1. Եղնիկը

Chapter 9

Յոթ ամիս առաջ

Առավոտյան ժամը ինն անց կես էր։ Ճակատ անտառում հաստ ձյան շերտի վրայով քայլում էր մի ծեր, ու միևնույն ժամանակ բավական առողջ մարդ։ Ձեռքին որսորդական շան փոքր ձագ կար։ «Սևի մեջ թաթախված» շանը գնել էր այն հույսով, որ կկարողանա գտնել իր՝ արդեն մի քանի տասնյակ տարի առաջ կորցրած եղբորը ու նվիրել նրան։

Ծերուկի անունը Արամ էր։ Նա իր եղբոր՝ Անդոյի հեռանալուց հետո տեղափոխվել էր քաղաք ու այնտեղ անցկացրել իր կյանքի մեծ մասը։ Չուներ ո՛չ կին, ո՛չ երեխաներ։ Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել էր իր հարազատ Փորայտ գյուղ ու մոտ վեց տարի այնտեղ միայնակ ապրելուց հետո մի օր հիշել էր իր եղբորը և որոշել կյանքի վերջին տարիները զուր չանցկացնել ու փնտրել իր միակ հարազատ մարդուն։

Մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո նա հայտնվել էր Ճակատ անտառում։ Լսել էր, որ այդ կողմերում մի որսորդի ընտանիք է ապրում։

Կարելի էր փորձել։ Միգուցե այդ որսորդը հենց իր եղբայրն էր։

Արամը պարզել էր, որ անտառին ամենամոտ երկու գյուղերը Գիլարն էին՝ արևմուտքում, ու Անտառուտը՝ արևելքում։ Նա որոշել էր գնալ Անտառուտ։ Գիլարը գտնվում էր սարերի հետևում, ու, ըստ նրա տրամաբանության, իր եղբայրը կընտրեր այն վայրը, որտեղից դեպի անտառ ճանապարհն ավելի կարճ ու հեշտ կլիներ։

Արամն արդեն մեկ ժամից ավել էր, ինչ քայլում էր անտառում, բայց դեռ ոչ մի կենդանի չէր տեսել։ Հիմնական պատճառը, իհարկե, ցուրտ ձմեռն էր։

Նա արդեն չէր էլ սպասում որևէ կենդանու հանդիպել։

  • Միակ կենդանին էս անտառում դու ես... ու ես։

Արամը ժպտաց ձեռքի սև շանը ու հենց վերջին խոսքի վրա խառը ձայներ լսեց։ Դժվար էր հասկանալ, թե ինչ կենդանի է, բայց ձայնից հասկացավ, որ գիշատիչ է, ու հաջորդ վայրկյանին արդեն զգում էր, թե հաստ բաճկոնի տակից ինչպես է բաբախում սիրտը։

Մի քանի քայլ էլ առաջ գնաց ու հեռվում տեսավ մի հսկա գայլի, իսկ դիմացը՝ սատկած, ավելի ճիշտ՝ սպանված, եղնիկի ձագ։

Գելի հետ էր նաև իր ձագը, որը նայում էր մոր սպանած եղնիկին։

Մինչ Արամը վախից սառել էր ու դեռ չէր հասկանում, թե ինչի մեջ է ընկել, գայլն ու ձագը միաժամանակ հայացքները դարձրին դեպի իրեն։

Արամը վախից չնկատեց էլ, թե ինչպես ձեռքի շան ձագին գցեց գետնին ու վազեց հետ։

Գայլն այդ պահին մոռացավ թե՛ իր ձագին, թե՛ բռնած եղնիկին։ Նրա աչքին նույնիսկ չերևաց որսորդական շան ձագը։

Նա վազեց մեկի հետևից, որին վստահ էր, որ կհասնի։ Ծերուկն արագ չէր վազում, հետևաբար գայլը չէր գործադրում իր ողջ ուժերը։

Էգ գայլը շուտով կուշտ փոր էր ունենալու, սակայն այդ պահին նրա մտքին մենակ սպանությունն էր։

Երբ հասավ մարդուն, նրան գցեց գետնին՝ երեսի վրա ու պինդ բռնեց վզի հետևի հատվածից՝ նույն ձևով, ինչպես մի քանի րոպե առաջ եղնիկի վզից։ Սակայն մարդու վիզը հաստ էր նրա բերանի համար, ուստի նա սկսեց պատառոտել այն։

Մի քանի վայրկյան էլ, ու մարդը կմեռներ։

Արամը ամբողջ վազքի ընթացքում փորձում էր հորից ժառանգած հին ատրճանակը հանել մոտից, ու հենց զենքն արդեն նրա ձեռքում էր, նա ընկավ գետնին՝ մեջքին երկու հսկա թաթերի ծանրությունից։

Գիտեր, որ վերջը եկել է։ Զգում էր գելին՝ նրա շնչառությունը, թուքը, ճանկերը, ատամներն ու սպանելու ցանկությունը։

Արամը կարողացավ կյանքն ավարտել՝ ինքն էլ սպանելով։ Պառկած դիրքում, մեռնելուց առաջ, հաջողացրեց ձեռքը վերև հանել ու կրակել գայլի գլխին։

Անտառը լռեց։

Անցան ժամեր, ու այդ լռությունն առաջինը խախտեց մի որսորդ։ Նա գտավ շան ու գայլի՝ ձյան մեջ թաքնված ձագերին, պահեց նրանց իր քուրքի տակ ու հետ դարձավ որս անելու։

Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մոտ հարյուր մետր այն կողմ ընկած է իր հորեղբայրը։

Մոտ կես ժամ անց անտառի հակառակ կողմից այդտեղ հայտնվեցին երկվորյակ որսորդներ ու, տեսնելով գայլի ու մարդու՝ իրար վրա ընկած դիակները, մարդուն թալանեցին ու մարմինը թողեցին անտեր, որ դառնար կենդանիների բաժին, իսկ սատկած գայլին տարան գյուղ՝ իբր իրենց որս։

Comments