1. Երեք հրացանակիրներ

Chapter 28

Առաջին մաս XXVII. Աթոսի կինը

— Այժմ մնում է միայն իմանալ, թե ինչ է պատահել Աթոսին,— ասաց դ’Արտանյանը զվարթացած Արամիսին, երբ արդեն նրան պատմել էր այն բուռն նորությունները, որ տեղի էին ունեցել մայրաքաղաքում իրենց մեկնելուց հետո, և երբ սքանչելի ճաշը նրանցից մեկին ստիպել էր մոռանալ իր դիսերտացիան, իսկ մյուսին՝ հոգնածությունը։

— Մի՞թե դուք կարծում եք, որ նրան կարող էր դժբախտություն պատահել,— հարցրեց Արամիսը,— Աթոսն այնքան պաղարյուն է, այնքա՜ն քաջ և այնպե՜ս լավ է տիրապետում սուսերին։

— Այո, անտարակույս, և ես, ավելի քան որևէ մեկ ուրիշը, գնահատում եմ Աթոսի քաջությունն ու ճարպկությունը, բայց իմ կարծիքով ավելի լավ է մարդ իր սուսերը խաչաձևի նիզակի հետ, քան մահակի, և ես վախենում եմ, որ խաժամուժը կարող է ծեծած լինել Աթոսին, դրանք այնպիսի մարդիկ են, որ շատ թունդ են կռվում և կռիվը շուտ չեն դադարեցնում։ Ահա թե ինչու, խոստովանում եմ, ես կուզենայի որքան կարելի է շուտ ճանապարհ ընկնել։

— Ես կփորձեմ գալ ձեզ հետ,— ասաց Արամիսը,— թեև զգում եմ, որ հազիվ թե կարողանամ ձի նստել։ Երեկ փորձեցի գործի դնել այն մտրակը, պատից կախված, բայց ցավն արգելեց ինձ շարունակել այդ բարեպաշտական վարժությունը։

— Այդ նրանից է, սիրելի բարեկամս, որ դեռ ոչ ոք չի փորձել հրազենի պատճառած վերքը բուժել մտրակով, բայց դուք հիվանդ եք եղել, իսկ հիվանդությունը թուլացնում է մտավոր ունակությունները, ուստիև ես ներում եմ ձեզ։

— Այդ դեպքում մնաք բարով մինչև վաղը,— ասաց Արամիսը։— Թեպետ և դուք երկաթե կազմվածք ունեք, բայց չէ՞ որ դուք էլ քնի կարիք եք զգում։

Առավոտյան, երբ դ’Արտանյանը գնաց Արամիսի մոտ, վերջինս կանգնած էր իր սենյակի լուսամուտի առաջ։

— Այդ ի՞նչ եք դիտում,— հարցրեց դ’Արտանյանը։

— Նայում եմ այն երեք չքնաղ ձիերին, որ բռնել է ձիապանը, նայում եմ ու հիանում։ Էհ, միայն թագաժառանգը կարող է այդպիսի ձիերով ճամփորդելու բավականությանն արժանանալ։

— Եթե այդպես է, սիրելի Արամիս, ապա դուք կստանաք այդ բավականությունը, որովհետև այդ ձիերից մեկը ձերն է։

— Չի՛ կարող պատահել։ Ո՞րն է իմը։

— Որը ձեզ ավելի շատ դուր կգա, ես որն էլ լինի կվերցնեմ։

— Եվ վրայի այն շքեղ թա՞մբն էլ իմն է։

— Այո։

— Դուք ծիծաղում եք ինձ վրա, դ’Արտանյան։

— Այն պահից, երբ դուք սկսեցիք խոսել ֆրանսերեն, ես այլևս չեմ ծիծաղում։

— Այդ ոսկեկար թավշյա արդուզարդը, այդ արծաթազարդ թամբը, այդ ամենն ի՞մն է։

— Ձերն է, իսկ ահա, այն ձին, որ սմբակը գետնին է խփում, իմն է, իսկ այն մյուսը՝ Աթոսինը։

— Տե՜ր իմ աստված, երեքն էլ ուղղակի սքանչելի են։

— Ես շատ գոհ եմ, որ նրանք ձեզ դուր են գալիս։

— Երևի թագավորն է ընծայել ձեզ։

— Համենայնդեպս ո՛չ կարդինալը։ Ի դեպ, մի՛ մտածեք, թե որտեղից լույս ընկան այդ ձիերը, հիշեցեք միայն, որ նրանցից մեկը ձերն է։

— Ես վերցնում եմ այն, որ բռնել է այն շեկ ծառան։

— Հիանալի է։

— Աստված վկա,— գոչեց Արամիսը,— ուրախությունից ասես ցավս անցավ։ Այդպիսի ձի ես կնստեի, եթե նույնիսկ երեսուն գնդակ լիներ մարմնումս։ Օ՜, ինչ սքանչելի ասպանդակներ են։ Է՛յ, Բազեն, եկ այստեղ, արա՛գ։

Բազենը երևաց շեմքում՝ վհատ ու քնաթաթախ։

— Փայլեցրեք իմ սուսերը, կարգի բերեք գլխարկս, մաքրեցեք թիկնոցս և լցրեք ատրճանակներս,— ասաց Արամիսը։

— Վերջին հրամանն ավելորդ է,— ընդհատեց նրան դ’Արտանյանը,— ձեր ձիու թամբին կախված պատյաններում լցված ատրճանակներ կան։

Բազենը հառաչեց։

— Դե լավ, քեռի Բազեն, հանգստացեք,— ասաց դ’Արտանյանը,— երկնային արքայությանը մարդ կարող է արժանանալ բոլոր պայմաններում։

— Ախր իմ տերն արդեն այնպիսի լավ աստվածաբան էր,— լալագին ասաց Բազենը։— Նա կարող էր եպիսկոպոս դառնալ, գուցեև կարդինալ։

— Լսիր ինձ, իմ սիրելի Բազեն, մի լավ մտածիր և ինքդ ասա. ի՛նչ օգուտ հոգևորական դառնալուց։ Ախր այդ էլ չի ազատում պատերազմելու անհրաժեշտությունից։ Ա՛յ, ինքդ կտեսնես, որ առաջին իսկ արշավանքին կարդինալը կմասնակցի սաղավարտը գլխին և գեղարդը ձեռքին, իսկ պարոն Նոգարե դը Լավալե՞տը։ Նա էլ կարդինալ է, բայց դու հարցրու նրա սպասավորին, քանի՜ անգամ է ծվատվել նա։

— Այո՜,— հոգոց հանեց Բազենը։— Ես գիտեմ, տեր իմ, որ աշխարհում ամեն ինչ շուռ է եկել։

— Բռնիր ասպանդակս, Բազեն,— ասաց Արամիսը։

Եվ նա թամբի վրա ցատկեց իրեն հատուկ ճարպկությամբ ու գեղեցկությամբ։ Սակայն ազնվարյուն ձիու մի քանի պտույտներից ու ոստյուններից հետո հեծյալն այնպիսի անասելի ցավ զգաց, որ իսկույն սփրթնեց ու երերաց։ Դ’Արտանյանը, որն այդ նախատեսելով աչք չէր հեռացնում նրանից, առաջ նետվեց, բռնեց նրան, ցած բերեց ձիուց և տարավ իր սենյակը։

— Գիտե՞ք ինչ, սիրելի Արամիս,— ասաց նա,— մնացեք այստեղ, բուժվեցեք, ես կգնամ Աթոսին որոնելու։

— Դուք ուղղակի բրոնզից եք ձուլված,— պատասխանեց Արամիսը։

— Չէ, պարզապես իմ բախտը բերում է, ուրիշ ոչինչ։ Բայց ասացեք ինձ, դուք ինչպե՞ս եք ապրելու այստեղ առանց ինձ։ Ոչ մի դատողություն մատների ու օրհնությունների մասին, հա՞։

Արամիսը ժպտաց։

— Ես ոտանավորներ կգրեմ,— ասաց նա։

— Այո, այո, ոտանավորներ, տոգորված այնպիսի ոգով, ինչպես տիկին դը Շևրյոզի սպասուհու նամակը՝ Բազենին էլ սովորեցրեք ոտանավոր գրելու կանոնները, այդ կմխիթարի նրան։ Ինչ վերաբերում է ձիուն, օրական մի փոքր տարածություն կքշեք, այդ ձեզ նորից կվարժեցնի թամբին։

— Օ՜, դրա մասին մի անհանգստացեք,— ասաց Արամիսը,— երբ վերադառնաք, ես արդեն պատրաստ կլինեմ ուղեկցելու ձեզ։

Նրանք հրաժեշտ տվին իրար, և տասը րոպե անց՝ դ’Արտանյանն արդեն արշավում էր Ամիեն տանող ճանապարհով, նախապես Արամիսին հանձնելով Բազենի և հյուրանոցի տիրուհու խնամքին։

Ի՞նչ վիճակում կգտնի նա Աթոսին և ընդհանրապես կգտնի՞ արդյոք նրան։

Դ’Արտանյանը Աթոսին թողել էր կրիտիկական դրության մեջ, և շատ հնարավոր էր, որ նա զոհված լիներ։ Այս միտքը տխրեցնում էր դ’Արտանյանին։ Նա մի քանի անգամ հառաչեց և երդվեց վրեժ լուծել։

Դ’Արտանյանի ընկերների մեջ Աթոսն ամենաավագն էր, ուստիև իր ճաշակով ու հակումներով ամենից ավելի քիչ պիտի մոտիկ լիներ նրան։

Չնայած դրան, դ’Արտանյանը ակնհայտ գերադասություն էր տալիս նրան մյուսների համեմատությամբ։ Աթոսի ազնիվ ու գեղեցիկ արտաքինը, հոգու վեհության բռնկումները, որոնք երբեմն լուսավորում էին այն ստվերը, որի մեջ նա սովորաբար մնում էր, հոգու մշտական հավասարակշռությունը, որը նրա ընկերությունն ամենահաճելին էր դարձնում աշխարհում, նրա խայթող ուրախությունը, նրա քաջությունը, որը կարելի էր կոչել կույր քաջություն, եթե այն հազվագյուտ պաղարյունության հետևանք չլիներ,— այս բոլոր հատկությունները դ’Արտանյանի մեջ առաջացնում էին ավելի մեծ զգացմունք, քան հարգանքն է, ավելի, քան ընկերական համակրանքն է. դրանք նրա մեջ առաջացնում էին հիացմունքի զգացում։

Եվ իրոք, նույնիսկ բարեկազմ ազնվական դը Տրևիլի կողքին Աթոսը, երբ լավ տրամադրության մեջ էր լինում, հաջողությամբ կարող էր դիմանալ այդ համեմատությանը։ Նա միջահասակ էր, բայց այնպիսի ամուր կազմվածքով, որ հաճախ կոխի բռնվելով Պորտոսի հետ, հաղթում էր այդ հսկային, որի ուժը հրացանակիրների մեջ արդեն առած էր դարձել։ Նրա դեմքը՝ խորաթափանց հայացքով, ուղղաձիգ քթով, Բրուտոսի<ref>Բրուտոս Մարկոս Յունիոս (84֊42 թթ. մ.թ.ա.) — Հուլիոս Կեսարի դեմ կազմակերպված դավադրության կազմակերպիչներից մեկը և նրա սպանության մասնակիցը։</ref> ծնոտի նման ծնոտով՝ տիրակալ ու սիրալիր մարդու կնիք էր կրում, իսկ ձեռքերը, որոնց վրա նա ինքը ոչ մի ուշադրություն չէր դարձնում, հուսահատության էին հասցնում Արամիսին, որը շարունակ խնամում էր իր ձեռքերը մեծ քանակությամբ նշի օճառի և անուշաբույր օծանելիքի օգնությամբ։ Նրա ձայնը խորահնչուն էր և միաժամանակ մեղեդային։ Բայց Աթոսի մեջ, որը միշտ աշխատում էր աննկատ մնալ ու աննշան, միանգամայն անհասկանալի էր թվում աշխարհի ճանաչողությունը և ամենափայլուն հասարակության սովորություններն իմանալը, լավ դաստիարակության այն հետքերը, որոնք ակամայից երևում էին նրա թեկուզ ամենաանկարևոր արարքների մեջ։

Թե որ խոսք լիներ ճաշկերույթի մասին, Աթոսը ամենաբարձրաստիճան մարդուց էլ լավ ճաշկերույթ էր սարքում, հյուրերից յուրաքանչյուրին նստեցնելով իր արժանի տեղը, համաձայն այն դիրքի, որ ստեղծել էին նրա համար իր նախնիները կամ հենց ինքն իր համար։ Թե որ խոսք լիներ հերալդիկայի մասին, Աթոսը գիտեր թագավորության բոլոր ազնվական տոհմերը, նրանց ծննդաբանությունը, ընտանեկան կապերը, նրանց զինանիշները և դրանց ծագումը։ Վարվելակարգի մեջ չկար մի մանրուք, որ անծանոթ լիներ Աթոսին։ Նա գիտեր, թե ինչ իրավունքներ են վայելում խոշոր հողատերերը, շատ լավ գիտեր շներով ու բազեներով որս անել և մի անգամ այդ մեծ արվեստի մասին խոսելիս զարմացրեց նույնիսկ Լյուդովիկոս XIII թագավորին, որը հմուտ որսորդի համբավ ուներ։

Ինչպես այն ժամանակվա բոլոր անվանի ազնվականները՝ նա հիանալի սուսերամարտիկ էր և ձիավար։ Դեռ ավելին. նույնիսկ սխոլաստիկ գիտություններում, որ այն ժամանակներում այնքան քիչ էին ուսումնասիրում ազնվականները, նրա կրթությունը այնքան բազմակողմանի էր, որ նա միայն ժպտում էր, երբ լսում էր լատինական արտահայտությունները, որն այնքան շռայլում էր Արամիսը և որոնք, որպես թե, հասկանում էր Պորտոսը։ Երկու թե երեք անգամ, երբ Արամիսը որևէ քերականական սխալ էր արել, նա, ի մեծ զարմանս իր ընկերների, ուղղել էր Արամիսին, բայը դնելով հարկավոր ժամանակով, իսկ ենթական հարկավոր հոլովով։ Վերջապես նրա ազնվությունն անբասիր էր, և այդ այն դարում, երբ զինվորական մարդիկ այնքան հեշտությամբ գործարք էին կնքում հավատի և խղճի հետ, սիրահարները՝ մեր ժամանակին հատուկ դաժան նրբանկատության հետ, իսկ չքավորները աստծու յոթերորդ պատվիրանի հետ։ Մի խոսքով Աթոսը խիստ արտասովոր մարդ էր։

Եվ, չնայած դրան, կարելի էր նկատել, որ այդ նրբակիրթ բնավորությունը, այդ սքանչելի էակը, այդ բացառիկ միտքը իր համար էլ աննկատելի ընկնում է առօրյայի ազդեցության տակ, ինչպես ծերունիներն են աննկատելիորեն տկարանում ֆիզիկապես ու մտքով։ Աթոսի տխուր ժամերին,— իսկ այդպիսի ժամեր քիչ չէին լինում,— ամեն պայծառ բան, որ կար նրա մեջ, մարում էր, և նրա փայլուն գծերը թաքնվում էին ասես թանձր խավարի մեջ թաղվելով։

Կիսաստվածը չքանում էր, հազիվ մնում էր մարդը։ Գլուխը կախելով, դժվարությամբ արտասանելով առանձին բառեր, Աթոսը մարած հայացքով ժամեր շարունակ նայում էր մերթ շշին ու բաժակին, մերթ Գրիմոյին, որը սովոր էր ենթարկվելու նրա ամեն մի նշանին և իր տիրոջ անկենդան հայացքում կարդալով նրա ամենափոքր ցանկությունն անգամ, անմիջապես կատարում էր այն։ Եթե չորս ընկերները հավաքվում էին այդպիսի րոպեներին, ապա ընդհանուր զրույցի մեջ Աթոսի բաժինը լինում էր մեծագույն ջանքերով արտասանած երկու֊երեք խոսքը։ Դրա փոխարեն նա խմում էր չորսի չափ և այդ ամենևին չէր ազդում նրա վրա, միայն հոնքերն էր կիտում և սովորականից ավելի մռայլ էր դառնում։

Դ’Արտանյանին, որի խորաթափանց միտքը քաջ հայտնի է մեզ, չնայած բուռն ցանկության, առայժմ չէր հաջողվել բավարարել իր հետաքրքրությունը, գտնել այդ խոր հուսալքության պատճառը կամ նկատել նրան զուգորդող հանգամանքները։ Աթոսը երբեք նամակ չէր ստանում, Աթոսը երբեք այնպիսի քայլեր չէր անում, որ հայտնի չլինեին նրա բոլոր ընկերներին։

Չէր կարելի ասել, թե այդ թախիծը նրա մեջ արթնացնում էր գինին, որովհետև, ընդհակառակն, նա խմում էր իր թախիծը հաղթահարելու համար, թեև, ինչպես արդեն ասացինք, այդ դեղը ավելի էր խորացնում այն։ Թախիծի այդ նոպան չէր կարելի վերադրել նաև խաղին, որովհետև, ի տարբերություն Պորտոսի, որը երգով կամ հայհոյանքով էր ճամփու դնում բախտի բոլոր անախորժությունները, Աթոսը տանելու դեպքում էլ նույնքան անտարբեր էր մնում, որքան տանուլ տալու դեպքում։ Մի անգամ հրացանակիրների շրջանում նստած՝ նա մի երեկոյի ընթացքում տարավ հազար պիստոլ, այդ բոլորը տանուլ տվեց իր ոսկեկար տոնական ուսափոկի հետ միասին, նորից տարավ այդ ամենը և դեռ հարյուր լուիդոր էլ ավելի, բայց նրա գեղեցիկ թուխ հոնքերը ոչ մի անգամ չցնցվեցին, ձեռքերը չկորցրին իրենց սադափե փայլը, զրույցը, այդ դուրեկան երեկոն չդադարեց լինել հանգիստ ու դուրեկան։

Նրա դեմքին իջնող ստվերը չէր բացատրվում նաև մթնոլորտային տեղումների ազդեցությամբ, ինչպես այդ լինում է մեր հարևան անգլիացիների հետ, որովհետև նրա թախիծը սովորաբար ավելի ուժեղանում էր տարվա լավ եղանակին, հունիսը և հուլիսը Աթոսի համար ամենածանր ամիսներն էին։

Այժմ նա դառնություններ չուներ և ուսերն էր թոթվում, երբ նրա հետ խոսում էին ապագայի մասին։ Հետևապես նրա թախծի պատճառը թաքնված էր անցյալում, ինչպես աղոտ կերպով ակնարկել էին դ’Արտանյանին։

Խորհրդավորության ստվերը, որ պարուրում էր Աթոսին, ավելի ևս հետաքրքրական էր դարձնում այդ մարդուն, որին նույնիսկ կատարյալ հարբած պահին ամենևին չէին մատնում ո՛չ աչքերը, ո՛չ լեզուն, չնայած նրան տրվող հարցերի ամբողջ նրբությանը։

— Ավա՜ղ,— մտածում էր դ’Արտանյանը,— գուցե թե հիմա խեղճ Աթոսը մեռած է, և դրա մեղավորը ես եմ։ Չէ՞ որ նա իմ պատճառով մտավ այս պատմության մեջ, չիմանալով նրա ո՛չ սկիզբը, ո՛չ վախճանը, և գեթ ամենափոքր շահ չակնկալելով նրանից։

— Էլ չեմ ասում այն, տեր իմ,— ավելացրեց Պլանշեն,— որ, ինչպես երևում է, մենք նրան ենք պարտական մեր կյանքը։ Հիշում եք, ինչպես գոչեց նա, «Առա՜ջ, դ’Արտանյան, ինձ բռնեցին»։ Եվ ապա, երկու ատրճանակները պարպելուց հետո ի՜նչ սոսկալի էր շրխկացնում նա իր սուսերը։ Ասես քսան մարդ լինեին, կամ ավելի լավ է ասել քսան կատաղած սատանաներ։

Այս խոսքերը կրկնապատկեցին դ’Արտանյանի զգացմունքները, և նա խթանեց իր ձիուն, որն առանց այն էլ քառատրոփ էր տանում իր հեծյալին։

Առավոտվա ժամը տասնմեկին մոտ ուղևորները տեսան Ամիենը, իսկ տասնմեկն անց կեսին նրանք արդեն նզովյալ պանդոկի դռանն էին։

Դ’Արտանյանը շատ էր մտածել ուխտադրուժ պանդոկապետի համար գտնել մի որևէ պատշաճ վրեժխնդրություն, այնպիսի վրեժխնդրություն, որը պատկերացնելն անգամ կհանգստացներ մեզ։ Եվ ահա, նա պանդոկ մտավ գլխարկը ճակատին թեքած, ձեռքը սուսերի դաստակին, թափահարելով աջ ձեռքում բռնած մտրակը։

— Ճանաչո՞ւմ եք ինձ,— հարցրեց պանդոկապետին, որը գլուխ տալով ընդառաջ եկավ նրան։

— Պատիվ չունեմ ճանաչելու, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց նա՝ դ’Արտանյանի շողշողուն զգեստից շշմած։

— Ա՜խ, դուք ինձ չե՞ք ճանաչում։

— Ոչ, ձերդ պայծառափայլություն։

— Դե ուրեմն ես կհիշեցնեմ ձեզ երկու խոսքով։ Ի՞նչ արիք դուք այն ազնվականին, որին մոտ երկու շաբաթ սրանից առաջ համարձակվեցիք մեղադրել կեղծ դրամ սաղացնելու մեջ։

Պանդոկապետը գունատվեց, որովհետև դ’Արտանյանն ամենասպառնագին դիրքն էր ընդունել, իսկ Պլանշեն ընդօրինակում էր նրան ամենայն ճշտությամբ։

— Ա՜խ, ձերդ պայծառափայլություն, մի հարցրեք ինձ դրա մասին,— ողբաձայն գոչեց պանդոկապետը։— Օ՜, տե՜ր աստված, որքան թանկ վճարեցի ես այդ սխալի համար։ Ա՜խ, ի՜նչ անբախտն եմ ես։

— Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ եղավ այն ազնվականը։

— Շնորհ արեք լսել ինձ, ձերդ պայծառափայլություն, ողորմած եղեք։ Եվ նստեցեք խնդրում եմ, շնորհ արեք։

Ցասումից ու անհանգստությունից պապանձված՝ դ’Արտանյանը նստեց ինչպես ահեղ դատավոր։ Պլանշեն հպարտ կանգնեց նրա բազկաթոռի հետևում։

— Այ թե ինչպես եղավ, ձերդ պայծառափայլություն,— շարունակեց պանդոկապետը երկյուղից դողալով,— հիմա ես ձեզ ճանաչեցի։ Ախր դուք էիք, որ գնացիք, երբ սկսվեց վեճը այն ազնվականի հետ, որի մասին հարցնում եք։

— Այո՛, ես էի։ Այժմ դուք լավ եք տեսնում, որ չեք կարող գթություն սպասել, եթե ամբողջ ճշմարտությունը չասեք։

— Դե ուրեմն շնորհ արեք լսել ինձ, և ես կպատմեմ ձեզ ամեն ինչ, առանց թաքցնելու։

— Ես լսում եմ։

— Վերևից ինձ տեղեկացրել էին, որ իմ պանդոկում իջևանելու է մի նշանավոր դրամանենգ իր մի քանի ընկերների հետ, և դրանք բոլորն էլ գվարդիականի կամ հրացանակրի հագուստով են լինելու։ Ձեր ձիերը, ծառաները, ձերդ պայծառափայլությունների արտաքինը— ամեն ինչ ճշգրիտ նկարագրված էր ինձ։

— Հետո՞, հետո՞,— ասաց դ’Արտանյանը՝ իսկույն հասկանալով, թե որտեղից են գալիս այդ ճշգրիտ նկարագրությունները։

— Այդ պատճառով էլ, հնազանդվելով մեծավորների հրամանին, որոնք վեց զինվոր էին ուղարկել ինձ օգնության, ես ձեռք առա հարկ եղած բոլոր միջոցները կարծեցյալ դրամանենգներին բռնելու համար։

— Դարձյա՜լ,— ասաց դ’Արտանյանը, որի ականջը անտանելի ծակում էր «դրամանենգ» բառը։

— Ներողություն եմ խնդրում, ձերդ պայծառափայլություն, որ այսպիսի բաներ եմ ասում, բայց իմ արդարացումն էլ հենց դրանց մեջ է։ Մեծավորները վախեցրել էին ինձ, իսկ դուք հո գիտեք, որ պանդոկի տերը պետք է հաշտ ապրի մեծավորների հետ։

— Նորից հարցնում եմ ձեզ, որտե՞ղ է այն ազնվականը։ Ի՞նչ պատահեց նրան։ Մեռա՞ծ է, թե ողջ։

— Համբերություն, ձերդ պայծառափայլություն, հիմա մենք դրան էլ կհասնենք, ուրեմն կատարվեց այն, ինչ հայտնի է ձեզ... և ինձ կարծես արդարացնում էր ձեր շտապ մեկնումը,— ավելացրեց պանդոկապետը խորամանկ արտահայտությամբ, որը չվրիպեց դ’Արտանյանի աչքից։— Ձեր այն ազնվական ընկերը պաշտպանվում էր կատաղի։ Նրա ծառան, որը դժբախտաբար անակնկալ վեճ էր սկսել ձիապանի հագուստ հագած զինվորների հետ...

— Ա՜խ դու, սրիկա՛,— գոռաց դ’Արտանյանը։— Ուրեմն դուք բոլորդ միաբա՞ն եք եղել, և ես չգիտեմ, թե ինչն է ինձ խանգարում բնաջնջել ձեզ։

— Ոչ, ձերդ պայծառափայլություն, դժբախտաբար մենք բոլորս միաբան չէինք, և դուք հիմա կհամոզվեք դրանում։ Ձեր ընկերը— ներեցեք ինձ, որ ես չեմ տալիս նրա հարգելի անունը, որ նա անտարակույս ունի, սակայն մեզ հայտնի չէ այդ անունը,— ուրեմն՝ ձեր ընկերը ատրճանակի երկու կրակոցով երկու զինվոր պառկեցրեց, ապա նահանջեց, շարունակելով պաշտպանվել սուսերով, որով նա վիրավորեց իմ մարդկանցից մեկին էլ, իսկ ինձ շշմեցրեց սուսերի տափակ կողմի հարվածով...

— Վերջ կտա՞ս թե չէ, դահի՛ճ,— գոչեց դ’Արտանյանը։— Որտե՞ղ է Աթոսը, ի՞նչ է պատահել Աթոսին։

— Այդպես նահանջելով, ձերդ պայծառափայլություն, ինչպես արդեն ասացի ձեզ, նա հասավ այն սանդուղքին, որ տանում է նկուղ, և որովհետե դուռը բաց էր, նա բանալին հանեց, ներս մտավ և ներսից փակեց։ Բոլորը համոզված էին, որ այնտեղից նա դուրս գալ չի կարող, դրա համար էլ ոչ ոք նրան չարգելեց այդ անել։

— Դե իհարկե,— ասաց դ’Արտանյանը,— դուք նրան սպանել չէիք ուզում, ձեզ հարկավոր էր միայն փակի տակ առնել նրան։

— Փակի տակ առնե՜լ, տե՜ր իմ աստված, երդվում եմ, ձերդ պայծառափայլություն, նա հենց ինքն իրեն փակի տակ առավ։ Եվ դրանից առաջ էլ քիչ բաներ չարավ. երկու զինվորի ծանր վիրավորեց, իսկ մեկին տեղն ու տեղը սպանեց։ Սպանվածին և երկու վիրավորներին իրենց ընկերները տարան, և այլևս ոչ մի տեղեկություն չունեմ նրանց մասին։ Ինչ վերաբերում է ինձ, երբ ուշքի եկա, գնացի պարոն նահանգապետի մոտ, դեպքի մասին պատմեցի և հարցրի, թե ինչպես վարվեմ գերու հետ։ Բայց պարոն նահանգապետն ասես երկնքից էր ցած իջել։ Նա ասաց, որ ամենևին չի հասկանում, թե խոսքն ինչին է վերաբերում, որ ինձ հասած հրամանը իր կողմից չի եղել, և եթե ես դժբախտություն ունենամ որևէ մեկին ասելու, թե ինքը՝ նահանգապետը որևէ կապ է ունեցել այդ անմիտ ձեռնարկության հետ, ապա կհրամայի կախաղան հանել ինձ։ Ինչպես երևում է, տեր իմ, ես սխալված եմ եղել և մեկին բռնել եմ ուրիշի տեղ, իսկ նա, ում հարկավոր էր բռնել, թաքնվել է։

— Բայց որտե՞ղ է Աթոսը,— գոռաց դ’Արտանյանը, որի վրդովմունքն ավելի աճեց, երբ իմացավ, թե իշխանություններն ինչպես են վերաբերվել այդ գործին։— Ի՞նչ է պատահել Աթոսին։

— Ես շտապեցի շուտով հարթել իմ մեղքը,— շարունակեց պանդոկապետը,— մոտեցա նկուղին, որպեսզի նրան բաց թողնեմ այնտեղից։ Ա՜խ, տեր իմ, դա մարդ չէր, դա իսկական դև էր։ Երբ ես նրան ազատություն առաջարկեցի, նա հայտարարեց, թե դա ծուղակ է, և ինքը դուրս չի գա նկուղից՝ առանց իր պայմաններն առաջադրելու։ Ես հնազանդորեն պատասխանեցի,— ախր հասկանում էի, թե ինչ դրության մեջ եմ ընկել ձեռք բարձրացնելով նորին մեծության հրացանակրի վրա,— պատասխանեցի, որ պատրաստ եմ ընդունելու նրա պայմանները։ «Ամենից առաջ,— ասաց նա,— ես պահանջում եմ, որ ինձ վերադարձնեք իմ ծառային՝ լրիվ սպառազինված»։ Այդ հրամանը շտապ կատարվեց։ Դուք հո հասկանում եք, տեր իմ, որ մենք տրամադիր էինք անելու ամեն բան, ինչ ցանկանար ձեր բարեկամը։ Եվ ուրեմն պարոն Գրիմոն,— նա մեզ ասել էր իր անունը, թեև շատ սակավախոս մարդ է,— պարոն Գրիմոն, չնայած իր վերքին, գնաց նկուղ։ Նրա տերը ընդունեց նրան, դուռը փակեց, իսկ մեզ հրամայեց մնալ մեր տեղում։

— Բայց վերջապես որտե՞ղ է հիմա նա,— գոչեց դ’Արտանյանը։— Որտե՞ղ է Աթոսը։

— Նկուղում, տեր իմ։

— Ինչպե՜ս, սրիկա՛, դու դեռ նկուղո՞ւմ ես պահում նրան։

— Ոչ, տեր իմ, աստված մի՛ արասցե։ Ի՞նչ շահ ունեմ ես նրան նկուղում պահելուց։ Եթե իմանաք ինչե՜ր է անում նա այդ նկուղում։ Ա՜խ, տեր իմ, եթե ձեզ հաջողվի ստիպել նրան, որ դուրս գա այնտեղից, ես մինչև կյանքիս վերջը երախտապարտ կլինեմ ձեզ, ես կաղոթեմ ձեզ համար, որպես իմ պահապան հրեշտակի։

— Ուրեմն նա այնտե՞ղ է։ Ես նրան այնտե՞ղ կգտնեմ։

— Հասկանալի է, տեր իմ։ Նա համառում է և չի ուզում դուրս գալ։ Մենք ամեն օր եղանի ծայրին հաց ենք ամրացնում և լուսամուտով տալիս նրան, իսկ երբեմն պահանջում է նաև միս։ Բայց, ավա՜ղ, ոչ հացը, ոչ էլ միսն են նրա գլխավոր սնունդը։ Մի անգամ ես երկու ջահել տղաների հետ փորձեցի նկուղ իջնել, բայց նա զարհուրելի կատաղեց։ Ես լսեցի, թե ինչպես է նա ատրճանակների ոտքերը քաշում, իսկ ծառան՝ հրացանի։ Եվ երբ մենք հարցրինք, թե ինչ են ուզում անել, ձեր բարեկամը պատասխանեց, թե իրենք քառասուն լիցք ունեն և այդ լիցքերը բոլորը կկրակեն, բայց չեն թողնի, որ մեզնից մեկնումեկը նկուղ իջնի։ Այն ժամանակ, տեր իմ, ես գնացի նահանգապետին գանգատվելու, բայց նա պատասխանեց, թե դա իմ հախն է, դա ինձ կսովորեցնի, թե ինչ է նշանակում վիրավորել իմ պանդոկը մտնող ազնվաբարո մարդկանց։

— Այնպես որ, այն օրից մինչև հիմա...— խոսել սկսեց դ’Արտանյանը՝ չկարողանալով զսպել ծիծաղը պանդոկապետի ողբալի դեմքին նայելով։

— Այնպես որ, այն օրից մինչև հիմա, տեր իմ,— շարունակեց պանդոկապետը,— մեր դրությունը շատ վատ է, որովհետև մեր բոլոր մթերքների պաշարը նկուղումն է։ Շշերով գինին, տակառներով գինին, գարեջուրը, ձեթը, անուշեղենը, խոզի ճարպը, երշիկեղենը, ամեն ինչ այնտեղ է, և որովհետև մեզ արգելված է նկուղ իջնել, ստիպված ենք լինում մեզ մոտ իջևանող բոլոր ճամփորդներին մերժել ուտելիքը, այնպես որ մեր իջևանը օրեցօր դեպի սնանկացում է գնում։ Եթե ձեր բարեկամը էլի մի շաբաթ նկուղում նստի, մենք վերջնականապես կսնանկանանք։

— Դա հենց քո հա՛խն է, սրիկա՛։ Մեր արտաքինից չէ՞ր կարելի հասկանալ, որ մենք կարգին մարդիկ ենք, ոչ թե դրամանենգներ։

— Այո, տեր իմ, դուք իրավացի եք...— պատասխանեց պանդոկապետը,— բայց լսեցեք, ահա նա նորից զայրացել է։

— Երևի անհանգստացրել են նրան,— ասաց դ’Արտանյանը։

— Բայց ինչպե՞ս վարվենք,— գոչեց պանդոկապետը։— Ախր մեզ մոտ երկու նշանավոր անգլիացիներ են եկել։

— Հետո ի՞նչ, որ եկել են։

— Ինչպե՞ս թե՝ ինչ։ Դուք ինքներդ գիտեք, տեր իմ, որ անգլիացիները սիրում են լավ գինի խմել, իսկ սրանք էլ ամենալավը պահանջեցին։ Իմ կինը երևի պարոն Աթոսից խնդրել է թույլ տալ մտնել նկուղ, որպեսզի այդ պարոնների համար բերի նրանց պահանջածը, իսկ նա սովորականի պես մերժել է... Ողորմա՜ծ աստված, էլի սկսվեց սոդոմգոմորը։

Իսկապես, նկուղի կողմից ուժեղ աղմուկ էր գալիս։ Դ’Արտանյանը վեր կացավ պանդոկապետի ուղեկցությամբ, որը հուսահատորեն մատներն էր կոտրատում, մոտեցավ գործողության վայրին, Պլանշեի հետ, որը պատրաստ պահած ուներ իր հրացանը։

Անգլիացիները խիստ վրդովված էին։ Նրանք երկար ճանապարհ էին անցել և քաղցից ու ծարավից մեռնում էին։

— Բայց սա բռնությո՜ւն է,— գոչում էին նրանք հիանալի ֆրանսերենով, բայց օտարերկրացու առոգանությամբ։— Այդ խելագարը խեղճ մարդկանց թույլ չի տալիս տնօրինելու իրենց սեփական գինին։ Մենք կկոտրենք դուռը, իսկ եթե նա բոլորովին խելագարվել է, ի՛նչ արած, կսպանենք նրան, պրծավ գնաց։

— Կամա՜ց, պարոննե՛ր,— ասաց դ’Արտանյանը գոտուց հանելով ատրճանակները։— Խնդրում եմ ներել ինձ, բայց դուք ոչ ոքի չեք սպանի։

— Ոչինչ, ոչինչ,— դռան հետևից լսվեց Աթոսի հանգիստ ձայնը,— ներս թողեք այդ պարծենկոտներին, այն ժամանակ կտեսնենք։

Անգլիացիները, երևում է, բավական քաջ մարդիկ էին, բայց և այնպես անվճռականորեն իրար նայեցին։ Թվում էր, թե նկուղում նստել է մի ինչ֊որ քաղցած մարդակեր, մի ինչ֊որ հեքիաթային հսկա հերոս, և ոչ ոք չի կարող անպատիժ մտնել այդ անձավը։

Մի պահ բոլորը լռեցին, բայց վերջում անգլիացիներն ամոթ համարեցին նահանջել և նրանցից մեկը, որն ամենից ավելի էր վրդովված, իջավ սանդուղքով, որը հինգ թե վեց աստիճան ուներ, և ոտքով այնպիսի հարված տվեց դռանը, որ թվում էր, թե քարե պատն էլ կարող էր ծակել։

— Պլանշե՛,— ասաց դ’Արտանյանը՝ ատրճանակների ոտքը քաշելով,— ես ինձ վրա եմ վերցնում վերևում եղածին, իսկ դու զբաղվիր ցածում եղածով։ Ուրեմն դուք, պարոննե՛ր, կռվե՞լ եք ուզում։ Հիանալի՜ է։ Եկեք կռվենք։

— Աստվա՜ծ իմ արդարադատ,— ներսից խուլ հնչեց Աթոսի ձայնը,— ինձ թվում է, թե դ’Արտանյանի ձայնն եմ լսում ես։

— Դու չես սխալվել,— պատասխանեց դ’Արտանյանը՝ նույնպես աշխատելով բարձր խոսել։— Այդ հենց ես եմ իմ սեփական անձով, բարեկամս։

— Հիանալի՜ բան,— ասաց Աթոսը,— այդ դեպքում մենք լավ հաշիվ կտեսնենք այդ քաջերի հետ։

Անգլիացիները մերկացրին սուսերները, բայց ընկել էին երկու կրակի մեջ։ Էլի մի վայրկյան տատանվեցին, սակայն, ինչպես և առաջին անգամ, ինքնասիրությունը հաղթեց, և երկրորդ հարվածով նկուղի դուռը ճեղքվեց ամբողջ երկարությամբ։

— Ե՛տ քաշվիր, դ’Արտանյան, ե՛տ քաշվիր,— գոչեց Աթոսը,— հիմա ես պիտի կրակեմ։

— Պարոնա՛յք,— ասաց դ’Արտանյանը, որը երբեք չէր կորցնում սառն դատելու ընդունակությունը։— Մտածեցեք ձեր դրության մասին... Մի րոպե համբերիր, Աթո՛ս... Պարոնա՛յք, դուք խճճվում եք մի վատ պատմության մեջ և գնդակների հարվածների տակ եք ընկնելու։ Ես ու իմ ծառան ձեզ կհյուրասիրենք երեք կրակոցով, նույն քան էլ կստանաք նկուղից։ Բացի դրանից, մենք սուսերներ ունենք, որոնց ես ու իմ բարեկամը վատ չենք տիրապետում, կարող եք հավատացած լինել։ Մի՛ խանգարեք ինձ, և ես կարգի կբերեմ ձեր գործն էլ, ի՛մն էլ։ Հիմա ձեզ խմելու բան կտան, ես խոսք եմ տալիս։

— Եթե միայն դեռ գինի մնացել է,— լսվեց Աթոսի ծաղրական ձայնը։

Պանդոկապետը զգաց, որ իր մեջքը ծածկվեց պաղ քրտինքով։

— Այսինքն՝ ինչպե՞ս թե՝ եթե մնացել է,— շշնջաց նա։

— Մնացած կլինի, գրողը տանի,— ասաց դ’Արտանյանը։— Հանգստացեք, նրանք երկուսով հո չէի՞ն կարող ամբողջ նկուղը դատարկել։ Ձեր սուսերները պատյանները դրեք, պարոնա՛յք։

— Լավ, բայց դուք էլ ատրճանակները խրեցեք ձեր գոտին։

— Սիրով։

Եվ դ’Արտանյանն առաջինը օրինակ տվեց։ Ապա դառնալով դեպի Պլանշեն՝ նա ձեռքի նշանով հրամայեց հրացանի լիցքը դատարկել։

Համոզվելով, որ վտանգն անցավ, անգլիացիները մի փոքր փնթփնթացին, բայց և այնպես սուսերները պատյանները խրեցին։ Դ’Արտանյանը նրանց պատմեց Աթոսի նկուղում փակվելու պատմությանը, և որովհետև անգլիացիներն իսկական ջենտլմեններ էին, ամբողջ մեղքը գցեցին պանդոկապետի վրա։

— Իսկ հիմա, պարոնայք,— ասաց դ’Արտանյանը,— բարձրացեք ձեր սենյակը, և երաշխավորում եմ, որ մի տասը րոպեից ձեզ համար կբերեն ամեն բան, ինչ ուզենաք։

Անգլիացիները գլուխ տվին ու գնացին։

— Հիմա ես մենակ եմ, սիրելի Աթոս,— ասաց դ’Արտանյանը,—բաց արեք դուռը, խնդրում եմ։

— Այս րոպեին,— պատասխանեց Աթոսը։

Լսվեց թափվող ցախերի ճրթճրթոց և գերանների ճռռոց. այդ Աթոսն էր իր ձեռքով քանդում իր սարքած բարիկադները։

Քիչ հետո դուռը բացվեց, և ճեղքից երևաց Աթոսի գունատ դեմքը։ Նա մի թռուցիկ հայացքով դիտեց շրջակայքը։

Դ’Արտանյանը նետվեց ընկերոջ մոտ և քնքշորեն գրկեց նրան։ Ապա նրան դուրս բերեց այդ խոնավ ապաստարանից և միայն այդ ժամանակ նկատեց, որ Աթոսը երերում է։

— Դուք վիրավորվա՞ծ եք,— հարցրեց նա։

— Ե՞ս։ Ամենևի՛ն։ Ես մահու չափ հարբած եմ, ուրիշ ոչինչ։ Եվ դեռ երբեք մարդ այնքան ջանասիրաբար չի աշխատել այս վիճակին հասնել։ Երդվում եմ աստծով, պանդոկապետ, ինձ բաժին ընկած կլինի ամենաքիչը հարյուր հիսուն շիշ։

— Ողորմա՜ծ աստված,— գոչեց պանդոկի տերը,— եթե ծառան էլ թեկուզ իր տիրոջ կեսի չափ խմած լինի, ես կորած եմ։

— Գրիմոն լավ է դաստիարակված և նա իրեն թույլ չէր տա խմել նույն գինին, ինչ ես եմ խմում։ Նա միայն տակառից էր խմում։ Ի դեպ, կարծեմ նա մոռացել է խցանը տեղը խցկել։ Լսո՞ւմ եք, ինչ֊որ բան է թափվում։

Դ’Արտանյանին մի ծիծաղ բռնեց, որից պանդոկապետի մարմինը տաք ու հով արեց։

Այդ րոպեին Աթոսի թիկունքում երևաց Գրիմոն՝ հրացանը ուսին։ Նրա գլուխը ցնցվում էր ինչպես Ռուբենսի<ref>Ռուբենս Պետեր Պաուլ (1577֊1648) — ֆլամանդացի մեծ գեղանկարիչ։</ref> հարբած խեղկատակի գլուխը։ Նա ամբողջովին թրջված էր մի ինչ֊որ թանձր հեղուկով, և պանդոկի տերն իսկույն հասկացավ, որ դա իր ամենալավ ձիթապտղի ձեթն է։

Խումբն անցավ ընդարձակ դահլիճով և տեղավորվեց հյուրանոցի ամենալավ սենյակում, որ դ’Արտանյանը գրավել էր ինքնագլուխ։

Մինչդեռ պանդոկապետն ու նրա կինը լամպերը վերցրած վազեցին նկուղ, որի մուտքը այնքան երկար ժամանակ արգելված էր իրենց։ Իսկ այնտեղ նրանց մի զարհուրելի տեսարան էր սպասում։

Ամրությունների հետևում, որոնց միջով Աթոսը դուրս գալիս անցք էր բացել և որոնք բաղկացած էին ստրատեգիական արվեստի բոլոր կանոններով դասավորված ցախերից, տախտակներից ու դատարկ տակառներից, այստեղ֊այնտեղ ձեթի ու գինու լճակների մեջ լողում էին կերած ապուխտի ոսկորներ, իսկ նկուղի ամբողջ ձախ անկյունը լիքն էր կոտրտված շշերի կույտով։ Տակառից, որի ծորակը բաց էր մնացել, քամվում էին արյան վերջին կաթիլները։ Հին դարերի բանաստեղծի խոսքով ասած՝ այստեղ մահն ու ավերածությունն էին թագավորում, ինչպես պատերազմի դաշտում։

Առաստաղի գերաններից կախված հիսուն երշիկներից մնացել էր ամենաշատը տասը հատ։

Պանդոկի տիրոջ և տիրուհու ողբը տարածվեց նկուղի կամարների տակ, որից ինքը՝ դ’Արտանյանն էլ զգացվեց։ Բայց Աթոսը նույնիսկ ետ չնայեց։

Սակայն շուտով պանդոկապետի վիշտը փոխվեց կատաղության։ Հուսահատությունից ինքն իրեն կորցրած՝ նա զինվեց շամփուրներով և նետվեց այն սենյակը, որտեղ տեղավորվել էին երկու ընկերները։

— Գինի՜,— գոռաց Աթոսը նրան տեսնելուն պես։

— Գինի՞,— զարմացած գոռաց պանդոկապետը։— Գինի՞։ Բայց դուք արդեն ավելի քան հարյուր պիստոլի գինի եք խմել։ Ախր իմ տնտեսությունը քայքայվել է, ես կորա՜ծ եմ բոլորովին։

— Լա՛վ, լա՛վ,— ասաց Աթոսը,— մենք նույնիսկ ինչպես հարկն է չենք հագեցրել մեր ծարավը։

— Եթե գոնե միայն խմած լինեիք, էլի ոչինչ, բայց դուք փշրել եք բոլոր շշերը։

— Դուք ինքներդ ինձ հրեցիք, գցեցիք շշերի կույտի վրա, և նրանք էլ փշրվեցին։ Մեղավորը դուք եք։

— Իմ ամբողջ ձեթն է ոչնչացել։

— Ձեթը վերքեր բուժելու հիանալի դեղ է։ Դե հո խեղճ Գրիմոն պե՞տք է բուժեր այն վերքերը, որ դուք էիք հասցրել նրան։

— Բոլոր երշիկները կրծոտված են։

— Այդ նկուղում անասելի շատ մկներ կան։

— Դուք պետք է վճարեք բոլորի համար,— գոռաց պանդոկապետը համբերությունից դուրս գալով։

— Երի՜ցս նզովյալ,— պատասխանեց Աթոսը տեղից բարձրանալով, բայց և իսկույն ընկավ աթոռին, նրա ուժերը սպառվել էին։ Դ’Արտանյանը նրան օգնության հասավ և մտրակը բարձրացրեց։

Պանդոկապետը մի քայլ ետ քաշվեց և սկսեց նվալ։

— Դա,— ասաց դ’Արտանյանը,— ձեզ կսովորեցնի ավելի քաղաքավարի վարվել այն հաճախորդների հետ, որ աստված ուղարկում է ձեզ մոտ։

— Աստվա ՜ծ։ Ավելի լավ է ասեք՝ սատանան։

— Այ թե ինչ, սիրելիս,— սպառնագին ասաց դ’Արտանյանը,— եթե դու վերջ չտաս մեր ականջները սղոցելուն, մենք չորսս էլ կփակվենք քո նկուղում և կտեսնենք, իսկապե՞ս վնասն այնքան մեծ է, որքան ասում ես։

— Համաձայն եմ, պարոններ, համաձայն եմ,— վախեցավ պանդոկապետը,— խոստովանում եմ, որ ես մեղավոր եմ, բայց չէ՞ որ չկա այնպիսի զանցանք, որ կարելի չլինի ներել։ Դուք անվանի պարոններ եք, իսկ ես մի խեղճ պանդոկապետ, և դուք պետք է խղճաք ինձ։

— Ա՜, այդ արդեն ուրիշ բան է,— ասաց Աթոսը,— այդպես դու երևի իմ սիրտը կփափկացնես, և իմ աչքերից արցունք կհոսի, ինչպես գինին՝ քո տակառներից։ Մենք այնքան զարհուրելի չենք, ինչպես թվում է քեզ։ Մոտ արի կխոսենք։

Պանդոկապետը վախվխելով մոտեցավ։

— Ասում եմ մոտեցի՛ր, մի՛ վախենա,— շարունակեց Աթոսը։— Այն պահին, երբ ես ուզում էի քեզ վճարել, իմ քսակը սեղանին դրիք։

— Միանգամայն ճշմարիտ է, ձերդ պայծառափայլություն։

— Այդ քսակում վաթսուն պիստոլ կար։ Որտե՞ղ է քսակը։

— Հանձնված է դատարանի գրասենյակ, ձերդ պայծառափայլություն։ Ախր ինձ ասել էին, թե դրանք կեղծ դրամներ են։

— Դե ուրեմն քսակը ետ պահանջիր և այն վաթսուն պիստոլը քեզ վերցրու։

— Բայց ձեզ լավ հայտնի է, ձերդ պայծառափայլություն, որ դատական աստիճանավորները, ինչ որ իրենց ձեռքն ընկավ, էլ չեն վերադարձնում։ Թե որ կեղծ դրամներ լինեին, էլի կարելի էր հույս դնել, բայց դժբախտաբար, դրանք իսկական փողեր են եղել։

— Համաձայնության եկ դատարանի հետ ինչպես ուզում ես, բարեկամս, այդ իմ գործը չէ, մանավանդ որ ինձ մոտ ոչ մի լիվր չի մնացել։

— Լսիր ինձ,— միջամտեց դ’Արտանյանը,— որտե՞ղ է հիմա Աթոսի ձին։

— Ախոռում։

— Ի՞նչ կարժենա այդ ձին։

— Վաթսուն պիստոլից ո՛չ ավելի։

— Բա՜ն ասացիր, հենց ութսուն էլ կարժենա։ Վերցրու այդ ձին, և դրանով էլ վերջացնենք։

— Ինչպե՜ս, դու վաճառո՞ւմ ես իմ ձին։ Իմ Բայազետի՞ն,— զարմացավ Աթոսը։— Հապա ես ի՞նչ պիտի հեծնեմ արշավի գնալիս, Գրիմոյի՞ն։

— Ես քեզ համար ուրիշ ձի եմ բերել,— պատասխանեց դ’Արտանյանը։

— Ուրի՞շ։

— Եվ այն էլ ի՜նչ հիանալի ձի,— գոչեց պանդոկապետը։

— Լավ, եթե կա ուրիշը, որն ավելի լավն է ու ջահել, քեզ վերցրու առաջվանը և մեզ համար գինի բեր։

— Ո՞ր գինուց,— հարցրեց պանդոկապետը բոլորովին հանգստացած։

— Այն, որ նկուղի խորքումն է, վանդակի մոտ։ Այնտեղ դեռ մի քսանհինգ շիշ կա, մնացածը փշրվեց, երբ ես ընկա։ Բեր վեց շիշ։

— Սա ուղղակի անհատակ տակառ է, ոչ թե մարդ,— ինքն իրեն մրթմրթաց պանդոկապետը։— Եթե սա էլի մի երկու շաբաթ մնա այստեղ և ամբողջ խմածի համար վճարի, ես իմ գործերը կարգի կգցեմ։

— Եվ չմոռանաս՝ նույն գինուց չորս շիշ տալ անգլիացի պարոններին,— ավելացրեց դ’Արտանյանը։

— Իսկ հիմա,— շարունակեց Աթոսը,— քանի դեռ մենք գինու ենք սպասում, դ’Արտանյան, պատմիր տեսնենք, ի՞նչ դրության մեջ են մյուսները։

Դ’Արտանյանը պատմեց նրան, թե ինչպես Պորտոսին գտավ անկողնում պառկած, ոտքի հոդը դուրս ընկած, իսկ Արամիսին՝ երկու աստվածաբանների հետ աստվածաբանական վեճի բռնված։ Երբ նա վերջացնում էր իր պատմությունը, ներս մտավ պանդոկապետը, բերելով պատվիրած գինին և մի կտոր ապուխտ, որ բարեբախտաբար մնացել էր նկուղից դուրս։

— Շատ լավ,— ասաց Աթոսը լցնելով իր և դ’Արտանյանի բաժակները,— դա Պորտոսի ու Արամիսի մասին։ Իսկ դուք, բարեկամս, դուք ինչպե՞ս եք և ինչ է պատահել ձեզ։ Ինձ թվում է թե դուք շատ մռայլ տեսք ունեք։

— Դժբախտաբար՝ այո,— պատասխանեց դ’Արտանյանը,— և դրա պատճառն այն է, որ ես բոլորիդ մեջ ամենադժբախտ մարդն եմ։

— Դու դժբա՞խտ ես, դ’Արտանյան,— գոչեց Աթոսը։— Ի՞նչ է պատահել, պատմեցեք ինձ։

— Հետո, հետո,— ասաց դ’Արտանյանը։

— Հետո, իսկ ինչո՞ւ ո՛չ հիմա։ Դու կարծում ես, թե ես հարբա՞ծ եմ։ Լավ հիշիր, բարեկամս, ես երբեք այնքան պայծառ միտք չեմ ունենում, որքան մի շիշ գինու առաջ նստած ժամանակ։ Դե, պատմիր, պատմիր, ես լսողություն եմ դարձել։

Դ’Արտանյանը նրան պատմեց տիկին Բոնասիեի հետ պատահած դեպքը։

Աթոսը հանգիստ լսեց նրան։

— Դրանք բոլորը դատարկ բաներ են,— ասաց նա, երբ դ’Արտանյանը խոսքը վերջացրեց,— միանգամայն դատարկ բաներ։

«Դատարկ բաներ»֊ը Աթոսի սիրած արտահայտությունն էր։

— Դուք ամեն ինչ դատարկ բան եք համարում, սիրելի Աթոս,— առարկեց դ’Արտանյանը։— Դա համոզիչ չէ, երբ այդ ամենը ասում է մի մարդ, որը երբեք չի սիրել։

Աթոսի մարած հայացքը հանկարծակի բորբոքվեց, սակայն դա միայն րոպեական բռնկում էր, և նրա աչքերը նորից դարձան այնպես աղոտ ու մշուշապատ, ինչպես առաջ։

— Դա ճշմարիտ է,— հանգիստ հաստատեց նա,— ես երբեք չեմ սիրել։

— Ուրեմն, ինքներդ եք տեսնում, կարծրասիրտ մարդ, որ իրավացի չեք, երբ մեղադրում եք մեզ զգայուն սիրտ ունեցողներիս։

— Զգայուն սիրտ՝ փշրված սիրտ,— ասաց Աթոսը։

— Ի՞նչ եք ուզում ասել դրանով։

— Ուզում եմ ասել, որ սերը վիճակախաղ է, որի մեջ շահողը մահ է շահում։ Հավատացեք ինձ, սիրելի դ’Արտանյան, ձեր բախտը բանել է, որ տանուլ եք տվել։ Միշտ էլ տանուլ տվեք, այս է իմ խորհուրդը։

— Ինձ թվում է, թե նա այնպե՜ս էր սիրում ինձ։

— Այդ միայն թվում է ձեզ։

— Օ՜, ո՛չ, նա իսկապես սիրում էր ինձ։

— Երեխա՛։ Չկա այնպիսի տղամարդ, որը ձեզ պես չհավատա, թե իր սիրած կինը սիրում է իրեն, և չկա այնպիսի մի տղամարդ, որին խաբած չլինի իր սիրածը։

— Բացի ձեզնից, Աթոս, չէ՞ որ դուք երբեք սիրած կին չեք ունեցել։

— Դա ճշմարիտ է,— ասաց Աթոսը մի պահ լռելուց հետո,— ես երբեք ոչ մի կնոջ չեմ սիրել։ Խմենք։

— Բայց եթե այդպես է, ա՛յ փիլիսոփա, սովորեցրեք ինձ, ես խորհուրդ և մխիթարություն եմ որոնում։

— Մխիթարությո՞ւն։ Ի՞նչ բանում։

— Իմ դժբախտության մեջ։

— Ձեր դժբախտությունը պարզապես ծիծաղելի բան է,— ասաց Աթոսը ուսերը թոթվելով։— Կուզենայի իմանալ, ի՞նչ կասեիք դուք, եթե ես ձեզ մի սիրո պատմություն անեի։

— Ձեզ հե՞տ պատահած։

— Կամ՝ իմ մոտիկ ընկերներից մեկի հետ, միևնույն չէ՞։

— Պատմեցեք, Աթոս, պատմեցեք։

— Խմենք, դա ավելի լավ կլինի։

— Խմեցեք և պատմեցեք։

— Իսկապես, կարելի է երկուսը միասին,— ասաց Աթոսը բաժակը դատարկելով և նորից լցնելով այն։

— Ես լսում եմ,— ասաց դ’Արտանյանը։

Աթոսը մտքերի մեջ ընկավ, և որքան նրա մտքերը խորանում էին, այնքան ավելի էր նա գունատվում դ’Արտանյանի աչքի առաջ։ Աթոսը գտնվում էր գինովության այն աստիճանում, երբ սովորական հարբած մարդը փռվում է ու քնում։ Բայց նա ասես զառանցում էր արթմնի։ Գինովության այդ պայծառատեսության մեջ մի ինչ֊որ ահասարսուռ բան կար։

— Դուք անպայման ուզում եք, որ պատմե՞մ,— հարցրեց նա։

— Շատ եմ խնդրում,— պատասխանեց դ’Արտանյանը։

— Լավ, թող ձեր ասածը լինի։ Իմ մոտիկ ընկերներից մեկը... մոտիկ ընկերներիցս մեկը, և ո՛չ թե ես, լավ հիշեցեք այս,— ասաց Աթոսը մռայլ ժպիտով,— մի կոմս, որ ծագումով նույն նահանգիցն էր, ինչ ես, այսինքն՝ Բերրիից, նշանավոր ինչպես Դանդոլոն<ref>Դանդոլո — միջնադարում և Վերածննդի դարաշրջանում ճանաչված տոհմ։ Նրա ներկայացուցիչներից շատերը եղել են Վենետիկի դոժեր։</ref> կամ Մոնմորանսին<ref>Մոնմորանսի — Ֆրանսիայի հինավուրց տոհմերից մեկը։</ref>, քսանհինգ տարեկան հասակում սիրահարվել էր տասնվեց տարեկան մի աղջկա, որը չքնաղ էր ինչպես ինքը՝ սերը։ Իր տարիքին հատուկ անմեղության միջից երևում էր նրա եռուն միտքը, որ կանացի միտք չէր, այլ բանաստեղծի։ Ոչ թե միայն դուրեկան էր այդ աղջիկը, այլ արբեցնելու չափ գեղեցիկ։ Ապրում էր նա մի փոքրիկ ավանում՝ իր քահանա եղբոր հետ միասին։ Եկվոր մարդիկ էին նրանք այդ կողմերում։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից են եկել, բայց աղջկա գեղեցկության և եղբոր բարեպաշտության պատճառով ոչ ոքի մտքով չէր անցնում հարցնել նրանց, թե որտեղացի են։ Ի դեպ, ասում էին, թե նրանք բարձր ծագում ունեցող մարդիկ են։ Բարեկամս, որ այդ վայրերի տիրակալն էր, կարող էր հեշտությամբ հրապուրել աղջկան կամ թե զոռով վերցնել, նա լիիրավ իշխան էր, ո՞վ կհամարձակվեր պաշտպան կանգնել օտարական, անհայտ֊անծանոթ մարդկանց։ Բայց, դժբախտաբար, հո ազնիվ մարդ էր և ամուսնացավ այդ աղջկա հետ։ Հիմա՛ր էր, ապո՛ւշ, է՛շ։

— Բայց ինչո՞ւ, եթե սիրում էր նրան,— հարցրեց դ’Արտանյանը։

— Սպասեցեք,— ասաց Աթոսը։— Նա իր դղյակը տարավ այդ աղջկան և նրան առաջին տիկինը դարձրեց ամբողջ գավառում։ Եվ, պետք է արդարամիտ լինել, կինը հիանալի էր կատարում իր դերը...

— Եվ հետո՞,— հարցրեց դ’Արտանյանը։

— Եվ հետո... մի անգամ, որսի ժամանակ, երբ այդ կինն էլ ամուսնու հետ էր,— շարունակեց Աթոսը ցածր ձայնով, բայց շատ արագ,— կինը ձիուց ընկավ և ուշաթափվեց։ Կոմսը նետվեց նրան օգնության, և որովհետև հագուստը սեղմում էր կնոջ կուրծքը, կոմսը պատառոտեց այն դաշույնով, և հանկարծ բացվեց նրա ուսը։ Գուշակեցեք, դ’Արտանյան, ի՞նչ կար ուսին,— հարցրեց Աթոսը նյարդային բարձր քրքիջով բռնված։

— Որտեղի՞ց կարող եմ իմանալ,— ասաց դ’Արտանյանը։

— Շուշան ծաղիկ,— ասաց Աթոսը,— նա խարանված էր։

Եվ Աթոսը մի շնչով դատարկեց գինու բաժակը, որ բռնել էր ձեռքում։

— Ի՜նչ սոսկալի բան,— գոչեց դ’Արտանյանը,— չի կարող պատահել։

— Ճշմարտություն եմ ասում, սիրելիս։ Հրեշտակը դև դուրս եկավ։ Խեղճ ու անմեղ թվացող աղջիկը գող դուրս եկավ։

— Եվ ի՞նչ արեց կոմսը։

— Կոմսը լիիշխան տիրակալ էր իր հողում, իր հպատակներին մահապատիժ տալու և ներում շնորհելու իրավունք ուներ։ Նա պատառոտեց կոմսուհու վրայի շորերը, ձեռքերը կապեց մեջքին և նրան կախեց ծառից։

— Աստվա՜ծ իմ։ Բայց դա մարդասպանություն է, Աթո՛ս,— գոչեց դ’Արտանյանը։

— Այո, միմիայն մարդասպանություն,— ասաց Աթոսը մահու պես գունատված։— Բայց այս ի՞նչ է։ Կարծես իմ գինին վերջացե՞լ է։

Եվ վերջին շիշը վերցնելով՝ Աթոսը մոտեցրեց շուրթերին ու մի շնչով խմեց, ասես ձեռքին սովորական բաժակ լիներ։

Հետո նա գլուխն իջեցրեց ձեռքին։ Դ’Արտանյանը սարսափած կանգնել էր նրա առաջ։

— Այս դեպքը բուժեց ինձ սիրուց՝ գեղեցիկ, երազուն, սիրահարված կանանց նկատմամբ,— ասաց Աթոսը ուղղվելով և, ըստ երևույթին, պատրաստվելով վերջացնել կոմսի պատմությունը։— Ցանկանում եմ, որ դուք էլ բուժվեք։ Խմե՛նք։

— Եվ այդպես էլ նա մեռա՞վ,— մրմնջաց դ’Արտանյանը։

— Իհարկե,— ասաց Աթոսը։— Դե, տվեք ձեր բաժակը։ Ապուխտ բեր, անբան,— ձայն տվեց Աթոսը։— Էլ չենք կարողանում խմել։

— Իսկ նրա եղբա՞յրը,— հարցրեց դ’Արտանյանը։

— Եղբա՜յրը,— կրկնեց Աթոսը։

— Այո, քահանան։

— Ախ, քահանա՜ն։ Ես ուզում էի կարգադրել, որ նրան էլ կախեն, բայց նա շուտ էր գլխի ընկել և կարողացել էր ծլկել։

— Եվ այդպես էլ չիմացա՞ք, թե ով էր այդ սրիկան։

— Հավանաբար գեղեցկուհու առաջին սիրեկանը և նրա գործակիցը, արժանապատիվ մի մարդ, որը երևի հենց նրա համար էր քահանա ձևացել, որպեսզի մարդու տա իր սիրուհուն և ապահովի նրա վիճակը։ Հուսով եմ, որ նրան քառատած կլինեն։

— Օ՜, աստված իմ, աստվա՜ծ,— բացականչեց դ’Արտանյանը՝ սոսկալի պատմությունից զարհուրած։

— Այդ ինչո՞ւ դուք ապուխտ չեք ուտում, դ’Արտանյան, սքանչելի ապուխտ է,— ասաց Աթոսը մի կտոր կտրելով և երիտասարդի պնակում դնելով։— Ափսոս, որ նկուղում գոնե մի չորս հատ այսպիսի ապուխտ չկար։ Ես մի հիսուն շիշ ավելի խմած կլինեի։

Դ’Արտանյանն այս խոսակցությունը շարունակելու ուժ չուներ. նա զգում էր, որ խելքը թռցնում է։ Գլուխն իջեցրեց ձեռքի վրա և ձևացրեց, թե քնել է։

— Խմել չի կարողանում մեր երիտասարդությունը,— ասաց Աթոսը ցավակցաբար նայելով նրան,— սա դեռ լավերից է...

Comments