երկրորդ մաս XI. Լա-Ռոշելի պաշարումը
Լա֊Ռոշելի պաշարումը Լյուդովիկոս XIII֊ի գահակալության քաղաքական խոշոր իրադարձությունն է և կարդինալի ռազմական խոշոր ձեռնարկումը։ Ուստի և հետաքրքրական, նույնիսկ անհրաժեշտ է մի քանի խոսք ասել այդ մասին։ Բացի դրանից այդ պաշարման որոշ հանգամանքներն այնքան սերտորեն են միահյուսված մեր այս պատմության հետ, որ մենք դրանք լռության մատնել չենք կարող։
Ծանրակշիռ էին այն քաղաքական նպատակները, որ հետապնդում էր կարդինալը՝ ձեռնարկելով այդ պաշարումը։ Նախ դրանք քննարկենք, իսկ հետո անցնեիք մասնակի նպատակներին, որոնք, թերևս, նորին սրբազնության վրա պակաս ուժեղ ազդեցություն չէին գործել, քան քաղաքական նպատակները։
Բոլոր այն խոշոր քաղաքներից, որ Հենրիխ IV֊ը տվել էր հուգենոտներին, որպես ամրացված կետեր, այժմ նրանց ձեռքում մնացել միայն Լա֊Ռոշելը։ Հետևապես, անհրաժեշտ էր ոչնչացնել կալվինիզմի այդ վերջին պատվարը, այն վտանգավոր հողը, որ ժողովրդական հուզումների և արտաքին պատերազմների սերմեր էր աճեցնում։
Դժգոհ իսպանացիները, անգլիացիները, իտալացիները, ամեն ազգի արկածախնդիրները, որոնք պատկանում էին զանազան աղանդների, առաջին իսկ կոչով հավաքվում էին բողոքականների դրոշի տակ, կազմելով մի ծավալուն միավորում, որի ճյուղերը հեշտությամբ աճելով ընդգրկում էին ամբողջ Եվրոպան։
Այսպես ուրեմն, կալվինիստներին պատկանող մյուս բոլոր քաղաքների անկումից հետո Լա֊Ռոշելը հատուկ նշանակություն էր ստացել և դարձել երկպառակությունների ու փառասիրական ինտրիգների օջախ։ Դեռ ավելին. Լա֊Ռոշել նավահանգիստը վերջին նավահանգիստն էր, որն անգլիացիների համար դուռ էր բաց անում դեպի ֆրանսիական թագավորությունը և Անգլիայի, այսինքն՝ Ֆրանսիայի վաղեմի թշնամու առաջ այդ դուռը փակելով՝ կարդինալն ավարտում էր Ժաննա դ՚Արկի<ref>Ժաննա դ՚Արկ (մոտ. 1412֊1431) — Ֆրանսիայի ազգային հերոս։ Հարյուրամյա պատերազմի տարիներին (1337֊1453) գլխավորել է անգլիացիների դեմ մղված ազգային֊ազատագրական պայքարը։ Ռուանի եկեղեցական դատարանը, որտեղ բերվել էր գերված Ժաննա դ՚Արկը, նրան մեղադրեց հերետիկոսության և կախարդության մեջ։ 1431 թ. մայիսի 30֊ին նրան այրեցին խարույկի վրա։</ref> և դուքս դը Գիզի<ref>Դուքս դը Գիզ֊Ֆրանցիսկ Լոթարինգացի «Նշանավոր» (1519֊1563) — հաջողակ զորավար, որը Ֆրանսիային բազում հաղթանակներ է բերել։ 1558 թ. անգլիացիներից խլեց Կալե նավահանգիստը։</ref> գործը։
Դրա համար էլ Բասոմպիերը, որը միաժամանակ և կաթոլիկ էր, և բողոքական, բողոքական էր ըստ համոզմունքների և կաթոլիկ էր որպես Ա. Հոգու միաբանության կոմանդոր,— Բասոմպիերը, որ արյունով գերմանացի էր և հոգով ֆրանսիացի,— մի խոսքով այն նույն Բասոմպիերը, որը Լա֊Ռոշելի պաշարման ժամանակ առանձին ջոկատի հրամանատար էր, հենց իր նման բողոքական ազնվականների գլուխներին կրակելով ասում էր.
«Այ, կտեսնեք, պարոնայք, մենք այնքան հիմար կլինենք, որ Լա֊Ռոշելը կվերցնենք»։
Եվ Բասոմպիերն իրավացի դուրս եկավ, Ռե կղզու գնդակոծումը նրան կանխագուշակեց Սևենի դրագոնադները<ref>Սևենյան դրագոնադներ — բողոքականների ապստամբություն Սևնում, Ֆրանսիայի հարավում, որը ծագել էր՝ կապված նրանց տներում թագավորական զորքերի՝ Լյուդովիկոս XIV֊ի դրագունների բնակավորման քաղաքականության հետ։ Դեպքերն առնչվում են առավել ուշ ժամանակների (1704) հետ, քան այդ նկարագրված է Դյումայի մոտ։</ref>, իսկ Լա֊Ռոշելի առումը Նանտի Էդիկտի վերացման նախաբանը եղավ։
Սակայն, ինչպես արդեն ասացինք, բացի մինիստրի այս պլաններից, որոնցով նա ձգտում էր ամեն ինչ հավասարեցնել ու ամեն ինչ պարզեցնել, բացի այն պլաններից, որ պատմությանն են պատկանում, տարեգրություն կազմողը ստիպված է նաև ընդունել սիրահարված տղամարդու և խանդոտ ախոյանի մանր նկրտումների գոյությունը։
Ռիշելիեն, ինչպես բոլորին հայտնի է, սիրահարված էր թագուհուն։ Արդյոք այդ սերը նրա համար հասարակ քաղաքական մի հաշի՞վ էր, թե՞ իրոք դա այն խոր կիրքն էր, որ Աննա Ավստրիացին ներշնչում էր իր շրջապատի բոլոր մարդկանց, մենք այդ չգիտենք, բայց, այսպես թե այնպես, այս պատմության նախորդ իրադարձություններից տեսանք, որ Բեկինգհեմը կարդինալի դեմ հաղթանակ տարավ և երկու թե երեք դեպքերում։ մանավանդ ադամանդակուռ զարդի հետ կապված դեպքում, երեք հրացանակիրների նվիրվածության և դ’Արտանյանի քաջության շնորհիվ կարողացավ դաժանորեն ծիծաղել նրա վրա։
Այսպիսով Ռիշելիեի համար խնդիրը միայն Ֆրանսիան թշնամուց փրկելը չէր, այլ նաև իր ախոյանից վրեժ առնելը։ Մանավանդ որ այդ վրիժառությունը խոստանում էր լինել մեծ ու փայլուն, միանգամայն արժանի այն մարդուն, որն այս մենամարտում որպես սուսեր իր ձեռքումն ուներ ամբողջ թագավորության ռազմական ուժերը։
Ռիշելիեն գիտեր, որ Անգլիային հաղթելով՝ դրանով իսկ հաղթած կլինի Բեկինգհեմին, որ հաղթանակ տանելով Անգլիայի դեմ, հաղթանակ տարած կլինի Բեկինգհեմի դեմ և, վերջապես, որ Եվրոպայի աչքում Անգլիային ստորացնելով՝ ինքը Բեկինգհեմին կնվաստացնի թագուհու աչքում։
Բեկինգհեմն էլ իր հերթին, թեպետև նա Անգլիայի պատիվն ամենից բարձր էր դասում, գործում էր ճիշտ նույնպիսի մղումների ազդեցությամբ, ինչպես կարդինալը։ Բեկինգհեմը նույնպես ձգտում էր բավարարել իր անձնական վրեժխնդրությունը, ոչ մի պատրվակով Բեկինգհեմը չէր կարող Ֆրանսիա վերադառնալ որպես դեսպան, նա ուզում էր այնտեղ մտնել որպես նվաճող։
Այստեղից պարզ է, որ այս կռվի մեջ, որ երկու հզոր թագավորությունները մղում էին միմյանց դեմ երկու սիրահարների քմահաճույքով, իսկական պատճառը Աննա Ավստրիացու մի բարեհաճ հայացքն էր։
Առաջին հաղթանակը տարել էր դուքս Բեկինգհեմը, իննսուն նավերով և մոտ քսան հազար զինվորներով հանկարծակի մոտենալով Ռե կղզուն՝ նա անակնկալի էր բերել կոմս դը Տուարակին, որը կղզում հրամանատար էր թագավորի անունից, և արյունահեղ ճակատամարտից հետո ափ էր դուրս եկել կղզում։
Փակագծերի մեջ ասենք, որ այդ ճակատամարտում զոհվեց բարոն դը Շանտալը։ Բարոնը իրենից հետո թողեց մի փոքրիկ որբ աղջիկ, որն այն ժամանակ երկուս ու կես տարեկան էր։
Հետագայում այդ աղջիկը դարձավ տիկին դը Սևինիեն<ref>Տիկին դը Սևինիե — Մարի դը Ռաբյուտեն֊Շանտալ, մարկիզուհի դը Սևինիե (1626֊1696)։ Նրա անունը լայն ճանաչում ստացավ, երբ 1726 թվականին հրատարակվեցին նրա «Նամակները»՝ ուղղված դստերը, սրանք շարադրված էին գեղեցիկ ոճով և պարունակում էին հետաքրքիր տեղեկություններ այն ժամանակների բարքերի մասին։</ref>։
Կոմս դը Տուարակը կայազորի հետ նահանջեց Սեն Մարտեն ամրոցը, իսկ մի հարյուր մարդ թողեց Լա Պրե անունով փոքրիկ բերդում։
Այս դեպքը կարդինալին ստիպեց շտապել և նախքան թագավորը և հենց ինքն էլ կկարողանային մեկնել Լա֊Ռոշելի պաշարումը գլխավորելու, որն արդեն վճռված էր, նա Օռլեանի դքսին նախապես ուղարկեց նախնական գործողությունները ղեկավարելու և հրամայեց ռազմական գործողությունների թատերաբեմ ներքաշել իր տրամադրության տակ եղած բոլոր զորքերին։
Ահա հենց այդ առաջավոր ջոկատի մեջ էր գտնվում մեր երիտասարդ դ’Արտանյանը։
Թագավորը, ինչպես արդեն ասել ենք, մտածում էր այնտեղ մեկնել պառլամենտի նիստից անմիջապես հետո, բայց այդ նիստից հետո, հունիսի 28֊ին նա տենդի նոպա զգաց։ Չնայած դրան, էլի որոշեց մեկնել, սակայն ճանապարհին նրա առողջական վիճակը վատացավ, և նա ստիպված եղավ կանգ առնել Վիլերուայում։
Բայց որտեղ կանգ էր առնում թագավորը, այնտեղ էլ կանգ էին առնում հրացանակիրները, որի հետևանքով դ’Արտանյանը, որ գվարդիայումն էր ծառայում, գոնե ժամանակավորապես բաժանված մնաց իր ընկերներից՝ Աթոսից, Պորտոսից և Արամիսից։ Կասկած չկա, որ այգդ անջատումը, որը նրան միայն անհաճո էր թվում, նրա համար լուրջ անհանգստության առարկա կդառնար, եթե կարողանար կանխատեսել այն անհայտ վտանգները, որ շրջապատել էին իրեն։
Այսպես թե այնպես, 1627 թվականի սեպտեմբերի 10֊ին դ’Արտանյանը բարեհաջող հասավ ճամբար, որը գտնվում էր Լա֊Ռոշելի մոտ։
Դրությունը չէր փոխվել, դուքս Բեկինգհեմը և նրա անգլիացիները, Ռե կղզու տերերը, թեպետև անհաջող շարունակում էին պաշարել Սեն Մարտեն ամրոցը և Լա Պրե բերդը։ Ռազմական գործողությունները Լա֊Ռոշելի դեմ սկսվել էին երկու֊երեք օր առաջ, որի համար առիթ էր ծառայել մի նոր բերդ, որ քաղաքի մոտ հենց նոր կառուցել էր դուքս Անգուլեմը։
Գվարդիականները Դեզեսարի հրամանատարությամբ տեղավորվել էին ֆրանցիսկյան վանքում։
Սակայն, ինչպես մենք գիտենք, դ’Արտանյանը, տարված հրացանակիր դառնալու փառասիրական երազանքներով, քիչ էր մտերմանում իր ընկերների հետ, դրա համար էլ մենակ էր և իր սեփական խոհերին տրված։
Այդ խոհերն այնքան էլ ուրախ չէին, այն երկու տարվա ընթացքում, որ անցել էին նրա Փարիզ գալուց հետո, նա շատ անգամ էր ներքաշվել քաղաքական ինտրիգների մեջ։ Բայց նրա անձնական գործերը, ինչպես սիրո, այնպես էլ կարիերայի բնագավառում, քիչ էին առաջ շարժվել։
Եթե խոսելու լինենք սիրո մասին, ապա միակ կինը, որին նա սիրել էր, տիկին Բոնասիեն էր, բայց տիկին Բոնասիեն անհայտացել էր, և դ’Արտանյանը դեռ չգիտեր, թե ինչ է պատահել նրան։
Եթե խոսելու լինենք կարիերայի մասին, նա, չնայած իր աննշան լինելուն, կարողացել էր թշնամի վաստակել ի դեմս կարդինալի, այսինքն՝ մի մարդու, որի առաջ դողում էին թագավորության ամենաբարձրաստիճան անձինք, սկսած հենց թագավորից։
Այդ մարդը կարող էր ճզմել դ’Արտանյանին, բայց, չգիտես ինչու, չէր անում այդ։ Դ’Արտանյանի խորաթափանց մտքի համար այդ զիջողությունը լույսի մի շող էր, որի միջով նա լավագույն ապագա էր տեսնում։
Բացի դրանից նա վաստակել էր մի ուրիշ թշնամի, նվազ վտանգավոր,— համենայն դեպս այդպես էր կարծում նա,— բայց որին այնուամենայնիվ, չէր կարելի բանի տեղ չդնել,— այդպես էր ասում նրան իր հոտառությունը։ Այդ երկրորդ թշնամին միլեդին էր։
Այս ամենի փոխարեն նա ձեռք էր բերել թագուհու հովանավորությունն ու բարեհաճությունը, սոսկ մի ժամանակներում թագուհու բարեհասությունը սոսկ մի ավելորդ առիթ էր հալածանքների, իսկ նրա հովանավորությունը, ինչպես հայտնի է, շատ վատ պաշտպանություն էր, դրա ապացույցն էին Շալեն և տիկին Բոնասիեն։
Այսպես ուրեմն, այդ ամբողջ ժամանակամիջոցում միակ բանը, որ նա ձեռք էր բերել, հինգ թե վեց հազար լիվր արժողությամբ ադամանդն էր, որ դ’Արտանյանը կրում էր իր մատին։ Բայց և այնպես այդ ադամանդը, որ դ’Արտանյանը իր փառասիրական մղումներից դրդված ուզում էր պահել, որպեսզի երբևիցե հարկավոր դեպքում իր համար տարբերիչ նշան հանդիսանա թագուհու աչքում, այդ ադամանդն էլ, քանի որ նրանից բաժանվել չէր կարող, առայժմ ավելի մեծ արժեք չուներ, քան այն քարերը, որ նա տրորում էր ոտքերի տակ։
Մենք խոսեցինք այն քարերի մասին, որոնք նա տրորում էր ոտքերի տակ, որովհետև այս ամենի մասին մտորելով՝ դ’Արտանյանը մենմենակ թափառում էր մի գեղատեսիլ կածանով, որը ճամբարից տանում էր Անգուտեն գյուղը։ Այս խոհերով տարված՝ նա ավելի հեռու էր գնացել, քան ենթադրում էր գնալ, և արդեն օրը վերջանալու վրա էր, երբ հանկարծ նրան թվաց, թե մայր մտնող արեգակի վերջին շողերի տակ ցանկապատի հետևից մի հրացանի փող փայլփլեց։
Դ’Արտանյանը սրատես էր և խելամիտ։ Նա հասկացավ, որ հրացանն ինքնիրեն չի եկել այստեղ, և որ նա, ով այդ հրացանը բռնել է ձեռքին, ամենևին էլ բարի մտադրություններով չի թաքնվում ցանկապատի ետևում։ Եվ ահա նա որոշեց ծլկել, բայց հանկարծ ճանապարհի մյուս կողմը, մի մեծ քարի հետևում, նա նկատեց երկրորդ հրացանի փողը։
Ակներև էր, որ նա շրջապատված էր։
Երիտասարդ գասկոնացին նայեց առաջին հրացանին և տագնապով նկատեց, որ այն իջնում է իր ուղղությամբ։ Հենց որ հրացանի փողը կանգ առավ, դ’Արտանյանը երեսնիվայր ընկավ գետնին։ Հենց նույն րոպեին որոտաց կրակոցը, և նա լսեց իր գլխի վրայով թռչող գնդակի սուլոցը։
Հարկավոր էր շտապել։ Դ’Արտանյանն արագ ոտքի թռավ, և նույն վայրկյանին մյուս հրացանի գնդակը քարերը փշրեց ճանապարհի հենց այն տեղում, որտեղ նա հենց նոր պառկած էր երեսի վրա։
Դ’Արտանյանն այն անխոհեմ քաջերից չէր, որոնք անիմաստ մահ են որոնում, միայն թե ոչ ոք չկարողանա ասել, թե նա նահանջել է։ Բացի այդ, այստեղ քաջության մասին խոսելու տեղն էլ չէր, դ’Արտանյանն ուղղակի թակարդի մեջ էր ընկել։
«Եթե երրորդ կրակոցն էլ լինի,— մտածեց նա,— ես կորած եմ»։
Եվ նա իսկույն սլացավ ճամբարի կողմը այն արագությամբ, որով աչքի են ընկնում իր ծննդավայրի բնակիչները, որոնք հռչակված են իրենց արագավազությամբ։ Սակայն, չնայած նրա վազքի արագությանը, կրակողներից առաջինը կարողացավ նորից լցնել հրացանը և երկրորդ անգամ կրակեց նրա վրա, այն էլ այնպես դիպուկ, որ գնդակը ծակեց դ’Արտանյանի ֆետրե գլխարկը, որը մի տասը քայլ առաջ թռավ։
Դ’Արտանյանն ուրիշ գլխարկ չուներ, ուստի նա հենց վազելիս վերցրեց գլխարկը և հևիհև ու բոլորովին սփրթնած վազեց֊հասավ ճամբար, նստեց ու առանց որևէ մեկին մի բան ասելու՝ անձնատուր եղավ իր խոհերին։
Այս դեպքը կարող էր ունենալ երեք բացատրություն։
Առաջինը և ամենաբնականը. դա կարող էր լինել լարոշելցիների սարքած դարանը, և նրանք ամենևին դեմ չէին լինի սպանելու նորին մեծության գվարդիականներից մեկին, նախ նրա համար, որ մի թշնամի պակաս կունենան և երկրորդ՝ այդ թշնամու գրպանում կարող էք լեփ֊լեցուն քսակ լինել։
Դ’Արտանյանը վերցրեց իր գլխարկը, դիտեց գնդակի բացած ծակը և գլուխն օրորեց։ Գնդակն արձակված էր ոչ հրացանից, այլ պատրույգավոր երկարափող ծանր հրացանից, կրակոցի դիպուկությունը հենց սկզբից նրան այն մտքին էր բերել, որ դա սովորական զենք չի։ Գնդակը տրամաչափային չէր եղել, հետևապես, դա ռազմական դարան չի եղել։
Դա կարող էր լինել պարոն կարդինալի սիրալիր մտաբերումը։ Ընթերցողը հիշում է, որ հենց այն պահին, երբ արեգակի օրհնյալ շողի ողորմածությամբ դ’Արտանյանը հրացանի փողը նկատեց, հենց այդ պահին զարմանքով մտածում էր, թե որքան մեծ համբերություն ունի նորին սրբազնությունը։
Բայց դ’Արտանյանը նորից գլուխն օրորեց։ Գործ ունենալով այնպիսի մարդկանց հետ, որոնց նորին սրբազնությունը կարող էր ոչնչացնել մատի մեկ շարժումով, նա հազվադեպ էր այսպիսի միջոցների դիմում։
Սա կարող էր լինել միլեդիի վրեժխնդրությունը։
Ահա սա ավելի հավանական էր թվում։
Դ’Արտանյանն իզուր էր փորձում մտաբերել մարդասպանների դեմքը կամ հագուստը, նա այնպես արագ էր փախել նրանցից, որ որևէ բան տեսնելու ժամանակ էլ չէր ունեցել։
— Ո՞ւր եք, իմ թանկագին ընկերներ,— շշնջաց դ’Արտանյանը։— Որքան եմ ձեր կարիքը զգում։
Գիշերը դ’Արտանյանը շատ վատ անցկացրեց։ Երեք֊չորս անգամ վեր թռավ քնից. նրան թվում էր, թե ինչ֊որ մարդ մոտենում է իր անկողնուն և ուզում է սրախողխող անել իրեն։ Սակայն մութը նոր արկած չբերեց, և բացվեց առավոտը։
Բայց այն, ինչ տեղի չունեցավ այսօր, կարող էր տեղի ունենալ վաղը, և դ’Արտանյան շատ լավ գիտեր այդ։
Ամբողջ օրը նա տանը նստեց՝ պատճառ բերելով վատ եղանակը. այդ պատրվակը նրան հարկավոր էր ինքն իրեն արդարացնելու համար։
Այդ դեպքից հետո երրորդ օրը, առավոտյան ժամը իննին, հավաք սկսվեց։ Օռլեանի դուքսը շրջում էր պահակակետերը։ Գվարդիականները նետվում էին զենքերին ու շարվում, դ’Արտանյանն էլ իր տեղը գրավեց ընկերների մեջ։
Նորին բարձրությունն անցավ զորաշարքի առջևով, ապա բոլոր ավագ սպաները մոտեցան նրան, որպեսզի ողջույն տան, և նրանց հետ էլ գվարդիայի կապիտան Դեզեսարը։
Մի րոպե անց՝ դ’Արտանյանին թվաց, թե պարոն Դեզեսարը նշանով իր մոտ է կանչում իրեն։ Վախենալով, թե սխալվում է, նա սպասեց իր պետի երկրորդ նշանին, և երբ Դեզեսարը կրկնեց, նա դուրս եկավ շարքից և մոտեցավ հրամանը կատարելու։
— Հիմա նորին բարձրությունը կամավորներ է կանչելու մի վտանգավոր հանձնարարության համար, որը պատիվ կբերի կատարողին, և ես ձեզ կանչեցի, որպեսզի պատրաստ լինեք։
— Շնորհակալ եմ, պարոն կապիտան,— պատասխանեց գասկոնացին՝ ուրախ լինելով, որ դքսի առաջ աչքի ընկնելու առիթ է ներկայանալու։
Պարզվեց, որ գիշերը պաշարվածները դուրս են եկել քաղաքից և ետ խլել այն բաստիոնը, որ մի քանի օր առաջ գրավել էին թագավորական զորքերը։ Որոշել էին մարդ ուղարկել այնտեղ շատ վտանգավոր հետախուզության, որպեսզի իմանան, թե ինչպես է պաշտպանվում այդ բաստիոնը։
Իսկապես, մի քանի րոպե հետո Օռլեանի դուքսը խոսեց.
— Ինձ հարկավոր են երեք կամ չորս կամավորներ՝ հուսալի մարդու առաջնորդությամբ։
— Ինչ վերաբերում է հուսալի մարդուն, ձերդ բարձրություն, ես այդպիսի մարդ ունեմ,— ասաց Դեզեսարը ցույց տալով դ’Արտանյանին,— իսկ ինչ վերաբերում է կամավորներին, ապա բավական է, որ դուք մի խոսք ասեք, և կամավորներն իսկույն հրապարակ կգան։
— Կգտնվե՞ն այստեղ չորս մարդ, որոնք ցանկանան դեպի մահ գնալ ինձ հետ,— գոչեց դ’Արտանյանը՝ սուսերը բարձրացնելով։
Նրա ընկեր֊գվարդիականներից երկուսն իսկույն առաջ եկան, նրանց միացան էլի երկու զինվոր, և չորսը լրացավ։ Մյուսներին դ’Արտանյանը մերժեց, չցանկանալով վիրավորել նրանց, ովքեր առաջինն էին արձագանքել իր կոչին։
Հայտնի չէր, թե լարոշելցիները մաքրե՞լ են բաստիոնը գրավելուց հետո, թե՞ կայազոր են թողել այնտեղ։ Այդ իմանալու համար հարկավոր էր բավական մոտիկից դիտել տվյալ վայրը։
Դ’Արտանյանն իր չորս ուղեկիցների հետ ճանապարհ ընկավ և գնաց խրամատի երկարությամբ։ Երկու գվարդիականները քայլում էին նրա կողքով, իսկ զինվորները՝ հետևից։
Խրամատի քարե պատնեշի հետևում թաքնվելով՝ նրանք առաջ շարժվեցին և կանգ առան բաստիոնից մի հարյուր քայլ հեռավորության վրա։ Այդտեղ դ’Արտանյանը շուռ եկավ և տեսավ, որ երկու զինվորներն անհայտացել են։
Նա մտածեց, թե զինվորները վախեցել են ու ետ մնացել, ինքը շարունակեց առաջ գնալ։
Հասնելով խրամատի շրջադարձին՝ դ’Արտանյանն ու երկու գվարդիականներն արդեն բաստիոնից մի վաթսուն քայլ հեռավորության վրա էին։ Բաստիոնում ոչ մի մարդ չէր երևում, և թվում էր, թե այն լքված է։ Երեք խիզախները խորհրդակցում էին, թե արժե՞ արդյոք առաջ գնալ, մեկ էլ հանկարծ ծխի մի օղակ պատեց քարակույտը, և մի տասը գնդակ սուլեցին դ’Արտանյանի ու նրա ուղեկիցների շուրջը։
Նրանք իմացան այն, ինչ ուզում էին իմանալ, բաստիոնը պաշտպանվում էր։ Հետևապես, այլևս վտանգավոր տեղում մնալն անօգուտ անզգուշություն կլիներ։ Դ’Արտանյանը և երկու գվարդիականները շուռ եկան և սկսեցին նահանջել, որ նման էր փախուստի։
Երբ նրանք արդեն մոտիկ էին խրամատի անկյունին, որը կարող էր նրանց պաշտպանել լարոշելցիներից, գվարդիականներից մեկն ընկավ. գնդակը նրա կրծքին էր դիպել։ Մյուսը, որ ողջ ու անվնաս էր մնացել, շարունակեց վազել դեպի ճամբար։
Դ’Արտանյանը չուզեց լքել իր ընկերոջը։ Նա կռացավ, որպեսզի նրան բարձրացնի և օգնի յուրայիններին հասնել, բայց այդ պահին որոտացին երկու կրակոց. գնդակներից մեկը փշրեց արդեն վիրավոր գվարդիականի գլուխը, իսկ մյուսը դ’Արտանյանից երկու մատնաչափ հեռու սուրալով շրխկաց ժայռին։
Երիտասարդ գասկոնացին արագ ետ նայեց, որովհետև այդ կրակոցները չէին կարող բաստիոնից լինել, որից նրանց ծածկում էր խրամատի անկյունը։ Նա մտաբերեց երկու անհայտացած զինվորներին և հիշեց այն մարդկանց, որոնք երեք օր առաջ փորձել էին սպանել իրեն։ Նա մտածեց, որ այս անգամ կկարողանա պարզել, թե այդ ինչ բան է, և սպանված ձևանալով՝ ընկավ գվարդիականի դիակի վրա։
Այդ տեղից մի երեսուն քայլ հեռավորության վրա գտնվող հողաթմբի հետևից իսկույն դուրս ցցվեցին երկու գլուխ։ Դրանք ետ մնացած զինվորների գլուխներն էին։ Դ’Արտանյանը չէր սխալվել, այդ երկուսը երիտասարդին հետևել էին միայն նրան սպանելու նպատակով, հուսալով, որ այդ սպանությունը կվերագրվի թշնամուն։
Բայց որովհետև նա կարող էր միայն վիրավորված լինել և հետագայում իրենց հանցագործությունը կբացեր, մոտեցան, որպեսզի վերջ տան նրան։ Բարեբախտաբար դ’Արտանյանի խորամանկությունից խաբված՝ նրանք հրացանները նորից լցնելու մասին չէին հոգացել։
Երբ նրանք արդեն մի տասը քայլի վրա էին, դ’Արտանյանը, որն ընկնելիս սուսերը ձեռքից բաց չէր թողել, հանկարծ վեր թռավ տեղից և մի ոստյունով նրանց մոտ ցատկեց։
Մարդասպանները հասկացան, որ եթե իրենք առանց դ’Արտանյանին սպանելու փախչեն ճամբարի կողմը, ապա նա կզեկուցի իրենց արարքի մասին։ Ուստի և նրանց առաջին միտքը եղավ փախչել թշնամու կողմը։ Նրանցից մեկը հրացանի փողից բռնելով՝ սոսկալի հարված պիտի տար դ’Արտանյանի գլխին, եթե երիտասարդը մի կողմ չնետվեր։ Բայց դրանով նա ազատեց բանդիտի ճանապարհը, և սա սկսեց վազել դեպի բաստիոն։ Բաստիոնը պաշտպանող լարոշելցիները, չիմանալով, թե այդ մարդն ինչ մտադրությամբ է վազում իրենց կողմը, կրակ բաց արին, և դավաճանն ընկավ. գնդակը փշրել էր նրա ուսը։
Մինչ այդ դ’Արտանյանը սուսերը ձեռքին հարձակվեց երկրորդ զինվորի վրա։ Պայքարը երկար չտևեց. սրիկան պաշտպանվելու համար ուներ մի հրացան, որը լցված չէր։ Գվարդիականի սուսերը սահեց հրացանի փողի վրայով, որն այլևս ոչ մի վտանգ չէր ներկայացնում, և խրվեց մարդասպանի ազդրը։ Զինվորն ընկավ։ Դ’Արտանյանն իսկույն սուսերը դեմ տվեց նրա կոկորդին։
— Օ՜, մի՛ սպանեք ինձ,— աղաղակեց բանդիտը։— Գթացե՜ք, գթացե՜ք ինձ, պարոն սպա, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։
— Մի՞թե քո գաղտնիքն այնքան արժե, որ ես խնայեմ քեզ,— հարցրեց երիտասարդը ձեռքը ետ չքաշելով։
— Արժե, եթե միայն դուք թանկ եք գնահատում ձեր կյանքը։ Ախր դուք քսաներկու տարեկան եք, գեղեցիկ, քաջ և դեռ կարող եք հասնել ամեն բանի, ինչ ցանկանաք։
— Դե շուտ ասա՛, սրիկա, ո՞վ է հանձնարարել քեզ սպանել ինձ,— հարցրեց դ’Արտանյանը։
— Մի կին, որին ես չեմ ճանաչում, բայց որին կոչում են միլեդի։
— Բայց եթե դու այդ կնոջը չես ճանաչում, որտեղի՞ց գիտես անունը։
— Այդպես էր կոչում նրան իմ ընկերը, որը ծանոթ էր նրա հետ։ Այդ կինը նրա հետ է պայմանավորվել և ո՛չ ինձ հետ։ Նրա գրպանում նույնիսկ այդ կնոջ նամակը կա և իմ լսածների համաձայն այդ նամակը ձեզ համար շատ մեծ նշանակություն ունի։
— Բայց դո՞ւ ինչպես մասնակից դարձար այս ոճրագործությանը։
— Ընկերս ինձ առաջարկեց օգնել իրեն՝ ձեզ սպանելու, և ես համաձայնեցի։
— Որքա՞ն է վճարել ձեզ այն կինը այդ «ազնիվ» գործի համար։
— Հարյուր լուի։
— Օհո՜,— ծիծաղելով ասաց երիտասարդը,— երևում է, նա թանկ է գնահատում իմ կյանքը։ Հարյուր լուի՜։ Դա հո մի ամբողջ կարողություն է ձեզ պես երկու սրիկաների համար։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եք համաձայնել դուք, և պատրաստ եմ խնայելու քեզ, միայն մեկ պայմանով։
— Ի՞նչ պայման,— անհանգիստ հարցրեց զինվորը, տեսնելով, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ։
— Դու պետք է բերես ինձ այն նամակը, որ գտնվում է ընկերոջդ գրպանում։
— Բայց դա ինձ սպանելու մի ուրիշ ձև է միայն,— գոչեց բանդիտը։— Ես ինչպե՞ս կարող եմ այդ նամակը բերել բաստիոնի գնդակների տակից։
— Բայց և այնպես դու պետք է անես այդ, թե չէ, երդվում եմ, կմեռնես իմ ձեռքով։
— Գթացե՜ք, ողորմացե՜ք ինձ, տե՛ր իմ, ի սեր այն ջահել կնոջ, որին սիրում եք։ Դուք կարծում եք, թե նա մեռած է, բայց նա ողջ է,— գոչեց բանդիտը ծունկ չոքելով և ձեռքի վրա հենվելով, որովհետև արյան հետ միասին նա ուժերն էլ կորցնում էր։
— Դու որտեղի՞ց գիտես, որ կա մի ջահել կին, որին ես սիրում եմ և որին մեռած էի համարում,— հարցրեց դ’Արտանյանը։
— Այն նամակից, որ գտնվում է ընկերոջս գրպանում։
— Հիմա դու ինքդ էլ տեսնում ես, որ ես պե՛տք է ստանամ այդ նամակը,— ասաց դ’Արտանյանը։— Դեհ, ուրեմն արա՛գ, բավական է տատանվել, թե չէ, որքան էլ ինձ հաճելի չէ իմ սուսերը կեղտոտել քեզ պես սրիկայի արյունով, երդվում եմ ազնիվ մարդու խոսքով, որ...
Այս խոսքերի հետ երիտասարդն այնպիսի սպառնալից շարժում արեց, որ վիրավորը ոտքի կանգնեց։
— Սպասեցե՜ք, սպասեցե՜ք,— գոռաց նա վախից սիրտ առնելով,— կգնամ... կգնա՜մ...
Դ’Արտանյանը խլեց զինվորի հրացանը, առաջ թողեց նրան և սուսերի ծայրով հրեց դեպի իր գործակիցը։
Ծանր էր տեսնել, թե այդ թշվառականը ինչպես է աշխատում առանց նկատվելու սողալ դեպի իր գործակցի դիակը, որ փռված էր մի քսան քայլ հեռավորության վրա, ինչպես է արյան հետք թողնում նա իր հետևից և ինչպես է գունատվում մոտալուտ մահվան սարսափից։
Սարսափն այնպես պարզ էր գծվում պաղ քրտինքով ծածկված նրա դեմքին, որ դ’Արտանյանը խղճաց նրան։
— Լավ,— ասաց նա՝ արհամարհանքով նայելով զինվորին,— ես քեզ ցույց կտամ, թե ինչ տարբերություն կա քաջ մարդու և քեզ նման վախկոտի միջև։ Մնա այստեղ։ Ես ինքս կգնամ։
Արագ քայլով, ուշադիր նայելով չորս կողմը, հետևելով հակառակորդի ամեն մի շարժումին և հարմարվելով տեղանքի բոլոր անհարթություններին՝ դ’Արտանյանը հասավ երկրորդ զինվորին։
Նպատակին հասնելու երկու միջոց կար. վիրավորին տեղն ու տեղը խուզարկել կամ նրան էլ տանել իր հետ՝ օգտվելով նրա մարմնից որպես ծածկույթ և խուզարկել նրան խրամատում։
Դ’Արտանյանն ընտրեց երկրորդ ձևը և մարդասպանին շալակն առավ հենց այն րոպեին, երբ թշնամին կրակ բաց արեց։
Թեթև հարվածը, երեք գնդակների խուլ ձայնը, որոնք ծակեցին վիրավորի մարմինը, վերջինիս ճիչը և մահվան ցնցումը— այս ամենը դ’Արտանյանին հասկացրին, որ նա, ով ուզում էր սպանել իրեն, հենց նոր փրկեց իր կյանքը։
Դ’Արտանյանը վերադարձավ խրամատ և դիակը գցեց վիրավորի կողքին, որը գունատ էր դիակի պես։
Երիտասարդն անհապաղ սկսեց խուզարկությունը, մի կաշվե թղթապանակ, մի քսակ, որի մեջ էր բանդիտի ստացած գումարի մի մասը, զառ խաղալու մի բաժակ և զառերը — այս էր այն ժառանգությունը, որ մնացել էր սպանվածից։
Դ’Արտանյանը բաժակն ու զառերը թողեց հենց այնտեղ, որտեղ ընկել էին, քսակը նետեց վիրավորին և շտապ բաց արեց թղթապանակը։
Մի քանի անպետք թղթերի մեջ նա գտավ այն նամակը, որի համար վտանգի էր ենթարկել իր կյանքը.
«Դուք կորցրիք այն կնոջ հետքը, և հիմա նա միանգամայն ապահով գտնվում է մի վանքում, որտեղ դուք ոչ մի պայմանով չպետք է թողնեիք նրան։ Աշխատեցեք գոնե տղամարդուն բաց չթողնել ձեռքից։ Ձեզ հայտնի է, որ ես երկար ձեռքեր ունեմ, և հակառակ դեպքում դուք թանկ կվճարեք այն հարյուր լուիի համար, որ ստացել եք ինձնից»։
Ստորագրություն չկար, բայց նամակը գրել էր միլեդին, դ’Արտանյանը դրանում չէր կասկածում։ Դրա համար էլ նամակը պահեց որպես հանցանշան և խրամատի պատնեշի պաշտպանության տակ սկսեց վիրավորի հարցաքննությունը։ Վերջինս խոստովանեց, որ ինքը և իր այն ընկերը, որ հենց նոր սպանվեց, հանձն էին առել փախցնել մի ջահել կնոջ, որը պետք է Փարիզից դուրս գար Լավիլիետ ուղեկալով, բայց պանդոկում մի տասը րոպե ավելի նստելով ուշացել ու բաց էին թողել կառեթը։
— Եվ ի՞նչ պիտի անեիք դուք այդ կնոջը,— անհանգստությամբ հարցրեց դ’Արտանյանը։
— Մենք պետք է նրան տանեինք Արքայական հրապարակում գտնվող մի առանձնատուն,— ասաց վիրավորը։
— Այո, այո,— շշնջաց դ’Արտանյանը,— հենց այդպես էլ կա, միլեդիի մոտ։
Եվ երիտասարդի մարմնով դող անցավ, երբ նա հասկացավ, թե վրեժխնդրության ինչպիսի ծարավ է մղել այդ կնոջը՝ կործանելու նրան և բոլոր նրանց, ում սիրում է նա, երբ հասկացավ, թե որքան քաջատեղյակ է այդ կինը արքունիքի գործերին, եթե կարողացել է ամեն ինչ բաց անել։ Հավանաբար այդ բոլոր տեղեկությունները նա քաղել է կարդինալից։
Սակայն այս բոլոր տխուր խոհերի մեջ հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում և համակեց մեծ ուրախությամբ, նա հասկացավ, որ թագուհին վերջիվերջո գտել է այն բանտը, որտեղ խեղճ տիկին Բոնասիեն քավում էր իր նվիրվածության մեղքը, և որ թագուհին ազատել է նրան այդ բանտից։ Այժմ նրա համար հասկանալի եղավ այն նամակը, որ ստացել էր տիկին Բոնասիեից, և տեսակցությունը նրա հետ Շայոյի ճանապարհին, երբ նա անցավ ինչպես մի տեսիլք։
Ուրեմն՝ այսուհետև, ինչպես Աթոսն էր գուշակում, հնարավորություն կա որոնելու դեռատի կնոջը, որովհետև չկա այնպիսի մի վանք, որի ներսը մտնելու հնարը չգտնվի։
Այս միտքը վերջնականապես հանգստացրեց դ’Արտանյանին։ Նա դարձավ դեպի վիրավորը, որը տագնապով հետևում էր նրա դեմքի ամեն մի փոփոխությանը, և ձեռքը մեկնեց նրան։
— Գնանք,— ասաց երիտասարդը,— ես չեմ ուզում քեզ այստեղ թողնել։ Հենվիր ինձ, և գնանք ճամբար։
— Գնա՛նք,— պատասխանեց վիրավորը՝ չկարողանալով հավատալ այդպիսի մեծահոգության,— բայց նրա համար չե՞ք տանում ինձ, որպեսզի այնտեղից ուղարկեք կախաղան։
— Ես արդեն քեզ խոսք եմ տվել,— ասաց դ’Արտանյանը,— և այժմ երկրորդ անգամ քեզ եմ ընծայում քո կյանքը։
Վիրավորը ծունկ չոքեց և սկսեց համբուրել իր փրկչի ոտքերը, բայց դ’Արտանյանը, որն այլևս ոչ մի կարիք չուներ այդքան մոտիկ մնալու թշնամուն, ընդհատեց շնորհակալության այդ զեղումները։
Այն գվարդիականը, որն առաջին կրակոցներից հետո վերադարձել էր ճամբար, այնտեղ հայտարարել էր, թե չորս ուղեկիցներն էլ սպանվել են։ Դրա համար էլ գնդում բոլորն էլ շատ զարմացան և շատ ուրախացան, երբ դ’Արտանյանին ողջ ու անվնաս տեսան։
Երիտասարդ գասկոնացին իր ուղեկցի վերքը բացատրեց թշնամու հարձակումով, որը հենց տեղն ու տեղը հնարեց։ Պատմեց երկրորդ զինվորի մահվան մասին և այն վտանգների մասին, որոնց ենթարկվել էին իրենք։ Այս պատմությունը նրա համար մի իսկական հաղթանակ էր. ամբողջ զորքը խոսում էր այդ էքսպեդիցիայի մասին, և ինքը՝ Օռլեանի դուքսը հանձնարարեց շնորհակալություն հայտնել դ’Արտանյանին։
Քանի որ ամեն մի բարի գործ հենց իր մեջ վարձատրություն ունի, դ’Արտանյանի բարի գործն էլ այն հետևանքն ունեցավ, որ նա նորից գտավ իր կորցրած հանգստությունը։ Եվ իրոք, դ’Արտանյանը կարծում էր, որ կարելի է բոլորովին հանգիստ լինել, քանի որ երկու թշնամիներից մեկն սպանված էր, իսկ մյուսն այժմ անսահմանորեն նվիրված էր իրեն։
Բայց այդ հանգստությունը ցույց էր տալիս միայն մի բան, որ դ’Արտանյանը դեռ չէր ճանաչում միլեդիին։