Chapter 30
Առաջին մաս XXIX. Ջանքեր հանդերձավորման համար
Ինքնին հասկանալի է, որ չորս ընկերներից ամենից ավելի մտահոգված էր դ’Արտանյանը, թեև որպես գվարդիական, նրա հանդերձավորումն ավելի դյուրին էր, քան պարոն հրացանակիրներինը, որոնք նշանավոր ծագում ունեցող մարդիկ էին։ Բայց մեր երիտասարդ գասկոնացին, որը, ինչպես ընթերցողն էլ կարող է նկատած լինել, աչքի էը ընկնում իր հեռատեսությամբ և համարյա ժլատությամբ, միևնույն ժամանակ (մարդ ինչպե՞ս բացատրի այսպիսի հակասությունը) համարյա ավելի շատ սնափառ էր, քան նույնիսկ Պորտոսը։ Ճիշտ է, բացի իր սնափառությունը բավարարելու հոգսերից դ’Արտանյանը միաժամանակ ուրիշ անհանգստություն էլ ուներ, որ ավելի քիչ եսասիրական բնույթ ուներ։ Չնայած տիկին Բոնասիեի մասին արված բոլոր հարցուփորձերին, նրան չհաջողվեց որևէ տեղեկություն իմանալ։
Պ֊րն դը Տրևիլը տիկին Բոնասիեի մասին պատմել էր թագուհուն։ Թագուհին չէր իմանում, թե որտեղ է արդուզարդի վաճառականի երիտասարդ կինը և խոստացել էր որոնումներ սկսել, սակայն այդ խոստումը շատ անորոշ բան էր և ամենևին չէր հանգստացնում դ’Արտանյանին։
Աթոսը իր սենյակից դուրս չէր գալիս։ Նա որոշել էր ոչ մի քայլ չանել հանդերձանք ձեռք բերելու համար։
— Մենք դեռ երկու շաբաթ ժամանակ ունենք,— ասում էր նա իր ընկերներին,— եթե մինչև այդ երկու շաբաթվա վերջը ես ոչ մի բան չգտնեմ կամ, ավելի ճիշտ՝ ոչ մի բան ինձ չգտնի, ապա ես, որպես իսկական կաթոլիկ, որը չի ցանկանում գնդակը խփել իր ճակատին, կռիվ կսկսեմ նորին սրբազնության չորս գվարդիականի կամ ութ անգլիացու հետ և կկռվեմ այնքան, մինչև որ սրանցից մեկն ու մեկը կսպանի ինձ, մի բան, որ նկատի ունենալով նրանց թիվը միանգամայն անխուսափելի է։ Այն ժամանակ մարդիկ կասեն, որ ես թագավորի համար եմ մեռել, հետևապես ես իմ պարտքը կատարած կլինեմ առանց հանդերձանքի կարիք ունենալու։
Պորտոսը ձեռքերը մեջքին դրած քայլում էր սենյակում, գլուխն օրորում ու կրկնում.
— Ես իմ ծրագիրը կիրականացնեմ։
Արամիսը՝ մռայլ և մազերն անփույթ սանրած՝ ոչ սի խոսք չէր ասում։
Այս բոլոր չարագուշակ նշանները պարզ ցույց էին տալիս, որ ընկերների խմբում լիակատար վհատություն էր թագավորում։
Ծառաներն էլ իրենց հերթին Իպոլիտի<ref>Իպոլիտ֊Թեսեոսի՝ որդին՝ ըստ հին հունական առասպելաբանության։ Մերժելով խորթ մոր՝ Ֆեդրայի սերը, նրա հրահրմամբ կործանվեց Պոսեյդոն աստծո կողմից, ծովահրեշից ահաբեկված ձիերը նրան վայր գցեցին մարտակառքից, և նա զոհվեց, զոհվեցին նաև ձիերը։</ref> մարտական ձիերի նման բաժանում էին իրենց տերերի տխուր վիճակը։ Մուշկետոնը պաքսիմատ էր չորացնում, Բազենը, որ միշտ աչքի էր ընկնում բարեպաշտական հակումներով, եկեղեցուց դուրս չէր գալիս։ Պլանշեն ճանճերն էր հաշվում, իսկ Գրիմոն, որին նույնիսկ ընդհանուր վհատությունը չէր կարող ստիպել խախտել իր տիրոջ պատվիրած լռությունը, այնպես էր հառաչում, որ անգամ քարի գութը կարող էր շարժել։
Երեկ ընկերները— որովհետև, ինչպես մենք վերը ասացինք, Աթոսը երդվել էր ոչ մի քայլ չանել հանդերձավորման համար,— այսպես ուրեմն, երեք ընկերները տանից դուրս էին գալիս վաղ առավոտյան և վերադառնում էին շատ ուշ։ Նրանք թափառում էին փողոցներում և դիտում սալահատակի ամեն մի քարը, ասես նայում էին, թե որևէ մի անցորդ չի՞ գցել իր քսակը։
Նրանք ամեն մի հանդիպած բանի այնպես ուշադիր էին նայում, թվում էր, թե ինչ֊որ մարդ են որոնում։ Իսկ երբ հանդիպում էին իրար, հուսահատական հայացքներ էին փոխանակում, ասես հարցնում էին. «Է՛, ոչինչ չե՞ս գտել»։
Սակայն Պորտոսը, որն առաջինն էր կազմել իր ծրագիրը և շարունակում էր համառորեն մտածել նրա մասին, առաջինն էլ սկսեց այդ ծրագրի կենսագործումը։ Նա, մեր այդ պատվարժան Պորտոսը, եռանդուն մարդ էր։ Մի անգամ դ’Արտանյանը նկատելով, որ Պորտոսը գնում է դեպի Սեն Լե եկեղեցին, ասես մի ինչ֊որ մղումով հետևեց նրան։ Սուրբ վանքը մտնելուց առաջ Պորտոսը բեղերը ոլորեց և սուր մորուքը շոյեց, մի բան, որ ցույց էր տալիս նրա ամենամարտաշունչ մտադրությունը։ Դ’Արտանյանը գնաց նրա հետևից, աշխատելով աչքին չերևալ։ Պորտոսը հենվեց մի սյան։ Դ’Արտանյանը, աննկատ մնալով նրանից, հենվեց նույն սյունին, բայց հակառակ կողմից։
Այդ ժամանակ քահանան հենց քարոզ էր կարդում, և եկեղեցին լիքն էր մարդկանցով։ Օգտվելով այդ հանգամանքից՝ Պորտոսն սկսեց գաղտագողի դիտել կանանց։ Մուշկետոնի ջանքերի շնորհիվ հրացանակրի արտաքինն ամենևին չէր արտահայտում այն վհատությունը, որ տիրապետում էր նրա հոգուն։ Ճիշտ է, գլխարկը մի քիչ մաշված էր, փետուրը մի փոքր խունացած, հագուստը մի քիչ գունաթափ և ժանյակները խիստ քրքրված, սակայն կիսախավարի մեջ այդ բոլոր մանրամասնությունները կորչում էին, և Պորտոսն էլի նույն գեղեցկատես Պորտոսն էր։
Դ’Արտանյանի և Պորտոսի հենված սյունից ամենից ավելի մոտիկ գտնվող նստարանին դ’Արտանյանը տեսավ մի չափահաս գեղեցկուհու, սև գլխարկով, ինքը մի փոքր դեղնած էր, ոսկրոտ, բայց գլուխը պահում էր բարձր՝ մեծամտորեն։ Պորտոսի հայացքը գաղտնաբար կանգ առավ այդ տիկնոջ վրա, ապա սահեց առաջ, դեպի եկեղեցու խորքը։
Տիկինն էլ իր հերթին կարմրատակելով՝ շուտ֊շուտ հայացքներ էր գցում Պորտոսի վրա, որի աչքերը սկսեցին թափառել եկեղեցում։ Ակներև էր, որ նրա այդ վարմունքը կպչում էր սև գլխարկավոր տիկնոջ սրտին, նա արյունոտելու չափ կծում էր շրթունքները, քորում էր քթի ծայրը և հուսահատ շուռումուռ գալիս նստարանի վրա։
Այս բանը նկատելով՝ Պորտոսը նորից բեղերը ոլորեց, կրկին անգամ մորուքը շոյեց և սկսեց նշաններ անել բեմի մոտ նստած մի տիկնոջ, որը ոչ միայն գեղեցիկ էր, այլև, ըստ երևույթին, նշանավոր տոհմից էր, որովհետև նրա հետևում կանգնած էին մի նեգր, որը նրա ծնրադրության բարձն էր բերել, և մի սպասուհի, որը ձեռքին ուներ աղոթագրքի տոպրակը, որի վրա ասեղնագործված էր մի զինանիշ։
Սև գլխարկավոր տիկինը հետևեց Պորտոսի հայացքին և տեսավ, որ այդ հայացքը կանգ է առնում թավշակար բարձ ունեցող տիկնոջ վրա, որի հետևում կանգնած էին նեգրն ու սպասուհին։
Մինչդեռ Պորտոսը վարպետ խաղ էր խաղում. նա աչքով էր անում, մատները հպում էր շուրթերին, սպանիչ ժպիտներ էր ուղարկում, որոնք իրականում սպանում էին դեպի նա շուռ եկած գեղեցկուհուն։
Վերջապես իր կրծքին խփելով, ասես «mea culpa»<ref>Լատիներեն դատական տերմին, որ նշանակում է՝ ես եմ հանցավոր։</ref> արտասանելով՝ տիկինը այնպիսի մի բարձրաձայն «հըմ» արձակեց, որ բոլորը, նույնիսկ կարմիր բարձավոր տիկինը, շուռ եկան նրա կողմը։ Պորտոսը կարողացավ իրեն զսպել. նա ամեն ինչ հասկացավ, բայց խուլ ձևացավ։
Կարմիր բարձավոր տիկինը իսկապես շատ գեղեցիկ էր և ուժեղ տպավորություն գործեց սև գլխարկավոր տիկնոջ վրա, որը ի դեմս նրա իսկապես վտանգավոր ախոյան էր տեսնում, Պորտոսի վրա ևս, որը գտնում էր, որ նա շատ ավելի գեղեցիկ է սև գլխարկավոր տիկնոջից, դ’Արտանյանի վրա ևս, որը ճանաչեց, որ դա հենց այն տիկինն է, որին ինքը տեսել էր Մենգում, Կալեում ու Դուվրում և որին իրեն հալածող սպիավոր մարդն անվանում էր միլեդի։
Աչքը չհեռացնելով կարմիր բարձավոր տիկնոջից, դ’Արտանյանը շարունակում էր հետևել Պորտոսի շարժուձևերին, որը շատ էր հետաքրքրում նրան։ Նա մտածեց, որ սև գլխարկավոր տիկինը հենց ինքը՝ Արջի փողոցում ապրող դատախազի կինն է, մանավանդ, որ Սեն Լե եկեղեցին առանձնապես հեռու չէր այնտեղից։
Հետագա հետևություններում՝ դ’Արտանյանը նաև մտածեց, որ Պորտոսը ուզում է դատախազի կնոջից վրեժ լուծել Շանտիլիեում կրած իր պարտության համար, երբ այդ կինն այնպիսի համառություն ցուցաբերեց իր քսակի նկատմամբ։
Սակայն դ’Արտանյանը նկատեց նաև, որ ոչ ոք, վճռականապես ոչ ոք չէր արձագանքում Պորտոսի սիրազեղ հայացքներին։ Այդ բոլորը միայն ցնորք էին ու պատրանք, բայց մի՞թե իսկական սիրո, իսկական խանդի համար գոյություն ունի այլ իրականություն, քան պատրանքն ու ցնորքն է։
Քարոզը վերջացավ։ Դատախազի կինը գնաց դեպի սուրբ մեռոնի սկիհը։ Պորտոսը նրա առաջն անցավ և փոխանակ մատը խրելու, ամբողջ ձեռքը խրեց սկիհի մեջ։ Դատախազի կինը ժպտաց, կարծելով թե Պորտոսն իր համար է անում այդ, բայց նրան սպասում էր մի անակնկալ ու դաժան հիասթափություն, երբ տիկինը նրանից մի երեք քայլ էր հեռու, Պորտոսը շուռ եկավ և հայացքը հառեց կարմիր բարձավոր տիկնոջ վրա, որը տեղից վեր էր կացել և այժմ մոտենում էր նեգրի և սպասուհու ուղեկցությամբ։
Երբ կարմիր բարձավոր տիկինը արդեն Պորտոսի կողքին էր, վերջինս սկիհից հանեց իր մեռոնաթաթախ ձեռքը։ Չքնաղ տիկինը իր քնքուշ թաթիկը դիպցրեց Պորտոսի ահագին ձեռքին, ժպտաց, երեսին խաշ հանեց և դուրս գնաց եկեղեցուց։
Այդ չափից դուրս էր. դատախազի կինն այլևս չէր կասկածում, որ այդ տիկնոջ և Պորտոսի միջև սիրային կապ կա։ Եթե նա մի նշանավոր տիկին լիներ, կուշաթափվեր, բայց նա միայն դատախազի կին էր և բավարարվեց նրանով, որ իր ցասումը զսպելով՝ հրացանակրին ասաց.
— Ա՜խ, ա՜յ թե ինչ, պարոն Պորտոս, նշանակում է դուք այլևս ինձ մեռոն չե՞ք առաջարկում։
Նրա ձայնի վրա Պորտոսը ցնցվեց, ինչպես մի մարդ, որն արթնանում է հարյուրամյա քնից։
— Տի... տիրուհի՜,— գոչեց նա։— Այդ դո՞ւք եք։ Ինչպե՞ս է ձեր ամուսինը, ամենահարգելի պարոն Կոկնարը։ Ի՛նչ է, էլի առաջվա պես ժլա՞տն է։ Այդ որտե՞ղ են եղել իմ աչքերը։ Ինչպե՞ս է եղել, որ երկու ժամ տևող քարոզի ընթացքում ես չեմ նկատել ձեզ։
— Ես նստած էի ձեզնից երկու քայլի վրա, պարոն,— պատասխանեց դատախազի կինը,— բայց դուք ինձ չնկատեցիք, որովհետև աչք չէիք կտրում այն գեղեցիկ տիկնոջից, որին հենց նոր մեռոն մատուցեցիք։
Պորտոսը շփոթված ձևացավ։
— Ա՜խ, ա՜յ թե ինչ,— ասաց նա,— դուք այդ տեսա՞ք...
— Կույր պետք էր լինել չտեսնելու համար։
— Այո,— անփութորեն ասաց Պորտոսը,— դա մի դքսուհի է, իմ բարեկամուհին։ Իր ամուսնու խանդոտության պատճառով մեզ համար շատ դժվար է հանդիպել իրար, և ահա ինձ իմաց է տվել, որ այսօր գալու է այս խղճուկ եկեղեցին, այսպիսի մի խուլ անկյուն, միայն նրա համար, որ կարողանա ինձ տեսնել։
— Պարոն Պորտոս,— ասաց դատախազի կինը,— արդյոք այնքան բարի չե՞ք լինի, որ մի հինգ րոպեով ձեր թևը տաք ինձ։ Ես ուզում էի խոսել ձեզ հետ։
— Սիրով, տիրուհիս,— պատասխանեց Պորտոսը աննկատելի աչքով անելով ինչպես մի խաղամոլ, որը պատրաստվում է մի ճարպիկ քայլ անելու։
Այդ րոպեին նրանց կողքով անցավ դ’Արտանյանը, որը հետևում էր միլեդիին։ Նա նայեց Պորտոսին և նկատեց նրա հաղթական հայացքը։
«Էհե՜,— ինքն իրեն մտածեց նա՝ անելով մի հետևություն, որ լիովին համապատասխանում էր այդ թեթևամիտ դարաշրջանին հատուկ զարմանալի թեթև բարքերի ոգուն,— չգիտեմ ով ինչպես, բայց Պորտոսն անպայման նշանակված ժամանակին հանդերձավորված կլինի»։
Հնազանդվելով դատախազի կնոջ ձեռքսեղմումին, ինչպես մակույկն է հնազանդվում ղեկին, Պորտոսը հասավ Սեն Մագլուար վանքի բակը, որը երկու կողմերից ցանկապատված մի առանձնացած վայր էր։ Ցերեկն այնտեղ կարելի էր տեսնել միայն մուրացկանների, որոնք ինչ֊որ բան էին ծամում, և մեկ էլ խաղացող երեխաների։
— Ա՜խ, պարոն Պորտոս,— գոչեց դատախազի կինը, համոզվելով, որ բացի այդ անկյան մշտական հաճախորդներից, ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել ու լսել նրանց,— ա՜խ, պարոն Պորտոս, դուք երևի սրտեր որսացող սոսկալի մարդ եք։
— Ե՞ս, տիրուհի,— հարցրեց Պորտոսը կուրծքը դուրս գցելով։— Ինչո՞ւ եք այդպես կարծում։
— Հապա այն նշանները, որ դուք հենց նոր անում էիք, հապա մեռոնը։ Ո՞վ է այդ տիկինը, որի հետ նեգր և սպասուհի կային։ Երևի առնվազն իշխանուհի է նա։
— Սխալվում եք,— պատասխանեց Պորտոսը,— նա ընդամենը դքսուհի է։
— Իսկ սուրհանդակը, որ սպասում էր նրան մուտքի մոտ, իսկ կառեթը, շքեղ հագուստով կառապանը, որը տեղում նստած նրան էր սպասում։
Պորտոսը չէր նկատել ո՛չ սուրհանդակին, ո՛չ կառեթը, բայց տիկին Կոկնարը կանացի խանդոտ հայացքով ամեն ինչ տեսել էր։
Պորտոսն ափսոսաց, որ կարմիր բարձավոր տիկնոջը միանգամից իշխանուհի չի անվանել։
— Ա՜խ, պարոն Պորտոս,— հառաչանքով շարունակեց դատախազի կինը,— ձեզ երես են տվել գեղեցիկ կանայք։
— Դուք ինքներդ էլ հասկանում եք,— պատասխանեց Պորտոսը,— որ այնպիսի արտաքինով, ինչպիսին շնորհել է ինձ բնությունը, ես սիրային արկածների պակասություն չեմ ունենա։
— Օ՜, աստվա՜ծ իմ, ի՜նչ մոռացկոտ են տղամարդիկ,— գոչեց դատախազի կինը աչքերը երկինք գցելով։
— Այնուամենայնիվ այնքան մոռացկոտ չեն, որքան կանայք,— պատասխանեց Պորտոսը։— Այ ես... համարձակորեն կարող եմ ասել, տիրուհի, որ ձեր զոհը դարձա, երբ վիրավոր, մեռնում էի բժիշկների կողմից լքված, երբ ես, նշանավոր տոհմի շառավիղս, հավատալով ձեր բարեկամությանը, քիչ մնաց պիտի մեռնեի նախ՝ վերքից, ապա՝ քաղցից, ընկած լինելով Շանտիլիեի աղքատիկ հյուրանոցում, մինչդեռ դուք պատասխանի էլ չարժանացրիք իմ բոցաշունչ նամակները, որ ես գրում էի ձեզ։
— Լսեցեք ինձ, պարոն Պորտոս...— մրմնջաց դատախազի կինը, զգալով, որ համեմատած այն ամենի հետ, ինչպես վարվում էին ամենաանվանի տիկինները, ինքն իրոք մեղավոր է եղել։
— Ես, որ ձեր պատճառով զոհաբերեցի բարոնուհի դը...
— Ես այդ գիտեմ։
— ...կոմսուհի դը...
— Օ՜, աստվա՜ծ իմ, Պորտոս, խնայեցեք ինձ։
— ...դքսուհի դը...
— Պարոն Պորտոս, մեծահոգի եղեք։
— Լավ, տիրուհի, ես լռում եմ։
— Բայց, ախր, իմ ամուսինը վարկի մասին լսել անգամ չի ուզում։
— Տիկին Կոկնար,— ասաց Պորտոսը,— հիշեցեք ձեր առաջին նամակը, որ դուք գրել էիք ինձ և որն ընդմիշտ տպավորվել է իմ հիշողության մեջ։
Դատախազի կինը խորը հառաչանք արձակեց։
— Բանն այն է, որ դուք իսկապես խիստ մեծ գումար էիք խնդրել։
— Տիկին Կոկնար, ես ձեզ նախապատվությունը տվեցի։ Բավական էր, որ գրեի դքսուհի դը... բայց ես նրա անունը չեմ տա, որովհետև միշտ խնայում եմ կնոջ պատիվը։ Մի խոսքով, բավական էր, որ ես նրան գրեի, և նա իսկույն կուղարկեր ինձ մեկ ու կես հազար։
Դատախազի կինը արցունք թափեց։
— Պարոն Պորտոս,— ասաց նա,— երդվում եմ ձեզնով, որ ես դաժանորեն պատժված եմ, և եթե ապագայում նույնպիսի դրության մեջ լինեք, բավական է միայն, որ ինձ դիմեք։
— Ինչպե՜ս չեք ամաչում դուք, տիկին,— ասաց Պորտոսը՝ զայրացած ձևանալով։— Խնդրում եմ ձեզ չխոսենք փողի մասին, դա ստորացուցիչ է։
— Ուրեմն դուք այլևս չե՞ք սիրում ինձ,— դանդաղ ու տխուր հարցրեց դատախազի կինը։
Պորտոսը վեհաշուք լռություն պահպանեց։
— Ավա՜ղ, ձեր այդ պատասխանը, ես հասկանում եմ։
— Հիշեցեք այն վիրավորանքը, որ դուք հասցրել եք ինձ, տիկին։ Այդ վիրավորանքը թաղված է այստեղ,— ասաց Պորտոսը ձեռքը ամուր սեղմելով սրտին։
— Հավատացեք, ես կհարթեմ այն, սիրելի Պորտոս։
— Եվ ի՞նչ էի խնդրել ես ձեզնից,— շարունակեց Պորտոսը ամենամիամիտ ձևով ուսերը թոթվելով։— Պարտք տալ ինձ, միմիայն պարտք։
— Վերջիվերջո ես հո անխելք չեմ, ես գիտեմ, տիկին Կոկնար, որ դուք հարուստ չեք և որ ձեր ամուսինը իր մոտ եկած հայցատերերից վերջին խղճուկ էքյուներն է քամում։ Ուրիշ բան է, եթե դուք կոմսուհի լինեիք, մարքիզուհի կամ դքսուհի, օ՜, այն ժամանակ ձեր վարմունքը բոլորովին աններելի կլիներ։
Դատախազի կինը նեղացավ։
— Գիտե՞ք արդյոք, պարոն Պորտոս,— ասաց նա,— որ իմ դրամատուփը, թեև այն ընդամենը մի դատախազի կնոջ դրամատուփ է, շատ ավելի տռուզ է լցրած դրամով, քան ձեր այդ բոլոր սնանկացած սեթևեթ կանանց դրամատուփերը։
— Այդ դեպքում, տիկին Կոկնար, դուք կրկնակի եք վիրավորել ինձ,— ասաց Պորտոսը՝ իր թևն ազատելով դատախազի կնոջ ձեռքից,— որովհետև, եթե դուք հարուստ եք, ապա ուրեմն ձեր մերժումը ոչ մի արդարացում չունի։
— Երբ ես ասում եմ «հարուստ եմ», չպետք է իմ ասածը տառացի հասկանալ,— ուշքի եկավ դատախազի կինը, տեսնելով, որ չափից ավելի հեռուն է գնացել։— Ես, չի կարելի ասել, թե հարուստ եմ, բայց միջոցներ ունեմ։
— Գիտե՞ք ինչ, տիկին,— ասաց Պորտոսը,— վերջ տանք այս խոսակցությանը, խնդրում եմ ձեզ։ Դուք հրաժարվել եք ինձնից։ Մեր միջև ամեն մի մտերմություն վերջացած է։
— Ապերա՛խտ։
— Ախ, դուք դեռ դժգո՞հ եք,— ասաց Պորտոսը։
— Գնացեք ձեր չքնաղ դքսուհու մոտ։ Ես այլևս չեմ պահում ձեզ։
— Ի՛նչ կա որ։ Իմ կարծիքով նա այնքան էլ վատը չէ։
— Լսեցեք, պարոն Պորտոս, վերջին անգամ եմ հարցնում, դուք դեռ սիրո՞ւմ եք ինձ։
— Ավա՜ղ, տիկին,— ասաց Պորտոսը ամենաթախծոտ տոնով, որին միայն ընդունակ էր նա,— երբ մենք արշավի դուրս կգանք, որտեղ, եթե հավատալու լինեք իմ նախազգացումներին, ես կսպանվեմ...
— Օ՜, մի՛ ասեք այդպիսի բաներ,— գոչեց դատախազի կինը առատ հեկեկալով։
— Ինչ֊որ այդպիսի նախազգացում ունեմ,— շարունակեց Պորտոսը՝ ավելի ու ավելի տխրամած տեսք ընդունելով։
— Ավելի լավ է ասացեք, որ դուք մի նոր սիրային արկած ունեք։
— Ո՛չ, ո՛չ, ես անկեղծ եմ խոսում, ինձ ոչ մի նոր բան չի հետաքրքրում և դեռ ավելին. ես զգում եմ, որ այստեղ, սրտիս խորքում ձեզ եմ ձգտում։ Բայց, ինչպես ձեզ հայտնի է, կամ գուցե հայտնի չէ, երկու շաբաթից մենք դուրս ենք գալու այդ ճակատագրական արշավին, և ես խիստ զբաղված եմ լինելու իմ հանդերձավորումով։ Ստիպված եմ գնալ Բրետանի խորքերը, իմ հարազատների մոտ, որպեսզի անհրաժեշտ գումարը բերեմ...— Պորտոսը նկատեց սիրո և ժլատության վերջին մենամարտը։— Եվ որովհետև այն դքսուհու կալվածքը, որին հենց նոր դուք տեսաք եկեղեցում,— շարունակեց նա,— իմ կալվածքի կողքին է գտնվում, ապա մենք գնալու ենք միասին։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ ճանապարհը միշտ ավելի կարճ է թվում, երբ երկու հոգով ես ճանապարհորդում։
— Նշանակում է՝ դուք Փարիզում մտերիմներ չունե՞ք, պարոն Պորտոս,— հարցրեց դատախազի կինը։
— Ես կարծում էի, թե ունեմ,— պատասխանեց Պորտոսը՝ նորից տխուր տեսք ընդունելով,— բայց հիմա հասկացա, որ սխալված եմ եղել։
— Դուք ունե՛ք, ունե՛ք բարեկամներ, պարոն Պորտոս,— գոչեց դատախազի կինը՝ ինքն էլ զարմանալով իր պոռթկումից։— Վաղը եկեք մեր տուն։ Դուք իմ մորաքրոջ որդին կլինեք, հետևապես՝ իմ ազգականը։ Դուք եկել եք Պիկարդիայից, Նուայոնից։ Փարիզում դուք մի քանի դատավեճ ունեք և ծանոթ իրավաբան չունեք։ Կարո՞ղ եք հիշել այս բոլորը։
— Հիանալի կհիշեմ, տիկին։
— Կգաք ճաշի ժամին։
— Շատ լավ։
Եվ տեսեք, ավելորդ բառ չթռցնեք, որովհետև իմ ամուսինը, չնայած յոթանասունվեց տարեկան է, շատ խորաթափանց միտք ունի։
— Յոթանասունվեց տարեկա՜ն։ Գրողը տանի։ Պատկառելի հասակ է,— ասաց Պորտոսը։
— Դուք ուզում եք ասել «ծերության հասակ»։ Այո, պարոն Պորտոս, իմ խեղճ ամուսինը ամեն րոպե կարող է ինձ այրիացնել,— շարունակեց դատախազի կինը՝ բազմանշանակ հայացք գցելով Պորտոսի վրա։— Բարեբախտաբար, մեր ամուսնական պայմանագրի համաձայն, ամբողջ գույքը մնում է մեզնից նրան, ով ողջ կմնա։
— Ամբողջովի՞ն,— հարցրեց Պորտոսը։
— Ամբողջովին։
— Դուք, ինչպես տեսնում եմ, հեռատես կին եք, տիկին Կոկնար,— ասաց Պորտոսը, քնքշորեն սեղմելով նրա ձեռքը։
— Ուրեմն մենք հաշտվեցի՞նք, սիրելի պարոն Պորտոս,— հարցրեց դատախազի կինը կոտրատվելով։
— Ցմահ,— պատասխանեց Պորտոսը նույն տոնով։
— Դե, ուրեմն, ցտեսություն, իմ դավաճան։
— Ցտեսությո՜ւն, իմ թեթևամիտ։
— Մինչև վա՜ղը, իմ հրեշտակ։
— Մինչև վա՜ղը, իմ կյանքի լուսատու։