1. Եղնիկը

Chapter 5

Գաղտնիք

Առավոտյան տասն անց էր։ Հակոբը բացեց աչքերը։ Նա սովորաբար ժամը յոթից արթուն էր լինում, բայց անցած օրը շատ էր հոգնել։

Փորձեց հիշել գիշերվա տեսած տարօրինակ երազները, բայց չստացվեց։

Մահճակալից ելավ, գնաց հյուրասենյակ, որտեղ սովորաբար լինում էր հայրը։ Ուզում էր րոպե առաջ շներին ցույց տալ նրան։ Հյուրասենյակում մենակ Սուրոն էր։ Նելլին Անիին տարել էր գյուղ՝ դասի ու սովորաբար այնտեղ մնում էր իր հորական տանը մինչև Անիի դասերի ավարտը։

Սուրոն բազմոցին նստած թզբեհ էր համրում։ Տեսքից երևում էր, որ լավ տրամադրություն ունի։

«Երևի Անին արդեն պատմել է շների մասին»,— մտածեց Հակոբը։

  • Արի, արի, այ հերոս,— համարյա ծիծաղելով ասաց հայրը,— իմացել եմ՝ հերիք չի երկու հատ նապաստակ ես խփել, երկու հատ էլ շուն ես ճարել, հա՞։ Էդ ո՞նց ստացվեց։

Սուրոն շատ հազվադեպ էր ժպտում, իսկ այս բարձր տրամադրությունը տարվա մեջ կարող էր լինել մեկ կամ երկու անգամ։

  • Անտառում եմ գտել։ Երկար պատմություն է։ Ավելի լավ է գնամ բերեմ, քո աչքով տե՛ս։

  • Հա բա, պետք է բերես։ Էս մի հավերժություն է՝ քեզ եմ սպասում էս բազմոցին նստած։ Բե՛ր, տեսնեմ՝ ինչ շներ են։

Այնպես ասաց Սուրոն՝ կարծես պրոֆեսիոնալ էր շների ոլորտում։

Հակոբը դուրս եկավ տնից։ Դրսում անցած օրվա նույն ցուրտ եղանակն էր։ Գնաց գոմ, բացեց փայտե, հաստ, մի քանի փեղկանի դուռն ու մտավ ներս։

Երկար ժամանակ էր, ինչ գոմ չէր մտել, բայց պատկերը նույնն էր, ու ամեն գոմ մտնելիս մանկությունից հին ու բարի դրվագներ էր հիշում։

Աջ մասում կովն էր, իսկ ձախում՝ հավաբունը, որի մեջ մի քանի հավ էր մնացել ու մի աքլոր։ Ուրիշ կենդանիներ չունեին։ Վերջին խոզին երեք տարի առաջ Նելլիի ծնունդին էր մորթել։

Շները կովի կողքին էին։ Իրար վրա էին թառել, խաղում էին։ Կուշտ տեսք ունեին․ դժվար չէր կռահել, որ Անին գյուղ գնալուց առաջ մի լավ կերակրել էր։

Հակոբը երկուսին էլ վերցրեց ու տարավ տուն։ Հայրը նույն դիրքով նստած սպասում էր ու Հակոբի ներս մտնելուն պես մեջքն ուղղեց ու ուշադրությամբ սկսեց նայել շներին։

Առաջինը Սևոյին վերցրեց ու մի քանի վայրկյան ուսումնասիրելուց հետո ասաց․

  • Որսորդական շուն է, հազվադեպ հանդիպող ցեղատեսակ է։ Ինձ թվում է՝ ինչ-որ մեկը էս շներին կորցրել է։ Հլը մյուսին տո՛ւր։

Հակոբը Սևոյին վերցրեց ու Եղնիկին տվեց հորը, որը, ընդամենը մի ակնթարթ նայելով Եղնիկի դեմքին, ամբողջ ուժով շպրտեց պատին։ Բարեբախտաբար տարիքի հետ Սուրոն շատ էր թուլացել։ Յոթանասունհինգ տարեկան էր։

  • Էս ի՞նչ ես անում, պա՛պ։

Հակոբը վերցրեց Եղնիկին գետնից ու նայեց՝ լուրջ վնասվածք ստացած չլինի։

  • Գե՛լ է,— բղավեց Սուրոն,— գե՛լ ես բերել տուն։

  • Ի՞նչ։ Գե՞լ։— Հակոբը ապշել էր։— Ի՞նչ ես խոսում։

  • Գել է։ Էս աչքերն ու հայացքը ես կյանքում չեմ մոռանա։ Սրան շուտ տար անտառ, որտեղ իր տեղն է, կամ ավելի ճիշտ կանես՝ սպանես։

Հակոբը կրկին հիշեց անցած օրը, թե ինչպես էր գայլը ագահաբար ծծում եղնիկի արյունը։

  • Պա՛պ, ի՞նչ սպանել։ Հլը նայիր՝ ինչ փոքր է ու լավը։ Ես իրան կպահեմ ու կվարժեցնեմ։

Հակոբը նույնիսկ չհարցրեց հորը, թե որտեղից էր հասկացել, որ գայլ է, քանի որ նրա պահվածքից ուղղակի պարզ էր, որ վստահ է։

Նա շարունակեց․

  • Ի՞նչ գիտես, կարող է շնից էլ լավը լինի։ Իսկ եթե զգամ, որ չի ստացվում վարժեցնել, նոր կտանեմ անտառ՝ ԿԿՈՐՑՆԵՄ։

  • Այ լակոտ,— հունից դուրս եկավ Սուրոն,— չգիտե՞ս, որ գելին հնարավոր չի վարժեցնել։ Գայլը առաջինը հաց տվող ձեռքն է կծում, հետո նոր՝ հացը։ Ու հիշիր՝ գայլը երբեք որսորդին հաջողություն չի բերել։ Ես իմ ձեռքերով կսպանեմ էս չարիքին։

  • Անին քեզ չի ների։

Հակոբը խորամանկ քայլի դիմեց։ Նա իրոք ցանկանում էր պահել այդ կենդանուն՝ լիներ շուն, գայլ թե բորենի։

  • Երեխային մի՛ ներքաշիր,— Սուրոն իջեցրեց տոնը ու ավելի հանգիստ սկսեց խոսել,— նրան կասենք, որ սատկել է ցրտից։

  • Պա՛պ, լսի՛ր,— Հակոբը նույնպես իջեցրեց տոնը,— էս մի մատ կենդանին իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Հենց ագրեսիա նկատեմ, ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ՝ անմիջապես կտանեմ անտառ։

  • Լավ,— Սուրոն հասկացավ, որ չորքող որդու հետ վիճելն անիմաստ է,— ոնց ուզես։ Ես զգուշացրեցի քեզ։

Հակոբը խորը շունչ քաշեց։ Իր հիշելով՝ առաջին անգամ էր վիճում հոր հետ։ Սուրոն դժվարությամբ իջավ բազմոցից ու գնաց իր սենյակ։ Հակոբը վստահ էր, որ հոր ընկրկելը ժամանակավոր էր։

Մոտ հինգ րոպե անց Սուրոն վերադարձավ՝ ձեռքին մի հին ու մաշված բարակ գրքով։

  • Մինչև վերջնական որոշում կայացնելդ, էս գիրքը կարդա՛ անպայման։

Սուրոն ընկճված տեսք ուներ։

  • Էս ի՞նչ է, պա՛պ։

  • Կարդա, ինքդ կիմանաս,— Սուրոն չէր նայում տղայի աչքերի մեջ,— ես որոշել էի երբեք քեզ չտալ այս գիրքը, բայց կարծում եմ՝ հիմա ժամանակն է, որ դու կարդաս սա։ Էստեղ ամեն ինչ գրված է մեր մասին՝ իմ, քո ու... ու Ջեմմայի։

Հակոբը սկսեց կարդալ։

Ինքնակենսագրական գրքի հեղինակը Սուրոն էր։ Այն գրված էր ձեռագրով, ու, ելնելով մաշվածությունից, Հակոբը հասկացավ, որ հայրը հաճախ էր կարդացել իր գիրքը։ Գրքի մաշվածությունը բարդացնում էր կարդալու գործընթացը, բայց Հակոբին դա չէր խանգարում։ Նա չափից դուրս կլանված էր կարդում։

Գրքից նա նախ իմացավ, որ իր ծննդավայրը ոչ թե Գիլարն էր, ինչպես հայրն էր ասել, այլ Փորայտը, որը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էր Գիլարից։

Հետո իմացավ, որ մայրը՝ Ջեմման, ոչ թե իրեն ծնելիս էր մահացել, ինչում նա միշտ մեղադրել էր իրեն, այլ նրան գայլն էր սպանել, իսկ դրա համար Սուրոն իրեն էր մեղադրում։

Հայրը մոր մահից հետո մոտ մի ամիս ապրել էր Փորայտում, սակայն որսորդի անունը կորցրել էր։ Էլ ինչ որսորդ, որ սեփական կնոջը չի կարողացել փրկել գելի ճանկերից։

Չդիմանալով մարդկանց հայացքներին՝ Սուրոն թողել էր ամեն ինչ՝ ծնողներին, փոքր եղբորը, ընկերներին։ Վերցրել էր երկու տարեկան Հակոբին ու հեռացել գյուղից։

Նա չէր ցանկացել ամենօրյա շփում ունենալ տարբեր մարդկանց հետ, հետևաբար գյուղ չէր ընտրել իր ու որդու նոր բնակության համար։ Նա այնպիսի վայր էր ընտրել, որի մոտակայքում և անտառ լիներ՝ որս անելու համար, և գյուղ՝ այլ կարիքների համար։

Հետո իր անունը Անդոյից փոխել էր Սուրոյի, ողջ խնայողությունը ծախսել տուն կառուցելու վրա ու զրոյից նոր կյանք սկսել։

***

  • Պա՛պ, ախր ո՞նց։

Բառեր չէր գտնում Հակոբը իր մտքերն արտահայտելու համար։

  • Ես քառասուն տարի պահել եմ էս գաղտնիքը, բայց ես վաղուց պետք է քեզ ասած լինեի...

  • Ու դու էսքան տարի չե՞ս փորձել մեր հարազատների հետ կապ հաստատել։

Հակոբը դեռ շոկի մեջ էր։

  • Ես իմ անունը փոխել եմ, որ նույնիսկ իրենք չկարողանան կապ հաստատել մեզ հետ,— Սուրոն լուսամուտից դուրս նայեց,— բայց կարծում եմ՝ չեն էլ փորձել։

  • Պա՛պ, բայց էսքան տարի է անցել, ամեն ինչ փոխվել է, ու հնարավոր է, որ... ըը... ասում են՝ ժամանակը բուժում է։

  • Ժամանակը բժիշկ չէ ու չի բուժում երբեք։ Ժամանակը ընդամենը ցավազրկող բուժքույր է։

Հակոբը մոտեցավ շներին՝ ավելի ճիշտ՝ շանն ու գայլին, վերցրեց երկուսին էլ ու դարձավ հորը։

  • Պա՛պ, ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց ես կպահեմ գայլին ու կմեծացնեմ։

Սուրոն անակնկալի եկավ, բայց հանգիստ տոնով ասաց․

  • Նույնիսկ երբ իմացար, որ մորդ սպանողը գա՞յլ է։

  • Մորս ինքը չի սպանել։ Հիմա ի՞նչ, եթե մորս մարդ սպանած լիներ, ոչ մի մարդու հետ գործ չպետք է ունենայի՞նք։

  • Մարդիկ տարբեր են, իսկ գելերը նույնն են։

Սուրոն շարունակում էր ցածր ու անտարբեր ձայնով խոսել՝ կարծես իր համար արդեն միևնույն էր։

  • Պա՛պ, էս կյանքում ամեն ինչն է տարբեր, ու ինքը պատասխանատու չէ մյուս գայլերի համար։

Այդ խոսքի վրա լսվեց դռան ձայնը։ Նելլին ու Անին վերադարձել էին գյուղից։

Հակոբը վերցրեց Սուրոյի տված գիրքը, պահեց շորի տակ ու ժպիտով դիմավորեց կնոջն ու աղջկան՝ կարծես ոչինչ էլ չէր պատահել։

Comments