Chapter 24
Առաջին մաս XXIII. Տեսակցություն
Դ’Արտանյան տուն վերադարձավ վազեվազ և, չնայած առավոտյան ժամը երեքից անց էր, իսկ նա պետք է անցներ Փարիզի ամենավտանգավոր թաղերով, այնուամենայնիվ ոչ մի անախորժ հանդիպում չունեցավ։ Բոլորին հայտնի է, որ հարբած մարդիկ և սիրահարները իրենց պահապան հրեշտակն ունեն։
Մուտքի դուռը կիսաբաց էր։ Նա սանդուղքով բարձրացավ և կամացուկ դուռը բախեց պայմանավորված ձևով, որ հայտնի էր միայն իրեն և իր սպասավորին։ Դուռը բաց արեց Պլանշեն, որին դ’Արտանյանը երկու ժամ առաջ ուղարկել էր խորհրդարանից, հրամայելով տանը սպասել։
— Նամակ բերե՞լ են ինձ,— աշխույժ հարցրեց դ’Արտանյանը։
— Ո՛չ, տեր իմ, ոչ ոք չի բերել,— պատասխանեց Պլանշեն,— բայց կա մի նամակ, որ ինքն իրեն է եկել։
— Այդ ի՞նչ է նշանակում, տխմա՛ր։
— Այդ նշանակում է, որ երբ ես տուն եկա, ձեր ննջարանում, սեղանի վրա գտա մի ինչ-որ նամակ, թեև բնակարանի բանալին իմ գրպանումն էր, և ոչ մի րոպե չեմ բաժանվել նրանից.
— Իսկ որտե՞ղ է այդ նամակը։
— Ես, տեր իմ, թողի այնտեղ, որտեղ գտնվում էր։ Տեսնվա՞ծ բան է, որ նամակն այդ ձևով հասնի մարդուն։ Եթե լուսամուտը բաց լիներ կամ գոնե կիսաբաց լիներ, էլի ոչինչ չէի ասի, բայց չէ , լուսամուտն էլ պինդ փակված էր։ Զգուշացեք, տեր իմ, այս գործի մեջ անպայման չար ոգու մատն է խառը։
Առանց նրան լրիվ լսելու երիտասարդը վազեց սենյակ և նամակը բաց արեց. այն տիկին Բոնասիեից էր և պարունակում էր հետևյալ տողերը.
«Մեկը ցանկանում է ձեզ ջերմագին շնորհակալություն հայտնել իր անունից, ինչպես և մի ուրիշ անձի անունից։ Այսօր երեկոյան ժամը տասին եղեք Սեն Կլուում, այն տաղավարի դիմաց, որ կից է պ-րն դ’Էստրեի տանը։
Կ. Բ.»
Այս նամակը կարդալիս դ’Արտանյանը զգում էր, թե ինչպես իր սիրտը մերթ լայնանում է, մերթ կծկվում այն դուրեկան դողով, որը և՛ տանջում, և՛ փաղաքշում է սիրահարվածների սիրտը։
Այդ առաջին երկտողն էր, որ նա ստանում էր, այդ առաջին տեսակցությունն էր, որ նշանակում էին նրան։ Հրճվանքի արբեցումով լի, նրա սիրտը պատրաստ էր կանգ առնելու երկնային դրախտի շեմքին, որ կոչվում է սեր։
— Է՛, ի՞նչ կա, տեր իմ,— ասաց Պլանշեն, նկատելով, որ իր տերը մերթ շիկնում է, մերթ գունատվում։— Ի՞նչ կա։ Երևում է՝ ես ճի՞շտ եմ հասկացել, և այդ մի ինչ-որ վատ պատմությո՞ւն է։
— Սխալվում ես, Պլանշե՛,— պատասխանեց դ’Արտանյանը,— և որպես ապացույց՝ ահա քեզ մի էքյու, որպեսզի դու կարողանաս իմ կենացը խմել։
— Շնորհակալ եմ ձեզնից էքյուի համար, տեր իմ, և խոստանում եմ ճշտությամբ կատարել ձեր հանձնարարությունը, բայց և այնպես ճշմարիտ է և այն, որ այդ եղանակով փակ տներն ընկնող նամակներն էլ...
— Երկնքի՜ց են ընկնում, բարեկամս, երկնքի՜ց։
— Ուրեմն դուք, տեր իմ, գո՞հ եք,— հարցրեց Պլանշեն։
— Ի՜մ թանկագին Պլանշե, ես ամենաերջանիկ մարդն եմ մահկանացուների մեջ։
— Եվ ես կարո՞ղ եմ оգտվել ձեր երջանկությունից և պառկել քնելու։
— Այո՛, այո՛, պառկիր։
— Երկնային օրհնությունը իջնի ձեր վրա, տեր իմ, բայց և այնպես ճշմարիտ է և այն, որ այդ նամակը...
Եվ Պլանշեն դուրս եկավ գլուխն օրորելով, այնպիսի տեսքով, որն ասում էր, թե դ’Արտանյանի առատաձեռնությունը չկարողացավ վերջնականապես ցրել նրա կասկածները։
Մենակ մնալով՝ դ’Արտանյանը նորից ու նորից կարդաց իր երկտողը, ապա մի քսան անգամ համբուրեց այն տողերը, որ շարել էր նրա չքնաղ սիրուհու ձեռքը։ Վերջապես պառկեց, քուն մտավ և անձնատուր եղավ ոսկեշող անուրջներին։
Առավոտյան ժամը յոթին նա վեր կացավ ու կանչեց Պլանշեին, որը երկրորդ կանչի վրա դուռը բաց արեց, ըստ որում, նրա դեմքին դեռ մնացել էին երեկվա անհանգստության հետքերը։
— Պլանշե,— ասաց դ’Արտանյանը,— ես գնում եմ և գուցե թե ամբողջ օրով։ Ուրեմն, մինչև երեկոյան ժամը յոթը դու ազատ ես, բայց ժամը յոթին պատրաստ եղիր երկու ձիերով։
— Ա՜յ թե ինչ,— ասաց Պլանշեն։— Երևում է՝ մենք նորից ճանապարհ ենք ընկնում մեր մաշկը ծակծկելու։
— Հետդ վերցրու հրացանը և ատրճանակները։
— Ա՛յ, տեսնո՞ւմ ես, ի՞նչ էի ասում ես,— գոչեց Պլանշեն։ Այդպես էլ գիտեի. նզովյա՜լ նամակ։
— Դե հանգստացիր դու էլ, տխմա՛ր, խոսքը վերաբերում է մի հասարակ զբոսանքի։
— Հա, իհարկե, այնպիսի ուրախ ճամփորդության, երբ գնդակների տարափ էր տեղում, իսկ գետնի տակից որոգայթներ էին բուսնում։
— Ասենք, պարոն Պլանշե,— շարունակեց դ’Արտանյանը,— եթե դուք վախենում եք, ես առանց ձեզ կգնամ։ Լավ է մենակ գնալ, քան այնպիսի ուղեկցի հետ, որը դողում է վախից։
— Դուք վիրավորում եք ինձ, տեր իմ,— առարկեց Պլանշեն։— Կարծեմ դուք տեսել եք ինձ կռվի մեջ։
— Այո, բայց ինձ թվաց, թե դուք մեկ անգամում ծախսել եք ձեր ամբողջ քաջությունը։
— Դեպքը որ բերի, տեր իմ, կտեսնեք, որ դեռ էլի մի բան մնացել է, իսկ եթե դուք ցանկանում եք, որ այդ քաջությունը երկար ժամանակ բավականացնի, ապա խնդրում եմ ձեզ չափից ավելի առատությամբ մի ծախսեք։
— Լավ, իսկ դու ինչպե՞ս ես կարծում, քո քաջությունը այս երեկոյի համար էլ կբավականացնի՞։
— Հույս ունեմ։
— Հիանալի է։ Ուրեմն ես քեզ վրա հույս եմ դնում։
— Նշանակված ժամին պատրաստ կլինեմ։ Բայց ես կարծում էի, տեր իմ, որ գվարդիականների ախոռում դուք միայն մեկ ձի ունեք։
— Հնարավոր է, որ հիմա միայն մեկն է, բայց մինչև երեկո կլինի չորսը։
— Ուրեմն մենք, ինչպես երևում է, ձիեր գնելու էինք գնացել։
— Ճիշտ այդպես,— պատասխանեց դ’Արտանյանը։
Եվ Պլանշեին հրաժեշտի հրամայական մի շարժում ուղղելով՝ նա դուրս եկավ տնից։
Շեմքում կանգնած էր պ-րն Բոնասիեն։ Դ’Արտանյանը ուզում էր անցնել առանց հարգարժան արդուզարդի վաճառականի հետ խոսելու, բայց վերջինս այնպես սիրալիր և այնպես բարեհոգի գլուխ տվեց, որ նրա կենվորը ստիպված եղավ ոչ միայն ողջույնին պատասխանել, այլև զրույցի բռնվել նրա հետ։
Եվ ինչպե՞ս կարող ես մի փոքր զիջողամտություն չցուցաբերել այն մարդու նկատմամբ, որի կինը ձեզ տեսակցություն է նշանակել այդ նույն երեկոյան Սեն Կլուում, պ-րն դ’Էստրեի տաղավարի դիմաց։ Դ’Արտանյանը մոտեցավ նրան ամենասիրալիր արտահայտությամբ, որքան որ կարող էր ցույց տալ այդ։
Բնական է, որ խոսակցությունը վերաբերում էր խեղճ Բոնասիեի բանտում գտնվելուն։ Պարոն Բոնասիեն, չիմանալով, որ դ’Արտանյանը լսել է իր խոսակցությունը Մենգի անծանոթի հետ, իր երիտասարդ կենվորին պատմեց, թե ինչպիսի դաժանություններ էր գործում այն հրեշ Լաֆեման, որին նա իր ամբողջ պատմության ընթացքում անվանում էր ոչ այլ ինչ, քան կարդինալի դահիճ և երկար ու բարակ նկարագրում էր Բաստիլը, նրա փականքները, բանտային օդանցքները, վանդակները և խոշտանգման գործիքները։
Դ’Արտանյանն այս ամենը լսում էր գերազանց ուշադրությամբ։
— Ասացեք, դուք իմացա՞ք, թե այն ժամանակ ով էր փախցրել տիկին Բոնասիեին,— հարցրեց նա, երբ, վերջապես, պարոն Բոնասիեն վերջացրեց իր խոսքը։— Ախր ես չեմ մոռացել, որ հենց այդ ցավալի դեպքին եմ պարտական իմ ծանոթությունը ձեզ հետ։
— Ա՜խ,— հառաչեց պ-րն Բոնասիեն,— այդ, իհարկե, նրանք ինձ չասացին, և իմ կինն էլ հանդիսավոր կերպով երդվեց, որ չգիտե։ Հա՛, իսկ դուք,— շարունակեց պ-րն Բոնասիեն ամենապարզամիտ տեսքով,— այդ որտե՞ղ էիք կորել այս վերջին մի քանի օրը։ Ես ոչ ձեզ էի տեսնում, ոչ ձեր ընկերներին, և պետք է ենթադրել, որ այն ամբողջ փոշին, որ երեկ Պլանշեն մաքրում էր ձեր կոշիկներից, Փարիզի սալահատակներից չէր հավաքվել։
— Դուք իրավացի եք, թանկագին պարոն Բոնասիե, ես ու ընկերներս մի փոքրիկ ճանապարհորդություն կատարեցինք։
— Հեռո՞ւ։
— Օ՜, ո՛չ, մի քառասուն լյո, պարոն Աթոսին էին ուղեկցում մինչև Ֆորժի հանքային ջրերը, որտեղ և մնացին իմ ընկերները։
— Լավ, իսկ դուք, դուք, իհարկե, վերադարձաք,— շարունակեց պ-րն Բոնասիեն՝ ամենախորամանկ արտահայտություն տալով իր դեմքին։— Ձեզ պես գեղեցիկ երիտասարդներին սիրուհիները երկարատև արձակուրդ չեն տալիս, և ձեզ անհամբեր սպասում էին Փարիզում, այնպես չէ՞։
— Իսկապես, սիրելի պարոն Բոնասիե,— ծիծաղելով ասաց երիտասարդը,— պետք է ձեզ խոստովանեմ, որ այդպես է, մանավանդ որ, ինչպես երևում է, ձեզնից բան թաքցնել չի լինի։ Այո, ինձ սպասում էին, և կարող եմ հավատացնել մեծ անհամբերությամբ։
Բոնասիեի ճակատը մռայլեց մի թեթև ստվեր, այնքան թեթև, որ դ’Արտանյանը ոչինչ չնկատեց։
— Եվ մենք կվարձատրվե՞նք մեր շտապողականության համար,— շարունակեց արդուզարդի վաճառականը փոքր-ինչ փոխված ձայնով, որ դ’Արտանյանը նույնպես չնկատեց, ինչպես քիչ առաջ չէր նկատել հարգարժան մարդու դեմքը մթագնող վայրկենական ամպը։
— Օ՜, երանի թե ձեր գուշակությունը կատարվի,— ծիծաղելով ասաց դ’Արտանյանը։
— Այս ամենը ես միայն նրա համար եմ ասում,— պատասխանեց պ-րն Բոնասիեն,— որպեսզի իմանամ՝ ո՜ւշ կվերադառնաք դուք։
— Ի՞նչ է նշանակում այդ հարցը, շատ սիրելի տան-տեր, հարցրեց դ’Արտանյանը։— Չլինի՞ ուզում եք սպասել իմ գալուն։
— Ոչ, բայց ինձ ձերբակալելու օրվանից և իմ տանը տեղի ունեցած գողությունից հետո ամեն անգամ, երբ դուռը բախում են, ես վախենում եմ, մանավանդ գիշերը։ Ի՞նչ կարող եմ անել, դե ես հո զինվոր չեմ։
— Դե ուրեմն չվախենաք, եթե ես վերադառնամ գիշերվա ժամը մեկին, երկուսին կամ երեքին, չվախենաք նույնիսկ այն դեպքում, եթե ես բոլորովին չվերադառնամ։
Այս անգամ Բոնասիեն այնպես խիստ գունատվեց, որ դ’Արտանյանը չէր կարող այդ չնկատել և հարցրեց, թե ինչ պատահեց նրան։
— Ոչինչ, ոչինչ,— պատասխանեց Բոնասիեն։— Ինձ հետ պատահած դժբախտություններից հետո ես հանկարծակի թուլության նոպաներ եմ ունենում, և ահա հենց նոր մարմինս սարսռաց։ Ուշադրություն մի՛ դարձրեք ինձ վրա, չէ՞ որ դուք ուրիշ զբաղմունք ունեք՝ անձնատուր լինել ձեր երջանկությանը։
— Այդ դեպքում ես խիստ զբաղված եմ, որովհետև իսկապես որ ես երջանիկ եմ։
— Դեռ ոչ, սպասեցեք, չէ՞ որ դուք ասացիք, որ այդ երեկոյան է լինելու։
— Դե ինչ կա որ, փառք Աստծու, այդ երեկոն էլ կգա։ Եվ գուցե թե դուք էլ նրան սպասում եք այնպես անհամբեր, ինչպես ես։ Գուցե թե տիկին Բոնասիեն այսօր երեկոյան կայցելի ամուսնու օթևանը։
— Այսօր երեկոյան տիկին Բոնասիեն զբաղված է,— հպարտորեն առարկեց ամուսինը։— Իր պարտականությունները նրան պահում են Լուվրում։
— Ավելի վատ ձեզ համար, սիրելի տանտեր, ավելի վատ ձեզ համար։ Երբ ես երջանիկ եմ, ուզում եմ, որ շուրջս բոլորը երջանիկ լինեն, բայց, երևում է, այդ անհնարին է։
Եվ երիտասարդը հեռացավ, ամբողջ կոկորդով քրքջալով իր կատակի վրա, որն, իր կարծիքով, միայն իրեն էր հասկանալի։
— Ուրախ ժամանց եմ ցանկանում ձեզ,— ասաց Բոնասիեն անդրշիրիմյան ձայնով։
Բայց դ’Արտանյանն արդեն այնքան էր հեռու, որ չէր կարող լսել այդ խոսքերը, և եթե լսեր էլ, լինելով այդպիսի տրամադրության մեջ, երևի ուշադրություն չէր դարձնի դրանց վրա։
Նա ուղղվեց դեպի պ-րն դը Տրևիլի տուն։ Երեկվա նրա այցելությունը, ինչպես հիշում ենք, չափազանց կարճատև էր, և նրանք չէին կարողացել որևէ բանի մասին խոսել ինչպես հարկն է։
Պ-րն դը Տրևիլին նա գտավ ուրախ տրամադրության մեջ։ Պարահանդեսին թագավորը և թագուհին նրա հետ արտակարգ սիրալիր էին եղել։ Բայց դրա փոխարեն կարդինալը չափազանց խոժոռ էր։
Գիշերվա ժամը մեկին նա տկարությունը պատճառ բռնելով հեռացել էր։ Ինչ վերաբերում է նորին մեծություն թագավորին և նորին մեծություն թագուհուն, ապա նրանք Լուվր էին վերադարձել առավոտյան ժամը վեցին։
— Իսկ այժմ,— ասաց պ-րն դը Տրևիլը՝ ձայնը ցածրացնելով և ուշադիր նայելով սենյակի բոլոր անկյունները, որպեսզի համոզվի, որ իրենք իսկապես մենակ են,— այժմ, իմ երիտասարդ բարեկամ, խոսեցեք ձեր մասին, որովհետև միանգամայն ակներև է, որ ձեր երջանիկ վերադարձը ինչ-որ կապ ունի թագավորի ուրախության, թագուհու հաղթանակի և նորին սրբազնության ստորացման հետ։ Այժմ ձեզ հարկավոր է զգույշ լինել։
— Ես ինչի՞ց պիտի երկյուղ կրեմ, քանի դեռ բախտ ունեմ նորին մեծություն թագավորի ու թագուհու բարեհաճությունը վայելելու,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ամեն բանից, հավատացեք ինձ։ Կարդինալն այնպիսի մարդ չէ, որ մոռանա չար կատակը, առանց հաշիվ մաքրելու կատակողի հետ, իսկ ես խիստ կասկածում եմ, որ կատակողը հենց այստեղ է, ինձ ծանոթ մի գասկոնացի։
— Մի՞թե դուք կարծում եք, թե կարդինալն էլ ձեզ պես լավատեղյակ է, որ հենց ես եմ գնացել Լոնդոն։
— Գրողը տանի։ Ուրեմն դուք Լոնդոնում եք եղել։ Չլինի՞ Լոնդոնից եք բերել այդ սքանչելի ադամանդը, որ շողշողում է ձեր մատին։ Զգուշացեք, սիրելի դ’Արտանյան, թշնամու ընծան լավ բան չէ։ Դրա մասին կա լատինական մի լավ ոտանավոր... Սպասեցեք...
— Այո, այո, իհարկե,— պատասխանեց դ’Արտանյանը, որ երբեք չէր կարողացել լատիներենի նույնիսկ նախահիմքերը մտցնել գլուխը և իր տգիտությամբ հուսահատության էր հասցնում ուսուցչին, այո,— այո, իհարկե, պետք է լինի այդպիսի մի ոտանավոր...
— Եվ, իհարկե, կա այդպիսի բան,— ասաց պ-րն դը Տրևիլը, որը գրականության նկատմամբ սեր ուներ,— վերջերս պ-րն դը Բենսերադը կարդաց ինձ համար... Սպասեք... հա, հիշեցի.
Timeo Danaos et dona fereates<ref>Վախեցեք դանայանիներից, եթե նույնիսկ ընծա են բերում (լատ.) — հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (մ. թ. ա. 70-19թթ.) «Էնեական պոեմից մի կիսատող։ Նկատի է առնվում Տրոյական պատերազմի մի դրվագ, որը նկարագրվել է նաև Հոմերոսի «Ոդիսականում» և վկայում է դանայացիների խորամանկության մասին։ Տրոյայի անհաջող պաշարումից հետո նրանք պատրաստեցին մի վիթխարի փայտե ձի՝ թողնելով այն Տրոյայի պատերի մոտ։ Չանսալով Լաոկոն քուրմի և գուշակուհի Կասանդրայի նախազգուշացումներին) արոյացիները ձին մտցրին քաղաք։ Թաքնվելով ձիու ներսում դանայացիները գիշերով դուրս եկան, սպանեցին պահակներին և դարպասները բացեցին զինվորների առաջ։ Այսպես ընկավ Տրոյան։</ref>.
Սա նշանակում է՝ զգուշացեք ձեզ ընծա բերող թշնամուց։
— Այս ադամանդը, տեր իմ, ինձ թշնամի չի նվիրել,— պատասխանեց դ’Արտանյանը,— սա ինձ ընծայել է թագուհին։
— Թագուհի՞ն, Օհո՜,— ասաց դը Տրևիլը։— Այո, իսկապես որ դա թագավորական ընծա է։ Այդ մատանին առնվազն հազար պիստոլ արժե։ Իսկ ո՞ւմ միջոցով թագուհին ձեզ հանձնեց դա։
— Նա ինքը տվեց ինձ։
— Այդ որտե՞ղ։
— Այն կաբինետում, որ կից էր թագուհու սենյակին, որտեղ նա փոխում էր իր զգեստը։
— Ի՞նչ ձևով։
— Ձեռքը մեկնելով ինձ՝ համբուրելու համար։
— Դուք համբուրել եք թագուհու ձե՞ռքը,— գոչեց պ-րն դը Տրևիլը՝ զարմացած նայելով դ’Արտանյանին։
— Նորին մեծությունն ինձ արժանացրեց այդ պատվին։
— Եվ դա՝ վկաների ներկայությա՞մբ։ Օ՜, անզգույշ կին, երիցս անզգույշ։
— Ո՛չ, տեր իմ, հանգստացեք, այդ ոչ ոք չտեսավ,— պատասխանեց դ’Արտանյանը։ Եվ նա պ-րն դը Տրևիլին պատմեց, թե ինչպես եղավ այդ ամենը։
— Օ՜, կանայք, կանայք,— գոչեց հին զինվորը։— Գիտեմ նրանց իրենց ռոմանտիկական երևակայությամբ։ Նրանց հրապուրում է այն ամենը, ինչ գաղտնիքի մեջ է պարուրված։ Այդպես ուրեմն, դուք տեսել եք ձեռքը, և ուրիշ ոչինչ։ Դուք կհանդիպեք թագուհուն և չեք ճանաչի նրան, նա կհանդիպի ձեզ և չի իմանա ով եք դուք։
— Այո, բայց այս ադամանդով...— առարկեց երիտասարդը։
— Լսեցեք,— ասաց պ-ըն դը Տրևիլը,— մի խորհուրդ տա՞մ ձեզ, բարի խորհուրդ, բարեկամ մարդու խորհուրդ։
— Դրանով դուք ինձ մեծ պատիվ արած կլինեք, տեր իմ,— պատասխանեց դ’Արտանյանը։
— Դե ուրեմն գնացեք առաջին իսկ հանդիպած ակնա-գործ վարպետի մոտ և տվեք նրան այդ ադամանդը ինչ գնով էլ լինի, որքան էլ նա առաջարկի ձեզ։ Որքան էլ գծուծ մարդ լինի նա, դուք մի ութ հարյուր պիստոլ կստանաք դրա համար։ Պիստոլները, երիտասարդ, անուն չունեն, իսկ այդ մատանին անուն ունի, սարսափելի անուն, որը կարող է կործանել նրան, ով կրում է այն իր մատին։
— Ծախել այս մատանի՜ն, այս մատանին, որն ինձ նվիրել է թագուհի՞ն։ Երբեք,— գոչեց դ’Արտանյանը։
— Այդ դեպքում ակը շուռ տվեք ներսի կողմը, թշվառական, որովհետև բոլորը գիտեն, որ գասկոնացի խեղճ ազնվականը այդպիսի թանկարժեք բաներ իր մոր տուփի մեջ չի գտնում։
— Ուրեմն դուք կարծում եք, որ ինձ որևէ վտա՞նգ է սպասում,— հարցրեց դ’Արտանյանը։
— Ասում եմ ձեզ, երիտասարդ, որ վառված պատրույգով ականի վրա քնած մարդը իրեն կարող է շատ ավելի ապահով զգալ, քան դուք։
— Գրողը տանի,— ասաց դ’Արտանյանը, որին արդեն սկսել էր անհանգստացնել դը Տրևիլի համոզված տոնը։— Գրողը տանի, ուրեմն ի՞նչ անեմ ես։
— Զգույշ լինել ամեն տեղ և ամենուրեք։ Կարդինա-լը հիանալի հիշողություն ունի և երկար ձեռք. հավատացեք ինձ, նա դեռ մի խաղ կխաղա ձեր գլխին։
— Բայց ի՞նչ խաղ։
— Փա՛հ, ես ինչ իմանամ։ Մի՞թե սատանայի բոլոր խորամանկությունները նրա զինանոցում չեն։ Նվազագույնը, որ կարող է պատահել, այն է, որ ձեզ կձերբակալեն։
— Ինչպե՜ս, մի՞թե որևէ մեկը կհամարձակվի ձերբակալել մի զինվորի, որը ծառայության մեջ է նորին մեծության մոտ։
— Գրողը տանի։ Նրանք չէի՞ն, որ ձերբակալեցին Աթոսին։ Մի խոսքով, իմ երիտասարդ բարեկամ, հավատացեք մի մարդու, որն արդեն երեսուն տարի գտնվում է արքունիքում։ Չափից ավելի հանգիստ մի՛ եղեք, թե չէ՝ կորած եք։ Ընդհակառակն,— և սա ես եմ ասում ձեզ,— դուք պետք է ամենուրեք թշնամիներ տեսնեք։ Եթե որևէ մեկը ձեզ հետ վեճ սկսի, աշխատեցեք խույս տալ նրանից, թեկուզ տասը տարեկան երեխա լինի սկսողը։ Եթե անցնելու լինեք կամրջով, լավ տնտղեցեք տախտակները, որովհետև նրանցից մեկը կարող է կոտրվել ձեր ոտքի տակ։ Եթե պատահի, որ դուք անցնելիս լինեք կառուցվող տան մոտով, վերև նայեցեք, որովհետև կարող է ձեր գլխին քար ընկնել։ Եթե դուք ուշ ժամին տուն վերադառնալիս լինեք, թող ձեր սպասավորը քայլի հետևից, և թող նա զինված լինի, իհարկե, այն դեպքում, եթե դուք լիովին վստահում եք նրան։ Զգուշացեք բոլորից՝ բարեկամից, եղբորից, սիրուհուց, մանավանդ սիրուհուց։
Դ’Արտանյանը շիկնեց։
— Սիրուհո՜ւց,— մեքենաբար կրկնեց նա,— իսկ ինչո՞ւ պետք է սիրուհուց ավելի զգուշանամ, քան որևէ մեկ ուրիշից։
— Որովհետև սիրուհին կարդինալի ամենասիրած միջոցներից մեկն է, որը մյուս բոլորից ավելի արագ է գործում, կինը ձեզ տասը պիստոլով էլ կդավաճանի, հիշեցեք Դալիլային։ Դուք գիտե՞ք սուրբ գիրքը։
Դ’Արտանյանը հիշեց այն տեսակցությունը, որ հենց այդ երեկո նշանակել էր տիկին Բոնասիեն, սակայն, ի պատիվ մեր հերոսի, պետք է ասենք, որ պ-րն դը Տրևիլի վատ կարծիքն ընդհանրապես կանանց մասին դ’Արտանյանին ամենաչնչին կասկած անգամ չներշն-չեց իր սիրունիկ տանտիրուհու նկատմամբ։
— Ի դեպ,— շարունակեց պ-րն դը Տրևիլը,— ի՞նչ եղան ձեր երեք ուղեկիցները։
Ես հենց ինքս էի ուզում հարցնել ձեզ, որևէ տե-ղեկություն չե՞ք ստացել նրանց մասին։
— Ոչ մի։
— Ես նրանց թողել եմ ճանապարհին։ Պորտոսին՝ Շանտիլիայում՝ մենամարտը քթի առաջ, Արամիսին՝ Կրևկերում՝ գնդակը ուսի մեջ և Աթոսին՝ Ամիենում՝ կեղծ դրամ սաղացնելու մեղադրանքը գլխին կախված։
— Ա՜յ թե ինչ,— ասաց պ-րն դը Տրևիլը։— Լավ, իսկ դուք ինչպե՞ս դուրս պրծաք։
— Հրաշքով, պետք է խոստովանեմ, տեր իմ, որ հրաշքով դուրս պրծա, կրծքիս սուսերի հարված ստանալով և կոմս դը Վարդին մեխելով Կալե տանող ճանապարհին, ինչպես թիթեռին կարելի է մեխել պաստառին։
— Հենց այդ էր պակաս։ Դը Վարդը կարդինալին նվիրված մարդ է և Ռոշֆորի ազգականը։ Լսեցեք, բարեկամս, իմ գլուխը մի միտք եկավ։
— Ի՞նչ միտք, տեր իմ։
— Եթե ես ձեր տեղը լինեի, մի բան կանեի։
— Ի՞նչ բան։
— Քանի նորին սրբազնությունը չի սկսել ինձ որոնել Փարիզում, ես նորից կգնայի Պիկարդիա, գաղտուկ, առանց որևէ մեկին ասելու, և կիմանայի, թե ինչ է պա-տահել իմ երեք ուղեկիցներին։ Ճիշտն ասած՝ նրանք արժանի են այդ փոքրիկ ուշադրությանը ձեր կողմից։
— Լավ խորհուրդ է, տեր իմ, և ես վաղը կգնամ։
— Վա՜ղը։ Իսկ ինչո՞ւ ո՛չ հենց այս երեկո։
— Այսօր ինձ Փարիզում պահում է մի անհետաձգելի գործ։
— Ա՜խ, պատանի՛, պատանի՛։ Մի ինչ-որ վաղանցուկ հրապուրա՞նք։ Կրկնում եմ՝ զգուշացեք, կինը կործանել է մեզ բոլորիս անցյալում, կկործանի և ապագայում։ Ինձ լսեցեք, գնացեք հենց այս երեկո։
— Անհնարին է, տեր իմ։
— Նշանակում է դուք խո՞սք եք տվել։
— Այո, տեր իմ։
— Դե, այդ ուրիշ բան է, բայց խոստացեք, որ եթե այս գիշեր ձեզ չսպանեն, վաղը կմեկնեք։
— Խոստանում եմ։
— Փող հարկավոր չէ՞ ձեզ։
— Ես դեռ հիսուն պիստոլ ունեմ։ Կարծում եմ՝ բավական կլինի։
— Իսկ ձեր ուղեկիցնե՞րը։
— Կարծում եմ, որ նրանք փող կունենան։ Երբ մենք Փարիզից դուրս եկանք, յուրաքանչյուրիս գրպանում յոթանասունհինգ պիստոլ կար։
— Կտեսնե՞մ ես ձեզ մինչև ձեր մեկնելը։
— Կարծում եմ՝ ոչ, տեր իմ, եթե որևէ նոր բան չլինի։
— Այդ դեպքում՝ բարի ճանապարհ։
— Շնորհակալ եմ, տեր իմ։
Եվ դ’Արտանյանը հրաժեշտ տվեց պարոն դը Տրևիլին, ավելի քան երբևէ հուզված այն հայրական հոգատարությունից, որ ցուցաբերեց նա հրացանակիրների նկատմամբ։
Դ’Արտանյանը հերթով եղավ Աթոսի, Պորտոսի ու Արամիսի բնակարաններում։ Նրանցից ոչ մեկը չէր վերադարձել։ Նրանց սպասավորները նույնպես բացակայում էին, և ոչ մեկի մասին ոչ մի տեղեկություն չկար։
Դ’Արտանյանը կարող էր տեղեկություն ստանալու համար դիմել նրանց սիրուհիներին, բայց նա չէր ճա-նաչում ո՛չ Պորտոսի սիրուհուն, ո՛չ Արամիսի, իսկ ինչ վերաբերում է Աթոսին, նա սիրուհի չուներ։
Գվարդիականների զորանոցի մոտով անցնելիս նա մի րոպե մտավ ախոռ. չորս ձիերից երեքն արդեն բերել էին։ Զարմանք կտրած Պլանշեն հենց այդ ժամանակ քերոցով մաքրում էր ձիերը, և նրանցից երկուսն արդեն պատրաստ էին։
— Ա՜խ, տեր իմ,— ասաց Պլանշեն դ’Արտանյանին տեսնելով,— որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։
— Իսկ ի՞նչ է պատահել, Պլանշե,— հարցրեց երիտասարդը։
— Վստահո՞ւմ եք դուք պարոն Բոնասիեին, մեր տան տիրոջը։
— Ե՞ս։ Ամենևին։
— Այ, այդ լավ է, տեր իմ։
— Բայց ինչո՞ւ եք հարցնում այդ։
— Որովհետև, երբ դուք խոսում էիք նրա հետ, ես դիտում էի ձեզ, թեպետև չէի լսում ձեր խոսքերը, և գիտե՞ք ինչ, տեր իմ, նրա դեմքը երկու թե երեք անգամ փոխվեց։
— Դե լա՜վ...
— Դուք այդ չնկատեցիք, տեր իմ, որովհետև ձեր միտքն զբաղված էր ստացած նամակով։ Բայց ես, ընդհակառակն, անհանգստացած էի թե այդ ի՞նչ տարօրինակ ձևով է այդ նամակը մեր տունն ընկել, դրա համար էլ աչքս որ մի րոպե չէի հեռացնում նրա դեմքից։
— Եվ ինչպե՞ս երևաց այն։
— Դավաճանի դեմք։
— Մի՞թե։
— Բացի այդ, տեր իմ, հենց որ դուք հրաժեշտ տվիք նրան և ծածկվեցիք փողոցի անկյունում, Բոնասիեն իսկույն գլխարկը վերցրեց, դուռը փակեց և վազեց հակառակ կողմը։
— Իսկապես, Պլանշե, դու իրավացի ես. այդ ամենը ինձ խիստ կասկածելի է թվում և, հանգիստ եղիր, մենք չենք վճարի նրա բնակարանի վարձը, մինչև այդ ամենը ամենավճռական ձևով չլուսաբանվի։
— Դուք շարունակ կատակ եք անում, տեր իմ, բայց սպասեցեք և ինքներդ կտեսնեք։
— Ի՛նչ արած, Պլանշե, ինչ որ լինելու է, կլինի։
— Ուրեմն դուք չե՞ք հրաժարվում այսօրվա երեկոյան զբոսանքի մտքից, տեր իմ։
— Ընդհակառակն, Պլանշե, որքան ավելի շատ բարկանամ ես Բոնասիեի վրա, այնքան ավելի սիրով կգնամ այն տեսակցությանը, որ նշանակված է ինձ՝ քեզ այնպես անհանգստացնող նամակում։
— Դե, տեր իմ, եթե ձեր որոշումը...
— ...անսասան է, բարեկամս։ Ուրեմն՝ ժամը իննին պատրաստ եղիր այստեղ, զորանոցում։ Ես կգամ քեզ վերցնելու։
Տեսնելով, որ այլևս ոչ մի հույս չկա տիրոջը համոզելու հրաժարվել իր մտքից, Պլանշեն խոր ախ քաշեց և սկսեց մաքրել երրորդ ձին։
Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, որը, ճիշտն ասած, շատ զգույշ երիտասարդ էր, ապա նա փոխանակ տուն վերադառնալու, ճաշելու գնաց հենց այն նույն գասկոնացի քահանայի մոտ, որը չորս ընկերներին դժվարին օրերին հյուրասիրել էր շոկոլադի նախաճաշով։