1. Երեք հրացանակիրներ

Chapter 20

Առաջին մաս XIX. Արշավի ծրագիրը

Դ’Արտանյանն ամենից առաջ գնաց պ-րն դը Տրևիլի մոտ։ Նա գիտեր, որ դեռ մի քանի րոպե չանցած՝ կարդինալն ամեն ինչ կիմանա նզովյալ անծանոթից, որը, անտարակույս, նորին սրբազնության վստահությունը վայելող անձ էր։ Եվ դ’Արտանյանը լիակատար հիմք ունենալով գտնում էր, որ ոչ մի րոպե կորցնել չի կարելի։

Երիտասարդի սիրտը լի էր ուրախությամբ։ Նրան առիթ էր ներկայացել միաժամանակ ձեռք բերել և՛ փառք, և՛ դրամ, և որ ամենահիանալին էր, այդ առիթը իրեն մերձեցնում էր այն կնոջ հետ, որին նա պաշտում էր։ Նախախնամությունը միանգամից ավելին էր տալիս նրան, քան ինքը երբևիցե համարձակվել էր երազել։

Պ-րն դը Տրևիլն իր հյուրասենյակումն էր, իր անվանի բարեկամների սովորական շրջանում։ Դ’Արտանյանը, որին տանը բոլորը ճանաչում էին, գնաց ուղիղ կաբինետ և սպասավորին խնդրեց զեկուցել, որ կցանկանար կապիտանի հետ խոսել մի կարևոր գործի մասին։

Դեռ հինգ րոպե չանցած՝ ներս մտավ պարոն դը Տրևիլը։

Բավական եղավ մի հայացք գցել երիտասարդի ուրախությունից փայլող դեմքին, և հարգարժան կապիտանը հասկացավ, որ տեղի է ունեցել ինչ-որ նոր բան։

Ամբողջ ճանապարհին դ’Արտանյանն ինքն իրեն հարց էր տվել. վստահե՞լ գաղտնիքը պ-րն դը Տրևիլին, թե՞ միայն գործողությունների ազատություն խնդրել նրանից մի գաղտնի գործի համար։ Բայց պ-րն դը Տրևիլը նրա նկատմամբ միշտ այնքան ազնիվ վերաբերմունք ուներ, այնքան խորն էր նրա նվիրվածությունը թագավորին ու թագուհուն և այնքան անկեղծորեն էր ատում կարդինալին, որ երիտասարդը որոշեց ամեն ինչ պատմել նրան։

— Դուք ինձ խնդրել եք ընդունե՞լ ձեզ, իմ երիտասարդ բարեկամ,— ասաց դը Տրևիլը։

— Այո, տեր իմ,— պատասխանեց դ’Արտանյանը,— և դուք, երբ կիմանաք, թե ինչպիսի կարևոր գործի մասին եմ խոսելու, կներեք ինձ, որ անհանգստացրի ձեզ։

— Այդ դեպքում խոսեցեք։ Ես լսում եմ ձեզ։

— Խնդիրը վերաբերում է,— ձայնը ցածրացնելով ասաց դ’Արտանյանը,— ոչ ավել, ոչ պակաս, քան թագուհու պատվին, գուցե և կյանքին։

— Ի՜նչ եք ասում,— գոչեց դը Տրևիլը շուրջը նայե-լով, որպեսզի համոզվի, որևէ մեկը չի՞ լսում իրենց, և նորից հարցական հայացքը գամեց իր խոսակցի դեմքին։

— Ես, տե՛ր իմ,— պատասխանեց դ’Արտանյանը,— ասում եմ, որ պատահականությունը իմ առաջ բաց արեց մի գաղտնիք...

— Որը դուք, երիտասարդ, գաղտնի կպահեք, եթե նույնիսկ հարկ լինի կյանքը տալ դրա համար։

— Բայց ես պետք է հայտնեմ ձեզ այն, տեր իմ, որովհետև միայն դուք կարող եք օգնել ինձ կատարելու այն խնդիրը, որն ինձ վրա է դրել նորին մեծություն թագուհին։

— Այդ գաղտնիքը ձե՞րն է։

— Ոչ, տեր իմ։ Դա թագուհու գաղտնիքն է։

— Թույլատրե՞լ է նորին մեծությունը ինձ տեղյակ դարձնել այդ գաղտնիքին։

— Ոչ, տեր իմ, նույնիսկ ընդհակառակը, ինձ հրամայված է խիստ գաղտնի պահել այն։

— Իսկ ինչո՞ւ եք ուզում հայտնել ինձ։

— Որովհետև, ինչպես արդեն ասացի, ես առանց ձեր օգնության ոչինչ չեմ կարող անել և վախենում եմ, որ դուք, եթե չիմանաք, թե ինչի համար եմ խնդրում, կմերժեք ինձ այն ողորմածությունը, որի մասին ես ուզում եմ խնդրել։

— Պահեցեք ձեզ վստահված գաղտնիքը, երիտասարդ, և ասացեք, ի՞նչ եք ուզում դուք։

— Ես կուզենայի, որ դուք պարոն Դեզեսարից երկու շաբաթով արձակուրդ հաջողացնեք ինձ համար։

— Ե՞րբ։

— Հենց այս գիշերվանից։

— Դուք Փարիզից մեկնելո՞ւ եք։

— Ես գնալու եմ, որպեսզի հանձնարարությունը կատարեմ։

— Կարո՞ղ եք հաղորդել ինձ, թե ուր եք գնալու։

— Լոնդոն։

— Որևէ մեկը շահագրգռվա՞ծ է, որ դուք չհասնեք ձեր նպատակին։

— Կարդինալը, ինձ թվում է, ամեն ինչ կտար, որպեսզի խանգարեր ինձ։

— Եվ դուք մենա՞կ եք մեկնում։

— Ես մենակ եմ մեկնելու։

— Այդ դեպքում դուք Բոնդիից հեռու չեք գնա, վստահեցնում եմ ձեզ դը Տրևիլի խոսքով։

— Ինչո՞ւ։

— Ձեր հետևից մարդասպան կուղարկեն։

— Ես կմեռնեմ իմ պարտքը կատարելիս։

— Բայց հանձնարարությունն անկատար կմնա։

— Այդ ճշմարիտ — ասաց դ’Արտանյանը։

— Հավատացեք ինձ,— շարունակեց դը Տրևիլը։— Այդպիսի ձեռնարկումների պետք է գնալ չորսով, որպեսզի գոնե մեկը նպատակին հասնի։

— Այո, դուք իրավացի եք, տեր իմ,— ասաց դ’Արտանյանը։— Բայց դուք ճանաչում եք Աթոսին, Պորտոսին ու Արամիսին և գիտեք նաև, որ ես կարող եմ հույս դնել նրանց վրա։

— Առանց հայտնելու նրանց գաղտնի՞քը, որ ես ինքս էլ չուզեցի իմանալ։

— Մենք մի անգամ ընդմիշտ երդում ենք տվել իրար վստահել կուրորեն և մշտապես նվիրված լինել մի-մյանց։ Բացի դրանից, դուք կարող եք նրանց ասել, որ ամբողջապես ինձ է վստահվում, և նրանք էլ ինձ վրա հույս կդնեն այնպես, ինչպես և դուք։

— Ես կարող եմ նրանցից յուրաքանչյուրին արձակուրդ տալ երկու շաբաթով. Աթոսին, որին դեռ անհանգստացնում է իր վերքը, Ֆորժի ջրերը մեկնելու համար, Պորտոսին և Արամիսին՝ ուղեկցելու համար իրենց ընկերոջը, որին նրանք այդպիսի ծանր վիճակում մենակ թողնել չեն կարող։ Արձակուրդային վկայականն ապացույց կլինի, որ ուղևորությունը կատարվում է իմ համաձայնությամբ։

— Շնորհակալ եմ ձեզնից, տեր իմ։ Դուք անսահման բարի եք։

— Անհապաղ գնացեք նրանց մոտ։ Մեկնելու եք հենց այս գիշեր... Այո, բայց հիմա մի դիմում գրեցեք պարոն Դեզեսարի անունով։ Հնարավոր է, որ արդեն լրտեսը կրկնակոխ հետևում է ձեզ, և ձեր գալը ինձ մոտ, որ այդ դեպքում արդեն հայտնի կլինի կարդինալին, այդ դիմումով կարդարացվի։

Դ’Արտանյանը դիմումը գրեց, և դը Տրևիլը երիտասարդ գասկոնացու ձեռքից դիմումը վերցնելով ասաց, որ ոչ ուշ, քան երկու ժամից բոլոր չորս արձակուր-դային վկայականները կլինեն ուղևորությանը մաս-նակցող չորս ընկերներից յուրաքանչյուրի տանը։

— Բարի եղեք իմ վկայականը ուղարկել Աթոսի մոտ,— խնդրեց դ’Արտանյանը։— Ես վախենում եմ, որ տուն վերադառնալով կարող եմ հանդիպել որևէ անախորժ անակնկալի։

— Մի անհանգստացեք։ Ցտեսություն և բարի ճանապարհ... Հա՛, սպասեցեք...— գոչեց դը Տրևիլը՝ դ’Արտան-յանին կանգնեցնելով։ Դ’Արտանյանը ետ դարձավ։

— Փող ունե՞ք դուք։

Դ’Արտանյանը ձեռքը խփեց գրպանի դրամի քսակին։

— Բավակա՞ն է,— հարցրեց դը Տրևիլը։

— Երեք հարյուր պիստոլ է։

— Հիանալի է։ Այդքանով աշխարհի ծայրն էլ կարելի է գնալ։ Դե ուրեմն գնացեք։

Դ’Արտանյանը գլուխ տվեց պ-րն դը Տրևիլին, որն իր ձեռքը մեկնեց նրան։ Երիտասարդ գասկոնացին հարգալից շնորհակալությամբ սեղմեց նրա ձեռքը։ Փարիզ գալու օրվանից նա չէր հագենում գովաբանելու այդ հիանալի մարդուն, որը միշտ այնքան ազնիվ էր ու մեծահոգի։

Առաջինը, որի մոտ գնաց դ’Արտանյանը, Արամիսն էր։ Դ’Արտանյանը իր ընկերոջ մոտ չէր եղել այն անմոռանալի երեկոյից հետո, երբ հետևում էր տիկին Բոնասիեին։ Դեռ ավելին, վերջին ժամանակներս նա նույնիսկ հազվադեպ էր հանդիպում երիտասարդ հրացանակրին, և ամեն անգամ, երբ տեսնում էր նրան, թվում էր, թե իր ընկերոջ դեմքին ինչ-որ թախծի հետքեր է նկատում։

Այդ երեկո նույնպես Արամիսը դեռ քնելու չէր պառկել և մռայլ էր ու մտախոհ։ Դ’Արտանյանը փորձեց հարցուփորձ անել նրան տխրության պատճառների մասին։ Արամիսը պատճառ բերեց Ավգուստին Երանելու տասնութերորդ գլխի մեկնաբանությունները, որը նա եկող շաբաթվա համար պետք է գրեր լատիներեն և որը որպես թե խիստ անհանգստացնում էր իրեն։

Երկու ընկերներն արդեն մի քանի րոպե զրուցում էին, երբ հանկարծ ներս մտավ պ-րն դը Տրևիլի սպասա-վորներից մեկը և Արամիսին հանձնեց մի կնքված ծրար։

— Այս ի՞նչ է,— հարցրեց հրացանակիրը։

— Արձակուրդի թույլտվություն, որի մասին դուք, տեր իմ, բարեհաճել էիք խնդրել,— պատասխանեց սպասավորը։

— Բայց ես ամենևին արձակուրդ չեմ խնդրել,— բացականչեց Արամիսը։

— Լռեցեք և վերցրեք,— շշնջաց նրան դ’Արտանյանը։— Եվ ահա ձեզ, բարեկամս, կես պիստոլ ձեր աշխատանքի համար,— ավելացրեց նա դառնալով սպասավորին։— Հաղորդեցեք պարոն դը Տրևիլին, որ պարոն Արամիսը սրտանց շնորհակալ է նրանից։

Սպասավորը մինչև գետին գլուխ խոնարհելով դուրս գնաց։

— Այս ի՞նչ է նշանակում,— հարցրեց Արամիսը։

— Հավաքեցեք ամեն բան, ինչ կարող է ձեզ պետք գալ երկու շաբաթվա ճանապարհորդության համար և հետևեցեք ինձ։

— Բայց ես հիմա չեմ կարող Փարիզը թողնել, առանց իմանալու...

Արամիսը լռեց։

— ...Թե ինչ է պատահել նրան, այնպես չէ՞,— նրա փոխարեն շարունակեց դ’Արտանյանը։

— Ո՞ւմ,— հարցրեց Արամիսը։

— Այն կնոջը, որն այստեղ էր։ Այն կնոջը, որը ասեղնագործված թաշկինակ ունի։

— Ձեզ ո՞վ ասաց, որ այստեղ կին է եղել,— գոչեց Արամիսը մահվան պես սփրթնելով։

— Ես տեսա նրան։

— Եվ գիտե՞ք ով է նա։

— Գլխի եմ ընկնում համենայն դեպս։

— Լսեցեք,— ասաց Արամիսը։— Քանի որ դուք այդքան շատ բան գիտեք, չե՞ք կարող ասել, թե ինչ եղավ այդ կինը։

— Ենթադրում եմ, որ նա վերադարձել է Տուր։

— Տո՞ւր։ Այո, հնարավոր է։ Դուք ճանաչում եք նրան։ Բայց նա ինչպե՞ս վերադարձավ Տուր՝ առանց մի խոսք ասելու ինձ։

— Նա վախեցել է ձերբակալությունից։

— Բայց ինչո՞ւ ինձ նամակ չգրեց։

— Վախեցել է ձեզ փորձանքի մեջ գցել։

— Դ’Արտանյան, դուք կյանք եք վերադարձնում ինձ,— գոչեց Արամիսը։— Ես կարծում էի, թե ինձ արհամարհում, խաբում են։ Ես այնքա՜ն երջանիկ էի, որ նորից տեսնում եմ նրան։ Ես չէի կարող ենթադրել, որ նա իմ պատճառով վտանգի է ենթարկում իր ազատությունը, բայց մյուս կողմից, ի՞նչ պատճառ կարող էր նրան ստիպել Փարիզ վերադառնալ։

— Այն նույն պատճառը, որով մենք այսօր մեկնում ենք Անգլիա։

— Իսկ ի՞նչ պատճառ է այդ,— հարցրեց Արամիսը։

— Երբևիցե, Արամիս, ձեզ այն հայտնի կդառնա։ Բայց առայժմ ես ավելորդ խոսքեր չեմ ասի՝ հիշելով աստվածաբանի ազգականուհուն։

Արամիսը ժպտաց, հիշելով այն հեքիաթը, որ մի ժա-մանակ ինքը պատմել էր ընկերներին։

— Լավ, ի՞նչ կա որ։ Քանի որ նա գնացել է Փարիզից, և դուք դրանում համոզված եք, այլևս ոչ մի բան ինձ այստեղ չի պահում, և ես պատրաստ եմ ճանապարհ ընկնելու ձեզ հետ։ Դուք ասացիք, որ մենք գնում ենք...

— Ամենից առաջ Աթոսի մոտ, և եթե դուք պատրաստվում եք ինձ հետ գալու, ապա խորհուրդ եմ տալիս շտապել, որովհետև մենք շատ ժամանակ կորցրինք։ Հա՜, ի դեպ, նախազգուշացրեք Բազենին։

— Բազենը գալո՞ւ է մեզ հետ։

— Հնարավոր է։ Համենայն դեպս օգտակար կլինի, եթե նա ևս գա Աթոսի մոտ։

Արամիսը Բազենին կանչեց և հրամայեց իրենց հետևից գալ Աթոսի մոտ։

— Դե՛հ, գնացինք,— ասաց նա վերցնելով իր թիկնոցը, սուսերը, գոտին խրելով իր երեք ատրճանակները և պատահաբար կորած որևէ դրամ որոնելով՝ դարակները մի քանի անգամ ետ ու առաջ քաշեց։ Համոզվելով, որ իր որոնումներն իզուր են, նա դ’Արտանյանի հետևից ուղղվեց դեպի դուռը, մտքում ինքն իրեն հարց տալով. երիտասարդ գվարդիականը որտեղից կարող էր իր պես լավ իմանալ, թե ով է եղել այն կինը, որ վայելել է իր հյուրասիրությունը, և իրենից էլ լավ իմանալ, թե որտեղ է թաքնվել այդ կինը։

Երբ արդեն հասել էին շեմքին, Արամիսը ձեռքը դրեց դ’Արտանյանի ուսին։

— Դուք ոչ ոքի բան չե՞ք ասել այդ կնոջ մասին,— հարցրեց նա։

— Ոչ ոքի՝ ամբողջ աշխարհում։

— Նույնիսկ Աթոսին ու Պորտոսի՞ն էլ։

— Ոչ մի խոսք։

— Փառք Աստծու։

Եվ այս բանից հանգստանալով Արամիսը դ’Արտանյանի հետ շարունակեց իր ճանապարհը։ Շուտով նրանք երկուսն էլ հասան այն տունը, որտեղ ապրում էր Աթոսը։

Երբ ներս մտան՝ Աթոսը մի ձեռքում բռնած ուներ արձակուրդի թույլտվությունը, մյուսում՝ պ-րն դը Տրևիլի նամակը։

— Արդյոք չե՞ք կարող բացատրել ինձ, թե ինչ են նշանակում այս արձակուրդը և այս նամակը, որ հենց նոր ստացա ես,— հարցրեց նա զարմացած։

«Սիրելիդ իմ Աթոս, ես համաձայն եմ երկու շաբաթով հանգիստ տալու ձեզ, քանի որ ձեր առողջությունն այդպես է պահանջում։ Կարող եք մեկնել Ֆորժի ջրերը, կամ որևէ այլ տեղ ըստ ձեր հայեցողության։ Շուտ կազդուրվեցեք։

։։։։։։։։։Ձեր նկատմամբ բարեհաճ՝ Տրևիլ»։

Այդ նամակը և արձակուրդը, Աթոս, նշանակում է, որ դուք պետք է հետևեք ինձ։

— Ֆորժի ջրե՞րը։

— Այնտեղ կամ մի այլ տեղ։

— Թագավորին ծառայելո՞ւ համար։

— Թագավորին ու թագուհուն։ Մի՞թե մենք նորին մեծություն թագավորի և թագուհու ծառաները չենք։

Ճիշտ այդ պահին երևաց Պորտոսը։

— Գրո՛ղը տանի,— գոչեց նա ներս մտնելով։— Այդ որ ժամանակից է հրացանակիրներին արձակուրդ տրվում առանց նրանց խնդրանքի։

— Այն ժամանակից, երբ նրանք ունեն բարեկամներ, որոնք խնդրում են նրանց փոխարեն։

— Ա-ա՜,— ծոր տվեց Պորտոսը,— երևում է՝ այստեղ ինչ-որ նորություններ կան։

— Այո, մենք մեկնում ենք,— պատասխանեց Արամիսը։

— Դեպի ո՞ւր,— հարցրեց Պորտոսը։

— Ճիշտն ասած՝ լավ չգիտեմ,— պատասխանեց Աթոսը։— հարցրու դ’Արտանյան։

— Մենք, պարոննե՛ր, մեկնում ենք Լոնդոն,— ասաց դ’Արտանյանը։

— Լոնդո՜ն,— գոչեց Պորտոսը։— Ի՞նչ ենք անելու մենք Լոնդոնում։

— Ահա այդ է, որ ես իրավունք չունեմ ձեզ ասելու, պարոննե՛ր։ Դուք ստիպված եք վստահելու ինձ։

— Բայց Լոնդոն գնալու համար փող է հարկավոր,— ասաց Պորտոսը,— իսկ ես փող չունեմ։

— Ես ևս։

— Ես էլ։

— Ես փող ունեմ,— ասաց դ’Արտանյանը գրպանից հա-նելով իր գանձը և սեղանի վրա գցելով այն։— Այս քսակում երեք հարյուր պիստոլ կա։ Յուրաքանչյուրս կվերցնենք յոթանասունհինգ պիստոլ, դա բավական կլինի Լոնդոն գնալու և վերադառնալու համար։ Ի դեպ, հանգիստ եղեք, մենք բոլորս Լոնդոն չենք հասնի։

— Ինչո՞ւ։

— Որովհետև, ամենայն հավանականությամբ, մեզնից որևէ մեկը ճանապարհին կմնա։

— Ուրեմն այդ ինչ է, մենք արշավի՞ ենք դուրս գալիս։

— Եվ այն էլ շատ վտանգավոր արշավի, պետք է նախազգուշացնեմ ձեզ։

— Գրողը տանի,— գոչեց Պորտոսը,— դեհ, քանի որ մենք սպանվելու վտանգի ենք ենթարկում մեզ, ես գոնե կուզենայի իմանալ, թե հանուն ինչի ենք անում այդ։

— Դա քեզ թեթևությո՞ւն կբերի,— հարցրեց Աթոսը։

— Պետք է խոստովանեմ,— ասաց Արամիսը,— որ ես համաձայն եմ Պորտոսի հետ։

— Բայց մի՞թե թագավորը սովորություն ունի հաշիվ տալու ձեզ։ Ո՛չ։ Նա պարզապես ասում է ձեզ, պարոննե՛ր Գասկոնում կամ Ֆլանդրիայում կռիվ է, գնացեք կռվելու, և դուք գնում եք։ Հանուն ինչի՞։ Դուք նույնիսկ չեք էլ մտածում դրա մասին։

— Դ’Արտանյանն իրավացի է,— ասաց Աթոսը։— Ահա մեր երեքիս արձակուրդային վկայականները, որ ուղարկել է պարոն դը Տրևիլը, և ահա երեք հարյուր պիստոլ, որ հայտնի չէ ով է տվել։ Գնանք մեռնելու, որտեղ ուղարկում են մեզ։ Կյանքն ի՞նչ բան է, որ նրա համար այդքան հարցուփորձ անես։ Դ’Արտանյան, ես պատրաստ եմ հետևելու քեզ։

— Ես էլ,— ասաց Պորտոսը։

— Ես էլ,— ասաց Արամիսը։— Ի դեպ, հիմա ես դեմ չեմ Փարիզից մեկնելու։ Ինձ հարկավոր է զվարճանալ։

— Զվարճություններ շատ կունենաք, պարոննե՛ր, հանգիստ եղեք,— ասաց դ’Արտանյանը։

— Հիանալի է։ Իսկ ե՞րբ ենք ճանապարհ ընկնում,— հարցրեց Աթոսը։

— Հենց հիմա,— պատասխանեց դ’Արտանյանը։— Ոչ մի րոպե կորցնել չի կարելի։

— Է՜յ, Գրիմո՛, Պլանշե՛, Մուշկետո՛ն, Բազե՜ն,— ձայն տվին չորսն էլ իրենց սպասավորներին։— Փայլեցրեք մեր բոտֆորտները<ref>Բոտֆորտ — կոշտ սրնքապաններով լայնաբերան երկարաճիտ սապոգներ (ծ. խ.)։</ref> և բերեք մեր ձիերին։

Այն տարիներին ընդունված կարգ էր, որ ամեն մի հրացանակիր իր ձին և իր սպասավորի ձին պահի ընդհանուր ախոռում, ինչպես զորանոցում։ Պլանշեն, Գրիմոն, Մուշկետոնը և Բազենը վազեցին իրենց տերերի հրամանը կատարելու։

— Իսկ այժմ,— ասաց Պորտոսը,— արշավի ծրագիր կազ-մենք։ Ամենից առաջ ո՞ւր ենք գնում մենք։

— Կալե,— ասաց դ’Արտանյանը։— Դա Լոնդոն տանող ամենակարճ ճանապարհն է։

— Այդ դեպքում, ահա իմ կարծիքը,— սկսեց Պորտոսը։

— Ասա։

— Չորս հոգով միասին գնալը կարող է կասկած հարուցել։ Դ’Արտանյանը մեզնից յուրաքանչյուրին համապատասխան ցուցում կտա։ Ես առաջ կգնամ դեպի Բուլոն, որպեսզի ճանապարհը հետախուզեմ։ Աթոսը երկու ժամ հետո ճանապարհ կընկնի դեպի Ամիեն։ Արամիսը նրանից հետո կգնա դեպի Նուայոն։ Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, նա կարող է գնալ որ ճանապարհով կուզենա, բայց Պլանշեի հագուստով, իսկ Պլանշեն դուրս կգա նրանից հետո, գվարդիականի համազգեստով, որպես թե դ’Արտանյանն է։

— Պարոննե՛ր,— ասաց Աթոսը,— իմ կարծիքն այն է, որ սպասավորներին այդպիսի գործի մասնակից չպետք է անել։ Ազնվականը պատահաբար կարող է գաղտնիքը մատնել, բայց սպասավորը համարյա միշտ կծախի այն։

— Պորտոսի ծրագիրը ինձ անհաջող է թվում,— ասաց դ’Արտանյանը։— Նախևառաջ ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպիսի ցուցումներ պիտի տամ ձեզ։ Ես մի նամակ եմ տանում։ Ահա ամբողջը։ Ես չեմ կարող երեք պատճեն հանել այդ նամակից, որովհետև այն կնքված է։ Ուստի ինձ թվում է, մենք պետք է միասին գնանք։ Նամակը, ահա, այստեղ է, այս գրպանում։— Եվ նա ցույց տվեց, թե որ գրպանումն է նամակը։ — Եթե ես սպանվեմ, ձեզնից մեկը նամակը կվերցնի, և դուք կշարունակեք ձեր ճանապարհը։ Եթե նրան էլ սպանեցին, կգա երրորդի հերթը և այսպես շարունակ... Միայն թե գոնե մեկը տեղ հասնի։ Այդ էլ բավական կլինի։

— Կեցցե՛ս, դ’Արտանյան, ես էլ այդ նույն կարծիքին եմ,— ասաց Աթոսը։— Եվ պետք է հետևողական լինել։ Ես գնում եմ ջրերը, դուք ինձ ուղեկցում եք։ Ֆորժի ջրերի փոխարեն ես գնում եմ ծովափ. չէ՞ որ ազատ եմ ընտրություն անելու։ Մեզ ուզում են բռնել։ Ես ներկայացնում եմ պարոն դը Տրևիլի նամակը, իսկ դուք՝ ձեր վկայականները։ Հարձակվում են մեզ վրա, մենք պաշտպանվում ենք։ Մեզ դատում են, իսկ մենք ամենայն համառությամբ պնդում ենք, թե մտադիր էինք միայն մի քանի անգամ սուզվել ծովի մեջ։ Զատ-զատ ճանապարհ գնացող չորս մարդկանց հետ հաշիվ տեսնելը մի դժվար բան չի, այնինչ չորսը միասին արդեն մի խումբ են կազմում։ Եթե մեր դեմ բանակ էլ ուղարկեն, մենք մարտը կընդունենք, և նա, ով ողջ կմնա, ինչպես դ’Արտանյանն ասաց, նամակը կտանի։

— Հիանալի է,— ասաց Արամիսը։— Դու հազվադեպ ես խոսում, Աթոս, բայց երբ խոսում ես, ապա Հովհան Ոսկեբերանից<ref>Հովհան Ոսկեբերան (մոտ. 344-407) — արևելյան քրիստոնեական եկեղեցու ականավոր գործիչ, աստվածաբան՝ օժտված հռետորական մեծ տաղանդով։</ref> վատ չես խոսում։ Ես ընդունում եմ Աթոսի ծրագիրը։ Իսկ դո՞ւ, Պորտոս։

— Ես նույնպես,— ասաց Պորտոսը,— եթե դ’Արտանյանը համաձայն է դրան։ Դ’Արտանյանը, որին հանձնարարված է նամակը, բնականաբար, մեր արշավախմբի պետն է։ Թող նա ինքը որոշի, իսկ մենք կկատարենք նրա հրամանները։

— Դե ուրեմն,— ասաց դ’Արտանյանը,— ես որոշեցի. մենք ընդունում ենք Աթոսի ծրագիրը և մեկնում ենք կես ժամից։

— Ընդունված է,— միաձայն ասացին բոլոր երեքն էլ։

Եվ նրանցից յուրաքանչյուրը ձեռքը մեկնելով քսակին իր համար վերցրեց յոթանասունհինգ պիստոլ և սկսեց պատրաստություններ տեսնել, որպեսզի կես ժամից հետո պատրաստ լինի մեկնմանը։

Comments