1. Եղնիկը

Chapter 1

Սկիզբ

Փորայտ գյուղում գիշեր էր։ Անդոն քնից վեր թռավ՝ ամբողջ մարմինը քրտնած էր։ Նայեց իրենից ձախ՝ կինը կողքին չէր։ Սենյակում քար լռություն էր։ Այդ լռության մեջ նա միայն լսում էր իր քնած երեխայի ծանր շնչառությունը։

Նկատեց, որ սիրտն ահավոր արագ է բաբախում։ Անհանգիստ էր, բայց ինքն էլ չգիտեր՝ ինչու։

Անդոն մահճակալից իջավ ու գնաց խոհանոց՝ սառը ջուր խմելու։ Խոհանոց հասնելուն պես այնտեղ նկատեց կնոջը՝ Ջեմմային, որը քարացած կանգնած՝ մի կետի էր նայում։ Փորձեց հասկանալ՝ ինչին է նայում կինը, ու մութ անկյունում նկատեց երկու հսկա աչքեր։

Գայլ էր, որը նույնպես քարացած նայում էր Ջեմմային։

Կինը նկատեց Անդոյին, բայց ցույց չտվեց, որ նկատել է նրան։ Անդոն միանգամից հասկացավ պահի լրջությունն ու այն, որ իր, կնոջ ու երեխայի կյանքը մազից է կախված։

Գայլը չէր տեսել նրան։ Հարմար պահի էր սպասում՝ Ջեմմայի վրա հարձակվելու համար։

Անդոն դանդաղ ու զգուշորեն հետ գնաց սենյակ, որ մահճակալի տակից զենքը հանի, բայց առաջինը մոտեցավ երեխայի օրորոցին ու վերմակն այնպես ծածկեց, որ նույնիսկ գլուխը չերևար։ Իհարկե, դա էական բան չէր փոխում, բայց Անդոն այդ քայլն արեց առանց երկար-բարակ մտածելու։

Հետո գնաց իր մահճակալի մոտ, կռացավ, որ վերցնի զենքը, ու հենց այդ պահին կնոջ ճչոցը լսեց։

Շտապ վերցրեց զենքն ու վազեց։

Ջեմման ընկած էր խոհանոցի հատակին ու դիմադրում էր գայլին, որը վայրենի ձայներ հանելով փորձում էր խժռել նրան։ Անդոն չէր կարող կրակել, քանի որ փամփուշտը կարող էր դիպչել կնոջը։ Նա մոտեցավ ու զենքի կոթով ուժեղ հարվածեց գայլի գլխին։

Գելը կատաղած աչքերով դարձավ դեպի Անդոն, ատամները ցույց տվեց ու...

Կրակոց լսվեց։

Գելի դիակը մի ակնթարթում ընկավ գետնին։

Կրակոցից երեխան արթնացավ, ու նույնիսկ վերմակի տակից նրա լացի ձայնը լսելի դարձավ ամբողջ տնով մեկ։

Անդոն մոտեցավ կնոջն ու բռնեց նրա արյունոտ ձեռքը։

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։

Ջեմման փորձեց ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ։

Վայրկյաններ անց Անդոն, զգալով կնոջ ձեռքի մարող ջերմությունը, կարծես հասկացավ, որ այլևս ԿԻՆ ՉՈՒՆԻ։

Comments