1. Երեք հրացանակիրներ

Chapter 11

Առաջին մաս X. Թակարդ տասնյոթերորդ դարում

Թակարդը ամենևին էլ մեր օրերի գյուտ չէ։ Հենց որ հասարակությունը կազմավորվեց ու ոստիկանություն հնարեց, ոստիկանությունն էլ թակարդ հնարեց։ Նկատի ունենալով, որ մեր ընթերցողները դեռևս չեն վարժվել Փարիզի ոստիկանության յուրահատուկ լեզվին, և մենք ավելի քան տասնհինգ տարվա մեր դրական աշխատանքի ընթացքում առաջին անգամն ենք այս արտահայտությունը գործածում այդ բանին հարմարեցրած, կաշխատենք պարզաբանել, թե խոսքն ինչի մասին է։ Երբ որևէ տան մեջ, միևնույն է թե ինչպիսի, հանցանքի մեջ կասկածելի մարդ են ձերբակալում, այդ ձերբակալությունը գաղտնի է պահվում։ Առաջին սենյակում դարան են սարքում՝ բաղկացած չորս կամ հինգ ոստիկանից, դուռը բաց են անում բոլորի առաջ, ով էլ բախելու լինի, ապա փակում են այն և եկվորին ձերբակալում։ Այսպիսով, երկու-երեք օր չանցած՝ այդ տան բոլոր մշտական հաճախորդները փակի տակ են լինում։

Ահա թե ինչ բան է թակարդը։

Պ-րն Բոնասիեի բնակարանում հենց այդպիսի թակարդ լարեցին, և բոլորին, ով գալիս էր այդտեղ, պարոն կարդինալի մարդիկ բռնում էին ու հարցաքննում։ Որովհետև դ’Արտանյանի զբաղեցրած սենյակը, որ գտնվում էր երկրորդ հարկում, առանձին մուտք ուներ, ուստի նրա հյուրերը ոչ մի անախորժության չէին ենթարկվում։

Ասենք՝ նրա մոտ գալիս էին միայն նրա երեք ընկերները։ Երեքն էլ զբաղված էին որոնումներով, յուրաքանչյուրն իր ուզած ձևով, սակայն դեռևս ոչինչ չէին գտել, ոչ մի բան չէին հայտնաբերել։ Աթոսը նույնիսկ սիրտ արավ մի քանի հարց տալ պ-րն դը Տրևիլին, որը, նկատի ունենալով պանծալի հրացանակրի սովորական սակավախոսությունը, խիստ զարմացրեց նրա կապիտանին։ Սակայն դը Տրևիլը ոչինչ չգիտեր, բացի նրանից, որ այն օրը, երբ ինքը վերջին անգամ տեսել էր կարդինալին, թագավորին ու թագուհուն, կարդինալը նրան թվացել էր մտահոգ, թագավորն ասես ինչ-որ բանից անհանգստացած էր, իսկ թագուհու չքնաղ աչքերն ասում էին, որ նա կամ անքուն է մնացել, կամ լաց է եղել։ Վերջին հանգամանքը նրան չէր զարմացրել. թագուհին իր ամուսնությունից հետո հաճախ էր անքուն մնում և շատ էր լաց լինում։

Պ-րն դը Տրևիլը համենայն դեպս Աթոսին հիշեցրեց, որ նա պետք է անձնվիրաբար ծառայի թագավորին և մանավանդ թագուհուն, խնդրելով, որ իր այդ ցանկությունը նա հաղորդի նաև իր ընկերներին։

Ինչ վերաբերում է դ’Արտանյանին, նա նստել էր իր տանը։ Իր սենյակը նա դարձրել էր դիտակետ։ Լուսամուտից տեսնում էր բոլորին, ովքեր գալիս էին և ընկնում որոգայթը։ Հետո մի փոքր տեղ հատակը քանդեց, այնպես, որ ներքևի հարկից, որտեղ հարցաքննությունն էր տեղի ունենում, նրան բաժանում էր միայն առաստաղի բարակ շերտը։

Այսպիսով նա հնարավորություն ստացավ լսելու ամեն բան, ինչ որ խոսում էին խուզարկուներն ու մեղադրյալները։ Հարցաքննությունները, որից առաջ ձերբակալվածներին խնամքով խուզարկում էին, համարյա միշտ հանգում էին հետևյալին։

«Արդյոք տիկին Բոնասիեն չի հանձնարարել ձեզ որևէ բան հանձնել իր ամուսնուն կամ մի ուրիշ անձի»։

«Արդյոք պարոն Բոնասիեն չի հանձնարարել ձեզ որևէ բան հանձնել իր կնոջը կամ մի ուրիշ անձի»։

«Արդյոք բերանացի որևէ գաղտնիք չեն հայտնել ձեզ նրանք»։

«Եթե սրանց մի որևէ բան հայտնի լիներ,— մտածեց դ’Արտանյանը,— այսպիսի բաներ չէին հարցնի։ Այժմ մի հարց. ի՞նչ են ուզում իմանալ նրանք։ Երևի ուզում են իմանալ արդյոք Բեկինգհեմը Փարիզո՞ւմն է և տեսակցություն ունեցե՞լ է թագուհու հետ կամ առաջիկայում տեսակցություն ունենալու է»։

Դ’Արտանյանը կառչեց այս ենթադրությունից, որը, դատելով ըստ բոլոր հանգամանքների, զուրկ չէր հավանականությունից։ Իսկ առայժմ թակարդը գործում էր անընդհատ, և դ’Արտանյանի ուշադրությունը չէր թուլանում։

Թշվառ Բոնասիեի ձերբակալության հաջորդ օրը, երեկոյան, երբ Աթոսը գնացել էր պ-րն դը Տրևիլի մոտ ու ժամը ինը նոր էր խփել, իսկ Պլանշեն, որը դեռ անկողին չէր գցել, արդեն ուզում էր ձեռնամուխ լինել այդ գործին, մեկը փողոցի մուտքի դուռը բախեց։ Դուռը միանգամից բացվեց, ապա իսկույն փակվեց, ինչ-որ մեկն ընկավ թակարդը։

Դ’Արտանյանը նետվեց այնտեղ, որտեղ հատակը քանդված էր, երեսի վրա պառկեց և ամբողջովին լսո-ղություն դարձավ։

Շուտով ճիչեր լսվեցին, ապա՝ տնքոցներ, որոնք, ըստ երևույթին, աշխատում էին խլացնել։ Հարցաքննության մասին խոսք անգամ չկար։

«Գրողը տանի,— մտածեց դ’Արտանյանը։ — Ինձ թվում է, որ դա կին է, նրան խուզարկում են, նա էլ դիմադրում է... Նրանք ուժ են գործադրում... Սրիկանե՛ր...»։

Դ’Արտանյանը ստիպված եղավ լարել բոլոր ուժերը, որպեսզի չմիջամտի այնտեղ ներքևում կատարվող դեպքերին։

— Դե ասում եմ չէ, պարոննե՛ր, որ ես այս տան տի-րուհին եմ, ասում եմ ձեզ, որ ես տիկին Բոնասիեն եմ, ծառայում եմ թագուհու մոտ,— գոռում էր դժբախտ կինը։

— Տիկին Բոնասիե՜,— շշնջաց դ’Արտանյանը։— Մի՞թե իմ բախտը բերեց, ու ես գտել եմ այն, ինչ որոնում են բոլորը։

— Մենք էլ հենց ձեզ էինք սպասում,— պատասխանում էին նրան։

Ձայնն ավելի ու ավելի խուլ էր դառնում։ Ւնչ-որ աղմկոտ իրարանցում սկսվեց։ Կինը դիմադրում էր այնպես, ինչպես մի կին կարող է դիմադրել չորս տղամարդու։

— Բա՜ց թողեք ինձ... բա՛ց թողեք...— դեռևս հնչում էր կնոջ ձայնը։ Դրանք վերջին հասկանալի բառերն էին։

— Նրանք փակում են նրա բերանը, հիմա դուրս կտանեն,— գոչեց դ’Արտանյանը՝ վեր ցատկելով ասես զսպանակի վրա։— Սուսե՜րս... Ասենք՝ սուսերս մոտս է... Պլանշե՛։

— Ի՞նչ կհրամայեք։

— Վազիր Աթոսի, Պորտոսի ու Արամիսի հետևից։ Երեքից մեկն ու մեկին երևի կգտնես, կամ գուցե երեքն էլ արդեն տուն են վերադարձել։ Ասա, որ զենքը վերցնեն, ասա, որ շտապեն, այստեղ վազեն։ Ա՜խ, հիշեցի. Աթոսը պարոն դը Տրևիլի մոտ է։

— Բայց այդ ու՞ր, ո՞ւր եք գնում դուք, տեր իմ։

— Ես ցած կիջնեմ լուսամուտով,— գոչեց դ’Արտանյանը։— Այսպես ավելի արագ կլինի։ Իսկ դու քանդած պարկետը տեղը դիր, հատակը մաքրիր, դուրս արի դռնով և վազիր այնտեղ, ուր հրամայեցի։

— Օ՜, տեր իմ, տեր իմ, դուք կջարդվեք,— գոչեց Պլանշեն։

— Լռի՛ր, է՛շ,— գոռաց դ’Արտանյանը։

Եվ լուսամուտագոգից կախվելով՝ նա ցած թռավ երկրորդ հարկից, որը բարեբախտաբար շատ բարձր չէր. նա նույնիսկ ջարդվածք չստացավ։

Եվ իսկույն մուտքի դռանը մոտենալով՝ նա կամացուկ բախեց. ինքն իրեն շշնջալով.

— Հիմա ես էլ մկան թակարդը կընկնեմ, և վա՜յ այն կատուներին, որոնք կհամարձակվեն ձեռք տալ այսպի-սի մկանը...

Հենց որ մուրճիկը զարկվեց դռանը, ներսում աղ-մուկն իսկույն դադարեց։ Քայլեր լսվեցին, դուռը բացվեց, և դ’Արտանյանը սուսերը մերկացնելով ներխուժեց պարոն Բոնասիեի բնակարանը, որի դուռն, ըստ երևույթին, զսպանակ ունենալով՝ ինքն իրեն ծածկվեց նրա ետևից։

Եվ այն ժամանակ այդ չարաբաստիկ տան մյուս բնակիչները, ինչպես և մոտակա հարևանները լսեցին կատաղի ճիչեր, թփթփոց, սուսերների զնգոց և այսուայն կողմ քաշքշվող իրերի դղրիդ։ Քիչ անց՝ բոլոր նրանք, ովքեր աղմուկից անհանգստացած գլուխները դուրս էին հանել լուսամուտներից, որպեսզի տեսնեն ինչ է պատահել, կարող էին տեսնել, թե ինչպես նորից դուռը բացվեց և սև հագուստով չորս մարդ ոչ թե դուրս եկան, այլ խրտնած ագռավների երամի պես դուրս թռան այդ տնից, հատակին ու սեղանների անկյուններին թողնելով իրենց թևերից պոկված փետուրները, այլ խոսքով ասած՝ հագուստի ծվենները և թիկնոցների պատառները։

Պետք է ասել, որ դ’Արտանյանը հաղթանակի հասավ առանց մեծ դժվարության, որովհետև խուզարկուներից միայն մեկն էր զինված, այն էլ պաշտպանվում էր միայն ձևի համար։ Մյուսները, ճիշտ է, ուզում էին ուշաթափ անել երիտասարդին՝ նրա վրա նետելով աթոռներ, տաբուրետներ և նույնիսկ ծաղկամաններ։ Սակայն գասկոնացու սուսերի պատճառած մի քանի չանգռվածքը սարսափ տարածեց նրանց վրա։ Տասը րոպեն բավական եղավ նրանց լիակատար պարտության մատնելու համար, և դ’Արտանյանը կռվի դաշտի տերն ու տիրականը դարձավ։

Հարևանները, որոնք լուսամուտները բաց էին արել այն սառնարյունությամբ, որ հատուկ էր մշտական ապստամբությունների ու զինված ընդհարումների այդ ժամանակների փարիզեցիներին, սև շորերով այն չորս մարդկանց փախուստից հետո իսկույն փակեցին իրենց լուսամուտները։ Հոտառությունը նրանց թելադրում էր, որ առայժմ ամեն ինչ վերջացած է։

Բացի դրանից արդեն բավական ուշ էր, իսկ այն ժամանակ, ինչպես և հիմա, Լյուքսեմբուրգի պալատի մեր-ձակա թաղամասերում վաղ էին պառկում քնելու։ Մենակ մնալով տիկին Բոնասիեի հետ, դ’Արտանյանը շրջվեց նրա կողմը։ Խեղճ կինը համարյա անզգա պառ-կած էր բազկաթոռին։ Դ’Արտանյանը մի արագ հայացք գցեց նրա վրա։

Դա քսանհինգ-քսանվեց տարեկան մի չքնաղ կին էր՝ թուխ մազերով, երկնագույն աչքերով, փոքր-ինչ վեր տնկված քթիկով, սքանչելի ատամներով։ Նրա մարմարի նման ճերմակ մաշկը ծիածանաքարի պես վարդագույն փայլ ուներ։ Սակայն սրանով էլ վերջանում էին այն գծերը, որոնցով նրան կարելի էր բարձր դասի տիկնոջ տեղ դնել։ Ձեռքերը ճերմակ էին, բայց՝ կոպտավուն։ Ոտքերը ևս բարձր ծագումը չէին ցույց տալիս։ Ի բարեբախտություն դ’Արտանյանի՝ այսպիսի մանրամասնությունները նա դեռ բանի տեղ չէր դնում։

Զննելով տիկին Բոնասիեին և, ինչպես արդեն ասացինք, հայացքը բևեռելով նրա ոտքերի վրա՝ հանկարծ նկատեց հատակին ընկած մի բատիստե թաշկինակ, որը իր սովորության համաձայն վերցրեց գետնից։ Թաշկինակի անկյունում նկատեց մի զինանիշ, որը նա մի անգամ տեսել էր այն թաշկինակի վրա, որի պատճառով ինքն ու Արամիսը քիչ մնաց միմյանց կոկորդ կտրեին։

Հենց այդ ժամանակից դ’Արտանյանն անվստահություն ուներ զինանշանով թաշկինակների նկատմամբ։ Դրա համար էլ առանց մի բան ասելու վերցրած թաշկինակը դրեց տիկին Բոնասիեի գրպանը։ Այդ պահին դեռատի կինը ուշքի էր եկել։ Աչքերը բացելով և սարսափած շուրջը նայելով, նա տեսավ, որ բնակարանը դատարկ է և ինքը մենակ է մնացել իր փրկչի հետ։ Նա իսկույն ձեռքը մեկնեց դ’Արտանյանին ու ժպտաց։ Տիկին Բոնասիեի ժպիտը լի էր թովչանքով։

— Ա՜խ, պարոն,— խոսեց նա։— Դուք փրկեցիք ինձ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ։

— Տիկին,— պատասխանեց դ’Արտանյանը,— ես արեցի միայն այն, ինչ կաներ ամեն մի ազնվական, եթե իմ տեղը լիներ։ Ուստի և դուք ամենևին պարտավոր չեք շնորհակալություն հայտնել ինձ։

— Օ՜, ո՛չ, ո՛չ, և ես հույս ունեմ ապացուցել ձեզ, որ գիտեմ շնորհակալ լինել։ Բայց ի՞նչ էին ուզում ինձնից այդ մարդիկ, որոնց ես սկզբում գողերի տեղ էի դրել, և ինչո՞ւ այստեղ չէ պարոն Բոնասիեն։

— Այդ մարդիկ, տիկին, շատ ու շատ ավելի վտանգա-վոր էին գողերից։ Դրանք պարոն կարդինալի մարդիկ են։ Ինչ վերաբերում է ձեր ամուսնուն՝ պարոն Բոնասիեին, ապա նա այստեղ չէ, որովհետև երեկ նրան ձերբակալեցին և տարան Բաստիլ։

— Իմ ամուսինը Բաստիլո՞ւմ է,— գոչեց տիկին Բոնա-սիեն։— Օ՜, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Ի՞նչ կարող է արա ծ լինել նա, իմ խեղճ ամուսինը։ Ախր նա ինքը անմեղությունն է։

Եվ դեռատի կնոջ դեռևս վախեցած դեմքի վրայով ժպիտի նման մի բան սահեց։

— Ինչ է արել նա՞, տիկին,— ասաց դ’Արտանյանը։— Ինձ թվում է՝ նրա միակ հանցանքն այն է, որ նա միաժա-մանակ և՛ բախտ, և՛ դժբախտություն ունի ձեր ամուսինը լինելու։

— Բայց, նշանակում է, ձեզ հայտնի է, պարոն...

— Ինձ հայտնի է, որ ձեզ փախցրել էին։

— Բայց ո՞վ, ո՞վ։ Այդ հայտնի՞ է ձեզ։ Օ՜, եթե դուք այդ գիտեք, ասացեք ինձ։

— Քառասուն թե քառասունհինգ տարեկան մի մարդ սև մազերով, թուխ դեմքով, ձախ քունքին՝ սպի...

— Ճիշտ է, Ճիշտ։ Իսկ անո՞ւնը։

— Անո՞ւնը... հենց այդ է, որ չգիտեմ։

— Իսկ իմ ամ ուսինը գիտե՞ր, որ ինձ փախցրել են։

— Այդ բանը նա իմացել էր այն նամակից, որը գրել էր հենց ձեզ փախցնողը։

— Իսկ նա հասկանո՞ւմ էր այդ հափշտակության պատճառը,— շփոթվելով հարցրեց տիկին Բոնասիեն։

— Նա, ինձ թվում էք ենթադրում էր, որ այս գործում քաղաքականությունն է խառը։

— Սկզբում ես կասկածում էի դրան, բայց հիմա ինքս էլ այդ կարծիքին եմ։ Ուրեմն ոչ մի րոպե ինձ չէ՞ր կասկածում իմ այդ բարի պարոն Բոնասիեն։

— Օ՜, ո՛չ մի րոպե։ Նա այնպե՜ս էր պարծենում ձեր ողջախոհությամբ և ձեր սիրով։

Ժպիտը նորից սահեց այդ սիրունիկ դեռատի կնոջ վարդագույն շուրթերով։

— Բայց ձեզ ինչպե՞ս հաջողվեց փախչել,— շարունակեց հարցուփորձ անել դ’Արտանյանը։

— Ես օգտվեցի պահից, երբ մենակ էի մնացել, և որովհետև այսօր առավոտյան ինձ հայտնի էր դարձել ինձ փախցնելու պատճառը, դրա համար էլ սավանների օգնությամբ լուսամուտից ցած իջա։ Կարծում էի, թե ամուսինս տանը կլինի ու վազեցի այստեղ։

— Որպեսզի նրա մոտ պաշտպանությո՞ւն գտնեք։

— Օ՜, ո՛չ։ Իմ խեղճ, իմ սիրելի ամուսինը... Ես գիտեի, որ նա ընդունակ չէ ինձ պաշտպանելու։ Բայց որովհետև նա կարող էր մի այլ միջոցով մեզ օգնել, ես ուզում էի նախազգուշացնել նրան։

— Ինչի՞ մասին։

— Ոչ, դա արդեն իմ գաղտնիքը չէ, դրա համար էլ չեմ կարող ասել ձեզ։

— Ի դեպ,— ասաց դ’Արտանյանը,— ներեցեք, տիկին, որ թեպետև ես գվարդիական եմ, բայց և այնպես ստիպված եմ ձեզ զգուշանալու կոչ անել, ինձ թվում է, թե սա հարմար տեղ չէ որևէ գաղտնիք վստահելու համար։ Խուզարկուները, որոնց ես վռնդեցի, կարող են վերադառնալ ավելի մեծ ուժերով։ Եթե նրանք մեզ այստեղ գտնեն, մենք կորած ենք։ Ճիշտ է, ես մարդ եմ ուղարկել իմ երեք ընկերներին տեղեկացնելու, բայց ո՛վ գիտե, տանը կլինե՞ն նրանք։

— Այո, այո, դուք իրավացի եք,— վախեցած բացականչեց Բոնասիեն։— Շուտ փախչենք այստեղից, թաքնվենք։

Այս ասելով նա դ’Արտանյանին թևանցուկ արեց և հրեց դեպի դուռը։

— Բայց ո՞ւր փախչել,— գոչեց դ’Արտանյանը։— Որտե՞ղ թաքնվել։

— Ամենից առաջ՝ հեռու այս տնից։ Հետո կտեսնենք։

Նրանք դուրս եկան տնից և նույնիսկ դուռն առանց ծածկելու վազեցին Գերեզմանափորների փողոցով, շուռ եկան դեպի Թագավորական ձորը և կանգ առան միայն Սեն Սյուլպիս հրապարակի մոտ։

— Հիմա ի՞նչ անենք,— հարցրեց դ’Արտանյանը։— Ո՞ւր տանեմ ձեզ։

— Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչ պատասխանեմ ձեզ,— ասաց տիկին Բոնասիեն։— Ես ուզում էի իմ ամուսնու միջոցով կանչել պարոն դը Լա Պորտին և նրանից իմա-նալ, թե վերջին երեք օրն ինչ է կատարվել Լուվրում, և ինձ համար վտանգավոր չէ՞ր լինի այնտեղ երևալ։

— Բայց ես ինքս էլ կարող եմ գնալ ու կանչեց պարոն դը Լա Պորտին,— ասաց դ’Արտանյանը։

— Իհարկե, բայց ցավն այն է, որ պարոն Բոնասիեին Լուվրում ճանաչում են և նրան ներս կթողնեին։ Իսկ ձեզ չեն ճանաչում և դուռը ձեր առաջ փակ կլինի։

— Դատարկ բան է,— առարկեց դ’Արտանյանը։— Լուվրի մուտքերից որևէ մեկի մոտ երևի կգտնվի ձեզ նվիրված մի դռնապան, որը նշանաբանը լսելով...

Տիկին Բոնասիեն ակնդետ նայեց երիտասարդին։

— Իսկ եթե ես ձեզ նշանաբանն ասեմ,— շշնջաց նա,— դուք կմոռանա՞ք այն օգտագործելուն պես։

— Ազնիվ խոսք, ազնվականի խոսք,— ասաց դ’Արտանյանը՝ կասկածի տեղ չթողնելով։

— Լավ։ Հավատում եմ ձեզ։ Դուք հիանալի երիտասարդ եք երևում։ Եվ, թերևս, ձեր նվիրվածությունից է կախված ձեր ապագան։

— Ես խոստումներ չեմ պահանջում և ազնվորեն կանեմ ամեն բան, ինչ ուժերս կներեն, որպեսզի ծառայեմ թագավորին և հաճելի լինեմ թագուհուն,— ասաց դ’Արտանյանը։— Օգտագործեցեք ինձ որպես բարեկամի։

— Բայց ինձ որտե՞ղ կթաքցնեք այդ ժամանակամիջոցում։

— Չունե՞ք դուք այնպիսի մի մարդ, որի մոտ գար պարոն դը Լա Պորտը ձեզ տեսնելու համար։

— Ոչ, ես չեմ ուզում որևէ մեկին տեղյակ դարձնել այս գործին։

— Սպասեցեք,— ասաց դ’Արտանյանը։— Մենք հենց Աթոսի տան կողքին ենք։ Այո, ճիշտ որ։

— Ո՞վ է Աթոսը։

— Իմ ընկերներից մեկը։

— Բայց եթե նա տանն է և ինձ տեսնի՞։

— Նա տանը չի, և ձեզ նրա բնակարանում տեղավորելուց հետո բանալին կտանեմ ինձ հետ։

— Իսկ եթե նա վերադառնա՞։

— Չի վերադառնա։ Ծայրահեղ դեպքում նրան կասեմ, որ ես մի կին եմ բերել, և այդ կինը գտնվում է իր բնակարանում։

— Բայց դա կարող է շատ խիստ խայտառակել ինձ, հասկանո՞ւմ եք։

— Ձեր ի՛նչ գործն է։ Ոչ ոք այնտեղ ձեզ չի ճանաչում։ Բացի այդ, մենք այնպիսի դրության մեջ ենք, որ կարող ենք այդպիսի բաները հաշվի չառնել։

— Լավ, գնանք ձեր ընկերոջ մոտ։ Որտե՞ղ է ապրում նա։

— Ֆերու փողոցում, այստեղից երկու քայլի վրա։

— Գնանք։

Եվ նրանք առաջ վազեցին։ Աթոսը, ինչպես նախատեսել էր դ’Արտանյանը, տանը չէր։ Դ’Արտանյանը վերց-րեց բանալին, որ նրան, որպես Աթոռի ընկերոջը, միշտ տալիս էին առանց առարկելու, սանդուղքով վեր բարձրացավ և տիկին Բոնասիեին ներս տարավ այն փոքրիկ բնակարանը, որն արդեն նկարագրել ենք։

— Տեղավորվեցեք ինչպես ձեր տանը,— ասաց նա։— Սպասեք. դուռը ներսից փակեք և ոչ ոքի բաց չանեք, և բաց կանեք միայն այն դեպքում, եթե կբախեն երեք անգամ, ահա այսպես։— Եվ նա բախեց երեք անգամ. երկուսը՝ իրար հետևից և բավական ուժեղ, իսկ երրորդը՝ փոքր-ինչ ընդմիջումով և ավելի թույլ։

— Լավ,— ասաց տիկին Բոնասիեն։— Այժմ իմ հերթն է ձեզ խրատներ տալու։

— Լսում եմ ձեզ։

— Գնացեք Լուվր և բախեցեք դեպի Էշել փողոց բացվող դուռը։ Խնդրեցեք Ժերմենին։

— Լավ, իսկ հետո՞։

— Նա կհարցնի՝ ինչ եք ուզում։ Եվ պատասխանի փո-խարեն դուք կասեք երկու բառ «Տուր և Բրյուսել»։ Այն ժամանակ նա կկատարի ձեր հրամանը։

— Իսկ ի՞նչ պիտի հրամայեմ ես նրան։

— Կանչել պարոն դը Լա Պորտին՝ թագուհու սենեկապետին։

— Իսկ երբ նա կկանչի նրան, և պարոն դը Լա Պորտը դուրս կգա։

— Դուք նրան կուղարկեք ինձ մոտ։

— Հիանալի է։ Բայց որտե՞ղ և ե՞րբ ես ձեզ կտեսնեմ նորից։

— Իսկ դուք շա՞տ եք ուզում նորից հանդիպել ինձ։

— Իհա՛րկե։

— Այդ դեպքում թողեք, որ ես հոգամ դրա մասին և հանգիստ եղեք։

— Ես հավատում եմ ձեր խոսքին։

— Կարող եք հավատալ։

Դ’Արտանյանը գլուխ խոնարհեց տիկին Բոնասիեին, նրա վրա գցելով ամենասաստիկ սիրահարվածի մի հայացք, որով միայն կարելի էր ընդգրկել նրա ողջ փոքրիկ կառուցվածքը, և երբ սանդուղքով ցած էր իջնում, լսեց, թե ինչպես դուռը իր հետևից ծածկվեց և բանալին փականքի մեջ երկու անգամ պտտվեց։ Դ’Արտանյանը իսկույն վազեց մինչև Լուվր։ Մոտենալով Էշել փողոցի կողմից` նա լսեց, թե ինչպես խփեց ժամը տասը։ Մեր այս նկարագրած բոլոր դեպքերը տեղի ունեցան ընդամենը մի կես ժամվա ընթացքում։

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ասել էր տիկին Բոնասիեն։ Նշանաբանը լսելով Ժերմենը գլուխ խոնարհեց։ Դեռ տասը րոպե չանցած՝ Լա Պորտն արդեն դռնապանի սենյակումն էր։ Դ’Արտանյանը մի երկու խոսքով պատմեց նրան ամեն բան, ինչ տեղի էր ունեցել և հայտնեց, թե որտեղ է գտնվում տիկին Բոնասիեն։ Բայց երկու քայլ էլ չարած՝ հանկարծ ետ դարձավ։

— Երիտասարդ,— ասաց նա՝ դառնալով դ’Արտանյանին։— Թույլ տվեք ձեզ մի խորհուրդ տալ։

— Ի՞նչ խորհուրդ։

— Այն, ինչ տեղի է ունեցել, կարող է ձեզ անախորժություններ պատճառել։

— Դուք կարծո՞ւմ եք։

— Այո։ Դուք չունե՞ք այնպիսի մի ընկեր, որի ժամացույցը ետ է մնում։

— Հետո՞ ինչ։

— Այցելեցեք ձեր այդ ընկերոջը, որպեսզի հետո նա կարողանա ասել, որ ինն անց կեսից դուք եղել եք նրա մոտ։ Իրավաբաններն այդ կոչում են ալիբի։

Դ’Արտանյանը գտավ, որ դա խելամիտ խորհուրդ է և որքան ուժ ուներ վազեց պ-րն դը Տրևիլի մոտ։ Սակայն դեռ ընդունարան չմտած, որտեղ սովորականի պես մեծ բազմություն կար, նա խնդրեց իրեն թույլ տալ կաբինետ մտնել։ Որովհետև դ’Արտանյանը հաճախ էր լինում այստեղ, նրա խնդիրքն իսկույն կատարեցին, և սպասավորը գնաց պ-րն դը Տրևիլին զեկուցելու, որ նրա երիտասարդ հայրենակիցը, ցանկանալով ինչ-որ կարևոր բան հաղորդել, խնդրում է ընդունել իրեն։ Մի հինգ րոպե անց՝ պ-րն դը Տրևիլը մտավ կաբինետ։ Նա հարցրեց դ’Արտանյանին, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել նրան և ինչո՞վ է պարտական նրա այցելության համար այդ ուշ ժամին։

— Ներեցեք, տեր իմ,— ասաց դ’Արտանյանը, որն օգտվելով կաբինետում մենակ մնացած րոպեներից, արդեն ժամացույցը երեք քառորդ ժամով ետ էր գցել,— ես կարծում էի, որ իննից քսանհինգ րոպե անցը դեռ այնքան էլ ուշ չէ ձեզ ներկայանալու համար։

— Իննից քսանհինգ րոպե ա՞նց,— գոչեց պ-րն դը Տրևիլը՝ շուռ գալով դեպի պատի ժամացույցը։— Չի կարող պատահել։

— Նայեցեք ինքներդ,— ասաց դ’Արտանյանը,— և կհամոզվեք։

— Այո, ճիշտ որ,— ասաց դը Տրևիլը։— Ես կարծում էի, թե արդեն ուշ է։ Բայց ի՞նչ է հարկավոր ձեզ։

Այն ժամանակ դ’Արտանյանը երկար ու բարակ պատմություն սկսեց թագուհու մասին։ Նա հաղորդեց իր անհանգստությունը նրա վիճակի մասին, հայտնեց, թե ինքը տեղեկություններ է ստացել կարդինալի մտադրությունների մասին, որոնք ուղղված են Բեկինգհեմի դեմ, և նրա խոսքը այնպես համոզված էր ու հանգիստ, որ դը Տրևիլը չէր կարող չհավատալ նրան, մանավանդ որ ինքն էլ, ինչպես արդեն ասել ենք, որոշ նոր բաներ էր նկատել կարդինալի, թագավորի ու թագուհու հարաբերությունների մեջ։

Երբ ժամը տասը խփեց, դ’Արտանյանը հրաժեշտ տվեց պ-րն դը Տրևիլին, որը շնորհակալություն հայտնելով հաղորդած տեղեկությունների համար և խորհուրդ տալով միշտ հավատով ու նվիրված ծառայել թագավորին ու թագուհուն, վերադարձավ ընդունարան։

Սանդուղքով իջնելիս դ’Արտանյանը հանկարծ հիշեց, որ իր ձեռնափայտը մոռացել է։ Ուստի արագ ետ բարձրացավ, մտավ կաբինետ և իսկույն ժամացույցի սլաքները նորից առաջ քաշեց, որպեսզի հետևյալ առավոտյան ոչ ոք չկարողանա նկատել, որ ժամացույցը ետ է մնացել։ Այժմ հավատացած լինելով, որ ինքն ունի մի վկա, որը կարող է հաստատել իր ալիբին, նա հանգիստ ցած իջավ և դուրս եկավ փողոց։

Comments