1. Երկարակեցության Կենսահյութը

Chapter 1

I

Ֆերրարայի ամենաշքեղ պալատներից մեկում, ձմռան մի երեկո, ժամը իննի մոտերքը, դոն Ժուան Բելվիդերոն խնջույք էր տալիս դ՚Էստա տոհմից մի իշխանի: Այդ ժամանակաշրջանում, տոնախմբությունը մի հիասքանչ հանդես էր, որ արքայական հարստությունների տեր մարդիկ կամ հզոր վեհապետները միայն կարող էին սարքել: Արվեստի ամենաչքնաղ գլուխգործոցների միջև, մարմարիոնե ձեղնազարդերի տակ, թուրքական թանկագին գորգերի վրա, անուշաբույր մոմերով լուսավորված սեղանի շուրջը յոթ կին էին նստած, և, խնդալից, քաղցրախոսություններ էին ասում: Հագին սնդուսե զգեստներ, ոսկով փողփողուն, պճնված՝ ակնեղեններով, որոնք գուցե նվազ էին փայլում, քան նրանց վառվռուն աչքերը, նրանք, անխտիր, պատմում էին սաստկահույզ կրքերի մասին՝ մեկը մյուսից տարբեր, ինչպես նրանց գեղեցկությունն էր: Նրանք միմյանցից չէին զանազանվում ո՛չ խոսքերով, ո՛չ պատկերացումներով. միայն եղանակը, ինչ-որ հայացք, մի քանի շարժումներ կամ ձայնի շեշտը նրանց խոսքերին տալիս էին շվայտ, պագշոտ, ծաղրական կամ մելամաղձոտ մեկնաբանություն:

Թվում էր, թե մեկն ասում է.— Իմ գեղեցկությունը կարող է ջերմացնել ծերունիների սառցակալած սիրտը…

Մյուսը.— Ես սիրում եմ մնալ մեկնված՝ բարձիկների վրա, արբեցությամբ մտածելով իմ երկրպագուների մասին:

Մի երրորդը, որը նման տոնախմբություններում սկսնակ էր, շառագունում էր.— Սրտի խորքում խղճի խայթ եմ զգում…— ասում էր նա:— Ես կաթոլիկուհի եմ և վախենում եմ դժոխքից, բայց ձեզ անչափ եմ սիրում..., անչափ և անչափ, որ ձեզ համար ես կարող եմ զոհաբերել հավիտենական կյանքը…

Չորրորդը, դատարկելով մի բաժակ խիոսի գինի, բացականչում էր.— Կեցցե՛ զվարթությունը: Ես նոր կենդանություն եմ առնում յուրաքանչյուր այգաբացին: Անցյալի նկատմամբ մոռացկոտ, նախօրեի նկատմամբ անփույթ, ամեն երեկո ես սպառում եմ մի երջանիկ կյանք, մի կյանք՝ սիրով լի:

Բելվիդերոյի մոտ նստած կինը նրան նայում էր հրատոչոր հայացքով: Նա լուռ էր.— Ես bravo-ներին* չէի վստահի իմ սիրածին սպանելու գործը, եթե նա ինձ լքեր:

Հետո նա ծիծաղեց. բայց նրա ջղաձիգ ձեռքը փշրեց հրաշալիորեն քանդակազարդված մի ոսկյա կոնֆետատուփ:

— Ե՞րբ ես դառնալու մեծ դուքս...,— հարցրեց վեցերորդը իշխանին. ինչ-որ չարախինդ և մահասփյուռ արտահայտություն կար նրա ատամներում, և աչքերում՝ բաքոսական խելացնորություն:

— Իսկ ե՞րբ է մեռնելու քո հայրը…— վրա տվեց յոթերորդը, խնդալով և ձեռքի ծաղկեփունջը նետելով դոն Ժուանին այնպիսի շարժումով, որի մեջ արբեցնող խոլականություն կար:

Դա մի անմեղ մանկամարդ աղջիկ էր, որը սովոր էր խաղ անելու այն ամենի հետ, ինչ սրբազան է:

— Ա՜հ, ինձ հետ մի՛ խոսեք այդ մասին,— բացականչեց երիտասարդ և գեղադեմ Բելվիդերոն,— աշխարհում կա միայն մի հավիտենական հայր, և դժբախտությունը ցանկացել է, որ նա ինձ վիճակվի:

Ֆերրարայի յոթ կուրտիզանուհիները, դոն Ժուանի բարեկամները և նույն ինքն իշխանը սարսափի ճիչ արձակեցին:

Երկու հարյուր տարի հետո, Լուդովիկոս XV-ի ժամանակ, նրբաճաշակ մարդիկ կծիծաղեին այդպիսի բանի վրա: Բայց գուցե և, գինարբուքի սկզբում, հոգիները դեռևս չէին պղտորվել: Եվ չնայած հուրհրատող մոմերին, կրքերի գոչյունին, ոսկե և արծաթե անոթներին, գինու գոլորշուն, չնայած ամենագեղազմայլ կանանց հիասքանչ տեսքին, գուցե, սրտերի խորքում, պահպանվել էր փոքր-ինչ ամոթխածություն մարդկային և աստվածային բաների նկատմամբ, քանի դեռ խրախճանքը այն չէր խեղդել գինու կայծկլտուն իր կոհակների մեջ: Արդեն ծաղիկները ճմռված էին, աչքերը մոլորուն, և գինովությունը, ըստ Ռաբլեի արտահայտության, հասնում էր նույնիսկ սանդալներին:

Լռության այդ րոպեին դուռը բացվեց. և, ինչպես Բալթազարի խնջույքին, աստվածն հայտնվեց: Նա երևաց ճերմակ մազերով, երերուն քայլվածքով, հոնքերը պռստած մի ծերունի սպասավորի կերպարանքով: Մուտք գործելով թախծոտ դեմքով՝ նա մի հայացքով խամրեցրեց պսակները, ոսկեգույն բաժակները, բրգացած մրգերը, տոնախմբության շուքը, զարմացած դեմքերի ծիրանին և կանանց սպիտակ բազուկներով ճմրթված բարձիկների վառ գույները. կարճ ասած, նա հօդս ցնդեցրեց նրանց այդ ամբողջ խենթությունը, խուլ ձայնով ասելով հետևյալ մռայլ խոսքերը.

— Պարո՛ն, ձեր հայրը մեռնում է…

Դոն Ժուանը վեր կացավ, իր հյուրերին և իշխանին անելով մի այնպիսի շարժում, որ կարելի է մեկնաբանել այսպես. «Ինձ ներեցեք, սա ամեն օր պատահող բան չէ»:

Մի՞թե հոր մահը հաճախ անակնկալի չի բերում երիտասարդներին՝ կյանքի պերճանքի, գինարբուքի խելառ պարուրանքի մեջ: Մահն այնքան հանկարծակի է իր քմայքներում, ինչքան կուրտիզանուհին իր քամահրանքներում. մահը կին է՝ ամուսնությամբ կապված մարդկային հասարակության հետ և նա հավատարիմ է: Որտե՞ղ է այն մարդը, որին նա դավաճանել է:

Երբ դոն Ժուանը փակեց դահլիճի դուռը և քայլեց որքան սառը, նույնքան և մռայլ երկար միջանցքով, նա ճիգ գործադրեց բեմական զսպվածություն ընդունելու, որովհետև, մտածելով որդու իր դերի մասին, անձեռոցիկի հետ միասին նետել էր և իր ուրախությունը: Խավար գիշեր էր: Լռակյաց ծառան, որն առաջնորդում էր երիտասարդին դեպի մեռելասենյակ, բավականին վատ էր լուսավորում իր տիրոջը, այնպես որ ՄԱՀԸ, որին օգնում էին ցուրտը, լռությունը, խավարը, թերևս գինովությունից առաջացած ուժերի անկումը կարողացան մի քանի խորհրդածություններ սահեցնել այդ շռայլողի հոգում: Նա վերակոչեց իր ամբողջ կյանքը և դարձավ մտածկոտ՝ ինչպես մարդ լինում է, երբ դատարան է տարվում:

Բարթոլոմեո Բելվիդերոն՝ դոն Ժուանի հայրը, իննսուն տարեկան մի ծերունի էր, որն իր կյանքի մեծ մասը անց էր կացրել առևտրի կոմբինացիաների մեջ: Անցած լինելով հաճախ Արևելքի թալիսմաններով հայտնի երկրների միջով՝ նա այնտեղ ձեռք էր բերել անսահման հարստություններ և գիտելիքներ՝ ավելի թանկարժեք,— ասում էր նա,— քան ոսկին և ադամանդները, որոնցով այն ժամանակ նա այլևս չէր հետաքրքրվում:

— Ես գերադասում եմ ատամը գոհարին, և ուժը՝ իմաստությանը…— ժպտալով բացականչում էր նա երբեմն:

Այս բարի հայրը սիրում էր, որ դոն Ժուանը իրեն պատմի երիտասարդական ինչ-որ թեթևսոլիկության մասին, և նրան շռայլելով ոսկին, նա ասում էր ծաղրասիրաբար կատակելով.

— Սիրելի զավակս, միայն քեզ զվարճացնող հիմարություններն արա…

Դա միակ ծերունին էր, որը, տեսնելով երիտասարդներին, հաճույք էր զգում: Հայրական սիրով նայելով իր որդու փայլուն կյանքի վրա, նա մոռանում էր իր զառամությունը:

Վաթսուն տարեկան հասակում Բելվիդերոն հրապուրվել էր հեզահամբույր և չքնաղ մի հրեշտակով: Դոն Ժուանը եղել էր այդ հապաղած և վաղանցիկ սիրո միակ պտուղը: Դրա համար էլ ավելորդ է ասել, թե Բարթոլոմեոն որքան էր սիրում իր որդուն, որն այդ պաշտելի կնոջ կենդանի պատկերն էր: Արդեն տասնհինգ տարի էր, ինչ ծերունին ողբում էր իր սիրասուն Ժուանայի կորուստը: Նրա բազմաթիվ սպասավորները և որդին այդ ծերունական վշտին էին վերագրում նրա մոտ ամրացած տարօրինակ սովորությունները: Եվ իրոք, Բարթոլոմեոն ապաստանել էր իր պալատի ամենաանհամբույր թևում: Նա այդտեղից հազվադեպորեն էր դուրս գալիս, և դոն Ժուանն անգամ չէր կարող մուտք գործել հոր հարկաբաժինը՝ առանց թույլտվության: Եթե այս կամավոր մենակյացը երբեմն գնում գալիս էր պալատում կամ Ֆերրարայի փողոցներում, թվում էր, թե նա փնտրում է ինչ-որ բան, որն իրեն պակասում էր. նա քայլում էր մտախոհ, տարտամորեն, ինչ-որ մտքի կամ հիշատակի դեմ մաքառող մարդու մտահոգությամբ: Այն պահին, երբ երիտասարդը խրախճանքներ էր կազմակերպում, երբ պալատը թնդում էր ցնծության շռնդալի ձայներով, երբ ձիերը սիգանալով վրնջում էին բակերում, երբ մանկլավիկները վիճում էին՝ զառ նետելով աստիճանների վրա, Բարթոլոմեոն ուտում էր յոթ ունցիա հաց և խմում միայն ջուր: Եթե նրան թռչնեղեն էր պետք լինում, ապա միայն նրա համար, որպեսզի ոսկորները տար սև, գանգրամազ մի շան՝ իր հավատարիմ ընկերակցին: Նա երբեք չէր գանգատվում աղմուկից: Նույնիսկ իր հիվանդության ժամանակ, երբ որսորդական եղջերափողի հռնդյունները կամ շների հաչոցները անակնկալորեն և հանկարծակի արթնացնում էին նրան, նա բավարարվում էր ասելով.

— Ա՜հ, այդ դոն Ժուանն է վերադառնում…

Երբեք այս աշխարհում այնքան հարմարվող և այնքան ներողամիտ հայր չէր հանդիպել: Դրա համար էլ, երիտասարդ Բելվիդերոն, վարժված լինելով նրա հետ վարվել առանց պաշտոնականության, ուներ շփացած երեխաների բոլոր թերությունները: Նա Բարթոլոմեայի հետ վերաբերվում էր այնպես, ինչպես քմահաճ կուրտիզանուհին իր ծեր սիրեկանի հետ՝ որևէ անպատկառություն ներել տալով մի ժպիտով, վաճառելով իր զվարթ բնավորությունը, և անփույթ՝ ընդունելով սերն ու գգվանքը:

Մտքով վերակառուցելով իր մատաղ հասակի տարիների պատկերները՝ դոն Ժուանը նկատեց, որ դժվար էր գտնել թեկուզ մի փոքր դեպք, երբ հայրը որևէ կերպ թերացած լիներ իր նկատմամբ ցուցաբերած բարության մեջ: Ուստի, այն րոպեին, երբ նա անցնում էր միջանցքով, զգաց, որ խղճի խայթ է ծնվում իր սրտի խորքում, և նա գրեթե պատրաստ էր իր հորը ներել այդքան երկար ապրելու համար: Նա վերադառնում էր դեպի որդիական բարեպաշտ զգացմունքները, ինչպես ավազակն է դառնում ազնիվ մարդ, երբ... մի միլիոն է գողանում:

Շուտով նա անցավ բարձրակառույց և սառը սրահների միջով, որոնք իր հոր հարկաբաժինն էին կազմում և, զգալով խոնավ մթնոլորտի ազդեցությունը, շնչելով թանձրացած օդը, հատակի և որմերի հնամենի գորգերից և փոշեկալած պահարաններից արտաբուրող կծու հոտը, նա իրեն գտավ ծերունու վաղեմի սենյակում, գարշաբույր անկողնու առջև, համարյա հանգած օջախի մոտ: Գոթական ձևի սեղանի վրա դրված լամպը անկողնու վրա անհամաչափ, առավել կամ նվազ ուժգնությամբ լույսի շերտեր էր գցում, այսպիսով ցույց տալով ծերունու դեմքը միշտ տարբեր ասպեկտներով: Սառը քամին սուլում էր վատ փակված պատուհանների միջով և ապակիները, ձյունակոծ, խուլ դղրդում էին:

Այս տեսարանը այնքան խոր և ակնբախ հակադրություն էր կազմում դոն Ժուանի նոր միայն թողած տեսարանի հետ, որ չկարողանալով իրեն պահել, նա ցնցվեց: Այնուհետև, նա սարսռաց, երբ լույսի մի բավականին սաստիկ ցոլք, մղվելով քամու հանկարծակի հորձանքից, լուսավորեց նրա հոր գլուխը. դիմագծերը քայքայված էին. մաշկը, ուժեղ կպած ոսկորներին, ուներ կանաչավուն երանգներ, որոնք և հակադրվելով ծերունու գլխատակի բարձի սպիտակությանը, դառնում էին առավել սոսկալի, ցավից պրկված, կիսաբաց և ատամնազուրկ բերնից դուրս էր գալիս հառաչալից շունչը, որը, մերթ ներդաշնակվելով փոթորկի ոռնոցների հետ, թվում էր, թե առավել ևս է սաստկանում:

Հակառակ ավերածության այս նշաններին՝ այդ գլխի վրա դեռևս բոցկլտում էր արիակամ խառնվածքի անհավատալի ուժը: Ինչ-որ գերակա ոգի պայքարում էր մահվան դեմ: Հիվանդությունից խոռոչացած աչքերը տարօրինակորեն սևեռուն էին և անքթիթ: Թվում էր, թե Բարթոլոմեոն մահամերձի իր հայացքով ճգնում է սպանել սնարի մոտ նստած ինչ-որ թշնամու: Այդ հայացքը՝ սառը և սևեռուն, առավել սարսափազդու էր, քանի որ գլուխը մնում էր անշարժության մեջ՝ նման այն գանգերի, որոնք դրված են լինում սեղանի վրա, բժիշկների մոտ: Մարմինը, որի գծերն էին ընդունել ներքնակի սավանները, ցույց էր տալիս, որ ծերունու անդամները ևս պահում էին նույն ձգվածությունը: Ամեն ինչ մեռած էր, բացի աչքերից: Բերնից դուրս եկող հնչյուններն անգամ ինչ-որ մեխանիկական բան ունեին:

Դոն Ժուանը որոշ ամոթ զգաց՝ հասնելով իր մահամերձ հոր սնարի մոտ, ձեռքում բռնած կուրտիզանուհու մի ծաղկեփունջ, այնտեղ բերելով խրախճանքի անուշահոտությունն ու գինու բույրը:

— Oհn... ո՜,— բացականչեց ծերունին նշմարելով որդուն:

Նույն րոպեին մի երգչուհու հստակ և քաղցրալուր ձայնը, որը գերում էր հյուրերին, սաստկանալով իրեն նվագակցող վինի հնչյուններից, եկավ, տիրեց մրրիկի հռնդյունին, և թնդաց մինչև այս մեռելասենյակում: Դոն Ժուանը ոչինչ չլսեց. սակայն հայրը նրան ասաց.

— Զվարճանո՞ւմ էիր, որդիս…

Քաղցրությամբ լի այդ խոսքից դոն Ժուանն իրեն վատ զգաց, և հորը չներեց այդ խոցոտիչ բարեսրտությունը:

— Այո՛,— պատասխանեց նա խռովահույզ ձայնով,— ... և դա ինձ համար կլինի հավետ խղճահարության պատճառ:

— Խեղճ Ժուանիտո...— նորից խոսեց մահամերձը խուլ ձայնով,— ես միշտ այնքան մեղմ եմ եղել քո նկատմամբ, որ դու երբեք չէիր ցանկանա իմ մահը…

— Օ՜հ...— գոչեց դոն Ժուանը,— եթե հնարավոր լիներ վերադարձնել ձեզ ձեր կյանքը՝ իմ կյանքի մի մասը տալով…

«Այսպիսի խոսքերը միշտ էլ կարելի է ասել, մտածում էր մսխիչ որդին.— միևնույն է, թե ես աշխարհը որպես ընծա տայի սիրուհուս...»:

Հազիվ թե նրա միտքն ավարտվել էր, երբ գանգրամազ շունը հաչեց: Լսելով նրա խելամուտ ձայնը՝ սարսափ պատեց դոն Ժուանին. նրան թվաց, թե շունը հասկացել էր իրեն:

— Ես, իհարկե, գիտեի, որդի՛, որ կարող եմ վստահել քեզ վրա…— բացականչեց մահամերձը։— Ես պիտի ապրե՜մ: Դե՛, դու գոհ կլինես... ես պիտի ապրե՜մ, բայց առանց քեզ զրկելու քեզ պատկանող օրերի և ոչ մեկից:

«Զառանցում է»…— ինքն իրեն ասաց դոն Ժուանը:

Ապա, նա բարձրաձայն ավելացրեց.

— Այո՛, սիրեցյալ հայր, դուք պիտի ապրեք, ինչ խոսք, այնքան, ինչքան ես եմ ապրելու, որովհետև ձեր պատկերը անընդհատ կլինի իմ սրտում։

— Խոսքն այդ կյանքի մասին չէ.— ասաց ծեր ազնվականը, շտկվելու համար լարելով իր ուժերը, և խորապես հուզված մի այնպիսի կասկածանքով, որպիսին ծնվում է մահամերձների սնարի մոտ:

— Լսի՛ր, որդի,— նորից խոսեց նա՝ այս վերջին ջանքից թուլացած ձայնով:— Ես ցանկություն չունեմ մեռնելու, ինչպես դու ցանկություն չունես զրկվելու քո սիրուհիներից, գինուց, ձիերից, բազեներից, շներից և ոսկուց…

«Իհարկե, հավատում եմ...»,— նորից մտածեց որդին, ծնրադրելով սնարի մոտ և համբուրելով Բարթոլոմեոյի դիակնային ձեռքը:

— Սակայն,— շարունակեց նա,— հա՛յր, թանկագին հայր իմ, պետք է ենթարկվել աստծու կամքին…

— Աստվա՜ծ…— վրա տվեց ծերունին՝ քրթմնջալով:

— Մի՛ հայհոյեք...— գոչեց երիտասարդը՝ նկատելով հոր դիմագծերի սպառնալից տեսքը:— Զգո՛ւյշ եղեք. դուք ընդունել եք վերջին սուրբ օծումը…

— Դու ուզո՞ւմ ես ինձ լսել,— գոչեց մահամերձը. նրա բերանը կափկափեց:

Դոն Ժուանը լռեց. տիրեց ահավոր լռություն: Ձյան սուլոցների միջով, վինի ներդաշնակությունների հետ նորից հասավ քաղցրահնչուն ձայնը, նվաղ, ինչպես նորածագ օրն է: Մահամերձը ժպտաց:

— Դու լավ ես արել, որ հրավիրել ես այդ երգչուհիներին, ունես երաժշտություն... խրախճանք... երիտասարդ և գեղանի կանայք... ձյունասպիտակ... սև վարսերով…— կյանքի ողջ հաճույքները...— Թո՛ղ մնան... Ես հենց հիմա պետք է վերածնվեմ…

«Զառանցանքը հասավ գագաթնակետին...»,— մտածեց դոն Ժուանը:

— Ես հայտնագործել եմ վերակենդանանալու միջոց:— Ա՛յ, այդտեղ:— Փնտրի՛ր այդ սեղանի դարակի մեջ:— Դու այդ կբանաս սեղմելով բռնակի տակ թաքնված գաղտնի զսպանակը:

— Բացել եմ, հա՛յր…

— Ա՛յ, այդտեղ, լա՛վ: Ժայռաբյուրեղյա մի սրվակ է, վերցրո՛ւ:

— Ահա՛ նա:

— Ես քսան տարի աշխատեցի…

Այդ րոպեին ծերունին՝ զգալով մոտալուտ վախճանը, լարեց իր մնացած ուժը և ասաց.

— Հենց որ վերջին շունչս փչեմ... դու ինձ կշփես այս ջրով: Ես կվերածնվեմ...

— Այնքան քի՜չ է…— պատասխանեց երիտասարդը:

Բարթոլոմեոն այլևս չէր կարող խոսել. բայց դեռևս նա ուներ լսելու և տեսնելու ընդունակություն. ուստի, նրա գլուխը սոսկալի արագությամբ շրջվելով դեպի դոն Ժուանը, նրա վիզը մնաց ծռված՝ նման մարմարիոնե այն արձանի, որին քանդակագործի մտահղացումը դատապարտել է կողմնակի նայելու: Նրա լայնացած աչքերը ընդունեցին ժանտատեսիլ անշարժություն... Նա մեռած էր, մեռած՝ կորցնելով իր միակ և վերջին պատրանքը...

Իր որդու սրտում ապաստան փնտրելով, նա այնտեղ գտնում էր մի գերեզման ավելի խորունկ, քան այն, որ unվորաբար մարդիկ փորում են իրենց մեռելների համար: Դրա համար էլ, նրա մազերը փշաքաղվել էին նողկանքից և ջղաձիգ հայացքը դեռևս խոսում էր: Դա զայրույթից կատաղած հայրն էր, որը դուրս էր գալիս շիրմից վրեժխնդրություն պահանջելու աստծուց:

— Հա՛, ամեն ինչ վերջացավ...— բացականչեց դոն Ժուանը:

Խորհրդավոր բյուրեղը լամպի աղոտ լույսի դեմ բռնած՝ ինչպես հարբեցողն է զննում իր շիշը ճաշկերույթից հետո, նա չէր տեսել, թե ինչպես ճերմակում են հոր աչքերը:

Շունը, երախը բաց արած, դիտում էր փոխիփոխ իր տիրոջն ու կենսահյութը, նույնպես և դոն Ժուանն էր նայում մերթ հորը, մերթ սրվակին: Լամպը գցում էր իր վետվետուն շողքը: Լռությունը խորունկ էր, վինը՝ լռած…

Բելվիդերոն ցնցվեց, կարծելով, որ հոր շարժվելն է տեսնում… Ուստի նրա մեղադրող աչքերի սառած արտահայտությունից վախեցած՝ նա փակեց դրանք, ինչպես աշնան գիշերով նա կհրեր պատուհանի հողմածեծ վանդակափեղկը: Նա մնաց կանգնած, անշարժ, անհուն մտորումների մեջ կորած:

Հանկարծ ինչ-որ խռպոտ աղմուկ, նման ժանգոտված զսպանակի ճռինչի, խզեց լռությունը: Դոն Ժուանը հանկարծակիի եկած, քիչ էր մնում ձեռքից բաց թողներ սրվակը: Դաշույնի պողպատից ավելի սառը մի քրտինք պատեց նրա մարմինը…

Ներկված փայտե մի աքաղաղ դուրս պրծավ մեծ ժամացույցի վերևից և երեք անգամ երգեց:

Դա հնարագյուտ այն մեքենաներից էր, որոնց օգնությամբ այդ ժամանակաշրջանի գիտնականները արթնանում էին իրենց աշխատանքների համար կանխորոշված ժամին:

Այգաբացը շառագունում էր արդեն պատուհանների ապակիները: Դոն Ժուանը տասը ժամ էր անցկացրել խորհրդածելով: Հնամենի ժամացույցը նրանից ավելի հավատարիմ կերպով էր կատարել Բարթոլոմեոյի հանդեպ իր պարտքը: Այդ մեխանիզմը կազմված էր փայտից, ճախարակներից, լարերից, մանր անիվներից, մինչդեռ ինքն ուներ այն մեխանիզմը, որը կոչվում է «մարդկային սիրտ»:

Խորհրդավոր հեղուկը կորցնելու վտանգին այլևս չենթարկվելու համար, սկեպտիկ դոն Ժուանն այն նորից դրեց տեղը՝ գոթական փոքրիկ սեղանի գզրոցի մեջ:

Այդ հանդիսավոր րոպեին, նա ճեմասրահներից լսեց խուլ ժխոր. խառնաշփոթ ձայներ էին, խեղդված ծիծաղներ, թեթև ոտնաձայններ, ճմռված մետաքսի շրշյուն, վերջապես ուրախ մարդկանց մի խումբ, որ մոտենում էր: Դուռը բացվեց, և իշխանը, դոն Ժուանի բարեկամները, յոթ կուրտիզանուհիներ, երգչուհիներ երևացին այնպիսի խառնափնթոր վիճակում, ինչպիսին պարուհիներն ունեն, հանկարծակիի գալով առավոտյան շողերից, երբ արեգակը մաքառում է մոմերի գունատվող լույսերի դեմ: Նրանք գալիս էին խմբով, ըստ սովորության, երիտասարդ ժառանգորդին ներկայացնելու ցավակցություններ…

— Օհո՜, օհո՜, խեղճ դոն Ժուանն այս մահը լուրջ բանի տեղ է դնում...— ասաց իշխանը Բրամբիլլայի ականջին:

— Բայց... նրա հայրը բարի մարդ էր...— պատասխանեց այդ աղջիկը:

Բայց և այնպես դոն Ժուանի գիշերային խորհրդածությունները նրա դիմագծերին ակներևորեն դրոշմել էին մի այնպիսի սարսափի արտահայտություն, որ դա լռություն պարտադրեց այդ խմբին: Տղամարդիկ մնացին անշարժ: Կանայք, որոնց շրթունքները ցամաքած էին գինուց, և այտերը մարմարիոնի պես երակավորված՝ համբույրներից, ծնկի եկան և սկսեցին աղոթել... դոն Ժուանը չկարողացավ իրեն պահել. նա ցնցվեց, տեսնելով, որ այս շքեղությունները, ցնծությունը, ծիծաղները, երգերը, երիտասարդությունը, գեղեցկությունը, իշխանությունը, մարմնավորված ամբողջ կյանքը խոնարհվում է մահվան առջև... Բայց այդ պաշտելի Իտալիայում, անառակությունն ու կրոնը այն ժամանակ այնքան էին լավ զուգակցվում, որ կրոնն այնտեղ անառակություն էր և անառակությունը՝ կրոն:

Իշխանը գորովագին սեղմեց դոն Ժուանի ձեռքը. բոլորի դեմքերը արտահայտեցին համարյա միևնույն ծամածռությունը՝ կիսով չափ տխրություն, կիսով չափ անտարբերություն. այնուհետև այդ ֆանտասմագորիան չքացավ, սրահը դատարկվեց: Դա իրոք որ կյանքի մի պատկեր էր:

Սանդուղքներով իջնելիս, իշխանն ասաց աղջիկներից Ռիվաբարելլային.

— Հը՛, ո՞վ կհավատար, որ դոն Ժուանը, սնապարծորեն ամբարիշտ դոն Ժուանը... սիրում է հորը…

— Դուք նկատեցի՞ք սև շանը...,— հարցրեց Բրամբիլլան:

— Հիմա նա հսկայական հարստության տեր է...— հոգոց հանելով պատասխանեց Բիանկա Կավաստոլինոն:

— Իմ ինչի՞ն է պետք...,— գոչեց հպարտ Վարոնեզան, որը փշրել էր կոնֆետատուփը:

— Ինչպե՞ս, թե ինչիդ է պետք...,— բացականչեց դուքսը,— բայց նա ինձնից ավելի է իշխան իր փողով:

Դոն Ժուանը, տարուբերվելով հազար ու մի մտորումների միջև, նախ տատանվեց. նա չգիտեր՝ ինչպես կողմնորոշվել: Բայց խորհուրդ անելով հոր կողմից կուտակված գանձի հետ, նա, երեկոյան դեմ վերադարձավ մեռելասենյակ՝ հոգին փոթորկված զարհուրելի եսամոլությամբ:

Հարկաբաժնում նա գտավ տան բոլոր սպասավորներին, որոնք զբաղված էին պատրաստելով շքամահճի զարդարանքները, որի վրա հանգուցյալ մոնսինյորը պետք է ցուցադրվեր հաջորդ օրը, լուսաշող սենյակի մեջտեղում. դա հետաքրքրական տեսարան էր, որ ամբողջ Ֆերրարան պետք է գար հիացմունքով դիտելու: Դոն Ժուանի մի ազդանշանի վրա բոլոր ծառայողները կանգ առան, շփոթված, դողդողալով…

— Ինձ թողեք մենակ,— ասաց նա այլայլված ձայնով.— դուք այստեղ կմտնեք միայն այն ժամանակ, երբ ես դուրս կգամ այստեղից:

Երբ ամենավերջը հեռացող ծեր սպասավորի քայլերն այլևս թուլորեն հնչեցին սալաքարերի վրա՝ դոն Ժուանը հապշտապ փակեց դուռը, և վստահ, թե մենակ է, բացականչեց.

— Փորձե՛նք…

Բարթոլոմեոյի մարմինը փռված էր մի երկար սեղանի վրա: Բոլորի հայացքներից քողարկելու համար ժանտատեսիլ դին, որը ծայր աստիճան զառամությունից և նիհարությունից կմախքի էր նմանվում, զմռսողները մարմնի վրա գցել էին մի սավան: Բացի գլխից՝ Բարթոլոմեոն ամբողջությամբ ծածկված էր այդ սավանով: Այս մի տեսակ մումիան հանգչում էր սենյակի մեջտեղում. փափուկ ծածկույթը տարտամորեն գծագրում էր մարմնի սուր, ձգված և վտիտ ձևերը: Դեմքի վրա երևում էին մանուշակագույն լայն բծեր, որոնք ցույց էին տալիս զմռսումն ավարտելու անհրաժեշտությունը:

Չնայած այն սկեպտիկության, որով նա զինված էր, դոն Ժուանը դողդողաց՝ բաց անելով բյուրեղյա մոգական սրվակի բերանը: Երբ հասավ գլխի մոտ, նա նույնիսկ ստիպվեց մի րոպե կանգ առնել. սարսուռը պատել էր նրան: Բայց այս երիտասարդի հոգին, վաղ ժամանակից հմտորեն ապականվել էր զեխ արքունիքի բարքերից. ուրեմն, Ալեքսանդր պապին արժանավայել ինչ-որ մտահղացում եկավ նրան արիություն ներշնչելու, որն ավելի ամրապնդվում էր հետաքրքրասիրությունից:

Թվում էր, թե սատանան նրան շշնջացած լիներ հետևյալ խոսքերը, որոնք թնդացին նրա սրտում.

— Թրջի՛ր մի աչքը…

Նա վերցրեց ինչ-որ լաթ, և թանկարժեք հեղուկի մեջ ժլատաբար այն թաթախելուց հետո, թեթևորեն անցկացրեց դիակի աջ կոպի վրա:

Աչքը բացվեց:

— Ա՜հ, ա՜հ, ասաց դոն Ժուանը՝ երազկոտ և պինդ սեղմելով սրվակը ձեռքում, ինչպես մենք սեղմում ենք այն ճյուղը, որից կախված ենք լինում անդունդի վրա:

Նա տեսնում էր կենսահորդ մի աչք, երեխայի աչք՝ մեռելի գլխում: Այնտեղ լույսը պլպլում էր մատղաշ ավյունի մեջ, և, գեղեցիկ թարթիչներով պաշտպանված՝ այդ լույսը շողշողում էր նման այն միայնակ ցոլքին, որ ճամփորդն է նշմարում ձմռան գիշերով, ամայի դաշտավայրում: Թվում էր, թե բոցավառ աչքն ուզում է խոյանալ դեպի դոն Ժուանը. և այդ աչքը մտածում էր, մեղադրում, վճռում, սպառնում, դատապարտում, խոսում. նա ճչում էր, կծում: Մարդկային բովանդակ կրքերը ալեկոծվում էին այնտեղ. դրանք հեզիկ պաղատանքներ էին. ապա արքայական զայրույթ. դեռատի աղջկա սերն էր դա, որն աղերսում էր դահիճներին՝ իրեն շնորհել կյանքը. դա այն խորունկ հայացքն էր, որ մարդ զգում է մարդկանց վրա՝ կառափնատի բեմի վերջին աստիճանը բարձրանալիս, վերջապես, այնքան կյանք կար այդ կյանքի բեկորի մեջ, որ դոն Ժուանը սարսափահար ընկրկեց: Նա դեսուդեն պտույտ կատարեց սենյակում, չհամարձակվելով այլևս նայել այդ աչքին, բայց նա նորից էր տեսնում այն՝ տախտակամածի վրա, գորգերի վրա, ամենուրեք: Ողջ սենյակում ցրիվ էին եկած ասեղներ՝ հրեղեն, կենսալի, իմաստալի... Միշտ աչքեր, որոնք հետապնդում էին նրան:

— Ճշմարիտ, որ նա կարող էր վերապրել հարյուր տարի ևս,— բացականչեց նա այն պահին, երբ ինչ-որ դիվային ազդեցության տակ ետ գալով հոր առջև՝ նա դիտում էր այդ առկայծող լույսը: Իսկույն խելամիտ կոպը փակվեց և հանկարծակի նորից բացվեց, ինչպես կնոջ կոպն է անում ի նշան հավանության:

Եթե մի ձայն ճչար. «Այո՛» դոն Ժուանն ավելի ահաբեկված չէր լինի:

— Ի՞նչ անել…— մտածեց նա:

Իր մեջ նա բավական արիություն գտավ և փորձեց փակել այդ ճերմակ կոպը. սակայն նրա բոլոր ջանքերը ապարդյուն եղան:

— Հանե՞լ աչքը... դա գուցե հայրասպանություն լինի…

— Այո՛...,— ասաց աչքը զարմանալիորեն հեգնական մի թարթումով:

— Է՜հ,— բացականչեց դոն Ժուանը,— սրանում ինչ-որ կախարդանք կա.

Եվ նա մոտեցավ աչքին, որպեսզի այն ճմլի:

Արցունքի խոշոր մի կաթիլ գլորվեց դիակի խոռոչացած այտերի վրա. և, այդտեղից՝ Բելվիդերոյի ձեռքի վրա:

— Ինչ կիզի՜չ է...— գոչեց նա:

Ապա նա նստեց: Այդ պայքարից հոգնել էր. կարծես նա Հակոբի նման մարտնչել էր հրեշտակի դեմ: Վերջապես նա վեր կացավ ինքն իրեն ասելով.

— Միայն թե արյուն չլինի:

Ապա, հավաքելով այնքան քաջություն, ինչքան իրեն պետք էր վատոգի լինելու համար, նա ճմլեց աչքը՝ լաթով տրորելով այն, բայց առանց դրան նայելու:

Մի մեծ թառանչանք դուրս եկավ, ողբագին ահարկու:

Գանգրամազ խեղճ շունը շունչն էր փչում ոռնալով:

«Արդյոք նա գաղտնիքին տեղյա՞կ էր...»,— ինքն իրեն հարց տվեց դոն Ժուանը՝ նայելով հավատարիմ կենդանուն:

Դոն Ժուան Բելվիդերոն շատ բարեպաշտ որդու համբավ ունեցավ. նա հոր գերեզմանի վրա կանգնեցրեց սպիտակ մարմարիոնե հուշարձան, և ֆիգուրի կատարումը վստահեց այդ ժամանակի ամենահռչակավոր արվեստագետներին: Նա կատարելապես հանգստացավ միայն այն ժամանակ, երբ իր հոր արձանը, կրոնի պատկերի առջև ծնրադիր, իր ահռելի ծանրությամբ ճնշեց այն շիրիմը, որի մեջ որդին թաղեց իր մարմնական հոգնության պահերին իրեն տագնապ ազդող խղճի խայթը:

Հաշվառման առնելով հին արևելագետի կուտակած անսպառ հարստությունները՝ դոն Ժուանը դարձավ ագահ: Չէ՞ որ նրան մարդկային երկու կյանքի համար էր փող հարկավոր:

Նրա խորապես քննական հայացքը թափանցեց հասարակական կյանքի էության մեջ և է՛լ ավելի լավ ըմբռնեց աշխարհը, որովհետև այն տեսավ անդրշիրիմյան խավարի միջով:

Նա վերցրեց ոգին ու մատերիան, գցեց քուրայի մեջ ու այնտեղ ոչինչ չգտավ, և դրանից հետո նա դարձավ իսկական դոն Ժուան։

Տիրելով կյանքի պատրանքներին՝ նա առաջ խոյացավ, երիտասարդ և գեղադեմ, արհամարհելով աշխարհը և սակայն նվաճելով այն: Նրա երջանկությունն այն չէր, իհարկե, ինչ քաղքենիական երանությունն է, որը սնվում է անփոփոխ խաշած մսով, անկողին տաքացնելու ջեռակով՝ ձմռանը, լամպով՝ գիշերը, և նոր հողաթափերով՝ յուրաքանչյուր եռամսյակին… Ոչ, նա ճանկեց կյանքը, ինչպես կապիկն է ճանկում ընկույզը, և, չլինելով այն մարդկանցից, որոնք երկարորեն զվարճանում են ինչ-որ դատարկ և հիմար խաղալիքով, նա հմտորեն կճպեց պտղի կոշտ կեղևները և հեշտագին ըմբոշխնեց նրա քաղցրահամ միջուկը: Պոեզիան, մարդկային զգացմունքները, հուզականությունը նրա համար չէին: Նա երբեք չգործեց այն հզոր մարդկանց սխալանքը, որոնք, երևակայելով երբեմն, որ մանր հոգիները հավատում են մեծ հոգիներին, վճռում են ապագայի բարձր մտքերը մանրացնել մեր առօրյա կյանքի մանր դրամաներով: Նա իհարկե կարող էր նրանց պես քայլել՝ ոտքերը երկրի վրա, իսկ գլուխը երկինք մխրճել, բայց նա գերադասում էր նստել, և իր համբույրներով ցամաքեցնել կանացի շատ շուրթեր՝ զովաշունչ, նորափթիթ, տամուկ ու բուրավետ, որովհետև, Մահվան նման, ո՛րտեղից անցնում էր, խժռում էր ամեն ինչ, անպատկառորեն չցանկանալով ուրիշ բան, քան այն սերը, որ տիրանում է, արևելյան սերը՝ երկարատև և հեշտ վայելքներով հագեցված: Կանանց մեջ միմիայն կինը սիրելով, նա հեգնանք էր դարձրել իր վարվելակերպը: Երբ նրա սիրուհիները անկողինը ծառայեցնում էին երկինք բարձրանալու, արբեցուցիչ հոգեզմայլության մեջ անէանալու համար, դոն Ժուանը նրանց հետևում էր բացսիրտ և անկեղծ, ինչպես կարող էր լինել գերմանացի ուսանողը, սակայն նա ասում էր ԵՍ, երբ նրա սիրուհին՝ խելակորույս, մարմնակործան, ասում էր ՄԵՆՔ…

Նա հիանալիորեն լավ գիտեր ենթարկվել կնոջ հրապուրանքին, իր մեջ միշտ ունենալով բավականաչափ ուժ, որպեսզի նրան հավատացնի, թե դողում է պատանի դպրոցականի նման, որը պարահանդեսում ասում է իր հետ պարող աղջկան. «Դուք սիրո՞ւմ եք պարը»: Բայց նա գիտեր և ժամանակին մռնչալ, քաշել իր հզոր սուրը և փշրել կոմանդորներին: Ծաղրանք կար նրա պարզության մեջ և ծիծաղ՝ արցունքներում, որովհետև նա գիտեր արտահայտվել այն կնոջ չափ, որն ամուսնուն ասում է. «Տվեք ինձ շքակառք և սպասավորներ, թե ոչ կմեռնեմ թոքախտից»:

Comments