1. Երեք հրացանակիրներ

Chapter 34

Երկրորդ մաս III. Սպասուհին և տիրուհին

Մինչ այդ, ինչպես արդեն վերը ասացինք, դ’Արտանյանը, չնայած խղճի խայթին և Աթոսի իմաստուն խորհուրդներին, ժամ առ ժամ ավելի ու ավելի էր սիրահարվում միլեդիին։ Դրա համար էլ ամեն օր լինելով նրա մոտ՝ խիզախ գասկոնացին շարունակում էր սիրաբանություններ անել, վստահ լինելով, որ վաղ թե ուշ միլեդին էլ կպատասխանի իր սիրուն։

Մի երեկո ներկայանալով հիանալի տրամադրությամբ, որպես մի մարդ, որի համար անհասանելի ոչ մի բան չկա, նա դարպասի մոտ պատահեց սպասուհուն։ Բայց այս անգամ սիրունիկ Քեթին չբավականացավ միայն թեթևակիորեն նրան դիպչելով, նա քնքշությամբ բռնեց դ’Արտանյանի ձեռքը։

«Հիանալի բան,— մտածեց դ’Արտանյանը։— Երևի սա ուզում է իր տիրուհու որևէ հանձնարարությունը հաղորդել ինձ։ Հիմա ինձ կհրավիրի այնպիսի տեսակցության, որի մասին միլեդին սիրտ չէր անում անձամբ ասել»։

Եվ նա սիրունիկ աղջկան նայեց ամենահաղթական տեսքով։

— Տեր իմ, ես ուզում էի ձեզ մի քանի խոսք ասել...— մրմնջաց սպասուհին։

— Ասա, անուշիկս,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ես լսում եմ։

— Ո՛չ, միայն ո՛չ այստեղ, այն, ինչ ուզում եմ ձեզ ասել, խիստ երկար է և, գլխավորը՝ խիստ գաղտնի։

— Ուրեմն ի՞նչ անեմ։

— Եթե պարոն ասպետը համաձայներ ինձ հետ գալ...— քաշվելով ասաց Քեթին։

— Ուր որ ցանկանաս, սիրունիկս։

— Այդ դեպքում գնանք։

Եվ առանց դ’Արտանյանի ձեռքը բաց թողնելու՝ Քեթին նրան վերև տարավ պտուտակաձև մութ սանդուղքով։ Ապա մի տասնհինգ աստիճան բարձրանալով՝ ինչ֊որ դուռ բաց արեց։

— Ներս մտեք, տեր իմ,— ասաց նա,— այստեղ մենք մենակ կլինենք և կարող ենք խոսել։

— Իսկ ո՞ւմ սենյակն է սա, գեղեցկուհի,— հարցրեց դ’Արտանյանը։

— Իմն է, տեր իմ։ Ահա այս դռնով այս սենյակը միանում է իմ տիրուհու ննջարանի հետ, բայց հանգիստ եղեք, միլեդին մեզ լսել չի կարող, նա երբեք կեսգիշերից շուտ չի պառկում քնելու։

Դ’Արտանյանը շուրջը նայեց։ Փոքրիկ կոկիկ սենյակը կահավորված էր ճաշակով և շողշողում էր մաքրությունից, սակայն դ’Արտանյանի հայացքը ակամայից չէր կտրվում այն դռնից, որը, Քեթիի ասելով, տանում էր դեպի միլեդիի ննջարանը։

Քեթին հասկացավ, թե ինչ է կատարվում երիտասարդի սրտում, և հոգոց քաշեց։

— Դուք շա՞տ եք սիրում իմ տիրուհուն, տեր իմ,— հարցրեց նա։

— Օ՜, այո, Քեթի, խելագարի պես, ավելի, քան կարելի է բառերով արտահայտել։

Քեթին նորից հառաչեց։

— Այդ շատ տխուր բան է, տեր իմ,— ասաց նա։

— Ինչո՞ւ, գրողը տանի, մի՞թե դա վատ բան է,— հարցրեց երիտասարդը։

— Որովհետև, տեր իմ,— պատասխանեց Քեթին,— իմ տիրուհին ամենևին չի սիրում ձեզ։

— Հը՜մ,— ասաց դ’Արտանյանը,— դու այդ նրա հանձնարարությա՞մբ ես ասում։

— Օ՜, ոչ, տեր իմ, ոչ։ Ես ինքս ձեզ կարեկցելով որոշեցի ասել այս։

— Շնորհակալ եմ քեզանից, սիրելի Քեթի, բայց միայն բարի մտադրության համար, որովհետև երևի ինքդ էլ հիանալի հասկանում ես, որ քո հաղորդածը այնքան էլ հաճելի բան չէ։

— Այլ խոսքով ասած՝ դուք չեք հավատում իմ ասածին, չէ՞։

— Միշտ էլ դժվար է լինում հավատալ այդպիսի բաների, թեկուզ հենց ինքնասիրությունից դրդված, իմ գեղեցկուհի։

— Ուրեմն դուք չե՞ք հավատում ինձ։

— Խոստովանում եմ, որ մինչև չբարեհաճես քո ասածը հաստատող որևէ ապացույց բերել...

— Իսկ ի՞նչ կասեք դուք սրան։

Եվ Քեթին կորսաժի միջից հանեց մի փոքրիկ նամակ։

— Այդ ի՞նձ է ուղղված,— հարցրեց դ’Արտանյանը՝ նամակը վերցնելով։

— Ոչ, ուրիշին։

— Ուրիշի՞ն։

— Այո։

— Անունը, նրա անունը,— գոչեց դ’Արտանյանը։

— Նայեցեք հասցեին։

— Կոմս դը Վարդին։

Ինքնավստահ գասկոնացու մտքում իսկույն առկայծեց Սեն Ժերմենում տեղի ունեցածը։ Կայծակի արագությամբ նա բաց արեց ծրարը, ուշադրություն չդարձնելով այն ճիչի վրա, որ արձակեց Քեթին, տեսնելով, թե ինչ է ուզում անել նա, կամ ավելի ճիշտ՝ ինչ արեց։

— Օ՜, աստվա ծ իմ, այդ ի՞նչ եք անում, տեր իմ,— ասաց նա։

— Առանձնապես ոչինչ,— պատասխանեց դ’Արտանյանը և կարդաց.

«Դուք իմ առաջին նամակին չպատասխանեցիք։ Ի՞նչ է պատահել ձեզ, հիվա՞նդ եք, թե՞ արդեն մոռացել եք, թե ինչպիսի աչքերով էիք նայում ինձ տիկին դը Գիզի պարահանդեսում։ Ահա ձեզ հարմար առիթ, կոմս։ Բաց չթողնեք այդ առիթը»։

Դ’Արտանյանը սփրթնեց, նրա ինքնասիրությունը վիրավորված էր։ Նա մտածեց, որ վիրավորված է սերը։

— Խե՜ղճ, սիրելի պարոն դ’Արտանյան,— ասաց Քեթին կարեկից ձայնով և նորից սեղմեց երիտասարդի ձեռքը։

— Դու խղճո՞ւմ ես ինձ, սիրունիկ աղջիկ,— ասաց դ’Արտանյանը։

— Օ՜, այո, ամբողջ սրտով։ Չէ՞ որ ես գիտեմ ինչ բան է սերը։

— Դու գիտես ինչ բան է սե՞րը,— հարցրեց դ’Արտանյանը՝ առաջին անգամ նայելով նրան մի փոքր ուշադրությամբ։

— Դժբախտաբար՝ այո։

— Այդ դեպքում ինձ խղճալու փոխարեն՝ ավելի լավ է օգնիր վրեժ առնել քո տիրուհուց։

— Իսկ ի՞նչ ձևով դուք կուզեիք վրեժ առնել նրանից։

— Ես կուզենայի ապացուցել նրան, որ ես իրենից ուժեղ եմ, և գրավել իմ մրցակցի տեղը։

— Ո՛չ, տեր իմ, ես երբեք չեմ օգնի ձեզ այդ բանում,— աշխուժորեն առարկեց Քեթին։

— Ինչո՞ւ,— հարցրեց դ’Արտանյանը։

— Երկու պատճառով։

— Այսի՞նքն։

— Նախ՝ որովհետև իմ տիրուհին երբեք չի սիրի ձեզ։

— Որտեղի՞ց գիտես այդ։

— Դուք մահու չափ նեղացրել եք նրան։

— Ե՞ս։ Ինչո՞վ կարող էի ես նեղացնել նրան, երբ այն պահից, ինչ մենք ծանոթացել ենք, ես ապրում եմ նրա ոտքերի տակ, որպես հնազանդ ստրուկ։ Ասա ինձ, խնդրում եմ։

— Ես այդ կասեմ միայն այն մարդուն... այն մարդուն, որը կնայի իմ հոգու խորքը։

Դ’Արտանյանը կրկին անգամ նայեց Քեթիին։ Դա այնքան թարմ, այնքան գեղեցիկ աղջիկ էր, որ շատ դքսուհիներ այդպիսի գեղեցկության ու թարմության համար իրենց թագը կտային։

— Քեթի,— ասաց նա,— ես կնայեմ քո հոգու խորքը, երբ քեզ հաճելի լինի, դա ոչ մի բանի չի խանգարի, իմ թանկագին մանկիկ։

Եվ նա համբուրեց աղջկան, որից խեղճը կարմրեց բալի նման։

— Ոչ,— գոչեց Քեթին,— դուք ինձ չեք սիրում։ Դուք սիրում եք իմ տիրուհուն, հենց նոր ինքներդ ասացիք այդ։

— Եվ այդ քեզ խանգարո՞ւմ է ասել երկրորդ պատճառը։

— Երկրորդ պատճառը, տեր իմ,— ասաց Քեթին սիրտ առնելով համբույրից և խրախուսվելով երիտասարդի աչքերի արտահայտությունից,— երկրորդ պատճառն այն է, որ սիրո հարցում յուրաքանչյուրն իր համար է ջանք թափում։

Այժմ միայն դ’Արտանյանը հիշեց Քեթիի գգվալից հայացքները, հանդիպումները նախասենյակում, սանդուղքի վրա, միջանցքում, ամեն հանդիպումին՝ նրա ձեռքի դիպչելը իրեն և նրա գաղտուկ հառաչանքները։ Տարված լինելով անվանի տիկնոջը դուր գալու ցանկությամբ՝ նա անտեսել էր սպասուհուն. ով արծվի որս է անում, ճնճղուկի վրա ուշադրություն չի դարձնում։

Բայց այս անգամ մեր գասկոնացին իսկույն հասկացավ, թե ինչ օգուտ կարող է քաղել Քեթիի սիրուց, որն արտահայտեց նա այնքան միամտորեն կամ այնպես անամոթաբար, կոմս դե Վարդին ուղղված նամակները կարդալը, միլեդիին հսկելը, ամեն անգամ Քեթիի սենյակը մտնեքու հնարավորությունը, նկատի ունենալով, որ այդ սենյակը կից է միլեդիի ննջարանին։ Ինչպես տեսնում ենք, ուխտադրուժ պատանին արդեն իր մտքում զոհաբերում էր խեղճ աղջկան, որպեսզի կարողանա տիրապետել միլեդիին, լինի այդ կամովին, թե բռնությամբ։

— Նշանակում է, սիրելի Քեթի,— ասաց նա աղջկան,— դու կասկածում ես իմ սիրուն և ուզում ես, որ ապացուցե՞մ այն։

— Ի՞նչ սիրո մասին եք ասում,— հարցրեց Քեթին։

— Այն սիրո, որ պատրաստ եմ տածելու քո նկատմամբ։

— Ինչո՞վ կապացուցեք այդ։

— Ուզո՞ւմ ես, այսօր ես քեզ հետ անց կացնեմ այն ժամերը, որ սովորաբար անց եմ կացնում քո տիրուհու հետ։

— Օ՜, այո, շատ եմ ուզում,— ասաց Քեթին ծափ զարկելով։

— Եթե այդպես է, մոտ արի, իմ անուշիկս,— ասաց դ’Արտանյանը բազկաթոռին նստելով,— և ես քեզ կասեմ, որ դու ամենասիրունիկ սպասուհին ես երբևիցե իմ տեսածների մեջ։

Եվ այս նա այնպես պերճախոս ասաց, որ խեղճ աղջիկը, որը շատ էր ուզում հավատալ նրան, հավատաց... Ի դեպ, ի մեծ զարմանս դ’Արտանյանի, Քեթին որոշ համառություն ցուցաբերեց և ոչ մի կերպ չէր ուզում անձնատուր լինել։

Հարձակումների և պաշտպանության մեջ ժամանակն աննկատելի է անցնում։

Կեսգիշերվա ժամը խփեց, և համարյա միաժամանակ հնչեց զանգակը միլեդիի սենյակում։

— Աստվա՜ծ իմ,— գոչեց Քեթին,— տիրուհին կանչում է ինձ։ Գնա, շո՛ւտ գնա։

Դ’Արտանյանը վեր կացավ, գլխարկը վերցրեց, որպես թե ցանկանալով ենթարկվել, բայց փոխանակ դեպի սանդուղքը տանող դուռը բանալու, արագորեն բաց արեց մեծ պահարանի դուռը և թաքնվեց միլեդիի հագուստների ու ցայգազգեստների մեջ։

— Ի՞նչ եք անում,— գոչեց Քեթին։

Դ’Արտանյանը, որ վերցրել էր բանալին, ներսից դուռը փակեց և ոչինչ չպատասխանեց։

— Դե՛,— սուր ձայնով ճչաց միլեդին,— ի՞նչ է, քնե՞լ եք այդտեղ։ Ինչո՞ւ չեք գալիս, երբ կանչում եմ։

Դ’Արտանյանը լսեց, թե ինչպես բացվեց միլեդիի սենյակի դուռը։

— Գալի՜ս եմ, միլեդի, գալի՜ս եմ,— գոչեց Քեթին տիրուհու առաջ վազելով։

Նրանք միասին մտան ննջարան, և որովհետև դուռը բաց էր մնացել, դ’Արտանյանը կարող էր լսել, թե միլեդին ինչպես է շարունակում նախատել իր սպասուհուն։ Վերջապես նա հանգստացավ, և մինչև Քեթին ծառայություններ էր մատուցում նրան, խոսակցություն սկսվեց դ’Արտանյանի մասին։

— Այսօր երեկոյան մեր գասկոնացին ինչ֊որ չերևաց,— ասաց միլեդին։

— Ինչպե՞ս, տիրուհի,— զարմացավ Քեթին,— մի՞թե նա չէր եկել։ Կարո՞ղ է պատահել, որ նա դեռ հաջողության չհասած՝ միտքը փոխած լինի։

— Օ՜, ոչ, երևի նրան պահել է պարոն դը Տրևիլը կամ պարոն Դեզեսարը։ Ես գիտեմ իմ ուժերը, Քեթի։ Նա իմ ձեռքից դուրս չի պրծնի։

— Եվ ի՞նչ եք անելու դուք նրան, տիրուհի։

— Ինչ եմ անելո՞ւ... Հանգիստ եղիր, Քեթի, իմ և այդ մարդու միջև այնպիսի մի բան կա, որ նա ինքն էլ չգիտե... Քիչ էր մնացել նրա պատճառով ես պիտի զրկվեի նորին սրբազնության վստահությունից։ Օ՜, ես վրեժ կառնեմ նրանից։

— Իսկ ես, տիրուհի, կարծում էի, թե դուք նրան սիրում եք։

— Սիրում եմ նրա՞ն։ Ես ատում եմ նրան։ Դա մի ապուշ է, որ լորդ Վինտերի կյանքն իր ձեռքում է ունեցել և չի սպանել նրան, մի մարդ, որի պատճառով ես երեք հարյուր հազար լիվր ռենտա կորցրի։

— Ճիշտ որ,— ասաց Քեթին,— ախր ձեր որդին իր հորեղբոր միակ ժառանգն է, և մինչև նրա չափահաս դառնալը դուք կարող էիք տնօրինել նրա կարողությունը։

Լսելով, թե այդ թովիչ արարածն ինչպես է իրեն մեղադրում նրա համար, որ չի սպանել մի մարդու, որին հենց իր աչքի առաջ բարեկամական տրամադրություններ էր շռայլում, լսելով այդ սուր ձայնը, որ աշխարհիկ խոսակցության մեջ սովորաբար այնպիսի դժվարությամբ էր մեղմանում, դ’Արտանյանն ամբողջ մարմնով դողում էր։

— Ես վաղուց վրեժ առած կլինեի նրանից,— շարունակեց միլեդին,— եթե կարդինալն ինձ հրամայած չլիներ խնայել նրան, ինքս էլ չգիտեմ, թե ինչի համար։

— Այո, բայց դուք, տիրուհի, չխնայեցիք արդուզարդի վաճառականի դեռատի կնոջը, որին նա սիրում էր։

— Ա՜, Գերեզմանափորների փողոցի խանութպանի կնո՞ջն ես ասում։ Դե երիտասարդը վաղուց է մոռացել նրա գոյությունը։ Իսկապես, դա հիանալի վրեժխնդրություն էր։

Դ’Արտանյանի ճակատը ծածկվել էր սառն քրտինքով, իսկապես այդ կինը մի հրեշ էր։

Նա շարունակեց ականջ դնել, բայց դժբախտաբար հարդարանքն ավարտվեց։

— Այժմ գնացեք ձեր սենյակը,— ասաց միլեդին,— և աշխատեք, վերջապես, վաղը պատասխան ստանալ այն նամակից, որ ես տվի ձեզ։

— Պարոն դը Վարդի՞ն,— հարցրեց Քեթին։

— Դե իհարկե պարոն դը Վարդին։

— Ա՛յ, իմ կարծիքով դա մի մարդ է, որն ամենևին նման չէ խեղճ պարոն դ’Արտանյանին,— ասաց Քեթին։

— Գնացեք, սիրելիս,— պատասխանեց միլեդին,— ես ավելորդ դատողություններ չեմ սիրում։

Դ’Արտանյանը լսեց, թե ինչպես շրխկաց դուռը, ինչպես չխկաց սողնակը, այդ միլեդին էր ներսից դուռը փակում։ Քեթին նույնպես դուռը բանալիով փակեց, աշխատելով որքան կարելի է քիչ աղմուկ հանել։ Այն ժամանակ դ’Արտանյանը պահարանի դուռը բաց արեց։

— Աստվա՜ծ իմ,— շշնջաց Քեթին։— Ի՞նչ է պատահել ձեզ, դուք այնպես գունատ եք։

— Նողկալի՛ արարած,— մրմնջաց դ’Արտանյանը։

— Կամա՜ց, կամա՜ց, գնացեք,— ասաց Քեթին։— Իմ սենյակը միլեդիի ննջարանից անջատված է միայն մի բարակ միջնորմով, և այնտեղ լսվում է ամեն մի բառ։

— Հենց դրա համար էլ ես չեմ գնա,— ասաց դ’Արտանյանը։

— Այսինքն ինչպե՞ս թե,— շառագունելով հարցրեց Քեթին։

— Կամ թե կգնամ, բայց ուշ...

Եվ նա Քեթիին քաշեց իր կողմը։ Դիմադրել անկարելի էր. դիմադրությունից միշտ էլ այնքա՜ն աղմուկ է լինում։ Եվ Քեթին զիջեց։

Դա վրիժառության պոռթկում էր ուղղված միլեդիի դեմ։ Ասում են, թե վրեժխնդրությունը դուրեկան բան է, և դ’Արտանյանը համոզվեց, որ այդ ճշմարիտ է։ Ուստի, եթե նա գեթ մի փոքր կարեկցություն ունենար, կգոհանար այդ նոր հաղթանակով, բայց նա ոչինչ չուներ բարի հպարտությունից և փառամոլությունից։

Սակայն, և պետք է ասել սա պատիվ է բերում դ’Արտանյանին, իր ազդեցությունը Քեթիի վրա նա ամենից առաջ գործադրեց նրա համար, որ նրանից իմանա, թե ինչ է եղել տիկին Բոնասիեին։ Խեղճ աղջիկը խաչելության վրա երդվեց, որ նրա մասին ոչինչ չի իմանում, որովհետև իր տիրուհին միշտ կիսով չափ է տեղյակ դարձնում իր գաղտնիքներին, բայց հաստատ համոզմունք հայտնեց, որ տիկին Բոնասիեն ողջ֊առողջ է։

Քեթին չգիտեր նաև, թե ինչ պատճառով միլեդին քիչ էր մնացել զրկվեր կարդինալի վստահությունը վայելելուց, բայց այս մասին դ’Արտանյանն ավելի լավ էր տեղյակ, քան Քեթին. նա միլեդիին նկատել էր կանգնեցված նավերից մեկի վրա հենց այն պահին, երբ ինքը հեռանում էր Անգլիայից, և չէր կասկածում, որ խնդիրը վերաբերում է ադամանդե զարդին։

Բայց ամենից ավելի պարզ էր այն, որ միլեդիի իսկական, խոր, արմատացած ատելությունը դ’Արտանյանի նկատմամբ առաջացել էր նրանից, որ նա լորդ Վինտերին չէր սպանել։

Հետևյալ օրը դ’Արտանյանը նորից ներկայացավ միլեդիին։ Միլեդիի տրամադրությունը շատ վատ էր, և դ’Արտանյանը մտածեց, որ դրա պատճառը պարոն դը Վարդից պատասխան չստանալն է։ Քեթին ներս մտավ, բայց միլեդին նրա հետ շատ խիստ վարվեց։ Քեթիի հայացքը, որ նա գցեց դ’Արտանյանի վրա, ասում էր, «Այ, տեսնո՞ւմ եք, ձեր պատճառով ինչեր եմ կրում ես»։

Բայց երեկոյի վերջում չքնաղ էգը մեղմացավ։ Նա ժպիտը դեմքին լսում էր դ’Արտանյանի քնքուշ խոստովանությունները և նույնիսկ նրան թույլատրեց համբուրել իր ձեռքը։

Դ’Արտանյանը նրանից բաժանվեց՝ չիմանալով, թե ինչ մտածի։ Բայց նա այն երիտասարդներից չէր, որոնք հեշտությամբ կորցնում են իրենց գլուխը։ Շարունակելով հետամուտ լինել միլեդիին՝ նա մտքում մի փոքրիկ ծրագիր էր կազմել։

Դռան մոտ դ’Արտանյանը հանդիպեց Քեթիին և երեկվա պես բարձրացավ նրա սենյակը։ Նա իմացավ, որ միլեդին խիստ նախատել է Քեթիին՝ պատվերը չկատարելու համար։ Միլեդին չէր կարողանում հասկանալ կոմս դը Վարդի լռության պատճառը և Քեթիին պատվիրել էր առավոտյան ժամը իննին անցնել իր մոտ՝ երրորդ նամակը տանելու։

Դ’Արտանյանը Քեթիից խոսք առավ, որ մյուս օրն առավոտյան նամակը իր մոտ կբերի։ Խեղճ աղջիկը խոստանում էր ամեն բան, ինչ պահանջում էր իր սիրած տղան. նա բոլորովին կորցրել էր գլուխը։

Ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես նախորդ օրը. դ’Արտանյանը թաքնվեց պահարանում, միլեդին կանչեց Քեթիին, իր արդուզարդը վերջացրեց, Քեթիին ետ ուղարկեց և դուռը փակեց։ Նախորդ օրվա պես այդ օրն էլ դ’Արտանյանը տուն վերադարձավ միայն առավոտյան ժամը հինգին։

Ժամը տասնմեկին Քեթին եկավ նրա մոտ։ Նա բերել էր միլեդիի նոր նամակը։ Այս անգամ խեղճ աղջիկը անտրտունջ տվեց այն դ’Արտանյանին։ Նա դ’Արտանյանի կամքին էր թողել՝ անել ինչ ցանկանում է. հիմա նա հոգով ու մարմնով պատկանում էր իր աննման զինվորին։

Դ’Արտանյանը նամակը բաց արեց և կարդաց հետևյալ տողերը.

«Ահա արդեն երրորդ անգամ գրում եմ, որ ես սիրում եմ ձեզ։ Զգուշացեք, որ չորրորդ անգամ չգրեմ, թե ատում եմ ձեզ։

Եթե դուք զղջում եք ձեր վերաբերմունքի համար, այս նամակը ձեզ հանձնող աղջիկը կասի, թե բարեկիրթ մարդը ինչ ձևով կարող է արժանանալ իմ ներումին»։

Այս նամակը կարդալիս դ’Արտանյանը մերթ կարմրում էր, մերթ սփրթնում։

— Օ՜, դուք դեռ սիրում եք նրան,— գոչեց Քեթին, որը ոչ մի վայրկյան աչքը չէր հեռացնում երիտասարդի դեմքից։

— Ո՛չ, Քեթի, դու սխալվում ես, ես նրան այլևս չեմ սիրում, բայց ուզում եմ վրեժ առնել նրա արհամարհական վերաբերմունքի համար։

— Օ՜, ես գիտեմ, թե ինչպիսին է լինելու ձեր վրեժը, դուք արդեն ասել եք ինձ դրա մասին։

— Միևնույն չէ՞ քեզ համար, Քեթի, դու հո գիտես, որ ես միայն քեզ եմ սիրում։

— Մի՞թե այդ կարելի է իմանալ։

— Կիմանաս, երբ կտեսնես, թե ինչպես կվարվեմ ես նրա հետ։ Քեթին հոգոց հանեց։

Դ’Արտանյանը գրիչը վերցրեց և գրեց.

«Տիրուհի, մինչև այժմ ես կասկածում էի, թե ձեր երկու նամակներն իսկապես ինձ են ուղղված, որովհետև ինձ միանգամայն անարժան էի համարում այսպիսի պատվի։ Բացի այդ, ես այնպես հիվանդ էի, որ միևնույն է, ձեզ պատասխանել չէի կարող։

Բայց այսօր ես ստիպված եմ պատասխանել ձեր բարեհաճությանը, որովհետև ոչ միայն ձեր նամակը, այլև ձեր սպասուհին հաստատում է, որ ես պատիվ ունեմ սիրված լինելու ձեր կողմից։

Հարկ չկա, որ այս աղջիկն ինձ սովորեցնի, թե բարեկիրթ մարդն ինչ ձևով կարող է արժանանալ ձեր ներումին։ Ուրեմն, այսօր ժամը տասնմեկին ես ինքս կգամ ձեզնից այդ ներումն հայցելու։ Այդ այցելությունը թեկուզ մեկ օրով հետաձգելը, իմ կարծիքով, կնշանակեր նոր վիրավորանք հասցնել ձեզ։

Նա, ում դուք դարձրել եք ամենաբախտավորը մահկանացուներից։

։։։։։։։։։Կոմս դը Վարդ»։

Այս նամակը նախևառաջ կեղծ էր, ապա կոպիտ էր, իսկ մեր այսօրվա բարքերի տեսակետից ուղղակի վիրավորական, բայց այն ժամանակներում մարդիկ ավելի քիչ ձևականություններ էին բանեցնում, քան այժմ։ Բայց այդ, դ՚Արտանյանը միլեդիի խոստովանություններից գիտեր, որ նա ընդունակ է դավաճանության ավելի լուրջ զորքերում, ուստի նրա նկատմամբ շատ մակերեսային հարգանք ուներ։ Բայց և այնպես, չնայած դրան, մի ինչ֊որ անբացատրելի կիրք մղում էր նրան դեպի այդ կինը, արբեցնող մի կիրք՝ խառնված արհամարհանքի հետ, բայց և այնպես՝ կիրք կամ, եթե ուզում եք՝ տիրելու ծարավ։

Դ՚Արտանյանի մտադրությունը շատ պարզ էր. Քեթիի սենյակից մտնել նրա տիրուհու սենյակը և օգտվել զարմանքի, ամոթի, սոսկումի առաջին պահից՝ նրա դեմ հաղթանակ տանելու համար։ Գուցե և դ՚Արտանյանին անհաջողություն էր սպասում, բայց... առանց ռիսկի ոչինչ չես կարող ձեռք բերել։ Մի շաբաթից պատերազմը պիտի սկսվեր, հարկավոր էր գնալ, մի խոսքով դ՚Արտանյանը սիրախաղերի ժամանակ չուներ։

— Վերցրու,— ասաց երիտասարդի փակ նամակը տալով Քեթիին։— Տուր միլեդիին. սա պարոն դը Վարդի պատասխանն է։

Խեղճ Քեթին մահու չափ գունատվեց։ Նա գլխի էր ընկել, թե ինչ կլինի նամակի բովանդակությունը։

— Լսիր, անուշիկս,— ասաց դ՚Արտանյանը,— դու ինքդ էլ հասկանում ես, որ այս ամենին պետք է վերջ լինի. այսպես կամ այնպես։ Միլեդին կարող է իմանալ, որ դու առաջին նամակը տվել ես ոչ թե կոմսի ծառային, այլ իմ ծառային, որ ես եմ բաց արել նաև մյուս նամակները, որոնք պետք է բաց աներ պարոն դը Վարդը։ Այն ժամանակ միլեդին կվռնդի քեզ, իսկ դու հո գիտես, նա այնպիսի կին չէ, որ դրանով սպառի իր վրեժխնդրությունը։

— Ավա՜ղ,— պատասխանեց Քեթին,— բայց ո՞ւմ համար արեցի ես այս ամենը։

— Ինձ համար, ես շատ լավ գիտեմ այդ, իմ սիրունիկս,— պատասխանեց երիտասարդը,— և ազնիվ խոսք եմ տալիս, ես քեզանից շատ շնորհակալ եմ։

— Բայց ի՞նչ է գրված ձեր նամակում։

— Միլեդին քեզ կասի այդ։

— Օ՜, դուք ինձ չեք սիրում,— հառաչեց Քեթին,— ի՜նչ դժբախտ եմ ես։

Այս կշտամբանքին կա մի պատասխան, որը միշտ մոլորության մեջ է գցում կանանց։ Դ՚Արտանյանն այնպես պատասխանեց, որ Քեթին ճշմարտությունից շատ հեռու մնաց։ Ճիշտ է, նա երկար ժամանակ լաց էր լինում, մինչև որ որոշեց նամակը տալ միլեդիին, բայց վերջիվերջո հասավ այդ որոշմանը, իսկ այդ այն ամենն էր, ինչ հարկավոր էր դ՚Արտանյանին։

Բացի դրանից, նա Քեթիին խոստացել էր, որ երեկոյան շուտ կհեռանա նրա տիրուհու մոտից, իսկ որ հեռանա, կգնա Քեթիի մոտ։

Եվ այս խոստումը վերջնականապես մխիթարեց խեղճ Քեթիին։

Comments