1. Եղնիկը

Chapter 8

Կատաղի ծնունդ

Վերջապես տուն հասան։ Հակոբը քրտինքի մեջ կորել էր, բայց ճանապարհը նրան այդքան էլ երկար ու տանջալի չթվաց։ Նա շատ էր ոգևորված իր որսով։

ԲՈԼՈՐԻ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԲԱՑ ԿՄՆԱՆ։

Դռան դիմաց նկատեց աներոջը՝ Խաչիկին, ու աներձագին՝ Տանձին։ Հակոբին տեսնելուն պես Տանձը քայլեց դեպի իրեն։

  • Պահ, պահ, պահ։ Էլ ո՞վ դիմանար։ Էս ի՞նչ վարազ ես խփել։ Չլինի՞ իմացել ես, որ ես եմ գալու, դրա համար ես էսքան մեծ վարազ խփել,— Տանձը, ինչպես միշտ, շատ էր խոսում։

  • Հա բա ո՞նց,— պատասխանեց Հակոբը,— անտառում քո պատվին եղջերու էլ եմ խփել։ Սրան տուն գցենք, գնանք բերենք։

  • Հումորդ էլ տուն կգցես էլի, հարազատ,— ձևական բարձր ծիծաղեց Տանձը,— լավ, թող օգնեմ։ Էսքան ճամփա ես բերել էս հսկային։

  • Հազիվ մի խելոք բան ասեցիր։

Հակոբը պարկի պարանը տվեց Տանձին։

  • Հակոբ ախպեր,— Հակոբը հասկացավ, որ Տանձը իր հեղինակային՝ իրեն չվերաբերող հարցերից էր տալու,— Սևոն իսկական որսորդական շուն է, բայց էս մեկը ոնց որ որսորդական չէ։ Էս ի՞նչ ցեղատեսակ է։ Ինչի՞ Սևի հետ չես գնում որսի։

  • Դե...— Հակոբը մի պահ մտածեց, թե ինչ ասի, որ խաբի նրան։— Երկուսի հետ միաժամանակ դժվար է որսի գնալը։ Ես էլ մի անգամ սրան եմ տանում հետս, մի անգամ՝ նրան։ Բայց հավատա՝ Եղնիկը քո Արջուկից հազար անգամ լավ է որս անում։

Հակոբը դա ավելացրեց վերջում, որպեսզի խուսափեր Եղնիկի ցեղատեսակի մասին հարցից, ու դա հաջողվեց։

  • Հա, անունից զգացվում ա,— քմծիծաղ տվեց Տանձը,— համ էլ Արջուկը գամփռ է ու ոչ թե որս անելու համար է, այլ մեր անասուններին մոտեցող «որսորդներին» բռնելու համար։

Հասան դռան դիմաց։ Եղնիկը գնաց մտավ բունը, իսկ Սևոյի բունը դատարկ էր։ Դա Հակոբի աչքից չվրիպեց։

Նրանց ժպիտով դիմավորեց Հակոբի աները։

Խաչիկը Գիլարում հարգված առևտրական էր։ Լուրջ ու հավասարակշռված մարդ էր։ Ընդհանրապես չէր զգացվում, որ Տանձի ու Նելլիի հայրն էր․ երկուսն էլ մորն էին քաշել։

Իր որսը Հակոբը հենց աներոջ միջոցով էր վաճառում։

  • Բարև, Հակոբ, էս ի՞նչ լավ գործի եք։

  • Արի, արի, մտնենք տուն, մի հատ շունչ քաշենք ու գանք մորթենք էս վարազին։

Մտան տուն։ Հակոբը բարևեց զոքանչին ու Տանձի կնոջը, որոնք բարձր-բարձր ինչ-որ մեկի մասին էին պատմում։ Մոտեցավ Նելլիին ու հետաքրքրվեց Անիով։

  • Անին Սևոյի ու Արջուկի հետ տան հետևը խաղում է։ Ի դեպ, շները լավ էլ իրար հետ լեզու գտան։

  • Դե, մի հատ սուրճ սարքիր, խմենք ու անցնեմ գործի։

Աներոջ հետ զրույցի ժամանակ Խաչիկն ասաց, որ Գիլարում շատ են խոսում, թե գելերը անտառի խորքից բավական առաջ են եկել։ Նույնիսկ անտառից դուրս մեկն արդեն գայլ էր նկատել։

Այդ լուրը Հակոբին մի փոքր անհանգստացրեց։

«Իսկ ի՞նչ, եթե նրանք Եղնիկի հոտն են առել ու հիմա նրան են փնտրում»։

Գելերը իրար հազարավոր մետրերից զգում են ու մենակ չեն թողնում։

Այդ պահին Հակոբը հիշեց հորը ու գնաց նրա սենյակ, բայց ոչ նրա հետ կիսվելու նպատակով։

Սուրոն պառկած էր անկողնում ու շատ թույլ տեսք ուներ։

  • Ո՞նց ես քեզ զգում, պա՛պ,— Հակոբը նստեց հոր կողքին։

Սուրոն ուղղակի հոգոց հանեց ու չպատասխանեց նրան։

  • Որ տեսնես՝ ինչ չափի վարազ եմ խփել, միանգամից կլավանաս,— Հակոբը փորձեց հոր տրամադրությունը բարձրացնել։

  • Ափսոս չեմ կարող տեսնել։

Սակայն Հակոբը ափսոսանք չնկատեց հոր խոսքերի մեջ։ Սուրոն առաջին անգամն էր, որ չէր հետաքրքրվում տղայի որսով։ Նա միշտ տղայի որսից վերադառնալիս մանրամասն փորձում էր իմանալ ամեն ինչ։

Սուրոյի աչքերից երևում էր, որ մենակ մեռնելու մասին է մտածում։

  • Պապ...

Հակոբը ցանկանում էր հոր հետ խոսել ու հասկանալ իրեն, բայց հյուրասենյակից լսվող Անիի ճչոցն ընդհատեց նրան։

Հակոբը դուրս եկավ հոր սենյակից ու գնաց հյուրասենյակ։ Մարդ չկար։ Բոլորն արդեն դրսում էին ու խառը գոռգոռում էին։

  • Զգույշ, այ մարդ,— լսվում էր Տանձի կնոջ տհաճ ու ականջ ծակող ձայնը։

  • Էս կողմ արի, չմոտենաս հանկարծ,— լսվեց Նելլիի ձայնը։

Հակոբը դուրս եկավ տանից։

Սևոն, Եղնիկն ու Արջուկը իրար էին գզում, Տանձն էլ մեջները փորձում էր բաժանել։ Կենդանիներից մեկը կծեց Տանձի ձեռքը, ու նա բղավելով քաշվեց մի կողմ։

  • Սևո՛, Եղնի՛կ,— բարձր ասաց Հակոբը։

Առաջին անգամն էր, որ Սևոն ու Եղնիկը ուշադրություն չդարձրին Հակոբի կանչին։

  • Մի բան արա՛,— գոռաց Տանձը,— հիմա կսպանեն շանս։

Հակոբը մտավ մեջները։ Ուժեղ ապտակեց Սևոյի գլխին, որը վերջապես զգաց տիրոջ ներկայությունը, բաց թողեց Արջուկին ու հեռու քայլեց։

Երկուսին բաժանելն արդեն հեշտացավ։ Հակոբը մեկ ձեռքով բարձրացրեց Եղնիկին ու շպրտեց մի կողմ։ Եղնիկն էլ անմիջապես հանդարտվեց։

Կենդանիներից երեքն էլ, մեղմ ասած, արյունլվա էին, իսկ ամենատուժվածը Արջուկն էր, որը կողքի վրա պառկած իր վիրավոր թաթին էր նայում, որի մաշկի տակից նույնիսկ ոսկորն էր երևում։

  • Էս ի՞նչ արին շանս, սպանեցի՛ն,— Տանձը վազեց դեպի իր շունը,— կատաղած շներիդ էնքան ես տարել որսի, որ արդեն շանս խառնում են իրենց որսի հետ։

  • Իմ շները կատաղած չեն,— արդեն Հակոբն էր կատաղում,— ու ընդհանրապես ո՞նց եղավ, որ սկսեցին իրար գզել։

  • Անի,— ասաց Նելլին ու մոտեցավ աղջկան,— դու էիր շների հետ։ Պատմի՛ր՝ իմանանք։

Անին սարսափած տեսք ուներ։ Նա չէր էլ պատկերացնում, որ իր կողմից այդքան սիրված կենդանիներն ընդունակ էին այդպես իրար արյուն թափել տալու։

  • Ես Սևոյի ու Արջուկի հետ խաղում էի,— Անին իր ասած ամեն բառից հետո հևում էր,— հետո տանից ձայներ լսեցի, հասկացա, որ պապան եկել է, ու շների հետ քայլեցի տուն, հետո...

  • Անի՛,— ընդհատեց Խաչիկը,— բալե՛ս, էդ մանրամասները պետք չեն։ Դու ավելի լավ է ասա, թե ինչ պատահեց հետները։

  • Դե, որ հասանք տուն,— շարունակեց Անին,— Եղնիկը պառկած էր իր բնի դիմաց։ Արջուկն էլ հենց Եղնիկին տեսավ, միանգամից հարձակվեց վրան։ Սևոն էլ Եղնիկին պաշտպանեց ու հարձակվեց Արջուկի վրա։ Ես էլ վազելով տուն եկա ձեզ կանչեցի։

  • Անի, ես քեզանից չէի սպասում,— ասաց Տանձը,— ձեր շներին պաշտպանելու համար հարյուր հոգու խաբում ես։

  • Բայց ես ճիշտ եմ ասում,— Անին սկսեց լացել։

  • Անի, աղջիկս,— Խաչիկը, ինչպես միշտ, հանգիստ էր խոսում,— Արջուկը մաքուր գամփռ է։ Էս շները նույնիսկ կատուների վրա չեն հաչում, մենակ գելերի, աղվեսների ու այլ գիշատիչների վրա են հարձակվում։

Անին դարձավ ու նայեց հորը։

Նրանք նույն բանի մասին էին մտածում։

  • Անին կյանքում սուտ չի խոսում,— պաշտպանեց աղջկան Հակոբը,— ես իմ շներին շատ լավ եմ վարժեցրել ու վստահ եմ, որ առանց իմ ցուցումների նրանք ոչ մեկի վրա չեն հարձակվում։

  • Հա՛, հա՛,— տոնը բարձրացրեց Տանձը,— դու էլ աղջկադ հետ հավասար պաշտպանիր շներիդ, բա ոնց։ Չենք ուտելու ձեր էս թուլեքին։ Կնի՛կ, արի, գնում ենք գյուղ, քանի Արջուկը արնաքամ չի եղել։

  • Թող, ես կկապեմ վերքերը, պետք չի, որ գնաք։

Ասաց Հակոբը՝ Տանձի բերանին հարվածելու փոխարեն, հասկանալով, որ կնոջ ծնունդն էլ ավելի կփչացներ։

Տանձն ատելությամբ նայեց Հակոբին։ Նա սովորաբար միշտ անհոգ ու ուրախ տեսք ուներ, նույնիսկ ամենաանհարմար պահերին, բայց այսօր այդ օրը չէր։

Հետո Տանձը դարձավ Խաչիկին։

  • Պա՛պ, դուք գալիս եք, թե՞ վաղը կգաք։

  • Ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ մենք էլ գնանք։

Պատասխանեց Խաչիկը։

  • Բայց պապ...

Նելլին զայրացած տեսք ուներ։

  • Նելլի ջան, ծնունդդ արդեն շնորհավորել ենք, իսկ շարունակելու տրամադրություն ոչ մենք ունենք, ոչ էլ, կարծում եմ, դուք։

Հակոբն իրեն վատ զգաց, չնայած որ ոչ մի մեղք չուներ։

  • Ամեն դեպքում կներեք,— դիմեց Հակոբը բոլորին, բացի Տանձից, իհարկե,— ես չէի ուզում, որ այսպես ստացվեր։

Տանձը հեռանալուց առաջ դիմեց քրոջը, բայց պարզ էր՝ նրա թիրախը Հակոբն էր։

  • Ես մասնագետ ընկեր ունեմ, ու ձեր կատաղած շների համար անպայման կդիմեմ նրան, կարող ես չանհանգստանալ։ Հա, ու Անիին էլ մենակ չթողնես հետները։

Նելլին ուղղակի գլխով արեց եղբորը։

«Ինչպիսի՜ հոգատարություն»։

Հակոբը, իհարկե, կարող էր մի քանի խոսք ասել աներձագին, բայց պատասխան ստանալու դեպքում Տանձը մի քանի վայրկյան ավելի կմնար նրա տանը։

Հյուրերը գնացին։ Վարազն այդպես էլ մնաց չմորթված։

Ամբողջ օրը տանը ոչ ոք ոչ մեկի հետ չխոսեց։

Հակոբը չէր դադարում մտածել Եղնիկի մասին։

«Կարող է՝ ժամանակն է, որ տանեմ անտառ ու կորցնեմ»։

Բայց նա հասկանում էր, որ գայլը ոչ մի վատ բան չէր արել։ Ուղղակի Արջուկը գելի հոտ էր առել ու միանգամից հարձակվել վրան։

Սակայն պետք էր ինչ-որ բան մտածել։ Տանձը ոխ պահող էր ու հաստատ կգար իր «ընկերոջ» հետ, ու եթե այդ ընկերը իրոք մասնագետ էր, նա գլխի կընկներ, որ Հակոբի շներից մեկը իրականում շուն չէ։

Իսկ դա նշանակում էր, որ ողջ գյուղը կիմանար դրա մասին, ու դաժան օրեր կսկսվեին իր ու իր ընտանիքի համար։

***

Նույն օրվա գիշերն էր, տասներկուսը դեռ չկար։ Բոլորը քնած էին, կամ գոնե այդպես էր թվում։

Հակոբը դուրս եկավ տնից։ Նա արդեն կայացրել էր իր որոշումը։ Իր կարծիքով՝ ոսկե միջինն էր ընտրել՝ Եղնիկին անտառում կորցնելու ու ամեն ինչ նույնը թողնելու միջև։

Տան հետևի կողմում մի հին վանդակ ունեին, որը շատ վաղուց Սուրոն էր սարքել դեռ իր շան համար, բայց այդպես էլ չէր օգտագործել։ Հենց այդ վանդակում էլ, Հակոբի որոշմամբ, պետք է ապրեր Եղնիկը՝ բոլորի աչքից հեռու։ Իսկ ծանոթներին ուղղակի կասեին, որ իրենց շունը կորել է։

Դռան ձայնից Սևոն ու Եղնիկը արթնացան։

  • Ես վաղը Նելլիին ամեն ինչ կպատմեմ Եղնիկի մասին, ու նա կհասկանա ինձ։ Քիչ թե շատ նա էլ է ձեզ հետ կապվել։

Սևոն ու Եղնիկն այնպես էին նայում Հակոբին՝ կարծես հասկանում էին, թե ինչ է ասում։

  • Նա ինձ կօգնի պաշտպանել ձեզ ու պահել մեր գաղտնիքը։

Հակոբը Եղնիկին տարավ վանդակի մոտ։ Սևոն տեղից չշարժվեց ու ուշադիր հետևում էր նրանց։

Եղնիկը, ոչինչ չհասկանալով, մտավ վանդակը, ու ժանգոտած դռան ձայնը փչացրեց ողջ գիշերվա լռությունը։

Հետո Հակոբը մի հաստ ճյուղ մտցրեց դռան արանքը։ Ու ինչքան էլ հեշտ էր թվում վանդակի դուռը դրսից բացելը, ներսից դա ուղղակի անհնար էր, նույնիսկ մարդու համար։

«Կներես»,— ասաց նա մտքում ու գնաց տուն։

Comments