1. Երեք հրացանակիրներ

Chapter 22

Առաջին մաս XXI. Կոմսուհի Վինտեր

Ճանապարհին դուքսը հարցուփորձ արեց դ’Արտանյանին և իմացավ եթե ո՛չ ամեն բան, ինչ պատահել էր, գոնե այն, ինչ հայտնի էր երիտասարդին։ Երիտասարդ գվարդիականից լսածները միացնելով իր սեփական հիշողություններին՝ դուքս Բեկինգհեմը կարողացավ շատ թե քիչ արագ գաղափար կազմել այն դրության մասին, որի լրջությունը նշված էր թագուհու նամակում, չնայած նրա հակիրճությանն ու անորոշությանը։ Բայց դքսին առանձնապես զարմացնում էր այն, որ կարդինալին, որի համար այնքան կարևոր էր, որ այդ երիտասարդը ոտք չդնի անգլիական ափի վրա, չի հաջողվել խանգարել նրա ճանապարհը։ Երբ դուքսն իր այդ զարմանքն արտահայտեց, դ’Արտանյանը պատմեց, թե ինչ նախազգուշական միջոցներ էր ձեռք առել ինքը, ինչպես իր երեք ընկերների շնորհիվ, որոնց նա վիրավոր ու արյունաշաղախ ստիպված է եղել թողնել ճանապարհին, իրեն հաջողվել է պրծնել միայն սուսերի մեկ հարվածով, որը և ծակել է թագուհու նամակը, բայց որի համար ինքն այդքան սոսկալի հաշիվ է տեսել կոմս դը Վարդի հետ։ Լսելով դ’Արտանյանին, որն այս ամենը պատմում էր մեծագույն պարզությամբ, դուքսը մերթընդմերթ նայում էր երիտասարդին, ասես չհավատալով, որ այդպիսի հեռատեսությունը, այդպիսի քաջությունն ու նվիրվածությունը կարող են սազել մի պատանու, որի քսան տարին հազիվ թե լրացած լիներ։

Ձիերը սլանում էին մրրիկի պես, և մի քանի րոպեից նրանք հասան Լոնդոնի դարպասին։ Դ’Արտանյանը կարծում էր, որ, քաղաք մտնելով, դուքսը կդանդաղեցնի ընթացքը, սակայն նա շարունակում էր սլանալ նույն արագությամբ, ամենևին չհոգալով, որ ձիու ոտքերի տակ է գցում իր ճանապարհին հանդիպած անզգույշ անցորդներին։ Քաղաքի միջին մասով անցնելիս այդպիսի մի քանի դեպք եղավ, բայց Բեկինգհեմը նույնիսկ երեսը շուռ չտվեց տեսնելու, թե ինչ եղան իր տապալած մարդիկ։ Դ’Արտանյանը հետևում էր նրան, թեև շուրջը հնչում էին աղաղակներ, որոնք շատ նման էին նզովքի։

Մտնելով իր պալատի բակը՝ դուքսը ցած թռավ ձիուց և այլևս նրա մասին չհոգալով, սանձը բաց թողնելով արագ վեր վազեց սանդուղքով։ Դ’Արտանյան հետևեց նրան, թեև անհանգստանում էր ազնիվ կենդանիների համար, որոնց արժանիքն արդեն գնահատել էր նա։ Եվ շատ ուրախացավ, երբ նկատեց, որ երեք-չորս ծառա գոմից ու խոհանոցից դուրս վազելով նետվեցին դեպի ձիերը և տարան նրանց։

Դուքսն այնպես արագ էր գնում, որ դ’Արտանյանը հազիվ էր հասնում հետևից։ Նա անցավ մի քանի դահլիճներով, որոնք կահավորված էին այնպիսի շքեղությամբ, որի մասին մտածել անգամ չէին կարող Ֆրան-սիայի անվանի ազնվականները, և վերջապես մտավ ննջարան, որը ճաշակի ու հարստության մի հրաշք էր։ Անկողնախորշում երևում էր մի դուռ, որը կիսով չափ թաքցրած էր պատի վարագույրով։ Դուքսը այդ դուռը բաց արեց ոսկե բանալիով, որ նա կրում էր վզին, ոսկե շղթայից կախված։

Դ’Արտանյանը համեստորեն կանգ էր առել մի քիչ հեռու, սակայն դուքսը դեռ նվիրական սենյակի շեմքում շուռ գալով դեպի երիտասարդ գվարդիականը և նկատելով նրա անվճռականությունը՝ ասաց.

— Գնա՛նք։ Իսկ եթե դուք պատիվ ունենաք տեսնելու նորին մեծություն թագուհուն, պատմեցեք նրան այն ամենը, ինչ կտեսնեք այստեղ։

Այս հրավերից սիրտ առած՝ դ’Արտանյանը հետևեց դքսին, և դուռը ծածկվեց նրանց հետևից։

Նրանք մտել էին մի փոքրիկ մատուռ, որ ծածկված էր պարսկական ոսկեկար մետաքսով և պայծառորեն լուսավորված բազմաթիվ մոմերով։

Զոհասեղանի նման մի տեղ, որը ծածկված էր երկ-նագույն թավիշն ամպհովանիով և պսակազարդված կարմիր ու սպիտակ փետուրներով, կանգնած էր Աննա Ավստրիացու մարդահասակ պորտրեն, այնքան նման իսկականին, որ դ’Արտանյանը անակնկալից մի ճիչ արձակեց. թվում էր, թե թագուհին հիմա կխոսի։

Զոհասեղանին, ուղիղ նկարի տակ դրված էր մի տուփիկ, որի մեջ պահվում էր ադամանդե զարդը։

Դուքսը մոտեցավ սեղանին և ծունկ չոքեց, ինչպես քահանան՝ խաչելության առաջ։ Ապա նա բաց արեց տուփիկը։

— Վերցրեք—, ասաց նա տուփիկից հանելով երկնա-գույն մի ժապավեն, որի վրա շողշողում էին ադամանդները։— Ահա այն, անգին զարդը։ Ես երդվել էի, որ այս պիտի թաղվի ինձ հետ միասին։ Թագուհին է տվել ինձ, թագուհին էլ ետ է վերցնում։ Թող լինի նրա կամքը, ինչպես տեր աստծու կամքը՝ հար և հավիտյան։

Եվ նա սկսեց մեկը մյուսի հետևից համբուրել ժապավենին կարված զարդերը, որոնցից պետք է բաժանվեր։ Ու հանկարծ նրա կրծւքից մի սոսկալի ճիչ դուրս թռավ։

— Ի՞նչ պատահեց,— անհանգստացած հարցրեց դ’Արտանյանը։— Ի՞նչ եղավ ձեզ, միլորդ։

— Ամե՜ն ինչ կորած է,— գոչեց դուքսը մահու պես գունատված։— Երկու զարդ պակասում է. մնացել է միայն տասը։

— Միլորդ, դուք կորցրե՞լ եք արդյոք, թե ենթադրում եք, որ գողացել են ձեզնից։

— Գողացել են ինձնից, և այդ գողությունը կարդինալի սարքածն է։ Նայեցեք, ժապավենները, որոնցից կախված են եղել զարդերը, կտրված են մկրատով։

— Եթե միայն միլորդը կարողանար իմանալ, թե ով է կատարել այդ գողությունը... Գուցե թե զարդերը դեռևս այդ անձի մոտ են գտնվում։

— Սպասեցեք, սպասեցեք,— ասաց դուքսը։— Ես այս զարդը ինձ վրա կրել եմ միայն մեկ անգամ, Վինձորում, թագավորական պարահանդեսին։ Կոմսուհի Վինտերը, որի հետ մինչ այդ ես գժտված էի, այդ պարահանդեսին ակնհայտորեն հաշտվել էր ուզում ինձ հետ։ Այդ հաշտությունը սոսկ խանդոտ կնոջ վրեժ է եղել։ Այդ օրվանից նա այլևս իմ աչքին չի երևացել։ Կարդի-նալի լրտեսն է այդ կինը։

— Մի՞թե ամբողջ աշխարհում ցրված են նրա լրտեսները,— հարցրեց դ’Արտանյանը։

— Օ՜, այո, այո,— խոսեց դուքսը՝ կատաղությունից ատամները սեղմելով։— Այո, դա սոսկալի հակառակորդ է։ Բայց ո՞ր օրն է նշանակված պարահանդեսը։

— Եկող երկուշաբթի։

— Եկող երկուշաբթի՞։ Դեռ հինգ օր ժամանակ կա, որ ավելի քան բավական է։ Պատրի՜կ,— ձայն տվեց դուքսը մատուռի դուռը բանալով։

Դքսի սենեկապետը շեմքում երևաց։

— Կանչե՜լ իմ ակնագործին ու քարտուղարին։

Սենեկապետը հեռացավ լուռ և այնպիսի արագությամբ, որ ցույց էր տալիս նրա կույր ու անտրտունջ հնազանդության սովորությունը։

Սակայն, թեև ակնագործին առաջինն էին կանչել, քարտուղարն ավելի շուտ ներկայացավ։ Եվ այդ միանգամայն բնական էր, որովհետև նա հենց այդ տանն էր ապրում, նա Բեկինգհեմին գտավ ննջարանում, սեղանի մոտ նստած։ Դուքսն ինքն իր ձեռքով ինչ-որ հրաման-ներ էր գրում։

— Պարոն Ջեկսո՛ն,— դարձավ նա ներս մտնողին,— դուք հենց այս րոպեին պետք է գնաք լորդ-կանցլերի մոտ և ասեք նրան, որ այս հրամանների կատարումը ես անձամբ նրա վրա եմ դնում։ Ես ցանկանում եմ, որ սրանք անհապաղ հրապարակվեն։

— Բայց, ձերդ պայծառափայլություն,— նկատեց քարտուղարը՝ արագ աչքի անցկացնելով գրածը,— ի՞նչ պատասխանեմ ես, եթե լորդ-կանցլերը հարցնի ինձ, թե ի՞նչն է այսպիսի արտակարգ միջոցի պատճառը։

— Պատասխանեցեք, որ այդ է իմ ցանկությունը և որ ես պարտավոր չեմ որևէ մեկին հաշիվ տալու իմ գործողությունների մասին։

— Արդյոք լորդ-կանցլերը նույնպիսի՞ պատասխան պիտի տա նորին մեծությանը, եթե պատահաբար նորին մեծությունը ցանկանա իմանալ, թե ինչու այսուհետև ոչ մի նավ չպետք է դուրս գա Մեծ Բրիտանիայի նավա-հանգիստներից,— ժպիտը դեմքին հարցրեց քարտուղարը։

— Դուք իրավացի եք, պարոն,— պատասխանեց Բեկինգհեմը։— Թող այդ դեպքում լորդ-կանցլերը թագավորին ասի, որ ես որոշել եմ պատերազմ հայտարարել, և այդ միջոցառումը իմ առաջին թշնամական գործողությունն է Ֆրանսիայի դեմ։

Քարտուղարը գլուխ տվեց և դուրս գնաց։

— Այս կողմից մենք կարող ենք հանգիստ լինել,— ասաց դուքսը՝ դառնալով դ’Արտանյանին։— Եթե զար-դերը դեռ Ֆրանսիա չեն ուղարկված, ուրեմն այնտեղ կհասնեն միայն ձեր վերադարձից հետո։

— Ինչպե՞ս։

— Ես հենց նոր արգելք դրի, հայտարարելով, որ այժմ նորին մեծության նավահանգիստներում գտնվող նավերից ոչ մեկը իրավունք չունի ծով դուրս գալու, և հիմա ոչ մի նավ առանց հատուկ թույլտվության չի համարձակվի խարիսխը քաշել։

Դ’Արտանյանը զարմանքով նայեց այդ մարդուն, որը թագավորի վստահությամբ իրեն շնորհված անսահմանափակ իշխանությունը ծառայեցնում է իր սիրուն, Դուքսը երիտասարդ գասկոնացու դեմքի արտահայտությունից հասկացավ, թե ինչ է կատարվում նրա հոգում և ժպտաց։

— Այո,— ասաց նա,— ճշմարիտ է։ Աննա Ավստրիացին իմ իսկական թագուհին է։ Բավական է նրա մի խոսքը, և ես պատրաստ եմ դավաճանելու իմ երկրին, դավաճանելու իմ թագավորին, դավաճանելու աստծուն։ Նա ինձ խնդրեց Լա-Ռոշելի բողոքականներին ցույց չտալ օգնություն, որը ես խոստացել էի նրանց, և ես հնազանդվեցի։ Ես չկատարեցի նրանց տված իմ խոստումը, բայց միևնույն չէ՞, ես կատարեցի Աննա Ավստրիացու ցան-կությունը։ Եվ ահա, ինքներդ դատեցեք, մի՞թե ես լիուլի չվարձատրվեցի իմ այդ հնազանդության համար, չէ՞ որ ես այդ հնազանդությանն եմ պարտական այն, որ ստացա նրա դիմանկարը։

Դ’Արտանյանը զարմացել էր. երբեմն ինչպիսի՜ անտեսանելի ու նուրբ թելերից է կախված լինում ժողովրդի բախտը և բազմաթիվ մարդկանց կյանքը։

Նա դեռևս խորասուզված էր իր մտքերի մեջ, երբ եր-ևաց ակնագործը։ Դա մի իռլանդացի էր, իր գործի հմուտ վարպետ, որն ինքն էր խոստովանում, թե տարեկան հարյուր հազար ֆունտ է վաստակում հենց միայն դուքս Բեկինգհեմի պատվերներից։

— Պարոն Օ’Ռեյլի ասաց դուքսը՝ նրան տանելով մատուռ։— Նայեցեք այս ադամանդե զարդերին և ասացեք, ի՞նչ կարժենա սրանցից յուրաքանչյուրը։

Ակնագործը մի հայացքով գնահատեց զարդի շքեղությունը, հաշվեց ադամանդների արժեքը և առանց տատանվելու պատասխանեց.

— Յուրաքանչյուրը մեկ ու կես հազար պիստոլ, միլորդ։

— Քանի՞ օրում կարելի է այսպիսի երկու զարդ պատրաստել։ Դուք տեսնում եք, որ այստեղ երկուսը պակասում են։

— Մի շաբաթում, միլորդ։

— Ես յուրաքանչյուրին երեք հազար կվճարեմ։ Դրանք ինձ հարկավոր են վաղը չէ մյուս օրը։

— Միլորդը կստանա։

— Դուք անգնահատելի մարդ եք, պարին Օ’Ռեյլի, բայց այդ դեռ բոլորը չէ, այս զարդերը որևէ մեկին վստահել չի կարելի։ Սրանք պետք է պատրաստվեն այստեղ, պալատում։

— Անհնարին է, միլորդ։ Միմիայն ես կարող եմ այդ աշխատանքը կատարել այնպես, որ նոր ու հին զարդերի տարբերությունը բոլորովին աննկատելի լինի։

— Դե ուրեմն, պարոն Օ’Ռեյլի, դուք իմ գերին եք։ Եվ եթե հիմա ցանկանայիք դուրս գալ իմ պալատի սահմաններից, այդ ձեզ չէր հաջողվի։ Հետևապես, հաշտվեցեք դրա հետ։ Տվեք ձեր օգնականների անունները, որոնք կարող են պետք գալ ձեզ, և ասացեք, թե ինչ գործիքներ պիտի բերեն նրանք։

Ակնագործը լավ էր ճանաչում դքսին, ուստի հասկանում էր, որ ամեն մի առարկություն անօգուտ բան է։ Նա իսկույն հնազանդվեց անխուսափելի վիճակին։ — Կթույլատրվի՞ ինձ տեղեկություն տալ իմ կնոջը,— հարցրեց նա։

— Օ՜, ձեզ նույնիսկ կթույլատրվի տեսակցել նրա հետ, իմ թանկագին պարոն Օ’Ռեյլի։ Ձեր կյանքն ամենևին էլ դաժան չի լինելու, մի հուզվեք։ Սակայն ամեն մի անհանգստություն հատուցում է պահանջում։ Ահա, բացի զարդերի համար պայմանավորված գումարից, ստացեք նաև հազար պիստոլի չեկ, որպեսզի մոռանաք ձեզ պատճառած անախորժությունները։

Դ’Արտանյանը չէր կարողանում ուշքի գալ այն զարմանքից, որ առաջացրել էր այդ մինիստրը, որն այնպես ազատորեն տնօրինություններ էր անում մարդկանց ու միլիոնների նկատմամբ։

Մինչ այդ ակնագործը մի նամակ գրեց կնոջը, որին կցեց նաև հազար պիստոլի չեկը և խնդրեց ուղարկել իրեն իր օգնականներից ամենահմուտին, ադամանդների մի հավաքածու, որոնց ճշգրիտ քաշն ու հատկությունը նա իսկույն նշեց, ինչպես նաև իրեն անհրաժեշտ գործիքները։

Բեկինգհեմն ակնագործին տարավ նրա համար նախատեսված սենյակը, որը մի կես ժամում վերածվեց արհեստանոցի։ Ապա նա յուրաքանչյուր դռան առաջ պահակ կանգնեցրեց, ամենախիստ հրաման տալով ոչ ոքի սենյակ չթողնել, բացի դքսի սենեկապետ Պատրիկից։ Հարկ չկար ասելու, որ ակնագործ Օ’Ռեյլիին և նրա օգնականին արգելվեց որևէ պատճառաբանությամբ դուրս գնալ սենյակից։

Ամեն ինչ կարգադրելուց հետո դուքսը վերադարձավ դ’Արտանյանի մոտ։

— Այժմ, իմ երիտասարդ բարեկամ,— ասաց նա,— Անգլիան պատկանում է մեզ երկուսիս։ Ի՞նչ բան է հաճելի ձեզ և ի՞նչ եք կամենում։

— Անկողին,— պատասխանեց դ’Արտանյանը։— Պետք է խոստովանեմ, որ այժմ ինձ ամենից ավելի անկողին է հարկավոր։

Դուքսը հրամայեց դ’Արտանյանին տանել իր ննջարանի կողքի սենյակը։ Նա ուզում էր երիտասարդը շարունակ իր կողքին լինի, ո՛չ այն պատճառով, որ չէր վստահում նրան, այլ նրա համար, որ ունենա մի զրուցակից, որի հետ կարելի է անվերջ խոսել թագուհու մասին։

Մեկ ժամ անց՝ Լոնդոնում հրապարակվեց մի հրա-ման, որով նավերին արգելվում էր Ծով դուրս գալ Ֆրանսիա մեկնելու համար։ Բացառություն չէր արված նույնիսկ փոստատար նավի համար։ Բոլորի կար-ծիքն այն էր, որ այդ նշանակում է պատերազմ հայտա-րարել երկու պետությունների միջև։

Երրորդ օրը առավոտյան ժամը տասնմեկին մոտ զարդերը պատրաստ էին և պատրաստված էին այնքան զարմանալիորեն նման, որ ինքը դուքսն էլ չէր կարողանում հները տարբերել նորերից և նույնիսկ այդպիսի բաներից ամենալավ հասկացողություն ունեցող մարդիկ անզոր կլինեին տարբերել դրանք։

Դուքսն իսկույն կանչեց դ’Արտանյանին։

— Ահա ադամանդե զարդերը, որոնց համար եկել եք դուք,— ասաց նա։— Եվ վկա եղեք, որ ես արի ամեն բան, ինչ մարդկային ուժը կպատեր։

— Հանգիստ եղեք, միլորդ։ Ես կպատմեմ ամեն բան, ինչ տեսա այստեղ։ Բայց ձերդ ողորմածությունն առանց տուփի է տալիս ինձ զարդերը։

— Տուփը ճանապարհին կխանգարի ձեզ։ Բացի դրանից, այս տուփը շատ թանկ է ինձ համար, քանի որ միայն սա է մնում ինձ։ Դուք կասեք, որ ես այն ինձ պահեցի։

— Ես բառ առ բառ կհաղորդեմ ձեր հանձնարարությունը, միլորդ։

— Իսկ հիմա,— ասաց դուքսը համառ նայելով երիտասարդին, ինչպե՞ս անեմ, որ գեթ երբևէ վարձահատույց լինեմ ձեզ։

Դ’Արտանյանը մինչև մազերի արմատները բռնկեց։ Նա հասկացավ, որ դուքսը միջոց է որոնում ստիպելու իրեն մի որևէ ընծա ընդունելու, և այն միտքը, որ իր և իր ընկերների արյան համար պիտի վճարվի անգլիական ոսկով, խոր զզվանք առաջացրեց։

— Խոսենք պարզ, միլո՛րդ.— պատասխանեց դ’Արտանյանը,— և կշռադատենք ամեն ինչ, որպեսզի թյուրիմացություններ չլինեն։ Ես ծառայում եմ Ֆրանսիայի թագավորին ու թագուհուն և գտնվում եմ պարոն Դե-զեսարի գվարդիականների վաշտում, իսկ Դեզեսարը նույնպես, ինչպես և նրա փեսան՝ պարոն դը Տրևիլը, առանձնապես նվիրված է նորին մեծություն թագավո-րին ու նորին մեծություն թագուհուն։ Դեռ ավելին. հնարավոր բան է, որ ես այս ամենը չանեի, եթե չլիներ մի անձ, որը ինձ համար թանկ է այնպես, ինչպես ձեզ համար, ձերդ պայծառափայլություն, թանկ է թագուհին։

— Այո,— ասաց դուքսը ժպտալով,— ես կարծեմ ճանաչում եմ այդ անձին։ Դա...

— Միլորդ, ես նրա անունը չտվի,— շտապ ընդհատեց նրան երիտասարդը։

— Ճշմարիտ է,— ասաց դուքսը։— Հետևապես ձեր այս անձնվիրության համար պետք է այդ անձին շնորհակալ լինեմ։

— Այդպես էլ կա, ձերդ պայծառափայլություն։ Ո-րովհետև այժմ, երբ որտեղ որ է պատերազմը կսկսվի, ես պետք է ձեզ խոստովանեմ, որ ի դեմս ձերդ պայծառափայլության տեսնում եմ միմիայն անգլիացի, նշանակում է՝ թշնամու, որին ես ավելի մեծ սիրով կհանդիպեի պատերազմի դաշտում, քան Վինձորի պուրակում կամ Լուվրի միջանցքներում։ Սակայն այս ամենևին չի խանգարի ինձ ճշտորեն կատարել հանձնարարությունը և, եթե հարկ լինի, կյանքս կտամ, միայն թե կատարեմ այն։ Սակայն կրկնում եմ, ձերդ պայծառա-փայլությունը նույնքան քիչ է պարտական ինձ այն ամենի համար, ինչ անում եմ ես մեր երկրորդ տեսակցության ժամանակ, որքան այն ամենի համար, ինչ ես արի մեր առաջին հանդիպման ժամանակ։

— Մենք ասում ենք, «Հպարտ է ինչպես շոտլանդացի»,— կիսաձայն ասաց դուքսը։

— Իսկ մենք ասում ենք, «Հպարտ է ինչպես գասկոնացի»,— պատասխանեց դ’Արտանյանը։— Գասկոնացիք ֆրան-սիական շոտլանդացիներն են։

Դ’Արտանյանը գլուխ տվեց դքսին և պատրաստվում էր դուրս գնալու։

— Ինչպե՞ս, դուք արդեն ուզում եք գնա՞լ։ Բայց ի՞նչ ճանապարհով կգնաք դուք։ Ինչպե՞ս դուրս կգաք Անգլիայից։

— Հա, ճիշտ որ...

— Նզովված լինեմ, թե սխալվում եմ. այս ֆրանսիացիներին ոչ մի բան չի շփոթեցնում։

— Ես մոռացել էի, որ Անգլիան կղզի է և որ դուք նրա տիրակալն եք։

— Գնացեք նավահանգիստ, հարցրեք «Զունդ» առագաստանավը, այս նամակը հանձնեցեք նավապետին։ Նա ձեզ կտանի մի փոքրիկ նավակայան, որտեղ սովորաբար միայն ձկնորսական նավերն են կանգ առնում։

— Ինչպե՞ս է կոչվում այդ նավակայանը։

— Սեն Վալերի։ Բայց սպասեցեք... Երբ կհասնեք այնտեղ, կմտնեք մի խղճուկ, անանուն պանդոկ, որը ցուցանակ էլ չունի, իսկական ծովայինների որջ է։ Սխալվել չեք կարող, այնտեղ այդպիսի պանդոկ միայն մեկը կա։

— Հետո՞։

— Կհարցնեք՝ ով է տերը և նրան կասեք՝ «Forward»։

— Ի՞նչ է նշան ակում այդ...

— «Առաջ», դա նշանաբանն է։ Նա ձեզ կտրամադրի մի թամբած ձի և ցույց կտա ճանապարհը, որով պետք է գնաք։ Ճանապարհին չորս տեղ ձեզ կսպասեն թամբած ձիեր։ Եթե ցանկանաք, կարող եք ամեն մի կայանում թողնել Փարիզի ձեր հասցեն, և բոլոր չորս ձիերն էլ կուղարկվեն ձեր հետևից։ Նրանցից երկուսն արդեն ձեզ հայտնի են, և դուք, որպես գիտակ մարդ, կարող էիք գնահատել նրանց. դրանք հենց այն ձիերն են, որոնցով ես և դուք Վինձորից սլացանք այստեղ։ Մյուսներն էլ, կարող եք վստահել ինձ, նրանցից վատը չեն։ Այս չորս ձիերը հանդերձավորված են ինչպես արշավանքի համար։ Որքան էլ հպարտ եք դուք, չեք մերժի դրանցից մեկն ընդունել ձեզ համար և ձեր ընկերներին էլ խնդ-րել, որ յուրաքանչյուրը մեկն ընդունի իր համար։ Ի դեպ, չէ՞ որ այդ ձիերը ձեզ պետք կգան մեր դեմ պատերազմելիս։ Նպատակն արդարացնում է միջոցները, ինչպես ընդունված է ասել ձեզ մոտ։

— Լավ, միլորդ, ես համաձայն եմ,— ասաց դ’Արտանյա-նը։— Եվ տա աստված, որ մենք կարողանանք օգտագործել ձեր ընծաները։

— Իսկ այժմ՝ տվեք ձեր ձեռքը, երիտասարդ։ Կարող է պատահել, որ մենք շուտով հանդիպենք կռվի դաշտում։ Իսկ առայժմ, կարծում եմ, մենք բաժանվում ենք որպես բարեկամներ։

— Այո, միլորդ, բայց հուսալով, որ շուտով թշնամի-ներ կդառնանք։

— Հանգիստ եղեք, ես այդ խոստանում եմ ձեզ։

— Հույս եմ դնում ձեր խոսքերի վրա, միլո՛րդ։

Դ’Արտանյանը գլուխ տվեց դքսին, արագ քայլերով ուղղվեց դեպի նավահանգիստ։

Լոնդոնի Թաուերի<ref>Թաուեր — ամրոց Անգլիայում Թեմզայի ափին. XVI դարից ծառայում է որպես բանտ քաղաքական բանտարկյալների համար։</ref> դիմաց նա գտավ նշված նավը, նամակը հանձնեց նավապետին, որն այն տվեց նավա-հանգստի պետին նշում անելու, ապա իսկույն առագաստները բարձրացրեց։

Մեկնելու պատրաստ հիսուն նավ նավակայանում կանգնած սպասում էին։

«Զունդ» առագաստանավը անցավ նրանցից մեկի կողքով, և դ’Արտանյանին հանկարծ թվաց, որ նրա առաջ երևաց Մենգի այն տիկինը, որին անծանոթ ազնվականն անվանեց «միլեդի», և որը դ’Արտանյանին այնքան գեղեցիկ երևաց։ Սակայն հոսանքի ուժը և համընթաց քամին այնպես արագ քշեցին նավը, որ խարիսխ գցած մյուս նավերը համարյա մի անգամից չքացան աչքից։

Հաջորդ առավոտյան ժամը իննին մոտ «Զունդը» խարիսխ գցեց Սեն Վալերիում։

Դ’Արտանյանն իսկույն գնաց հիշյալ պանդոկը, որը ճանաչեց այնտեղից լսվող աղաղակներից։ Անգլիայի ու Ֆրանսիայի պատերազմի մասին խոսում էին ինչպես մի անխուսափելի ու մոտալուտ բանի մասին, և նավաստիները աղմուկով քեֆ էին անում։

Արտանյանն ամբոխի միջով առաջ գնաց, մոտեցավ պանդոկի տիրոջը և արտասանեց «Forward» բառը։ Պանդոկապետն իսկույն նրան նշան արեց, որ հետևի իրեն և դուրս եկավ ետնամուտքով, երիտասարդին տարավ ախոռ, որտեղ նրան մի թամբած ձի էր սպասում, և հարց-րեց, թե ուրիշ որևէ բան հարկավոր չէ՞ նրան։

— Ինձ հարկավոր է իմանալ, թե ո՛ր ճանապարհով գնամ,— ասաց դ’Արտանյանը։

— Գնացեք այստեղից մինչև Բլանժի, իսկ Բլանժիից մինչև Նեֆշատլ։ Նեֆշատլում կմտնեք «Ոսկե Մանգաղ» պանդոկը, նշանաբանը կհայտնեք տիրոջը, և ինչպես այստեղ, այնտեղ էլ կգտնեք մի թամբած ձի։

— Որքա՞ն եմ տալու ձեզ,— հարցրեց դ’Արտանյանը։

— Ամեն ինչի համար վճարված է,— ասաց պանդոկապետը։— Եվ վճարված է առատորեն։ Գնացեք, Աստված ձեզ պահապան։

— Ամմե՜ն,— պատասխանեց երիտասարդը՝ սրարշավ բաց թողնելով ձին։

Չորս ժամ անց՝ նա արդեն Նեֆշատլում էր։

Նա ճշտորեն կատարեց ստացած ցուցումը։ Նեֆշատլում, ինչպես և Սեն Վալերիում, նրան սպասում էր մի թամբած ձի։ Նա ուզում էր ատրճանակները նախկին թամբից նորի վրա փոխադրել, բայց պարզվեց, որ նոր թամբի վրա էլ ճիշտ նույնպիսի ատրճանակներ կան։

— Ձեր հասցեն Փարիզո՞ւմ։

— Գվարդիականների տուն, Դեզեսարի վաշտ։

— Լավ,— ասաց պանդոկապետը։

— Ո՞ր ճանապարհով գնամ։

— Ռուան տանող ճանապարհով։ Բայց քաղաքը կշր-ջանցեք ձախ կողմից։ Կանգ կառնեք Էկուի փոքրիկ գյուղի մոտ։ Այնտեղ միայն մեկ պանդոկ կա՝ «Ֆրանսիայի Վահան»-ը։ Արտաքին տեսքով չդատեք նրա մա-սին. ախոռում կգտնեք մի ձի, որը սրան չի զիջի։

— Նշանաբանը նո՞ւյնն է։

— Նույնը։

— Մնաք բարով։

— Բարի ճանապարհ, պարոն գվարդիական։ Որևէ բան հարկավոր չէ՞ ձեզ։

Դ’Արտանյանը գլուխը բացասաբար շարժեց և ձին թափով բաց թողեց։ Էկուիում կրկնվեց նույնը,— նախազգուշացված պանդոկապետ, թարմ, հանգիստ, ձի։ Նա, ինչպես և նախորդ, կայարաններում, թողեց իր հասցեն և նույն ընթացքով սլացավ Պոնտուազ։ Պոնտուազում վերջին անգամ ձին փոխեց և ժամը իննին սրարշավ մտավ պ-րն դը Տրևիլի տան բակը.

Տասներկու ժամում նա վաթսուն մղոնից ավելի ճանապարհ էր անցել։

Պարոն դը Տրևիլը նրան դիմավորեց այնպես, ասես հենց այսօր առավոտյան էր բաժանվել նրանից։ Միայն թե սովորականից մի քիչ ավելի ամուր սեղմելով ձեռքը, երիտասարդ գվարդիականին ասաց, որ պարոն Դեզեսարի վաշտը Լուվրում պահակություն է անում, և նա կարող է մեկնել իր պահակակետը։

Comments