1. Եղնիկը

Chapter 4

Եղնիկ

Վերջապես տուն հասավ։ Անին անմիջապես թռավ հոր գիրկը։

  • Պա՛պ, կներես...

  • Էս ո՞ւր էիր, այ մարդ,— ընդհատեց Անիին մայրը,— հազար ու մի բան անցավ մտքովս։

  • Երեխուս համար անտառում նվեր էի փնտրում։

Բավականին լուրջ տոնայնությամբ պատասխանեց Հակոբը։

  • Ուֆ, հավեսդ չունեմ։ Էդ նապաստակներին կգցես պարկը, որ վաղը հետս տանեմ գյուղ։

  • Հա, հա, կանեմ։ Վա՛յ, թող շունչ քաշեմ, համ էլ երեխուս նվերը տամ։

  • Պա՛պ, ի՞նչ ես բերել,— վեր-վեր թռավ աղջիկը,— շուտ ասա, էլ չեմ դիմանում։

  • Տե՛ս։

Ձախ գրպանից հանեց սև շանը ու տվեց Անիին, որն ուրախությունից էնքան բարձր ճչաց, որ խեղճ շունը վախեցավ։

  • Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,— բարձր շշուկով զայրացավ աղջկա վրա Նելլին,— պապդ հիմա կարթնանա։

Նելլիին կարծես թե չէր էլ հետաքրքրում շունը, բայց աչքի ծերով զննում էր նրան։

  • Մա՜մ, հլը նայի՝ ինչ լավն է,— ոգևորված ասաց Անին,— գյուղում Արջուկի հետ կխաղամ, իսկ էստեղ՝ սրա հետ։ Ապրե՜ս, պա՛պ։

Արջուկը Անիի քեռու գամփռն էր։

  • Սա դեռ նվերի կեսն է,— ոչ պակաս ոգևորությամբ ասաց Հակոբը։

Ձեռքն արդեն տանում էր աջ գրպանը ու բարեբախտաբար հիշեց, որ մոխրագույն շան ձագն ամբողջությամբ արյան մեջ էր։

ՈՒ Ո՞ՆՑ ԷՐ ԿԱՐԵԼԻ ԴԱ ՄՈՌԱՆԱԼ։

  • Սպասիր, հիմա կգամ։ Հանկարծ չգաս, որ անակնկալը չփչանա։

Հակոբը, առանց աղջկա պատասխանին սպասելու, դուրս թռավ տնից։

Տան դիմացից մի կողմ գնաց, որ լուսամուտից հանկարծ չտեսնեն, ու աջ գրպանից հանեց մոխրագույն շանը։ Թաթախեց ձյան մեջ, սկսեց մաքրել շան արյունոտ բերանը, վիզն ու փորը։ Վերջում քուրքի ներսի մասով չորացրեց ու ձեռքին բռնած մտավ տուն։

Անին էս անգամ զսպեց իրեն ու չճչաց, բայց դեմքից պարզ էր, որ կրկնակի շատ է ուրախացել։ Ագահաբար վերցրեց երկրորդ շանը ու երկուսին սեղմեց իրեն։

Երևի իր կյանքի ամենաերջանիկ օրն էր։

  • Ինձ թվում է՝ եղբայրներ են։

Ասաց Հակոբը։

  • Հա, բայց ընդհանրապես իրար նման չեն,— Անիի ոգևորությունը մի քիչ անցել էր, ու նա արդեն կարող էր խոսել,— տե՛ս, սևի պոչն ու ոտքերն ավելի կարճ են, բերանը կլորավուն է, իսկ մոխրագույնինը՝ հակառակը։

Աղջիկն արդեն երկուսին էլ մանրամասն ուսումնասիրել էր։

  • Հա, իրոք որ... հետաքրքիր է... Լավ, էդ հեչ։ Կարևորը՝ լավ շներ են երևում,— ասաց Հակոբը։— Նելլի՛, շներին տար գոմ, դիմացները կաթ դիր, սոված են, իսկ իմ աղջիկն էլ իմ ճաշը կլցնի, չէ՞։

  • Երկու րոպե։

Անին շներին զգուշորեն փոխանցեց մորն ու վազեց խոհանոց։

  • Իբր իմ հոգսերը քիչ էին, էս շներն էլ ավելացան։

Նելլին փնթփնթալով վերցրեց նրանց ու դուրս եկավ տնից։

Անին բերեց ճաշը, դրեց սեղանին ու միանգամից հարցրեց․

  • Պա՛պ, իսկ ի՞նչ ենք դնելու անունները։

  • Չգիտեմ, դու որոշիր։

Հակոբն այդ պահին մենակ ուտելու մասին էր մտածում։

  • Լավ, սևի անունը ես դնում եմ Սևո, իսկ մոխրագույնինն էլ դու ասա՛։

Հակոբը գիտեր, որ մինչև անուն չասեր, աղջիկը չէր թողնելու, որ հաց ուտի։ Նա սկսեց մտածել մոխրագույն շան ձագի մասին, ու աչքերի առաջ եկավ անտառի ահավոր տեսարանը։

  • Եղնի՛կ։

Comments