Chapter 16
Առաջին մաս XV. Քղամիդավորներն ու զենքի մարդիկ
Այս բոլոր դեպքերը տեղի ունենալու հաջորդ օրը դ’Արտանյանը և Պորտոսը, տեսնելով, որ Աթոսը չի երևում, նրա անհայտացման մասին հաղորդեցին պարոն դը Տրևիլին։
Ինչ վերաբերում է Արամիսին, նա, ինչպես ասել ենք, հինգ օրով արձակուրդ վերցնելով՝ ընտանեկան գործերով գնացել էր Ռուան։ Պարոն դը Տրևիլն իր զինվորների հայրն էր։ Ամենաաննշան ու անհայտ զինվորն էլ, հենց որ հրացանակրի համազգեստ հագավ, կարող էր հաստատ հույս դնել նրա օգնության վրա այնպես, ինչպես հարազատ եղբոր։
Դրա համար էլ դը Տրևիլն անհապաղ գնաց քրեական գործերի գլխավոր դատավորի մոտ։ Կանչեց Ալ Խաչի պահակակետի հրամանատար սպային և իր ստացած տեղեկությունները համադրելով կարողացավ պարզել, որ Աթոսը բանտարկված է Ֆոր-Լևեկում։
Աթոսը ենթարկվեց այն բոլոր փորձություններին, որոնց, ինչպես մենք տեսանք, ենթարկվեց Բոնասիեն։
Մենք ներկա եղանք այն առերեսումին, որ սարքել էին երկու կալանավորների համար։ Աթոսը, որ մինչ այդ րոպեն ոչինչ չէր ասում, երկյուղ կրելով, թե կսկսեն անհանգստացնել դ’Արտանյանին և կզրկեն նրան գործողությունների ազատությունից, այժմ պնդում էր, որ իր անունն Աթոս է և ոչ թե դ’Արտանյան։
Բացի դրանից՝ նա հայտարարեց, որ չի ճանաչում ո՛չ պարոն Բոնասիեին, ո՛չ տիկին Բոնասիեին, որ դրանցից ոչ մեկի հետ երբեք ինքը չի խոսել։ Երեկո-յան ժամը տասին մոտ գնացել է իր ընկեր պարոն դ’Արտանյանին այցելության, իսկ մինչ այդ եղել է պարոն դը Տրևիլի տանը, որտեղ և ինքը ճաշել է։ Առնվազն քսան վկա կարող են հաստատել այս հանգամանքը։ Եվ նա տվեց մի քանի բարձրաստիճան մարդկանց անուններ, որոնց մեջ՝ նաև դուքս դը Լա Տրեմուլի անունը։
Երկրորդ կոմիսարն էլ առաջինի նման շփոթվել էր այդ հրացանակրի պարզ ու հաստատուն ցուցմունքներից, մինչդեռ նա փափագում էր հաղթանակ տանել նրա նկատմամբ, որ միշտ էլ հրապուրիչ բան է դատական աստիճանավորի համար, երբ նա չափվում է զինվորական մարդու հետ։ Սակայն պ-րն դը Տրևիլի և դուքս դր Լա Տրեմուլի անունները շփոթության մեջ գցեցին նրան։
Աթոսին նույնպես տարան կարդինալի մոտ, սակայն, դժբախտաբար, կարդինալը գտնվում էր Լուվրում, թագավորի մոտ։
Այդ ճիշտ այն ժամանակ էր, երբ պ-րն դը Տրևիլը քրեական գործերի գլխավոր դատավորի և Ֆոր-Լևեկի պարետի մոտից դուրս գալով և Աթոսին տեսնելու իրավունք չստանալով՝ գնաց թագավորի մոտ։
Որպես հրացանակիրների կապիտան՝ պ-րն դը Տրևիլն ամեն ժամի կարող էր թագավորին տեսնել։
Մենք գիտենք, թե որքան մեծ էր թագավորի անվստահությունը թագուհու նկատմամբ, անվստահություն, որ հմտորեն բորբոքում էր կարդինալը, որը խարդավանքների կողմից ավելի շատ կանանցից էր երկյուղ կրում, քան տղամարդկանցից։ Աննա Ավստրիացու դեմ նրա ունեցած կանխակալ կարծիքի գլխավոր պատճառներից մեկը թագուհու մտերմությունն էր տիկին դը Շևրյոզի հետ։ Այդ երկու կանայք նրան ավելի շատ էին անհանգստացնում, քան պատերազմն Իսպանիայի հետ, թյուրիմացություններն Անգլիայի հետ և ֆինանսների խճճված վիճակը։ Նրա կարծիքով և խորին համոզմունքով՝ տիկին դը Շևրյոզը թագուհուն օգնում էր ոչ միայն քաղաքական խարդավանքներում, այլև,— որ ավելի էր անհանգստացնում թագավորին,— սիրային ինտրիգներում։
Երբ կարդինալը հաղորդեց, թե տիկին Շևրյոզը, որն աքսորվել էր Տուր և, ինչպես ենթադրվում էր, գտնվում էր այդ քաղաքում, գաղտնաբար եկել է Փարիզ և հինգ օր այս քաղաքում մնալով ոստիկանությանը մոլորության մեջ է գցել, թագավորը անասելի կատաղության մեջ ընկավ։ Քմահաճ և անհավատ այդ թագավորը ցանկանում էր, որ իրեն կոչեն «Լյուդովիկոս Արդարադատ» և «Լյուդովիկոս Առաքինի»։ Սերունդները դժվարությամբ կհասկանան այդ բնավորությունը, որ պատմությունը փորձում է բացատրել բազմաթիվ փաս-տեր բերելով, սակայն չդիմելով դատողություններին։
Իսկ երբ կարդինալն ավելացրեց, որ ոչ միայն տիկին դը Շևրյոզը Փարիզ է եկել, այլև թագուհին իր կապերը վերսկսել է նրա հետ ծածկագրի օգնությամբ, որ այն ժամանակներում կոչվում էր կաբալիստական, երբ նա սկսեց պնդել, թե ինքը՝ կարդինալը, արդեն պատրաստ էր քանդելու այդ խարդավանքի ամենանուրբ թելերը՝ ամեն տեսակ ապացույցներով զինված, մտադիր էր հանցանքի տեղում ձերբակալել տարագրվածի և թագուհու միջնորդին, մի ինչ-որ հրացանակիր համարձակվել է բռնությամբ ընդհատել դատական հետաքննության ընթացքը և սուսերը մերկացնելով հարձակվել է ազնիվ պաշտոնյաների վրա, որոնց հանձնարարված էր անաչառ հետաքննել այդ գործը, որպեսզի ամեն ինչ զեկուցվի թագավորին,— Լյուդովիկոս ХIII-ը բոլորովին կորցրեց ինքնատիրապետումը։ Համակված լուռ կատաղությամբ, որը, երբ այն պոռթկում էր, այդ միապետին ներշնչում էր ամենադաժան արարքներ կատարելու ընդունակություն, նա գունատվելով մի քայլ արեց դեպի այն դուռը, որ տանում էր թագուհու շքասենյակը։ Մինչդեռ կարդինալը դեռ չէր արտասանել Բեկինգհեմի անունը։
Հենց այդ պահին էր, որ ներս մտավ դը Տրևիլը՝ պաղ, նրբակիրթ, անբասիր տեսքով։ Տեսնելով այստեղ կարդինալին, նայելով թագավորի այլայլված դեմքին՝ դը Տրևիլը հասկացավ ամեն բան, ինչ տեղի էր ունեցել այստեղ, և իրեն զգաց ուժեղ, ինչպես Սամսոնը<ref>Սամսոն — Աստվածաշնչի հերոսներից, որն աչքի է ընկել իր ուժով, որը կենտրոնացած է եղել նրա մազերում ըստ ավանդության։ Սամսոնի սիրած կինը՝ փղշտացի Դուլիլան, քնած ժամանակ կտրել է նրա մազերը և դրանք տվել իր հայրենակիցներին։ Երբ Սամսոնի մազերն աճեցին, նա կործանեց փղշտացիների տաճարը և իր թշնամիների հետ միասին զոհվեց նրա փլատակների տակ։</ref> փղշտացիների առաջ։
Լյուդովիկոս XIII-ն արդեն ձեռքը գցել էր դռան բռնակին։ Դը Տրևիլի քայլերի ձայնը նրան ստիպեց ետ նայել։
— Դուք ճիշտ և ճիշտ ժամանակին եկաք,— ասաց թագավորը, որն իր կրքերին ազատություն տալով՝ կորցրել էր որևէ բան թաքցնելու ընդունակությունը։— Լա՜վ բաներ են պատմում ինձ ձեր հրացանակիրների մասին։
— Իսկ ես,— սառը պատասխանեց դը Տրևիլը,— քիչ լավ բաներ չեմ ունենա պատմելու ձերդ մեծությանը՝ նրա դատարանական աշխատողների մասին։
— Ես ձեզ չեմ հասկանում,— գոռոզաբար պատասխանեց թագավորը։
— Պատիվ ունեմ զեկուցելու ձերդ մեծությանը,— նույնպիսի հանգստությամբ շարունակեց դը Տրևիլը,— որ աստիճանավորների, կոմիսարների ու ոստիկանների մի խումբ, շատ հարգելի, բայց ըստ երևույթին, զինվորականների նկատմամբ խիստ թշնամաբար տրամադրված մարդկանց մի խումբ իրեն թույլ է տվել մի տան մեջ ձերբակալել, փողոցներով բացարձակ տանել և Ֆոր-Լևեկում ձերբակալել իմ, կամ ավելի ճիշտ՝ ձեր հրացանակիրներից մեկին, ձերդ մեծություն, անբասիր վարքի տեր մի մարդու, որը հռչակված մարդ է և, եթե համարձակվեմ այսպես արտահայտվել, ձերդ մեծությանը հայտնի է ամենալավ բարեմասնություններով, այն է՝ պարոն Աթոսին, և սա՝ հիմնվելով մի հրամանի վրա, որն ինձ ցույց տալ չհամաձայնեցին։
— Աթոսի՞ն,— համարյա ակամա արտասանեց թագավորը,— այո՛, կարծեմ այդ անունը ծանոթ է ինձ...
— Թող ձերդ մեծությունը նեղություն քաշի մտա-բերել,— ասաց դը Տրևիլը։ — Պարոն Աթոսը այն նույն հրացանակիրն է, որը ձեզ հայտնի չարաբաստիկ մենամարտի ժամանակ դժբախտություն է ունեցել ծանր վիրավորելու պարոն դը Կայուզակին։ Եվ, ի դեպ, ձերդ սրբազնություն, շարունակեց դը Տրևիլը դառնալով կարդինալին,— պարոն Կայուզակը լիովին ապաքինվել է, չէ՞։
— Այո, շնորհակալ եմ,— ասաց կարդինալը զայրույթից շրթունքը կծելով։
— Այսպես ուրեմն,— շարունակեց դը Տրևիլը,— պարոն Աթոսը այցելության է գնացել իր ընկերոջը՝ մի երիտասարդ բեարնացու, որ ձերդ մեծության գվար-դիայի կադետ է Դեզեսարի վաշտում։ Երիտասարդը տանը չի եղել։ Հազիվ պարոն Աթոսը նստել է աթոռին և ձեռքն առել մի գիրք, մտածելով սպասել իր ընկերոջը, մեկ էլ ոստիկանների ու զինվորների մի բազմություն իրար խառնված շրջապատել է տունը, մի քանի դուռ կոտրել...
Կարդինալը նշանացի թագավորին բացատրեց, թե՝ «դա հենց այն գործի առթիվ է եղել, որի մասին ես ձեզ ասացի...»։
— Այդ ամենը մեզ հայտնի է,— ասաց թագավորը։— Որովհետև, այդ ամենն արվել է մեր օգուտի համար։
— Այսպես ուրեմն,— շարունակեց դը Տրևիլը,— ձեր օգուտի համար բռնվել է իմ հրացանակիրներից մեկը, որը ոչ մի մեղք չունի, ձեր օգուտի համար նա երկու զինվորների հսկողությամբ չարագործի պես տարվել է քաղաքի փողոցներով, ամբոխի միջով, և ամբոխը վիրավորանքներ է տեղացել այն ազնիվ մարդու վրա, որը մի տասն անգամ թափել է իր արյունը ձերդ մեծության համար և պատրաստ է ամեն րոպե նորից թափելու իր արյունը։
— Ի՞նչ եք ասում,— խոսեց թագավորը վարանմուն-քով։— Մի՞թե հենց այդպես է եղել բանը։
— Պարոն դը Տրևիլը,— խոսեց կարդինալը՝ կատա-րյալ սառնարյունություն պահպանելով,— մոռացավ ասել ձեզ, որ այդ ոչ մի մեղք չունեցող հրացանակիրը, այդ ազնիվ մարդը դրանից մի ժամ առաջ սուսերը մերկացրած հարձակվել է չորս կոմիսարների վրա, որոնց ես ուղարկել էի հետաքննելու մի չափազանց կարևոր գործ։
— Թող ձերդ սրբազնությունն ապացուցի այդ,— գոչեց դը Տրևիլը գուտ գասկոնական անկեղծությամբ և զուտ զինվորական խստությամբ։— Բանն այն է, որ դրանից մի ժամ առաջ պարոն Աթոսը, որը, ինչպես համարձակվում եմ զեկուցել ձերդ մեծությանը, շատ բարձր ծագում ունեցող մարդ է, դրանից մի ժամ առաջ պատիվ էր արել ճաշելու ինձ մոտ և իմ հյուրասենյա-կում զրուցում էր դուքս դը Լա Տրեմուլի ու կոմս դը Շալյուի հետ։ Թագավորը նայեց կարդինալին։
— Այն ամենը, ինչ ես ասացի,— թագավորի անձայն հարցին պատասխանելով խոսեց կարդինալը,— գրված է այն արձանագրության մեջ, որ կազմել են տուժողները։ Պատիվ ունեմ ներկայացնելու այն ձերդ մեծությանը։
— Մի՞թե դատարանական աստիճանավորների արձանագրությունն արժե զինվորական մարդու ազնիվ խոսքին,— հպարտ հարցրեց դը Տրևիլը։
— Լա՛վ, լա՛վ, դը Տրևիլ,— ասաց թագավորը։— Լռեցեք։
— Եթե նորին սրբազնությունը կասկածում է իմ հրացանակիրներից որևէ մեկին,— պատասխանեց դը Տրևիլը,— ապա պարոն կարդինալի արդարամիտ լինելը բավական հայտնի է բոլորին, և ես ինքս եմ խնդրում հետաքննել։
— Այն տանը, որտեղ կատարվել է խուզարկությունը,— խոսեց կարդինալը նույն պաղարյունությամբ,— եթե չեմ սխալվում, ապրում է մի ոմն բեարնացի՞, այդ հրացանակրի ընկերը։
— Ձերդ սրբազնությունը նկատի ունի դ’Արտանյանի՞ն։
— Ես նկատի ունեմ մի երիտասարդի, որին դուք, պարոն դը Տրևիլ, հովանավորում եք։
— Այո, ձերդ սրբազնություն, միանգամայն ճշմարիտ է։
— Հնարավոր չե՞ք համարում դուք, որ այդ երիտասարդը վատ ազդեցություն է ունեցել...
— Պարոն Աթոսի՞ վրա, որ նրանից երկու անգամ ավելի հասակով մարդ է,— ընդհատեց դը Տրևիլը։— Ո՛չ ձերդ սրբազնություն, հնարավոր չեմ համարում։ Բացի դրանից, պարոն դ’Արտանյանը նույնպես այդ երեկոն ինձ մոտ է անցկացրել։
— Ա՜յ քեզ պատմություն,— գոչեց կարդինալը։— Եր-ևում է՝ բացարձակապես բոլորը երեկոն ձեզ մոտ են անցկացրել...
— Գուցե ձերդ սրբազնությունը կասկածո՞ւմ է իմ խոսքերին,— հարցրեց դը Տրևիլը, որի երեսը կարմրել էր ցասումից։
— Ո՜չ, տերը փրկե ինձ,— ասաց կարդինալը։— Բայց դ’Արտանյանը ժամը քանիսի՞ն է եղել ձեզ մոտ։
— Օ՜, այդ ես կարող եմ ամենայն ճշտությամբ հաղորդել ձերդ սրբազնությանը, երբ նա ներս մտավ, ես հենց այդ ժամանակ տեսա, որ ժամացույցը ցույց է տալիս ինն անց կես, թեև ինձ թվում էր, թե արդեն ուշ է։
— Իսկ ո՞ր ժամին նա գնաց ձեր տնից։
— Տասն անց կեսին։ Այդ դեպքերից մեկ ժամ հետո։
— Բայց վերջիվերջո,— ասաց կարդինալը, որը ոչ մի րոպե չէր կասկածում դը Տրևիլի ասածի ճշմարտությանը և զգում էր, որ հաղթանակը իր ձեռքից դուրս է պրծնում,— վերջիվերջո Աթոսին ձերբակալել են Գերեզմանափորների փողոցի այն նույն տանը։
— Մի՞թե ընկերոջը արգելվում է այցելության գնալ իր ընկերոջը, մի՞թե իմ վաշտի հրացանակրին արգելվում է եղբայրական բարեկամություն ունենալ պարոն Դեզեսարի վաշտի գվարդիականի հետ։
— Այո, եթե այն տունը, որտեղ նա հանդիպում է իր ընկերոջ հետ, կասկածի տակ է։
— Բանն այն է, Տրևիլ, որ այդ տունը կասկածի տակ է եղել,— վրա բերեց թագավորը։— Դուք գուցե այդ չեք իմացել։
— Այո, ձերդ մեծություն, ես իսկապես այդ չեմ իմացել։ Բայց համոզված եմ, որ դա չի վերաբերում տան այն մասին, որը զբաղեցնում է պարոն դ’Արտանյանը, որովհետև կարող եմ վստահեցնել, որ չկա մեկը, որ նրանից ավելի նվիրված ծառայի ձերդ մեծությանը և ավելի խորապես հարգի պարոն կարդինալին։
— Այդ նույն դ’Արտանյանը չէ՞ք որ մի ժամանակ դը Ժյուսակին վիրավորեց կարմելիտուհիների վանքի մոտ տեղի ունեցած չարաբաստիկ մենամարտում,— հարցրեց թագավորը նայելով կարդինալին, որը կարմրատակել էր սրտնեղությունից։
— Իսկ մյուս օրը հաղթեց Բերնաժուին։ Այո, ձերդ մեծություն, նա ինքն է։ Ձերդ մեծությունը հիանալի հիշողություն ունի։
— Ուրեմն ի՞նչ ենք որոշում,— հարցրեց թագավորը։
— Այդ ավելի շուտ ձերդ մեծության գործն է, քան իմ,— ասաց կարդինալը։— Ես պնդում եմ, որ Աթոսը մեղավոր է։
— Իսկ ես ժխտում եմ այդ,— գոչեց Տրևիլը։— Բայց նորին մեծությունը դատավորներ ունի, և դատավորները կքննեն այդ գործը։
— Միանգամայն ճիշտ է,— ասաց թագավորը։— Այդ ամբողջ գործը թողնենք դատավորներին։ Նրանց գործը դատելն է, թող դատեն։
— Տխուր բան է, համենայնդեպս,— նորից խոսեց դը Տրևիլը,— որ այսպիսի մի չարաբաստիկ ժամանակ, ինչպիսին մեր ժամանակն է, ամենաանաղարտ կյանքը, ամենաանհերքելի բարերարությունը չեն կարողանում մարդուն պաշտպանել խայտառակությունից ու հալածանքներից։ Եվ բանակը— համարձակվում եմ ասել ձեզ— շատ էլ գոհ չի լինի, որ դաժան հալածանքների առարկա է դառնում ինչ-որ ոստիկանական պատմությունների առթիվ։
Սրանք անզգույշ խոսքեր էին։ Բայց Տրևիլը դրանք ասաց՝ իմանալով այդ խոսքերի արժեքը։ Նա ուզում էր բռնկում առաջացնել, իսկ բռնկումին զուգորդում է բոցը, որը լուսավորում է շրջակայքը։
— Ոստիկանական պատմություննե՜ր,— գոչեց թագավորը կառչելով դը Տրևիլի այդ խոսքերից։— Ոստիկանական պատմություննե՜ր. Ւ՞նչ եք հասկանում դուք այդ ամենից, պարոն։ Զբաղվեցեք ձեր հրացանակիրներով և մի՛ շեղեք ինձ ճամփից։ Ձեր ասածից կարելի է կարծել, թե բավական է մի հրացանակրի ձերբակալել, և Ֆրանսիան արդեն վտանգի մեջ է։ Ի՜նչ աղմուկ, ինչ-որ մի հրացանակրի համար։ Ես կհրամայեմ ամբողջ մի տասնյակ ձերբակալել նրանցից, գրողը տանի։ Հարյուրը, ամբողջ վաշտը։ Եվ ոչ ոքի թույլ չեմ տա ծպ-տուն հանել։
— Եթե հրացանակիրները կասկածելի են ձերդ մեծության համար, նշանակում է նրանք մեղավոր են,— ասաց դը Տրևիլը։— Ուստի ես, ձերդ մեծություն, պատրաստ եմ ձեզ հանձնելու իմ սուսերը։ Որովհետև, մեղադրելով իմ զինվորներին, չեմ կասկածում, որ պարոն կարդինալը վերջիվերջո մեղադրանք կհարուցի նաև իմ դեմ։ Դրա համար էլ ավելի լավ կլինի, եթե ես ինձ ձերբակալված համարեմ պարոն Աթոսի հետ, որի հետ այդ արդեն տեղի է ունեցել, և պարոն դ’Արտանյանի հետ, որի հետ այդ նույնը, հավանաբար, տեղի կունենա մոտ ապագայում։
— Համառ գասկոնացի, լռեցեք վերջապես,— ասաց թագավորը։
— Ձերդ մեծություն,— պատասխանեց դը Տրևիլը՝ ամենևին ձայնը չիջեցնելով,— թող վերադարձնեն ինձ իմ հրացանակրին կամ թող դատեն նրան։
— Նրան կդատեն,— ասաց կարդինալը։
— Եթե այդպես է, ավելի լավ։ Այդ դեպքում ձերդ մեծությունից թույլտվություն եմ խնդրում նրան պաշտպանելու։
Թագավորը բռնկումից էր վախենում։
— Եթե նորին սրբազնությունը,— ասաց նա,— անձնական կարգի պատճառներ չունենար...
Կարդինալը հասկացավ, թե ինչ է ակնարկում թագա-վորը, և նրան նախազգուշացրեց։
— Ներողություն եմ խնդրում,— ասաց նա,— բայց եթե ձերդ մեծությունը ինձ աչառու է համարում, ես հրա-ժարվում եմ դատին մասնակցելուց։
— Այ թե ինչ,— ասաց թագավորը։— Երդվեցեք իմ հոր անունով, որ երբ այս դեպքերը տեղի են ունեցել, Աթոսը եղել է ձեզ մոտ և ոչ մի մասնակցություն չի ունեցել դրանց։
— Երդվում եմ ձեր պանծալի հոր անունով և ձեզնով, որին ես սիրում եմ և հարգում աշխարհում ամեն բանից ավելի։
— Մտածեցեք, ձերդ մեծություն,— ասաց կարդինալը։— Եթե մենք կալանավորին ազատենք, ապա երբեք ճշմարտությունը չենք իմանա։
— Պարոն Աթոսը միշտ ներկա կլինի և պատրաստ կլինի պատասխան տալու, հենց որ դատարանականները հարկ համարեն հարցաքննել նրան,— ասաց դը Տրևիլը։— Նա ոչ մի տեղ չի թաքնվի, պարոն կարդինալ, հանգիստ եղեք։ Նրա համար ես ինքս եմ պատասխանատվություն վերցնում։
— Իսկապես, նա հո չի փախչելու,— համաձայնեց թա-գավորը։— Նրան միշտ էլ կարելի է գտնել, ինչպես ասաց պարոն դը Տրևիլը։ Բացի դրանից,— ավելացրեց նա ձայնն իջեցնելով և աղերսագին նայելով կարդինալին,— դժգոհություն չառաջացնենք նրանց մեջ, սա լավագույն քաղաքականությունն է։
Լյուդովիկոս XIII-ի այս քաղաքականությունը Ռիշելիեին ստիպեց ժպտալ։
— Հրամայեցեք, ձերդ մեծություն։ Դուք իրավունք ունեք ներում շնորհելու։
— Ներում շնորհել կարելի է միայն մեղավորին,— ասաց դը Տրևիլը, որը ցանկանում էր, որ վերջին խոսքն իրեն մնա։— Իսկ իմ հրացանակիրը մեղավոր չէ։ Ուստի ձերդ մեծությունը նրան ոչ թե ողորմածություն ցույց կտա, այլ արդարություն։
— Նա Ֆոր-Լևեկո՞ւմն է,— հարցրեց թագավորը։
— Այո, ձերդ մեծություն, և այն էլ մենախցում, արտաքին աշխարհի հետ հարաբերություն պահելու իրավունքից զուրկ, որպես ամենաստոր ոճրագործ։
— Գրողը տանի,— մրմնջաց թագավորը,— ի՞նչ պետք է անել ուրեմն։
— Հրաման ստորագրել ազատելու մասին, և ամեն ինչ վերջացած կլինի,— ասաց կարդինալը։— Ես նույն կարծիքին եմ, ինչ ձերդ մեծությունը, և պարոն դը Տրևիլի երաշխավորությունն ավելի քան բավարար եմ համարում։
Տրևիլը գլուխը խոնարհեց, համակված ուրախությամբ, որին, այնուամենայնիվ, խառնվում էր մի անհանգստություն։ Կարդինալի համառ դիմադրությունը նա կգերադասեր այդ անսպասելի զիջողականությունից։
Թագավորը ազատման հրաման ստորագրեց, և դը Տրևիլն շտապեց հեռանալ տանելով հրամանը։
Այն պահին, երբ նա արդեն դուրս էր գնում, կարդի-նալը սիրալիր ժպտաց նրան և դարձավ թագավորին։
— Ինչպիսի՜ միաբանություն է տիրում ձեր հրացանակիրների պետի ու զինվորների միջև, ձերդ մեծություն։ Դա շատ օգտակար է ծառայության համար և պատիվ է բերում ամբողջ վաշտին։
«Կարելի է չտարակուսել, որ սա ամենամոտ ժամանակներում մի որևէ վատ խաղ կխաղա իմ գլխին,— մտածեց դը Տրևիլը։— Այսպիսի մարդու միտքը երբեք հասկանալ չի լինի։ Բայց պետք է շտապել։ Թագավորն ամեն րոպե կարող է փոխել իր որոշումը, իսկ Բաստիլից կամ Ֆոր-Լևեկից հենց նոր ազատված մարդուն կրկին այնտեղ տանելը, վերջիվերջո, շատ ավելի բարդ բան է, քան արդեն իսկ այնտեղ նստած մարդուն կալանքի տակ թողնելը»։
Պ-րն դը Տրևիլը հաղթանակով մտավ Ֆոր-Լևեկ և ազատեց Աթոսին, որն անփոփոխ պահպանել էր իր հանգիստ անտարբերությունը։
Դ’Արտանյանի հետ առաջին իսկ հանդիպմանը դը Տրևիլն ասաց.
— Այս անգամ ձեր բախտը բերեց։ Ձեզ հետ հաշիվ մաքրեցին դը Ժյուսակին վիրավորելու համար։ Դեռևս չհատուցված է մնում Բերնաժուի պարտությունը։ Զգույշ եղեք։
Դը Տրևիլն իրավացի էր, որ չէր վստահում կարդինալին և գտնում էր, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ։ Դեռ նոր էր հրացանակիրների կապիտանը դուռը ծածկել իր հետևից, երբ նորին սրբազնությունը դարձավ թագավորին։
— Այժմ, երբ մենք մենակ մնացինք,— ասաց նա,— եթե հաճելի է ձերդ մեծությանը, խոսենք կարևոր բաների մասին։ Ձերդ մեծություն, դուքս Բեկինգհեմը հինգ օր եղել է Փարիզում և մեկնել է միայն այսօր առավոտյան։