1. Երեք հրացանակիրներ

Chapter 31

Առաջին մաս XXX. Միլեդին

Դ’Արտանյանն աննկատելիորեն հետևեց միլեդիին։ Նա տեսավ, թե ինչպես միլեդին կառեթ նստեց և լսեց, թե ինչպես նա կառապանին հրամայեց քշել Սեն Ժերմեն։

Անօգուտ բան կլիներ փորձ անել ոտքով հետևել կառեթին, որ քաշում էին մի զույգ ուժեղ ձիեր։ Դրա համար էլ դ’Արտանյանն ուղղվեց դեպի Ֆերու փողոցը։

Սենի փողոցում նա հանդիպեց Պլանշեին, որը հրուշակեղենի խանութի առաջ հիացմունքով նայում էր ախորժահամ տեսք ունեցող բուլկիներին։

Դ’Արտանյանը նրան հրամայեց երկու ձի թամբել պ֊րն դը Տրևիլի ախոռից, մեկը իր՝ դ’Արտանյանի համար, մյուսը՝ Պլանշեի, և հետևից գալ Աթոսի մոտ։ Պ֊րն դը Տրևիլը մի անգամ ընդմիշտ իր ախոռը տրամադրել էր դ’Արտանյանին։

Պլանշեն գնաց դեպի Աղավնատուն փողոցը, իսկ դ’Արտանյանը՝ դեպի Ֆերու։ Աթոսը միայնակ ու տխուր նստած՝ խմում էր մի շիշ այն իսպանական գինուց, որ բերել էր իր հետ Պիկարդիայից։ Նա ձեռքի նշանով Գրիմոյին հրամայեց մի բաժակ բերել դ’Արտանյանի համար, և Գրիմոն, ինչպես միշտ, լուռ կատարեց հրամանը։

Դ’Արտանյանը Աթոսին պատմեց ամեն բան, ինչ եկեղեցում տեղի էր ունեցել Պորտոսի և դատախազի կնոջ միջև և ենթադրություն հայտնեց, որ իրենց ընկերն արդեն հանդերձանք ձեռք բերելու ճանապարհին է։

— Ինչ վերաբերում է ինձ,— ասաց Աթոսը,— ես բոլորովին հանգիստ եմ. դե հո կանայք իրենց վրա չեն վերցնելու իմ հանդերձավորման ծախսը։

— Բայց, սիրելի Աթոս, ձեր գեղեցկությունը, բարեկրթությունը, նշանավոր ծագումը Ամուրի<ref>Ամուր — հունական առասպելաբանության մեջ սիրո աստվածը (ծ.թ.)։</ref> նետով կարող են վիրավորել ուզածդ իշխանուհուն կամ թագուհուն։

— Դեռ որքա՜ն ջահել է այս դ’Արտանյանը,— ասաց Աթոսը ուսերը թոթվելով։

Եվ նա Գրիմոյին նշանացի հրամայեց մի ուրիշ շիշ բերել։

Այդ պահին Պլանշեն համեստորեն գլուխը ներս մտցրեց կիսաբաց դռնից և տիրոջը հայտնեց, որ ձիերը պատրաստ են։

— Ի՞նչ ձիեր,— հարցրեց Աթոսը։

— Երկու ձի, որ պ֊րն դը Տրևիլը զիջել է ինձ զբոսանք կատարելու համար և որոնցով ես ուզում եմ գնալ Սեն Ժերմեն։

— Իսկ ի՞նչ գործ ունեք դուք Սեն Ժերմենում,— նորից հարցրեց Աթոսը։

Այստեղ դ’Արտանյանը նրան պատմեց եկեղեցում ունեցած իր հանդիպումը, թե ինչպես ինքը նորից գտել է այն կնոջը, որը շարունակ զբաղեցրել է իր միտքը, ինչպես սև թիկնոցավոր և քունքին սպի ունեցող մարդը։

— Այլ խոսքով ասած՝ դուք սիրահարված եք այդ կնոջը, ինչպես առաջ սիրահարված էիք տիկին Բոնասիեին,— ասաց Աթոսը և արհամարհաբար ուսերը թոթվեց, ասես խղճալով մարդկային թուլությունները։

— Ե՞ս։ Ամենևի՛ն,— գոչեց դ’Արտանյանը։— Պարզապես ինձ համար հետաքրքիր է բանալ այն գաղտնիքը, որ կապված է այդ կնոջ հետ։ Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ այդ կինը, որին ես ամենևին չեմ ճանաչում, ճիշտ այդպես էլ նա ինձ չի ճանաչում, բայց և այնպես ինչ֊որ ազդեցություն ունի իմ կյանքի վրա։

— Ըuտ էության դուք իրավացի եք,— ասաց Աթոսը,— ես չեմ ճանաչում մի կնոջ, որն արժանի լիներ իրեն որոնելու, եթե նա անհայտացել է։ Տիկին Բոնասիեն անհայտացել է, ավելի վատ իր համար, թող գտնվի։

— Ո՛չ, Աթո՛ս, սխալվում եք,— առարկեց դ’Արտանյանը։— Ես իմ խեղճ Կոնստանցիային սիրում եմ ավելի, քան երբևէ, և եթե իմանայի, թե որտեղ է նա, թեկուզ այդ աշխարհի ծայրը լիներ, կգնայի և նրան կազատեի թշնամիների ձեռքից, բայց ես այդ չգիտեմ, իմ բոլոր որոնումներն ապարդյուն եղան։ Ինչ արած, ստիպված եմ մտքերս ցրել, զվարճությամբ զբաղվել։

— Դեհ, զվարճացեք միլեդիի հետ, սիրելի դ’Արտանյան, սրտանց ցանկանում եմ այդ ձեզ, եթե դա կարող է զվարճացնել ձեզ։

— Լսեցեք, Աթոս,— առաջարկեց դ’Արտանյանը,— փոխանակ կալանավորի պես տանը փակված նստելու, եկեք ձի նստեք, ինձ հետ միասին գնանք Սեն Ժերմեն։

— Թանկագինս,— առարկեց Աթոսը,— ես ձիով ճամփա եմ գնում, երբ ձի ունեմ, իսկ երբ ձի չունեմ, ոտքով եմ քայլում։

— Է՛հ, իսկ ես,— պատասխանեց դ’Արտանյանը՝ ժպտալով Աթոսի անհամբերության վրա, որ եթե մի ուրիշինը լիներ, անպայման կվիրավորեր իրեն,— ես ձեզ պես հպարտ չեմ և ինչով պատահի՝ ճամփա եմ գնում։ Ցտեսություն, սիրելի Աթոս։

— Ցտեսություն,— ասաց հրացանակիրը՝ Գրիմոյին նշան անելով, որ բաց անի նոր բերած շիշը։

Դ’Արտանյանը և Պլանշեն ձի նստեցին և ճանապարհ ընկան դեպի Սեն Ժերմեն։

Տիկին Բոնասիեի մասին Աթոսի ասած խոսքերն ամբողջ ճանապարհին դուրս չէին գալիս դ’Արտանյանի գլխից։ Մեր երիտասարդն այնքան էլ զգայուն մարդ չէր, սակայն արդուզարդի վաճառականի սիրունիկ կինը խոր հետք էր թողել նրա սրտում, այդ կնոջը գտնելու համար նա իսկապես պատրաստ էր աշխարհի ծայրը գնալու, բայց աշխարհը գնդաձև է, շատ ծայրեր ունի, և նա չգիտեր, թե որ կողմը գնա։

Իսկ առայժմ նա ուզում էր իմանալ, թե ով է այդ միլեդին։ Միլեդին խոսում էր սև թիկնոցավոր մարդու հետ, հետևապես նրան ճանաչում է։ Իսկ դ’Արտանյանի մեջ ստեղծվել էր այն համոզմունքը, որ երկրորդ անգամն էլ այդ սև թիկնոցավոր մարդն է փախցրել տիկին Բոնասիեին, ինչպես առաջին անգամն էր փախցրել։ Եվ այսպես, ինքն իրեն ասելով, որ միլեդիի որոնումները միաժամանակ Կոնստանցիայի որոնումներն են, դ’Արտանյանը միայն կիսով չափ էր սուտ ասում, իսկ կիսով չափ սուտը արդեն համարյա բոլորովին էլ սուտ չէ։

Այս ամենի մասին մտածելով և մերթընդմերթ ձիուն խթանելով դ’Արտանյանն աննկատելիորեն անհրաժեշտ ճանապարհն անցավ և հասավ Սեն Ժերմեն։ Անցնելով տաղավարը, որի մեջ տասը տարի հետո աշխարհ էր գալու Լյուդովիկոս XIV֊ը, նա աջ ու ձախ նայելով գնում էր ամայի փողոցով, հուսալով չքնաղ անգլուհուց որևէ հետք գտնել, մեկ էլ հանկարծ ծաղկազարդ մի տերասում, որը հարում էր մի գեղեցիկ տնակի ներքին հարկին, որն այն ժամանակվա սովորության համաձայն ոչ մի լուսամուտ չուներ դեպի փողոց, ահա այդ տերասում նա տեսավ մի ծանոթ կերպարանք, որը ետ ու առաջ էր քայլում։ Պլանշեն առաջինը ճանաչեց նրան։

— Տե՜ր իմ,— ասաց նա,— ձեզ ծանո՞թ է այն մարդու կերպարանքը։ Ահա այն, որ բերանը բացած մեզ է նայում։

— Ոչ,— ասաց դ’Արտանյանը,— բայց համոզված եմ, որ առաջին անգամը չեմ տեսնում նրան։

— Դե իհարկե,— ասաց Պլանշեն,— ախր դա խեղճ Լյուբենն է, կոմս դը Վարդի սպասավորը, հենց այն կոմսի, որին դուք մի ամիս առաջ այնքան փառավորապես գետին գլորեցիք Կալեում, նավահանգստի պետի տան ճանապարհին։

— Ա՜խ, ճիշտ որ,— ասաց դ’Արտանյանը,— հիմա ես էլ ճանաչեցի նրան։ Իսկ դու ինչպե՞ս ես կարծում, նա քեզ կճանաչի՞։

— Ճիշտն ասած, տեր իմ, նա այնպես սարսափած էր, որ հազիվ թե կարողանար ինձ մի կարգին հիշել։

— Եթե այդպես է,— ասաց դ’Արտանյանը,— մոտեցիր այդ տղային, խոսիր հետը և խոսակցության մեջ մի կերպ իմացիր, մեռե՞լ է իր տերը, թե՞ ոչ։

Պլանշեն ձիուց ցած թռավ, ուղիղ մոտեցավ Լյուբենին, որն իսկապես չճանաչեց նրան, և երկու սպասավորները զրույց սկսեցին, շատ շուտ գտնելով շփման կետեր։ Մինչ այդ դ’Արտանյանը ձիերը շուռ տվեց դեպի նրբանցքը, տան շուրջը պտտվեց և թաքնվեց կաղնու թփերի հետևում՝ ցանկանալով ներկա լինել նրանց զրույցին։

Մի րոպեի չափ ցանկապատի հետևից դիտելուց հետո նա անիվների աղմուկ լսեց, ապա նրա դիմաց կանգ առավ միլեդիին պատկանող կառեթը։ Դ’Արտանյանը ցատկեց ձիու պարանոցի մոտ, որպեսզի ինքը չերևա և կարողանա ամեն ինչ տեսնել։

Միլեդիի չքնաղ շիկահեր գլուխը դուրս նայեց կառեթի լուսամուտից և երիտասարդ կինը ինչ֊որ հրաման տվեց սպասուհուն։

Վերջինս, որ քսան֊քսաներկու տարեկան մի ժիր ու կայտառ գեղեցիկ աղջիկ էր, անվանի տիկնոջ իսկական սպասուհի, ցած թռավ կառեթի ոտնատեղից, որտեղ նա՝ ըստ այն ժամանակվա սովորության, նստած էր, և ուղղվեց դեպի այն տերասը, որտեղ դ’Արտանյանը նկատել էր Լյուբենին։

Դ’Արտանյանը հայացքով հետևեց սպասուհուն և տեսավ, որ նա գնում է դեպի տերաս։ Բայց այնպես պատահեց, որ դրանից մի րոպե առաջ տան ներսից ինչ֊որ մեկը կանչել էր Լյուբենին, և տերասում մնացել էր միայն Պլանշեն, որը շուրջը նայելով ուզում էր իմանալ, թե ո՞ւր չքացավ իր տերը։

Սպասուհին մոտեցավ Պլանշեին և նրան Լյուբենի տեղը դնելով՝ մեկնեց նրան մի նամակ։

— Կտաք ձեր տիրոջը,— ասաց նա։

— Իմ տիրո՞ջը,— զարմացած կրկնեց Պլանշեն։

— Այո, և շատ շտապ գործով։ Դե շո՛ւտ, վերցրե՛ք։

Այս ասելով՝ նա վազեց դեպի կառեթը, որն արդեն շուռ էր եկել, ցատկեց ոտնատեղի վրա, և կառեթը սլացավ֊գնաց։

Պլանշեն ձեռքի մեջ շուռումուռ տվեց նամակը, ապա առանց դատողություններ անելու, հնազանդվելու իր սովորությանը հավատարիմ տերասից ցատկեց, մտավ նրբանցք և մի քսան քայլ գնալով՝ դեմ առավ դ’Արտանյանին, որն ամեն ինչ տեսել էր և այժմ գնում էր նրան ընդառաջ։

— Ձեզ է ուղարկված, տեր իմ,— ասաց Պլանշեն՝ նամակը տալով երիտասարդին։

— Ի՞նձ,— հարցրեց դ’Արտանյանը։— Դու հավատացած ես։

— Գրողը տանի։ Ի՛նչ իմանամ։ Սպասուհին ասաց՝ «Կտաք ձեր տիրոջը»։ Ես ուրիշ տեր չունեմ, բացի ձեզնից, նշանակում է... Բայց ի՜նչ լավիկն էր այդ սպասուհին։

Դ’Արտանյանը նամակը բաց արեց և կարդաց հետևյալը.

«Մի կին, որը ձեզնով հետաքրքրվում է ավելի, քան կարող էր արտահայտել, կցանկանար իմանալ, դուք ե՛րբ ի վիճակի կլինեք զբոսանքի գնալ անտառ։ Վաղը «Ոսկե դաշտ» հյուրանոցում սև ու կարմիր լիվրե հագած մի սպասավոր ձեր պատասխանին կսպասի»։

— Օհո՜,— ինքն իրեն մտածեց դ’Արտանյանը։— Ինչպիսի՜ զուգադիպություն։ Երևում է՝ ես էլ, միլեդին էլ հետաքրքրվում ենք միևնույն անձի առողջությամբ։ Է՛յ, Պլանշե, ինչպե՞ս է պարոն դը Վարդը։ Ամեն բանից երևում է, որ նա չի մեռել։

— Ոչ, տեր իմ, նա իրեն լավ է զգում, որքան այդ հնարավոր է չորս վերք ունեցող մարդու համար։ Ախր դուք, կշտամբանք չհամարեք ասածս, այդ աղավնյակին սուսերի չորս վերք եք հասցրել, և նա դեռ շատ թույլ է, որովհետև համարյա ամբողջովին արնաքամ է եղել։ Ինչպես որ ես կարծում էի, տեր իմ, Լյուբենն ինձ չճանաչեց և մեր այն արկածը պատմեց ինձ սկզբից մինչև վերջ։

— Հիանալի է։ Պլանշե՛, դու սպասավորների թագավոր ես։ Իսկ հիմա նստիր ձիդ և եկ հասնենք կառեթի հետևից։

Դա շատ ժամանակ չխլեց. հինգ րոպեից նրանք տեսան կառեթը, որը կանգ էր առել ճանապարհի եզրին։ Շքեղ հագնված մի ձիավոր ձին խաղացնում էր դռնակի առաջ։ Միլեդին և ձիավորն այնպես էին տարված խոսակցությունով, որ երբ դ’Արտանյանը կանգ առավ կառեթի մյուս կողմում, բացի սիրունիկ սպասուհուց ուրիշ ոչ ոք չնկատեց նրա ներկայությունը։

Խոսում էին անգլերեն, որ դ’Արտանյանը չգիտեր, սակայն խոսակցության տոնից երիտասարդը հասկացավ, որ չքնաղ անգլուհին խիստ զայրացած է։ Նրա վերջին շարժումը ոչ մի տարակույս չէր թողնում խոսակցության բնույթի մասին։ Միլեդին այնպիսի զայրույթով սեղմեց իր հովհարը, որ կանացի այդ փոքրիկ իրը հազար կտոր եղավ։

Ձիավորը սկսեց քրքջալ, որն ըստ երևույթին է՛լ ավելի բարկացրեց միլեդիին։

Դ’Արտանյանը որոշեց, որ միջամտելու ժամանակն է։ Նա մոտեցավ կառեթի մյուս դռնակին և հարգանքով գլխարկը վերցրեց։

— Տիրուհի,— ասաց նա,— թույլ տվեք ինձ իմ ծառայությունը առաջարկել ձեզ։ Ինձ թվում է, որ այս ձիավորը զայրացրեց ձեզ։ Միայն մի խոսք ասացեք, և ես հանձն եմ առնում պատժել նրան իր ո՛չ հարգալից վերաբերմունքի համար։

Դ’Արտանյանի առաջին իսկ խոսքերի վրա միլեդին զարմացած շուռ եկավ նրա կողմը։

— Պարոն,— պատասխանեց նա հիանալի ֆրանսերենով, երբ երիտասարդը վերջացրեց իր խոսքը,— ես սիրով կհանձնվեի ձեր հովանավորությանը, եթե ինձ հետ վիճող մարդը իմ եղբայրը չլիներ։

— Օ՜, այդ դեպքում ներեցեք ինձ,— ասաց դ’Արտանյանը։— Դուք, իհարկե, հասկանում եք, տիրուհի, որ ես այդ չգիտեի։

— Ինչի՞ համար է այս թեթևսոլիկը խառնվում ուրիշի գործերին,— դեպի դռնակը կռանալով գոռաց ձիավորը, որին միլեդին իր ազգականն անվանեց։— Ինչո՞ւ սա իր ճամփով չի գնում։

— Դուք ինքներդ եք թե թեթևսոլիկ,— պատասխանեց դ’Արտանյանը՝ իր հերթին կռանալով դեպի ձիու պարանոցը և պատասխանելով այն դռնակի կողմից, որի մոտ կանգնած էր։— Ես իմ ճամփով չեմ գնում, որովհետև ուզեցի այստեղ կանգ առնել։

Ձիավորը իր քրոջը մի քանի խոսք ասաց անգլերեն լեզվով։

— Ես ձեզ հետ ֆրանսերեն եմ խոսում,— ասաց դ’Արտանյանը,— բարի եղեք, պատասխանեցեք ինձ նույն լեզվով։ Դուք այս տիկնոջ եղբայրն եք, հիանալի է, թող այդպես լինի, բայց, բարեբախտաբար, դուք ինձ եղբայր չեք գալիս։

Կարելի էր ենթադրել, թե միլեդին իր սեռին հատուկ վախկոտությամբ կմիջամտի, որպեսզի կանխի ծայր առնող վեճը, և չի թողնի շատ հեռու գնալ, բայց նա, ընդհակառակն, խրվեց կառեթի խորքում և կառապանին հանգիստ հրամայեց.

— Տո՛ւն։

Սիրունիկ սպասուհին մի անհանգիստ հայացք գցեց դ’Արտանյանի վրա, որի գեղեցիկ արտաքինը, ըստ երևույթին, տպավորություն էր թողել նրա սրտում։

Կառեթը հեռացավ և երկու տղամարդկանց թողեց դեմ֊դիմաց։ Այլևս ոչ մի առարկայական արգելք չէր բաժանում նրանց։

Ձիավորը մի շարժում արեց, ասես ցանկանալով հետևել կառեթին, բայց դ’Արտանյանը, որի զայրույթը բռնկել էր նոր ուժով, որովհետև ճանաչեց, որ դա հենց այն անգլիացին է, որը Ամիենում խաղում տարավ իր ձին և քիչ էր մնացել Աթոսից էլ ադամանդը տաներ, ձիգ տվեց իր ձիու սանձը և կանգնեցրեց անգլիացուն։

— Է՜յ, պարո՛ն,— ասաց նա,— կարծես թե դուք ավելի մեծ թեթևսոլիկ եք, քան ես։ Հո չե՞ք մոռացել, որ մեր մինչև մի փոքրիկ վեճ է սկսվել։

— Ա՜խ, այդ դո՞ւք եք, պարոն,— ասաց անգլիացին։— Ինչպես երևում է, դուք շարունակ խաղ եք խաղում, եթե ո՛չ այս, ապա գոնե մի ուրիշ խաղ։

— Այո, և դուք ինձ հիշեցրիք, որ ես դեռ պետք է ետ շահեմ։ Մի տեսնենք, սիրելիս, արդյոք դուք նույնքա՞ն հմտորեն տիրապետում եք սուսերին, որքան բաժակի մեջ գցած զառերին։

— Դուք շատ լավ տեսնում եք, որ ինձ մոտ սուսեր չկա,— ասաց անգլիացին։— Գուցե ձեզ հաճելի է ձեր քաջությունը ցուցաբերել անզեն մարդո՞ւ առաջ։

— Հուսով եմ, որ տանը դուք սուսեր կունենաք,— առարկեց դ’Արտանյանը։— Այսպես թե այնպես, ես երկու սուսեր ունեմ, և եթե ուզում եք, մեկը տանուլ կտամ ձեզ։

— Այդ ավելորդ է,— ասաց անգլիացին,— ես էլ այդ բանից շատ ունեմ։

— Հիանալի է, պատվարժան ասպետ,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ուրեմն ընտրեցեք նրանցից ամենաերկարը և այս երեկո ցույց տվեք ինձ։

— Որտե՞ղ դուք կուզենայիք տեսնել այն։

— Լյուքսեմբուրգյան պալատի հետևում։ Դա հիանալի տեղ է այդ կարգի զբոսանքների համար։

— Լավ, ես կլինեմ այնտեղ։

— Ե՞րբ։

— Ժամը վեցին։

— Ի դեպ, հավանորեն դուք կունենաք մեկ֊երկու բարեկամ։

— Ես ունեմ երեք բարեկամ, և նրանք բոլորն էլ պատիվ կհամարեն ընկերակցել ինձ։

— Երե՞ք։ Հիանալի բան։ Ի՜նչ զուգադիպություն,— ասաց դ’Արտանյանը։— Ճիշտ այդքան էլ ես ունեմ։

— Այժմ ասացեք ինձ, ո՞վ եք դուք,— հարցրեց անգլիացին։

— Ես դ’Արտանյանն եմ, գասկոնացի ազնվական, պարոն Դեզեսարի վաշտի գվարդիական։ Իսկ դո՞ւք։

— Ես լորդ Վինտերն եմ, բարոն Շեֆիլդը։

— Հիանալի է։ Ես ձեր խոնարհ ծառան եմ, պարոն բարոն,— ասաց դ’Արտանյանը,— թեև դուք շատ դժվար մտապահվող անուն ունեք։

Ապա ձիուն խթանելով՝ նա քշեց քառատրոփ և ետ գնաց Փարիզ։

Ինչպես միշտ այդպիսի դեպքերում, դ’Արտանյանը գնաց ուղիղ Աթոսի մոտ։

Աթոսը պառկել էր երկար թախտի վրա և, եթե իր սեփական խոսքով արտահայտվելու լինենք, սպասում էր, որ հանդերձանքն ինքնիրեն գա իր մոտ։

Դ’Արտանյանը պատմեց նրան ամեն ինչ, լռության մատնելով միայն դը Վարդին ուղղված նամակը։

Աթոսը ցնծության մեջ ընկավ, մանավանդ, երբ իմացավ, որ նա կռվելու է անգլիացու հետ։ Մենք արդեն ասել ենք, որ նա շարունակ դրա մասին էր երազում։

Ընկերները իսկույն իրենց սպասավորներին ուղարկեցին Պորտոսի և Արամիսի մոտ և նրանց էլ իմաց տվին պատահածը։

Պորտոսը սուսերը հանեց պատյանից և սկսեց հարվածներ հասցնել պատին, մերթընդմերթ ետ ցատկելով և պլիե անելով, ինչպես պարի ժամանակ։ Արամիսը, որ դեռ իր պոեմի վրա էր աշխատում, փակվեց Աթոսի կաբինետում և խնդրեց մինչև մենամարտի ժամը չանհանգստացնել իրեն։

Աթոսը նշանացի Գրիմոյից մի շիշ գինի պահանջեց։

Իսկ ինչ վերաբերում է դ’Արտանյանին, նա իր համար մի փոքրիկ ծրագիր էր կազմել, որի իրականացումը մենք կտեսնենք հետագայում, և որն, ըստ երևույթին, ինչ֊որ հաճելի արկած էր խոստանում նրան, եթե դատելու լինենք ըստ այն ժպիտի, որը մերթընդմերթ խաղում էր երիտասարդի շուրթերին և պայծառացնում նրա մտախոհ դեմքը։

Comments