1. Երեք հրացանակիրներ

Chapter 19

Առաջին մաս XVIII. Սիրեկանը և ամուսինը

— Այո, տիկին,— ասաց դ’Արտանյանը ներս մտնելով այն դռնից, որ նրա առաջ բաց էր արել դեռատի կինը։— Թույլ տվեք ինձ ասել, որ ձեր ամուսինը ողորմելի մարդ է։

— Նշանակում է դուք լսե՞լ եք մեր խոսակցությունը, արագ հարցրեց տիկին Բոնասիեն՝ անհանգիստ նայելով դ’Արտանյանին։

— Սկզբից մինչև վերջ։

— Բայց ինչպե՞ս, Աստվա՜ծ իմ։

— Ճիշտ այնպես, ինչպես ինձ հաջողվեց լսել մի քիչ ավելի աշխույժ խոսակցությունը ձեր և կարդինալի լրտեսների միջև։

— Եվ ի՞նչ հասկացաք մեր խոսակցությունից։

— Հազար ու մի բան։ Նախ այն, որ ձեր ամուսինը, բարեբախտաբար, հիմարի ու բթամիտի մեկն է, հետո այն, որ դուք գտնվում եք դժվար կացության մեջ, որի համար ես անչափ ուրախ եմ, որովհետև դա ինձ հնարավորություն կտա ծառայություն մատուցելու ձեզ, իսկ ես, աստված էլ տեսնում է, պատրաստ եմ կրակի մեջ նետվելու ձեզ համար։ Եվ, վերջապես, այն, որ թագուհուն հարկավոր է համարձակ, հնարագետ ու նվիրված մի մարդ, որը պատրաստ կլինի նրա հանձնարարությամբ Լոնդոն մեկնելու։ Ես, համենայնդեպս, պահանջվող այդ հատկություններից մի քանիսն ունեմ, և ահա, սպասում եմ ձեր կարգադրություններին։

Տիկին Բոնասիեն անմիջապես պատասխան չտվեց, բայց նրա սիրտը զարկում էր ուրախությունից և աչքերը վառվում էին հույսով։

— Իսկ ի՞նչը երաշխիք կլինի ինձ համար,— հարցրեց նա,— եթե ես սիրտ անեմ վստահել ձեզ այդ խնդիրը։

— Թող երաշխիք լինի իմ սերը ձեր նկատմամբ։ Դե, խոսեցե՛ք, հրամայեցե՛ք։ Ի՞նչ պիտի անեմ ես։

— Աստվա՜ծ իմ,— շշնջաց դեռատի կինը,— Կարո՞ղ եմ վստահել ձեզ այսպիսի մի գաղտնիք։ Ախր դուք համարյա դեռ երեխա եք։

— Տեսնում եմ՝ ձեզ հարկավոր է, որ որևէ մեկը երաշխավորի՞ ինձ համար։

— Խոստովանում եմ, այդ ինձ շատ կհանգստացներ։

— Դուք ճանաչո՞ւմ եք Աթոսին։

— Ոչ։

— Պորտոսի՞ն։

— Ոչ։

— Արամիսի՞ն։

— Ոչ։ Ովքե՞ր են այդ երեք պարոնները։

— Նորին մեծության հրացանակիրներ։ Ճանաչո՞ւմ եք դուք նրանց կապիտան պարոն դը Տրևիլին։

— Օ՜, այո, նրան ես ճանաչում եմ, ո՛չ անձամբ, այլ լսելով։ Թագուհին նրա մասին շատ անգամ է ասել, որ նա հավատարիմ ազնվական է։

— Հուսով եմ՝ դուք հնարավոր չեք համարում, որ նա ձեզ մատնի կարդինալին։

— Իհարկե՝ ոչ։

— Այդ դեպքում հայտնեք նրան ձեր գաղտնիքը և հարցրեք իրեն, կարո՞ղ եք վստահել ինձ, որքան էլ կարևոր, թանկագին ու սարսափելի լինի այդ գաղտնիքը։

— Բայց, ախր, այդ գաղտնիքը ինձ չի պատկանում, և ես իրավունք չունեմ բացելու այն...

— Բայց պատրաստվո՞ւմ էիք վստահելու այն պարոն Բոնասիեին,— նեղացած ասաց դ’Արտանյանը։

— Ինչպես նամակը վստահես ծառի փչակին, աղավնու թևին, շան վզնոցին։

— Բայց դուք հո տեսնում եք, թե ես ինչպես եմ սիրում ձեզ։

— Այո, դուք այդ ասում եք։

— Ես ազնիվ մարդ եմ։

— Կարծում եմ՝ այդպես է։

— Ես քաջ եմ։

— Օ՜, դրանում ես համոզված եմ։

— Այդ դեպքում փորձեցեք ինձ։

Տիկին Բոնասիեն վերջին կասկածների դեմ պայքարելով նայեց երիտասարդին։ Բայց դ’Արտանյանի աչքերում այնպիսի կրակ կար, նրա ձայնը հնչում էր այնքան համոզիչ, որ տիկին Բոնասիեն ցանկություն զգաց վստահելու նրան։ Եվ, բացի դրանից, ուրիշ ելք էլ չկար։ Ստիպված էր ռիսկի դիմել։ Չափից ավելի զգուշությունը, ինչպես և չափից ավելի վստահու-թյունը հավասարապես վտանգավոր էին թագուհու համար։ Այնուհետև,— մենք ստիպված ենք խոստովանել այս,— տիկին Բոնասիեին խոսել ստիպեց նաև ակամա մի զգացմունք, որ ուներ նա այդ պատանու նկատմամբ։

— Լսեցեք,— ասաց տիկին Բոնասիեն,— ես զիջում եմ ձեր պնդումներին և վստահում եմ ձեզ։ Բայց երդվում եմ Աստծո առաջ, որը լսում է մեզ, որ եթե դուք դավաճանեք ինձ, ապա թեկուզ և իմ թշնամիներս ինձ ներում շնորհեն, միևնույն է, ես իմ կյանքին վերջ կտամ՝ իմ կործանման համար մեղադրելով ձեզ։

— Իսկ ես,— խոսեց դ’Արտանյանը,— երդվում եմ Աստծո առաջ, որ եթե ես ձեր հանձնարարությունը կատարելիս բռնվեմ, ավելի շուտ կմեռնեմ, քան կասեմ կամ կանեմ այնպիսի մի բան, որը կարողանար որևէ մեկի վրա ստվեր գցել։

Եվ այն ժամանակ դեռատի կինը նրան հաղորդակից արեց այն գաղտնիքին, որի մի մասն արդեն դիպվածով բացվել էր նրա առաջ Սամարացի կնոջ կամրջի վրա։

Դա եղավ նրանց սիրո բացատրությունը։

Դ’Արտանյանը հպարտությունից ու երջանկությունից շողշողում էր։ Այդ գաղտնիքը, որն այժմ գի-տեր ինքը, այդ կինը, որին սիրում էր, հսկայի ուժ էին տալիս նրան։

— Ես գնում եմ,— ասաց նա։— Գնում եմ հենց այս րոպեին։

— Ինչպե՞ս թե գնում եք,— բացականչեց տիկին Բոնասիեն։— Իսկ գո՞ւնդը, իսկ հրամանատա՞րը։

— Երդվում եմ հոգովս, դուք ինձ ստիպեցիք ամեն ինչ մոռանալ, թանկագին Կոնստանցիա։ Դուք իրավացի եք, ինձ արձակուրդ է հարկավոր։

— Նորից խոչընդոտ,— վշտացած շշնջաց տիկին Բոնասիեն։

— Օ՜,— մի պահ լռելուց հետո խոսեց դ’Արտանյանը,— այդ խոչընդոտը ես հաշտությամբ կհաղթահարեմ, մի՛ անհանգստացեք։

— Ինչպե՞ս։

— Հենց այսօր երեկոյան ես կգնամ պարոն դը Տրևի-լի մոտ և կխնդրեմ նրան, որ ինձ համար արձակուրդ ստանա իր աներորդուց՝ պարոն Դեզեսարից։

— Բայց դա դեռ բոլորը չէ...

— Էլ ի՞նչ կա որ,— հարցրեց դ’Արտանյանը՝ տեսնելով, որ տիկին Բոնասիեն սիրտ չի անում շարունակել։

— Գուցե դուք փող չունե՞ք։

— «Գուցե»-ն այստեղ ավելորդ է,— ժպտալով պատասխանեց դ’Արտանյանը։

— Եթե այդպես է,— ասաց տիկին Բոնասիեն բաց անելով պահարանը և այնտեղից հանելով այն տոպրակը, որը մի կես ժամ առաջ այնպես գուրգուրանքով շոյում էր իր ամուսինը,— վերցրեք այս տոպրակը։

— Կարդինալի տոպրա՞կը,— քրքջալով ասաց դ’Ար-տանյանը, որը, ինչպես մենք հիշում ենք, հատակի տախտակները բացած լինելու շնորհիվ սկզբից մինչև վերջ լսել էր ամուսինների միջև տեղի ունեցած խոսակցությունը։

— Այո, կարդինալի տոպրակը,— հաստատեց տիկին Բո-նասիեն։— Ինչպես տեսնում եք, սա բավական պատկառելի տեսք ունի։

— Գրողը տանի,— գոչեց դ’Արտանյանը։— Այդ հո կրկնակի չափով հետաքրքրական կլինի՝ թագուհուն փր-կել նորին սրբազնության փողերի օգնությամբ։

— Դուք դուրեկան ու սիրալիր երիտասարդ եք,— ասաց տիկին Բոնասիեն։— Հավատացեք, որ նորին մե-ծություն թագուհին պարտք չի մնա ձեզ։

— Օ՜, ես արդեն լիովին վարձատրված եմ,— գոչեց դ’Արտանյանը։— Ես սիրում եմ ձեզ, դուք ինձ թույլ եք տալիս ասել այս։ Կարո՞ղ էի ես այսպիսի երջանկության հույս ունենալ։

— Կամաց,— հանկարծ շշնջաց տիկին Բոնասիեն դողալով։

— Ի՞նչ կա։

— Փողոցում մարդիկ են խոսում։

— Ձա՞յն է լսվում։

— Իմ ամուսնու ձայնը։ Այո, ես ճանաչում եմ նրա ձայնը։

Դ’Արտանյանը վազեց դռան մոտ և սողնակը քաշեց։

— Նա ներս չի մտնի, մինչև ես չգնամ։ Իսկ երբ ես կգնամ, դուք դուռը կբանաք նրա առաջ։

— Բայց ես ինքս էլ պետք է գնամ։ Եվ մեկ էլ ինչպես բացատրեմ նրան փողի անհայտանալը, եթե ես այստեղ լինեմ։

— Դուք իրավացի եք, հարկավոր է հեռանալ այստեղից։

— Հեռանա՞լ։ Բայց ինչպե՞ս։ Եթե մենք դուրս գանք, նա մեզ կտեսնի։

— Այդ դեպքում հարկավոր է բարձրանալ իմ սենյակը։

— Ա՜խ,— բացականչեց տիկին Բոնասիեն,— դուք այդ ասում եք այնպիսի տոնով, որ ես սարսափում եմ։

Այս ասելիս տիկին Բոնասիեի աչքերում արցունք փայլեց։ Դ’Արտանյանը նկատեց այդ արցունքը և զգացված ու շփոթված նրա ոտքերն ընկավ։

— Ինձ մոտ,— ասաց նա,— դուք ապահով կլինեք ինչպես տաճարում, ազնվականի խոսք եմ տալիս ձեզ։

— Գնանք,— ասաց տիկինը։— Ինձ վստահում եմ ձեզ, բարեկամս։

Դ’Արտանյանը զգուշությամբ սողնակը ետ քաշեց, և երկուսն էլ թեթև ստվերի պես ներքին դռնով դուրս եկան միջանցք, անաղմուկ բարձրացան սանդուղքով և մտան դ’Արտանյանի սենյակը։

Երբ արդեն նրա սենյակում էին, ավելի ապահով լինելու համար երիտասարդը դուռը փակեց։ Ապա լուսամուտին մոտենալով՝ նրանք տեսան պ-րն Բոնասիեին, որը խոսում էր թիկնոցի մեջ փաթաթված մի անծանոթի հետ։

Թիկնոցավոր մարդուն տեսնելուն պես դ’Արտանյա-նը ցնցվեց և սուսերը կիսով չափ պատյանից դուրս քաշելով նետվեց դեպի դուռը։

Դա Մենգի անծանոթն էր։

— Ի՞նչ եք ուզում անել,— գոչեց տիկին Բոնասիեն։— Դուք կկործանեք մեզ։

— Բայց ես երդվել եմ սպանել այդ մարդուն,— բացականչեց դ’Արտանյանը։

— Ձեր կյանքն այժմ նվիրված է ձեր խնդրին և ձեզ չի պատկանում։ Թագուհու անունով արգելում եմ որ-ևէ վտանգի ենթարկել ձեզ, բացի այն վտանգներից, որոնք սպասում են ձեզ ճանապարհորդության ժամանակ։

— Իսկ ձեր անունից դուք ինձ ոչինչ չե՞ք հրամայում։

— Իմ անունից,— խիստ հուզված ասաց տիկին Բոնասիեն,— իմ անունից ես ձեզ աղաչում եմ նույնն անել։ Բայց ականջ դնենք. ինձ թվում է, թե նրանք խոսում են իմ մասին։

Դ’Արտանյանը վերադարձավ լուսամուտի մոտ և ականջ դրեց։

Պարոն Բոնասիեն արդեն բացել էր իր տան դուռը և տեսնելով, որ բնակարանը դատարկ է, վերադարձել էր թիկնոցավոր մարդու մոտ, որին մի րոպեով մենակ էր թողել։

— Կինս գնացել է,— ասաց Բոնասիեն։— Երևի վերադարձել է։

— Դուք հավատացա՞ծ եք, որ նա չի հասկացել, թե դուք ինչի համար եք գնացել,— հարցրեց թիկնոցավոր մարդը։

— Ոչ, չի հասկացել,— ինքնավստահ պատասխանեց Բոնասիեն։— Նա խիստ թեթևամիտ կին է և այդպիսի բաներ չի հասկանա։

— Իսկ երիտասարդ գվարդիականը տա՞նն է։

— Չեմ կարծում։ Ինչպես տեսնում եք, նրա լուսամուտների խլափեղկերը ծածկված են և ճեղքերի միջով լույսի ոչ մի ճառագայթ չի թափանցում։ Բոնասիեն շքամուտքից ներս մտավ, անցավ նույն դռնով, որով հենց նոր անցել էին փախստականները, բարձրացավ մինչև դ’Արտանյանի դուռը և բախեց։

Պատասխան չեղավ, Պորտոսն այդ երեկո իրեն ավելի մեծ շուք տալու համար խնդրել էր իրեն զիջել Պլանշեին։ Իսկ ինչ վերաբերում է դ’Արտանյանին, ապա նա չէր էլ մտածում կենդանության որևէ նշան ցույց տալ։

Երբ Բոնասիեն դուռը թմբկահարեց, երիտասարդները զգացին, թե ինչպես իրենց սիրտը թպրտաց կրծքի տակ։

— Այստեղ ոչ ոք չկա,— ասաց Բոնասիեն։

— Միևնույն է, ավելի լավ է մտնենք ձեր բնակարանը։ Այնտեղ ավելի հանգիստ կլինի, քան փողոցում։

— Ա՜խ,— բացականչեց տիկին Բոնասիեն,— հիմա մենք այլևս ոչինչ չենք լսի։

— Ընդհակառակը,— հանգստացրեց նրան դ’Արտանյանը,— հիմա մենք ավելի լավ կլսենք։

Դ’Արտանյանը մի քանի պարկետ հանեց, որից նրա սենյակի հատակը դարձավ Դիոնիսիոսի ականջի<ref>Դիոնիսիոսյան ականջ — ականջի ձև ունեցող գաղտնարանի անուն, որը կառուցվել է քաղաքային ամֆիթատրոնում Սիրակուզայի տիրակալ (բռնակալ) Դիոնիսիոս Ավագի (մ.թ. ա. 405-367թթ.) հրամանով, վերջինս աչքի է ընկել իր ծայրահեղ կասկածամտությամբ։ Ամֆի¬թատ¬րոնն այնպես էր կառուցված, որ ամենաչնչին շշուկն անգամ հասնում էր գաղտնարանին, և բռնակալը կարող էր լսել, թե ինչ են խոսում այնտեղ հավաքված բոլոր մարդիկ։</ref> նման մի բան, հատակին մի գորգ փռեց, չոքեց նրա վրա և ձեռքի նշանով տիկին Բոնասիեին էլ առաջարկեց հետևել իր օրինակին ու կռանալ հատակի բացվածքին։

— Դուք հավատացաա՞ծ եք, որ տանը ոչ ոք չկա,— հարցրեց անծանոթը։

— Ես պատասխանատու եմ դրա համար,— պատասխանեց պարոն Բոնասիեն։

— Եվ դուք կարծում եք, որ ձեր կինը...

— Վերադարձել է պալատ։

— Առանց որևէ մեկի հետ նախապես խոսելո՞ւ։

— Հավատացած եմ։

— Դրա ճշգրիտ իմանալը շատ կարևոր է, հասկանոո՞ւմ եք։

— Նշանակում է այն տեղեկությունները, որ ես հաղորդեցի ձեզ, կարելի է արժեքավո՞ր համարել։

— Շա՜տ արժեքավոր են, թանկագին Բոնասիե, չեմ թաքցնի ձեզնից։

— Այնպես որ կարդինալն ինձնից գոհ կլինի։

— Չեմ կասկածում։

— Մեծ կարդինա՜լը։

— Դուք լա՞վ եք հիշում, որ ձեր կինը ձեզ հետ զրուցելիս ոչ մի անուն չտվեց։

— Կարծեմ չտվեց...

— Նա չտվե՞ց տիկին դը Շևրյոզի, կամ դուքս Բե-կինգհեմի, կամ թե տիկին դը Վերնեի անունները։

— Ոչ, նա միայն ասաց, որ ուզում է ինձ Լոնդոն ուղարկել, որպեսզի ծառայություն մատուցեմ մի շատ բարձրաստիճան անձի։

— Մատնի՜չ,— շշնջաց տիկին Բոնասիեն։

— Կամա՜ց,— խոսեց դ’Արտանյանը բռնելով տիկնոջ ձեռքը, որը մտքերի մեջ խորասուզված լինելով՝ ետ չքաշեց։

— Եվ այնուամենայնիվ,— շարունակեց թիկնոցավոր մարդը,— դուք հիմար եք, որ չեք ձևացրել, թե իբր համաձայնում եք։ Հիմա նամակը ձեր ձեռքում կլիներ, պետությունը, որին սպառնում են, փրկված կլիներ, իսկ ձեզ...

— Իսկ ի՞նձ...

— Իսկ ձեզ... ձեզ ազնվականի կոչում կշնորհվեր։

— Նա ձեզ ասել է...

— Այո, ես գիտեմ, որ նա ուզում է ձեզ ուրախացնել այդպիսի անակնկալով։

— Հանգստացեք,— ասաց Բոնասիեն։— Իմ կինը ինձ պաշտում է, և դեռ ուշ չէ։

— Հիմա՜ր,— շշնջաց տիկին Բոնասիեն։

— Կամա՜ց,— հազիվ լսելի խոսեց դ’Արտանյանը, ավելի ուժեղ սեղմելով նրա ձեռքը։

— Ինչպե՞ս թե «ուշ չէ»,— հարցրեց թիկնոցավոր մարդը։

— Ես կգնամ Լուվր, կկանչեմ տիկին Բոնասիեին, կասեմ, որ միտքս փոխել եմ, որ ամեն ինչ կանեմ, նա-մակը կստանամ և կվազեմ կարդինալի մոտ։

— Լավ։ Շտապեցեք։ Ես շուտով կվերադառնամ, որ իմանամ, թե ինչ եք արել։

Անծանոթը դուրս գնաց։

— Սրիկա՛,— ասաց տիկին Բոնասիեն՝ այդ ածականով պարգևատրելով իր ամուսնուն։

— Կամա՛ց,— կրկնվեց դ’Արտանյանը՝ ավելի ամուր սեղմելով նրա ձեռքը։

Սակայն այդ րոպեին հնչեց մի վայրի ոռնոց, որն ընդհատեց դ’Արտանյանի և տիկին Բոնասիեի մտքերը։ Դա պարոն Բոնասիեն էր, որը նկատելով քսակի անհայտացումը՝ օգնության էր կանչում։

— Օ՜, Աստվա՜ծ, իմ, Աստվա՜ծ իմ,— գոչեց տիկին Բոնասիեն։— Նա ամբողջ թաղը ոտքի կհանի։

Բոնասիեն երկար ժամանակ գոռում էր, բայց որովհետև այդպիսի աղաղակներ հաճախ էին լսվում Գերեզմանափորների փողոցում և ոչ ոքի չէին կարող ստիպել, որ փողոց նայի, մանավանդ որ Բոնասիեների տունն արդեն այդ օրերին վատ համբավ էր ստացել, ուստի Բոնասիեն, տեսնելով, որ ոչ ոք չի երևում, դուրս վազեց տնից՝ շարունակելով գոռալ։ Դեռ երկար ժամանակ լսվում էր նրա ոռնոցը, որը հեռանում էր դեպի Դյուբակ փողոցը։

— Իսկ հիմա,— ասաց տիկին Բոնասիեն,— քանի որ նա այստեղ չէ, հերթը ձերն է. գնացեք։ Քաջ եղեք, և մանավանդ զգույշ։ Հիշեցեք, որ դուք պատկանում եք թագուհուն։

— Նրան և ձեզ,— գոչեց դ’Արտանյանը։— Մի՜ անհանգստացեք, չքնաղ Կոնստանցիա։ Ես կվերադառնամ և կարժանանամ նրա շնորհակալությանը, բայց արդյոք ձեր սիրուն էլ կարժանանա՞մ։

Պատասխանը եղավ միայն այն վառ կարմիրը, որ ծածկեց դեռատի կնոջ այտերը։ Մի քանի րոպեից դ’Արտանյանն էլ իր հերթին փողոց դուրս եկավ փաթաթված մի թիկնոցի մեջ, որի փեշերը մարտականորեն վեր էր բարձրացրել երկար սուսերի պատյանը։

Տիկին Բոնասիեն նրան ճանապարհ դրեց այն երկար ու քնքուշ հայացքով, որով կինը ճանապարհ է դնում իր մեջ սեր հարուցած մարդուն։ Բայց երբ դ’Արտանյանը ծածկվեց փողոցի անկյունում, տիկին Բոնասիեն ծունկ չոքեց։

— Օ՜, Աստված իմ,— շշնջաց նա ձեռքերը կոտրատելով,— պաշտպանիր թագուհուն, պաշտպանիր ինձ։

Comments