1. Եղնիկը

Chapter 7

Երկու որսորդ

Անցավ ևս երեք ամիս։ Այս ընթացքում Հակոբի ընտանիքում գրեթե ամեն ինչ հրաշալի էր։ Նույնիսկ Նելլիի հետ հարաբերություններն էին կարգավորվել, որի հանդեպ վերջին մի քանի տարիների ընթացքում փոխադարձ անտարբերություն էր առաջացել։

Դեպի վատը մենակ հոր առողջությունն էր գնացել։ Սուրոյին արդեն նույնիսկ ձեռնափայտերը չէին կարողանում օգնել շարժվել, հետևաբար գրեթե ամբողջ օրը պառկած էր անցկացնում։

Անցել էր յոթ ամիս այն բախտավոր օրից՝ և՛ Հակոբի, և՛ Սևոյի ու Եղնիկի համար, ինչ Հակոբն անտառում գտել էր երկու հրաշք ու անպաշտպան կենդանիներին։ Այս ամիսների ընթացքում Սևոն ու Եղնիկը դարձել էին ընտանիքի լիարժեք անդամներ․ կարծես մի ամբողջ կյանք միասին էին ապրել։

Ամառային հով գիշեր էր։ Ննջասենյակում Հակոբը պառկած ծխում էր ու լուսամուտից հետևում, թե ինչպես էին Եղնիկն ու Սևոն իրար հետ խաղում՝ հարվածում մեկը մյուսի մռութին, իրար հետևից ընկնում ու ինչ-որ թռչող միջատներ բռնում։

Հակոբը սիրում էր ծխել, բայց իրեն հաճախ զրկել էր այդ հաճույքից, քանի որ համեստ պայմաններում էին ապրում, իսկ հիմա կարող էր իրեն նման «ճոխություն» թույլ տալ։

  • Վաղը շուտ եմ գնալու որսի, որ մինչև կեսօր գոնե տուն հասնեմ, հյուրերին դիմավորեմ։

Հաջորդ օրը Նելլիի ծնունդն էր։ Ընտանիքում բոլորի ծնունդները սովորաբար առանց հյուրերի էին նշում, բացի Նելլիի ծնունդից։ Գիլարից գալիս էին նրա ծնողները, եղբայրն ու հարսը, այդ օրը մնում էին իրենց տանը, իսկ առավոտյան գնում։

Հակոբենց տունն ահագին մեծ էր, ու հյուրեր ընդունելը նեղություն չէր իրենց համար։

  • Կարող ես վաղը չգնալ որսի, տանը ամեն ինչ կա։

Անկեղծ ասաց Նելլին։

  • Չէ, մի բան պետք է խփեմ,— հանգցրեց ծխախոտը,— որ ձերոնք չասեն, թե իրենց լավ չդիմավորեցինք։

  • Այ խելառ, մերոնք այդպիսի բան ե՞րբ են ասել։

Ժպտալով ասաց Նելլին, որը մի քանի ամիս առաջ Հակոբի նման խոսքերի դեպքում մեծ պատերազմ կսարքեր։

  • Ձերոնք չգիտեմ, բայց էն տանձ ախպերդ հաստատ կասի։

Նելլիի եղբոր մականունը Տանձ էր մնացել այն բանից հետո, երբ դեռահաս տարիքում հարևանի ծառի բոլոր տանձերը գողացել էր ու չէր բռնվել։

Հակոբը չէր սիրում Տանձին։ Էն չէ, որ իրեն ինչ-որ վատություն էր արել, հակառակը՝ իրենց միշտ լավ էր ընդունել գյուղում։ Հակոբին ուղղակի դուր չէին գալիս Տանձի նման մարդիկ։ Շատախոս էր, գլուխգովան ու ուրիշների հետևից բանբասող։

  • Լավ, ոնց ուզում ես՝ արա,— Նելլին բարձր տրամադրություն ուներ,— էսօր սպանես էլ հետդ չեմ վիճի։

***

Առավոտյան ուղիղ վեցն էր, երբ Հակոբը բացեց աչքերը։ Նելլին դեռ քնած էր։ Չուզեց արթնացնել կնոջը․ իրերը նա դեռ գիշերն էր հավաքել, ու նրա օգնության կարիքը չուներ։

Եղնիկը սովորաբար ամեն կիրակի առավոտյան դռան դիմաց անհամբերությամբ տիրոջն էր սպասում, որ գնան որսի։ Հակոբը մտածեց, որ Եղնիկը քնած կլինի, որովհետև ուրբաթ էր, բայց ի զարմանս նրա՝ Եղնիկը, ինչպես բոլոր որսի օրերին, այդպես էլ այդ օրը դռան դիմաց իրեն էր սպասում։

  • Էս չլինի՞՝ դու դմբոյի նման ամեն առավոտ ինձ ես սպասում։

Ասաց Հակոբը, սակայն իրականում հասկանում էր, որ Եղնիկը տնից լսվող ձայներից էր արթնացել։

Հակոբը հաճախ էր բարձրաձայն խոսում Եղնիկի ու Սևոյի հետ։ Ու իր հարցին գայլը պատասխանեց՝ չռած աչքերով իրեն նայելով։

  • Քեզ ուտելու բան չեմ տա, սոված աչքերով մի նայիր,— Հակոբը կռացավ ու սկսեց շոյել Եղնիկին,— անտառում դու ինքդ կօգնես, որ բռնենք քո կերը։

Իրենցից մի քանի մետր այն կողմ քնած էր Սևոն, որը ոչ մի ձև չէր արձագանքում շուրջբոլորը լսվող ձայներին ու շարունակում էր քնել։

  • Էս շունը մեզանից նեղացել է, որ իրեն չենք տանում անտառ, թե՞ խլացել է։

Հակոբը շարունակում էր խոսել գայլի հետ։

Չնայած Սևոն այդքան էլ նեղանալու առիթ չուներ։ Հակոբն ամեն անգամ գործով գյուղ գնալիս Սևոյին իր հետ տանում էր։ Իսկ Եղնիկը կյանքում մարդամեջ չէր մտել։ Գայլին գյուղ տանելը վերջին բանն էր, որ նա կաներ։

Գելը վեր-վեր թռավ։ Չէր համբերում՝ երբ պետք է գնան։

  • Լավ, գնացինք։ Թող քնի Սևոն, որ շուտով Տանձը իր շան հետ գալու է մեր տուն,— ասաց Հակոբը Եղնիկին, կամ էլ ինքն իրեն էր խոսում,— ու ինձ թվում է՝ Տանձի շունը տիրոջը քաշած կլինի։ Խեղճ Սևոն պետք է դիմանա դրան՝ ոնց որ ես եմ դիմանում Տանձին։

***

Հակոբն ու Եղնիկը հասան անտառ։ Ցուրտ էր։ Անտառում վաղ առավոտյան միշտ ցուրտ էր՝ անկախ տարվա եղանակից։

Որսը Հակոբին տրվեց սովորականից ավելի արագ։

Անտառում քայլելիս մի պահ Եղնիկը կանգ առավ։ Նրա կանգնած դիրքը նման էր գիշատիչի՝ զոհին տեսնելիս ընդունած դիրքին։ Գելը, ատամները ցցած, շատ դանդաղ ու աննկատ քայլում էր առաջ, բայց Հակոբը դեռ չէր տեսել, թե դեպի ինչ էր իրեն տանում Եղնիկը։

Շուտով Եղնիկը կանգ առավ՝ կարծես հասկանալով, որ Հակոբի համար արդեն տեսանելի է որսը։

Վարազ էր։ Սովորականից խոշոր չափ ուներ։

Հակոբը սխալվելու իրավունք չուներ։ Եթե վրիպեր, երկրորդ շանս կարող էր չունենալ։

Հենց կրակելու պահին վարազը քայլեց առաջ, ու փամփուշտը գլխի փոխարեն խոցեց իրանը։

Վարազը սկսեց փախչել, բայց ոչ այն արագությամբ, որով սովորաբար վազում են։ Եղնիկը ակնթարթային արագությամբ սկսեց վազել վարազի հետևից։

  • Չէ՛։

Հակոբը վախենում էր, որ վարազը կարող է վնասել Եղնիկին։

Գելը հասավ վարազին ու բռնեց այն հատվածից, որտեղ կրակել էր Հակոբը։ Վարազը ցավից ընկավ գետնին։

Եղնիկն արեց այն ամենը, ինչ կարող էր։ Նա դեռ այնքան չէր մեծացել, որ կարողանար սպանել այդ խոշոր վարազին։

Հերթը Հակոբինն էր։ Նա վրա հասավ ու դանակով ավարտեց գործը։ Այնուհետև ուսապարկից հանեց պարկն ու դժվարությամբ քաշեց վարազի վրա, որ քարշ տալով տաներ գյուղ։ Այլ տարբերակ չուներ։

  • Էսքան մեծ վարազ կյանքում չեմ խփել,— ասաց Հակոբը,— խփելը ո՞րն է, նույնիսկ չէի տեսել։

Comments