Chapter 1
I
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։
Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում,
_Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…
Ու գայլը հեռանում է, գնում։
Գալիս է մայրը, դուռը ծեծում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
_Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ուներ։ Էնպես վախեցա, էնպես վախեցա … Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛…
_ Պա՛, – Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
Ծիտը
Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.
_ Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: Ծիտը գնում է, ետ գալի, թե` փուշը ետ տուր ինձ: Պառավն ասում է.
_Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե`
_ Իմ փուշը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշը առնում է թռչում: Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
_ Հովիվ ախպեր, կաթն ինչու± ես անհաց ուտում: Ա ՛յ, լոշը ա °ռ, կաթնի մեջ բրդի, կե ՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր: Հովիվն ասում է.
_ Կերա:
_Չէ ՜,- ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է, թռչում: Գնում է տեսնում է` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն: Ասում է.
_Ի՞նչ եք մոլորել: Ա °յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք… Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք: Ասում են.
_Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք:
Սա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում: Գնում է, գնում. գնում է, տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է: Ասում է .
_Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր: Աշուղն ասում է.
_Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե` չէ ՛, իմ հարսը տուր , թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ: Աշուղը սազը տալիս է իրեն: Սազն առնում է, ուսին գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ:
Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա ՜ց, հեքիաթն էլ վերջացա ՜վ: