Chapter 6
Որսորդը
Անցավ մոտ երեք ամիս։ Սևոն ու Եղնիկը ահագին մեծացել էին։ Այս ընթացքում Եղնիկի կողմից գրեթե գելին բնորոշ ոչինչ չէր նկատվել՝ չհաշված, որ մի քիչ շատակեր էր։ Նույնիսկ Սուրոն էր կապվել նրա հետ, ու կարելի էր ասել, որ Սևոյին հավասար սիրում էր։
Հակոբը հոր՝ տարիներով պահած գաղտնիքը ոչ մեկին չէր պատմել, սակայն Անիին պատմել էր իր գաղտնիքը Եղնիկի մասին՝ այն պայմանով, որ նա չպետք է դրա մասին պատմեր ոչ մեկին, նույնիսկ մորը։ Նելլին շատախոս էր ու օր ու արև չէր տա նրանց, երբ իմանար ճշմարտությունը։ Ավելին՝ կարող էր մորը կամ իր մյուս բարեկամներին պատմել, ու այդ նորությունը կտարածվեր ամբողջ Գիլարով մեկ, ինչի հետևանքով նրանք կարող էին խնդիրներ ունենալ։
Այս ամիսների ընթացքում Անիի դեմքին միշտ ժպիտ կար։ Նա ինը տարի ոչ մեկ չէր ունեցել, ում հետ տանը կամ բակում կկարողանար խաղալ, իսկ հիմա իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր Սևոյի ու Եղնիկի հետ, ինչը, իհարկե, Նելլիին դուր չէր գալիս։
Վերջում դու էլ ես շուն դառնալու։
Անընդհատ ասում էր աղջկան։
Եղնիկն ու Սևոն մեկը մյուսի հետ շատ էին ընկերացել ու գրեթե միշտ միասին էին։ Գայլն ու շունը կողք կողքի շատ համերաշխ էին ապրում ու հարկ եղած դեպքում պաշտպանում էին իրար։
Ամենահիշվող դեպքերից մեկն այն էր, երբ մոտ մեկ ամիս առաջ Հակոբը ոչ շատ ուժեղ հարվածեց Սևոյին՝ տան մեջ կեղտոտելու պատճառով։ Եղնիկն այդ պահին իրեն գցեց երկուսի մեջ ու ծիծաղելի շարժումներով փորձում էր կանգնեցնել Հակոբին։
Եղնիկն ու Սևոն արդեն բավական մեծացել էին, ու Հակոբը, հոր հետ խորհրդակցելուց հետո, որոշեց, որ արդեն ժամանակն է՝ կենդանիներին իր հետ որսի տանել։ Դեռ վաղ տարիքից էր պետք նրանց մոտ որսորդի բնազդը արթնացնել։
Հակոբն աղջկա հետ Սևոյին ու Եղնիկին դուրս հանեց տնից։ Դրսում գարուն էր։ Ձյունն ամբողջությամբ հալչել էր, բայց գետինը դեռ թաց էր։
Պա՜պ, գոնե մեկին թող մնա։
Արդեն անցած օրվանից Անին համոզում էր հորը, որ երկուսին միասին չտանի անտառ։
Խոստանում եմ՝ շուտով ես իրենցից մեկի հետ կգնամ որսի, իսկ մյուսը կմնա տանը,— Հակոբը համբուրեց աղջկան,— իսկ հիմա ես պետք է երկուսին էլ տանեմ, որ հասկանամ, թե իրենցից որ մեկն է ավելի պիտանի որսի համար։
Լավ, բայց ուշադիր կլինես, հանկարծ մի բան չպատահի հետները։
Հակոբն աղջկան շատ լավ էր ճանաչում ու նրա պահվածքից հասկացավ, որ ինքն էլ է ուզում գնալ անտառ։ Կարելի էր նաև ասել, որ խանդում էր կենդանիներին։
Հենց Սևոն ու Եղնիկը մեծանան,— վճռական ասաց Հակոբը,— քեզ մի օր հետս անտառ կտանեմ։
Անիի բերանը բաց մնաց։ Նա շատ էր համոզել հորը, որ իրեն անտառ տանի, բայց Հակոբը նրան միշտ կտրուկ մերժել էր։
Էսօրվանից էնքան եմ հաց տալու, որ շուտ մեծանան։
Անին երանության մեջ էր։
Դե, մենք գնացինք, իսկ դու տուն մտի՝ չմրսես։
***
Հակոբը մեկ ամսվա ընթացքում չորս անգամ գնաց որսի։ Սովորաբար կիրակի օրերին էր որս անում։
Այդ ընթացքում Սևոն ու Եղնիկը իրենց շատ լավ էին դրսևորել։ Երկուսն էլ հիանալի Հակոբին դուրս էին բերում որսի ճիշտ հետքի վրա, սակայն եթե Սևոն դա անում էր հոտառության շնորհիվ, Եղնիկը՝ սուր տեսողության ու լսողության շնորհիվ, ինչը նրան առավելություն էր տալիս շան հանդեպ, որի մոտ ամեն ինչ ավելի դանդաղ էր ստացվում։
Այդ չորս անգամների ընթացքում Հակոբը բազմաթիվ կենդանիներ խփեց՝ նույնիսկ գայլ, բայց գայլի հետքին ոչ թե Սևոն կամ Եղնիկն էին դուրս եկել, այլ հենց այդ գայլն էր իրենց գտել։
Առաջ Հակոբը երբևէ չէր հանդիպել գայլի։ Նրանք առավոտներն ու ցերեկը սովորաբար անտառի ամենախորքում էին լինում։
Հակոբը, խփած գայլի մորթին գյուղ տանելով, հերոսացավ այնտեղ։ Մի ամսվա ընթացքում Հակոբի ու իր ընտանիքի կյանքը կտրուկ լավացավ։
Շուտով Որսորդ Սուրոյին բոլորը կմոռանան,— ասաց Սուրոն,— ու ամենահայտնի որսորդը կդառնաս դու՝ Որսորդ Հակոբը։ Լավ էլ հնչում է։
Քեզ չեմ հասնի։
Համեստացավ Հակոբը։
Տեսա՞ր՝ մեզ ինչ հաջողություն բերեցին էս կենդանիները։
Մտքերի մեջ ընկած ասաց Սուրոն։
Հա, պա՛պ,— մի պահ ժպտաց Հակոբը ու նորից թաքցրեց ժպիտը,— բայց ես չեմ կարող երկուսին հետս տանել որսի։ Ամեն անգամ ավելի դժվար է դառնում անտառում իրենց կառավարելը։ Նրանցից մեկը պետք է մնա տանը։
Ու ո՞ր մեկին ես պատրաստվում տանել որսի։
Հարցրեց Սուրոն։
Սևոն կատարյալ որսորդական շուն է, իր հոտառությունը դեռ չի խաբել մեզ, բայց Եղնիկը ոչ մենակ որսորդի օգնական է, այլ հենց որսորդ։ Հարյուրավոր մետրերից նկատում է կենդանիներին, նույնիսկ մի քանի անգամ ինքն է նապաստակ բռնել։
Ոնց հասկացա, Սևոյին ես տանը թողնելու։
Հա, Սևոն կմնա, կհսկի տունը, ես ու Եղնիկն էլ կգնանք որսի։