1. Եղնիկը

Chapter 3

Սև ու մոխրագույն

Ցուրտ օր էր։ Դրսում ոչ մի շունչ չէր նշմարվում։

«Հուսով եմ՝ անտառում էսպես դատարկ չի լինի»,— մտածեց Հակոբը։

Անտառը, որը կոչվում էր Ճակատ, Հակոբը միշտ համեմատել էր մարդու հետ, որը մի օր կարող էր լավ տրամադրություն ունենալ, մի օր՝ վատ։ Ու, ցավոք, վերջերս անտառը շատ տխուր ու դատարկ էր իր հանդեպ։

Թե ինչու էր անտառի անունը Ճակատ, նա չգիտեր։ Երբ փոքր էր, դպրոցում իրենից մի քանի տարի մեծ տղայից լսել էր, որ անտառի անունը դրել են Ճակատ, որովհետև մի տղա, ընկերների հետ անտառում զբոսնելիս, ճակատի վրա ընկել էր արջի կեղտի մեջ, որից մի քանի օր հետո, չդիմանալով ծաղրանքներին, սպանել էր իրեն։ Հակոբը, իհարկե, այն ժամանակ էլ էր հասկանում, որ այդ տղան ստում է, սակայն պատմությունը բառ առ բառ տպավորվել էր նրա մոտ։

Ձյան վրա, ինչպես միշտ, ոտնահետքեր չկային, քանի որ այդ ճանապարհով մենակ Հակոբն էր գնում անտառ։ Ամեն մի քայլից Հակոբի ոտքերը խրվում էին գրեթե կես մետրանոց ձյան մեջ, բայց նա չէր մրսում՝ սովոր էր։

Արդեն անտառ էր հասնում, երբ մուտքի մոտ նկատեց Ռուբենին ու Կարենին։ Երկվորյակ եղբայրներ էին։ Գիլար գյուղի միակ որսորդները։ Հակոբը էս երկուսին կյանքում չէր կարողացել տարբերել, չնայած շատերն ասում էին, որ նրանք այդքան էլ նման չեն։ Ռուբենի ու Կարենի հետ Հակոբը մոտ չէր։ Իրար հետ կյանքում չէին վիճել, բայց մեկը մյուսին կարծես արհեստականորեն վանում էր։

Ամբողջ գյուղում մատների վրա կարելի էր հաշվել մարդկանց, ովքեր նույն գործով էին զբաղվում ու իրար հետ լավ հարաբերություններ ունեին։

  • Ի՞նչ ես անում էս կողմերը։

Կասկածամտորեն հարցրեց երկվորյակներից մեկը, իսկ մյուսը ուշադիր Հակոբին էր զննում։

  • Փորձիր առաջին անգամից գուշակել։ Չէ, լավ, երկրորդ անգամից։

Կատակեց Հակոբը՝ առանց վիրավորել ցանկանալու։

  • Մեր տարածքի կողմից կրակոց է լսվել,— շարունակեց մյուս եղբայրը,— մենք էլ մտածեցինք, թե դու ես խախտել պայմանավորվածությունը։

Հակոբն ու երկվորյակները իրար մեջ կիսել էին Ճակատ անտառի տարածքը, որպեսզի մեկը մյուսի հետ չառնչվեին ու իրար չմեղադրեին որս փախցնելու մեջ։ Հյուսիսում եղբայրներն էին որս անում, հարավում՝ Հակոբը։ Անտառի մոտակայքի այլ գյուղերի որսորդները նույնպես ունեին նման համաձայնություններ մեկը մյուսի հետ։

  • Բայց տեսքիցդ ոնց հասկանում ենք՝ դու նոր ես եկել։

Ասաց մյուս եղբայրը։

Հակոբը նյարդայնացավ։

  • Իմ ինչի՞ն ա պետք՝ մտնեմ ձեր տարածք։ Հետաքրքիր մարդիկ եք, հա՜։

  • Լավ, հանգստացի՛ր, դրա փոխարեն օգնիր մեզ գտնենք էդ կրակողին։

Ասաց Ռուբենը։ Կամ Կարենը։ Դա կարևոր չէր Հակոբի համար։

  • Չեմ կարող, պետք է անպայման էսօր որս անեմ։

Հակոբը մերժեց եղբայրներին ու նույն պահին փոշմանեց, բայց չէր կարող ասածից հետ կանգնել։ Չէր ուզում անինքնավստահ մարդու տպավորություն թողնել նրանց մոտ։

  • Դո՛ւ գիտես,— ասաց մյուս եղբայրը,— բայց իմացիր՝ էսօր մեր տարածքում է կրակել, վաղն էլ քո տարածքում կկրակի։ Պետք է անպայման պարզենք, թե ով է էդ մարդը։

  • Դե չգիտեմ, ճիշտ ես, բայց իրոք չեմ կարող։

Նա սպասում էր, որ եղբայրներից մեկն ու մեկը պնդեր, որ նա պետք է գա, ու Հակոբն իրոք ուզում էր օգնել նրանց, բայց երկվորյակներն էլ իրենց սկզբունքներն ունեին։

  • Քեզ բարի ժամանց։ Գնացինք, Կարեն։

Եղբայրները միանման թարս հայացք գցեցին Հակոբի վրա ու մտան անտառ։

Հակոբն իրեն վատ զգաց։

«Պետք է օգնեի, համ էլ հարաբերություններս կլավացնեի հետները»։

Բայց ավելի շատ նրան հետաքրքրում էր, թե ով էր եղել կրակողը ու ինչ նպատակ ուներ։

Մի քանի րոպե երկմտելուց հետո Հակոբը որոշեց հակառակ կողմով մտնել երկվորյակների տարածք, ու ով իմանա՝ կարող էր ինչ-որ բան պարզել։

Անտառում մտքերի մեջ ընկավ ու չնկատեց, թե ինչպես երկու ժամ անցկացրեց այնտեղ։ Իր վաղ մանկության լավ ու վատ օրերից հասավ մինչև Անիի ապագան։ Նա կարծես արդեն մոռացել էր, թե ինչ գործ ուներ անտառում։

Ու հենց մտքերի միջից դուրս եկավ ու որոշեց հետ գնալ իր տարածք՝ որս անելու, հեռվից փոս նկատեց։ Կարծես մեկը ձյան մի հատված փորել էր։

Ներքին ձայնը հուշում էր, որ մի կենդանի շունչ կա փոսի մեջ։ Հակոբը հանեց հրացանն ու զգուշորեն մոտեցավ փոսին։ Ինչքան մոտենում էր, այնքան ավելի արագ էր բաբախում սիրտը, բայց ավելի շատ ոչ թե անհանգստությունից, այլ հետաքրքրությունից ու ոգևորությունից։

Վերջապես հասավ փոսի մոտ ու ինչ տեսավ... ավելի ճիշտ՝ ինչեր տեսավ։

Երկու շան ձագ՝ էնքան փոքր, որ կարող էր երկուսին էլ իր քուրքի մի գրպանում տեղավորել։ Մեկն ամբողջությամբ սև էր, մյուսը՝ մոխրագույն։

Անշարժ էին, բայց Հակոբը վստահ էր, որ քնած են։

«Լավ, ո՞ր մի անխիղճն է էս խեղճ կենդանիներին թողել անտառում, այն էլ էս ցրտին։ Իսկ եթե մայրը ձագերին ունեցել է ու սատկե՞լ... բա էդ դեպքում ինքը ո՞ւր է։ Կամ էլ էս շները ինչ-որ կապ ունե՞ն Ռուբենի ու Կարենի ասած կրակոցի ու կրակողի հետ»։

Հակոբը շատ տարբերակներ մտածեց, բայց շատ չխորացավ։ Նա ավելի կարևոր բան ուներ մտածելու։

Հակոբը գիտակցում էր, որ էս շները վերջերս իր հետ կատարված միակ հաջողությունն էին։ Հետը որ տուն տաներ, համ աղջիկը կբարիշեր հետը, իսկ դա նրա համար ավելի կարևոր էր, համ էլ իրեն իսկապես շուն էր պետք, որը համ կօգներ որս անելիս, համ էլ գիշերները տունը կհսկեր։

«Շունը ո՞րն է՝ շներ»,— հպարտորեն մտածեց Հակոբը։

Խնդիր կար, սակայն։ Շներին չէր կարող թողնել մենակ ու գնալ որս անելու։ Հազար հատ գել ու գազան կա, կարող են սպանել նրանց։ Նույնիսկ եթե ոչ մի կենդանու չհանդիպեն, «երկվորյակ կենդանիները» հաստատ կգտնեն ու իրենցով կանեն։

Գրպանը նույնպես չէր կարող գցել․ շները գրպանում դրած՝ նա չէր կարողանա ազատ ու կտրուկ շարժումներ անել։

«Ի՞նչ անեմ, հետ դառնամ տո՞ւն»։

Մտածեց Հակոբը։

Առանց որսի տուն գնալը ամենասխալ որոշումը կլիներ այդ պահին․ դիմացը ծանր ձմեռ էր։

Վերջը տարավ-բերեց ու որոշեց քուրքը գցել շների վրա ու ձյունով ծածկել, որ ոչ ոք չնկատի, մինչև կվերադառնա որսից։ Ճիշտ է, շատ ցուրտ էր դրսում, բայց պետք էր դիմանար։ Էդ պահին ուրիշ տարբերակ չկար։

Հենց այդպես էլ արեց, հետո ծառի ճյուղերով մի նշան սարքեց, որ հանկարծ ինքն էլ չկորցներ շներին, ու գնաց իր գործին։

***

Ցրտից Հակոբի տեսողությունը կարծես կատարյալ էր դարձել։ Ձյան մեջ խրված անտառում երկու հատ սպիտակ նապաստակ խփեց։

«Էլի վատ չէ,— մտածեց Հակոբը,— սրանց ահագին փող կտան գյուղում»։

Նապաստակներին պարանով կապեց իրար, կախեց իր վզին գցած հարմարանքից ու մեծ-մեծ քայլեր անելով շտապեց շների մոտ։

Ճանապարհին անհանգիստ էր։ Շների մասին էր մտածում՝ մի բան եղած չլիներ։

Եղբայրները վաղուց գյուղ գնացած կլինեին, ու զգուշության կարիք չկար։

Հենց հասավ իր՝ ճյուղերով սարքած նշանի մոտ, շտապ քուրքը հանեց փոսի վրայից։ Շները նույն դիրքով քնած էին, բայց կտրուկ շարժումից հետո արթնացան ու զարմացած ու վախեցած հայացքով սկսեցին նայել Հակոբին։

  • Վերջ, գնում ենք տուն։

Բարձրաձայն ասաց շներին։

Քուրքը մաքրեց ու հագավ։ Ամբողջ մարմնով դող անցավ, բայց վայրկյաններ անց սկսեց զգալ, որ աստիճանաբար մարմինը տաքանում է։

Սկզբում վերցրեց սև շանը։ Որձ էր։ Մուգ շագանակագույն, կրակոտ աչքերով նայում էր նրան։ Սևին գցեց քուրքի ձախ հսկայական գրպանը, հետո վերցրեց մոխրագույն շանը։

Էս մեկն էլ էր որձ։ Աչքերը սև շան նման ամբողջությամբ սև էին, բայց մեջները նույնքան կրակ կար, որքան մյուսի աչքերում։ Էս մեկը սկզբում հանդգնում էր, նույնիսկ փորձեց կծել Հակոբի ձեռքը, բայց բերանում ատամ չկար։ Վերջը մոխրագույնին էլ աջ գրպանը գցեց ու տան ճամփեն բռնեց։

Շուտով մութն ընկնելու էր։

Երբ անտառից դուրս եկավ, հեռվից աստիճանաբար սկսեց երևալ իր տունը։ Առաջինը ծխնելույզի ծուխը տեսավ, հետո արդեն հյուրասենյակի լուսամուտից երևացող լույսը։

Աղջիկը՝ Անին, ամեն անգամ իր որսից վերադառնալիս նստում էր հյուրասենյակի լուսամուտի գոգին ու հորը սպասում։ Հակոբը քայլելիս ուշադիր նայում էր տան լուսամուտին։

«Տեսնես սպասո՞ւմ է ինձ, թե՞ չէ»։

Ու երբ ավելի մոտեցավ տանը, տեսավ, որ Անին, ինչպես միշտ, սպասում է իրեն, չնայած որ առավոտյան իր չգիտակցված ընդամենը մեկ բառի պատճառով խիստ նեղացրել էր աղջկան։

Հակոբի դեմքին թեթև ժպիտ առաջացավ, ու սկսեց մտածել, թե ինչպես կուրախանա աղջիկը, երբ տեսնի փոքր շներին։

Հիշելով նրանց՝ ձեռքը տարավ աջ գրպանը ու տեղում սառած մնաց։

Շունը չկար։

Արագ մյուս գրպանը ստուգեց։ Սև շունը տեղում էր։

«Լավ, ո՞նց փախավ գրպանիցս, որ ես չնկատեցի»։

Հակոբը համ շատ հոգնած էր, համ սոված, բայց իրեն կարողացավ ստիպել ու հետ դառնալ մոխրագույն շանը փնտրելու։

Արդեն մթնել էր դրսում, սակայն լիալուսնի ու ձյան շնորհիվ ամեն ինչ գրեթե ցերեկվա նման տեսանելի էր։ Ճանապարհին ուշադիր նայում էր գետնին, որ գոնե շան ոտնահետքերը նկատեր։

Ձյունը համեմատաբար սառել էր, ու Հակոբի ծանր ոտքերի համար դրա վրայով քայլելն ավելի դժվար էր։ Ամեն մի քայլ գցելը մի հավերժություն էր թվում։

Վերջապես իր ոտնահետքերից մի քանի թիզ ձախ նկատեց շան՝ ձյան վրա հազիվ նշմարվող հետքերը։ Ահագին ճամփա գնաց, հասավ մինչև անտառ՝ էն փորած ձյան փոսին, որտեղից գտել էր շներին։

Այդտեղից սկսած՝ ոտնահետքերը շեղվեցին կածանից։

Մի քիչ էլ անցավ ու տեսավ սարսափելի պատկեր։

Եղնիկի սատկած ձագ էր՝ մոտ երկուսից երեք ամսական։ Վիզն այնպես էր կծած, որ գրեթե մարմնից անջատվել էր։

«Կամ գել է սպանողը, կամ արջ»,— մտածեց Հակոբը։

Զարմանալին այն էր, որ մարմնի մնացած մասերն անվնաս էին։

Հակոբը ինչ-որ շարժում նկատեց եղնիկի վզի կողմից, ավելի մոտեցավ ու տեսավ մոխրագույն շան ձագին, որը եղնիկի վզից արյուն էր ծծում։

  • Էս խեղճ շները տեսնես քանի օր են սոված մնացել,— բարձրաձայն ասաց նա,— արի՛, քեզ տանը մի լավ կկերակրեմ։

Կողք ու բոլորը զննելով՝ Հակոբը կռացավ ու վերցրեց շանը, կրկին գցեց աջ գրպանը ու առանց երկար վարանելու, երկու ձեռքերը գրպաններին պահած, որ հանկարծ նույն պատմությունը չկրկնվի, շտապ հեռացավ։

Ուր որ է գիշատիչները կհավաքվեին։

Comments