Chapter 33
Երկրորդ մաս II. Ճաշկերույթ դատախազի տանը
Այն մենամարտը, որտեղ Պորտոսն այնքան փայլուն դեր խաղաց, ամենևին էլ նրան չէր ստիպել մոռանալ դատախազի կնոջ տանը կայանալիք ճաշկերույթը։ Հաջորդ օրը ժամը տասներկուսից հետո Մուշկետոնը մի վերջին անգամ էլ խոզանակը քսեց նրա հագուստին, և Պորտոսը ճանապարհ ընկավ դեպի Արջի փողոց այնպիսի մարդու տեսքով, որի բախտը բերում է ամեն բանում։
Նրա սիրտը զարկում էր, բայց ո՛չ այնպես, ինչպես զարկում էր ջահել ու անհամբեր սիրուց հուզված դ’Արտանյանի սիրտը։ Ո՛չ, նրա արյունը ջերմացնում էր մի ուրիշ, ավելի շահախնդրական հոգս. ահա, վերջապես, նա առիթ ունի անցնելու այդ խորհրդավոր շեմքը, բարձրանալու այն անծանոթ սանդուղքով, որով իրար հետևից բարձրացել են պարոն Կոկնարի հին էքյուները։
Նա շուտով աչքը բաց տեսնելու է այն նվիրական սնդուկը, որը մի քսան անգամ պատկերացրել է իր երազներում, երկար ու խոր սնդուկ՝ փակված կախովի կողպեքով, ժանգոտած ու կպած հատակին։ Մի սնդուկ, որի մասին նա միայն լսել է և որը դատախազի կնոջ, ճիշտ է, մի քիչ ցամաքած, բայց դեռևս որոշ գեղեցկությունից ո՛չ զուրկ թաթիկները պետք է բաց անեն իր հիացած հայացքի առաջ։
Բացի դրանից նա, այդ անապաստան թափառաշրջիկը, առանց ընտանիքի, առանց կարողության այդ մարդը, այդ զինվորը, որ սովորել էր պանդոկներին ու իջևաններին, աղետներին ու գինետներին, նա, որ սիրում էր լավ ուտել, բայց մեծ մասամբ ստիպված էր բավարարվել պատահական պատառներով, այժմ նա, վերջապես, պիտի ճաշակեր ընտանեկան ճաշեր, պիտի վայելեր ընտանեկան հարմարավետությունը և իրեն տրամադրեր տանտիրուհու այն հոգացողությանը, որն այնքան ավելի հաճելի է, որքան ավելի դժվարությամբ է ձեռք բերվում, ինչպես ասում են հին ձկնորսները։
Ներկայանալ որպես ազգական և ամեն օր առատ սեղան նստել, հարթել ծերունի դատախազի դեղնած ճակատի կնճիռները, մի փոքր փետրատել ջահել գրագիրներին՝ սովորեցնելով նրանց բասսետի, գալբեկի ու լանդսկնեխտի նրբագույն ձևերը և մի ժամվա դասի համար հոնորարի փոխարեն տանելով նրանցից այն գումարը, որ նրանք խնայել են մի ամբողջ ամսում. այս ամենը շատ էր ժպտում Պորտոսին։
Ճիշտ է, հրացանակիրը հիշում էր այն ժամանակներում շրջող վատ լուրերը դատախազների մասին, լուրեր՝ նրանց գծուծության, ագահության մասին, բայց եթե հաշվի չառնենք խնայողության որոշ հակումները, որոնք Պորտոսը միշտ էլ խիստ անտեղի էր համարում դատախազի կնոջ մեջ, ապա կարելի էր ասել, որ նա սովորաբար բավական առատաձեռն էր լինում, և Պորտոսը հույս ուներ, որ նրա տունը շատ շքեղ է լինելու։
Սակայն դռան մոտ հրացանակիրը որոշ տարակուսանքի մեջ ընկավ, որովհետև տան մուտքն այնքան էլ հրապուրիչ չէր. կեղտոտ, հոտած միջանցք, կիսախավար սանդուղքի վանդակավոր լուսամուտով, որի միջով աղոտ լույս էր թափանցում հարևան բակից, երկրորդ հարկում մի ցածրիկ դուռ ծածկված երկաթե ահագին մեխերով, ասես Գրան֊Շատլե բանտի դուռը լիներ։
Պորտոսը դուռը բախեց։ Բարձրահասակ գունատ մի գրագիր, խռիվ մազերի մի ամբողջ խուրձ գլխին, որոնք թափվել էին նրա երեսին, բաց արեց դուռը և գլուխ տվեց այնպիսի տեսքով, որը բացահայտորեն ասում էր, որ այդ մարդը ակամա հարգանքով համակվեց դեպի բարձր հասակը, որ ուժ էր ցույց տալիս, զինվորական բաճկոնը, որ հասարակության մեջ որոշակի դիրքն էր ցույց տալիս և ծաղկուն դեմքը, որ առատության մեջ լինելն էր ցույց տալիս։
Երկրորդ գրագիրը, որ ցածրահասակ էր, երևաց առաջինիհետևից. երրորդը՝ մի փոքր ավելի բարձրահասակի երևաց երկրորդի ետևից, ապա մոտ տասներկու տարեկան մի պատանի՝ երրորդի ետևից։
Երեք և կես գրագիր, այն ժամանակների համար այդ նշան էր, որ գրասենյակը խիստ շատ հաճախորդներ է ունենում։
Թեև հրացանակիրը պետք է գար ժամը մեկին, բայց դատախազի կինը նրան սպասում էր կեսօրից, հուսալով, որ սիրտը կամ գուցե ստամոքսը իր սիրածին նշանակված ժամից ավելի շուտ կբերեն իր մոտ։
Եվ ահա տիկին Կոկնարը բնակարանից սանդուղքի հարթակը դուրս եկավ համարյա հենց այն րոպեին, երբ իր հյուրը դռան առաջ էր, և հարգարժան տանտիրուհու երևալը նրան դուրս բերեց խիստ դժվարին դրությունից։ Գրագիրները նայում էին նրան հետաքրքրությամբ, և Պորտոսը չիմանալով, թե ինչ ասի այդ ելևէջուն գամմային, կանգնել, լեզուն էր ծամծմում։
— Սա իմ քրոջ որդին է,— գոչեց դատախազի կինը։— Ներս մտեք, ներս մտեք, պարոն Պորտոս։
Պորտոս անունը գրագիրների վրա սովորական ազդեցություն թողեց, և նրանք ծիծաղեցին, բայց Պորտոսը շուռ եկավ, և բոլոր դեմքերը նորից լուրջ արտահայտություն ստացան։ Դատախազի կաբինետը գնալու համար հարկավոր էր անցնել այն նախասենյակը, որտեղ այժմ կանգնած էին գրագիրները, ապա հարկավոր էր անցնել այն գրասենյակը, որտեղ պետք է լինեին նրանք, ապա՝ թղթերով լիքը մի մռայլ սենյակ։ Գրասենյակից դուրս գալով և խոհանոցը աջ կողմում թողնելով՝ հյուրը և տանտիրուհին մտան ընդունարան։ Միմյանց կից այդ բոլոր սենյակները ամենևին էլ հաճելի մտքեր չէին ներշնչում Պորտոսին։ Այդ բոլոր բաց դռներով կարելի էր լսել արտասանած ամեն մի բառ։ Բացի դրանից, հարևանցիորեն մի արագ ու զննող հայացք գցելով խոհանոցին՝ հրացանակիրը— ի մեծ ամոթ տանտիրուհուն և ի մեծ ցավ իրեն— համոզվեց, որ այնտեղ չկար այս պայծառ բոցը, այն աշխուժությունն ու իրարանցումը, որոնք պետք է տիրապետեին ստամոքսահաճության այդ տաճարում՝ սպասվող լավ ճաշից առաջ։
Դատախազը, ըստ երևույթին, նախապես գիտեր այցելության մասին, որովհետև նա ոչ մի զարմանք չարտահայտեց, երբ ներկայացավ Պորտոսը, որը բավական ազատ մոտեցավ դատախազին և քաղաքավարությամբ գլուխ տվեց նրան։
— Մենք կարծեմ ազգականնե՞ր ենք, պարոն Պորտոս,— հարցրեց դատախազը և հենվելով իր եղեգնյա բազկաթոռի թևերին՝ փոքր֊ինչ բարձրացավ տեղից։
Դա մի ցամաքած զառամյալ ծերունի էր, հագին լայն, սև կամզոլ, որը բոլորովին ծածկում էր նրա վտիտ մարմինը։ Նրա մանրիկ, գորշագույն աչքերը փայլում էին ինչպես երկու նռնաքար, և թվում էր, թե այդ երկու աչքերը և ծռմռված բերանը նրա դեմքի միակ մասերն էին, որտեղ դեռ կյանք էր նշմարվում։ Դժբախտաբար ոտքերն արդեն հրաժարվում էին ծառայել ոսկորների այդ պարկին, և այն ժամանակից, երբ հինգ թե վեց ամիս առաջ վիճակի վատթարացում էր սկսվել, հարգարժան դատախազը, ըստ էության, դարձել էր իր կնոջ ստրուկը։
Ազգականն ընդունվեց անտրտունջ և ուրիշ ոչինչ։ Եթե պարոն Կոկնարը ամուր կանգնելիս լիներ ոտքերի վրա, կժխտեր պարոն Պորտոսի որևէ ազգակցությունն իր հետ։
— Այո, պարոն, մենք ազգականներ ենք,— առանց շփոթվելու պատասխանեց Պորտոսը, որը, ի դեպ, ամենևին էլ ցնծալին ընդունելություն չէր սպասում ամուսնուց։
— Եվ կարծեմ կնո՞ջ կողմից,— ծաղրաբար հարցրեց դատախազը։
Պորտոսը ծաղրը չհասկացավ և այն պարզամտության տեղ դնելով՝ թեթևակի ժպտաց և խիստ կարմրատակեց։
Պորտոսի գալու պահից՝ պարոն Կոկնարն անհանգիստ հայացքներ էր գցում մի մեծ պահարանի վրա, որ կանգնած էր կաղնու փայտից շինված իր գրասեղանի դիմաց։ Պորտոսը հասկացավ, որ հենց այդ պահարանն է իր երազած սնդուկը, թեպետև ձևով տարբերվում էր նրանից, և մտքում շնորհավորեց իրեն, որ իրականը երազածից մի վեց ոտնաչափով էլ բարձր է։
Պարոն Կոկնարը չուզեց խորացնել իր ծննդաբանական հետազոտությունները և միայն իր անհանգիստ հայացքը պահարանից Պորտոսի վրա փոխադրելով ասաց.
— Հուսով եմ, որ արշավանքի դուրս գալուց առաջ մեր ազգականը մեզ պատիվ կանի գեթ մեկ անգամ ճաշել մեզ հետ, այդպես չէ՞, տիկին Կոկնար։
Այս անգամ հարվածն ուղիղ ստամոքսին էր դիպչում, և Պորտոսը հիվանդագին զգաց այն։ Ըստ երևույթին տիկին Կոկնարը ևս զգաց այդ հարվածը, որովհետև նա ասաց.
— Մեր ազգականն այլևս մեզ մոտ չի գա, եթե մեր ընդունելությունը դուր չգա նրան, բայց եթե այդպես չլինի, մենք կխնդրենք նրան մեկնելուց առաջ ունեցած համարյա բոլոր ազատ րոպեներին այցելել մեզ. ախր նա այնքա՜ն կարճ ժամանակ է լինելու Փարիզում և այնքան քիչ կարող է լինել մեզ մոտ։
— Օ՜, ոտքերս, իմ խեղճ ոտքեր, որտե՞ղ եք դուք,— մրմնջաց Կոկնարը։ Եվ ժպտալու փորձ արեց։
Այդ օգնությունը, որ Պորտոսին հասավ հենց այն պահին, երբ նրա գաստրոնոմիական սպասումներին լուրջ վտանգ էր սպասում, հրացանակրին մեծագույն երախտագիտության զգացում ներշնչեց դեպի դատախազի կինը։
Շուտով հասավ ճաշելու ժամը։ Բոլորն անցան սեղանատուն, որ մի մեծ սենյակ էր՝ խոզանոցի դիմաց։
Գրագիրները, ըստ երևույթին, տան մեջ արտասովոր բուրմունքներ զգալով, ներկայացել էին զինվորական ճշտապահությամբ և տաբուրետները ձեռքներին բռնած՝ կանգնել էին պատրաստ։ Նրանց ծնոտները նախապես շարժվում և սպառնալիք էին արտահայտում։
«Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ,— մտածեց Պորտոսը՝ մի հայացք գցելով երեք քաղցած սփաթների վրա, որովհետև, հասկանալի է, պատանուն ընդհանուր սեղանի մոտ չէին թողել։— Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, իմ ազգականի տեղը լինեի, ես չէի պահի այս շատակերներին։ Սրանց կարելի է դնել նավաբեկումից ազատված և ամբողջ վեց շաբաթ հացի երես չտեսած մարդկանց տեղ»։
Եկավ նաև պարոն Կոկնարը։ Նրան անիվավոր բազկաթոռի մեջ նստեցրած բերում էր տիկին Կոկնարը, և Պորտոսն շտապեց օգնելու նրան՝ սեղանի մոտ բերելու իր ամուսնուն։ Հենց որ դատախազը սեղանատուն մտավ, նրա ծնոտներն ու ռունգերն էլ շարժվել սկսեցին, ինչպես գրագիրներինը։
— Օհո՜,— ասաց նա,— ի՜նչ անուշ հոտ ունի սուպը։
«Գրողը տանի, ի՛նչ մի արտասովոր բան են գտնում սրանք այս սուպի մեջ»,— մտածեց Պորտոսը, երբ տեսավ անգույն արգանակը, որը, ճիշտ է, շատ էր, բայց ոչ մի կաթիլ յուղ չուներ և մեջը լող էին տալիս բոված հացի մի քանի կտորներ, նոսր, ինչպես արշիպելագի կղզիներ։
Տիկին Կոկնարը ժպտաց, և նրա նշանով բոլորը շտապ նստեցին իրենց տեղերը։
Առաջինը մատուցեցին պարոն Կոկնարին, հետո՝ Պորտոսին։ Այնուհետև տիկին Կոկնարը լցրեց իր ափսեն և հացի պատառներն առանց արգանակի բաժանեց անհամբեր սպասող գրագիրներին։
Այդ պահին սեղանատան դուռը ճռնչոցով բացվեց, և կիսաբաց փեղկի միջով Պորտոսը տեսավ փոքրիկ գրագրին։ Ընդհանուր կերուխումին մասնակցելու հնարավորություն չունենալով՝ նա ուտում էր իր հացը և միաժամանակ վայելում խոհանոցում ու սեղանատանը տարածված բուրմունքը։
Սուպից հետո սպասուհին մատուցեց եփած հավ, մի շքեղություն, որի տեսքից ներկաների աչքերը ճակատները թռան։
— Իսկույն երևում է, որ դուք սիրում եք ձեր ազգականներին, տիկին Կոկնար,— ասաց դատախազը ողբերգական ժպիտով։— Տարակույս չկա, որ այս ամենը մենք պարտական ենք ձեր քրոջ որդուն։
Խեղճ հավը շատ նիհար էր և ծածկված այնպիսի հաստ ու փշփշոտ մաշկով, որը, չնայած բոլոր ջանքերին, ծակել չէր կարող ոչ մի ոսկոր։ Երևի շատ երկար էին որոնել նրան, մինչև որ, վերջապես, գտել էին թառի վրա, որտեղ նա թաքնված է եղել, որպեսզի հանգիստ շունչը փչի ծերությունից։
«Գրողը տանի,— մտածեց Պորտոսը։— Ինչ տխուր բան է սա։ Ես ծերությունը հարգում եմ, բայց ոչ եփած և ոչ էլ տապակած վիճակում»։
Եվ նա շուրջը նայեց, կամենալով համոզվել, թե բոլո՞րն են արդյոք նույն կարծիքին։ Միանգամայն հակառակը. նա տեսավ բոցկլտուն աչքեր, որոնք նախապես խժռում էին այդ հիանալի հավը, այն նույն հավը, որին նա այնպես արհամարհանքով վերաբերվեց։
Տիկին Կոկնարն իր մոտ քաշեց մատուցարանը, հմտորեն կտրեց երկու սև ոտքերը, որոնք գրեց իր ամուսնու ափսեում, կտրեց վիզը և գլխի հետ մի կողմ դրեց իր համար, թևը դրեց Պորտոսի ափսեում և հավը համարյա առանց ձեռք տալու տվեց սպասուհուն, որից հետո մատուցարանը չքացավ, նախքան հրացանակիրը կկարողանար որսալ այն բազմապիսի փոփոխությունները, որ հիասթափությունն առաջացնում է մարդկանց դեմքին, նայած հիասթափություն ապրողի բնավորությանն ու խառնվածքին։
Հավի փոխարեն սեղանին երևաց ընդեղենի մատուցարանը՝ մի ահագին մատուցարան, որի վրա երևում էին ոչխարի մի քանի ոսկոր, որոնք առաջին հայացքից մսով ծածկված էին թվում։
Սակայն գրագիրներն այդ խաբեությանը չենթարկվեցինք և նրանց դեմքի մռայլ արտահայտությանը փոխարինեց ճակատագրին հնազանդ լինելու արտահայտությունը։
Տիկին Կոկնարը այդ ուտելիքը երիտասարդներին բաժանեց լավ տնտեսուհու չափավորությամբ։
Հերթը հասավ նաև գինուն։ Պարոն Կոկնարը մի շատ փոքրիկ հախճապակյա շշից երիտասարդների համար լցրեց մեկ երրորդական բաժակ, համարյա նույնքան էլ լցրեց իր համար, և շիշն իսկույն անցավ Պարտոսի ու տիկին Կոկնարի կողմը։
Երիտասարդներն իրենց բաժակների գլխին ջուր ավելացրին, ապա կես֊կես բաժակ խմելով՝ նորից ավելացրին, և այդպես մինչև ճաշի վերջը, երբ խմիչքի գույնը, որ նրանք կուլ էին տալիս, սուտակի գույնի փոխարեն հիշեցնում էր ծխագույն թափազի գույնը։
Պորտոսը քաշվելով կերավ հավի թևը և ցնցվեց, զգալով, որ սեղանի տակից դատախազի կնոջ ծունկը դիպավ իր ծնկին։ Նա ևս մի կես բաժակ խմեց այդ գինուց, որն այստեղ այնքան խնայողությամբ էին գործածում, և զգաց, որ դա մոնրեյլյան զզվելի խմիչք է, որը սարսափազդու է նուրբ ճաշակ ունեցող մարդկանց համար։
Պարոն Կոկնարը տեսավ, թե նա ինչպես է գինին խմում առանց ջուր խառնելու, և հառաչեց։
— Կերեք այս ընդեղենից, թանկագին Պորտոս,— ասաց տիկին Կոկնարը այնպիսի տոնով, որը պարզ ու պարզ ասում էր, «Հավատացեք ինձ, չուտեք դրանից»։
— Ո՜նց չէ, ես նույնիսկ ձեռք չեմ տա այդ ընդեղենին,— լուռ մրթմրթաց Պորտոսը։
Եվ բարձր ձայնով ավելացրեց.
— Շնորհակալ եմ, թանկագինս, ես արդեն կուշտ եմ։
Լռություն տիրեց։ Պորտոսը չէր իմանում, թե էլի ինչ անի։ Դատախազը մի քանի անգամ կրկնեց.
— Ա՜խ, տիկին Կոկնար, շնորհակալ եմ ձեզնից, դուք իսկական խնջույք էիք սարքել մեզ համար։ Տե՜ր իմ Աստված, ինչպես կշտացա ես։
Ամբողջ ճաշի ընթացքում պարոն Կոկնարը կերել էր մի ափսե սուպ, հավի երկու սև ոտքերը և ոչխարի այն միակ ոսկորը, որի վրա մի քիչ միս կար։
Պորտոսը մտածեց, որ սա ծաղր է և հենց այն է, ուզում էր բեղերը ոլորել և հոնքերը կիտել, բայց տիկին Կոկնարի ծունկը նրան կամացուկ խորհուրդ տվեց զինվել համբերությամբ։
Այդ լռությունը և ճաշի ընդմիջումը, որ Պորտոսի համար միանգամայն անհասկանալի էր, գրագիրների համար, ընդհակառակն, լեցուն էր ահեղ իմաստով, հնազանդվելով դատախազի հայացքին, որին ավելանում էր տիկին Կոկնարի ժպիտը, նրանք դանդաղորեն վեր կացան սեղանից, ավելի դանդաղ ծալեցին իրենց անձեռոցիկները, գլուխ տվին և ուղղվեցին դեպի ելքը։
— Գնացեք, երիտասարդներ, գնացեք աշխատելու, աշխատանքը մարսողության համար օգտակար բան է,— հանդիսավոր տոնով ասաց նրանց դատախազը։
Հենց որ գրագիրները գնացին, տիկին Կոկնարը վեր կացավ և բուֆետից հանեց մի կտոր պանիր, սերկևիլի մուրաբա և նշով ու մեղրով թխված կարկանդակ, որ նա ինքն իր ձեռքով էր պատրաստել։
Այդքան ուտելիքները տեսնելով՝ պարոն Կոկնարը մռայլվեց։ Այդ ուտելիքները տեսնելով՝ Պորտոսը շրթունքը կծեց, հասկանալով, որ առանց ճաշի է մնացել։
Նա նայեց, թե ընդեղենի մատուցարանը դեռ սեղանի վրա՞ է արդյոք, բայց ընդեղենի մատուցարանն անհայտացել էր։
— Իսկապես որ սա խնջույք է,— գոչեց պարոն Կոկնարը իր բազկաթոռի մեջ շուռումուռ գալով,— իսկական խնջույք, epulae epularum<ref>Խնջույքների խնջույք (լատ.)։</ref>։ Լուկուլլոսը ճաշում է Լուկոլլլոսի<ref>Լուկուլլոս (մ.թ.ա. մոտ 106 — մոտ. 57 թթ.) — հռոմեացի զորավար, որն անուն է հանել իր շքեղությամբ ու խնջույքներով։</ref> մոտ։
Պորտոսը նայեց իր մոտ դրված շշին, հուսալով, թե գինով, հաց ու պանրով մի կերպ կճաշի, բայց գինի չկար, շիշը դատարկ էր։ Պարոն և տիկին Կոկնարները ձևացրին, թե այդ չնկատեցին։
«Հիանալի է,— ինքն իրեն մտածեց Պորտոսը,— համենայնդեպս ես նախազգուշացված եմ»։
Նա մի փոքրիկ գդալ մուրաբա կերավ և վերցրեց տիկին Կոկնարի խմորեղենից մի կտոր, որի մեջ խրվեցին նրա ատամները։
«Զոհը մատուցված է,— ասաց նա ինքն իրեն։— Օ՜, եթե ես հույս չունենայի տիկին Կոկնարի հետ միասին նրա ամուսնու պահարանը տնտղելու»։
Պարոն Կոկնարը վայելելով շքեղ ճաշկերույթը, որ նա անվանում էր խնջույք, հանգստի կարիք զգաց։ Պորտոսը հույս ուներ, որ այդ հանգիստը կսկսվի անհապաղ, հենց նույն տեղում, բայց անիծյալ դատախազը դրա մասին լսել անգամ չէր ուզում։ Հարկ եղավ տանել նրան կաբինետ, և նա այնքան գոռաց, մինչև որ հասավ իր պահարանի մոտ և ավելի վստահ լինելու համար ոտքերը դրեց նրա եզրին։
Տիկին Կոկնարը Պորտոսին տարավ հարևան սենյակը, և այստեղ հաշտության հող ստեղծելու փորձեր սկսվեցին։
— Դուք կարող եք շաբաթական երեք անգամ գալ ճաշելու,— ասաց տիկին Կոկնարը։
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Պորտոսը,— բայց ես չեմ սիրում որևէ բան չարաշահել։ Բացի այդ ես պետք է մտածեմ իմ հանդերձավորման մասին։
— Ա՜խ, այո...— հառաչեց դատախազի կինը,— այդ անպիտան հանդերձավորումը։
— Դժբախտաբար այդպես է,— հաստատեց Պորտոսը,— հանդերձավորման մասին։
— Իսկ ձեր գնդում ինչի՞ց է բաղկացած հանդերձավորումը, պարոն Պորտոս։
— Օ՜, շատ բաներից,— ասաց Պորտոսը։— Ինչպես ձեզ հայտնի է, հրացանակիրներն ընտիր զորամաս են և շատ այնպիսի բաներ ունեն, որոնք գվարդիականներին ու շվեյցարացիներին պետք չեն։
— Բայց ի՞նչ բաներ, ասացեք մեկ֊մեկ։
— Դե դա կարելի է արտահայտել ընդհանուր գումարով...— սկսեց Պորտոսը, որը գերադասում էր վիճել ամբողջի մասին և ոչ թե նրա բաղադրիչ մասերի։
Տիկին Կոկնարն անհամբեր սպասում էր շարունակությանը։
— Ինչպիսի՞ գումար,— հարցրեց նա։— Հուսով եմ՝ ոչ ավելի քան...
Նա կանգ առավ, նրա շունչը կտրվում էր։
— Օ՜, ո՛չ,— ասաց Պորտոսը,— երկու և կես հազար լիվրից ավելի հարկավոր չի լինի։ Կարծում եմ նույնիսկ, որ որոշ խնայողության դեպքում երկու հազար լիվրով էլ կարող եմ գլուխ բերել։
— Աստվա՜ծ իմ։ Երկու հազար լի՜վր,— գոչեց տիկինը։— Բայց դա մի ամբողջ կարողություն է։
Պորտոսը խիստ բազմանշանակ ձևով դեմքը ծռմռեց, և տիկին Կոկնարն այդ հասկացավ։
— Ես նրա համար եմ հարցնում, թե ինչից է բաղկացած ձեր հանդերձավորումը,— բացատրեց տիկինը,— որովհետև առևտրական աշխարհում ես շատ ազգականներ և կլիենտներ ունեմ և համարյա համոզված եմ, որ ես կարող էի ձեզ հարկավոր բաները երկու անգամ ավելի էժան գնել, քան դուք։
— Ա՜խ, ա՛յ թե ինչ,— ասաց Պորտոսը։— Այդ ուրիշ բան է։
— Դե իհարկե, սիրելի պարոն Պորտոս։ Ուրեմն ձեզ առաջին հերթին ձի է հարկավոր, չէ՞։
— Այո, ձի։
— Հիանալի է։ Ես ունեմ հենց այն, ինչ ձեզ հարկավոր է։
— Ա՜յ թե ինչ,— փայլատակելով ասաց Պորտոսը։— Նշանակում է՝ ձիու հարցը կարգավորված է։ Այնուհետև ինձ հարկավոր է թամբի լրիվ սարք ու կարգ, բայց դա բաղկացած է այնպիսի բաներից, որ գնել կարող է միմիայն հրացանակիրը։ Ասենք դա երեք հարյուր լիվրից թանկ չի նստի։
— Երեք հարյուր լի՜վր։ Դե, ի՛նչ արած, թող լինի երեք հարյուր լիվր,— ասաց դատախազի կինը հոգոց հանելով։
Պորտոսը ժպտաց։ Ընթերցողը հիշում է, որ նա արդեն ուներ դուքս Բեկինգհեմի ընծայած թամբը, այնպես որ նա մտածում էր այդ երեք հարյուր լիվրը ուղղակի իր գրպանը դնել։
— Այնուհետև,— շարունակեց նա,— գալիս է իմ սպասավորի ձին և մի ճամպրուկ՝ ինձ համար։ Ինչ վերաբերում է զենքին, կարող եք դրա մասին չանհանգստանալ, զենք ես արդեն ունեմ։
— Սպասավորի համար ձի՞,— անվճռականորեն կրկնեց տիկինը։— Գիտե՞ք ինչ, բարեկամս, այդ արդեն չափից ավելի շքեղություն է։
— Այ թե ի՜նչ, տիրուհի,— հպարտ֊հպարտ ասաց Պորտոսը։— Չլինի՞ ինձ ինչ֊որ մուրացկանի տեղ եք դնում։
— Ի՜նչ եք ասում, ես միայն այն էի ուզում ասել, որ երբեմն գեղեցիկ ջորին ձիուց էլ լավ է երևում, և ինձ թվում է, որ եթե Մուշկետոնի համար մի գեղեցիկ ջորի ճարենք...
— Համաձայն եմ, թող լինի գեղեցիկ ջորի,— ասաց Պորտոսը։— Դուք իրավացի եք, ես ինքս էլ տեսել եմ շատ նշանավոր իսպանացի ազնվականների, որոնց ամբողջ շքախումբը ջորիներով է եղել։ Բայց այդ դեպքում, ինչպես ինքներդ էլ հասկանում եք, տիկին Կոկնար, այդ ջորին պետք է զարդարված լինի փետրափնջերով և զանգուլակներով։
— Հանգիստ եղեք,— ասաց դատախազի կինը։
— Հիմա գանք ճամպրուկին,— ասաց Պորտոսը։
— Օ՜, այդ ևս չպետք է անհանգստացնի ձեզ,— ասաց տիկին Կոկնարը։— Ամուսինս հինգ֊վեց ճամպրուկ ունի, ամենալավն ընտրեցեք ձեզ համար։ Նրանցից մեկն ամուսինս առանձնապես սիրում էր վերցնել իր հետ, երբ ճանապարհորդում էր. դա այնքան մեծ ճամպրուկ է, որ ինչ ասես կարող է մեջը տեղավորվել։
— Եվ այդ ճամպրուկը դատա՞րկ է,— պարզամտորեն հարցրեց Պորտոսը։
— Դե իհարկե դատարկ է,— նույնպես պարզամտորեն պատասխանեց դատախազի կինը։
— Թանկագին տիկին,— գոչեց Պորտոսը,— ախր ինձ ճամպրուկը հարկավոր է իր ամբողջ պարունակությամբ։
Տիկին Կոկնարը նորից սկսեց հառաչել։ Այդ ժամանակ Մոլիերը դեռ իր «Ժլատը» չէր գրել, այնպես որ, տիկին Կոկնարը նրա Գարպագոնի<ref>Գարպագոն — ժլատ հարուստ, ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի (1622֊1673) «Ժլատը» պիեսի գլխավոր գործող անձը։</ref> նախատիպն էր հանդիսանում։
Կարճ ասած՝ հանդերձավորման մնացած մասը նույնպիսի քննարկման ենթարկվեց, և այս խորհրդակցության հետևանքով դատախազի կինը պարտավորություն ստանձնեց ութ հարյուր լիվր դրամ տալ, ձեռք բերել մի ձի ու մի ջորի, որոնք պատիվ պիտի ունենային փառքի ճանապարհին իրենց վրա կրելու Պորտոսին ու Մուշկետոնին։
Այս պայմանները մշակելուց հետո Պորտոսը հրաժեշտ տվեց տիկին Կոկնարին։ Վերջինս, ճիշտ է, աչքով֊ունքով աշխատում էր պահել նրան, բայց Պորտոսը պատճառ բերեց իր զինվորական գործերը, և դատախազի կինը ստիպված եղավ զիջել նրան թագավորին։
Հրացանակիրը տուն հասավ քաղցած և հիանալի տրամադրության մեջ։