Chapter 35
Երկրորդ մաս IV. Որտեղ խոսվում է Արամիսի և Պորտոսի հանդերձավորման մասին
Այն ժամանակ, երբ չորս ընկերները սկսել էին զբաղվել հանդերձանք որոնելով, արդեն դադարել էին մշտապես մի տեղ հավաքվելուց։ Նրանք բոլորն էլ ճաշում էին զատ֊զատ, որտեղ պատահեր, կամ ավելի ճիշտ՝ որտեղ հաջողվեր։ Ծառայությունը ևս մասամբ խլում էր թանկագին ժամանակը, որն այնպես արագ էր անցնում։ Սակայն պայմանավորվել էին, որ շաբաթական մեկ անգամ, ցերեկվա ժամը մեկին մոտ, հանդիպեն Աթոսի բնակարանում, քանի որ Աթոսը հավատարիմ էր մնացել իր երդումին և տանից դուրս չէր գալիս։
Այն օրը, երբ Քեթին եկավ դ՚Արտանյանի մոտ, իսկ և իսկ ընկերների հավաքվելու օրն էր։
Հենց որ Քեթին գնաց, դ՚Արտանյանը ուղղվեց դեպի Ֆերու փողոցը։
Աթոսին և Արամիսին նա գտավ փիլիսոփայական զրույցի բռնված։ Արամիսը խորհում էր նորից կապա հագնելու մասին։ Աթոսը, ըստ իր սովորության, հակառակը չէր համոզում նրան, բայց և չէր խրախուսում այդ միտքը։ Նա այն կարծիքին էր մնում, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր արարքների մեջ։ Խորհուրդներ նա տալիս էր միայն այն ժամանակ, երբ խնդրում էին, և այն էլ երբ շատ էին խնդրում։
— Սովորաբար մարդիկ խորհուրդ են հարցնում,— ասում էր Աթոսը,— միայն նրա համար, որ ստացած խորհուրդը չկատարեն, իսկ եթե որևէ մեկը հետևում է խորհրդին, այն էլ միայն նրա համար, որպեսզի հետագայում լինի մեկը, որին ինքը կարողանա կշտամբել։
Դ՚Արտանյանից հետո եկավ նաև Պորտոսը։ Եվ ահա բոլոր չորս ընկերները միասին էին։
Չորս դեմքերն էլ արտահայտում էին չորս տարբեր զգացումներ. Պորտոսի դեմքը՝ հանգստություն, դ՚Արտանյանինը՝ հույս, Արամիսինը՝ անհանգստություն, Աթոսինը՝ անհոգություն։
Կարճատև զրույցից հետո, որի ընթացքում Պորտոսը կարողացավ ակնարկել, որ ոմն բարձրաստիճան տիկին ցանկություն է հայտնել նրան դուրս բերել դժվարին դրությունից, երևաց Մուշկետոնը։
Նա եկել էր Պորտոսին տուն կանչելու, որտեղ, ինչպես նա խիստ ողբալի տեսքով հաղորդեց, Պորտոսի ներկայությունը շտապ անհրաժեշտ էր։
— Իմ հանդերձավորման կապակցությա՞մբ,— հարցրեց Պորտոսը։
— Եվ այո, և ոչ,— պատասխանեց Մուշկետոնը։
— Բայց մի՞թե չես կարող ասել ինձ...
— Գնանք, տեր իմ, գնանք։
Պորտոսը վեր կացավ, հրաժեշտ տվեց ընկերներին և հետևեց Մուշկետոնին։
Մի րոպե անց՝ շեմքում երևաց Բազենը։
— Ի՞նչ ես ուզում, բարեկամս,— հարցրեց Արամիսն այն մեղմ տոնով, որ երևան էր գալիս նրա մեջ ամեն անգամ, երբ նրա մտքերը նորից եկեղեցու կողմն էին դառնում։
— Տեր իմ, տանը մի մարդ սպասում է ձեզ,— պատասխանեց Բազենը։
— Մա՞րդ։ Ի՞նչ մարդ։
— Ինչ֊որ մի մուրացկան։
— Ողորմություն տվեք նրան, Բազեն, և ասացեք, որ աղոթի մեղավորիս համար։
— Այն մուրացկանն ուզում է, ինչ գնով էլ լինի՝ խոսել ձեզ հետ և հավատացնում է, որ դուք ուրախ կլինեք տեսնելու իրեն։
— Չի՞ խնդրել արդյոք որևէ բան հաղորդել ինձ։
— Այո։ «Եթե պարոն Արամիսը չցանկանա գալ ինձ տեսնելու, ասաց նա,— հայտնեցեք նրան, որ եկել եմ Տուրից»։
— Տուրի՜ց,— գոչեց Արամիսը։— Հազա՜ր ներողություն, պարոններ, բայց երևում է, այդ մարդը ինձ բերել է հենց այն տեղեկությունները, որ ես սպասում էի։
Եվ աթոռից վեր թռչելով՝ նա շտապ դուրս եկավ սենյակից։
Աթոսը և դ՚Արտանյանը մնացին երկուսով։
— Կարծես այդ քաջերն իրենց գործերը սարքել են, ի՞նչ եք կարծում, դ՚Արտանյան,— հարցրեց Աթոսը։
— Ինձ հայտնի է, որ Պորտոսի գործերը հիանալի են գնում,— ասաց դ՚Արտանյանը,— իսկ ինչ վերաբերում է Արամիսին, ապա ճիշտն ասած՝ ես երբեք էլ, իսկապես, չեմ անհանգստացել նրա համար, բայց, այ, դուք, սիրելի Աթոս... Դուք առատաձեռն բաժանեցիք անգլիացու պիստոլները, որոնք ըստ оրենքի ձեզ էին պատկանում, և ի՞նչ պիտի անեք հիմա։
— Բարեկամս, ես շատ գոհ եմ, որ սպանեցի այն դատարկապորտին, որովհետև անգլիացի սպանելը սուրբ գործ է, բայց ես երբեք չէի ների ինձ, եթե նրա պիստոլները գրպանս դնեի։
— Դե թողեք, սիրելի Աթոս, ճիշտ որ դուք մի տեսակ անըմբռնելի հասկացողություններ ունեք։
— Լավ, այդ թողնենք։ Պարոն դը Տրևիլը, որ երեկ ինձ պատիվ արեց իր այցելությամբ, ասում է, որ դուք հաճախ լինում եք ինչ֊որ կասկածելի անգլիացիների մոտ, որոնց հովանավորում է կարդինալը, ճշմարիտ է այդ։
— Ճշմարիտն այն է, որ ես լինում եմ իմ անգլուհու մոտ, հենց նրա, որի մասին ես արդեն ասել եմ ձեզ։
— Ա՜խ, այո, այն խարտյաշ կնոջ մոտ, որի առթիվ ես ձեզ մի շարք խորհուրդներ եմ տվել և, իհարկե, ապարդյուն, որովհետև դուք չեք էլ մտածել հետևել այդ խորհուրդներին։
— Ես իմ պատճառաբանություններն ասացի ձեզ։
— Այո՛, այո՛։ Կարծեմ դուք ասացիք, որ դա ձեզ կօգնի հանդերձանք ձեռք բերելու։
— Ամենևին ոչ։ Ես հավաստիացել եմ, որ այդ կինը մասնակցություն է ունեցել տիկին Բոնասիեի հափշտակության գործին։
— Հասկանում եմ։ Մի կնոջ գտնելու համար դուք հետամուտ եք լինում մի ուրիշ կնոջ. դա ամենաերկար ուղին է, բայց և ամենահաճելին։
Դ’Արտանյանը քիչ մնաց ամեն ինչ պիտի պատմեր Աթոսին, բայց մի հանգամանք ետ պահեց նրան այդ մտքից. Աթոսը պատվի հարցերում չափազանց բծախնդիր էր, իսկ այն փոքրիկ ծրագրի մեջ, որ կազմել էր մեր երիտասարդը և ուղղված էր միլեդիի դեմ, կային այնպիսի մանրամասնություններ, որոնք նախապես կմերժեր այդ պուրիտանը<ref> Պուրիտան — կրոնական շարժման կողմնակիցներ Անգլիայում, որոնք առաջ են եկել XVI դարի կեսերին առևտրական բուրժուազիայի և ունևոր հողատերերի շրջանում, հանդես էին գալիս բացարձակ միապետության (աբսոլյուտիզմ) դեմ։ Կենցաղում քարոզում էին անհանդուրժողականություն շքեղության հանդեպ, ասկետիզմ, բարոյական խստակեցություն։ Փոխաբերական իմաստով՝ անբասիր վարքագծի տեր մարդ, ասկետ։</ref>, դ’Արտանյանը համոզված էր դրանում։ Ահա թե ինչու նա գերադասեց լռել, իսկ որովհետև Աթոսն ամենասակավ հետաքրքրվող մարդն էր աշխարհում, ապա դ’Արտանյանի անկեղծությունը դրանից հեռու չգնաց։
Այսպես, մենք թողնենք մեր այս երկու բարեկամներին, որոնք մտադիր չէին որևէ առանձնապես կարևոր բան ասելու միմյանց, և հետևենք Արամիսին։
Մենք տեսանք, թե այս երիտասարդն ինչպիսի արագությամբ վազեց Բազենի հետևից կամ, ավելի ճիշտ՝ նրա առաջն ընկավ, երբ լսեց, որ իր հետ խոսել ցանկացող մարդը եկել է Տուրից։ Նա մի շնչում Ֆերու փողոցից սլացավ Վոժիրար փողոցը։
Տուն մտնելով նա տեսավ, որ իրոք, իրեն սպասում է մի ինչ֊որ մարդ՝ ցածրահասակ, խելացի աչքերով, ցնցոտիներ հագած։
— Այդ դո՞ւք եք հարցրել ինձ,— ասաց հրացանակիրը։
— Ես հարցրել եմ պարոն Արամիսին։ Դո՞ւք եք պարոն Արամիսը։
— Ես ինքս եմ։ Դուք որևէ բա՞ն եք հաղորդելու ինձ։
— Այո, եթե դուք ինձ ցույց տաք մի ասեղնագործ թաշկինակ։
— Ահա այն,— ասաց Արամիսը՝ ներսի գրպանից հանելով մի փոքրիկ բանալի և բաց անելով սև փայտից շինված մի սադափազարդ փոքրիկ արկղիկ։— Ահա այն, նայեցեք։
— Լավ,— ասաց մուրացկանը,— դուրս ուղարկեցեք ձեր սպասավորին։
Իրոք, Բազենը, որը շատ էր ցանկանում իմանալ, թե այդ մուրացկանն ինչ է ուզում իր տիրոջից, շտապել էր Արամիսի հետևից և տուն էր հասել համարյա նրա հետ միաժամանակ, սակայն այդ արագությունը նրան քիչ օգուտ բերեց. մուրացկանի առաջարկության վրա նրա տերը նշանով հրամայեց դուրս գնալ, և նա ստիպված եղավ հնազանդվել։
Հենց որ Բազենը դուրս գնաց, մուրացկանը մի թռուցիկ հայացք գցեց չորս կողմը, ցանկանալով համոզվել, որ ոչ ոք չի տեսնում ու չի լսում իրեն, բաց արեց ցնցոտիների փեշերը, որոնք անփութորեն կապված էին կաշվե գոտիով, և կամզոլի վերին մասի աստառը քանդելով այնտեղից հանեց մի նամակ։
Կնիքը տեսնելով Արամիսը ուրախության մի ճիչ արձակեց, համբուրեց տառերը և սրտի երկյուղածության թրթիռով բաց արեց նամակը, որ պարունակում էր հետևյալ տողերը. «Բարեկամս, բախտին հաճելի է, որ մենք էլի մի որոշ ժամանակ անջատված մնանք, բայց երիտասարդության սքանչելի օրերը անդարձ կորած չեն։ Կատարեցեք ձեր պարտքը ճամբարում, ես էլ այն կատարում եմ մի ուրիշ տեղ։ Ընդունեցեք այն, ինչ ձեզ կտա այս նամակը հանձնողը, կռվեցեք այնպես, ինչպես վայել է քաջ ու գեղեցիկ ազնվականին և մտածեցեք իմ մասին։ Քնքշորեն համբուրում եմ ձեր սևորակ աչքերը։
Մնաք բարյավ, կամ, ավելի ճիշտ՝ ցտեսություն»։
Մինչ այդ մուրացկանը շարունակում էր քանդել իր կամզոլի աստառը։ Նա իր ցնցոտիների միջից դանդաղորեն հանեց հարյուր հիսուն իսպանական պիստոլ, դարսեց սեղանի վրա, դուռը բաց արեց, գլուխ տվեց և անհայտացավ, նախքան զարմանքից շփոթված Արամիսը կկարողանար գեթ մի խոսքով դիմել նրան։
Այն ժամանակ երիտասարդը նորից կարդաց նամակը և նկատեց, որ այնտեղ մի լրացում կար.
«Հ.Գ. Նամակաբերին ընդունեցեք ըստ արժանվույն. նա կոմս է և իսպանական գրանդ»։
— Օ՜, ոսկե երազանքնե՜ր,— գոչեց Արամիսը։— Այո, սքանչելի է կյանքը։ Այո, մենք երիտասարդ ենք։ Այո, մեզ համար դեռ կսկսվեն երջանիկ օրերը։ Քեզ, միմիայն քեզ իմ սերը, իմ արյունը, իմ կյանքը, ամեն ինչ, ամեն ինչ քեզ, իմ չքնաղ սիրուհի։
Եվ նա խանդավառ համբուրում էր նամակը, նույնիսկ չնայելով ոսկուն, որ շողում էր սեղանի վրա։
Բազենը երկչոտությամբ դուռը բախեց։ Արամիսն այլևս պատճառ չուներ նրան դուրսը պահելու և թույլատրեց ներս մտնել։
Ոսկին տեսնելով Բազենը քար կտրեց զարմանքից և բոլորովին մոռացավ, որ եկել է զեկուցելու դ’Արտանյանի գալու մասին, որը Աթոսի մոտից դուրս գալուց հետո անցել էր Արամիսի մոտ, ցանկանալով իմանալ, թե ինչ էր ուզում այն մուրացկանը։
Եվ տեսնելով, որ Բազենը մոռացել է զեկուցել իր մասին և այնքան էլ ձևականություններ չանելով Արամիսի հետ, նա ինքն անձամբ զեկուցեց իր գալու մասին։
— Օհո՜, գրողը տանի,— ասաց դ’Արտանյանը։— Եթե այս սալորները ձեզ են ուղարկել Տուրից, սիրելի Արամիս, ապա խնդրում եմ իմ հիացմունքը հայտնեցեք այն այգեպանին, որն աճեցրել է դրանք։
— Դուք սխալվում եք, բարեկամս,— ասաց Արամիսը, որը ծածկամիտ էր ինչպես միշտ։— Այս իմ հրատարակիչն է ուղարկել ինձ իմ հոնորարը, այն պոեմի համար, որ ես սկսել էի դեռ մեր ճանապարհորդության ժամանակ։
— Ա՜խ, այ թե ինչ,— ասաց դ’Արտանյանը։— Է՛հ, շատ առատաձեռն է ձեր հրատարակիչը, սիրելի Արամիս։ Ուրիշ բան չեմ կարող ասել ձեզ։
— Ինչպե՜ս, տեր իմ,— գոչեց Բազենը։— Մի՞թե պոեմի համար այսքան փող են վճարում։ Չի կարող պատահել։ Օ՜, տեր իմ, նշանակում է դուք կարող եք անել ամեն բան, ամեն բան, ինչ որ ցանկանաք։ Դուք կարող եք դառնալ այնքան նշանավոր, որքան պարոն դը Վուատյուրը կամ պարոն դը Բենսերադը<ref>Իսահակ Բենսերադ (1613֊1691) — ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ, որը մեծ համբավ ուներ Լյուդովիկոս XIV֊ի արքունիքում։ 1625֊1628 թվականներին նա, բնականաբար, դեռևս ճանաչում չուներ։</ref>։ Այդ նույնպես իմ սրտովն է։ Բանաստեղծը մի քիչ միայն վատ է աբբատից։ Ա՜խ, պարոն Արամիս, շատ եմ խնդրում ձեզ, բանաստեղծ դարձեք։
— Բազե՛ն,— ասաց Արամիսը,— ինձ թվում է, բարեկամս, որ դուք խառնվում եք խոսակցությանը։
Բազենը հասկացավ իր մեղքը, նա գլուխը կախեց և սենյակից դուրս եկավ։
— Այդպես, այդպես,— ժպտալով ասաց դ’Արտանյանը։— Դուք ձեր ստեղծագործությունները ոսկու քաշով եք ծախում, բարեկամս, դուք շատ մեծ հաջողություն ունեք։ Միայն թե զգույշ եղեք, չկորցնեք այն նամակը, որ ծայրը դուրս է հանել ձեր գրպանից։ Երևի այն էլ ձեր հրատարակչից եք ստացել։
Արամիսը մինչև մազերի արմատները կարմրեց, ավելի խոր խրեց նամակը և կամզոլը կոճկեց։
— Սիրելի դ’Արտանյան,— ասաց նա,— արի գնանք մեր ընկերների մոտ։ Հիմա ես հարուստ եմ և մենք կվերսկսենք մեր համատեղ ճաշկերույթները, մինչև որ հարստանալու ձեր հերթն էլ կգա։
— Մեծ հաճույքով,— պատասխանեց դ’Արտանյանը։— Վաղուց արդեն մենք մի կարգին ճաշ չենք տեսել։ Բացի այդ, ես այս երեկո մի բավական վտանգավոր քայլ եմ անելու և, ճիշտն ասած, դեմ չէի լինի մի փոքր տաքացնել ինձ մի քանի շիշ հին բուրգունդականով։
— Հին բուրգունդականին էլ համաձայն եմ։ Ես էլ դրա դեմ ոչինչ չունեմ,— ասաց Արամիսը, որի գլխից, ոսկին տեսնելուն պես, մեկ հարվածով չքացել էին աշխարհից հեռանալու բոլոր մտքերը։
Եվ հրատապ կարիքների համար երեք թե չորս պիստոլ գրպանը դնելով՝ նա մնացածը փակեց սադափազարդ սև արկղիկի մեջ, որտեղ արդեն պահված էր նշանավոր թաշկինակը, որը թալիսմանի դեր էր կատարում նրա համար։
Սկզբում ընկերները գնացին Աթոսի մոտ։ Հավատարիմ մնալով ոչ մի տեղ չգնալու երդումին՝ Աթոսը համաձայնեց ճաշ պատվիրել այն պայմանով, որ ճաշը իր տուն բերվի։ Իմանալով, որ Աթոսը գաստրոնոմիական նրբություններին խիստ հմուտ մարդ է, դ’Արտանյանն ու Արամիսը սիրով նրան զիջեցին այդ կարևոր գործով զբաղվելու հոգսը։
Նրանք ճանապարհ ընկան Պորտոսի մոտ ու մեկ էլ հանկարծ Բակ փողոցի անկյունում հանդիպեցին Մուշկետոնին, որը վհատ տեսքով առաջն արած քշում էր մի ջորի և մի ձի։
— Սա հո իմ դեղին ձի՜ն է,— գոչեց դ’Արտանյանը զարմանքով, որին խառնվում էր մի որոշ ուրախություն։— Արամի՜ս, մի նայեցե՛ք այս ձիուն։
— Օ՜, ի՜նչ զարհուրելի ձի է,— ասաց Արամիսը։
— Դե ուրեմն, թանկագինս,— շարունակեց դ’Արտանյանը,— կարող եմ ձեզ հաղորդել, որ դա հենց այն ձին է, որով ես Փարիզ եկա։
— Ինչպե՜ս, տեր իմ,— զարմացավ Մուշկետոնը,— դուք ճանաչո՞ւմ եք այս ձիուն։
— Նա շատ յուրահատուկ գույն ունի,— նկատեց Արամիսը։— Ես կյանքումս առաջին անգամն եմ այդպիսի ձի տեսնում։
— Բա՜ն ասացիք,— ուրախացավ դ’Արտանյանը։— Եթե ևս այն ծախեցի երեք էքյուով, ապա միմիայն գույնի համար, որովհետև մնացած հատկությունների համար ինձ տասնութ լիվր էլ չէին տա։ Բայց դու ասա, Մուշկետոն, ի՞նչ ճանապարհով է քո ձեռքն ընկել այս ձին։
— Ա՜խ, ավելի լավ է մի՛ հարցրեք, տեր իմ,— պատասխանեց Մուշկետոնը։— Այս սարսափելի խաղը մեր գլխին խաղացել է մեր դքսուհու ամուսինը։
— Ինչպե՞ս, Մուշկետոն։
— Բանն այն է, որ մեր նկատմամբ շատ բարեհաճ է մի անվանի տիկին, դքսուհի դը... Բայց, ներողություն եմ խնդրում։ Իմ տերն ինձ արգելել է նրա անունը տալ։ Ահա այդ դքսուհին մեզ ստիպեց մի փոքրիկ ընծա վերցնել իրենից՝ մի հիանալի իսպանական ձի և անդալուզական ջորի, որից ուղղակի աչք հեռացնել չէր լինի։ Ամուսինն այդ բանն իմանում է, ճանապարհին, երբ այդ հրաշալի կենդանիները բերում էին մեզ, ամուսինը դրանք ետ է պահում և փոխարենն ուղարկում այս նողկալի արարածները։
— Որոնք հիմա դու ե՞տ ես տանում,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ճիշտ և ճիշտ այդպես,— պատասխանեց Մուշկետոնը։— Ինքներդ մտածեցեք, հո չենք կարող այս կենդանիներն ընդունել մեզ խոստացած ձիերի փոխարեն։
— Իհարկե ոչ, գրողը տանի, թեև ես շատ կուզենայի Պորտոսին տեսնել իմ դեղին ձին նստած։ Դա ինձ հնարավորություն կտար պատկերացնելու, թե ինչի էի նման ես, երբ Փարիզ եկա։ Բայց մենք քեզ չուշացնենք, Մուշկետոն, գնա քո պարոնի կարգադրությունը կատարելու։ Ինքը տա՞նն է։
— Տանն է, տեր իմ,— պատասխանեց Մուշկետոնը։— Եվ շատ բարկացած է, ինքներդ եք հասկանում։
Նա առաջ գնաց դեպի Մեծ Ավգուստիններ գետակի կողմը, իսկ երկու ընկերները ձախորդ Պորտոսի դռան զանգը քաշեցին։ Բայց Պորտոսը տեսել էր, թե ինչպես սրանք անցան բակի միջով, և չուզեց դուռը բանալ։ Նրանց փորձն անհաջող անցավ։
Մինչ այդ Մուշկետոնը երկու անասունները քշելով շարունակում էր իր ճանապարհը և նոր կամուրջն անցնելով հասավ Արջի փողոց։ Այստեղ, կատարելով իր տիրոջ պատվերը, նա ձին ու ջորին կապեց դատախազի տան դռան կոչնակից և առանց նրանց հետագա բախտի մասին մտահոգվելու վերադարձավ Պորտոսի մոտ, որին հայտնեց, թե պատվերը կատարված է։
Քիչ ժամանակ անց՝ խեղճ կենդանիները, որոնք առավոտից ոչինչ չէին կերել, դռան կոչնակը քաշքշելով այնպիսի մի աղմուկ սկսեցին, որ դատախազը կրտսեր գրագրին հրամայեց փողոց դուրս գալ և հարևաններից իմանալ, թե ումն են պատկանում այդ ձին ու ջորին։
Տիկին Կոկնարը ճանաչեց իր ընծան և սկզբում չէր հասկանում, թե ինչու են վերադարձվել, բայց շուտով Պորտոսի այցելությունն ամեն ինչ պարզեց։ Այն ցասումը, որ փայլատակում էր հրացանակրի աչքերում, չնայած երիտասարդն ամեն կերպ ջանում էր զսպել իրեն, սարսափեցրեց նրա զգայուն սիրուհուն։ Բանն այն է, որ Մուշկետոնը իր պարոնից չէր թաքցրել դ’Արտանյանի ու Արամիսի հանդիպումը և պատմել էր, թե ինչպես դ’Արտանյանը ճանաչեց այն բեարնական դեղին ձին, որով նա Փարիզ է եկել և որը ծախել է երեք էքյուով։
Դատախազի կնոջը տեսակցություն նշանակելով Սեն Մագլուար վանքի մոտ՝ Պորտոսը հրաժեշտ տվեց։ Տեսնելով, որ նա գնում է, տիկին Կոկնարը ճաշի հրավիրեց նրան, սակայն հրացանակիրը ամենավեհապանծ տեսքով մերժեց նրա հրավերը։
Տիկին Կոկնարը սրտի թրթիռով մոտեցավ Սեն Մագլուար վանքին։ Նա նախազգում էր այն նախատինքները, որ այնտեղ սպասում էին իրեն։ Բայց Պորտոսի մեծաշուք շարժուձևերը անհաղթահարելի ուժով էին ազդում նրա վրա։
Այն բոլոր նզովքն ու լուտանքները, որ կարող է ինքնասիրությունը վիրավորված մարդը թափել կնոջ գլխին, Պորտոսը թափեց տիկին Կոկնարի խոնարհած գլխին։
— Աստվա՜ծ իմ,— ասաց դատախազի կինը։— Ես արել եմ ամեն բան, ինչ կարող էի։ Մեր հաճախորդներից մեկը ձիու առևտուր է անում։ Նա գրասենյակին փող էր պարտք և վճարել չէր ուզում։ Ես այդ ջորին ու ձին պարտքի դիմաց եմ վերցրել։ Նա ինձ խոստացել էր արքայավայել ձի տալ։
— Դե ուրեմն իմացեք, տիկին,— ասաց Պորտոսը,— որ եթե այդ առևտրականը ձեզ երեք էքյուից ավելի փող է պարտք եղել, ուրեմն նա պարզապես գող է։
— Բայց հո ոչ ոքի արգելված չէ էժան բան որոնել, պարոն Պորտոս,— ասաց դատախազի կինը՝ փորձելով արդարանալ։
— Այդ ճշմարիտ է, տիկին, բայց նա, ով էժանն է փնտրում, ուրիշներին պետք է թույլ տա, որ ավելի առատաձեռն բարեկամներ գտնեն։
Եվ Պորտոսը շուռ գալով ուզեց հեռանալ։
— Պարո՛ն Պորտոս, պարո՛ն Պորտոս,— ձայն տվեց դատախազի կինը։— Ես մեղավոր եմ, խոստովանում եմ այդ։ Ես չպետք է սակարկություն անեի, քանի որ խոսքը վերաբերում էր ձեզ պես գեղեցիկ մարդու հանդերձավորմանը։
Առանց մի խոսք պատասխանելու՝ Պորտոսը մի քայլ էլ հեռացավ։
Հանկարծ տիկին Կոկնարին թվաց, թե Պորտոսը շրջապատված է ինչ֊որ շողշողուն ամպով և դքսուհիների ու մարկիզուհիների մի ամբողջ բազմություն ոսկու տոպրակներ է թափում նրա ոտքերի առաջ։
— Կա՛նգ առեք, պարո՛ն Պորտոս,— գոչեց նա,— ի սեր Աստծո, կանգ առեք, ես բան ունեմ խոսելու։
— Ձեզ հետ խոսելը ինձ դժբախտություն է բերում,— ասաց Պորտոսը։
— Բայց ասացեք ինձ, ի՞նչ եք պահանջում դուք։
— Ոչինչ, որովհետև ձեզնից որևէ բան պահանջել, թե չպահանջել՝ միևնույն բանն է։
— Դատախազի կինը կախվեց Պորտոսի թևից և վշտահար գոչեց.
— Օ՜, պարոն Պորտոս, ես դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ես որտեղի՞ց իմանամ թե ինչ է ձին, որտեղի՞ց իմանամ, թե որն է ձիասարքը։
— Հարկավոր էր այդ թողնել ինձ, տիրուհի, քանի որ ես հասկանում եմ դրանից։ Բայց դուք ուզում էիք տնտեսել, ինչ֊որ գրոշներ շահել։
— Այդ իմ սխալն է եղել, պարոն Պորտոս, բայց ես կուղղեմ այն, ազնիվ խոսք՝ կուղղեմ։
— Բայց ի՞նչ ձևով,— հարցրեց հրացանակիրը։
— Լսեցեք։ Այսօր երեկոյան պարոն Կոկնարը գնում է դուքս դը Շոուի մոտ, որն իմ ամուսնուն կանչել է խորհրդակցելու։ Նա այնտեղ կմնա առնվազն երկու ժամ։ Եկեք ինձ մոտ, մենք մենակ կլինենք և կանենք ինչ հարկավոր է մեզ։
— Ի հաջողություն, թանկագինս, այ դա ուրիշ բան։
— Ուրեմն դուք ներո՞ւմ եք ինձ։
— Տեսնենք,— վեհորեն ասաց Պորտոսը։
Եվ իրար հրաժեշտ տալով մինչև երեկո՝ նրանք բաժանվեցին։
«Գրողը տանի,— մտածում էր Պորտոսը ճանապարհին,— կարծես այս անգամ ես, վերջապես, պիտի հասնեմ պարոն Կոկնարի սնդուկին»։