Chapter 2
Նորից սկիզբ
Անի՛, արի մի հատ գրկեմ քեզ ու գնամ։
Արդեն կեսօր էր, Հակոբը չէր կարող տանը մնալ։
Չէ, ես էլ եմ գալիս հետդ։
Երկար ե՞ս շարունակելու կամակորություններդ։
Հակոբը սովորաբար չէր մերժում իր աղջկան ու կատարում էր նրա գրեթե բոլոր անհավանական ցանկությունները, բայց ինը տարեկան աղջկան տանել իր հետ որսի չէր կարող, չնայած մտքով մեկ-մեկ անցնում էր նման բան։
Անհնար բան։
Եթե անտառում իր աղջկա նույնիսկ ծունկը քերծվեր, կինն ու իր գերդաստանը այդ երկու տողանոց պատմությունը մի հսկայական էպոսի կվերածեին։
Մի անգամ տար հետդ ու էլ կյանքում չեմ խնդրի։
Անին չէր հանձնվում։
Վերջ, մի՛ շարունակի։
Որ տղա լինեի, կտանեիր, չէ՞։
Նեղացած ասաց աղջիկը։
Իհարկե։ Տղաներն իրենց հոր գործն են շարունակում, իսկ աղջիկները տանը մայրերին են օգնում։
Կոպիտ պատասխանեց Հակոբը, չնայած նրան, որ ինքն իր ասածի հետ այնքան էլ համաձայն չէր։
Պա՛պ, իսկ կուզենայի՞ր, որ ես տղա լինեի։
Շա՜տ։
Երազկոտ պատասխանեց հայրը՝ չգիտակցելով, որ ցավեցնում է իր համար աշխարհում ամենաթանկ մարդուն։
Հակոբը որսորդ էր։ Ապրում էր Գիլար գյուղից մի քանի կիլոմետր արևելք, Ճակատ անտառից էլ մի քանի կիլոմետր արևմուտք գտնվող սարի լանջին՝ կնոջ, աղջկա ու հոր հետ։
Մայր չուներ․ իրեն ծնելիս նրա սիրտը կանգնել էր, ու նա մահացել էր։
Մոտակայքում ո՛չ ընկեր կար, ո՛չ բարեկամ, ոչ էլ հարևան։ Մի քանի դպրոցական տարիների ընկերներ ուներ Գիլարից, բայց վերջին տարիներին հազվադեպ էին հանդիպում՝ համենայնդեպս իր հետ։
Հարևաններ չունեին, քանի որ իրենց տունը գյուղից դուրս էր գտնվում։ Բարեկամներ ընդհանրապես չունեին՝ չհաշված կնոջ ազգ ու տակը, որոնք նույնպես Գիլարից էին։
Որսորդությունը սովորել էր հորից՝ Որսորդ Սուրոյից, որն արդեն տասնհինգ տարի էր, ինչ չէր զբաղվում որսորդությամբ, բայց մինչև հիմա բոլորը նրան «Որսորդ» էին ասում։
Հակոբը տան միակ վաստակողն էր։ Միաժամանակ և որսով էր զբաղվում, և, հատկապես վերջերս, ցախ էր հավաքում անտառից։
Կինը՝ Նելլին, զբաղվում էր տան գործերով, ինչպես և տարածքի բոլոր կանայք, իսկ հայրը տասնհինգ տարի առաջ անտառում արջին հանդիպելուց հետո կորցրել էր ոտքն ու ֆիզիկապես ի վիճակի չէր օգնել ընտանիքին։
Վերջին շրջանում այդքան էլ լավ չէին ապրում։ Արդեն երեք ամիս էր, ինչ խոշոր կենդանի չէր խփել։ Հոր դեղերը վերջացել էին, իսկ աղջկա դպրոցի փողը մի քանի ամիս էր՝ չէին տվել։
Էսքան խնդիրների մեջ Հակոբը մտածում էր, թե ոնց շահի Անիի սիրտը, որը հենց նոր լացելով գնացել էր իր սենյակ։ Ի դեպ, նա չէր հիշում, թե երբ էր իր աղջկան վերջին անգամ լացելիս տեսել։
Բալե՛ս, ինձ սխալ հասկացար,— դռան հետևից Հակոբը փորձում էր արդարանալ,— ես ուզում էի ասել, որ տղա էլ կուզենայի ունենալ։
Ձայն չկա։
Դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում։
Էլի ձայն չկա։
«Գուցե հետս տանեմ որսի՞»,— մտածեց Հակոբը, բայց այդ միտքն էլ մտքում պահեց։
Լավ, գնացի։
Վերջին հույսը կորցնելով՝ զենքն ու մնացած որսորդական պարագաները վերցրեց ու դուրս եկավ տնից։
Դրսում կիրակնօրյա ձմեռ էր։ Դեկտեմբերը նոր էր սկսվել, բայց արդեն ամբողջ տարածաշրջանը պատված էր ձյան վերմակով։
Հակոբը դռան դիմաց տեսավ հիվանդ հորը, որը, երկու ձեռնափայտերը ձեռքին, փորձում էր ծտերին կերակրել։
Այ հեր, կմրսես, գնա տուն։ Հիմա մնում ա քո վիճակն էլ վատանա ու վերջ։ Հա, մեկ էլ Նելլին որ գոմից գա, կասես՝ չնեղացնի երեխուս հանկարծ։
Էլի մենակ ես գնում։
Անտեսելով տղայի խնդրանքը՝ ասաց Սուրոն։
ԴԵ ԻՀԱՐԿԵ։
Էդ ես ե՞րբ մենակ չեմ գնացել, որ։
Հարցրեց Հակոբը՝ կարծես չգիտեր, թե ինչ էր հոր մտքին։
Շատ լավ գիտես, թե ես ինչ եմ ասում։ Դու այդպես էլ մի խելացի շուն չճարեցիր, որ համ լավ որս գտնի, համ էլ...
Նա մի պահ հապաղեց, ապա շարունակեց․
Համ էլ, եթե ես էն ժամանակ շան հետ լինեի, հիմա հնարավոր ա՝ երկու ոտք ունենայի։
Պապ, ես ո՞րտեղից շուն ճարեմ։ Ինձանից լավ գիտես, որ ձեռքս փող չկա։
Բա հենց դրա համար եմ ասում, որ շուն ունենաս՝ գործերդ կլավանան։ Շունը հաջողություն է բերում։
Սուրոն մոտեցավ դռանը, որ ներս մտներ։
Նելլիի ախպերը մի երկու ամիս առաջ գամփռ էր առել։ Որ իրեն դիմես, հաստատ քո համար էլ շուն կճարի։
Լավ, մի բան կմտածեմ,— էնքան որ պատասխանեց Հակոբը։ Էդ էր պակաս, որ աներձագին դիմեր։— Ես գնացի։
Ու ճամփա ընկավ դեպի անտառ։