1. Երեք հրացանակիրներ

Chapter 1

Հեղինակի նախաբան

Մոտավորապես մեկ տարի առաջ. երբ արքայական գրադարանում որոնումներով էի զբաղված Լյուդովիկոս XIV-ի<ref>Լյուդովիկոս XIV (1638—1715) — Լյուդովիկոս XIII-ի և Աննա Ավստրիացու որդին, Ֆրանսիայի թագավորը՝ 1643—1715 թթ.</ref> պատմության համար, պատահաբար ձեռքս ընկան «Պ-րն դ’Արտանյանի հուշերը», որոնք տպագրվել են Ամստերդամում, Պիեր Ռուժի մոտ, ինչպես և այն ժամանակվա երկերի մեծ մասը, երբ հեղինակները ցանկանում էին ճշմարտությունն ասել այնպես, որ այնուհետև շատ թե քիչ երկար ժամանակով Բաստիլ չուղարկվեն։ Վերնագիրն ինձ հրապուրեց, ես այդ հուշագրությունները տուն տարա, իհարկե, գրադարանի պահապանի թույլտվությամբ, և ագահորեն վրա ընկա կարդալու։

Ես մտադիր չեմ այստեղ մանրամասնորեն վերլուծել այդ հետաքրքրական երկը, այլ միայն նրան ծանոթանալու խորհուրդ եմ տալիս իմ այն ընթերցողներին, որոնք գիտեն գնահատել անցյալի պատկերները։ Նրանք այդ հուշագրություններում կգտնեն վարպետի ձեռքով ուրվագծված դիմանկարներ, և թեպետ այդ հպանցիկ ուրվանկարները շատ դեպքում արված են զորանոցի դռներին ու պանդոկի պատերին, այնուամենայնիվ ընթերցողները դրանց մեջ կճանաչեն Լյուդովիկոս XIII-ի<ref>Լյուդովիկոս XIII (1601—1643) — Հենրիխ lV-ի և Մարիա Մեդիչիի որդին, Ֆրանսիայի թագավորը 1610—1643 թթ.</ref>, Աննա Ավստրիացու<ref>Աննա Ավստրիացի (1601—1666) — Ֆրանսիայի թագուհի 1615-ից, Լյուդովիկոս XIII-ի կինը, իսպանական թագավոր Ֆիլիպ III-ի և Մարգարիտա Ավստրիացու դուստրը, իսպանական թագավոր Ֆիլիպ IV-ի քույրը։</ref>, Ռիշելիեի<ref>Ռիշելիե — Արման-Ժան դյու Պլեսի, դուքս դը Ռիշելիե (1585—1642) — կարդինալ 1622-ից, ականավոր քաղաքական գործիչ Լյուդովիկոս XIII-ի օրոք. 1624—1642 թթ.՝ թագավորի առաջին մինիստրը վարել է ֆրանսիական բացարձակ միապետության ամրապնդման քաղաքականություն։</ref>, Մազարինիի<ref>Ջուլի Մազարինի (1602—1661) — կարդինալ, Լյուդովիկոս XIV-ի առաջին մինիստրը, 1643—1661 թթ., շարունակում էր Ռիշելիեի քաղաքականությունը։</ref> և այդ ժամանակների շատ ու շատ պալատականների պատկերները, նույնքան ճշմարտացի, որքան և պ-րն Անկետիլի<ref>Լուի-Պիեր Անկետիլ (1723—1806) — աբբա, Ֆրանսիայի բազմահատոր պատմության հեղինակը։</ref> պատմության մեջ։

Սակայն, ինչպես հայտնի է, գրողի քմահաճ միտքը երբեմն հուզում է հենց այն, ինչ որ չեն նկատում ընթերցողների լայն շրջանները։ Հիանալով հուշագրությունների արդեն իսկ այստեղ նշված կողմերով, ինչպես, անտարակույս, ուրիշներն էլ կհիանային, այնուամենայնիվ մեզ ավելի շատ զարմացրեց այն, ինչի վրա մեզնից առաջ հավանորեն ոչ ոք ամենափոքր չափով անգամ ուշադրություն չի դարձրել։

Դ’Արտանյանը պատմում է, որ երբ ինքն առաջին անգամ ներկայացավ արքայական հրացանակիրների կապիտան պրն դը Տրևիլին, նրա ընդունարանում հանդիպեց երեք երիտասարդի, որոնք ծառայում էին այն նույն փառապանծ գնդում, ուր ինքն էլ ձգտում էր պատիվ ունենալ նշանակվելու, և որ այդ երիտասարդներին կոչում էին Աթոս, Պորտոս և Արամիս։

Խոստովանում ենք, որ մեր ականջին խորթ այս անունները մեզ զարմացրին, և մենք իսկույն մտածեցինք, որ դրանք սոսկ կեղծանուններ են, որոնց տակ դ’Արտանյանը թաքցրել է գուցե և նշանավոր անուններ, եթե միայն այդ անունները կրողները հենց իրենք չեն ընտրել դրանք իրենց համար այն օրը, երբ քմահաճույքից կամ սրտնեղությունից և կամ թե չքավորությունից դրդված՝ հագել են հրացանակրի հասարակ թիկնոցը։

Այդ պահից սկսած մենք հանգիստ չունեինք և աշխատում էինք այն ժամանակների աշխատություններում գեթ մի որևէ հետք գտնել այդ արտասովոր անուն-ների վերաբերյալ, որոնք մեր մեջ մեծ հետաքրքրություն էին հարուցել։

Հենց միայն այդ նպատակով մեր կարդացած գրքերի ցուցակը մի ամբողջ գլուխ կկազմեր, որը թերևս շատ խրատական, բայց հազիվ թե հետաքրքրական կլիներ մեր ընթերցողներին։ Ուստի և մենք նրանց կասենք, որ հենց այն րոպեին, երբ այդքան երկար ու ապարդյուն ջանքեր թափելուց վհատված մենք արդեն որոշել էինք վերջ տալ մեր որոնումներին, վերջապես, հետևելով մեր բարեկամ և նշանավոր գիտնական Պոլեն Պարիսի խորհուրդներին, գտանք մի ձեռագիր, որ կրում էր 4772 կամ 4773 համարը, ճշգրիտ չեմ հիշում, և վերնագրված էր՝ «Կոմս դը Լա Ֆերի հիշողությունները մի շարք անցքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում Լյուդովիկոս XIII-ի թագավորության վերջերին և Լյուդովիկոս XIV-ի թագավորության սկզբներին»։

Կարելի է պատկերացնել, թե որքան մեծ եղավ մեր ուրախությունը, երբ թերթերով այդ ձեռագրերը, որ մեր վերջին հույսն էր, քսաներորդ էջում հայտնաբերեցինք Աթոսի անունը. քսանյոթերորդ էջում՝ Պորտոսի անունը, իսկ երեսունմեկերորդում՝ Արամիսի անունը։

Միանգամայն անհայտ այդ ձեռագրի գյուտը այնպիսի մի դարաշրջանում, երբ պատմական գիտությունը զարգացման այնքան բարձր աստիճանի է հասել, մեզ հրաշք թվաց։ Եվ մենք շտապեցինք թույլտվություն խնդրել տպագրելու այն, որպեսզի երբևիցե այդ ուրիշի բեռով ներկայանանք Արձանագրությունների և Գեղեցիկ Դպրության Ակադեմիան, եթե մեզ չհաջողվի, որ շատ հավանական է, մեր սեփական բեռով ընդունվել ֆրանսիական Ակադեմիայում։ Այդ թույլտվությունը, մեր պարտքն ենք համարում ասել այս, սիրալիր կերպով տրվեց մեզ, որ և մենք նշում ենք այստեղ, որպեսզի հրապարակորեն մերկացնենք այն չարակամների սուտը, որոնք պնդում են, թե իբր մենք ապրում ենք այնպիսի կառավարության իշխանության ներքո, որն այնքան էլ բարեհաճ չէ գրականագետների նկատմամբ։

Այժմ մենք մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ թանկարժեք ձեռագրի առաջին մասը, հարմար վերնագիր դնելով նրան և, հասկանալի է, եթե այս առաջին մասը ունենա իր արժանի հաջողությունը, որին մենք չենք կասկածում, պարտավորվում ենք անհապաղ հրապարակել նաև երկրորդ մասը։ Իսկ առայժմ, քանի որ կնքահայրը երկրորդ հայր է հանդիսանում, մենք ընթերցողին խնդրում ենք ոչ թե ի դեմս կոմս դը Լա Ֆերի, այլ ի դեմս մեզ տեսնել իր բավականության կամ ձանձրույթի ակունքը։

Հավաստելով այս ամենը, մենք անցնում ենք մեր պատմությանը։

Comments