1. Երեք հրացանակիրներ

Chapter 36

Երկրորդ մաս V. Գիշերը բոլոր կատուները գորշ են

Վերջապես հասավ երեկոն, որին այնպես անհամբեր սպասում էին և՛ Պորտոսը, և՛ դ’Արտանյանը։

Արտանյանը սովորականի պես միլեդիի մոտ գնաց մոտավորապես ժամը իննին։ Նա միլեդիին գտավ հիանալի տրամադրության մեջ։ Դեռ երբեք նա դ’Արտանյանին այդպես սիրալիր չէր ընդունել։ Մեր գասկոնացին հասկացավ, որ իր նամակը հանձնված և իր ազդեցությունն է ունեցել։

Ներս մտավ Քեթին և շարբաթ մատուցեց։ Միլեդին սիրալիր նայեց Քեթիին և ժպտաց նրան իր ամենաթովիչ ժպիտով, բայց խեղճ աղջիկն այնքան էր տխուր, որ նույնիսկ չնկատեց միլեդիի բարեհաճությունը։

Դ’Արտանյանը հերթով նայում էր այդ երկու կանանց և հոգու խորքում ստիպված էր խոստովանել, որ բնությունը նրանց ստեղծելիս սխալ է արել, անվանի կնոջը տվել է ծախու, ստոր հոգի, իսկ սպասուհուն՝ դքսուհու սիրտ։

Ժամը տասին միլեդին սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ, և դ’Արտանյանը հասկացավ, թե ինչ է նշանակում այդ։ Միլեդին նայում էր ժամացույցին, վեր էր կենում, նորից նստում և դ’Արտանյանին ժպտում այնպես, կարծես ասելիս լիներ. «Դուք, իհարկե, շատ սիրուն եք, բայց ուղղակի թովիչ կլինեք, եթե գնաք»։

Դ’Արտանյանը վեր կացավ և գլխարկը վերցրեց։ Միլեդին ձեռքը մեկնեց նրան՝ համբուրելու։ Երիտասարդ գասկոնացին զգաց, թե ինչպես նա սեղմեց իր ձեռքը, և հասկացավ, որ դա նա արեց ոչ թե կոկետությունից դրդված, այլ որպես շնորհակալություն, որ նա գնում է։

— Սա գժի պես սիրում է կոմսին,— շշնջաց նա և դուրս գնաց։

Այս անգամ Քեթին չհանդիպեց նրան, նա չկար ո՛չ նախասենյակում, ո՛չ միջանցքում, ո՛չ դարպասի մոտ։ Դ’Արտանյանը ստիպված եղավ ինքը որոնել սանդուղքը և փոքրիկ սենյակը։

Քեթին նստել էր՝ երեսը ձեռքերով ծածկած և լաց էր լինում։

Նա լսեց, թե ինչպես ներս մտավ դ’Արտանյանը, բայց գլուխը չբարձրացրեց։ Երիտասարդը մոտեցավ և նրա ձեռքերն առավ իր ձեռքերի մեջ։ Եվ այդ ժամանակ Քեթին հեծկլտաց։

Ինչպես դ’Արտանյանը ենթադրել էր, միլեդին, նամակը ստանալով, ուրախությունից ամեն ինչ պատմել էր իր սպասուհուն։ Ապա, որպես շնորհակալություն, որ այս անգամ Քեթին այդքան հաջող է կատարել իր հանձնարարությունը, մի քսակ էր ընծայել նրան։

Մտնելով իր սենյակը՝ Քեթին այդ քսակը նետել էր մի անկյուն, որտեղ և այն ընկած էր բացված։ Նրա մոտ, գորգի վրա ընկած էին երեք թե չորս ոսկե դրամներ։

Երբ դ’Արտանյանը գուրգուրանքով դիպավ նրան, խեղճ աղջիկը գլուխը բարձրացրեց։ Նրա դեմքի արտահայտությունը նույնիսկ դ’Արտանյանին վախեցրեց։ Աղջիկը աղերսագին ձևով նրան մեկնեց իր ձեռքերը, բայց չհամարձակվեց մի խոսք անգամ ասել։

Որքան էլ նվազ զգայուն էր դ’Արտանյանի սիրտը, այնուամենայնիվ նա զգացվեց այդ համր վշտից։ Բայց նա խիստ կայուն էր իր ծրագրերի մեջ և մանավանդ վերջին ծրագրին, ուստի ոչ մի կերպ չէր կարող դավաճանել գործողությունների նախանշված կարգին։ Դրա համար էլ նա Քեթիին ոչ մի հույս չտվեց, թե նրան կհաջողվի սասանել իրեն, այլ միայն իր արարքները ներկայացրեց նրան որպես վրիժառության մի հասարակ ակտ։

Ի դեպ, այդ վրեժխնդրությունը նրա համար բավական հեշտացրեց այն հանգամանքը, որ միլեդին, ըստ երևույթին, ցանկանալով սիրեկանից թաքցնել իր դեմքի ներկը, Քեթիին հրամայել էր հանգցնել տան բոլոր լամպերը, նույնիսկ ննջարանի լամպը։ Պարոն դը Վարդը պետք է գնար մինչև լույսը բացվելը, միևնույն խավարի մեջ։

Մի րոպե անց նրանք լսեցին, որ միլեդին ննջարան մտավ։ Դ’Արտանյանն իսկույն նետվեց պահարանը։ Հազիվ էր այնտեղ թաքնվել, երբ զանգակը հնչեց։

Քեթին մտավ իր տիրուհու մոտ և դուռը հետևից ծածկեց, բայց միջնորմն այնքան բարակ էր, որ լսվում էր համարյա ամեն բան, ինչ խոսում էին երկու կանայք։

Միլեդին կարծես ուրախությունից ինքն իրեն կորցրել էր։ Նա անվերջ ստիպում էր Քեթիին ամենայն մանրամասնությամբ պատմել իր այցելությունը դը Վարդին, հարցուփորձ էր անում, թե նա ինչպես վերցրեց նամակը, ինչպես գրեց պատասխանը, ինչպիսին էր դեմքի արտահայտությունը, երևո՞ւմ էր, որ նա իսկապես սիրահարված է, և խեղճ Քեթին, որ ստիպված էր հանգիստ ձևանալ, այս բոլոր հարցերին պատասխանում էր կերկերուն ձայնով, որի թախծոտ երանգը բոլորովին աննկատ էր մնում միլեդիի համար, երջանկությունը էգոիստական է։

Կոմսի այցելության ժամը մոտենում էր, և միլեդին իսկապես Քեթիին ստիպեց հանգցնել ննջարանի լույսը և հրամայեց հենց որ դը Վարդը գա, առաջնորդել իր մոտ։

Քեթին երկար սպասելու հարկ չունեցավ։ Հենց որ դ’Արտանյանը կողպեքի անցքի միջով նկատեց, որ ամբողջ տունը սուզվեց խավարի մեջ, դուրս թռավ իր ապաստարանից։ Այդ հենց այն պահին էր, երբ Քեթին ծածկում էր իր սենյակից դեպի միլեդիի ննջարանը տանող դուռը։

— Այդ ի՞նչ աղմուկ է այդտեղ,— հարցրեց միլեդին։

— Այդ ես եմ,— պատասխանեց դ’Արտանյանը կիսաձայն,— ես, կոմս դը Վարդը։

— Օ՜, տեր իմ աստված,— թոթովեց Քեթին,— նա նույնիսկ չի կարողացել սպասել մինչև իր նշանակած ժամը։

— Էլ ի՞նչ կա ուրեմն,— հարցրեց միլեդին դողդոջուն ձայնով,— ինչո՞ւ ներս չի մտնում։ Կո՛մս, կո՝մս,— ավելացրեց նա,— դուք հո գիտեք, որ ես սպասում եմ ձեզ։

Այս կանչը լսելով՝ դ’Արտանյանը մեղմորեն մի կողմ հրեց Քեթիին և ինքը նետվեց ննջարան։

Չկա ավելի տանջալից կատաղություն ու ցավ, քան այն կատաղությունն ու ցավը, որ կեղեքում են սիրահար հոգին, երբ նա իրեն ուրիշի տեղ դնելով՝ ընդունում է սիրո այն հավաստիացումները, որոնք ուղղված են իր երջանիկ ախոյանին։

Դ’Արտանյանն ընկավ այդ տանջալից դրության մեջ, որ նա չէր նախատեսել։ Խանդը բզկտում էր նրա սիրտը, և նա տանջվում էր համարյա նույնքան ուժեղ, որքան խեղճ Քեթին, որն այդ նույն պահին լաց էր լինում հարևան սենյակում։

— Այո, կոմս,— ասում էր միլեդին ամենամեղմ ձայնով, քնքշորեն սեղմելով նրա ձեռքը իր ձեռքի մեջ,— ահա ես երջանիկ եմ այն սիրով, որ ձեր հայացքներն ու խոսքերը հայտնում էին ինձ ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք։ Ես էլ սիրում եմ ձեզ։ Օ՜, վաղը, ես ցանկանում եմ վաղը ձեզնից մի որևէ ապացույց ստանալ, որ դուք մտածում եք իմ մասին, և որպեսզի ինձ չմոռանաք, վերցրեք, ահա, այս։

Եվ իր մատի մատանին հանելով, նա մեկնեց դ’Արտանյանին։

Դ’Արտանյանը հիշեց, որ արդեն տեսել է այդ մատանին միլեդիի մատին։ Դա մի հիանալի շափյուղա էր՝ ադամանդով զարդարված։

Դ’Արտանյանի առաջին ցանկությունը եղավ վերադարձնել մատանին, բայց միլեդին չվերցրեց։

— Ո՛չ, ո՛չ,— ասաց նա,— թողեք այն ձեզ մոտ, որպես իմ սիրո նշան... Բացի այդ,— հուզված ձայնով ավելացրեց նա,— ընդունելով այդ մատանին, դուք, ինքներդ էլ չիմանալով, հսկայական ծառայություն եք մատուցում ինձ։

«Այս կինը լիքն է խորհրդավորություններով»,— մտածեց դ’Արտանյանը։

Այդ պահին նա զգում էր, որ պատրաստ է միլեդիին ասելու ողջ ճշմարտությունը։ Սա արդեն բերանը բաց արեց, որպեսզի խոստովանի, թե ով է ինքը և վրիժառության ինչպիսի մտադրությամբ է եկել այստեղ, բայց հենց այդ պահին միլեդին ավելացրեց.

— Իմ խե՜ղճ բարեկամ, այն հրեշը, այն գասկոնացին քիչ մնաց պիտի սպաներ ձեզ։

Հրեշը ինքը՝ դ’Արտանյանն էր։

— Ձեր վերքերը դեռ ցա՞վ են պատճառում ձեզ,— հարցրեց միլեդին։

— Այո, սաստիկ ցավ,— պատասխանեց դ’Արտանյանը՝ չիմանալով, թե ինչ ասի։

— Հանգիստ եղեք,— շշնջաց միլեդին,— ես ձեր վրեժը կլուծեմ, և իմ վրեժը դաժան կլինի։

«Ոչ,— ինքն իրեն մտածեց դ’Արտանյանը։— Մեր միջև անկեղծության րոպեն դեռ չի եկել»։

Այս հակիրճ խոսակցությունից հետո դ’Արտանյանը միանգամից չսթափվեց, բայց և անհետ չքացան վրիժառության բոլոր խոհերը, որ նա բերել էր այստեղ։ Այդ կինը զարմանալի իշխանություն ուներ նրա վրա. նա ատում էր այդ կնոջը, բայց և միաժամանակ աստվածացնում էր նրան։ Առաջ նա երբեք չէր հավատում, որ իրար այդքան հակասական երկու զգացմունք կարող են տեղ գտնել մեկ սրտում և միահյուսվելով՝ մի ինչ֊որ տարօրինակ սատանայական սեր դառնալ։

Մինչ այդ բաժանման ժամը խփեց։ Միլեդիից հեռանալիս դ’Արտանյանը ուրիշ զգացում չուներ, բացի այրող ափսոսանքից, որ պիտի թողնի նրան, և կրքոտ համբույրների ընթացքում, որ փոխանակում էին նրանք, նոր տեսակցություն նշանակեցին հաջորդ շաբաթ։ Խեղճ Քեթին հույս ուներ, որ երբ դ’Արտանյանն իր սենյակով անցնելիս լինի, իրեն կհաջողվի գոնե մի քանի խոսք ասել նրան, բայց միլեդին ինքը ճանապարհ դրեց նրան խավարի մեջ և հրաժեշտ տվեց միայն սանդուղքի վրա։

Առավոտյան դ’Արտանյանը շտապեց Աթոսի մոտ։ Նա այնպիսի զարմանալի պատմության մեջ էր ընկել, որ խորհուրդ ստանալու կարիք էր զգում։ Աթոսին նա պատմեց ամեն ինչ։ Պատմության ընթացքում Աթոսը մի քանի անգամ հոնքերը կիտեց։

— Ձեր միլեդին,— ասաց նա,— արհամարհանքի արժանի արարած է թվում ինձ, բայց և այնպես դուք սխալ եք արել, որ խաբել եք նրան, այսպես թե այնպես դուք մի սարսափելի թշնամի եք վաստակել։

Այս ասելիս Աթոսը ուշադիր նայում էր ադամանդազարդ շափյուղային, որ դ’Արտանյանի մատին բռնել էր թագուհու ընծայած մատանու տեղը, որն այժմ խնամքով պահված էր արկղիկի մեջ։

— Դուք այս մատանո՞ւն եք նայում,— հարցրեց գասկոնացին, հպարտանալով, որ հնարավորություն ունի ընկերների առաջ պարծենալու այդպիսի հարուստ ընծայով։

— Այո,— ասաց Աթոսը,— դա ինձ հիշեցնում է մի տոհմական մատանի։

— Սքանչելի մատանի է, չէ՞,— հարցրեց դ’Արտանյանը։

— Հիանալի,— պատասխանեց Աթոսը։— Ես չէի կարող կարծել, թե աշխարհում գոյություն ունեն այդքան իրար նման երկու շափյուղա։ Երևի ձեր ադամանդի հե՞տ եք փոխել։

— Ոչ,— ասաց դ’Արտանյանը,— սա ինձ է ընծայել իմ չքնաղ անգլուհին, կամ ավելի ճիշտ՝ իմ չքնաղ ֆրանսուհին, որովհետև ես համոզված եմ, որ նա Ֆրանսիայում է ծնվել, թեպետև դրա մասին չեմ հարցրել։

— Դուք այդ մատանին ստացել եք միլեդիի՞ց,— գոչեց Աթոսը, և նրա ձայնի մեջ ուժեղ հուզմունք զգացվեց։

— Իսկ և իսկ նրանից։ Այս գիշեր ընծայեց ինձ։

— Հապա մի ցույց տվեք ինձ այդ մատանին,— ասաց Աթոսը։

— Ահա,— պատասխանեց դ’Արտանյանը՝ մատանին մատից հանելով։

Աթոսը ուշիուշով դիտեց մատանին և խիստ գունատվեց։ Հետո նա մատանին չափեց իր ձախ ձեռքի մատնեմատին։ Մատանին շատ լավ հարմարվեց, ասես հենց այդ մատի համար էր պատվիրված։ Ցասումի ու վրեժխնդրության մի արտահայտություն մռայլեց Աթոսի դեմքը, որ սովորաբար այնքան հանգիստ էր լինում։

— Չի կարող պատահել, որ սա հենց այն մատանին լինի,— ասաց նա,— ինչպե՞ս կարող էր ընկնել լեդի Կլարիկի ձեռքը։ Եվ միաժամանակ դժվար է պատկերացնել, որ երկու մատանի այսքան նման լինեն իրար։

— Ձեզ ծանո՞թ է այս մատանին,— հարցրեց դ’Արտանյանը։

— Ինձ այնպես թվաց, թե ճանաչում եմ այն,— պատասխանեց Աթոսը,— բայց երևի սխալվել եմ։

Եվ նա մատանին վերադարձրեց դ’Արտանյանին՝ հայացքը չհեռացնելով նրանից։

— Լսեք ինձ, դ’Արտանյան,— ասաց նա փոքր֊ինչ հետո,— հանեցեք այդ մատանին ձեր մատից կամ թե ակը շուռ տվեք ներսի կողմը։ Դա իմ մեջ այնպիսի տանջալից հիշողություններ է առաջացնում, որ այլ կերպ ես ձեզ հետ հանգիստ խոսել չեմ կարող։ Կարծեմ դուք ուզում էիք խորհրդակցել ինձ հետ, ասում էիք, թե չգիտեք ինչպես վարվեք... Սպասեցեք... մի նորից ցույց տվեք այդ շափյուղան։ Իմ ասածի վրա նիստերից մեկը չանգռվածք պիտի ունենա, որի պատճառն էլ մի դեպք է։

Դ’Արտանյանը նորից մատանին հանեց մատից և տվեց Աթոսին։ Աթոսը ցնցվեց։

— Նայեցե՛ք,— ասաց նա,— դե, զարմանալի բան չէ՞ սա։

Եվ նա դ’Արտանյանին ցույց տվեց չանգռվածքը, որի մասին հենց նոր հիշատակեց։

— Բայց դուք ումի՞ց էիք ստացել այդ շափյուղան, Աթոս։

— Իմ մորից, իսկ նա էլ իր հերթին ստացել էր իր մորից։ Ինչպես արդեն ձեզ ասացի, դա մի հին տոհմական թանկարժեք զարդ էր... և այն երբեք չպետք է դուրս գար մեր ընտանիքից։

— Եվ դուք... դուք այն ծախեցի՞ք,— անվճռականությամբ հարցրեց դ’Արտանյանը։

— Ոչ,— պատասխանեց Աթոսը մի տարօրինակ ժպիտով։— Ես այն ընծայեցի իմ սիրո գիշերը այնպես, ինչպես ձեզ են ընծայել։

Դ’Արտանյանը մտքի մեջ ընկավ։ Միլեդիի հոգին նրան պատկերացավ մի տեսակ մռայլ ու անհատակ անդունդ։

Նա մատանին մատը չդրեց, այլ պահեց գրպանում։

— Լսեցեք,— ասաց Աթոսը դ’Արտանյանի ձեռքը բռնելով,— դուք գիտեք, որ ես սիրում եմ ձեզ։ Եթե ես որդի ունենայի, նրան ավելի չէի սիրի, քան ձեզ։ Հավատացեք ինձ, հրաժարվեցեք այդ կնոջից։ Ես նրան չեմ ճանաչում, բայց մի ներքին ձայն ինձ ասում է, որ դա կորած արարած է և նրա մեջ մի ինչ֊որ ճակատագրական բան կա։

— Դուք իրավացի եք,— պատասխանեց դ’Արտանյանը։— Այո, ես ձեռք կքաշեմ նրանից։ Խոստովանում եմ, որ այդ կինը ինձ էլ է վախեցնում։

— Կունենա՞ք այդքան վճռականություն,— հարցրեց Աթոսը։

— Կունենամ,— պատասխանեց դ’Արտանյանը։— Եվ ես այդ կանեմ անհապաղ։

— Շատ լավ, տղաս։ Եվ ճիշտ կվարվեք,— ասաց Աթոսը՝ համարյա հայրական քնքշությամբ սեղմելով գասկոնացու ձեռքը։— Տա աստված, որ այդ կինը, որը հենց նոր է թափանցել ձեր կյանքի մեջ, զարհուրելի հետք չթողնի այնտեղ։

Եվ Աթոսը գլխով արեց դ’Արտանյանին, հասկացնելով նրան, որ ինքը կուզենար մենակ մնալ իր մտքերի հետ։

Տանը դ’Արտանյանը գտավ իրեն սպասող Քեթիին։ Խեղճ աղջիկը մեկ ամսվա տենդից երևի այնպես խիստ չէր փոխվի, ինչպես փոխվել էր այդ մեկ տանջալից ու անքուն գիշերվա ընթացքում։

Տիրուհին նրան ուղարկել էր ենթադրյալ դը Վարդի մոտ։ Միլեդին խելագարվել էր սիրուց, հարբել երջանկությունից։ Նա ուզում էր իմանալ, թե իր սիրեկանը երբ կնվիրի իրեն երկրորդ գիշերը։

Եվ խեղճ Քեթին ամբողջովին սփրթնած ու դողդոջուն՝ սպասում էր դ’Արտանյանի պատասխանին։

Աթոսը երիտասարդ գասկոնացու վրա ուժեղ ազդեցություն ուներ, և այժմ, երբ իր ինքնասիրությունն ու վրեժի ծարավը հագուրդ էին ստացել, ընկերոջ խորհուրդները, միանալով սեփական սրտի ձայնին, դ’Արտանյանին ուժ տվին պառակտվելու միլեդիի հետ։ Եվ նա պատասխանի փոխարեն գրիչը վերցրեց և գրեց հետևյալը,

«Առաջի կա մի քանի օրվա ընթացքում ինձ հետ տեսակցելու հույս մի դրեք, տիրուհի։ Ապաքինվելուցս հետո իմ այդ կարգի գործերն այնքան են շատացել, որ ես ստիպված եմ եղել որոշ հերթականություն սահմանել։ Երբ ձեր հերթը կգա, ես պատիվ կունենամ հայտնելու ձեզ։

Համբուրում եմ ձեր թաթիկները։

։։։։։։։։։։Կոմս դը Վարդ»։

Մատանու մասին ոչ մի խոսք չէր ասված։ Արդյոք գասկոնացին ուզում էր այն պահել իր մոտ որպես զենք միլեդիի դե՞մ, թե՞, անկեղծ լինենք, գուցե այդ մատանին նա պահել էր որպես հանդերձանք ձեռք բերելու վերջին միջոց։

Ի դեպ, սխալ կլիներ մի դարաշրջանի արարքների մասին դատել մի ուրիշ դարաշրջանի տեսակետով։ Այն, ինչ մեր ժամանակներում ամեն մի կարգին մարդ իր համար խայտառակություն կհամարեր, այն ժամանակներում շատ հասարակ ու բնական բան էր թվում, երբ սովորաբար ամենալավ ընտանիքներից դուրս եկած պատանիներն էլ իրենց սիրուհիների հաշվին էին ապրում։ Դ’Արտանյանը նամակը Քեթիին տվեց առանց փակելու։ Աղջիկն այն կարդալով ոչինչ չհասկացավ, բայց հետո, երբ երկրորդ անգամ կարդաց, ուրախությունից քիչ մնաց խելքը թռցներ։

Նա չէր կարողանում հավատալ այդպիսի երջանկության։ Դ’Արտանյանը ստիպված եղավ բերանացի էլ հավատացնել նրան այն, ինչ գրված էր նամակում, և, չնայած այն վտանգին, որ սպասում էր խեղճ աղջկան միլեդիի բռնկվող բնավորությունից նամակը հանձնելու պահին, Քեթին ամբողջ ուժով վազեց դեպի Արքայական հրապարակ։ Ամենալավ կնոջ սիրտն էլ անողոք է իր մրցակցի տանջանքների նկատմամբ։

Միլեդին նամակը բաց արեց նույնպիսի արագությամբ, ինչպես Քեթին բերել էր այն։ Բայց առաջին իսկ բառերը կարդալով՝ նա մահու չափ սփրթնեց, ապա թուղթը ճմրթեց, շուռ եկավ դեպի Քեթին, և նրա աչքերը փայլատակեցին։

— Այս ի՞նչ նամակ է,— հարցրեց նա։

— Պատասխանն է, տիրուհի,— դողալով պատասխանեց Քեթին։

— Չի՛ կարող պատահել,— գոռաց միլեդին։— Չի՛ կարող պատահել, ազնվականը չէր կարող այսպիսի նամակ գրել մի կնոջ։

Եվ հանկարծ նա ցնցվեց։

— Աստվա՜ծ իմ,— շշնջաց նա։— Չլինի՞ թե իմացել է...— ու նա կանգ առավ։

Նա ատամներն էր կրճտացնում, դեմքը մոխրի գույն էր ստացել։ Ուզում էր մոտենալ լուսամուտին, որպեսզի թարմ օդ շնչի, բայց միայն կարողացավ ձեռքը մեկնել, ոտքերը թուլացան, և նա ընկավ բազկաթոռին։

Քեթին կարծեց, թե միլեդին ուշաթափվել է, մոտ վազեց, որպեսզի կոճակներն արձակի, բայց միլեդին արագ վեր թռավ։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց նա։— Ինչպե՞ս եք համարձակվում դիպչել ինձ։

— Ես կարծում էի ուշաթափվել եք, տիրուհի, և ուզում էի օգնել ձեզ,— պատասխանեց սպասուհին՝ մահու չափ վախեցած միլեդիի դեմքի սոսկալի արտահայտությունից։

— Ուշաթափվե՜լ։ Ե՞ս։ Չլինի՞ թե դուք ինձ մի ինչ֊որ թուլասիրտ հիմարի տեղ եք դնում։ Երբ ինձ վիրավորում են, ես չեմ ուշաթափվում, այլ վրեժ եմ առնում, լսո՞ւմ եք։

Եվ նա ձեռքի նշանով Քեթիին հրամայեց հեռանալ։

Comments